«Երիտսյունիներն» Արցախում. ամառային հասարակագիտական դպրոց հրավիրված են ապազգային գաղափարներով հայ դասախոսնե՞ր

by

Հունիսի 27-ին Արցախում մեկնարկեց «Արցախ» հասարակագիտական ամառային դպրոցը, որն իրականացվում է «Ամերիկացիներն Արցախի համար» ՀԿ-ի  նախաձեռնությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ։

Ըստ կազմակերպիչների` մրցութային կարգով Արցախից և Հայաստանից ամառային դպրոց ընդունված շուրջ 30 մասնակից առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Հայաստանից ու արտերկրից ժամանած դասախոսներից դասախոսություններ կլսի հասարակական գիտությունների, հատկապես` քաղաքագիտության մեթոդաբանության, միջազգային կազմակերպությունների, հակամարտությունների հաղթահարման, արդյունավետ հաղորդակցության, արվեստի պատմության և մի շարք այլ  ոլորտների   վերաբերյալ։

«Դասախոսելու համար Հայաստանից և Սփյուռքից հրավիրվել են առաջատար հասարակագետներ և քաղաքական վերլուծաբաններ, ինչպիսիք են Էմիլ Դանիելյանը, Լիլիթ Սարգսյանը, Մայա Բարխուդարյանը, Համազասպ Դանիելյանը, Արշակ Բալայանը Հայաստանից, Գրեգ Ավթանդիլյանը, Ռոբերտ Նալբանդովը և Ռազմիկ Փանոսյանը Սփյուռքից»,- գրված է նախաձեռնության մամլո հաղորդագրության մեջ:

Արտաքուստ կարևոր ու օգտակար թվացող այս հաղորդագրությունը դեռևս մայիս ամսին մեծ ոգևորությամբ տարածեցին բազմաթիվ հայաստանյան լրատվամիջոցներ:

Սակայն ամառային դպրոցի մեկնարկից երեք օր առաջ` հունիսի 24-ին, «Հայաստանի զրուցակից» թերթում լույս տեսավ հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հետ («Արցախյան ազատամարտն անջատողական պիտակողները գալիս են Արցախ… ուսուցանելու»), որում նա սուր քննադատության է ենթարկում այդ նախաձեռնությունը` բացահայտելով ոչ հայանպաստ փաստեր հրավիրված դասախոսների սկզբունքների, գաղափարների և գործունեության վերաբերյալ:

ԱՄՆ-ից Արցախ ժամանած դասախոս Ռազմիկ Փանոսյանը, ինչպես իր հարցազրույցում նշել է Այվազյանը, արցախյան ազգային-ազատագրական շարժումն անվանում է անջատողական: Սակայն դա Փանոսյանի միակ ապազգային տեսակետը չէ. ինչպես տեղեկացնում է Այվազյանը, 2006 թ. Կոլումբիայի համալսարանի հրատարակչությունում լույս տեսած իր «Հայեր. թագավորներից և հոգևորականներից մինչև վաճառականներ և կոմիսարներ» գրքում Փանոսյանը սևացնում է վերջին տարիներին ստեղծված հայ պատմագիտական դպրոցը` համարելով այն նացիոնալիստական: Մասնավորապես, նացիոնալիստ և ռևիզիոնիստ է անվանում հայոց բնիկությունը հաստատող հեղինակներին` շրջանցելով հայերի բնիկ լինելու վերաբերյալ բոլոր տեղեկություններն ու հետազոտությունները:

Փանոսյանը «ծայրահեղ նացիոնալիստ» է անվանում նաև ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, նաև` Հանրապետական կուսակցության որոշ հին անդամների և ծաղրի ենթարկում նժդեհյան ցեղակրոնության գաղափարներին հարելու համար:

Ցեղասպանությունից մազապուրծ և օտարության մեջ տառապող հայության լայն խավերին նա պիտակավորում է որպես «ռադիկալ» և պատճառաբանում, թե նրանք համակրում էին 1970-1980-ական թթ. ԱՍԱԼԱ-ին և հայկական մյուս գաղտնի կազմակերպություններին` հայ վրիժառուներին անվանելով այլընտրանք չհանդուրժող «տեռորիստ»  եզրույթով,  որոնք «նացիոնալիստական պահանջներ» էին առաջ քաշում (Փանոսյանն իր անհամաձայնությունն է հայտնում նրանց «ազատամարտիկ» համարողներին):

Փանոսյանի թեթև ձեռքով նսեմացվում են նաև հայ արքայատոհմերը, քանի որ նա կասկած է հայտնում Երվանդունիների հայ կամ Արշակունիների հայախոս լինելու կապակցությամբ` շահարկելով, մի դեպքում, հին էլիտաների համար սովորական խառնամուսնություններն օտար արքայական տների ներկայացուցիչների հետ, մյուս դեպքում՝ առաջին Արշակունիների պարթևական ծագումը:

Փանոսյանը պաշտպանում ու կրկնում է մեկ այլ «հայագետի»` Ռոբերթ Թոմսոնի ասածները, թե իբր Խորենացին գրել է  VIII դարի կեսերին և ոչ թե V դարում», ինչպես նաև մեջբերում է Պատմահոր հասցեին Թոմսոնի հայհոյանքը. «Մովսեսը մի լկտի և կեղծարար խաբեբա է, իսկ նրա երկը՝ ոչ հավաստի աղբյուր»:

Ինչ վերաբերում է հայ ազատագրական շարժումներին, ապա ըստ Փանոսյանի, օրինակ, Դավիթ բեկի գլխավորած Սյունյաց ապստամբությունը ազգային-ազատագրական պայքար չէր, այլ այն այդպես են որակում «նացիոնալիստ պատմաբանները», իսկ Վարդանանց պատերազմը միմիայն կրոնական պատերազմ էր՝ առանց ազատագրական նպատակների:

Փանոսյանը Արևմտյան Հայաստանի մասին գրելիս չակերտների մեջ է դնում «կորուսյալ հողեր» արտահայտությունը, իսկ Ջավախքը վրացական եզրույթով անվանում Ջավախեթի` այդ տարածքի նկատմամբ ազգային զգացմունքներն ու քաղաքական մոտեցումները բնութագրելով «նացիոնալիստական»:

Ինչպես նշում է Այվազյանը, Փանոսյանն իր շարադրանքներում որևէ հիմնավորում չի տալիս` փոխարենն անելով անհեթեթ հայտարարություններ, որոնք լուծում են քարոզչական խնդիր՝ նսեմացնել հայերին, նրանց անցյալն ու ներկան, պատմությունն ու մշակույթը։ «Փանոսյանի նմաններին ես կոչում եմ երիտսյունիներ։ Ինչպես և տխրահռչակ կեղծարար Ռ. Սյունին, այնպես էլ Փանոսյանը երբևէ գիտական որևէ լուրջ ուսումնասիրություն չի հեղինակել, նրա այս գիրքն էլ ընդամենը կրկնությունն է այն բոլոր կեղծ դրույթների, որոնք ժամանակին հնչեցրել են Նինա Գարսոյանը, Ռոբերտ Թոմսոնը, Ջեյմս Ռասելը, Ռոնալդ Սյունին, ամերիկյան «հայագիտական» դպրոցի այլ ներկայացուցիչներ»,- ասում է Այվազյանը:

Ավելացնենք, որ ամառային դպրոցի մասնակիցների համար «Մեդիա և հասարակություն» թեմայով դասախոսություն է կարդալու նաև հայաստանցի լրագրող Էմիլ Դանիելյանը: Նա, ըստ Այվազյանի, պարբերաբար հրաժարվում է օգտագործել իրավական կշիռ ունեցող «ցեղասպանություն» եզրույթը` նախընտրելով «1915 թ. զանգվածային սպանություններ և տեղահանումները», ինչը հաճախ է հանդիպում թուրքական մերժողական դիրքորոշում ունեցող անգլիալեզու հրապարակումներում:

Նշենք, որ 2009 թ. «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը քննադատել և թարգմանաբար հրապարակել է այդ լրագրողի հոդվածներից մեկը, որում նա կրկին ցեղասպանություն եզրը փոխարինել է վերոնշյալ արտահայտությամբ: Ռազմավարագիտական կենտրոնի կոչը` հրապարակայնորեն հերքել «զանգվածային սպանություններ» արտահայտության կիրառումը, լրագրողը թողել է անպատասխան:

Սակայն այս ամենի մեջ ամենազավեշտալին այն է, որ արցախյան ազգային-ազատագրական շարժումը Փանոսյանն անվանում է «անջատողական»` ավելացնելով,  որ այն, «նացիոնալիստական պահանջների կիզակետ դառնալով, եկավ ամբողջովին փոխարինելու Սփյուռքի ահաբեկչական շարժմանը»։

«Սա հե՛նց այն է, ինչ ասում են Բաքվում և Անկարայում. արցախյան գոյամարտը ոչ այլ ինչ էր, քան հայերի նացիոնալիստական և ահաբեկչական մի շարժում»,- մեկնաբանում է Այվազյանը` զարմանալով, որ անգամ Արցախում՝ հայոց սահմանագծին, չեն հասկանում, թե ում են գրկաբաց ընդունել և վստահել հայ երիտասարդների կրթադաստիարակչական գործը. «Ի՞նչ են սովորեցնելու հայ ուսանողներին այդ երիտսյունիները` կեղծ պատմությու՞ն, ինքնատյացությու՞ն, կամազրկությու՞ն, թե՞ պարտություն», – հարցնում է Այվազյանը:

Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր, Արցախի խորհրդարանի պատգամավոր, պատմաբան Վահրամ Բալայանը մեզ հայտնեց, որ ամառային դպրոցի մասին տեղեկացել է Այվազյանի` «Հայաստանի զրուցակցին» տված հարցազրույցից: Վերոնշյալ անձանց կողմից Արցախում դասախոսություն կարդալու վերաբերյալ նա արտահայտվեց հետևյալ կերպ. «Դա խուլիգանություն է…»:

Արցախի կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը սկզբում հայտնեց, որ ընդամենը տեղյակ է, որ նման բան է կազմակերպվել, հետո ավելացրեց, որ իրենք չեն կարող խոչընդոտել օրենքով գրանցված, թույլտվություն վերցրած հասարակական կազմակերպության գործունեությունը: Քիչ անց նախարարն անձամբ զանգահարեց «Անկախի» խմբագրություն` հայտնելով, որ ինքը մերժել է համալսարանի ռեկտորի դիմումը Արցախի պետական համալսարանի շենքն ամառային դպրոցին տրամադրելու մասին. «Հենց սկզբից էլ այդ ամենի մեջ ինչ-որ կասկածելի բան կար,- ասաց նախարարը,- եթե հայ լրագրողը հրաժարվում է գործածել «ցեղասպանություն» բառը, դա արդեն նորմալ չէ»:

Նախարարը նաև հայտնեց, որ ամառային դպրոցն իր աշխատանքն անցկացնում է «Մեսրոպ Մաշտոց» մասնավոր համալսարանում, իսկ իրենք վերահսկում են գործընթացը:

Ավելացնենք, որ Արցախում «Ամերիկացիներն Արցախի համար» ՀԿ-ի ներկայացուցիչ է ԼՂՀ արտգործնախարարության աշխատակից Կարեն Կոստանդյանը, որը ողջույնի խոսք է հղել ամառային դպրոցի մասնակիցներին:

Փաստորեն, Ռազմիկ Փանոսյանը բավականին գործնական հարաբերությունների մեջ է երիտասարդ հայ գիտնականների ու պաշտոնյաների հետ. հետաքրքիր է` նրանք համագործակցում են` տեղյակ լինելո՞վ Փանոսյանի գաղափարներին:

Նշենք, որ «Արցախ» հասարակագիտական ամառային դպրոցի նախաձեռնողները ներկա ամառային դպրոցի հաջող իրականացման դեպքում մտադիր են սույն ձեռնարկը դարձնել ամենամյա իրադարձություն…

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: