iravunk.com
10.06.2011
Զրուցեց Գայանե Զարգարյանը
Վերջին ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ինքնասպանությունների, ինքնասպանության փորձ կատարողների թիվը գնալով ավելանում է: Ինչո՞ւ է մարդը ընտրում կյանքին այդ կերպ վերջ տալու դժվար կամ գուցեեւ` ամենահեշտ ճանապարհը, ի՞նչը կարող է նրան հասցնել նման հոգեկան ծայրահեղ վիճակի: Աշխարհում մի տեսակ ստանդարտ դարձած այս հարցերին մեր երկրում գումարվում են նաեւ նորերը: Ասենքª որքանո՞վ է այս հարցում մեծ աղանդների դերը: Արդյոք այսօրվա անհայտ ծագումնաբանությամբ շարժումների, ասենքª տարբեր էմոների ՙուսմունքի՚ հիմքերից չի՞ նաեւ գալիս, որ աղաղակող չափով աճել են ինքնասպանություններն ու դրանց փորձերը դեռահասների մոտ… Այս հարցերի պատասխանը ՍԻՄ-ի ՙԱզդակ՚ ակումբում փորձեցինք ստանալ հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻՑ:
-Ընդհանրապես ինքնասպանությունները շատ լայն պատճառականություն ունեն: Այնպես որ, դրա ակունքները մի ուղղությամբ որոնելը, կարծում եմ, մի քիչ սխալ է: Ըստ էության, ինքնասպանությունը անձնային ճգնաժամի արդյունք է: Մենք ուղղակի տեսնում ենք, որ ինքնասպանությունների աճ է նկատվում, իսկ դա մեզ մղում է մտածել նաեւ այդ քայլի սոցիալական պատճառների մասին: Այսինքնª գուցե մեր հասարակության մեջ մի բան է կատարվում, որը նպաստո՞ւմ է դրան: Ընդհանրապես հետազոտություններ կան, որոնք ապացուցում են, որ կա համաչափություն սոցիալական, տնտեսական դեպրեսիաների եւ ինքնասպանությունների աճի միջեւ: Այն երկրներում, որտեղ գործազրկության աստիճանը բարձր է, ինքնասպանությունները աճ են ապրում: Ընդ որում, հետաքրքիր է, որ սոցիալական դեպրեսիայի մեջ գտնվող երկրներում ինքնասպանության աճը վերաբերում է ինչպես աղքատ շերտերին, այնպես էլ հարուստներին: Միայն ոչ նպաստավոր ֆինանսական վիճակներում գտնվող մարդիկ չէ, որ գնում են ինքնասպանությունների: Այսինքն` կա այդ կապը, քանի որ նույնիսկ սոցիոլոգները հակված են ասելու, որ սոցիալական լարվածության բարոմետրեր են ինքնասպանությունները: Բայց սա ընդամենը պատճառներից մեկը կարող է լինել:
Պատճառներից է նաեւ միայնակության զգացումը. երբ որեւէ մեկը քեզ չի հասկանում, դու միայնակ ես քեզ զգում…
Մի հարց էլ, որ շատ կարեւոր է, կապված է լրագրողական համայնքի հետ: Պարզվում է, որ լրատվամիջոցներում երբ շատ են լուսաբանում ինքնասպանությունների դեպքերը, դա իր ետեւից բերում է վերթերի էֆեկտը, նամանավանդ` պատանիների շրջանում: Այսինքն` դա դառնում է վարքի մի ձեւ, որը մի տեսակ մոդելային է դառնում:
— Ուզում եք ասել, որ այդ դեպքերի լուսաբանումը պետք է սահմանափակվի՞:
— Հարցը պետք է դնել այսպես. ի՞նչ է տալիս ինքնասպանությունների մասսայական լուսաբանումը: Համենայնդեպս, տեսնում ենք, որ շատանում են ինքնասպանությունները, որի ժամանակ կարող է վերը նշած այդ մոդելը իրագործվել: Հետեւաբար, պիտի խնդրեի, որպեսզի ավելի զուսպ եւ լակոնիկ ձեւերով լուսաբանվեն ինքնասպանության դեպքերը: Ի վերջո, դա անձնական եւ ընտանեկան հարց է:
— Ձեր կարծիքով` այսօր հոգեկան ճգնաժամն ավելի շատ տարիքային ո՞ր խմբերի մոտ է նկատելի, եւ ո՞ր խումբն է ավելի շատ դիմում հոգեբանին: Սոցիալական անարդարության պատճառով կրիտիկական վիճակի մեջ հայտնված մարդկանց ի՞նչ դեղատոմս եք առաջարկում:
— Կան ընդհանուր օրինաչափություններ, թե ովքեր են ավելի շատ դիմում հոգեբաններին: Մեծ մասամբ երիտասարդ մարդիկ` մոտավորապես 20-ից մինչեւ միջին տարիքի: Ըստ իս, ավելի խոցելի է երիտասարդությունը, որովհետեւ ինքնության ձեւավորման ու կենսական նպատակների իրականացման շրջանն է եւ այլն: Իսկ եթե խոսենք սեռային տարբերությունների մասին, ապա ամբողջ աշխարհում ընդունված է, որ հոգեբաններին ավելի շատ դիմում են կանայք, քան թե տղամարդիկ: Եվ եթե նորից շոշափենք ինքնասպանության թեման, ապա ավելի շատ այդ քայլին գնում են տղամարդիկ, իսկ կանայք ավելի շատ հակված են գնալ դեպի մասնագետները: Ինչ վերաբերում է առաջարկվող դեղատոմսին ընդհանրապես, ապա ցանկացած ճգնաժամ հաղթահարելու ելքը նախ եւ առաջ ճգնաժամը առաջացնող պատճառների նվազեցումն է: Օրինակ, միջին տարիքի տղամարդիկ ինչո՞ւ են գնում ինքնասպանության. որովհետեւ այն ֆունկցիան, որը դրված է նրանց վրա, չեն կարողանում ապահովել: Մարդը իրեն զրոյացված վիճակում է զգում ու ընկնում է խորը դեպրեսիայի մեջ: Բայց քանի որ սա անձի ճգնաժամ է, այստեղ առաջ է գալիս պրոֆեսիոնալ օգնության հարցը:
— Բազում առիթներով խոսել ենք նաեւ այն մասին, որ մարդուն հոգեկան անհավասարակշիռ վիճակների են հասցնում նաեւ աղանդ կոչվածները` իրենց վտանգավոր ու չնախատեսված հետեւանքներով: Ձեր կարծիքով` ինչո՞ւ ենք աղանդների դեմ պայքարելու գործում մի քիչ դանդաղում: Արդյոք ժամանակը չէ՞ այդ հարցը օրենսդրորեն կարգավորել եւ աղանդների գործունեությունը սահմանափակել, որպեսզի օրը ցերեկով Եհովայի վկան չփորձի ՙկրծել՚ Հայ առաքելական եկեղեցու սպասավորի կոկորդը:
— Աղանդների վնասները այնքան շատ են, որ եթե նրանք նույնիսկ ինքնասպանություն չեն գործում, ուրեմն անձնասպան են դառնում, քանի որ աղանդի մեջ գտնվող մարդը հոգեբանորեն ոչնչանում է: Կան աղանդներ էլ, որոնք գովերգում են խմբակային ինքնասպանությունը: Աղանդները մարդու մեջ ներարկում են վախի զգացում: Այª այդ Արմագեդոն կոչվածը եւ այլն: Վախի զգացում են ներշնչում եւ մարդուն կախվածության մեջ են գցում, եւ դա դառնում է այն դեպքը, երբ դու ինքդ քո վրա ձեռք ես բարձրացնում: Չհաշված, որ նրանք իրենց գործունեության ընթացքում այնքան են լկտիանում, որ իրենց պահվածքով անցնում են բոլոր սահմանները: Այնպես որ, ես միանշանակ կողմ եմ, որպեսզի աղանդների դեմ պայքարը օրենսդրորեն կարգավորվի եւ հնարավորինս սահմանափակվեն նրանց լիազորությունները: Նրանցից ինչքան հնարավոր է` պետք է հեռու մնալ, նրանք ուղղակի չարիք են հասարակության համար:
Թողնել պատասխան