Սրանից ֆաշիզմի հոտ է փչում

by

hraparak.am
9.06.2011
Սոնա Հարությունյան

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառույցը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, բուհերի եւ երիտասարդական կազմակերպությունների հետ համատեղ ստորագրահավաք է կազմակերպել «ընդդեմ աղանդների գործունեության»։ Ընդ որում՝ բանը հասել է նրան, որ նախաձեռնության կազմակերպիչները, հիմնականում բազեականների միջոցով, ստորագրահավաքն իրականացնում են բուհերում, այն դեպքում, երբ կրթական հաստատություններում կրոնական բնույթի քարոզչությունն օրենքով արգելված է, իսկ եթե այն դիտվի որպես խղճի ազատության դեմ ուղղված՝ քրեորեն դատապարտելի:

Ուսխորհուրդների միջոցով նրանք ուսանողներին ստիպում են ստորագրել այդ նախաձեռնության տակ: Նման դժգոհություններ ստացել ենք հատկապես Երեւանի պետական համալսարանից: Ընդ որում՝ այս նախաձեռնության կնքահայրը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանն է:

Սրանով իբր փորձում են ցույց տալ, որ իրենք Առաքելական եկեղեցու կողքին են, կոչ են անում իշխանություններին ու ժողովրդին սատարել եկեղեցուն՝ դիմագրավելու համար Եհովայի վկաների «հարձակումները»: Բացի Եհովայի վկաներից, այս ցուցակում է նաեւ Ավետարանական ընտանիքին պատկանող «Կյանքի խոսք» եկեղեցին:

«Ակնհայտ է, որ այդ նախաձեռնությունը եկեղեցին է կազմակերպել, եւ, փաստորեն, նաեւ կրթության նախարարի՝ Արմեն Աշոտյանի (նա հանդիսանում է նաեւ «Կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների հեղինակներից մեկը, ով քարոզի համար քրեական պատիժներ է ցանկանում սահմանել) համաձայնությունը կա, քանի որ թույլ է տրվում մտնել բուհեր: Ըստ էության այստեղ մենք տեսնում ենք նախարար, Արարատյան հայրապետական թեմ, որոնք ուղղակի կամպանիա են կազմակերպել Հայաստանի մյուս կրոնական կազմակերպությունների դեմ, որոնց ներկայացուցիչները նույնպես ՀՀ քաղաքացիներ են: Սա ես չափազանց վատ եմ գնահատում: Դրանով փորձում են ՀՀ քաղաքացիների մի մասին օրենքից դուրս հանել»,- մեզ հետ զրույցում ասաց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի» նախագահ Ստեփան Դանիելյանը:

«Սա խտրականություն է եւ ոտնձգություն մարդու խղճի ազատության նկատմամբ, որն անձի ֆունդամենտալ ազատություններից է: Սրանից ֆաշիզմի հոտ է փչում, եւ ժամանակակից աշխարհում նման բան անթույլատրելի է: Դա ըստ էության ինկվիզիցիա է եւ ազգի պառակտման ամենավայրենի դրսեւորումներից մեկը: Կրոնական կազմակերպությունների նկատմամբ հալածանքները կբերեն նրան, որ շատերը պարզապես կհեռանան Հայաստանից»,- ստորագրահավաքի մասին կարծիք հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Եթե բուհերում նմանատիպ նախաձեռնությամբ հանդես գար որեւէ կրոնական կազմակերպություն, Հայ առաքելական եկեղեցին մեծ աղմուկ կբարձրացներ եւ հերթական անգամ կարձանագրեր, որ «աղանդները» ճնշում են իրենց: Դանիելյանի խոսքով, նման կարգավիճակում են հայտնվել կրոնական կազմակերպությունները: Ճնշումները եւ խտրականությունը կրոնական կազմակերպությունների դեմ նկատվում են նաեւ մամուլի էջերից ու հեռուստաեթերից, իսկ սոցիալական կայքերում իսկական հիստերիա է բարձրացել:

Այս կրոնական անհանդուրժողականության եւ թշնամանք տարածելու առիթով (ինչպես նաեւ ստորագրահավաքի) Հայաստանի Ամբողջաավետարանական եկեղեցիների համագործակցությունը նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին: Ի դեպ, այս օրերին «Facebook» սոցցանցում ակտիվ քննարկումներ են գնում «Կյանքի խոսքը աղանդ չէ» էջում, որտեղ բազմաթիվ ակտիվիստներ, համակիրներ իրենց դրական մեկնաբանություններն են թողնում մակագրության տակ: Ինչը նույնպես Առաքելականի մոտ վրդովմունք է առաջացրել:

«Անհանդուրժողականություն տարածելու գործընթացին ակտիվ մասնակցում են հեռուստաընկերությունները, նաեւ Հանրայինը, որը հենց այդ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների հարկերի հաշվին է ֆինանսավորվում: Սրանք, ինչպես նաեւ այդ ստորագրահավաքը, հակապետական գործողություններ են, եւ կազմակերպիչները՝ այդպիսի ռեպորտաժներ պատրաստող լրագրողները, եւ կրթության նախարարը, եւ բոլորիս հայտնի Նավասարդ Կճոյանը պետք է միանշանակ պատժվեն»,- հավելեց Ստեփան Դանիելյանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածը ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու դեպքում հստակ պատիժներ է սահմանում: Իսկ նույն հոդվածի երկրորդ մասի առաջին կետը սահմանում է, որ եթե վերը նշված արարքները կատարվում են հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով, ապա նախատեսվում է ազատազրկում 3-6 տարի ժամկետով: Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ Առաքելական եկեղեցու այս նախաձեռնությունները մի քանի նպատակ ունեն. մեկը հոգեւոր ոլորտը մոնոպոլիզացնելն է, ինչպես նաեւ այն, որ Առաքելական եկեղեցին չի կարողանում գտնել իր դերակատարությունը հասարակության կյանքում եւ դրանով փորձում է ցույց տալ, որ գոյություն ունի վտանգ՝ ի դեմս «աղանդների» (իրենց որակմամբ): «Սրանով եկեղեցին փորձում է հասարակական կարեւորություն ստանալ, քանի որ այլ դերակատարություն ինքը չի գտնում»,- նկատեց Դանիելյանը: Իսկ Իշխանյանի խոսքով, քանի որ «երկիրը թաղված է կոռուպցիայի եւ անօրինականության մեջ, այսպիսի չակերտավոր հայրենասիրական նախաձեռնություններով փորձում են քողարկել այդ ամենը եւ հասարակության ուշադրությունն ուղղել այլ բաների վրա»: Իրավապաշտպանի խոսքով, թեեւ Առաքելական եկեղեցին ցույց է տալիս, որ պայքարում է բոլոր կրոնական կազմակերպությունների դեմ, սակայն այդ քողարկված պայքարն ուղղված է Ավետարանական եկեղեցու դեմ: Իշխանյանի կարծիքով՝ պատճառը ֆինանսականն է:

«Կնունք, ծնունդ եւ նման այլ արարողություններ կան Առաքելականում, որոնք ֆինանսական օժանդակություն են բերում եկեղեցուն, իսկ կրոնական կազմակերպություն գնացող քաղաքացիները դուրս են այդ ամենից»,- նշեց նա: Եթե երկրում Սահմանադրությունը համարվում է բարձրագույն օրենք, եւ այն սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի խղճի եւ կրոնի ազատության իրավունք, ապա դա պետք է հարգվի:

ՀԳ – Կրոնական կազմակերպությունների հարցերով պարբերաբար ուսումնասիրություններ եւ մոնիտորինգներ է իրականացնում նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, որի արձագանքը, այս խնդրի հետ կապված, կներկայացնենք առաջիկայում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: