ՀՀ դատարանը գրողի ծոցն ուղարկեց ՀՀ Սահմանադրությունն էլ, Մեսրոպ Մաշտոցին էլ, Հայոց տառերն էլ
Ուրբաթ, փետրվարի 23-ին ժ. 17-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց Լեզվի պետական տեսչության` «Արբրեն» ՍՊԸ տնօրեն Կարեն Պողոսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունը: Գործը այս դատարան ուղարկվել էր դեռեւս անցյալ տարվա նոյեմբերի վերջին: Քանի որ հիշյալ ՍՊԸ-ն Երեւանի կոնյակի գործարանի պաշտոնական բաշխողն (դիստրիբյուտոր) է, հետեւաբար ընկերությունը դատարանին ներկայացրել էր ՀՀ տնտեսական դատարանի (դատավոր` Ռուզաննա Հակոբյան) վճիռը, որի հիմքում եղել է ԵԿԳ-ի դիմումը Լեզվի պետական տեսչության դեմ (ԼՊՏ-ն վարչական պատասխանատվության էր ենթարկել գործարանի նախագահ Է. Կարոֆին):
Դատավոր Արթուր Առաքելյանի պահանջով, ԼՊՏ վարչական իրավախախտումների բաժնի պետ Լիլիթ Հարությունյանը վարչական իրավախախտման առկայությունը հիմնավորեց ՀՀ Սահմանադրության 12-րդ եւ 31-րդ, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին եւ 4-րդ ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1893-րդ հոդվածներով: Նա դատարանին ներկայացրեց նոր փաստաթղթեր` ԵԿԳ պատկանող «Արարատ» ապրանքանշանի տառերը հայոց այբուբենի տառերով գրելու պարտավորության վերաբերյալ: Իր հերթին, ուրիշ փաստաթղթեր ներկայացրեց «Արբրեն» ՍՊԸ ներկայացուցիչ Գեւորգ Ասլանյանը:
Լսելով կողմերին եւ քննելով ներկայացված փաստաթղթերը՝ դատավոր Առաքելյանը նկատել տվեց, որ ԵԿԳ-ն ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում գրանցել է տվել բազմաթիվ ապրանքանիշեր, սակայն գրանցված չունի բառային ապրանքանիշ, այսինքն` հայատառ եւ օտարատառ «Արարատ» բառային ապրանքային նշան գրանցված չկա ԵԿԳ-ին շնորհված ապրանքային նշանների ցուցակում: Դատավորը թեեւ մի քանի անգամ հստակեցրեց, թե ինքն իրավասու չէ քննելու տնտեսական դատարանի վճիռը, այդուհանդերձ, դիտել տվեց, թե այդ որոշման մեջ նշված «Արարատ» բառային ապրանքային նշանը բացակայում է պատասխանողի ներկայացրած փաստաթղթերում: «Արարատ» անունով բառային ապրանքանշան չունենալու փաստը հաստատեց նաեւ պատասխանող կողմը: Նույնը վկայում էր նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության բողոքարկման խորհրդի տված փաստաթուղթը, որտեղ խոսք է լինում ոչ թե «բառային ապրանքային նշանի», այլ պարզապես «ապրանքային նշանի» մասին, որի հիման վրա էլ խորհուրդը որոշել է «Արարատ» ապրանքային նշանը ճանաչել հանրահայտ` «Արարատ» բառի հայոց այբուբենի տառերով միայն, ինչը ապահովված չէ ԵԿԳ եւ դրա արտադրանքն իրացնող «Արբրեն» ՍՊԸ խանութների ցուցանակներում:
Դատավորը «Արբրեն» ՍՊԸ տնօրեն Կարեն Պողոսյանին հարց տվեց, թե ինչո՞ւ ՍՊԸ պատկանող երկու խանութներից միայն առաջինի ցուցանակն է փոխվել` հօգուտ հայերենի, մինչդեռ երկրորդում դա չի կատարվել: Պողոսյանը դա բացատրեց ԵԿԳ ղեկավարության հետ իր խորհրդակցությամբ: Այսինքն, դուրս է գալիս, որ ԵԿԳ ֆրանսիացի սեփականատերերն են որոշում, թե ՀՀ-ում իրենց գործարանի արտադրանքն իրացնող խանութների ցուցանակներում հայերեն (հայոց այբուբենի տառերով «Արարատ») պե՞տք է գրվի, թե՞ ոչ:
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատավոր Արթուր Առաքելյանը երեկ առավոտյան հրապարակեց դատարանի որոշումը` գործը կարճել: Ահա այսպես, պարզ ու մեկին. ոչ մեկ բառ կարճելու հիմքերի մասին:
Տրամաբանական հարց է ծագում, որը լուրջ մտորումների եւ վերլուծությունների տեղիք է տալիս. ինչո՞ւ դատավորը խախտեց ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդվածի պահանջը, այն է` դատարանի «որոշումը հայտարարվում է անհապաղ, գործի քննությունն ավարտվելուն պես», մինչդեռ նա ուրբաթ օրը հայտարարեց, որ անցնում է խորհրդակցական սենյակ եւ որոշումը կհրապարակի երկուշաբթի օրը:
Հավելենք, որ տարիներ առաջ կարգազրկված եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կառույցի մեջ մտցված Լեզվի պետական տեսչությունը, ի շարս այլոց, զուրկ է նույնիսկ մեկ իրավաբանից (վերջինիս գործառույթները դատարաններում կատարում են ԼՊՏ` իրավաբանական մասնագիտական կրթություն չունեցող աշխատակիցները), այսինքն` հայոց գրերի գյուտի 1600-ամյակը պաշտոնապես նշած ՀՀ-ում, նժդեհական-ցեղակրոն վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ԿԳՆ դաշնակցական-ազգայնական նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ԱԺ հանրապետական-դաշնակցական «ախպերությունը» տրամադիր չէ թեկուզ մեկ իրավաբան պահել` ՀՀ պետական եւ հայոց ազգային միակ լեզվի շահերը դատարաններում պաշտպանելու համար… Իր հերթին, ԼՊՏ պետն էլ բավարար համառություն չի դրսեւորում այս ուղղությամբ:
Քանի որ հայոց լեզուն իր իսկ հայրենիքի դատարաններում պաշտպանություն չի գտնում, մեզ մնում է պայքարել այլ միջոցներով: Դրանցից կարող է բավական արդյունավետ լինել հայոց լեզվով ցուցանակներ չունեցող խանութների եւ ապրանքների բոյկոտումը, ինչին կոչ ենք անում բոլորին, ներառյալ` իրենց հայրենիքն այցելող սփյուռքահայերին:
Գեւորգ Յազըճյան
պատմական գիտությունների թեկնածու
«Հայ Արիներ» Թիվ 83, 84, մարտ, ապրիլ, 2007թ.
Թողնել պատասխան