Ինչո՞Ւ Է Աղանդը Հրապարակ Նետվել

by

idefacto
17.06.2011

Հայաստանում գործող աղանդավորական տարաբնույթ կազմակերպությունների ծավալած գործունեությունը վտանգավոր ու սպառնալի ձևեր է ընդունում: Ոչ միայն հանրային, այլև ազգային, պետական շահերն են ոտնահարվում: 
Ի՞նչ նպատակով է հոգևոր ոլորտի զենքը` աղանդը, հրապարակ նետվել մեր պետական կրոնի ու Հայ առաքելական եկեղեցու դեմ, ինչո՞վ է բացատրվում աղանդավորների այսչափ ակտիվացումը, և վերջապես, ի՞նչ ուժեր են կանգնած նրանց թիկունքում: 
Թեմայի շուրջ «Իրատես de facto»-ում կազմակերպված կլոր սեղանի մասնակիցներն են քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ, ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԸ, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, «Շարական» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏԸ:

ԼՐԱԳՐՈՂ- Եհովայի վկան, որը հրաժարվում է հայոց բանակում ծառայելուց ու զենք կրելուց, համարելով այն «ագրեսիվություն», համարձակվեց մտնել եկեղեցի ու գիշատչի պես հայ հոգևորականին սպառնալ` կոկորդը կրծել: Աղանդավորները սովորաբար խուսափում են նման բացահայտ ագրեսիվությունից։ Նկատվող ակտիվացումը չի՞ նշանակում մարտավարության փոփոխություն:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆ— Այո, սա փաստում է նոր մարտավարության մասին: Երբ Հայաստանին պարտադրվեց գրանցել «կրոնական» կառույցները, տարօրինակորեն ձգձգվում էր Եհովայի վկաների գրանցումը: Ինչո՞ւ: Պարզվեց, որ սրանք միտումնավոր ներկայացնում էին այնպիսի կանոնադրություն, որ չգրանցվեն, քանի որ չգրանցված լինելը ձեռնտու էր իրենց: Այդ դեպքում «վկաները» համարվում էին դավանանքի պատճառով հալածյալներ, առաջ էր գալիս խղճի ազատության խնդիրը, ինչը լավ հնարավորություն էր արտասահմանից հավելյալ դոտացիաներ ստանալու, «գրին քարտ» շահելու համար: Այդ ընթացքում ինձ է մոտենում մի փաստաբան, թե` արի բիզնես անենք` տեղեկանք տուր, որ տվյալ անձը դավանանքի համար Հայաստանում ճնշվում է, որ կարողանա «գրին քարտ» շահել։ Ահա այս հանգամանքներն էլ նպաստեցին, որ եհովայականները մարդկանց մեծ բանակ հավաքեն իրենց շուրջը: Երիտասարդները, ընդգրկվելով «Եհովայի վկաներ» կառույցի մեջ, խուսափում են բանակային ծառայությունից: Ստեղծվեց այլընտրանքային ծառայության մասին օրենքը: Այն գործելու առաջին իսկ տարում 25 հոգի այլընտրանքային ծառայության հայտ ներկայացրին, մեկը մոլոկան էր, 24-ը` Եհովայի վկա: Սրանք նույն օրը, նույն ժամին, նույն բովանդակությամբ դիմումներ ներկայացրին, թե հրաժարվում են նաև այլընտրանքային ծառայությունից ու պատրաստ են դատապարտվելու: Իսկ բանտարկությո՞ւնն ինչ է տալիս: Եհովայի վկաների համար առանձին խուցեր են հատկացված, այսինքն` կրիմինալի հետ շփում չկա, ինչը բանտում գտնվողի համար հանգստյան տան տարբերակ է: Երկրորդ` նրանց թույլ է տրվում զբաղվել ինչով ցանկանում են: Երրորդ` սրանց ընտանիքները գտնվում են իրավապաշտպան գրանտակեր կազմակերպությունների մշտական աջակցության ներքո: Այսինքն, դատապարտվելով, իրականում հայտնվում են արտոնյալ վիճակում: Հանցագործություն անել ու արտոնյալ լինե՞լ, սա արդեն մարդու իրավունքների խախտում է: Բացի այդ, սրանց վրա մշտապես համաներում է տարածվում, և 4-5 ամիս անց արդեն ազատության մեջ են: Որից հետո սկսվում է դրախտային կյանքը. մտնում են դեսպանատուն, տեղում ստանում վիզա: Մեկնելով այս կամ այն երկիր` աջակցություն են ստանում ուսման հարցում, աշխատանքում: 5-6 տարվա ընթացքում անցնելով գաղափարական մշակում, վերադառնում են Հայաստան ու լծվում քարոզչություն իրականացնելուն: 
ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆ— Ակնհայտ է, որ գործ ունենք կրոնական ռասիզմի հետ: Աղանդների հետևորդները տևական ժամանակ գտնվելով մի միջավարում, ուր սերմանվում է անհանդուրժողականություն, այսինքն` ով Եհովայի վկա է, հարազատ է, ով ոչ` սատանա, բնականաբար, օտարվում են հասարակությունից: Աղանդավորները պնդում են, թե իրենց չեն ուղղորդում, սակայն այն արժեհամակարգը, որ ներմուծվել է աղանդավորի գիտակցության մեջ, արդեն իսկ նրան դարձրել է կոնֆլիկտոգեն: Ահա թե որտեղից է ծնվում նրանց ագրեսիվությունը:
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ— Այն, ինչ կատարվում է, միայն Հայաստանին ներհատուկ երևույթ չէ, այն կոչվում է տեղեկատվական հոգևոր պատերազմ, որը դարեր շարունակ վարվում է ազգայինի դեմ: 1959-ին Սերժ Յուտենը գրեց մի հետաքրքիր գիրք` «Չերևացող կառավարիչներն ու մասոնական օթյակները» վերնագրով: Նա միակն էր, որ կարողացավ վերլուծել ու ցույց տալ, որ աշխարհում կատարվող բոլոր գործողություններն ուղղորդվում են մեկ կառույցից, որում ամեն մեկն ունի իր դերը. բուրգի հովանու ներքո են գործում աղանդավորական կառույցները, որոշ ԶԼՄ-ներ, ԱԱԾ, պետական ապարատ ներթափանցած որոշ աշխատակիցներ: Սերժ Յուտենը երևույթի անունը դրեց իլյումինիզմ: 
ԼՐԱԳՐՈՂ— Ձևավորվել է աղանդների լոբբինգով զբաղվող, այսպես կոչված, «իրավապաշտպանների» ու քաղաքական գործիչների, մտավորականների ցանց, որոնք բացահայտ հանդես են գալիս աղանդապաշտպանության դիրքերից. Աբգար Ափինյանը հայտարարում է` պետք չէ հալածել աղանդներին, թե չէ հանկարծ կմիավորվեն, նախկին պաշտոնյա Հրանտ Բագրատյանն էլ նյարդայնանում է, որ հայոց եկեղեցին հայտարարվում է ազգային… 
ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ- Թուրքերի մասին մի խոսք կա` այսօր` հյուր, վաղը` տեր: Սա նաև վերաբերում է աղանդներին: Դրանք կրոն չեն, կրոնի անվան տակ թակարդ են ու խաբեություն: Եկել են հյուր ու մեր երկրում իրենց տեր են զգում: Ներսում էլ կան տրոյական ձիեր և ուրիշ կենդանիներ, որոնք հայոց կենաց ծառն են սղոցում: Կամ այդ մտավորականները չեն գիտակցում, կամ եթե գիտակցում են, ուրեմն չար, ծախու մարդիկ են: Չգիտեմ նրանց ինչպես վերաբերվել. կարեկցե՞լ որպես հիվանդների, թե՞… Եթե աղանդների պաշտպան է դարձել մշակույթի մարդը, ուրեմն, դրանից տուժում է հայ մշակույթը: Ի՞նչ կլինի մեր Մատենադարանի ձեռագրերի, Սուրբ Էջմիածնի արժեքների, մեր ոսկեղենիկ գրաբարի հետ, եթե աղանդներն արմատավորվեն Հայաստանում: Աղանդը նաև դպրոցներ է մտել ու մեթաստազներ տվել: Փաստորեն, հային ուզում են զրկել հոգուց: Նժդեհն ասում էր` աշխարհագրական տարածքը հայրենիքի մարմինն է, զրահը, իսկ մշակույթը` հոգին: Ահա թե ինչու է աղանդների առաջին հարվածն ուղղված մեր հոգևորին: Պատահական չէ, որ ասում են հոգեորսություն: Մենք մեր մշակույթը պաշտպանելու համար վճարել ենք մեր կյանքի գնով, անցել ցեղասպանությունների միջով, որ կարողանանք փրկել ոսկեղենիկ ժառանգությունը: Իսկ այսօր ամեն ինչ անում են, որ հայը դադարի հայ լինելուց: 
Մենք դեռ պատերազմի մեջ ենք, և մեզ բոլորովին պետք չէր այլընտրանքային ծառայությունը: Գայլի փոխարեն գառա՞նն են զինաթափում: Սա նշանակում է` բացահայտ պատերազմ հայտարարել մեր ազգի դեմ: ՈՒրեմն պետք է կարողանանք պաշտպանվել` կենտրոնացնելով ազգային վերջին ճիգերը: 
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆ— Ցավալի է, բայց այսօր Հայաստանի դեմ հոգևոր պատերազմին ակտիվորեն մասնակցում են մշակույթի գործիչները: Բոլոր կրոնական կառույցները լցված են հայտնի երաժիշտներով, գրողներ կան, վերջերս էլ ճարտարապետներն են սկսել ներգրավվել: Երբ առաքելական եկեղեցին կառուցում է եկեղեցիներ, ճարտարապետներն աղմուկ են բարձրացնում, բայց երբ աղանդավորներն են կառուցում, լռում են։ «Կյանքի խոսքը» երկրորդ տարին է` 5000-տեղանոց եկեղեցի է կառուցում, ոչ մի խոսք այդ մասին: 
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ— Չինաստանն արգելեց Եհովայի վկաների գոյությունն իր երկրում: Բայց Չինաստանին ոչինչ չպարտադրվեց: Մինչդեռ Ռուսաստանին, որը ոչ պակաս հզոր երկիր է, պարտադրում են գրանցել աղանդներին: Պիտի հստակ իմանանք, որ այդ պարտադրանքն այն երկրներում է, ուր դեռ չկա կայացած պետականություն: Աղանդավորական ակտիվությունը նկատելի է ԱՊՀ երկրներում: Ղեկավարվելով մեկ կենտրոնից, այդ կառույցներն իրենց շարքերում ներառում են քաղաքական, մշակութային գործիչների, լրատվամիջոցներ, ստեղծվում է մի համույթ, որը յուրաքանչյուր պահի բոլոր ճակատներով սկսում է գրոհել: Ցավոք, մեր մտավորականներն այսօր ոչնչի համար չեն պայքարում: Իսկ աղանդավոր են դառնում սեփական կարիերայի, գումար աշխատելու համար: 
ԼՐԱԳՐՈՂ— Ծախվա՞ծ են այն մտավորականները, ովքեր որոշել են աղանդապաշտպան դառնալ:
ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆ- Այո, գործ ունենք ծախված լինելու փաստի հետ, որը տարբեր դրսևորումներ ունի` գրանտային կաշառք, հովանավորչություն: 
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆ- Բարեգործական ծրագրեր…
ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆ— Գումար վերցրած մարդը, որ պարտավորված է անելու հրահանգը, նաև իր ամբողջ ինտելեկտը կենտրոնացնում է, որ արդարացնի իր պահվածքը: Այսինքն` համ ծախվել է, համ էլ ուզում է ինքնագնահատականը բարձր պահել ու արդարացնող փաստարկներ գտնել, թե ինչու գնաց այդ քայլին: 
ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ- Այն մարդը, ով գնացել է այդ քայլին, այլևս հայ մտավորական չէ, կամ երբեք չի եղել: Աղանդը, լայն առումով, մտել է ամենուր: Երաժշտության մեջ աղանդավորներն այսօրվա «աստղերն» են, թուրքախառն ռաբիսի «արքաները»: Այս ամենը հանգեցնում է մի երևույթի, որը ես կոչել եմ «թավշյա ցեղասպանություն»: 
ԼՐԱԳՐՈՂ— Նոր գործելաոճ են որդեգրել` աղանդների դեմ պայքարողներին պիտակավորում են` «ֆաշիստ», «ռասիստ» որակելով, պայքարն էլ համարում եվրոպական արժեհամակարգին ուղղված հետադիմական երևույթ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆ— Այո, սկսվել է կոմպրոմատների պայքար այն մարդկանց դեմ, ովքեր պայքարում են կրոնական կառույցների դեմ: Դրսից ֆինանսավորվող ԶԼՄ-ները կատարում են նույն պատվերը, ինչ աղանդավորական կառույցները: «Արմենիա» հեռուստատեսության «Ժամը» լրատվականը տեղեկացնում է, թե աղանդավորական կազմակերպությունների հետ կապված գաղտնի գործակալ է բացահայտվել: Իրականում նման բան չկա, բայց միտումնավոր այդպիսի լուր տարածվեց, որ հետո հայտարարեն` Հայաստանում կրոնական կառույցների դեմ ԱԱԾ-ն է պայքարում:
ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆ— Ձևավորվել է լոբբիստական ցանց, քարոզչական հնարքներ կիրառելով` փորձում են վարկաբեկել աղանդների դեմ պայքարողներին: Գրանտակերները նույնիսկ ասում են` եթե պայքարեք աղանդների դեմ, 300 000 մարդ Հայաստանից կհեռանա: Սա ուղեղներ լվանալու հերթական փորձն է: ՈՒզում եմ հայտարարել, որ մեր պայքարը 300000-ի դեմ չէ, նրանք մեր հայրենակիցներն են, որոնք պաշտպանության կարիք ունեն, քանի որ ոտնահարված են նրանց իրավունքները: Հարց է առաջանում, այդ ի՞նչ արտոնություն ունեն աղանդները, որ կարող են սահմանափակել մարդկանց ազատությունն ու չդատապարտվել: 
ԼՐԱԳՐՈՂ— Եհովայի վկայի հարձակումը հայ հոգևորականի վրա քրեորեն հետապնդելի արարք է: Ինչո՞ւ է ուշանում իրավապահ մարմինների ճշգրիտ գնահատականը: Երբևէ հրապարակավ չի խոսվում կրոնական կառույցում կատարված քրեական, տնտեսական բնույթի հանցագործությունների մասին: Իսկ այդպիսիք բազմաթիվ են: Գործ ունենք աղանդ-իրավապահ համագործակցության հե՞տ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆ— Այսօր շատ կրոնական կառույցների ղեկավարներ պետական պաշտոնյաներ են: Այդպիսիք կան և՛ ուժային կառույցներում, և՛ պետական, դատական համակարգերում: Կենտրոն դատարանում կտեսնես Եհովայի վկաների գրականությունը: Հիշենք, որ 2004-ին գործում էր Սոնա Ֆահրադյանի խումբը, որը ներքին գործերի նախարարության աղանդն էր. հետաքննության վարչության պետ, դատախազ, ԱԺ պատգամավոր, կադրերի բաժնի պետեր, տնտեսական վարչության պետեր ընդգրկված էին սրանում: Աղանդի անվան տակ խմբակային սեքսով էին զբաղվում, նաև շրջանառվում էին հսկայական գումարներ: Սակայն սրա հետ միաժամանակ չունենք նաև մասնագետներ: 2003-ին Մանանդյան փողոցում կատարվեց դաժան սպանություն: Կատարողը սատանայապաշտ էր, «Հ1»-ի օպերատորներից, մականունը` «Սատանա»: Դաժանաբար սպանել էր հոր ընկերոջը: Բայց դատախազությունը կատարվածը որակեց իբրև կենցաղային սպանություն: Սա խոսում է նաև այն մասին, որ մենք չունենք մասնագետ իրավաբաններ, ովքեր կարող են հստակ որակավորել կրոնական շարժառիթներով կատարված հանցագործությունները, չունենք հոգեբաններ, ովքեր կտան համապատասխան եզրակացություն: 2004-ին 12 տարեկան աղջիկը ինքնասպան եղավ, հոգեգալստական էր։ Քննիչի հետ անձամբ այցելել եմ աղջկա բնակարան: Սենյակը փոքր էր, մրոտված, անլույս, 12 տարեկան երեխան չուներ ոչ մի խաղալիք, միայն կրոնական գրականություն էր, որ անվերջ կարդացել էր ու ընդգծումներ արել` «Մահը քեզ կտա ազատություն»: Չնայած փաստերի առկայությանը, եզրակացություն տրվեց, թե կատարվածը կենցաղային հողի վրա է: Ցանկացած դատական գործընթացում, որին մասնակցում է որևէ աղանդավորական կառույց, մեր իրավաբանները պարտվում են, որովհետև չունենք մասնագետներ: Իսկ կրոնական կառույցներում սպանությունը դառնում է գործելաոճ: Մարդիկ հոգեկան շեղում են ստանում, որի հետևանքը մարդասպանությունն է: 
ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆ— Չեմ վիճում, որ ունենք նեղ մասնագետների կարիք, բայց եթե ընդհանուր առմամբ տիրապետում ես հոգեկան չափանիշներին և դա համադրում աղանդի հետևանքների հետ, հեշտությամբ կարող ես փորձագիտություն տալ: Պարզապես հարկավոր է, որ իր գործին սրտացավ վերաբերվող մարդ ստորագրի փաստաթղթի տակ: 
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆ— Ստորագրել էր Էլդա Գրինը…
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ— Փաստորեն, մենք չունենք աղանդների հետ փոխհարաբերվելու իրավական դաշտ, էլ ուր մնաց, որ պայքարենք: Կարծում եմ, որ դա էլ է արվել միտումնավոր. չունենք փորձագետներ, նեղ իրավաբաններ, չունենք լիարժեք օրենք: Իսկ աշխարհի տարբեր երկրներում ոչ թե խմբեր, այլ վարչություններ են գործում: Ֆրանսիայում կա ոստիկանություն, Գերմանիայում` նախարարություն, ԱՄՆ-ում ԱԱ-ն ունի առանձին բաժին, որը զբաղվում է միայն աղանդների հարցերով: Իսկ մեզ մոտ չկա, և սա ունի իր բացատրությունը: ԱՊՀ երկրներից հատկապես փոքր Հայաստանում են այսքան օթյակներ գրանցվել, կատաղի պայքար են մղում, որ մեզ մոտ ոչինչ չարվի: Փաստորեն, Հայաստանում կա ուժեղ աղանդավորական լոբբինգ, որը թույլ չի տալիս իրավական դաշտ ստեղծել: 
ԼՐԱԳՐՈՂ— Երբ գրանցվում էին աղանդավորական կառույցները, վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հարցրի` վտանգավոր քայլ չե՞նք անում, ասաց, ոչինչ, կգրանցենք, թափանցիկ կդարձնենք նրանց գործունեությունը, հետո կպայքարենք: Գրանցեցինք ու պայքարի մասին մոռացանք…
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆ— Հիշենք, թե այդ ժամանակ ով էր կրոնի վարչության պետը` Հրանուշ Խառատյանը, ով ասում էր` ավելի լավ է կորցնենք մեր հոգևորը, բայց պահենք մեր աշխարհիկը: ԱԺ-ում օրենքն անցավ առաջին ընթերցմամբ, երկրորդից` կորավ: «Մոռացել» ենք, որ ՀՀ-ն ստորագրել է ԱՊՀ երկրներում ընդունված կրոնի մասին օրենքի տակ, որի հիման վրա կարող ենք մեր օրենքը ստեղծել: 
ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ— Օրենքից բացի, կարևորն ազգի ինքնապահպանման բնազդն է: Բայց դա էլ է խաթարված, թե ո՜նց են կարողացել… Մենք չենք կարող օրենքներ ընդունել, որոնք հանգեցնում են ինքնաոչնչացման: Ազգի տոհմածա՞ռն ենք կտրում: 
ԼՐԱԳՐՈՂ— Նշվեց, թե չունենք մասնագետներ, պայքարի իրավական դաշտն է բացակայում: Իսկ գուցե գործ ունենք կոռուպցիո՞ն փաստի հետ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆ— Ջոն Քոլեմանի «300-ի կոմիտե» գրքի վերջում կարդացեք այն կառույցների ցանկը, որոնք աջակցում են 300-ի կոմիտեին, ու նայեք հայաստանյան կառույցների ցանկը. բանկային, բարեգործական, մշակույթի, գրանտային համակարգեր, սրանք բոլորը գործում են Հայաստանում: Մորմոնների բարեգործական ծրագրերով տարեկան 130-150 մլն ԱՄՆ դոլար էր պտտվում: Մեխանիզմը սա է. տվյալ ապրանքն արժե 100 ԱՄՆ դոլար, որպես բարեգործական գնահատվում է 5 ԱՄՆ դոլար, մտնում է Հայաստան, ազատված է հարկային դաշտից, հասցեատերը աղանդավորական որևէ կառույց է: Կառույցի ղեկավարները ստացած 1000 ապրանքից 5-ը տալիս են անդամներին, 95-ը մտնում է վաճառքի շուկա և իրացվում 100 ԱՄՆ դոլարից բարձր արժեքով: Պատկերացնո՞ւմ եք, թե ի՜նչ գումարների հետ գործ ունեն: 
Խարբերդում գործում է «Աստծո զինվորներ» կոչվող եկեղեցին, այստեղ կանանց օգտագործում են որպես մարմնավաճառներ, տղամարդկանց` ծառաներ: «Եկեղեցու» «տիրամայրը» երկու անգամ դատապարտվել է խուլիգանության և խարդախության համար: Եվրոպան աղմուկ բարձրացրեց ի պաշտպանություն սրա, չորս ամիս անց ազատվեց: Այսօր Խարբերդում փողոցների ու մի քանի բնակարանների սեփականատեր է:
ԼՐԱԳՐՈՂ— «Կրոնական» կառույցներին առնչվող քննարկումները սովորաբար ընթանում են մարդու իրավունքների և խղճի ազատության հոլովույթում: Ստացվում է` ժողովրդավարության անվան տակ մենք փայփայում ենք մեր երկիրը կործանող երևույթնե՞րը: 
ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆ- Նախ, ժողովրդավարությունն ամեն մի երկրում ունի իր ուրույն տեսքը, ժողովրդավարությունն անարխիա չէ, ամենուր կան տաբուներ, մենք էլ մեր տաբուների համակարգը պետք է ձևավորենք: Երկրորդ, գործ ունենք երկակի չափանիշների հետ, ժողովրդավարության գաղափարն է վարկաբեկվում, երբ մարդկանց փորձում ես հիմնավորել, թե այս կամ այն աղանդը այստեղ պե՛տք է ծաղկի, քանի որ ժողովրդավարություն է: 
ԼՐԱԳՐՈՂ— Իսկ մենք չունե՞նք մեր մեղքի բաժինը, որ ժողովրդավարության անվան տակ դարձել ենք դրսի հրահանգների ստրկամիտ կատարողը: 
ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆ— Երևի մենք էլ մեր հերթին ենք մի քիչ վախվորած: Իհարկե, միշտ չէ, որ ձեռքդ սեղանին խփելով կարող ես հարցեր լուծել, բայց կա մի սահմանագիծ, որից այն կողմ պետք է լինել շատ կտրուկ, հանդես գալ պետական շահերի պաշտպանության դիրքերից: Վատատես չլինենք, քանի որ կա նաև այդ ներուժը: Ես իրավաբան չեմ, բայց տարրական իրավագիտակցությունս թույլ է տալիս ասել, որ կան բոլոր հիմքերը պայքարելու աղանդների դեմ` և՛ մարդու հիմնարար ազատությունների ոտնահարման դաշտում, և՛ գործող օրենսդրության շրջանակներում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆ— Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ կետում գրված է, որ եթե կա ազգային և հանրային անվտանգությանը սպառնացող որևէ հանգամանք, պետությունն իրավասու է սահմանափակելու աղանդավորական կառույցների գործունեությունը, իսկ մենք 2-րդ կետից, չգիտես ինչու, վախենում ենք: ԵԽ 13/61 բանաձևում ամրագրված է, որ ՀՀ-ում պետք է ստեղծվի անկախ տեղեկատվական կենտրոն` կրոնական կառույցների մասին քաղաքացիներին տեղեկություն տրամադրելու համար: Մինչ օրս կառույցը չկա: Մենք զրկում ենք մեր ժողովրդին երկու կարևոր իրավունքից` տեղեկատվություն ստանալու և ընտրություն կատարելու: Իսկ օտարին պետք է, որ մեր ժողովուրդը ոչ թե ընտրող լինի, այլ ստրկամտորեն կատարող, կառավարելի հասարակություն:
ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆ— Մենք կարող ենք գրագետ, իրավական հիմնավորումներով կանխել բազմաթիվ եվրոպական կառույցների արձագանքը: Անհնարին բան չկա: Իսկ եթե արձագանքներ էլ լինեն, թող լինեն, պետություն ենք, ու պետք չէ վախվորել, թե ԱՄՆ-ի պետդեպարտամենտի տարեկան հաշվետվության մեջ սուր որակումներ են տեղ գտել: Ֆինանսավորման ինչ-որ աղբյուրներ էլ թող ժամականավորապես դադարեն, դա կստիպի մեզ ներքին աղբյուրներ որոնելու. չկա չարիք առանց բարիքի: ՈՒզում եմ անդրադառնալ նաև մեկ այլ կարևոր խնդրի. ի՞նչ ասել է աղանդ: Փորձեմ տալ չափանիշները. 1-ին, եթե կրոնական կազմակերպությունը քարոզում է անհանդուրժողականություն ենթադրող դոգմաներ: Երկրորդ` երբ անձը հոգեկան կախվածության մեջ է հայտնվում և կորցնում ազատ ընտրության իրավունքը: Գրանտակեր կազմակերպություններն ասում են` անձն ունի իր ազատությունը, թող ինքն էլ ընտրի, թե ինչ կրոնական կառույցի հետևորդ է ուզում լինել: Բայց աղանդավորի պարագայում ինքը չի ընտրում, այլ իրեն են ընտրում: Եթե անգամ ընդունենք գրանտակերների «թեզը», հարց է առաջանում. այդ դեպքում ինչո՞ւ չեք տեսնում, որ հենց աղանդներն են սահմանափակում անձի ազատ ընտրության իրավունքը, երբ ասում են` ում ընտրել, գնալ կամ չգնալ ընտրության: Այսպիսով, աղանդի չափանիշներն են` ազատությունների սահմանափակում, կրոնական ռասիզմ, ներքաշման մանիպուլյատիվ մեխանիզմների կիրառում: Այսքանը բավարար է աղանդների դեմ պայքար տանելու համար: 
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆ- Հանձինս աղանդների մեր թիկունքին ունենք հինգերորդ շարասյուն, որը ցանկացած պահի կարող է հարված հասցնել: 1988-ին Հայաստանում կար ընդամենը 10 000 աղանդավոր, այսօր` 300 000, բնակչության 15 %-ը: Աշխարհի այլ երկրներում աղանդավորների թիվը 1 %-ից չի անցնում: Ռուսաստանում 1 % են, ԱՄՆ-ում` 1,5: Չինաստանն ընդհանրապես վերացրեց աղանդները: Իսկ մեր փոքր Հայաստանում նույնիսկ ղազախական աղանդը մտավ: Ազգությամբ ղազախ վարորդն է դրա ստեղծողը, բժշկում են ինքնահրկիզման միջոցով: Գնում է մեր հասարակության զոմբիացման գործընթաց: 
ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ- Կամավոր գնում ենք կործանման, կամ էլ այնպես են սարքել, որ մենք «հաճույքով» ընդունենք մեր կործանումը: «Հուդայի համբույրներ» մեզ պետք չեն:
ԼՐԱԳՐՈՂ- Դառնանք «կրոնական» կառույցների քաղաքական խաղերին: Չնայած հայտարարում են, թե քաղաքականությամբ չեն զբաղվում, սակայն իրական քայլերը ճիշտ հակառակն են հուշում: Նրանց գործունեությունը հիմնված է դրամաշնորհների վրա, որ տրամադրում են քաղաքական նպատակներ հետապնդող արևմտյան հիմնադրամները: 
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆ— Աղանդներն իրականացնում են քաղաքական ծրագրեր մեր երկրի համար քաղաքական ակտիվ փուլերում: Օրինակ, եթե դուրսը կարիք ունի ներազդելու արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վրա, ակտիվացնում է «կրոնական» կառույցները, հետո հայտարարում, թե ՀՀ-ում վերջիններիս ճնշում են, ուրեմն պետք է Հայաստանին զրկել «Հազարամյակի մարտահրավերներից» ու այլ ծրագրերից: Այսինքն, օգտագործելով կրոնական կառույցները, մեր ղեկավարներին պարտադրվում է կայացնելու երկրի համար խիստ վտանգավոր որոշումներ: 
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ— Տեղեկատվական հոգևոր պատերազմի ժամանակ ակտիվացում լինում է այն ժամանակ, երբ երկրում լուծելու խնդիրներ կան: Եվ դրսից գալիս է լուծման հրահանգը: Հստակ աշխատում են մեր ներքին ու արտաքին քաղաքական դաշտերի վրա: Աղանդներին ուղղորդում են, որ արժեզրկեն բանակը, նվազեցնեն եկեղեցու դերը: Հետո գալիս է նոր ծրագիր` վերաձևել ներքաղաքական դաշտը, ինչը կոչվում է գունավոր հեղափոխություն։
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆ— Բոլոր գունավոր հեղափոխությունների իրականացմանն ակտիվորեն մասնակցել են խարիզմատիկ եկեղեցիները: ՈՒկրաինայում մասնակցել է «Աստծո դեսպանատունը», հեղափոխությունից հետո ղեկավարներից մեկը դարձավ քաղաքապետ, մյուսը` խորհրդական: Վրաստանում «վարդերի հեղափոխությանը» մասնակցեց «Հավատքի խոսքը», որից հետո այս աղանդի հետևորդ 5 հոգի դարձավ նախարար: 
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ— Այս քննարկման ընթացքում ակնառու դարձավ, որ մենք գործ ունենք ոչ թե կրոնական կազմակերպությունների, այլ մի կառույցի հետ, որն ակտիվ գործում է մեր դեմ: Սա նաև համաշխարհային խնդիր է: Բայց ինչո՞ւ Հայաստանի դեմ։ Սա պետք է հասկանանք: Մեր երկիրը կարևոր դերակատարություն ունի համաշխարհային պատմության մեջ, մեզանում գրեթե չկան այլ ազգեր, մենք հիմնականում միակրոն ենք: Առաքելական եկեղեցու հետևորդ այլ ժողովուրդները քիչ են կամ գրեթե չկան, միայն հայերս ենք: Հիշեցնեմ, որ հայ եկեղեցին հիմնել է ոչ թե Գրիգոր Լուսավորիչը, այլ երկու առաքյալները` Թադեոսն ու Բարդուղիմեոսը: Հետևապես, մենք կրողն ենք Քրիստոսի էներգետիկայի: Պատմությունը հուշում է, որ ամենակատաղի պայքարը մղվել է հենց առաքելական եկեղեցու դեմ: Այսինքն, պայքար Քրիստոսի էներգետիկայի կրողների դեմ: Ահա թե ինչու է հայ եկեղեցու դեմ այդպիսի լուրջ պայքար տարվում: Բացի այդ, հայ ազգն անտիկ ու նոր դարերի կապողն է, և այդ կապի ընթացքում հայերը չեն կորցրել իրենց ազգային ինքնատիպությունը` մնացել են հայ: Նույնիսկ անցումը հեթանոսությունից քրիստոնեության դա չի խաթարել, մենք մնացել ենք նույնը, մեր մեջ ներառելով հեթանոսական ավանդույթները: Այսինքն, հազարամյակներ շարունակ չեն կարողացել մեզ հեռացնել մեր ինքնությունից: Այսօր աշխարհում պայքար է գնում հենց այդ ինքնության դեմ, և դա գլոբալիզացիան է: Աղանդների հրահանգիչները, քաղաքական պատվերներ տվողները մեկ խնդիր ունեն` ստեղծել համաշխարհային մեկ գլոբալ պետություն: Ինչպե՞ս. կամ որոշակի ձևով իր մեջ ներառել ինքնատիպ ազգերին, կամ վերջնականապես դուրս մղել նրանց: Կարո՞ղ եք ասել, ո՞րն է ԵՄ սահմանադրության հոգևոր հիմքը: Բոլորը հայտարարում են, թե գտնվում են քրիստոնեական դաշտում, բայց կաթոլիկ եկեղեցու դոկտրինը` համասեռամոլների դեմ պայքարը, այդպես էլ չի դառնում սահմանադրության հիմք, թույլ չեն տալիս: Մենք, լինելով փոքր ազգ, ունենք այս վտանգավոր գործընթացները նկատելու կարողություն և պայքարի ներուժ: Բայց հին մեթոդներով չենք կարող կասեցնել գործընթացը: Մենք նախ պետք է ստեղծենք վերլուծական դաշտ, հասկանանք, թե ինչ է կատարվում, մեզնից ի՞նչ են ուզում, և որոշենք պայքարի այժմեական մեթոդոլոգիան: Միաժամանակ պետք է կարողանանք մեր Ազգային անվտանգության դոկտրինի մեջ ներառել անհրաժեշտ դերաբաշխումը. այդ պայքարում ի՞նչ պետք է անեն հայոց եկեղեցին, պետությունը, բոլորս: Միայն կենտրոնացված հակազդեցությունը թույլ կտա այս երևույթները գոնե մեղմել: ԱՄՆ-ում իլյումինիզմից դուրս ոչ մեկին թույլ չի տրվում դառնալ նախագահ, այսինքն, 13 ընտանիքների հետ առնչություն չունեցող մարդն աշխարհի հզոր երկրի ղեկավար դառնալ չի կարող: ՈՒրեմն, պետք է հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք: Պայքարը պետք է լինի մտածված, առանց աղմուկի, նաև օգտվելով հայկական սփյուռքի հնարավորություններից: Դրա համար Հայաստանին պետք է արդյունավետ պետություն, արդյունավետ քաղաքական, տնտեսական համակարգ և արդյունավետ ազգային անվտանգության դոկտրին: 20 տարի է` չենք կարողանում նորմալ համակարգ ստեղծել, ուր հայը հաճույքով, գիտակցաբար կգործի իր ազգի ու պետության համար: Չի ստացվում: Չեն թողնում: Դա էլ հստակ է, երբ պահը գա, ես պատրաստ եմ հրապարակավ ասելու, թե ովքե՛ր և ինչո՛ւ չեն թողնում:
ԼՐԱԳՐՈՂ- Այսպիսով, ագրեսիվ աղանդների, քաղաքական ու որոշ ՀԿ-ների գործունեությունը բխում է ոչ թե մեր երկրի շահերից, այլ օտարերկրյա գրանտատու կառույցների նկրտումներից: Կնշանակի` գործ ունենք երկրի ազգային անվտանգության հետ: Իսկ այս ամենի առկայությունը նշանակո՞ւմ է, որ ԱԱ համակարգը մեզանում գրեթե չի գործում:
