«Ժամանակն է հրաժարվելու փրկիչներ որոնելուց ու առաջնորդապաշտությունից»

by

Հարցազրույց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հետ:

-Լինելով ազատամարտիկ, ի՞նչ էր պատերազմի տարիներին պայքարը Ձեզ համար նշանակում և ի՞նչ է այն այսօր:

-Ազատամարտի ժամանակ պայքարը միտված էր ադրբեջանական տիրապետությունից Հայոց հինավուրց Արցախի ու արցախահայության ազատագրմանը, իսկ ներկայումս պայքարի նպատակը ազգային-ժողովրդավարական պետության կայացումն է, այնպիսի պետության, որը կապահովի Հայ ազգի և Հայաստանի քաղաքացու ազատ ու ստեղծագործ կյանքը, հայության համախմբումը, նրա իղձերի ու նպատակների իրագործումը, կերաշխավորի անվտանգ, բարեկեցիկ ու արժանապատիվ ապագա:

— Արդյո՞ք արցախյան ազատամարտը տվեց այն, ինչ ակնկալում էիք:

-Մասամբ այո: Մեզ հաջողվեց ֆիզիկապես ազատագրել Արցախի տարածքի մի մասն ու արցախցուն Ադրբեջանի տիրապետությունից, սակայն գործը կիսատ մնաց: Հայաստանի Հանրապետության և Արցախի ղեկավարության կողմից բավարար քաղաքական կամք ու վճռականություն չցուցաբերելու պատճառով թշնամու ձեռքին մնացին մեր Հայրենիքի արևելյան հատվածի զգալի տարածքներ, իսկ փաստացի լուծված Արցախյան խնդիրը արդեն երկու տասնամյակ վերածվել է իրավաքաղաքական արհեստածին պրոբլեմի:

-Ի՞նչ էր պետք անել:

-Պետք էր առանց որևէ արտաքին ուժի ազդեցություն հաշվի առնելու ռազմական հաջողությունը զարգացնել մինչև մեր տարածքների լիակատար ազատագրումը և աշխարհին փաստել Հայաստանի ու Արցախի վերամիավորման 1989 թվականի դեկտեմբերի 1-ի պատմական որոշումն ի կատար ածելու հանգամանքը: Ադրբեջանը ԽՍՀՄ-ից անկախացել է որպես 1918 թվականի Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ, որի սահմանները երբևէ չեն ներառել Արցախի տարածքը: Ուստի միջազգային իրավունքի տեսակետից մենք որևէ պրոբլեմ չէինք ունենա:

— Այսօրվա հայը պատրա՞ստ է պայքարի դուրս գալ:

-Հայը միշտ պատրաստ է պայքարի: Հայը աշխարհի ամենակենսունակ ազգերից մեկն է, ինչի մասին վկայում է պատմությունը: Իսկ կենսունակություն հնարավոր է ապահովել միայն պայքարի շնորհիվ: Համոզված եմ, որ ներկայումս առկա դժվարությունները ևս հայի համար հաղթահարելի են: Հայը ոչ միայն պատրաստ է այսօրվա մարտահրավերները հաղթահարելուն, այլև դրանց հաղթահարումից հետո աշխարհին ու մարդկությանը ներկայանալու է միանգամայն նոր ու շատ ավելի արժանապատիվ կեցվածքով:

Ձեր պայքարից հետո ստացվեց այն, ի՞նչ ակնկալում էիք:

-Թե ինչպիսի պետություն ունենք հիմա, առանձնապես ներկայացնելու կարիք չկա, քանի որ գրեթե բոլորի համար կարծես թե ամեն ինչ պարզ է: Բնութագրեմ մի երկու նախադասությամբ: Քրեաօլիգարխիկ վարչախումբը նպատակ է դրել հաստատելու ֆեոդալական կառավարման համակարգով ամբողջատիրություն, որին հասնելու համար առանց խտրության կիրառում է իրեն հասանելի բոլոր միջոցները: Ծրագրված ու հետևողական կերպով իրականացվում է հայ ժողովրդի համար գոյության անտանելի պայմաններ ստեղծող քաղաքականություն` ժողովրդի ապամշակութացում ու բարոյալքում, բնական պաշարների գիշատչական սպառում, որի հետևանքով շրջակա միջավայրը անհամատեղելի է դառնում կյանքի վերարտադրության ու առողջության պահպանման հետ, ամեն քայլափոխում մարդու պատվի ու արժանապատվության ոտնահարում ու անտեսում, աշխատանքի իրավունքի ու տարրական կենսամակարդակի ապահովման, ինչպես նաև մարդու կյանքի ու գույքի ապահովության երաշխիքների իսպառ բացակայություն, համատարած աղաղակող իրավազրկություն ու խտրականություն, կոռուպցիա, կրթության ու գիտության արժեզրկում ու անկումայնացում: Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը կվերածվի մարդկային կյանքի ու սերնդատվության համար վտանգավոր և մարդու արժանապատիվ գոյության հետ անհամատեղելի մի տարածքի: Իսկ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ դարավոր թշնամու գործը շարունակող ցեղասպանական քաղաքականություն, որի հետևանքով Հայրենիքն ամայանում է, իսկ ազգը հյուծվում ու արյունաքամ է լինում շարունակվող զանգվածային արտագաղթից:

-Իհարկե, քիչ են այն երկրները, որտեղ ժողովուրդը գոհ լինի իր երկրի ղեկավարներից, մեզ մոտ էլ բացառություն չէ, խնդրեմ ասացեք, ի՞նչ եք կարծում, կա՞ն քաղաքակիրթ երկիր դառնալու հույսեր: Այլ կերպ ասած, բացառության շարքում կլինե՞նք:

-Մեր պարագայում խոսքը ոչ թե կառավարությունից գոհ կամ դժգոհ լինելու մասին է, այլ, ինչպես արդեն ասացի, ծրագրված ու հետևողական կերպով հանուն անձնական իշխանական նկրտումների ու նյութական շահերի` յուրային ժողովրդի դեմ իրագործվող ցեղասպանական քաղաքականության և երկրի բնական, նյութական ու մարդկային ռեսուրսների գիշատչական սպառման: Վարչախումբը օգտվում է այն հանգամանքից, որ ժողովրդի մեծ մասը դեռևս գտնվում է խորհրդային իներցիայի ազդեցության տակ և իր քաղաքական կենսունակությունն ապահովելու ու հավերժացնելու նպատակով Հայաստանում ձևավորում է հակահայկական և հակամարդկային խորհրդային քաղաքական մշակույթի ու դրա համակարգի գավառական և այլանդակ տարատեսակը` զուգահեռաբար ամեն կերպ խոչընդոտելով այլընտրանքային ազգային քաղաքական մշակույթի ու համակարգի ձևավորմանը: Մինչդեռ սա քաղաքական-մշակութային փակուղի է, որից դուրս գալու միակ ելքը դրա ժխտումն է և նորի` հայկականի ստեղծումը, ինչի հենքի վրա էլ կառուցվելու է հայկական նոր պետությունը: Բացառություն դառնալու կարիք չկա, մի շարք ազգեր վերջին տասնամյակների ընթացքում կարողացել են հաղթահարել նման բարդության դժվարություններ և ստեղծել քաղաքակիրթ պետություններ: Մենք էլ կարող ենք և անելու ենք:

-Ըստ Ձեզ, կա՞ն երկրներ, որոնց ազդակները խանգարում են Հայաստանի զարգացմանը: Որո՞նք են այդ երկրները և ի՞նչ ազդակներ են ուղարկում:

-Հայաստանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում, որն ըստ էության աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական բազմաբնույթ ու բազմաբևեռ շահերի կիզակետ է: Բնականաբար, բոլոր ուժային կենտրոնները, համաշխարհային և տարածաշրջանային տերությունները, ինչպես նաև Հայաստանի անմիջական հարևաները Հայաստանի նկատմամբ վարում են իրենց շահերի սպասարկմանը կոչված քաղաքականություն: Դա միանգամայն բնական ու նորմալ գործընթաց է: Հայաստանի վրա այդ ուժային կենտրոնների և պետությունների մի մասի խիստ բացասական ու մտահոգիչ, որոշ առումներով` Հայաստանի անկախությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող ազդեցությունը, ինչի որոշակի ակնարկն առկա է Ձեր հարցում, պայմանավորված չէ դրանց բարի կամ չար լինելով: Իրական պատճառը Հայաստանի քրեաօլիգարխիկ վարչախմբի կողմից հանուն իշխանության պահպանման իր ոչ լեգիտիմ կարգավիճակը արտաքին լեգիտիմությամբ մասամբ փոխարինելու նպատակով Հայաստանի անկախության ու սուբյեկտայնության զիջումն է: Ազգային պետության ու լեգիտիմ կառավարության պարագայում այդ պրոբլեմը նման սրություն չի կարող ունենալ և իրավիճակը հետագայում կմտնի ինքնիշխան պետությունների միջև միջազգային հարաբերությունների բնականոն ձևաչափի մեջ:

-Կա՞ մի ուժ, որի հետևից կարող է գնալ մեր ժողովուրդը, և որը կլինի արժանապատիվ ապրելու հնարավորություն:

-Ժամանակն է հրաժարվելու փրկիչներ որոնելուց ու առաջնորդապաշտությունից: Հայ ժողովուրդն ինքը պետք է համազգային ներգրավմամբ տեր կանգնի իր երկրին ու ճակատագրին և ի դեմս իր առավել առաջադեմ զավակների` քաղաքական ստեղծագործությամբ գտնի այլընտրանքային լուծումներ:

-Անդրադառնանք ընտրություններին: Նախ ՏԻՄ ընտրությունների մասին: Ըստ Ձեզ ինչպե՞ս դրանք անցան: Խնդրում եմ Ձեր գնահատականը:
-Ընտրակեղծիքներ,ընտրախախտումներ նկատվե՞լ են:

ՏԻՄ ընտրությունների օրինակով ընտրություների մասին «Սարդարապատ» շարժման գնահատականը, ինչպես նաև ընտրություններին չմասնակցելու հիմնավորումները բերված են այդ առթիվ «Սարդարապատ» շարժման հրապարակային հայտարարության մեջ: Վարչախումբը լիակատար վերահսկողություն է հաստատել առկա քաղաքական համակարգի վրա և միանձնյա կերպով թելադրում է խաղի բոլոր կանոնները: Նա ընտրությունների մեխանիզմը, ինչպես նաև տիրապետող քաղաքական համակարգի ներսում կուսակցությունների քաղաքական պայքարը վերածել է այդ համակարգի և իր կենսունակության սնուցման ու վերարտադրության հիմնական ու անհաղթահարելի գործիքի` բացառելով որևէ այլ քաղաքական ուժի կողմից ընտրությունների միջոցով իշխանության հասնելու հնարավորությունը: Նման պայմաններում ի՞նչ ընտրությունների կամ ընտրություններին մասնակցելու մասին կարող է խոսք լինել: Ավելին` ընտրություններին մասնակցությունը համարում եմ իշխանությունը յուրացրած հանցավոր վարչախմբի կենսունակության սնուցման և նրա լեգիտիմության վերարտադրության մեղսակցություն:

-Պարոն Սեֆիլյան, Դուք ընդդիմությունն եք ներկայացնում, արդյո՞ք համամիտ եք նրա բոլոր քայլերի հետ` ՀԱԿ-ի:

-Համամիտ լինել չլինելու հարցին կարծում եմ արդեն պատասխանեցի ընտրությունների վերաբերյալ իմ դիրքորոշմամբ:

-Ո՞րն է ապագայի Ձեր մակետը:

-Ինչ վերաբերում է պետության նախընտրելի մոդելին, նրա կառավարման, սոցիալ-տնտեսական և անվտանգային համակարգերին, ապա պետք է տեղեկացնեմ, որ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համադասմամբ մշակվում են ապագա պետության ամբողջական ռազմավարական ծրագրի և անցումային փուլի հայեցակարգային հիմնադրույթներ, որոնք շուտով կներկայացվեն հանրությանը:

free voice news

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: