ԱՄՆ արխիվի աշխատակցուհին` Արա Պապյանին. «Are you OK?»

by

Louysworld
Jun 4th, 2011 

Սոնա Ավագյան

Թուրքիան «թասիբի է գցում» հայերին, հայերը կուլ են տալիս խայծը:

Երբ որևէ մարդ փաստաթուղթ է վերցնում ոստիկանությունից կամ բժշկից այն մասին, որ իրեն ծեծել կամ բռնաբարել են, ապա այդ փաստաթուղթը վերցնում է, որ հետո գնա դատարան և հատուցում ստանա: Նա այդ փաստաթուղթը տան պատից չի կախում և չի ուրախանում դրանով: Ճիշտ նույն կերպ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը համոզված է, որ Ցեղասպանության հարցում ոչ թե ճանաչումն է նպատակը, այլ հատուցումը:

«Եթե Ցեղասպանության ճանաչումը պիտի լինի’ առանց հատուցման, ինքը վտանգավոր է մինչև իսկ: Ցեղասպանության հետևանքների վերացումը պիտի լինի նպատակակետը: Եվ ես շատ լուրջ կասկածներ և որոշակի փաստեր ունեմ, թե 60-ական թթ. ոնց այս գաղափարը ներարկվեց մեր ազգի մեջ, որովհետև 65թ., երբ ժողովուրդը ցույց էր անում այստեղ, չէր ասում’ Ցեղասպանության ճանաչում, ասում էր’ հողերը: Հետո երբ զգացին, որ կարող է այլ ընթացք ունենալ, աստիճանաբար և սփյուռքում, և Հայաստանում այս հարցը շրջեցին հականատօական լույսի տակ ներկայացնելու համար, որովհետև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է. որպեսզի հայերը’ որպես Սովետական Միության հարավային ճակատ, կայուն հականատօական տրամադրություն ունենան ՆԱՏՕ-ի դեմ»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Արա Պապյանը:

Նա թյուր կարծիք է համարում այն, որ եթե Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, ապա նաև կհատուցի. Թուրքիան կարող է ճանաչել, ներողություն խնդրել ու փակել հարցը: Արևմտյան երկրները, որոնք ճանաչել են Ցեղասպանությունը, բոլորովին չեն փոխել իրենց քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ:

Արա Պապյանը համարում է, որ Ցեղասպանությունը ժխտելով’ Թուրքիան «թասիբի է գցում» հայերին, որ հայերն անընհատ ասեն’ եղել է, ինքն ասի’ չի եղել: Քանի որ Հայաստանն ունի մոտ 200 դիվանագետ, իսկ Թուրքիան’ մոտ 35.000 և շատ ավելի մեծ գումարներ, ուստի իրեն ավելի ձեռնտու է ամեն տարի մոտ 100 մլն ծախսել, որ Ցեղասպանությունը ժխտի, հայերն էլ իրենց վերջին ռեսուրսը ծախսեն Ցեղասպանության ճանաչման համար ցույցեր անելով: «Մենք գիտենք, որ Ցեղասպանության ճանաչումը փակուղային ճանապարհ է, բայց մենք դեռ շարունակում ենք»,- ասում է Արա Պապյանը:

Նա ճիշտ է համարում մինչև Հայաստանի անկախացումը սփյուռքի պայքարը Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, նաև 70-ականներին սփյուռքահայերի զինյալ պայքարը, որի նպատակն էր ճեղքել լռության պատը: Այն ժամանակ հայերը պետություն չունեին, իսկ պետություն չունեցող ազգ չէր կարող հողային պահանջներ ներկայացնել, քանի որ այս իրավունքները տրված են ոչ թե հայ ժողովրդին, այլ ՀՀ-ին: Սակայն 1991թ. պետության հաստատումից հետո Ցեղասպանության ճանաչման այդ գիծն արդեն անհասկանալի է, քանի որ Հայաստանը հռչակվեց որպես պետություն և միջազգային իրավունքով կարող է իր շահերը պաշտպանել:

«Եթե մենք պետություն ենք դառնում, որպեսզի կոյուղագծերը և ջրագծերը փոխենք, դրա համար կարիք չկա պետություն ունենալ. դրա համար թաղապետարանն էլ բավական է: Պետության գոյության իմաստն է համազգային նպատակներ դնել և միջազգային իրավունքով իրականացնել»,- ասում է Արա Պապյանը’ հավելելով, որ երբ պետությունն այլևս չի հետապնդում իր մեծ ազգային նպատակները, սկսում է մեռնել:

«Մեր իրավունքները չեն խարսխված Ցեղասպանության վրա: Մեզ այս հողերը տվել են Իրավարար վճռով ոչ թե այն պատճառով, որ եղել է Ցեղասպանություն, այլ այն պատճառով, որ դա մեր իրավունքը, մեր հայրենիքն է եղել»,- ասում է Արա Պապյանը:

Հրեաները Նյու Յուրքում դեռ 1943թ.’ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, ստեղծեցին հանձնաժողով, որը պետք է բարձրացներ հոլոքոստի վնասների հատուցման հարցը: Հանձնաժողովն 9 տարի աշխատեց և հասավ իր նպատակին:

Ո՞րն է այն դաշտը, որտեղ Հայաստանն ուժեղ է Թուրքիայից

Արա Պապյանն անհրաժեշտ է համարում, որ Ցեղասպանության 100-րդ տարելեցին հայերը գնան այլ կարգավիճակով ու պատրաստվածությամբ և խոսեն ոչ թե որպես զոհ, այլ որպես պահանջատեր, քանի որ Ցեղասպանությանը հայերին զրկեց ոչ միայն իրենց հայրենակիցների կեսից, այլև հայրենիքից, իսկ ներկա հանրապետությանը դրեց այսպիսի ծանրագույն աշխարհաքաղաքական իրավիճակի մեջ:

«Բնականաբար, իրավական փաթեթը այստեղ կարևորագույնն է, որովհետև եթե մենք որևէ բանի պիտի կարողանանք հասնել այս հարցում (իսկ ես վստահ եմ’ կհասնենք), դա կարող է լինել իրավական ճանապարհով: Այլ ճանապարհները’ քաղաքական, տնտեսական, ռազմական, ընդունելի չեն մի շարք պատճառներով, նաև նրանով, որ այդտեղ մենք զիջում ենք մեր հակառակորդին, իսկ իրավական դաշտում մեր դիրքերը զորավոր են»,- ասում է Արա Պապյանը:

Իրավական փաթեթի մեջ կարևորագույն փաստաթուղթը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռն է: Քանի որ 1918-20 թթ. Հայաստանը և Թուրքիան, նաև Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը չէին կարողանում ընդհանուր լուծում գտնել’ իրենց սահմանների վերաբերյալ, մեծ տերությունները (Բրիտանական կայսրություն, Ֆրանսիա և Իտալիա) դիմեցին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին, որ նա որոշի Հայաստանի և Թուրքիայի սահմանը: 1920թ. նոյեմբերի 22-ին այդ որոշումը կայացվեց:

Ի տարբերություն պայմանագրերի’ իրավարար վճիռներն անբեկանելի են և վաղեմության ժամկետ չունեն: Իրավարար վճիռը կարող է անկատար մնալ, ինչպես այս պարագայում, բայց դրանից իր ուժը չի կորցնում:

Վիլսոնի իրավարար վճիռն ունի երկու մաս: Առաջին մասը բուն վճիռն է’ 86 էջ, երկրորդ մասում հավելվածներ են’ 159 էջ: Իրավարար վճիռն ունի 5 մեծ քարտեզ, որոնք տարբեր հարցերի են վերաբերվում: Օրինակ’ մեկը վերաբերում է Հայաստանի սահմաններին Վրաստանի և Ադրբեջանի հետ: Ըստ այդ քարտեզի’ ոչ միայն Լեռնային, այլև Դաշտային Ղարաբաղն էր համարվում Հայաստանի մաս:

ԱՄՆ պետական արխիվում պահվող Վիլսոնի իրավարար վճիռը տպագրվում է առաջին անգամ

Արա Պապյանին շատ օտարազգիներ իրենց զարմանքն են հայտնել, որ հայերն ունեն իրավարար վճիռ, ունեն անթիվ գրքեր Ցեղասպանության մասին, բայց չեն տպագրել գոնե մեկ գիրք, որում ամրագրված լինեն իրենց իրավունքները:

Քաղաքագետը տարիներ որոնելուց, մեկտեղելուց հետո առաջին անգամ տպագրության է պատրաստել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը և կարճ նախաբան գրել: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 30-ին:

Գիրքն առայժմ տպագրվել է անգլերեն: Արա Պապյանը նախատեսում է, որ կես տարվա ընթացքում պատրաստ կլինի նաև գրքի հայերեն տարբերակը: Գրքի ողջ հետազոտական աշխատանքը կատարվել է կամավորական սկզբունքով: Ծախսերը հոգացել է Արա Պապյանի փոքր թիմը: Տպագրության ծախսերը հոգացել են Արա Պապյանի ընկերներից երկուսը’ «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության սեփականատերեր Վարդան Սիրմաքեյշը և Հրաչ Գաբրիելյանը: Գիրքը տպագրվել է 2000 օրինակով:

«Ցավոք սրտի և տարօրինակ կերպով այս փաստաթուղթը ամբողջությամբ երբևէ չի տպագրվել: Այն կատարվելուց հետո պահվում էր ԱՄՆ արխիվներում: Միայն 7-րդ գլուխն է տպագրել է 47 թ.: Ես երկար որոնում էի ոչ այդքան փաստաթուղթը (փաստաթուղթը շատ ավելի դյուրությամբ գտա, պատճենեցի), որքան փաստաթղթին առդիր քարտեզները»,- ասում է Արա Պապյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Հայաստանի իշխանությունները չեն օգտվում այս իրավարար վճռից’ քաղաքագետն ասաց, որ վճռի մասին քչերը գիտեին: Վիլսոնի իրավարար վճիռը պահվում է ԱՄՆ-ի պետական արխիվում:

«Երբ ԱՄՆ-ի պետական արխիվում խնդրեցի, և բերեցին այդ իրավարար վճիռը, ու փաստաթուղթը վերցրի ձեռքս, երևի այդ աղջիկը մի բան զգաց, կողքից ասում է. «Are you OK» («Դուք Ձեզ լա՞վ եք զգում»), որովհետև ես առաջին մարդն էի’ գոնե ըստ իրենց վերջին 50 տարվա արձանագրության, որ երբևէ սա վերցրել և նայել է: Ըստ էության’ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատ որևէ մեկը սրանով չի զբաղվել, դրանից առաջ էլ’ Աստված գիտի»,- ասում է Արա Պապյանը:

Իրավարար վճռից հայ պատմաբանների և իրավագետների անտեղյակությունը Արա Պապյանը բացատրում է նրանով, որ նրանց մեծ մասը լավագույն դեպքում տիրապետում է մեկ օտար լեզվի’ ռուսերենի, իսկ ռուսական ողջ իրավագիտական գրականությունը հիմնված է խորհրդային դպրոցի վրա, որի մեջ հնարովի ու կեղծ կատեգորիաներ կան:

Արա Պապյանը հանդիպել է Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին, նրանց փոխանցել փաստաթղթերը: Թե ում է հանդիպել, հրաժարվում է ասելուց: «Համբերեք մի շաբաթ, դուք շատ բաների ականատես ու ականջալուր կլինեք: Այո, իշխանությունները տեղյակ են, և կան դրական միտումներ»,- ասում է նա:

Արա Պապյանը շնորհանդեսին հրավիրել է մեծ թվով պատգամավորների, այլ պաշտոնյաների, դեսպանատների ներկայացուցիչների: Նա գիրքը տրամադրելու է նաև դեսպանատներին: Դեսպանատների բարձրաստիճան պաշտոնյաների մեջ էական հետաքրքրություն կա Իրավարար վճռի նկատմամբ, ամեն մեկը փորձում է դրանում տեսնել իր շահը: «Իմ նպատակն է գիրքը մտցնել շրջանառության մեջ»,- ասում է Արա Պապյանը:

Արա Պապյանն առաջարկում է Իրավարար վճիռը կյանքի կոչել 4 տարում` ծախսելով 5 մլն դոլար

Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատող շատ սփյուռքահայեր Արա Պապյանին ասել են, որ առաջին անգամ է, որ գործանական ծրագիր են տեսել և գոնե տեսականորեն իրենց արդեն պարզ է Իրավարար վճիռը կյանքի կոչելու ձևը:

ՄԱԿ-ի միջազգային դատարան դիմելը, Արա Պապյանի համոզմամբ, վերջնական փուլն է: Նա առաջարկում է մինչև Ցեղասասպանության 100-ամյակը մնացող 4 տարին բաժանել երկու մասի: Նախ, առաջին 2 տարում պետք է որոշակի մարդկային ու նյութական ռեսուրսներ հատկացնել հարյուր հազարավոր էջ փաստաթղթերը ի մի բերելու, մշակելու, հրապարակելու, շրջանառության մեջ դնելու համար, այսինքն’ պատրաստել իրավական փաթեթը:

Հաջորդ 2 տարին պետք է հատկացնել արտաքին մասնագիտական փորձաքննությանը: Արա Պապյանն առաջարկում է վարձել աշխարհում միջազգային իրավունքի լավագույն մասնագետներից 3-5 հոգու, նրանց ասել Հայաստանի նպատակները, խնդրել օբյեկտիվ փորձաքննության ենթարկեն փաթեթը և եզրակացություն տալ փաթեթի թույլ և ուժեղ կողմերի վերաբերյալ:

Նման մասնագետներ աշխարհում մոտ 20 հոգի են, կան նեղ մասնագետներ, որոնք տվյալ ասպարեզում եզակի են աշխարհում: Ուստի բանախոսը կարծում է, որ այդ մասնագետները չեն կաշառվի և իրավական փաթեթի վերաբերյալ կանխակալ որոշումներ չեն կայացնի’ հեղինակազրկելով իրենց: Բացի դրանից’ մասնագետի աչքը կբացահայտի’ տվյալ մասնագետը օրենքո՞վ, թե կաշառքով է առաջնորդվում. դա նույնիսկ Հայաստանի դատարաններում է ակնհայտ:

«Ազնվագույն մարդիկ կան, որոնք անգամ պատրաստ են անվճար աշխատելու’ հանուն արդարության, հանուն իրենց անվան (Լեմկինի անունը այսօր հնչում է. մի հատ տերմին է ստեղծել): Ինքը շանս է ձեռք բերում, որ պատմության մեջ իր անունը թնդա: Եվ իրենք տարեկան միլիոններ աշխատում են, այսինքն’ իրենք փողի կարոտ մարդիկ չեն»,- ասում է քաղաքագետը:

Արա Պապյանի խոսքերով’ իր առաջարկած ծրագրի առաջին երկու տարվա համար անհրաժեշտ կլինի տարեկան 300 հազար դոլար: 600 հազար դոլարը Երևանում մի առանձնատան գումար է, որը կարող է վճարել միջին կարգի մի հայ օլիգարխ: Երկրորդ փուլն ավելի թանկ կարժենա, քանի որ նման կարգի մասնագետները առնվազն 600 դոլար են պահանջում մեկ ժամ աշխատելու համար: Եթե այդ մասնագետն աշխատի 1000 ժամ, ապա 600.000 դոլար կպահանջվի: Երեք նման մասնագետը կպահանջի մոտ 2 մլն դոլար:

«Իմ առաջարկած ծրագիրը 5 մլն դոլարանոց ծրագիր է: 5 մլն-ն այսօր երկու սենյականոց բնակարան է Նյու Յորքի Մանհեթթենում: Մենք կարող ենք 22 մլն դոլար տալ և կառուցել ինչ-որ «Թևեր» Տաթևում, բայց Տաթևի ճոպանուղու փողը երբեք հետ չի գա: Մենք 22 մլն դոլարով ամբողջ Արևմտյան Հայաստանը հետ կբերեինք, եթե նորմալ ծախսեինք»,- ասում է Արա Պապյանը:

Այս 2 փուլն իրականացնելուց հետո արդեն Հայաստանը կարող է դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան:

«Այդ ժամանակ, երբ աշխարհի 5 լավագույն իրավագետները եզրակացություն տան մի 200 էջի սահմանում, որ «դիմեք, և ձեր հաղթելու շանսերը 80-90 % են», ինձ թվում է’ ով էլ լինի իշխանությունը, դրան կգնա: Սրա ամբողջական փաթեթը կարող է կազմել հազար հատոր, կարող է ընդհանրապես 100 հազար էջ փաստաթուղթ լինել: Ես ինչ անում եմ, կայծի դերն եմ կատարում: Եվ եթե ուզում ենք որպես պետություն գոյատևել, մենք դա պիտի անենք: Միամիտ են այն կարծիքները, որ Հայաստանը այս սահմաններում, այս շրջափակման մեջ կկարողանա գոյատևել: Հայաստանը կամ պիտի, ինչպես 22 թ.-ին եղավ, միանա, ինչ-որ երկրի մաս դառնա, կամ ինքը պիտի լինի մեծ ու հզոր: Մենք, ցավոք սրտի, միջինի ճոխությունը չունենք, որ ասենք’ մենք էսպես կմնանք և էսպես լավ կապրենք»,- ասում է «Մոդու Վիվեդիի» ղեկավարը:

ՄԱԿ-ի միջազգային դատարան կարող է դիմել միայն պետությունը’ Հայաստանը, ընդ որում ոչ թե տարածքային պահանջով: Այլ Հայաստանը պետք է դատարանին տա հետևյալ հարցը. «Արդյոք Վ.Վիլսոնի իրավարար վճիռը վավերական և ուժի մե՞ջ է, թե՞ ոչ, և արդյոք դրա չկատարումը հանգեցնո՞ւմ է միջազգային իրավունքի խախտման, թե՞ ոչ»:

«Մենք որևէ հողի, որևէ Թուրքիայի անուն չենք տալու: Եթե տալիս են «այո» պատախան (իսկ ես վստահ եմ, որ ստանում ենք այդ պատասխանը, որովհետև սա ուժի մեջ մտած որոշում է), մենք գնում ենք Անվտանգության խորհուրդ, որի վճիռները պատադիր են, և ասում ենք’ «Եղբայր, դու ես, չէ՞, ոստիկանը: Դատարանը որոշում է կայացրել: Որոշիր’ ոնց ես էս որոշումը կատարելու: Սերբիայի դեպքում ռմբակոծեցիր: Կամ կանես նույն ձևով’ կռմբակոծես, կպարտադրես, թե ավելի մեղմ կլինես, ոնց որ ուրիշների նկատմամբ ես, օրինակ Բելառուսի’ հաշիվները փակես, վիզաները չտաս’ դու գտիր ճնշման ձևը»,- ասում է Արա Պապյանը:

Նա ընդգծում է, որ Վիլսոնի իրավարար վճիռը զուտ Հայաստանի և Թուրքիայի խնդիրը չէ: Թուրքիան Հայաստանին անընդհատ դրդում է ոչ մեկին չխառնել այս հարցում և հարցը լուծել երկուսով, քանի որ Հայաստանից 20 անգամ ուժեղ է: Բայց Իրավարար վճիռը չի կատարվել Հայաստանի խնդրանքով, այլ ընդունվել է ներկայում ճանաչված 192 երկրից մոտ 140-ի հայցադիմումի հիման վրա:

«Եվ պատահական չէր, որ առաջին պետության հարցը, որ Ազգերի լիգան քննարկեց, Հայաստանի տարածքների հարցն էր: Սա մի հարց է, որը եղել է միջազգային հարաբերությունների առանցքային հարցերից մեկը և մնում է այդպիսին, որովհետև աշխարհում չեք գտնի մեկ այլ իրավարար վճիռ, մեկ այլ սահման, որի վերաբերյալ 140-ից ավելի երկիր որոշած լինի, որ այդպես է, և մինչև հիմա ի կատար ածված չլինի»,- ասում է Արա Պապյանը:

Հայերը կհաղթահարե՞ն ժողովրդագրական աղետը Թուրքիայի վճարելիք տուգանքներով

Վիլսոնի իրավարար վճռով հաստատվում էին Փոքր (165 հազ. քառ. կմ) և ոչ թե Մեծ Հայաստանի (որին մեջ մտնում էր նաև Կիլիկիան, մինչև Միջերկրական ծով) սահմանները: Ընդունվեց ոչ թե Մեծ, այլ Փոքր Հայաստանի ծրագիրը հենց Ցեղասպանության պատճառով: Վիլսոնը հաշվի էր առել, որ Մեծ Հայաստանում հայերը կկազմեին բնակչության 15 %-ը և չէին կարողանա երկիրը կառավարել:

Իսկ 165 հազ. քառ. կմ-անոց նվազագույն Հայաստանում հայերը կկազմեին բնակչության 52 %-ը: Նախատեսվում էր 20 տարվա ընթացքում բնակչության ներգաղթի, արտագաղի և փոխանակման ճանապարհով հայերի թիվը հասցնել 75 %-ի: Վիլսոնի իրավարար վճռում մի ամբողջ գլուխ վերաբերում է ժողովրդագրական իրավիճակին: 245 էջանոց Իրավարար վճռի հիմքում կա առնվազն 40 հազար էջ փաստաթուղթ:

«Իրենք վերացական դատողություններ չեն արել: Իրենք անկետաներ են ուղարկել միսիոներներին և գյուղ առ գյուղ տվյալներ են հավաքել, թե որ գյուղում քանի հայ է մնացել: Սա սիրողական մակարդակի փաստաթուղթ չի»,- ասում է Արա Պապյանը:

Իրավարար վճռով Հայաստանը վերահաստատում է իր իրավունքները: Այժմ Վիլսոնյան Հայաստանի տարածքում քրդեր են ապրում: Արա Պապյանը նշում է, որ Հայկական հարցի լուծման հայեցակարգը շատ պրակտիկ է. ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճռից հետո այդ քրդերը կշարունակեն ապրել Վիլսոնյան Հայաստանում, բայց վարձավճար կմուծեն:

«Ապրելու համար դու արդեն ինձ կվճարես վարձավճար, ինձ կտաս նաև իրավունքներ, այսինքն’ դու չես ստիպի, որ այսօրվա նման ետնամուտքից գնամ-գամ, այլ կբացես դուռը, ու ես ազատ կգնամ-կգամ իմ իսկ տարածքով: Դու այդ տարածքները կապառազմականացնես, որովհետև ես վտանգ եմ զգում. Երևանից 40 կմ-ի վրա թուրքական զորքերն են, և եթե թուրքական տանկերը, ինքնաթիռները կանգնած լինեն Երևանից ոչ թե 40, այլ 540 կմ-ի վրա, վստահ եղեք’ իրավիճակը այլ կլինի Ղարաբաղի ռազմաճակատում անգամ: Մենք կապահովենք խաղաղություն, որովհետև Ադրբեջանը միայնակ երբեք չի կարողանա այնքան ուժեղանալ, որ Հայաստանին հաղթի»,- ասում է Արա Պապյանը:

Թուրքիան Վիլսոնյան Հայաստանից հավաքում է իր եկամուտի 13 %-ը: Արա Պապյանի խոսքերով’ դատարանի որոշումից հետ Թուրքիան այդ հարկերի մի մասը’ տարեկան 9 մլրդ դոլար, կվճարի Հայաստանին, որը կստեղծի Ցեղասպանության հետևանքների վերացման ֆոնդ, և հայերն այդ գումարը կարող են վճարել երեխա ունեցողներին:

«Առաջին երեխայի համար’ ամիսը 100 դոլար, երկրորդի համար’ 200, երրորդի համար’ 300, չորրորդի համար’ 400, և 5 երեխայի համար ինքը ամիսը ստանում է 2100 դոլար: Դա լինում է Ցեղասպանության հետևանքների վերացում: Նա պիտի վճարի, նա կոտորել է մեր ժողովրդին: Մենք տրավմայի մեջ ենք’ որպես ազգ: Նոր-նոր է էդ ցավը մեղմանում, մենք 100 տարի հետո նոր-նոր ենք հասկանում կորուստի չափը: Այդ սարսափն ու ցավի շոկը այնքան մեծ են եղել, որ մինչև 60-ական թվականները երկու սերունդ չի խոսել սրա մասին»,- ասում է Արա Պապյանը’ հավելելով, որ Գերմանիան 1 տրիլիոն դոլար է վճարել հրեաներին և շարունակում է վճարել:

Այն հեռանկարից, որ քրդերը ձգտում են Վիլսոնյան Հայաստանում ինքնավարություն հաստատել’ Արա Պապյանը չի վախենում:

«Քրդական հարցը անպայմանորեն դառնալու է պրակտիկ քաղաքականության հարց, որովհետև ժողովուրդը ապրում է և ձգտում է անկախության: Քրդական հարցը իր հետ բերելու է Հայկական հարց, քանի որ միջազգային օրենքով հստակ ասված է, որ քրդական պետության հյուսիսային սահմանը Հայաստանի Հանրապետության հարավային սահմանն է, որը պիտի որոշի Վուդրո Վիլսոնը: Դա Սևրի պայմանագրի 61-րդ հոդվածն է: Այսինքն’ ուզած-չուզած էս ամբողջը նորից է մեջտեղ գալու»,- ասում է Արա Պապյանը:

Նա դժվարանում է կանխատեսել, թե Իրավարար վճիռը երբ իր գործնական արդյունքը կտա: Բայց հիշեցնում է, որ եթե ԽՍՀՄ-ի փլուզումից ընդամենը 3 տարի առաջ սովետոլոգներն և երկրի շարքային քաղաքացիներին հարցնեիր, թե երբ կկործանվի ԽՍՀՄ-ը, ապա պատասխանը միանշանակ կլիներ. «Հիմար հարցեր մի տուր. ԽՍՀՄ-ը հավերժական է»: Նույն կերպ 90-ականներին լավագույն քաղաքագետները չէին հավատում, որ իրենց կյանքի օրոք երկու Գերմանիաները կմիավորվեն, քանի որ ԽՍՀՄ-ն Արևելյան Գերմանիայում ուներ մեկ մլն-անոց բանակ և 60 հազար տանկ:

«Քաղաքական իրավիճակները հակված են արագ փոփոխվելու, և փորձը ցույց է տալիս, որ ոչ մի քաղաքագետ չի կարողանում կանխատեսել: Քաղաքագետները հետո սկսում են հետին թվով բացատրել, թե ինչու եղավ, և ինչու իրենց կանխատեսումները չարդարացան: Օգտվում են պահից այն ազգերը, որոնք նախապես պատրաստ են փոփոխությունների: Մենք պիտի պատրաստ լինենք, մենք պիտի այդ իրավական փաթեթը ունենանք, մենք պիտի ձևավորված հասարակական կարծիք ունենանք և երկրի ներսում, և դրսում, և երբ պահը գա, մենք կարողանանք պահը օգտագործել: Իսկ որ պահը կգա, համոզված եղեք, որովհետև Թուրքիան’ որպես երկիր, շատ ավելի անկայուն է, քան Սովետական Միությունը»,- ասում է Արա Պապյանը:

2010թ. նոյեմբերի 23-ին նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ հղեց Վուդրո Վիլսոնի’ Հայաստանի սահմանները որոշող իրավարար վճռի 90-ամյակին նվիրված գիտաժողովին: Արա Պապյանը սա դրական տեղաշարժ է համարում: Ասում է, որ 5 տարի շարունակ Իրավարար վճռի մասին մի փոքր խմբով խոսելն ինչ-որ արդյունք տվեց:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: