«Արևմտյան Հայաստանի խորհուրդ, կառավարություն. այս անունները չափից ավելի հավակնոտ են հնչում»

by
Նոյեմբեր 15, 2011թ. 16:11

 Հարցազրույց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ հետ

Պարոն Պապյան, առաջին անգամ մեր երկրում ՀՀ վարչապետի հանձնարարականով իրականացվեց Վուդրո Վիլսոնի հիշատակին նվիրված միջոցառումների ծրագիր և Ձեզ պաշտոնապես հնարավորություն ընձեռվեց ներկայացնելու Վիլսոնյան իրավարար վճիռը: Կարելի՞ է ասել, որ սառույցը կոտրվել է` Ձեր տարիների աշխատանքը տալիս է իր արդյունքը:
-Չնայած վարչապետի հանձնարարականը անմիջականորեն չի վերաբերում իրավարար վճռին, և ձևակերպվում է այսպես` Վիլսոնի հայանպաստ գործունեության լուսաբանում, բնականաբար, նրա հայանպաստ գործունեությունը նաև իրավարար վճիռն է: Իրոք, սա մեր իշխանության առաջին քայլն է, ու այդ իմաստով, այո, կարելի է ասել, որ կա որոշակի դրական ընթացք:

-Անդրադառնանք մի շատ կարևոր խնդրի, որն այսօր Հայաստանում շատերին է հետաքրքրում: Վերջին տարիներին նկատելիորեն ակտիվացել են Արևմտյան Հայաստանի, արևմտահայության խնդիրներով զբաղվելու հայտ ներկայացրած կազմակերպությունները: Ձեզ ծանո՞թ են այդ կառույցները:
-Այո, գոնե մի քանիսի մասին լսել եմ. օրինակ, Միքայել Սոսիկյանի Արևմտյան Հայաստանի կառավարությունը, որ գործում է Լոս Անջելեսում: Այս մարդն անշարժ գույքի գործակալ է, զբաղվում է անշարժ գույքի առք ու վաճառքով, ձեռքի հետ էլ իրեն հռչակել է Արևմտյան Հայաստանի կառավարության ղեկավար: Կա մեկ այլ խումբ ևս, որ գործում է Փարիզում, կոչվում Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդ, ղեկավարն Արմենակ Աբրահամյանն է, վարչապետը` Տիգրան Փաշաբեզյանը, ծանոթ եմ, շփվել եմ, խոսել, որոշ հարցերում իմ անհամաձայնությունն եմ հայտնել: Կա նաև վերջին շրջանում խիստ ակտիվացած ռուսաստանյան թևը` Կարեն Միքայելյանի ղեկավարությամբ: Ժամանակին մասնակցել եմ այս կազմակերպության նախնական աշխատանքներին, փորձել հասկացնել, որ չեն կարող մարդկանց խմբեր հավաքելով իրենց հռչակել Արևմտյան Հայաստանի կառավարություն կամ Ազգային խորհուրդ, և ընդամենն այդքանով ձեռք բերել օրինական կարգավիճակ: Կարգավիճակն ածանցվում է ոչ թե ինքնահռչակումից, այլ բազմաթիվ այլ գործոններից: Եթե պիտի լինի Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն, ուրեմն նախ պետք է ինչ-որ ժամանակ եղած լիներ Արևմտյան Հայաստան պետությունը: Բայց Արևմտյան Հայաստան պետություն երբևէ չի եղել: Դա Հայաստանի Հանրապետության տարածքն է, որ օկուպացված է թուրքերի կողմից: Արևմտյան Հայաստանը եղել է աշխարհագրական հասկացություն, իսկ աշխարհագրական հասկացությունը պետություն չէ:

-Շատ կարևոր է հասկանալ` նման կառույցների գործունեությունը նպաստո՞ւմ, թե՞ վտանգում է մեր ազգային գործին:
-Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ հավակնություններ ունի այդ կազմակերպությունը: Եթե իրենց համարում են այն հարյուրավոր կազմակերպություններից մեկը, որոնք զբաղվում են հայկական հարցով, այդտեղ վտանգ չկա: Թեև պետք է ասեմ, որ նման անվանումները` Արևմտյան Հայաստանի խորհո՜ւրդ, կառավարությո՜ւն, չափից ավելի հավակնոտ են հնչում, ավելին` անհիմն: Ինչ անունով էլ որ կոչեն իրենց, միևնույն է, նրանք իրենց կարգավիճակով, ընդամենը, հասարակական կազմակերպություն են: Ինչ վերաբերում է վտանգին, այո, կա, հենց թեկուզ այն, որ դրանք կարող են օգտագործվել ու շահարկվել օտար ուժերի կողմից: Մի պահ ենթադրենք այսպիսի իրավիճակ. թուրքական հետախուզությունը ռուսների օգնությամբ ստեղծում է իրեն Արևմտյան Հայաստանի կառավարություն կամ Ազգային խորհուրդ հռչակած կազմակերպություն: Եվ վերջինս ինչ-որ պահի հանդես է գալիս այսպիսի հայտարարությամբ, թե իրենք Թուրքիայի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունեն: Իհարկե, այդ հայտարարությունը որևէ իրավական արժեք չի ունենա, բայց կարող է ծառայեցվել որպես պրոպագանդիստական գործիք: Այսպես, նրանք կարող են աղմուկ բարձրացնել, թե Հայաստանի Հանրապետությունն իրավունք չունի Թուրքիայի նկատմամբ հողային պահանջ ներկայացնելու, քանի որ մենք, որպես Արևմտյան Հայաստանի կառավարություն, հայտարարում ենք, որ հրաժարվում ենք այդ պահանջից:

-Այսօր առկա է լուրջ անհանգստություն, մինչև իսկ հնչում են կարծիքներ, թե ռուսաստանյան թևը նպատակ ունի հայկական հարցը ծառայեցնելու մոսկովյան, իսկ լոսանջելեսյանը` Արևմուտքի շահերին: Առավել մտահոգիչ են այն կարծիքները, թե այդ կազմակերպությունների մեջ հեշտությամբ կարող են սողոսկել օտար հետախուզություններին ծառայող անձինք, ովքեր միտումնավոր կարժեզրկեն մեր ազգային կարևորագույն նպատակը` պահանջատիրությունը:
— Ձեռնպահ կմնամ ագենտ, գործակալներ անվանումներից, քանի որ նման փաստերի չեմ տիրապետում, բայց ենթադրել կարող եմ: Միաժամանակ կա հարցի մյուս կողմը. այդ մարդիկ, ազգային գաղափարներով տոգորված, կարող են անգամ չհասկանալ, որ իրենք օգտագործվում են: Իսկ ինչպե՞ս: Շատ պարզ ու հին մեխանիզմ կա, որ մշտապես օգտագործել են տարբեր երկրների հետախուզական ծառայությունները. ուզում ես որևէ գաղափար ոչնչացնել, սկսիր վարկաբեկել այն: Ստեղծում ես խամաճիկային կազմակերպություններ, որոնք իրականացնում են հավակնոտ, ծիծաղելի ինչ-ինչ քայլեր, ու մարդիկ, ովքեր պատրաստ են ամբողջությամբ նվիրվելու այդ գործընթացին, հետևելով նրանց անհեթեթ քայլերին, հիասթափվում են, հետ կանգնում նաև գաղափարից: Վտանգը հենց սա է: Մի օրինակ բերեմ: Երբ օդանավը օդ է բարձրանում, որպեսզի հրթիռը չդիպչի իրեն, կրակի գնդեր է նետում, որոնք շատ ավելի վառ են ու տաք, և հրթիռը, որ շարժվում է դեպի տաքությունը, բազմաթիվ տաք կետերի մեջ շփոթվում ու կորցնում է նպատակակետը, գնում ավելի փայլուն, բայց դատարկ նպատակակետերի ուղղությամբ: Այդ նույն բանը կատարվում է այսօր: Մենք ունենք հստակ նպատակ, բայց որպեսզի հայերիս շեղենք դրանից, մեր ուղարկած հրթիռի վրա նետում ենք տարբեր փայլուն ու տաք գնդակներ, որ դրանք գան, խառնվեն մեր իրական նպատակներին, ու շեղեն մեր հրթիռի ընթացքը: Այսօր այս մեխանիզմն է մեր դեմ կիրառվում:

-Եթե այդ կազմակերպությունները ստեղծվել են միևնույն գործին ու նպատակին ծառայելու համար, արդյունավետ չի՞ լինի դրանց միավորումը: Թեպետ, որքան տեղյակ եմ, դա չի հաջողվում, ամբիցիանե՞րն են դեր խաղում, թե՞ իրոք, Ձեր բերած հրթիռի օրինակով, ինչ-ինչ ուժեր մեզ անմիաբանության դաշտ են մղում, հեռացնելով մեր հիմնական նպատակից:
-Իրոք, կան ամբիցիաներ, այսինքն, ամեն մեկը, չգիտես ինչու, ենթադրում է, որ իր ուղին ու իր կառույցն է ճիշտը: ՈՒ կարծես լավ է զգում, որ դեռ երկիրը չստացած, իրեն հռչակել են երկրի ղեկավար: Որ եղած կառույցները չեն միավորվում, վկայում է այն մասին, որ նրանց բուն նպատակը ոչ թե Արևմտյան Հայաստանի ազատագրմանը հասնելն է, այլ զուտ ամբիցիաներին բավարարվածություն տալը: Մյուս կողմից, եթե իրենցից ամեն մեկը գիտակցաբար, կամ անգիտակցաբար ծառայում է որոշակի այլ շահերի, բնականաբար, նրանց միավորումը չի կարող տեղի ունենալ: Թերևս սա է պատճառը, որ չեն միավորվում, քանի որ սպասարկում են որոշակի շահերի: Ենթադրենք, եթե որևէ իքս կազմակերպություն մեջտեղ է մղվել կատարելու որոշակի կեղծ նպատակ, ծառայելու որպես խայծ, բնականաբար, այդ կազմակերպությունը չի կարող միավորվել մյուսների հետ, որովհետև ինքն այլ խնդիր ունի լուծելու:

-Պարոն Պապյան, կազմակերպություններից մեկը հայտարարում է, որ ակտիվ գործունեություն է իրականացնում ՄԱԿ-ում։
-Չէ՛, մենք տարբեր բաներ շփոթում ենք իրար հետ, այդ կազմակերպությունը ՄԱԿ-ում չի գործում: Ինչպես Երևանում կարող ես գնալ ու գրանցվել արդարադատության նախարարությունում որպես ոչ կառավարական կազմակերպություն, նույն կերպ էլ ՄԱԿ-ում դու կարող ես գրանցվել որպես այդպիսին: Նման ՀԿ-ների թիվը դեռ 10 տարի առաջ անցնում էր 40 հազարը, հիմա, կարծում եմ, կլինի 60 հազար: ՈՒղղակի գրանցվել են որպես հասարակական կազմակերպություն ու անունը դրել Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդ: Սա չի նշանակում ՄԱԿ-ում գրանցված լինել, չի նշանակում, որ ՄԱԿ-ը ճանաչում է նրանց:

-Ընդունենք, որ այդպես է, բայց այդ կառույցը չի՞ կարող միջազգային կազմակերպության հարթակը ի նպաստ մեր շահերի օգտագործել:
-Նայած, թե ինչ դիրքերից է հանդես գալիս ու ինչ է ասում: Չնայած չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է դա անել:

-Ամբիոնը ծառայեցնել բնիկ հայ ժողովրդի իրավունքների մասին հայտարարություններ հնչեցնելուն:
-Բայց չէ՞ որ միակ իրավատերը միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող Հայաստանի Հանրապետությունն է: Նրանք ասում են` ՀՀ իշխանությունները քայլեր չեն անում, մենք ենք անում: Ես էլ իրենց ասում եմ` եղբայր, չեն անո՞ւմ, ուրեմն դու այնպիսի գործեր արա, որ իրենք ևս ստիպված լինեն գործ անելու: ՀՀ վարչապետի հանձնարարականը` լուսաբանել Վուդրո Վիլսոնի հայանպաստ գործունեությունը, դրա լավագույն ապացույցն է. այն օդից չընկավ, դա տարիների աշխատանքի արդյունք է: Գո՛րծ արեք, համոզե՛ք ՀՀ իշխանություններին` փաստերով, հիմնավորումներով, որ նա էլ անի: Իսկ եթե ասում եք` իրենք չեն անում, մենք ենք անում, ուրեմն, դուք ձեզ համեմատում եք օրինականորեն ճանաչված միջազգային իրավունքի սուբյեկտի` Հայաստան պետության հետ: Բայց, կներեք, դուք ո՞վ եք: Եթե Արևմտյան Հայաստանը լիներ առանձին հանրապետություն, ու իրենք նման քայլեր անեին, կհասկանայի, որ մարդիկ լավ գործ են անում, բայց, ախր չկա, ու չի եղել: Այսօր ունենք իրեն պետություն հռչակած Արցախի Հանրապետությունը, որն ունի տարածք, ունի իր նախագահը, օրենսդիրը, կառավարությունը, բայց անգամ այս պարագայում Արցախը չի կարողանում դառնալ միջազգային իրավունքի սուբյեկտ, որովհետև իրեն չեն ճանաչում, ո՜ւր մնաց ինչ-որ մարդիկ, որոնք հայտնի չէ, թե ովքեր են, ինչ-որ բանի հասնեն: Ես Արևմտյան Հայաստանի խնդրով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներին միշտ մի հարց եմ տվել` ինչո՞ւ եք կարծում, թե կարող եք 100-200 հոգով հավաքվել ու ձեզ հռչակել Արևմտյան Հայաստանի ղեկավար կազմ, և ինչո՞ւ դա չեն կարող անել, ասենք, մեր հարևան Վարդուշն ու Սիրուշը: Մի հասկանանք` ինչո՞վ եք դուք նրանցից լավը: Չէ՞ որ նրանք էլ որպես հայեր պահանջատերեր են: Այսինքն, ինչի՞ց են բխում ձեր լիազորությունները, սա շատ կարևոր է, բայց որը տվյալ պարագայում չկա:

Կարեն Միքայելյանը նպատակ ունի Երևանում կազմակերպելու արևմտահայերի համաժողով, նախատեսվում է, որ դրան կհաջորդի Փարիզում կայանալիք կոնգրեսը: Դուք դրանից տեղյա՞կ եք:
-Այո, ես նույնիսկ հրավեր եմ ստացել: Բայց չեմ գնալու: Միքայելյանի տեսությունն է` հավաքվել Փարիզում, հռչակել արևմտահայերի 3-րդ կոնգրես և դրանով ինչ-որ բան անել: Բայց ես չեմ հասկանում, թե այդ կոնգրեսը ինչո՞վ է տարբերվելու, ասենք, խոհարարների 8-րդ կոնգրեսից` իր իրավական կարգավիճակով: Իրենք չեն կարող իբրև պահանջատեր հանդես գալ, որովհետև պահանջատիրությունը բխում է ոչ թե անունից, այլ կարգավիճակից: Երբ դեռ 5 տարի առաջ Միքայելյանը հանդիպեց ինձ հետ, ես նրան իմ մտահոգությունը հայտնեցի` ինչպե՞ս պիտի ապահովեք կառույցի համահայկական լեգիտիմությունը: Ինձ բացատրեց, թե կստեղծենք մի այնպիսի կառույց, որի մեջ կներգրավենք հայկական բոլոր կազմակերպություններին ու երևելի մարդկանց:

-Եվ այսօր նրանք զբաղված են հայտնի մարդկանց իրենց շուրջը հավաքելով:
-Դա չի կարող տեղի ունենալ, մասնավորապես, այսօր, որովհետև գործընթացները շատ ավելի վատ վիճակում են, քան 5 տարի առաջ էր: Այն ժամանակ կային մարդիկ, ովքեր հավատում էին նրան և ուզում մասնակցել, այսօր նրանք հեռացել են: Ես դեռ այն ժամանակ իրեն ասացի, որ եթե նման կառույցի ստեղծումը հնարավոր լիներ, վաղուց ուրիշները ստեղծած կլինեին: Այսօր մի համայնքում, ուր 60 000 հայ է ապրում, չկա մեկ կազմակերպություն, որը ներկայացնի բոլոր հայերին, ու չի էլ կարող լինել, որովհետև մարդիկ ուղեղ ունեն, իսկ ուղեղ ունեցող մարդիկ մտածում են տարբեր կերպ:

-ՈՒղեղ ունենալը նշանակում է անմիաբանությո՞ւն: Այդ դեպքում ի՞նչ եք առաջարկում որպես տարիներ շարունակ այս գործում մեծ վաստակ ունեցող քաղաքագետ:
-Կարելի է որոշակի ընդհանուր նպատակների շուրջ համերաշխ ու կոորդինացված գործունեություն ծավալել, բայց այստեղ էլ, ցավոք, խանգարելու են ամբիցիաները, և ամեն մարդ ինքն է կամենալու լինել առաջինը: «Ինչ անել»-ի պատասխանը մեկն է` ազգի կազմակերպման բարձրագույն ձևը կա ու մնում է պետությունը: Ես կառաջարկեի մեր բոլոր ջանքերն ուղղել մեր պետությանն ու իշխանությանը համոզելու այն հարցում, որ միակ ճշգրիտ ճանապարհն այն է, որ Հայաստանը հաստատի իր իրավունքներն այդ տարածքների վրա, կամ որոշակի իրավունքներ ունենա այդ տարածքներում: Դրա համար հետևողական աշխատանք է պետք: Պետք է հրապարակել այն բոլոր իրավական ու քաղաքական փաստաթղթերը, որոնց վրա խարսխվում են մեր իրավունքները: Երկրորդ, որպեսզի դա չլինի մերկապարանոց հայտարարություն, պետք է գնալ հայտնի ճանապարհով, որով գնում է ամբողջ աշխարհը, դիմել չեզոք մասնագետների, թող եզրակացություն տան Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կապակցությամբ: Երբ կունենանք նրանց տեսակետները, ուր կասվի, որ իրավարար վճիռն առայսօր ուժի մեջ է, և Հայաստանն այդ փաստաթղթի հիման վրա կարող է դիմել Միջազգային դատարան ու պահանջել որոշակի իրավունքներ, ես վստահ եմ, նման եզրակացության դեպքում ՀՀ իշխանություններն այլ դիրքորոշում կորդեգրեն, ու մենք նոր ընթացք կունենանք: Մինչդեռ այդ կազմակերպությունները նման քայլերի ձեռնամուխ լինելու փոխարեն գնում են հակառակ ուղղությամբ, չունենալով լեգիտիմություն, հայտարարում, թե ստեղծել ենք Արևմտյան Հայաստանի կառավարություն: Նրանք անգամ չգիտեն, թե ինչի են ուզում հասնել: Այդ կազմակերպությունների մեջ նույնիսկ վեճ կա` հողերն ուզո՞ւմ են, թե՞ ոչ: Բայց չէ՞ որ դա ամենակարևոր հարցն է: Այսինքն, ոչ նպատակն է հստակ, ոչ էլ դրան հասնելու ուղիները: Միքայելյանն ասում է` եկեք ստեղծենք կազմակերպություն, հետո կտեսնենք, թե ինչ ենք անում: Դա նման է նրան, որ կառուցում ես մի բան ու չգիտես, թե ինչ է` տո՞ւն է, ֆուտբոլի դա՞շտ, թե՞ պահեստ: Այդպիսի գործը վաղ թե ուշ ձախողվելու է:
Զրույցը վարեց  Արմինե ՍԻՄՈՆՅԱՆԸ

ArmAr.am,  idefacto.am

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: