Եկեղեցին ընդդեմ պետության

by

Մեր զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
— Պարոն Բագրատյան, դուք քաղաքականությունը, տնտեսությունը համարում եք փոխկապակցված կրոնին և շատ երևույթներ բացատրում եք հենց այդ դաշտում:
 
— Պետք է հիշել, որ գործնականում քրիստոնեությունն առաջացավ որպես ուսմունք, որը կարող էր Միջերկրական ծովի ավազանի երկրներում փոխարինել Հռոմեական կայսրությանը: Քանի դեռ կար բազմաստվածություն, պետք էր ուժեղ ձեռք. դա Հռոմեական կայսրությունն էր:
 
Երբ այդ ավազանի բոլոր երկրները դարձան քրիստոնյա, համոզմունք ի հայտ եկավ, որ կայսրության կարիքն այլևս չկա: Այս տեսությունն իմ հայտնագործությունը չի. այն կարելի է հանդիպել, օրինակ, Էդ.Գիբբոնի մոտ: Բայց ի՞նչ տեղի ունեցավ հետագայում: Որպես կանոն` քրիստոնեության ընդունման և հասունացման շրջանում մենք տեսնում ենք երեք փուլ: Առաջին փուլում` մի քանի տասնյակ տարուց մինչև 100-150 տարի, ազգերը մոբիլիզացվում են: Առաջանում է խթան, տեսնում ենք հոգևոր վերելք, քրիստոնեությունն իրոք միավորում է տվյալ ժողովուրդներին և շատերը կարողանում են լուծել իրենց տարածքային վերամիավորման խնդիրը: Բայց առաջին փուլի ավարտից հետո երկրներն արագորեն սկսում են թուլանալ: Դա տեղի է ունենում բոլոր երկրներում:
 
Օրինակ, ըստ պատմաբանների` վեստգոթերի թագավորությունն ուներ մինչև 1.5-2 մլն բնակչություն: Այն զբաղեցնում էր ներկայիս Պիրենեյան թերակղզին և ներկայիս Ֆրանսիայի տարածքների մի զգալի մասը: Ըստ աղբյուրների` վեստգոթերի թագավորությունը, լինելով բավականին ագրեսիվ պետություն, կարողանում էր հեշտությամբ մոբիլիզացնել 50-100 հազար զորք: 8-րդ դարի սկզբին Մարոկկոյի կառավարիչն իր զորապետ Թարիքին ուղարկեց գրավելու թագավորությունը (նրա անունով հետագայում կոչվաց Ջիբրալթարը):
 
Հայտնի է, որ Թարիքը մտավ Իսպանիա 7000 -12000 (բոլոր պատմաբանների կողմից նշվող նվազագույն և առավելագույն թվերը) զինվորով և գրավեց ամբողջ թագավորությունը: Գիտեք, արաբներին հաջողվեց կանգնեցնել միայն հյուսիսային Ֆրանսիայում` Պուատյեի ճակատամարտում:
 
Հայտնի է, որ Գրիգոր Լուսավորիչի տոհմը կարճ ժամանակում դարձավ հզոր կալվածատեր, իսկ անհայտ Մամիկոնյանների տոհմը հարճ ժամանակում դարձավ առանցքային նախարարական տուն: Կարելի՞  է ասել, Լուսավորչի տոհմի բարձրացումը ոչնչացրեց թագավորությունը:
 
Լուսավորչի տոհմը սկզբնական շրջանում մոբիլիզացրեց հայերին, թագավորներն աշխուժացան, վերամիավորեցին Հայաստանը, բայց կարճ ժամանակ հետո սկսեց, կալվածքներ կուտակել, մրցակցել արքունիքի հետ և այդ պայքարում սկսեց հակապետական ինտրիգներ հյուսել  նախարարների հետ (մոտավորապես 4-րդ դարի կեսերից), ապա նաև խաղեր տվեց առանձին-առանձին Բյուզանդիայի և Պարսկաստանի հետ, թուլացրեց կենտրոնական թագավորությունը և 428-ին կործանեց Արշակունիներին։ Սա նշվում է բոլոր հայ պատմիչների կողմից։
 
— Այլ երկրներում նման զուգահեռներ կարո՞ղ եք բերել:
 
Ռուսաստանը 988թ.-ին ընդունեց քրիստոնեություն: 200 տարի անց մի քանի հարյուր տարով նվաճվում է մոնղոլ-թաթարների կողմից: Գուցե մենք չենք կարող ասել, որ այս երևույթներն եղել են բոլոր քրիստոնեական երկրներում, բայց  առանցքայիններում` այո, եղել են: Օրինակ, իրադարձությունները մի փոքր այլ ընթացք ստացան Բյուզանդիայում, սակայն վերջինիս թուլացման ու անկման հիմնական մեղավորը եկեղեցին է և ոչ թե Մեհմեդ Երկրորդը։ Այսպիսով, քրիստոնեության ընդունումից 120 տարի անց Հայաստանը կորցրեց իր անկախությունը, չնայած նույն քրիստոնեության ընդունման շնորհիվ 4-րդ դարի կեսերին Տրդատը վերամիավորեց բոլոր հայկական հողերը:
 
Հարց է ծագում` որն է այս օրինաչափության պատճառը: Պատասխանը շատ պարզ է: Ի տարբերություն մյուս կրոնների (օրինակ` իսլամի, առավել ևս բուդդայականության, կոնֆուցիականության կամ հինդուիզմի)` քրիստոնեությունը ենթադրում է հստակ հարկային համակարգ: Կրոնական համայնքի ձևավորվելուց մի քանի տասնյակ տարի հետո քրիստոնեական եկեղեցին դառնում է սեփականատեր: Նրան սեփականությունը պետք էր սեփական վերարտադրության համար (եկեղեցաշինություն և այլն):
 
Քրիստոնեական եկեղեցիները տանում էին երկրի ՀՆԱ-ի 7-10%-ը: Օրինակ, տասանորդը, որն այն ժամանակ հարկերից չէին դուրս բերում, այլ եկամտից: Այն հաշվարկվում էր արտադրության համախառն արժեքից, որի մեջ մտնում էր նաև նյութական արժեքը: ՀՆԱ-ի մակարդակով դա կազմում էր մինչև 12-13%: Եվ ի՞նչ է տեղի ունենում: Ես լրջորեն ուսումնասիրել եմ Կեսարից սկսած կուտակման նորման ամբողջ աշխարհում: Տեսեք, մթա. 1-ին դարում կուտակման նորման 2-3%- էր: Ինչպես գիտեք, Կեսարի սպանությունը Բրուտոսի կողմից օլիգարխիկ շարժառիթներով էր, որովհետև Կեսարը որոշեց բյուջեն դարձնել ոչ դեֆիցիտային ու հարկեց որոշ օլիգարխներին: Մենք հստակ գիտենք Հռոմի բյուջեն: Իսկ դա թույլ է տալիս որոշակի թվական վերլուծությունններ անել։ Թե պատմաբանները, թե տնտեսագետները համակարծիք են, որ մթա 1-ին դարում կուտակումն եղել է 2-3% (այսօր նորմալ զարգանալու համար անհրաժեշտ է, որ կուտակային նորման կազմի 28-30%):  2-3% կուտակային նորմ ունեցող հասարակությունների ՀՆԱ-ի աճի միջին ցուցանիշը կազմում էր 0.2-0.3%:
 
Այն ժամանակ աճի տեմպերը շատ ցածր էին: Եթե դիտարկում ենք բյուջեն ՀՆԱ-ի նկատմամբ, ապա այն  կազմում էր 3-4, լավագույն դեպքում 5%: Եվ ահա երբ ասպարեզ իջավ քրիստոնեական եկեղեցին  իր 7-10%-ով, ապա պետության ձեռքին բյուջե չի մնում: Չեն մնում միջոցներ ներդրումներ կատարելու, բանակը ֆինանսավորելու համար: Կարելի է ասել` ի՞նչ տարբերություն` պետությունն է հավաքում այդ փողը,  թե եկեղեցին: Պարզվոււմ է` սեփականության ամենաարդյունավետ ձևը մասնավորն է, հետո` պետականը, վերջում նոր` եկեղեցականը: Եվ դա բնական է, որովհետև եկեղեցին չի կրում տնտեսական պատասխանատվություն: Եվ 50-100 տարի հետո բոլոր  քրիստոնեական պետությունները մնացին առանց բյուջե:
 
Մենք հաճախ լսում ենք` վեստգոթերի թագավորությունում դավաճանություն եղավ, որի հետևանքով էր, որ արաբները գրավեցին այն: Այո, վեճ և դավաճանություն եղել է, բայց ավելի էական է այն, որ մինչև այդ արդեն բյուջե չկար: Երբ կիսելու բան չկա, վեճն ու դավաճանությունն անխուսափելի են դառնում: Ավելի խորը վերլուծությունը ցույց է տալիս, որ արաբների հաղթաթուղթը վեսթգոթերի թագավորությունում հարկերի կտրուկ (տասնյակ անգամ) նվազեցումն էր՝ կես դինար գյուղացիների և 1 դինար ազնվականների համար։ Հասարակ ժողովուրդը պարզապես ողջունում էր արաբների մուտքը։
 
Նույնը Հայաստանում, ինչպես կարող էր այն չկործանվել, երբ Արշակունիներն արդեն բանակ պահելու փող չունեին: Կրկնում եմ` տնտեսական ասպարեզում հայտնվել էր խոշոր խաղացող` եկեղեցին, որը սկզբում հոգևորապես մոբիլիզացրել էր ազգին, հանգեցրել էր գրերի գյուտին, սակայն երբ նրա տնտեսական գործունեությունը չափն ու սահմանն անցավ, պետությունը կործանվեց:
 
Պարոն Բագրատյան, նմանատիպ գործընթացներ Բյուզանդիայում էին կատարվում: Բյուզանդական կայսրերը երկար ժամանակ պայքարում էին եկեղեցու դեմ, որը արտահայտվում էր պատմերապաշտության և պատկերամարտության տեսքով: Պատկերամարտ կայսրերը ռազմիկներ էին, որոնք թուլացնում էին եկեղեցին, սակայն ուժեղացնում բանակը: Եվ դա տևեց մոտ 200 տարի: Արդյունքում պատկերամարտները պարտվեցին, սակայն եկեղեցին ենթարկվեց իշխանությանը: Ինչու՞ Հայաստանում դա տեղի չունեցավ: Կան կարծիքներ, որ պարսիկները հատուկ օժանդակում էին եկեղեցուն, որ թուլանա աշխարհիկ իշխանությունը:
 
Արևելա-քրիստոնեական կամ ուղղափառ եկեղեցին շատ արագորեն ենթարկվեց պետությանը:  Օրինակ, Ռուսաստանի վերամիավորումը 15-16-րդ դարերում Վասիլի Տյոմնու, Իվան 3-րդի և Իվան 4-րդի ժամանակ համընկնում այն գործընթացի հետ, երբ աստիճանաբար մշակվեց ու ներդրվեց պատրիարքների նշանակումը ցարերի կողմից։ Այս ամենն ավարտվեց Պետրոս առաջինի կողմից (նկատի ունեցեք՝ ցարի) սինոդի ստեղծումը (ինչը բնորոշ նաև մյուս քրիստոնեական եկեղեցիներին)։ Հայ իրականության մեջ հայ թագավորները կաթողիկոս կամ հոգևոր խորհուրդ նշանակելու իրավասություն չեն ունեցել։ Նույնիսկ հույների մոտ, չնայած բյուզանդական կայսրության կործանմանը, բուն հունական տարածքները (այլ ոչ թե գաղութացված շրջանները) ի վերջո ամբողջությամբ մնացին այսօրվա Հունաստանի կազմում։
 
Խնդիրը հետաքրքիր ընթացք ստացավ կաթոլիկ աշխարհում։ Այստեղ, ճիշտ է, որևէ պետություն պապին չի նշանակում։ Այն ժամանակ, երբ տարբեր պետություններում մշակվում և ներդրվում էին մեխանիզմներ, որոնց համաձայն եկեղեցին պետությունից առանձնացվում էր, միևնույն ժամանակ քրիստոնեական եկեղեցու տնտեսական ուժն էր սահմանափակվում. նրանից սկզբից վերցրեցին հարկեր սահմանելու իրավունքը (կամ վերացրեցին ընդհանուր հարկերում եկեղեցու մասնաբաժինը), ապա հողերը։ Շվեդիայում, օրինակ, եկեղեցին 3 անգամ բռնի հողազրկվեց թագավորների կողմից։ Արդյունքում պետությունը ոչ միայն վերամիավորվեց, այլև այնքան տնտեսապես հզորացավ, որ 17-18-րդ դարերում կայսեպաշտական նկրտումներ դրսևորեց։ Ի՞նչու։ Որովհետև եկեղեցու հողազրկումից հետո երկրի կուտակման նորման եռապատկվեց և մի 50 տարում Շվեդիան իր տնտեսական զարգացմամբ հասավ Անգլիայի կամ Հոլանդիայի մակարդակին։
 
— Իսկ իսլամում ինչպես էին գոյատևում աշխարհիկ և հոգևոր իշխանությունները:
 
Շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ իսլամի հետ: Ինչպես գիտեք, ի տարբերություն քրիստոնեության` իսլամը, համենայն դեպս նրա 90%-ը կազմող սուննի հատվածը չի ենթադրում կղերական մեծ սեփականության առկայություն: Սուննի եկեղեցին միշտ պատկանել է պետությանը: Իսլամն այդ տեսակետից շատ նման է ուղղափառ քրիստոնեությանը, որը, ինչպես արդեն ասացինք, նույնպես ենթարկվում է պետությանը: Տեսեք, սուլթաններին անվանում էին նաև Փադիշահ, այսինքն իսլամի քահանայապետ։ Թուրքիայում շեյխ-ուլ-իսլամը միշտ եղել է երրորդ դեմքը պետության հիերարխիկ համակարգում՝ սուլթանից ու Մեծ Վեզիրից հետո։ Այս մարդիկ միշտ նշանակվում էին սուլթանների կողմից։  Հետաքրքիր է, ըստ Լեոյի, երբ 1622թ գահ բարձրացավ Մուստաֆա Ապուշը (նա խելագար էր) և շեյխ-ուլ-իսլամը ֆեթվա տվեց (վերջինիս պարտականության մեջ էր մտնում փաստել նոր սուլթանի առողջական վիճակը)։ Նա հայտարարեց, որ սուլթանի ապուշությունը աստվածային է։ Պարզ է, նա չէր ուզել, որ իրեն գլխատեին։
 
Լավ, իսկ ի՞նչպիսին էր եկեղեցում տնտեսական դերը Հայաստանում։
 
— Փորձենք սա հասկանալ նկատի ունենալով հայ առաքելական եկեղեցու անշարժ գույքի՝ եկեղեցիների արժեքի քննական վերլուծությունը։ Տարբեր թվեր կան, թե որքան հայկական եկեղեցիներ են եղել աշխարհում: Մեզ հայտնի է, որ 20-րդ դարի սկզբին` մինչև 1915թ. ցեղասպանությունը, նման հաշվարկի փորձեր արել է Կ.Պոլսի հայոց պատրիարքարանը: Մեզ հայտնի է հետևյալ թիվը` մոտ 2.6 հազար վանք ու եկեղեցի: Մնացյալ հայոց աշխարհում և դրանից դուրս մենք ունենք մոտավորապես նույնքան քրիստոնեական հուշարձաններ: Երբևիցե հաշվե՞լ եք` մոտավորապես 5000 եկեղեցի, վանք, մենաստան և այլն կառուցելու համար այսօրվա գներով ինչքան փող է պետք: Դրանցից ամեն մեկն արժե 5-10 մլն դոլար: 10 մլն դոլարը եթե բազմապատկում ենք 5000-ով, ապա այսօրվա գներով դրա վրա ծախսվել է մոտ 50 մլրդ դոլար: Այդ եկեղեցիների միջին տարիքը կլինի մոտ 1000 տարի: 50 մլրդ դոլար է ծախսվել դրանց կառուցման վրա:
 
Բայց կառուցումից հետո շահագործել է պետք, ընթացիկ ծախսերը հոգալ, վերանորոգել և այլն։ Պահպանման ու վերանորոգման ծախսերը գնահատելով տարեկան մինչև 0.5 տոկոս կառուցման արժեքից և յուրաքանչյուր եկեղեցու կամ նմանատիպ կառույցի շահագործման ժամկետը ենթադրելով միջինը 500 տարի, ստանում ենք 250 մլրդ դոլարի կարգի թիվ: Այսինքն` երկրի ռեսուրսներից մոտ 300 մլրդ դոլար տրամադրվել է դրան:
 
Հիմա պատկերացրեք, որ այդ գումարի 10%-ը տրամադրվեր պետական շինարարությանը: Կարելի է հարց տալ` բայց չէ՞ որ եկեղեցին դպրոցներ ու հիվանդանոցներ էր պահում։ Ես դրա մեջ նույնիսկ բացասական բան եմ նկատում, քանի որ դրանք համակարգաստեղծ կառույցներ են, և եթե մենք դպրոցը կամ հիվանդանոցը տալիս ենք եկեղեցուն, ուրեմն պետության գոյության կարիքը չկա: Փաստորեն եկեղեցի սարքելն և այն ժամանակ, և հիմա եղել է խնայողության ձև: Դրանից հետո հասարակության մեջ այլ կուտակման աղբյուր կլինե՞ր:
 
— Իսկ ինչու են հայկական եկեղեցիների մեծ մասը կառուցվել պետականության բացակայության պայմաններում (օրինակ` 12-13դդ): Կարծիք կա, որ մոնղոլները հատուկ հովանավորում էին հայկական եկեղեցաշինությունը, որովհետև հայերը հակաքաղքեդոնականներ էին: Նույնը անում էին պարսիկները, արաբները: Դա Բյուզանդիայի դեմ ուղղված քայլ էր:
 
— Երբ գալիս էին օտարերկրյա նվաճողները, նրանք մի քանի տարի հետո սկսում էին բարեկամանալ հայ եկեղեցու հետ` հասկանալով, որ բարեկամ լինելով եկեղեցուն` հնազանդ կպահեն ժողովրդին: Եվ բարեկամանալու համար մեկ ձևը եկեղեցին հարկերից ազատելն էր: Երբ վերջինս ճանաչվում էր նվաճողի կողմից, հայ ազնվականները մասսայաբար հողերը տալիս էին եկեղեցուն` հարկերից խուսափելու համար: Բայց սա քանդում էր աշխարհիկ իշխանությունը. ուրեմն հասարակությունը բյուջե չուներ: Բյուջե ուներ միայն եկեղեցին, որը, կրկնում եմ, վատ տնտեսվարող սուբյեկտ է: Եկեղեցիները կառուցումը ոչ միայն օտար նվաճողների կողմից խրախուսվում էր, այլև այդ օտարները հաճախ իրենք էին կառուցում կամ ուղղակիորեն ֆինանսավորում եկեղեցաշինարարությունը։
 
Այդպիսի դեպքերի մենք հանդիպում ենք ինչպես պարսից շահերի, այնպես էլ թուրք սուլթանների կողմից։ Մինչդեռ, սա հետաքրքիր է, սուննիների մոտ արգելվում է, որ մզկիթը հսկայական հողեր ու կալվածքներ ունենա: Այո, կար վակուֆը, բայց այն ի վերջո պետությանն էր պատկանում։
 
Բուդդայականությունն ընդհանրապես մերժում է դա: Ես մի բան գիտեմ` զարգացել է այն ժողովուրդը, որ լուծել է խնայողությունները ներդրումների վերածելու և կուտակման նորման հարևաններից բարձր պահելու խնդիրը, այսինքն` ինչը պետք է խնայի, ինչպես պետք է այդ խնայողությունը դարձնի ներդրում և ինչպես պետք է դա կուտակի ու զարգացնի պետությունը: Եվ ես տեսնում եմ, որ այս հարցերը ձախողել, թույլ չի տվել լուծել Հայ առաքելական եկեղեցին, որովհետև նա այդ ժամանակ սկսում է  դառնալ ռեպրեսիվ ու ռեակցիոն օղակ:
 
Գիտե՞ք Ռուսաստանում կառուցված եկեղեցիների ընդհանուր թիվը: 27 հազար: Հաշվարկից ստացվում է, որ Հայաստանում պատմականորեն գրեթե ամեն մի բնակավայր ունեցել է իր եկեղեցին, իսկ Ռուսաստանում 4-5 բնակավայրին մեկ եկեղեցի է ընկել: Այսինքն` եկեղեցաշինության նորման բնակավայրերի հաշվարկով բարձր է մոտ 5 անգամ: Եկեղեցի սարքելը հիմա էլ հայ մեծահարուստների համար խնայողության ձև է, դեպոզիտ է: Կարող են վիճել, որ դա իր փողերն է` ինչ ուզում, անում է, բայց որպես տնտեսագետ` ես վերլուծում եմ փողի մակրոտնտեսական հոսքը: Պետությանը հարկ չեն  տալիս, այդ փողով եկեղեցի են կառուցում:
 
19-րդ դարի 30-ական թթ. ընդունվեց «Պոլոժենիեն», և մեր մոտ գերիշխում է այն մտայնությունը, որ ցարական կառավարությունը հարձակվեց հայ եկեղեցու ունեցվածքի վրա: Բայց դա նորմալ երևույթ է, հասկանո՞ւմ եք: Երբ 1861թ. ռեֆորմը Ռուսաստանում եղավ, ցարը մտածեց, որ բուն Ռուսաստանում քիչ թե շատ հողատեր գյուղացիություն ստեղծելուց հետո մնացած վայրերո՞ւմ ինչպես պետք է այդ գործընթացը կազմակերպվի: Գալիս էին Հայաստան և զեկուցում, որ հողերի 80%-ը պատկանում է եկեղեցուն: Ի՞նչ վատ բան էր անում ցարը, երբ ասում էր, որ հայ եկեղեցին պետք է հող չունենա: Եկեղեցու հողը պետք է նրա կարիքները սպասարկելու չափով լինի. երբ ամբողջ հասարակության տնտեսական հզորությունը գտնվում է եկեղեցու ձեռքում, այն ո՞ւմ է պետք:
 
Հաճախ է հարց առաջանում` 15-րդ դարում ինչպե՞ս առաջացավ բողոքականությունը` Մարտին Լյութերից մինչև Հենրիխ 8-րդ: Բացարձակ հիմարություն է, որ կաթոլիկ եկեղեցուց բաժանման պատճառ դարձավ թագավորին ամուսնալուծելու մերժումը: Պարզապես Հենրիխ 8-րդը հասկանում էր, որ զարգանալու համար երկրին պետք է կուտակում, և խնայողությունների միայն շատ փոքր ու վերահսկվող մասը պետք է գնա եկեղեցի, իսկ մնացյալը պետք է ներդրվի պետության մեջ: Հայաստանում նման հարց երբեք չի  դրվել: Ավելին, 20-րդ դարում Հայ առաքելական եկեղեցին հերիք չի, որ չի ցանկանում բարեփոխումներ իրականացնել, հանկարծ կիսվում է երկու մասի:
 
Իմ խորին համոզմամբ, մյուս եկեղեցիներից ՀԱԵ-ն բաժանվել է ոչ առաջին հերթին դավանաբանական խնդիրների պատճառով, այլ որովհետև չի ցանկացել հրաժարվել սեփական փողերից: Միանալով ուղղափառ կամ կաթոլիկ աշխարհներին` մեր եկեղեցին պետք է միանար գումարների տնօրինման ընդհանուր համակարգին: Ո՞ւմ է պետք այն պատմությունը, թե 1065թ. Տուղրիլն ինչպես գրավեց Անին: Առավել կարևոր է այն, թե ինչ կատարվեց մինչև 1065թ., որ անխուսափելի դարձրեց Անիի անկումը:
 
Մեր պատմության արգելված թեմաներից են թոնդրակյան ու պավլիկյան շարժումները: Եկեղեցու ջանքերով շատ քիչ տեղեկատվություն է մեզ հասել այդ շարժումների մասին, սակայն սա այն աննախադեպ դեպքն է, երբ Հայ առաքելական եկեղեցին, նրանցից ազատվելու համար դիմեց հունական զորքի օգնությանը: Այս պատմական հանցագործության համար ՀԱԵ-ն մի անգամ ներողություն խնդրելո՞ւ է հայ ժողովրդից, ոնց որ Վատիկանը խնդրեց Իգնատիոս Լոյոլայի համար: Այսօր թերթում եմ պատմության դասագիրքը և ամաչում եմ դրանից: Ես ուզում եմ, որ մարդիկ առաջին հերթին կարողանան քննական հայացք նետել այս ամենի վրա, մարդիկ կարողանան պարզել, որ իրենց ինքնությունը հենց եկեղեցու մեջ չի. դա ընդամենը մի տարր է: Պետք է չթողնեն, որ օրեցօր լկտիացող որոշ հոգևորականները մի օր դնեն պետության հետագա նպատակահարմարության հարցը: Ես վատ հոտ եմ առնում «բենթլիականներից»:
 
Հիմա եկեղեցու կառուցումն արվում է միայն պատմության մեջ հավերժանալու ցանկությամբ: Հայ առաքելական եկեղեցին չի կանոնակարգել մի հասարակ հարց` ասենք մեկն իրեն նվիրատվություն արեց, ի՞նչ ծագման գումար է իրեն նվիրում: Եկեղեցաշինությունը մեզ մոտ հիմնականում դարձել է տնտեսական հանցագործությունների պարտակման ձև: Այսօր ինչպե՞ս է Կենտրոնական բանկը պայքարում փողերի լվացման դեմ: ՀԱԵ-ն շատ հաճախ եղել է փողերի լվացման միջոց: Երբ Մայր Աթոռը հավանություն է տալիս կեղտոտ փողերով եկեղեցի կառուցելուն, նա սրբացնում է այդ փողը: Դուք երբևիցե լսել եք, որ ՀԱԵ-ն ունի մեթոդաբանություն և ստուգում է` ինչ փողեր են դրվում այս կամ այն շինարարության մեջ: Նորմալ եկեղեցիները դա անում են, իսկ մեր եկեղեցին այսօր ցանկացածին ողջունում է:
 
Ինչ եք կարծում,  այսօր նունպե՞ս արդիական է եկեղեց ու` որպես խոշոր տնտեսվարող սուբյեկտի  վերածվելու հարցը:
 
— Միանշանակ։ Մի 50-60 տարում։ Տեսեք այս 20 տարիներին այն վերելք ապրեց։ Մինչև որոշակի սահման այդ վերելքը նորմալ է։ Առավել ևս համայնավարական աթեիզմից հետո։ Բայց փայտը երկու ծայր ունի։ Ինչ-որ պահից եկեղեցին դառնում է հզոր տնտեսական օլիգարխ։ 2005-ին հայ առաքելական եկեղեցին արտոնություն ստացավ, հատուկ կարգավիճակ` Սահմանադրությամբ։ Եկեղեցին ունի հարկային արտոնություն. ոչ-ոք նրանից ծառայությունների դիմաց ՀԴՄ կտրոն ու հաշիվ չի պահանջում և այլն։ Վերջին շրջանում թափով ավելանում է եկեղեցական տնտեսական կալվածների ու օբյեկտների թիվը։ Այսօր դեռ մի հոգի Բենթլի ունի, իսկ վաղը «հոգևորական-բենթլիականները» շատանալու են։ Ի՞նչ ենք անելու այդ ժամանակ։

Արթուր Ավթանդիլյան, http://www.religions.am

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: