Համշենահայերը` Որպես Հայ Էթնոսի Հավասարազոր Մաս

by

Այսօր հայկական բազմաթիվ էթնոտարածքային խմբեր արդեն բավարար ուսումնասիրված են մարդաժառանգաբանական և պոպուլյացիոն ժառանգաբանության տարբեր բնագավառների ու մեթոդների կիրառման տեսանկյունից, սակայն համշենահայերը, որոնք մեր ժողովրդի ամենահետաքրքիր խմբերից են, հայտնի պատճառներով զուրկ են մնացել այդ կարևոր ասպարեզի լուսաբանումից:

Մանավանդ որ նրանց մի ստվար մասը մահմեդականացված է և քաղաքական շահարկումների խաղաքարտ է դարձել: Շատ հեռավոր պատկերացումներ ունենալով մարդաբանական դասակարգումների մասին` թուրք «մարդաբանները», ինչպես, օրինակ՝ Սաքաօղլուն և Քըրզըօղլուն, համշենահայերին դասում են «օղուզական» կամ «թուրքմենական» ռասայական տիպին1:

Ժամանակակից ռասայական դասակարգումների մեջ նման տիպեր գոյություն չունեն և չեն էլ եղել գիտության ավելի վաղ շրջաններում: Թուրքմեններն իրենք՝ որպես էթնոս, միատարր չեն: Նրանց մեջ հանդիպում են և՛ պամիրա-ֆերգանական, և՛ հնդմիջերկրածովյան, և՛ միջինասիական միջագետքի տիպերը, թուրքմենական որոշ խմբեր, ինչպես, օրինակ՝ չաուդըրներն ու յոմուդներն օժտված են վառ արտահայտված մոնղոլոիդ հատկանիշներով: Իսկ օղուզական տիպի մարդաբանությունը երբեք չի ճանաչվել որևէ մեծ ռասայական բնի համակարգում:

Ըստ երևույթին, թուրք «գիտնականները» խառնում են լեզվական ընտանիքների ու խմբերի դասակարգումները ռասայական դասակարգումների հետ: Նման տիպի անհիմն ազդարարումները մեզ ստիպեցին նախաձեռնել Հայաստանի տարածքում բնակվող մի խումբ համշենահայերի ժառանգական հատկանիշների ուսումնասիրությունը: Հայկական մյուս էթնոտարածքային խմբերի հետ համեմատելու համար իրականացվեցին գլխի ու դեմքի չափագրումներ, ձեռնաթաթի մաշկի գծանախշանկարների ուսումնասիրություններ: Հայ ժողովուրդը, մյուս բոլոր ժողովուրդների նման, իր հասարակական պատմության զարգացման ընթացքում ենթարկվել է նաև զուտ կենսաբանական էվոլյուցիոն գործոնների ազդեցությանը, որոնք, ի վերջո կազմավորել են նրա գենոֆոնդի ուրույն կառուցվածքը, ինչն արտաքնապես արտահայտվել է հայերի «արմենոիդ» մարդաբանական կերպարանքի մեջ: Ռասայական այս տիպին «արմենոիդ» անվանումն առաջին անգամ` 1911 թ., տվել է պրոֆ. ֆոն Լուշանը, որը կարծում էր, որ մարդաբանական բազում խնդիրների լուծման համար հուհույժ կարևոր են արմենոիդների գանգաբանական նյութերի մանրազնին ուսումնասիրությունները: Նա շատ է գրել Առաջավոր Ասիայի տարածքում լայն տարածում գտած ռասայական հիշյալ տիպի յուրօրինակության և կազմավորման խոր հնության մասին2: Այդ տիպին են պատկանել հին շումերներն ու աքքադները, խեթերն ու խուռիները, հին ասորիներն ու հայերը, ինչն ապացուցված է տարբեր շրջաններից պեղված ոսկրանյութերի, ժայռապատկերների, սրբապատկերների, քանդակների և մշակութային այլ նմուշների միջոցով: Արմենոիդ տիպը կրող շատ հնադարյան ժողովուրդներ վերացել են պատմական բեմահարթակից,և ռասայական այս տիպի ուսումնասիրությունն այսօր հույժ կարևոր է թվում: Ինչպես գրել է ռուս մեծ գիտնական Վ. Բունակը՝ «…եվրոպական բրախիցեֆալիայի գենեզիսի լուսաբանումն անհնար է առանց «արմենոիդ» տիպի առաջացման պատմությանհստակ պատկերացման…

Այդ պատճառով ընդհանուր մարդաբանության մեջ հայերի մարդաբանական ուսումնասիրությունն արդեն վաղուց վերածվել է կենտրոնական նշանակություն ձեռք բերած հիմնահարցի»3: Մարդաբանական բազմաձևության (պոլիմորֆիզմ) բոլոր բնագավառներում թե՛ հայ և թե՛ օտարազգի գիտնականների կողմից տարված աշխատանքները ցույց են տալիս, որ խոր հնություն ունեցող «արմենոիդ» ռասայական տիպն այսօր առավելագույնս ցայտուն արտահայտված է ժամանակակից հայ ժողովրդի ճնշող մեծամասնության մեջ: Դա նշանակում է, որ «արմենոիդ» ռասայական հատկանիշները, արտացոլելով ուրույն ժառանգական հենքը, հազարամյակների ընթացքում շարունակվել են սերունդների շղթայով: Ընդ որում, հայկական տարբեր էթնոտարածքային խմբերն իրենց ժառանգական կառուցվածքով չափազանց մոտ են իրար: Իսկ ժառանգական միակերպությունն իր հերթին խոսում է այն մասին, որ ամբողջական հայ ժողովրդի մեջ շատ մեծ էնախնիների գենային հավաքակազմի տոկոսը, տարբերակումներն աննշան դեր են խաղում, և գենոֆոնդի հետագա դրսևորումը բերելու է հայ ժողովրդի ժառանգական պատկերի է՛լ ավելի ընդհանրականութանը: Համշենահայերին (թվով` 47) մյուս քսան հայկական խմբերի հետ համեմատելիս բացահայտվեց, որ ժամանակակից համշենահայերն իրենց ժառանգական համալիրով մտնում են հայկական ամբողջական էթնոսի միակերպության մեջ և կազմում են դրա հավասարազոր մասը: Իհարկե, նկատվում են որոշակի տարբերություններ դերմատոգլիֆիկ հատկանիշների( մեջ, որոնք նրանց մի դեպքում մոտեցնում են հայաստանյան որոշ խմբերին, այլ դեպքերում՝ հեռացնում մյուս խմբերից: Օրինակ՝համշենահայերն իրենց ժառանգական համալիրով ավելի մոտ են Ներքին Թալինի, Աշնակի, Սովետական (այժմ` Ալաշկերտ, գյուղ Արմավիրի մարզում), Տանձուտ և Ջանֆիդա բնակավայրերի հայերին և համեմատաբար հեռու՝ Խնձորեսկի, Վեդիի, Արարատի խմբերից4: Այդպիսի չնչին տարբերությունները բնորոշ են բոլոր հայկական ենթախմբերին կամ, այլ կերպ ասած՝միկրոպոպուլյացիաներին, որովհետև ամեն մի առանձին խմբի մեջ ժամանակի ընթացքում գործել են որոշակի միկրոէվոլյուցիոն գործընթացներ: Համշենահայերի պարագայում, որոնց պատմությունն առանձնանում է իր ուրույն փուլանիշերով, մենք գործ ունենք այնպիսի մի իզոլատի՝ մեկուսացած խմբի հետ, որը հարևան պոպուլյացիաներից դարերի ընթացքում մեկուսացած է եղել ոչ միայն պատմական ու սոցիալական, կրոնական ու հոգեբանական խոչընդոտների պատճառով՝ իր ինքնությունը պահպանելու և պատմական կայունությունն ապահովելու համար, այլև` ֆիզիկաաշխարհագրական ու ժողովըրդագրական առումով, ինչը նպաստել է համշենցիների գենոֆոնդի բնորոշ հատկանիշների ձևավորմանը: Սահմանափակ են եղել միջպոպուլյացիոն ամուսնական կապերը, իսկ պանմիքսիան՝ ազատ խաչասերումը, իրագործվել է ներպոպուլյացիոն սահմաններում: Դրա հետևանքով կազմավորվել են ուրույն գենոֆոնդը և մարդաբանական հատկանիշների բնորոշ համալիրը:

Հայտնի է, որ երկարատև մեկուսացման և ներպոպուլյացիոն ամուսնությունների հետևանքով գենոֆոնդի և մարդաբանական հատկանիշների հետ մեկտեղ ինտեգրվում են նաև էթնիկ առանձնահատկությունները` բարբառները,մշակութային ավանդույթները, հոգեբանական կարծրատիպը և էթնիկ ինքնագիտակցությունը5: Մեր հաշվարկներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայկական էթնոտարածքային տարբեր խմբերում և հատկապես համշենցիների մեջ գերիշխում է արևմտահայկական ժառանգական համալիրը: Այդ համալիրն այսօր էլ գերակշռում է ոչ միայն համշենցիների, այլև Համշենից շատ հեռու բնակություն հաստատած հայկական խմբերում, ինչպես, օրինակ, Սևանի ավազանի մի շարք բնակավայրերում` Մարտունի, Գավառ, Կարմիր և այլն, քանի որ Հայաստանի բազմադարյան պատմությունը լի է ինչպես լայնարձակ տարածքների վերաբնակեցումների, այնպես էլ Առաջավոր Ասիայի և Կովկասի տարածքներում լայն տեղաշարժերի փաստերով: Իսկ այն հանգամանքը, որ համշենահայերն ամենամոտ ցուցանիշներն են ի հայտ բերում մյուս բոլոր և հատկապես արևմտահայկական արմատներ ունեցող խմբերի հետ, խոսում է այն մասին, որ հայկական բոլոր խմբերը շատ միատարր են իրենց ժառանգական համալիրներով, ինչն էլ իր հերթին ապացուցում է նախնիների գեների տոկոսային մեծ հարաբերության փաստը:

Հեղինակ`Քոչար Ն. Հ.
Հեղինակ`Միրզոյան Ք. Պ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: