Միթե՞ պատմությունը կրկնվում է կամ նորից բանակցային տրամաբանությունը փոխելու անհարաժեշտության մասին

by

Հին, բայց ոչ հնացած խոսք է` պատմությունը կրկնվում է: Քսաներորդ դարում Ռուսական կայսրությունը երկու անգամ (թեև երկրորդ անգամ ՍՍՀՄ անվանումով) տրոհվեց` 1917-18թթ. և 1991թ.: Երկու անգամ էլ Հարավային Կովկասում առաջացան պետություններ, երկու անգամ էլ տարակարծություններ առաջացան այդ պետությունների սահմանների վերաբերյալ և երկու անգամ էլ այդ իրավիճակը հանգեցրեց պատերազմների: Երկու անգամ էլ այդ պատերազմներում հայկական բանակը (նկատի ունեմ Հարավային Կովկասի մասով) հաղթող դուրս եկավ:
Առաջին անգամ միջազգային հանրությունը Հայաստանի Հանրապետությանը համոզեց-պարտադրեց հայկական զինված ուժերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից կամ նորերը չտեղակայել այնտեղ: Օրինակ, լայնորեն հայտնի է Արևելյան Անդրկովկասում Անտանտի երկրների զինված ուժերի հրամանատար բրիտանացի գեներալ Վիլյամ Թոմսոնի (William Thomson) 1918թ. դեկտեմբերի 2-ին (ինչպիսի խորհրդանշանական ամսաթիվ) ներկայիս Բերդաձոր գյուղում զորավար Անդրանիկին փոխանցված նամակի պատմությունը: Նամակով Թոմսոնը Անդրանիկին հորդորում էր այլևս առաջ չշարժվել և չմտնել Լեռնային Ղարաբաղ, քանի որ առաջիկայում Փարիզի խաղաղության վեհաժողովում քննարկվելու էին նաև Հարավային Կովկասի նորաստեղծ պետությունների սահմանների հարցը: Ակնարկն այն էր, որ պետք չէ ավելորդ բարդություններ ստեղծել` առանց դրանց էլ Լեռնային Ղարաբաղը հայասատանյան է լինելու, քանի որ բացառապես հայաբնակ էր: Հետագայում ղարաբաղցիներն առանց Անդրանիկի էլ կարողացան ընդհանուր առմամբ պաշտպանել իրենց երկրամասը, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը, չնայած հավակնություններին և հոխորտանքին, երբեք` անգամ Թուրքիայի ռազմական օժանդակությամբ, ի վիճակի չեղավ արդյունավետ վերահսկողություն (effective control) հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Ես նկատի ունեմ իհարկե մինչ այն պահը, երբ ղարաբաղցիները կերան բոլշևիկյան կուտը:
Թոմսոնը ճիշտ էր, կամ մասամբ ճիշտ էր: Փարիզի վեհաժողովը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Դաշտային Ղարաբաղի զգալի մասը, պիտի մաս կազմեին Հայաստանի Հանրապետությանը: Սակայն առանց այդ երկրամասում հայկական զորքերի առկայության արդյո՞ք այդ որշումն ի կատար ածվեց:
Ներկայումս, հաշվի առնելով հետևանքները, կարելի է տարբեր մոտեցումներ ունենալ Անդրանիկի արարքի հանդեպ: Սակայն հիշենք ժամանակի իրավիճակը և համեմատենք ներկա իրավիճակի հետ. ա/. Ադրբեջանի հիմնական դաշնակիցը և քաղաքական տատմերը` Թուրքիան, պատերազմում ջախջախիչ պարտություն էր կրել: Այսօր իրավիճակը բնավ այդպես չէ: բ/. Անդրբեջանի Հանրապետությունը, թեև հռչակել էր իր գոյությունը, սակայն այն գոյություն չուներ ոչ de facto, քանի որ չուներ արդյունավետ վերահսկում քիչ թե շատ նշանակալից որևէ տարածքի վրա և ոչ էլ de jure, քանի որ չուներ որևէ երկրի ճանաչում: Այսօր իրավիճակը բնավ այդպես չէ: Օսմանյան ճանաչումը տվյալ պահին չուներ իրավական հետևանք, քանի որ սույն կայսրությունն ինքն անվերապահ կապիտուլյացիայի հետևանքով (30 հոկտեմբերի, 1918թ.) դադարել էր միջազգային իրավունքի սուբյեկտ լինելուց: գ/. Միջազգային հանրությունը հակամարտությունների լուծման հիմք միանշանակորեն ընդունում էր ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, որը առաջ էր քաշվել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից նրա հայտնի Տասնչորս կետանոց ուղերձի (Fourteen Points) մեջ 1918թ. հունվարի 8-ին: Այս անվիճելի սկզբունք էր դրված բոլոր զինադադարների և նոր պետությունների սահմանների հիմքում: Այսօր իրավիճակը բնավ այդպես չէ: Ի դեպ, Ազգերի լիգայի Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովը 1920թ. փետրվարի 24-ին հայ-վրացական և հայ-ադրբեջանական սահմանների մասով վերահաստատեց այս դիրքորոշումը: դ/. Դաշնակից ուժերն Հարավային Կովկասում, ի սատարում իրենց խոսքերի, ունեին 23 հազարանոց ուժեղ զորաբանակ: Այսօր իրավիճակը բնավ այդպես չէ: Խոսվում է խաղաղապահների մասին, որոնք, ըստ վերջին տասնամյակների դառն փորձի, ի վիճակի չեն եղել իրենց իսկ պաշտպանել կամ կատարել ստանձնած առաքելությունը Բալկաններում կամ Ռուանդայում:
Այս համեմատությունները կարելի է դեռ շարունակել և, ցավոք սրտի, դրանք չեն լինելու հօգուտ մեր ժամանակների: Տեսնենք ի՞նչ ունենք մենք հիմա, կամ ի՞նչ են մեզ առաջարկում: Առաջարկում են զորքերը դուրս բերել մեր իսկ երկրից (կասկածողներին խորհուրդ կտամ կարդալ Ազգերի լիգայի 1920թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկը) դիմացը խոստանալով` համոզել Ադրբեջանին չսկսել պատերազմ, գոնե մի քանի տարի: Իհարկե, պատերազմը բնավ ցանկալի զարգացում չէ: Սակայն արդյոք ազատագրված տարածքների հանձնումը երաշխավորում է խաղաղությունը: Իհարկե` ոչ: Իմ խորին համոզմամբ այն ավելի է հավանական դարձնում պատերազմի վերսկսումը Ադրբեջանի կողմից: Եվ հակառակի նման, չկա և չի լինելու նախկին 23 հազարանոց զորաբանակը, որ կանխի այդ պատերազմը: Թեև, արդարության համար պետք է նշել, որ որևէ զորաբանակի տեղակայում մեր տարածաշրջանում տևական չի լինելու: Մյուս գործոններին չեմ էլ անդրադառնում` այնքան ակնհայտ են տարբերությունները:
Հիմա ամենակարևոր հարցը` ի՞նչ անել: Անել այն, ինչը նախատեսված էր նման դեպքի համար: Դեռ ժամանակին հենց այսօրվա քաղաքական մեծավորները որոշել էին` Հարավային Կովկասի երկրներին տրվում էր խիստ սահմանափակ ժամանակահատված (որն ավարտվել է 1920թ. նոյեմբերի 22-ին) փոխադարձ համաձայնությամբ սահմանավեճերը կարգավորելու համար: Փոխադարձ համաձայնությամբ հարցերը չլուծվելու պարագային սահմանները որոշվում են Ազգերի լիգայի (ներկայումս` ՄԱԿ) հովանու ներքո գործող հանձնաժողովի իրավարարությամբ (arbitration) “սկզբունքնորեն հիմք ընդունելով ազգագրական տվյալները” (taking into account, in principle, of ethnographical data). Այսօր այս սկզբունքը կարող է կիրարկվել երկու տարբերակով` նախնական (հիմք ընդուելով 1920թ. տարեվերջի ազգագրական տվյալները), որով ոչ միայն Լեռնային, այլև Դաշտային Ղարաբաղն էր Հայաստանի Հանրապետության մաս: Սակայն Հայաստանը Ադրբեջանին է զիջում մերձարաքսյան որոշ տարածքներ: Կամ հաշվի առնելով վերջին 90 տարվա զարգացումները (հիմք ընդունելով ներկայիս ազգագրական պատկերը), որով Հայաստանի Հանրապետությանն է անցնում հայկական ուժերի կողմից ներկայումս վերահսկվող տարածքները, իսկ Դաշտային Ղարաբաղի տիտղոսը Հայաստանը զիջում է Ադրբեջանին:
Այսօր ակնահայտ է, որ բանակցային գործընթացը, չնայած հայկական կողմերի բոլոր ջանքերին և քաղաքական չափազանց փափկանկատությանը, հայտվել է փակուղու մեջ: Հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանը պատրաստ չէ դյուզն իսկ զիջումի: Ըստ էության, նա Լեռնային Ղարաբաղին առաջարկում է ավելի ցածր կարգավիճակ, քան ԼՂԻՄ ուներ մինչև 1988թ.: Այստեղ պետք է շեշտել, որ միջազգային հանրությունը, հանձին միջնորդական խմբի, ունի մեղքի իր բաժինը: Փոխանակ Ադրբեջանին պարտադրելու իրականացնել իր իսկ պարտավորությունները (լայն առումով` ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը հարգելու, իսկ ավելի նեղ առումով` զինադադարը հարգելու) իրականացնում է Ադրբեջանին սիրաշահելու խիստ վտանգավոր քաղաքականություն: Ի վերջո, խաղաղության պահպանմամբ ոչ միայն հայկական կողմերը պիտի շահագրգռված լինեն: Ադրբեջանի կորցնելիքը հաստատ ավելի շատ է լինելու և հետևանքն ավելի աղետալի: Նաև թող մի քիչ էլ Արևմուքի գլուխը ցավի իր ներդրումների ապագայի համար: Հաստատ մետաղի ջարդոնի գինն ավելի նվազ է, քանի նավթային աշտարակների կամ նավթա//գազամուղների:
Հասկանալի է, որ ներկայումս խիստ դժվար է փոփոխել բանակցային գործընթացի տրամաբանությունը, որի ակունքները գալիս են գերթե երկու տասնամյակի խորքից: Սակայն այլ ելք չկա: Հատկապես` քանի դեռ համաձայնեցված չէ ամբողջը, ուրեմն համաձայնեցված չէ ոչինչ: Երբեմն այլընտրանքի բացակայույթունն է դառնում հիմնական շարժիչ ուժը, մեծ ջանքերի ու փոփոխությունների հիմնական մղիչը:
Ի վերջո, եթե աշխարհի քաղաքական մեծավորները այսօր պարաստ չեն
կենսագործելու առնվազն երեք փաստաթղթի մեջ (տես` Հայաստանի սահմանները որոշող [Ազգերի լիգայի] հանձնախմբի զեկույցը և առաջարկները, 24 փետրվարի, 1920թ.; Սևրի պայմանագիր, հոդված # 92, 10 օգոստոսի 1920թ.; Վիլսոնի իրավարար վճիռ, հավելված 1, թիվ # 2) ամրագրված իսկ որոշումները, ապա ի՞նչ երաշխիք, որ վաղը հավատարիմ կմնան իրենց այսօրվա կիսաբերան խոստումներին:

Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար,
21 հունիսի 2011թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: