«Ժառանգություն»–ում մեղադրանքներ են հնչել Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին

by

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է, որ շաբաթ առավոտյան ԲՀԿ–ի և ՀՅԴ–ի՝ թվով 28 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Ընտրական օրենսգրքի այն հոդվածը, որն արգելում է ընտրություններից հետո հրապարակել ընտրական ցուցակները: Բնականաբար, ինչպես և սպասելի էր, «Ժառանգության» պատգամավորները, որոնք ամեն պատի տակ խոսում են ագատ և արդար ընտրություններ անցկացնելու հրամայականի մասին, չեն միացել ՍԴ դիմելու ԲՀԿ-ՀՅԴ նախաձեռնությանը:
Թերթի ունեցած տեղեկություններով՝ այդ խնդրի շուրջը բավականին լարված քննարկում է տեղի ունեցել «Ժառանգության» վարչությունում: Մի քանի ժառանգականներ ասել են, որ այդ լրջագույն նախաձեռնությանը չմիանալն ուղղակիորեն կհարվածի «Ժառանգությանը», քանզի իրենք որևէ կերպ չեն կարողանալու ժողովրդին բացատրել, թե ինչու չեն պահանջում, որ ընտրություններից հետո ընտրացուցակները հրապարակվեն, այն, ինչ դեռ երկու ամիս առաջ խորհրդարանում բղավելով պահանջում էին «Ժառանգության» պատգամավորները: Հավաքի ընթացքում անգամ մեղադրանքներ են հնչել Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին, թե ուրեմն ճիշտ են մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց` Րաֆֆին գործարքի է գնացել ՀՀԿ-ի հետ: Ինչպես փաստում են թերթի աղբյուրները, Րաֆֆի Հովհաննիսյանը ափերից դուրս է եկել ու սովորաբար բավականին շուստրի այդ սփյուռքահայը, որը տիրապետում է իր էմոցիաներին, սկսել է գոռգոռալ, որ իրենք ուղղակի չեն կարող միանալ ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ նախաձեռնությանը: Ավելին, նա նաև ասել է, որ այդ նախաձեռնությանը միանալը կնշանակի ընդհանրապես չեզոքացնել խորհրդարան մտնելու որևէ շանս: Հովհաննիսյանի այդ հայտարարությունից հետո, բնականաբար, ներկաները պարզորոշ հասկացել են, որ ՀՀԿ-ից իրենց նորագույն հաճախորդ «Ժառանգությանը» սպառնացել են, որ եթե միանան ՍԴ դիմելու նախաձեռնությանը, ապա խորհրդարանի երեսը չեն տեսնի:
Իշխանական թևից եկող տեղեկությունների համաձայն էլ` ՀՀԿ-ն, բոլոր դեպքերում, վերջին պահին «քցելու» է «Ժառանգությանը»: ՀՀԿ-ում հասկացել են, որ փորձած թանն անփորձ մածունից լավ է, և որոշել են «խորհրդարան բրդել հին կլիենտուրային»` ի դեմս Արթուր Բաղդասարյանի: Ի վերջո, հանրապետականներն էլ միամիտ չեն և հասկանամ են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարան մտնելուն պես տեղում «քցելու» է ՀՀԿ-ին: Այս տարիների ընթացքում բազմաթիվ քաղաքական ուժեր իրենց մաշկի վրա են զգացել Րաֆֆի Հովհաննիսյանի այդ պահվածքի ողջ «հմայքն ու թշվառությունը»:

Թողնել մեկնաբանություն