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ— Այն ՊԱԿ-ը, որին մենք հաճախ քննադատում ենք, ուներ առանձին վարչություն, կոչվում էր 5-րդ, որն իր հերթին ուներ 14 բաժին, պայքարում էր օտարածին կրոնական կազմակերպությունների, նույնիսկ մասոնիզմի դեմ: Հայաստանի ՊԱԿ-ում կային լավագույն մասնագետներ: Այսօր նրանք համակարգում չեն, ինչո՞ւ, որովհետև համակարգի առաջ այսօր այլ խնդիրներ են դրված:
ԼՐԱԳՐՈՂ— Ի՞նչ խնդիր:
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ— Խորհրդային ՊԱԿ-ը ծառայում էր պետությանը, չկար իշխանության շահերին ծառայելու ընկալում, որովհետև իշխանությունն իրենցն էր: Այսօր պետությանը ծառայելը ԱԱԾ-ի հիմնական խնդիրը չէ, նա ծառայում է միայն իշխանությանը: ԱԱԾ համակարգում կան պետական շահերը գիտակցող մարդիկ, ու եթե ռեալ իրավիճակ ստեղծվի և քաղաքական ղեկավարությունը խնդիր դնի ԱԱԾ-ի առաջ` ծառայել պետությանը, հավատացնում եմ, որ ԱԱԾ կվերադառնան հին, փորձառու աշխատակիցները, ինչպես եղավ Ռուսաստանում:
ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆ— Անվտանգության համակարգը բավարար ներուժ ունի պայքարելու, այլ խնդիր է, որ կա պայքարի գաղափարի հասունացման անհրաժեշտություն: Ես լավատես եմ: Մոտ է այն ժամանակը, երբ վերևներում կկայացվի պայքարի որոշումը: Մենք էլ մեր կողմից պետք է աշխատանք տանենք, մոռանանք կուսակցականությունը, քանի որ սա համապետական խնդիր է: Գրանտակեր ԶԼՄ-ներն արդեն հնչեցնում են որակումներ, թե նախընտրական շրջան է, ու ՀՀԿ-ն ռասիստական գործողություններ է սկսել: Փառք ու պատիվ նրան, ով կպայքարի աղանդների դեմ, թեկուզ դա ծառայեցնելով իր քաղաքական շահերին, լինի իշխանություն, թե ընդդիմություն: Իշխանության մեջ կան վճռական տրամադրված մարդիկ, որովհետև մենք, ժողովրդավարական պետություն լինելով հանդերձ, ամենաթողություն հանդուրժել չենք կարող:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆ— Մեր դեմ հոգևոր պատերազմ է մղվում, ու էդ կռվում մեզ լուրջ մասնագետներ են հարկավոր: Նախկին լավագույն մասնագետներն այսօր նստած նարդի են խաղում, չեն օգտագործվում նրանց գիտելիքն ու փորձը: Ոչ ոք չի նախաձեռնում հավաքել այդ մարդկանց: Դրսի կառույցները Հայաստանը ներսից են քայքայում: ՈՒրեմն, այսօր հրատապ է դարձել հստակ պետական որոշում կայացնելու անհրաժեշտությունը: 
Առաջարկում եմ շտապ ստեղծել անկախ կենտրոն` ճշգրիտ տեղեկություն տրամադրելու համար, վերապատրաստել բոլոր ուժային կառույցների մասնագետներին, ԱԱԾ-ում կամ ՆԳ-ում ստեղծել մի կառույց, որը կհսկի աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը: 
ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆ— Այն մարդիկ, ովքեր սրտացավորեն պայքարում են աղանդների դեմ, նրանց շարքերում պետք է լինեն համախմբվածություն, համերաշխություն։ Այսօր Գևորգ Ալթունյանին Եհովայի վկաները դատի են տալիս, մենք բոլորս պետք է նրա կողքին կանգնած լինենք: Գևորգը ճիշտ է, երբ ասում է, թե այդ դատն իմ դեմ չէ, այլ «Հ1»-ի, կա ԶԼՄ-ն ահաբեկելու խնդիր: Մենք պետք է մի կողմ թողնենք քաղաքական հակասություններն ու լինենք իրար կողքի, այլ ելք չունենք: 
ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ- Չարիքը մեզանում բխում է նաև անգիտությունից: Անցած դարի 20-ականներին Օսվալդ Շպենգլերը գրեց «Եվրոպայի մայրամուտը» աշխատությունը, որում կանխատեսվում էր եվրոպական քաղաքակրթության անկումը: Մի ազգ, որն ունի Նժդեհ ու Ավետարան, ինչպե՞ս կարող է այսչափ թշվառ վիճակում լինել: Մենք իրավունք չունենք կորցնելու մեր արժեքները, քանի որ դրանք համամարդկային մշակույթի ոսկե էջերն են, ու դրանով կկողոպտվի համայն մարդկությունը: Աշխարհի կենսագրությունն անցնում է հայ ժողովրդի կենսագրության միջով: Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն, հազա՜ր ափսոս մեր մշակույթը, որ վտանգված է այսօր: Պիտի համախմբվենք, մանավանդ երբ «Հաննիբալը դարպասների մոտ է»…
«Կլոր սեղանը» վարեց Արմինե ՍԻՄՈՆՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: