88–ի շարժումը և Սերժ Սարգսյանի նպատակը

by

7or.am

Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ օգտագործել էր առիթն ու այցելելով «Գոլոս Արմենիի» թերթի խմբագրություն՝ այդ լրատվամիջոցի աշխատակիցների հետ կիսվել Ղարաբաղի հարցի մասին իր պատկերացումներով։

«Ո՞րն էր մեր նպատակը 1988–ի ղարաբաղյան շարժման սկզբում»,–հարց է բարձրացրել «ֆուտբոլասեր» նախագահը, և ինքն էլ պատասխանել։

Հաշվի առնելով Սարգսյանի արտաքին «նախաձեռնողականությունը», նրա բազմիցս հնչեցրած տեսակետները Ղարաբաղի հարցի վերաբերյալ և Կազանից հետո առկա  Հայաստանի համար ոչ բարենպաստ գործընթացները՝ կարելի է ասել, որ նախագահի ուզածն այժմ տեղավորվում է «Ազատագրված բոլոր 7 տարածքների հանձնում՝ նախկին ԼՂԻՄ տարածքով ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության դիմաց» սխեմայի մեջ։ Իսկ դա նշանակում է, որ Սարգսյանի պատկերացումները Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տեղավորվում են Լևոն Տեր–Պետրոսյանի առաջարկած տխրահռչակ փուլային լուծման շրջանակներում։ Միակ տարբերությունն այն է, որ «հիմնադիրը» Ղարաբաղը տեսնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, իսկ Սարգսյանի առաջարկածի դեպքում խոսք է գնում հանրաքվեի մշուշոտ հնարավորության մասին, որը գործնականում անհնար է լինելու իրականացնել, քանի որ երբ հայկական զորքերը դուրս բերվեն տարածքներից՝ մեր անվտանգության համակարգը  կփլուզվի, որից հետո ԼՂՀ–ում գրեթե մարդ չի մնա, իսկ Ադրբեջանն էլ, տեսնելով այդ ամենը, անմիջապես կանցնի հարձակման, և արդեն պետք է մտածենք Սյունիքը պահելու մասին։

Ստացվում է, որ Սարգսյանի ու Տեր–Պետրոսյանի մոտեցումները Ղարաբաղի հարցում  իրարից տարբերվում են ձևով, այլ ոչ թե բովանդակությամբ։ Եվ սա այն դեպքում, երբ Սարգսյանը 2008–ի նախագահական ընտրությունների փուլում իրեն դիրքավորում էր որպես չհանձնող գործիչ, իսկ Տեր–Պետրոսյանին մեղադրում էր, որ վերջինս երեք տարով է ուզում նախագահ դառնալ, որպեսզի այդ ժամանակահատվածում ծախի Ղարաբաղը։

«Ո՞րն էր մեր նպատակը 1988–ի ղարաբաղյան շարժման սկզբում»,– հարցնում է Սարգսյանը՝ տողատակերում փաստացի հայկական կողմի միակողմանի զիջումների քարոզ անելով։  Սարգսյանը «մոռանում» է, որ 88–ին մենք «Լենի՛ն, պարտիա՛ Գորբաչո՛վ» էինք գոռում։ Հետո՞ ինչ։ Դա հո չի՞ նշանակում, որ պետք է ձգտենք վերականգնել Սովետն ու պարտիան, իսկ Գորբաչովին էլ դարձնենք գենսեկ։

Սարգսյանը «մոռանում» է, որ 88–ին մենք մեզ պարտադրված պատերազմում ավելի քան 6000 զոհ դեռ չէինք տվել։

Սերժ Սարգսյանը «մոռանում» է նաև, որ 1998–ի իշխանափոխության ժամանակ ինքը Տեր–Պետրոսյանի դեմ է դուրս եկել՝ հայտնվելով այն թիմում, որը մերժում էր «Սերգո՛ ջան, լավ չես ապրելու՝ մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի» պարտվողական ու կապիտուլյացիոն ձևակերպումը։

Հիմա պարզվում է, որ Սարգսյանն այն  օրերին կողմ է եղել Տեր–Պետրոսյանի առաջարկներին, բայց, տեսնելով, որ ուժի նժարն այլ կողմում է, ճամբարափոխ է եղել։

Այսպիսով, Հայաստանի քաղաքական դաշտն այժմ օկուպացրել են քիրվայական ուժերը, որոնք, «երկխոսություն» խաղալով, փորձում են բավարարել թուրք–ադրբեջանական զույգի պահանջներն ու փոխել Ղարաբաղի շուրջ ձևավորված ստատուս քվոն՝ ձգտելով պահպանել ներքաղաքական ստատուս քվոն՝ Սարգսյանի իշխանության վերարտադրման ու ՀԱԿ–ի հաստիքային ընդդիմություն դառնալու հեռանկարով։

Պատահական չէ, որ Ղարաբաղի հարցում արտաքին ակտիվացման ֆոնին Սարգսյանը հապճեպորեն պատվիրակություն ձևավորեց ու արձագանքեց «միաբանների» «երկխոսական» առաջարկին։

Ենթադրվում է, որ «երկխոսության» իրական օրակարգը Ղարաբաղի հարցի վերաբերյալ սերժալևոնական դաշինք ձևավորելն է լինելու։

Ինչպես հայտնի է, Տեր–Պետրոսյանն «էն գլխից» կողմ է արտահայտվել «Սերգո ջանին» լավ ապրեցնելու և մաքսիմալիզմից հրաժարվելու օգտին։ Սարգսյանն էլ այսօր ձայնակցում է իր «ընդդիմախոսին» և բարձրաձայնում 88–ի նպատակների ու լևոնական մինիմալիզմի թեմայով իր դրական մոտեցումների մասին։

Ամեն ինչ շատ պարզ է. «երկխոսող» Սարգսյանն ու Տեր–Պետրոսյանը քիրվայական բնույթի գործարքի են գնում՝ ձեռքի հետ աթոռակռիվ վարելով։ Կհաջողվի՞ դա իրենց, թե ոչ, կախված է բացառապես Հայաստանի հասարակությունից։

Ժամանակն է, որպեսզի փուլայինի շուրջ «երկխոսողներին» փաթեթայինով ուղարկել  չվաստակած հանգստի։

Կարեն Հակոբջանյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: