«Յա տեբե օդին ումնի վեշչ սկաժու, տոլկո տի նե օբիժայսյա»

by

Գիտե՞ք` ինչ վիճակում էր Վեհափառը: Քննարկվում էր անգամ նրա այցը ընդհատելու եւ վերադառնալու խնդիրը: Երբ մեր կաթողիկոսը պետք է այցելեր ս. Նորաշեն եկեղեցի, տեղում պարզվեց, որ եկեղեցու դռները փակ են, բանալին չկա: Սա խայտառակ իրողություն էր»,- Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի` Վրաստան կատարած այցի ընթացքը մեկնաբանեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Վահե Սարգսյանը: Եթե հաշվի առնենք մեր կաթողիկոսի վերադարձից հետո վրաց պատրիարքի հայտարարությունը` «…շտապողականություն է ցուցաբերում` փորձի պակասի պատճառով», ապա Մայր Աթոռի արձագանքը` «Վրաց եկեղեցում անհանդուրժողականություն ու ծայրահեղականության դրսեւորում կա», ակնհայտ է դառնում, թե որքան լարված են հարաբերությունները:

— Վահե՛, Վեհափառի այցը Վրաստան արդեն իսկ ոչ հաճելի նախապատմություն ուներ: Հիշենք, որ այն նախատեսված էր դեռեւս անցած տարվա հունիսին, սակայն երեք անգամ հրավիրող կողմի խնդրանքով հետաձգվել է: Պաշտոնական պատճառը վրաց պատրիարքի առողջական վիճակն էր:

— Կաթողիկոսի այցը Վրաստան վրաց կողմի համար կարեւոր նշանակություն ուներ, հետեւաբար նրանք առանձնահատուկ պատրաստություն էին տեսել: Ոչ միայն այցի օրերին, այլ այցից դեռեւս տարիներ առաջ: Նրանք հստակ մատնանշել էին մեր խոցելի կողմերը եւ այնպես էին արել, որպեսզի առավելագույնս շահեն:

— Կարելի՞ է նույնն ասել մեր կողմի մասին, որ Կաթողիկոսի այցը նախապես եւ երկար ծրագրված, մտածված այց էր:

— Հայկական կողմն էլ, հասկանալի է, անգործ չի նստել, սակայն խոցելի կողմ ուներ: Կաթողիկոսի այցը նախ` բարոյահոգեբանական նշանակություն ուներ: Ջավախքի հայությունը անչափ ոգեւորված էր, թեեւ հատուկ ծառայություններն այցն այնպես էին կազմակերպել եւ երթուղին այնպես էին ընտրել, որ ջավախահայերը չկարողացան կաթողիկոսի հետ շփվել: Առավել ընդգծվում էր Կաթողիկոսի այցի փաստը եւ ոչ թե բովանդակությունը: Ցավո՛ք: Մեր կողմից բարձրացված խնդիրների համար իրավական հիմք չկար: Վրաստանում չկա օրենք «Կրոնի մասին», իսկ հայ եկեղեցիների վերադարձի հարցը պետք է տեղի ունենար հենց ա՛յս օրենքի հիման վրա: Վեհափառի մյուս հարցադրումը մեր եկեղեցիների, ճարտարապետական հուշարձանների վերադարձն էր, երրորդը` խնամքը: Վրացական կողմը փայլուն օգտագործեց Հայ Առաքելական եկեղեցու մի անհասկանալի դիրքորոշումը: Հայ եկեղեցին իրեն չի համարում Ջավախքի հայ քաղկեդոնիկ մշակույթի, հուշարձանների իրավատեր: Նույն դրսեւորումը կա նաեւ ՀՀ տարածքի քաղկեդոնիկ մշակույթի հանդեպ: Մենք ունենք քաղկեդոնիկ մշակույթի երկու շրջան` 7-րդ դարը (օրինակ` Զվարթնոցը, Թալինի կաթողիկեն, Արուջի Սբ. Գրիգորը) եւ 11-13-րդ դարերը: Առաջինը բյուզանդական ազդեցության հետեւանքով էր, երկրորդը` վրացական, քանի որ մենք պետությունը կորցրել էինք, եւ հյուսիսից ու արեւմուտքից ուղղափառությունը մեզ կլանել էր: Այս երկու մշակույթների առումով հայ եկեղեցին մինչ օրս հստակ դիրքորոշում չի ցուցաբերել: Պաշտոնական Էջմիածինը պատասխանում է, թե իրենք միայն առաքելական արժեքների իրավատերն են:

— Ստացվում է` կաթոլիկ, ուղղափառ, առավել եւս` մահմեդական հայը մեր եկեղեցու պաշտպանությունից, հետաքրքրությունից դո՞ւրս է:

— Այդպես է ստացվում: Հետեւաբար` մեր կաթողիկոսը միայն առաքելադավան հայերի հոգեւոր հովիվն է, այլ ոչ թե` ամենայն հայոց: Տեսե՛ք, քաղկեդոնական արժեքները օտարելով, դրսեւորվելով եկեղեցական նեղլիկ եւ հատվածական շահերով` Վրաստանի հետ հարաբերություններում քաղաքական հնչեղության, անգամ տարածքային խնդիրներ են բարձրանում:

— Այս դեպքում մեր եկեղեցին առաջնորդվում է ոչ թե դավանաբանական խնդիրներով, այլ պարզ ասում է` Վրաստանում բնակվում է Հայ Առաքելական եկեղեցու 250.000 հետեւորդ, հետեւաբար` նրանք պետք է ունենան համապատասխան թվով սպասարկող եկեղեցի, առավել եւս` եթե այդ եկեղեցիները կան, եւ դրանք հայկական են: Հայաստանում բնակվող վրացիները 300-400 են: Նրանք ունեն եկեղեցի եւ երբեւէ չեն բարձրացրել խնդիր, որ իրենց կրոնական մղումներն անարձագանք են մնում:

— Վրացական կողմը տեսավ մեր եկեղեցու խոցելի կողմն ու այն օգտագործեց: 11-13-րդ դարերի Տայքը, Ջավախքը, հյուսիսային, հարավային Լոռին (ներկա Լոռու մարզի հյուսիսը) ամբողջական մշակութային արժեհամակարգ են: Մեր եկեղեցին իրեն այս արժեհամակարգի տեր համարո՞ւմ է: Մենք չունենք ուղղափառ հայություն: Այդ դեպքում մեր այդ արժեքների տերն ովքե՞ր են` ուղղափառ դավանանքի երկրներ Վրաստա՞նը, Ռուսաստա՞նը, Հունաստա՞նը: Հետեւաբար, վրացական կողմն էլ ձեւակերպեց իր պահանջատիրությունը` դուք չեք ընդունում քաղկեդոնական մշակույթը, եկեղեցիները, մե՛նք ենք ընդունում, հանձնեք մեր տնօրինությանը:

— Անկախ անհամաձայնություններից` այդուհանդերձ, խիստ անսպասելի էր վրաց պատրիարքի ձեւակերպումը մեր կաթողիկոսի հասցեին: Հոգեւոր առաջնորդից ակնկալվում է զուսպ ու իմաստուն եզրաբանություն:

— Վրաց հասարակության, մտավորականության, հոգեւոր դասի ներկայացուցիչները մշտապես նման որակումներ տվել են հայերիս: Կաթողիկոսի այցից երկու օր առաջ վրացի ակադեմիկոս, հայագետ Բ. Արվելաձեն ասել էր, թե կաթողիկոսը պետք է գա Վրաստան միայն մեկ բանի համար` ներողություն խնդրի Մարշալ Բաղրամյան գումարտակի գոյության համար, որը Աբխազիայում ոչնչացրել է վրացի էթնոսը: Տեսեք լկտիությունը: 21-րդ դարում քարթվելական ցեղախմբերից նոր կազմավորվող վրաց ժողովրդի բարդույթը պետք է թոթափել: Դրան հակառակ` վրացիները հայության արժեհամակարգի կլանման խնդիր են դրել: Եվ, առհասարակ, ազգային փոքրամասնություններին, իրենց տարածքում մշակույթ ստեղծած ժողովուրդներին նրանք մեկ կամ մի քանի աստիճան ցածր են համարում:

— Վրաստանում հայերի հանդեպ վարվող քաղաքականությունը կարծես գիտակցված կոշտ է, քան մյուս ազգերի հանդեպ: Գուցե մտավախություն կա, որ վիրահայությունը կարող է ճակատագրական ինչ-որ պահի թիկունքից հարվածե՞լ:

— Չեմ կարծում: Ես ուսումնասիրել եմ եւ կարող եմ ասել` բոլոր ազգային փոքրամասնությունների, այնտեղ բնակվող բնիկ հայերի հանդեպ տարվող քաղաքականությունը նույնն է: Պարզապես տարբեր է հակազդեցությունը: Հարավաբնակ ադրբեջանցիներից խլեցին հողը: Ջավախահայերից խլում են մշակույթը: Վրացիները ուղղափառ, քրիստոնյա համայնքներին, ովքեր դավանաբանորեն ձուլման խնդիր չունեն, դիտում են որպես պոտենցիալ ձուլվող: Վրաց ժողովուրդը բազմանում է ձուլման միջոցով: Այս պայմաններում խոսել, այսպես կոչված, «ինտեգրացիայի» մասին, նշանակում է` վրացաստեղծ դարբնոցին հանձնել բնիկ ջավախահայությանը, իսկ այլ բնակավայրերի հայերն արդեն ձուլման կաթսայի մեջ են հարյուրամյակներով: Մահմեդականներին, ովքեր չեն կարող ձուլվել, քանի որ քրիստոնյա չեն, վտարում են երկրից: Պարզապես այստեղ լրիվ տարբեր են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի հակազդեցությունները:

— Ուզում եք ասել` Հայաստանը հակազդեցությո՞ւն ունի:

— ՀՀ-ն մեղքի մեծ բաժին ունի ջավախահայերի անկազմակերպության, Վրաստանի հայության դիմախեղման մեջ: Եվ կաթողիկոսը դա պարզ տեսավ: Թիֆլիսում մեր կաթողիկոսի պաշտոնական այցն ավարտվել էր: Ջավախք կատարելիք այցը պաշտոնական չէր, հովվապետական էր: Այստեղ Իլյա 2-րդի ներկայությունը խիստ անհասկանալի էր: Արվեց ամեն բան, որ ժողովուրդը Վեհափառի հետ չշփվի:

— Նման ոչ հարգալից վերաբերմունքը մեր կաթողիկոսի, մեր պետության հանդեպ արդյո՞ք նախապես ծրագրված էր: Ի վերջո, դժվար չէր պատկերացնել, թե ինչ հետեւանքներով է այն հղի:

— Մենք վրացիներին, նրանց էությանը տիրապետում ենք խիստ մակերեսորեն, բամբասանքների մակարդակով: Վրաստանը կայսրության փոքրիկ մոդել է, ու տարվում է ազգային փոքրամասնությունների եւ բնիկ այլազգիների զոմբիացման, արդյունքում` ձուլման փուլային քաղաքականություն: Այստեղ ամբողջովին անտեսված է միջազգային իրավունք հասկացողությունը: Վրացական քարոզչամեքենան այն տեսակետն է ներկայացնում միջազգային հանրությանը, իսկ մեր շրջանակների առանձին տգետներ կրկնում են այդ, թե ջավախահայության ամբողջ խնդիրը վրացերենի չիմացության մեջ է: Իրականում այդ խնդիրն ամբողջովին բխում է այն իրողությունից, որ Ջավախքում բռնաբարված է միջազգային իրավունքի ամեն նորմ: Իրականում ոչ ոք բարոյական կամ վարչական իրավունք չունի սակարկելու ջավախահայության` սեփական հայերենով իրավաբանորեն շփվելու, այն բոլո՛ր ոլորտներում առաջնահերթորեն գործածելու, սեփական պատմությունն ու արժեհամակարգը յուրացնելու սրբազան իրավունքը: Համաշխարհային լեզուների հիմքերում գտնվող հայերենը Ջավախքում այսօր վերածված է բակային կամ գոմային լեզվի: Իսկ միջազգային կազմակերպությունները լռում են կամ կիրառում երկակի ստանդարտներ, որովհետեւ վերջիններս իրականում գերտերությունների շահերի զոհն են:

— 117 տարվա մեջ սա առաջին հովվապետական այցն էր Ջավախք: Գուցե տեղին կլիներ այդ 117-ին գումարել եւս մի քանի տարի, եւ այդ ժամանակ այցը գուցե լիներ ավելի արդյունավետ եւ պակաս նվաստացուցիչ:

— Եթե այս խոցելի կողմերը չկարգավորենք, չի փրկի անգամ մի քանի տասնամյակը: Իսկ այս այցից հետո Թիֆլիսի եկեղեցիների վերադարձի հարցը պատմության գիրկն անցավ:

— Ի դեպ, առաջարկ եղավ պատմաբանների հանձնաժողով ստեղծել, այսինքն` խնդիրը սառույցին գրել:

— Հարցը քաղաքական հարթությունից տեղափոխել պատմության հարթություն` կնշանակի` խնդիրը հասցեագրել դարերին: Իսկ այդ ընթացքում Վրաստանը կարող է հանգիստ իրականացնել իր մոնոէթնիզացման ծրագիրը: Եթե իրավիճակն այսպես շարունակվի, տարիների խնդիր է ջավախահայերի ձուլումը:

— Հայ-վրացական հարաբերությունները միշտ էլ ունեցել են ոչ այնքան տեսանելի լարվածություն: Պատճառները շատ են` արտաքին քաղաքականության տարբեր բեւեռները, աշխարհագրական դիրքի անհամաչափությունը եւ այլն: Ի՞նչ եք կարծում, այդուհանդերձ, որքանո՞վ է գրագետ շրջապատել եւս մեկ` ոչ բարեկամ երկրով:

— Իրականում ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի հետ մենք չէ, որ թշնամացել ենք: Մեր արդար պահանջները մեղք չի կարող համարվել: Վրաստանի պարագայում ոչ ոք դեռ լրջորեն նժարի վրա չի ցանկանում դնել, թե նեղլիկ, բիզնեսային շահերին զոհաբերել ազգային-ռազմավարական շահերը` ինչպիսի աղետալի հետեւանքների կհանգեցնի մոտ ապագայում: Վրաստանում կա թշնամության զսպող օղակ` Ջավախքի հայությունը: Ինչն էլ ոչնչացվելու փորձ է արվում. Ախալցխան գրեթե ոչնչացնել է, այժմ Ախալքալաքի ոչնչացման հերթն է: Եթե ոչնչացվի ջավախահայությունը, Վրաստանը կդառնա անսանձ: Ցանկացած հարցի պարագայում կարող է շրջափակել Հայաստանը: Եթե այս հայությունը ձուլվի, Վրաստանի հետ թշնամանքը օրերի խնդիր կդառնա: Տեսեք, ինչո՞ւ վրացիները Զվարթնոցի քաղկեդոնիկ տաճարը չեն պահանջում: Կոշում կա Զաքարյանների ներկայացուցչի հրովարտակով արձանագրված տաճար, ինչո՞ւ չեն պահանջում: Նրանք պահանջում են Լոռու տաճարները, քանի որ այն դիտարկում են որպես տարածք, որը վաղ թե ուշ պետք է Վրաստանինը լինի:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: