Չի կարող ուսուցիչը իր դաստիարակած և իրեն փոխարինած աշակերտին ընդդիմություն լինել

by

Դա երկխոսություն չէ, այլ թատերականացված ներկայացում, որ միասին խաղարկում են երկու անհատ: Մեկն իշխանությունը յուրացրել է, սակայն ներքին և արտաքին վստահության մեծ պակաս ունի, ինչպես նաև պետությունը արդյունավետ կառավարելու դժվարություն: Մյուսն իրեն միակ ընդդիմություն է ներկայացնում, որպեսզի քողարկի այն փաստը, որ դեռ երեկ իր ամբոխահաճ կարգախոսների հետևից գնացողների մեծ մասն այսօր իրենից երես են թեքել: Այսօր նրանք միմյանց կարիքն ունեն` յուրաքնաչյուրն իր դիրքը պահպանելու համար, որովհետև իրականում ոչ «իշխանությունն» է իշխանություն, ոչ էլ «ընդդիմությունն» է նրա ընդդիմությունը: Սերելով միևնույն ակունքից, տևական ժամանակ գործելով նույն թիմում` «երկխոսող բարձր կողմերը» ոչ արտաքին, ոչ ներքին կամ տնտեսական, ոչ էլ որևէ այլ էական հարցում տարբեր դիրքորոշումներ մինչ օրս չեն դրսևորել, հայ ժողովրդի նկատմամբ գործել են նույն սխալները և նույն հանցանքները: Վերջապես չի կարող ուսուցիչը իր դաստիարակած և իրեն փոխարինած աշակերտին ընդդիմություն լինել:

Անձամբ, խոշոր հաշվով, անտարբեր եմ եղել ինչպես նրանց հակամարտությանը, նույնպես էլ հիմա անտարբեր եմ սիրախաղին:

Ազատագրված տարածքներին վերաբերող միջնորդների նախաձեռնությունները մինչ այս էլ երբեք խորհրդարանում չեն հանդիպել ոչ լուրջ, ոչ էլ որևէ այլ դիմադրության: Ինչպես համանախագահներն են սիրում պարբերաբար կրկնել. «իշխանությունները պատրաստ են խաղաղության, իսկ ժողովուրդները` ոչ»: Կարծում եմ անգամ միակուսակցական խորհրդարանի դեպքում, միևնույն է, «ժողովուրդը պատրաստ չի լինի» ու գնալով ավելի անպատրաստ կդառնա: Իշխանության որևէ քայլ, որը կենթադրի տարածքային զիջում, կունենա երկու հետևանք` նախ պատերազմ` անկանխատեսելի հետևանքներով, և, երկրորդը, անկախ պատերազմի արդյունքից, դա կլինի այդ դավաճանած իշխանության քաղաքական ինքնասպանությունը:

Հիմա ազգայնական կամ ազգային ուժերի ենթադրյալ պարտության մասին: Ազգայնական ասելով մարդիկ տարբեր բաներ են հասկանում: Ազգային գերազանցության գաղափարի հիման վրա գործող և իրենց ազգայնական կոչող խմբակները երբեք էլ քաղաքական իմաստով մեծ ազդեցություն չեն ունեցել և դժվար թե երբևէ ունենան: Միաժամանակ, գոյություն ունի օտարամոլությամբ կամ նյութապաշտությամբ չտառապող, գլխավորապես ազգային պատասխանատվությամբ առաջնորդվող, սակայն ոչ ազգայնամոլ գործիչների ու խմբակների բավականին մեծ շերտ, որոնք ոչ իրենք են իրենց ազգայնական համարում, ոչ էլ հանրությունն է նրանց այդպես կոչում: Այստեղ ես  կարող եմ խոսել միայն այս երկրորդ տեսակի մասին, որը կնախընտրեի կոչել ազգային, կամ հայաստանակենտրոն, բայց ոչ ազգայնական:

Այս ազգային կամ հայաստանակենտրոն բևեռը, փաստորեն, մի կողմից այնքան ներուժ ունի, որ տապալում է, օրինակ, տարատեսակ ճանապարհային քարտեզներ, քիուեսթյան համաձայնությունները կամ սերժ-թուրքական արձանագրությունները, մյուս կողմից Հայաստանի քաղաքական դաշտում, որպես ինքնուրույն և ամբողջական միավոր, այն ներկա չէ: Ու քանի դեռ ներկա չէ, չի կարող ընտրություն կատարել պայքարի քաղաքական կամ ուժային մեթոդների միջև: Իհարկե կան փոքր կազմակերպություններ, որոնց կարելի է նաև ազգային բևեռի կառույցներ համարել, որոնք չնայած քաղաքական դաշտի լուսանցքում են, բայց կարող են ընտրել պայքարի «քաղաքական» կամ «ուժային», կամ բոլորովին այլ մարտավարություններ: Սակայն նրանք դա կանեն ոչ որպես ազգային բևեռի ներկայացուցիչներ: Օրինակ` «Սարդարապատը» դա անում է որպես ընդհանուր ընդդիմադիր շարժման մի միավոր:

Իսկ եթե մի օր ազգային բևեռում ձևավորվի ազդեցիկ քաղաքական կազմակերպություն, որը դուրս կգա քաղաքական դաշտի լուսանցքից և իշխանության հայտ կներկայացնի, ապա այն վստահ եմ, որ կընտրի պայքարի քաղաքական միջոցները, քանի դեռ դրանք առկա են և չի մերժի ուժային դիմադրությունը, եթե դա լինի ազգային դավաճանությունը կանխելու միակ տարբերակը:

Իրականում ազգային ուժերը այնքան էլ պառակտված չեն, համենայն դեպս մյուս ուժերից ավելի պառակտված չեն: Պարզապես, նրանք կազմակերպված չեն որպես միասնական քաղաքական կառույց: Դա էլ ունի իր առարկայական պատճառները և, կարծում եմ, պայմանավորված չէ անձնական հավակնություններով, թեև այլ բնույթի անձնական խնդիրներ միշտ էլ կարող են ծագել:

Նախ նկատենք, որ քաղաքական դաշտի ազգային բևեռը գաղափարական կամ կադրային առումով կայանալու խնդիր չունի: Միակ խնդիրը նյութական ռեսուրսների խիստ պակասն է` քաղաքական գործունեության բավականին ծախսատարության համեմատ: Հասկանալի է, որ ոչ երկրի մեծահարուստները, ոչ էլ օտար կենտրոնները նրանց չպետք է ուզենան ֆինանսավորել, որովհետև իսկապես ազգային գործիչները չեն ուզենա դառնալ ոչ առաջինների, ոչ էլ երկրորդների գործակալները: Հույսը մնում է ժողովրդի վրա, որը նախ աղքատ է և, երկրորդը, առայժմ չի վերականգնել իր քաղաքական ինքնակազմակերպման մշակույթը, որը կորցրել ենք խորհրդային տարիներին:

Ահա այս պայմանների պատճառով է, որ ազգային ուժերը առայժմ չեն հայտնվում քաղաքական պայքարի գլխավոր առանցքում: Եվ քանի որ իշխանությանը մարտահրավեր նետողը դեռ իրենք չեն, ապա փնտրում են քաղաքական կյանքին մասնակցելու այլ, երբեմն շատ երկիմաստ հնարավորություններ: Նշեմ դրանցից հիմնական երկուսը` 2008թ-ի օրինակով: Ազգային գործիչների մի մասը, որը իրավամբ շատ մեծ սպառնալիք էր համարում իշխանության վերարտադրությունը հանձինս Սերժ Սարգսյանի, որոշեց ընտրել իր կարծիքով չարիքի փոքրագույնը` մարտավարական նկատառումներով միացավ Տեր-Պետրոսյանի շարժմանը, հավատալով, որ այն կարող է տապալել իշխանական բուրգը, և հուսալով, որ խոստացվող ավելի ժողովրդավարական պայմաններում ազգային ուժերը ավելի մեծ ազդեցություն կունենան: Ազգային գործիչների մեկ այլ խումբ, ավելի մեծ սպառնալիք համարեց Տեր-Պետրոսյանի վերադարձը և չարիքի փոքրագույն համարեց Սերժ Սարգսյանի իշխանության պահպանումը: Ու թեև ձևական առումով չմիացավ վերջինիս սատարողներին, սակայն նրանցից արդյունավետ լծվեց հակատերպետրոսյանական քարոզչությանը: Փաստորեն, այս երկու խմբերը հայտնվել էին այս կամ այն ճամբարում ոչ թե դրա առաջնորդին պաշտպանելու ցանկությամբ, այլ մյուս ճամբարի առաջնորդին ավելի ատելու պատճառով, ինչը և հաստատվեց հետագայում: Երբ Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ ստորագրեց նախ ճանապարհային քարտեզը, հետո արձանագրությունները, ապա հանդիպեց ոչ թե տեր-պետրոսյանական ընդդիմության, այլ հենց վերջինիս դեմ պայքարող ազգային խմբերի դիմադրությանը: Իսկ երբ Տեր-Պետրոսյանը նորից սկսեց կրկնել Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների մասին իր հայտնի դիրքորոշումը ու փաստորեն սատարեց վարչախմբին, ապա նրա դեմ էլ առաջին հերթին դուրս եկան այն ազգային գործիչներն ու խմբերը, որոնք մինչ այդ սատարել էին նրան իշխանափոխության պայքարում:

Թվում էր, թե այդ օրերին, երբ ակնհայտ դարձավ իշխանության և ընդդիմության ղեկավարների նույնականությունը, հնարավոր կդառնա միավորել ազգային բևեռի այս երկու թևերը` ընդդեմ երկգլխանի ընդհանուր հակառակորդի: Սակայն, ցավոք, մենք բախվեցինք երկու ճամբարների ազգային գործիչների փոխադարձ անվստահության խնդրին: Նրանք, ովքեր ատում էին Տեր-Պետրոսյանին չկարողացան ներել նրանց, ովքեր հավատացին այդ մարդուն ու փորձեցին որպես «գործիք» օգտագործել: Իսկ նրանք, ովքեր ավելի մեծ սպառնալիք էին տեսնում Սերժ Սարգսյանի կերպարում, իշխանության գործակալներ էին համարում նրանց, ովքեր ակամա օգնում էին վերջինիս` պայքարելով Տեր-Պետրոսյանի վերադարձի դեմ: Սա է ազգային բևեռի պառակտվածության միակ օրինակը:

Որքանով է այս վիճակը բնութագրական քաղաքական դաշտի ազգային բևեռին` չգիտեմ: Բայց պետք է հաստատեմ, որ ամեն դեպքում բոլոր թևերի գործիչներն էլ, խմբակներն էլ անում են մոտավորապես նույն գործը, որոշ իմաստով փոխլրացնում են միմյանց, և եթե առաջընթացով բավարարված չենք, բայց հետընթաց էլ չենք նկատում:

Այո, մեր առաջարկությունը ենթադրում է հիմնարար կազմակերպական շինարարություն, սակայն ոչ անպայման և ոչ այնքան երկարաժամկետ: Այն երկարաժամկետ է թվում միայն նրանց, ովքեր հենց հիմա իշխանությունը գրավելու ցանկություն ունեն` անհասկանալի է թե ինչպես, անհասկանալի է, թե ում համար: Փոխարենը այն չափից ավելի արագ և ժամանակավրեպ է թվում նրանց, ովքեր կարծում են, թե Երկրում ազգային մտածողությունը դեռ փոքրամասնական է և տարիների դաստիարակչական աշխատանքից և բազմանալուց հետո միայն այն հնարավոր կլինի ձևակերպել որպես քաղաքական շարժում:

Նկատենք, որ նախաձեռնության հեղինակները մարդիկ էին, որոնք 2008-ին չուզեցին չարիքի փոքրագույն ընտրել, չառանձնացրեցին և նախապատվություն չտվեցին ոչ Տեր-Պետրոսյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի դեմ տարվող պայքարին, այլ դրանք դիտարկեցին որպես մեկ ամբողջական պայքար` ընդդեմ 1991թ-ից այսկողմ Հայաստանում տիրապետող միևնույն քաղաքական վերնախավի, նրա օտարամոլության և նյութապաշտության, ազգային խնդիրները ընկալելու անընդունակության, շարունակական կործանիչ արտաքին և ներքին, տնտեսական և մշակութային քաղաքականության:

Նախագիծը նաև քաղաքական դաշտը վերաձևելու առաջարկություն էր: Այն, ինչպես արդեն ասեցի, այդ օրերին բաժանված էր ոչ թե գաղափարական այլ անձնական հակասությունների հիման վրա: Երկու` թե հակալևոն, թե հակասերժ ճամբարներում էլ կային ներքին գաղափարական հակասություններ: Մասնավորապես, երկու ճամբարներում էլ կային տարածք հանձնողներ և չհանձնողներ: Մենք առաջարկեցինք, որ երկու ճամբարի «չհանձնողները» միավորվեն և հանդես գան որպես մեկ ազգային բևեռ, քաղաքական առանցքի մյուս կողմում թողնելով «հանձնողներին»` փաստորեն, թե իշխող վարչախմբին, թե հրապարակի կեղծ ընդդիմությանը: Քանի որ դա տեղի չունեցավ, մեր առաջարկությունը պետք է որոշ փոփոխությունների ենթարկվեր: Նախ մենք հասկացանք, որ ոչ թե միմյանց չվստահող գործիչներին է պետք միավորել, այլ պետք է փորձել կազմակերպել նրանց ընդհանուր համակիր զանգվածին կամ դրա հնարավորինս մեծ մասին: Նաև մենք առանձնացրեցինք այն խնդիրները, որ պատրաստվում էինք լուծել մեկ փաթեթով, և հիմա դրանք (քաղաքական պլատֆորմի առանձին դրույթները, ներկազմակերպական ժողովրդավարության մշակույթի տարրերը, ինքնավար և ինքնաբավ կազմակերպական շինարարության տեխնոլոգիաները) հանդես են գալիս որպես առանձին առաջարկություններ և մարդիկ մի կետի հետ անհամաձայն լինելու պատճառով ամեն բան չեն մերժում: Վերջապես, մենք հասկացանք, որ կան տարածված բարդույթներ, որոնք պետք է ինչ-որ կերպ շրջանցել, ինչպես, օրինակ, ատելությունը «կուսակցություն» բառի նկատմամբ, կամ կասկածները որևէ առաջարկի հեղինակների թաքուն մտադրությունների մասին ու կարծես թե գտել ենք որոշ տարբերակներ: Հիմա մենք շարունակում ենք աշխատել բոլոր այս ուղղություններով և ուրախ ենք, որ լավ արձագանք ենք ստանում հատկապես երիտասարդության, սակայն ոչ միայն երիտասարդության շրջանում:

Ինչ վերաբերում է նրան, թե «ազգայնական շրջանակներում» ավելի մեծ ժողովրդականություն է վայելում ուժային մեթոդներով իշխանության զավթումը, ապա ես նման բան ուղղակի չեմ տեսնում: Այդպիսի տենդենց կա միայն տեր-պետրոսյանական շարժման ներսում, սակայն անգամ այնտեղ դա «երկխոսությունից դժգոհող» փոքրամասնության ձգտումն է: Գուցե նման երևույթ կարելի է նկատել նաև այդ շարժումից հիմա հեռացած ազգային գործիչների կամ խմբակների մի մասի մոտ: Սակայն դրանով էլ սպառվում է ուժային գործողությունների սիրահարների ցուցակը:

Գուցե այն պատճառով, որ մարդիկ չեն համարում, թե ընտրակաշառքը հետամնացության նշան է: Եվ իսկապես, միթե՞ դա մեր ժողովրդին վատ է բնութագրում:

Անգամ եթե համարենք, որ «զարգացած ժողովրդավարություններում» ուղղակի ընտրակաշառքը բացակայում է, ինչը բոլորովին էլ այդպես չէ, միթե այնտեղ քաղաքական ուժերը ընտրողներին մշտապես չեն խաբում, և միթե ժողովուրդների այդ զանգվածային հիմարացումը հիմնված չէ մեծ փողի վրա: Իսկ եթե այդպես է, ապա մենք պետք է հպարտ լինենք, որ մեր քաղաքացին ամերիկացուց կամ եվրոպացուց ավելի լավ է հասկանում, որ ընտրության արդյունքը իրենից կախված չէ, իսկ ինչ չափով, որ կախված է, այն անիմաստ է: Որովհետև, եթե քեզ առաջարկում են ընտրել, մի կողմից, Քոչարյանի, մյուս կողմից, Դեմիրճյանի տղայի կամ Գեղամյանի միջև, ապա դա ընդունենք, որ լուրջ ընտրություն չէ: Քաղաքական տեսակետից ընտրությունը նույնքան անիմաստ է, երբ թեկնածուները Տեր-Պետրոսյանն ու նրա դաստիարակած գործիչ Սերժ Սարգսյանն են:

Վերջապես, պետք է ընդունենք, որ ընտրության իրավունք ունեցողների զգալի մասը, անգամ եթե ցանկանա, չի կարող ոչ իր, ոչ էլ երկրի շահերից բխող տրամաբանական և հիմնավոր ընտրություն կատարել, ոչ «հետամնաց» Հայաստանում, ոչ էլ որևէ «զարգացած ժողովրդավարությունում»: Բայց նրա ձեռքն են տալիս քվեաթերթիկ և ասում են ծիտիկ նկարիր: Հայն այդ ծիտիկը նկարելու համար փող է վերցնում, իսկ ամերիկացին գուցե դեռ ինքն է վճարում:

Ես էլ չեմ մասնակցում անիմաստ քվեարկություններին: Ճիշտ է ընտրակաշառք էլ չեմ վերցնում, բայց միաժամանակ չեմ էլ մեղադրում այն վերցնողներին: Տվեք մարդկանց իսկապես այլընտրանքային ընտրություն, որը նա գիտակցում է և ընդունակ է կատարել ու նա հաստատ կաշառք չի վերցնի, ինչքան էլ աղքատ լինի:

Հետևաբար տվյալ դեպքում ամոթը ոչ թե ընտրակաշառքն է, այլ այն քաղաքական համակարգը, որն ընդօրինակել ենք նույն «զարգացածներից»: Հիմա ումի՞ց ամաչենք:

Իսկ ի՞նչ ենք մենք հասկանում «զարգացում և ուժեղացում» ասելով: Եթե նկատի ունենք տնտեսական զարգացումը, ապա տարածքային և այլ կարգի պահանջների բոլոր հիմքերն ունեցող, բայց դրանցից փաստորեն հրաժարվող ՀՀ-ն, կարծես թե, այնքան էլ չի զարգանում:

Գուցե՞ պատճառն այն է, որ մեր ղեկավարները դեռ քիչ են զիջել: Եթե Ադրբեջանին նվիրենք Արցախը, Սյունիքը ու Սևանի ափը, իսկ Թուրքիայից էլ ներողություն հայցենք մի քանի երիտթուրքի ու նույնքան էլ դիվանագետների սպանության համար, գուցե այդ դեպքում զարգանանք: Այսինքն, երբ մեզ ներեն, գուցե՞ թույլ տան ապրել, աշխատել կամ առևտուր անել իրենց թուրքական տարածաշրջանում: Արդյո՞ք դա կարելի կլինի զարգացում համարել և արդյո՞ք նման զարգացումը կարելի կլինի կոչել Հայաստանի զարգացում: Կարծում եմ Հայ ժողովրդի փակուղին հենց նման «զարգացումը» կլինի, որի արդյունքում մենք կվերածվենք թուրքական շրջապատում ձուլվող 2-3 տոկոսանոց փոքրամասնության, որն անգամ Երևանի շուկայում թուրքերեն կխոսի: Թեև ունենք այլընտրանք` կարող ենք արտագաղթել և ձուլվել ավելի հաճելի ամերիկյան, եվրոպական կամ ռուսական միջավայրում:

Հայաստանի իրական զարգացումը և ուժեղացումը կարող է լինել միայն ի հեճուկս իր թուրքական շրջապատի: Սա առարկայական հանգամանք է: Ի դեպ, թշնամական շրջապատի առկայությունը, դրա դիմադրության հաղթահարման հրամայականը ինքնին մեծ խթան է զարգացման համար, եթե, իհարկե, բավարար կամք և վճառականություն ցուցաբերենք:

Միաժամանակ, Հայաստանը հարևան, այդ թվում թուրքացված ժողովուրդների համար կարող է և պետք է դառնա քաղաքակրթական այլընտրանք, մշակութային փարոս, ինչպիսին եղել է դարեր շարունակ: Դրա ներուժը մենք մինչ օրս պահպանում ենք: Եվ երբ հայկականը վերստին բացահայտի իր գերազանցությունը թուրքական քաղաքակրթության և մշակույթի նկատմամբ, ապա հարևան ժողովուրդները նույնպես կկարողանան թերթել իրենց պատմության մութ էջը: Սա է թշնամական շրջապատի հետ բարեկամանալու միակ հնարավորությունը:

Հայաստանի զարգացման երկու ռազմավարությունները` «ինտեգրացիոնը» և  «ի հեճուկս թշնամական շրջապատի» զարգացումը տարամետ են: Նրանց միջև փոխզիջում չի կարող լինել, բայց մենք տարիներ շարունակ խարխափում ենք դրանց հակասական խառնուրդի մեջ և չենք կարողանում վերջնական ընտրություն կատարել «պայքարի» և «ինքնասպանության» միջև:

Մի կողմից, նյութապաշտությունն, օտարամոլությունն ու հոգնածությունը մեզ, և առաջին հերթին իշխող վարչակազմերին, մղում են դեպի ինտեգրացիոն ինքնասպանության: Ճիշտ է, նրանք խոսում են եվրոպական ինտեգրացիայի մասին` փորձելով քաղցրացնել թույնը: Բայց դրանից էությունը չի փոխվում, որովհետև եվրոպականին նախորդում և հաջորդում է տարածաշրջանային ինտեգրացիան, տվյալ դեպքում թուրքականի մեջ մեր ներառնվելը:

Մյուս կողմից, բոլորս տեսնում ենք, որ այդ ուղղությամբ կատարվող յուրաքանչյուր խոշոր զիջում կամ քայլ լուրջ դժգոհություն և դիմադրություն է առաջացնում: Բացի այդ մենք շարունակում ենք հպարտանալ մեր արցախյան կամ, օրինակ, սարդարապատյան հաղթանակներով, որոնք «ի հեճուկս» ռազմավարության զարգացման նշանակալի դրսևորումներ են:

Այդ ռազմավարությունը կարելի է կոչել նաև «ազգային սուբյեկտության պահպանման» ռազմավարություն: Այսօր բազմաթիվ ազգեր, առաջին հերթին փոքրերը, կորցնում են իրենց սուբյեկտությունը, անգամ եթե նրանց պետությունները ձևականորեն շարունակում են գոյություն ունենալ բարեկամական շրջապատում: Զարգանալուց առաջ հայությունը նախ պետք է պահպանվի որպես ինքնուրույն ազգային նպատակներ սահմանող և լուծող հավաքականություն: Դա է զարգացման գլխավոր նախապայմանը: Առանց դրա ցանկացած զարգացում փուչ է և կեղծ, քանի բացակայում է զարգացող սուբյեկտը: Իսկ երբ որևէ մեկը փորձում է ազգային նպատակներ ձևակերպել, երբեք չի կարող շրջանցել հայրենիքի կամ ազգային կենսատարածքի վերականգնման նպատակը, որը նաև բնակչության թվի աճի, ազգային անկախության ու սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու, հարազատ հոգևոր-մշակութային միջավայրը պահպանելու նախապայման է:

Արմատական փոփոխություն իրականացնելու որևէ ցանկություն ես չեմ տեսնում: Իսկ ինչ փոփոխություն էլ, որ տեսնում եմ, դա էլ դժվարանում եմ ոչ միայն արմատական համարել, այլև ընդհանրապես մեծ վերապահումով եմ փոփոխություն համարում: Այնպես որ հասցնել-չհասցնելու խնդիր չկա:

Ճիշտ է, Սերժ Սարգսյանը փորձում է ձերբազատվել քոչարյանական իշխանության մեղքերի պատասխանատվությունից և ներկայանալ նոր, ավելի ընդունելի դիմակով: Միաժամանակ նա փորձում է կանխել անձամբ Քոչարյանի վերադարձը: Կարծում եմ փոփոխությունների մասին վարչախմբի կողմից եկող ազդանշանները գլխավորապես այս նպատակն ունեն:

Այս գործում բավականին ակտիվ է իրեն դրսևորում Տիգրան Սարգսյանը, ով ոչ միայն վարչապետ է, այլև Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդատուն: Ավելի ուշ նա պատրաստվում է ժառանգել իշխանությունը, իսկ մինչ այդ փորձում է փոխել` իր կերպարով և նմանությամբ ձևավորել ամբողջ իշխանությունը: Վարչապետի համար նաև կարևոր է, որ Սերժ Սարգսյանը չկորցնի իշխանությունը, որպեսզի ավելի ուշ այն փոխանցի իրեն, մինչ այդ կատարելով յուրօրինակ անցումային փուլի դերը:

Ինչ կապ ունի այս ամենի հետ ԼՏՊ-ն: Ուղղակի կապ չունի: Պարզապես նա էլ իր խնդիրներն ունի, որ պետք է լուծի նախքան վերջնական հեռանալը: Նախ, առաջին նախագահն անպայման պետք է հաղթած հեռանա, եթե ոչ Սերժ Սարգսյանին, ապա գոնե Ռոբերտ Քոչարյանին: Նրան այլ հաղթանակներ էլ են պետք, ինչպիսին եղան քաղբանտարկյալների ազատումը կամ հանրահավաքների տեղափոխումը Ազատության հրապարակ: Ավելի նշանակալի հաղթանակ կլինի Դաշնակցության և Ժառանգության դուրս մղումը խորհրդարանից և ՀԱԿ-ին միակ ընդդիմության դերում հաստատելը: Բայց այսօրվա ժողովրդական աջակցությունը բավարար չէ այդ խնդիրը լուծելու համար: Ուրեմն պետք է ստանալ իշխող վարչախմբի աջակցությունը: Իսկ փուշը հանած և օրեցօր հեղինակազրկվող ՀԱԿ-ը, խորհրադարանական ընդդիմության դերում, Սերժ Սարգսյանի համար ոչ միայն անվտանգ է, այլև օգտակար` գաղափարական նմանության պատճառով:

Ահա թե ինչու ասում եմ, որ «երկխոսությունը» լուծում է անձերի, այլ ոչ թե երկրի խնդիրները: Կարծում եմ, որ ԼՏՊ-ի հետ կայացած գործարքի մեջ երկրում ինչ-որ փոփոխություններ իրականացնելու մասին կետեր չեն կարող լինել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: