Արցախյան դրախտն ու համացանցային հայրենասիրությունը

by

Ալեքսանդր Քանանյան

Թե՛ Հայաստանում, և թե՛ մերձավոր ու հեռավոր սփյուռքում բազում են ամենօրյա հայրենասիրական կոչերով, քաղաքական դատողություններով կամ ուսուցողական վերամբարձ քննադատությամբ հանդես եկող հայրենակիցներ : Համացանցը լի է ֆորումների կամ սոցիալական ցանցերի էջերում թուրքական դրոշակներն այրող վերիրային ազգայնականներով, անկեղծ նվիրյալներով, իմաստուն կամ իմաստակ վերլուծաբաններով և այլն: Արդար լինելու համար՝ չարժե հապճեպ ու ընդհանրացնող եզրակացություններ անել նրանց հայրենասիրության անկեղծության չափի ու խորության վերաբերյալ: Սակայն, վերիրային տիրույթը, որքան էլ կարևոր է Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար, այնքան էլ ինքնաբավ չէ՝ համազգային խնդիրներին գործնական և արդյունավետ ընթացք հաղորդելու առումով: Ամենաառաջնայինն ու միակ էականը եղել է և մնում է հայրենադարձությունը:

Հայաստանում և սփյուռքում կան հարյուրավոր, թերևս՝ հազարավոր հայեր, որոնք անկեղծորեն երազում են Հայրենիքում ապրելու, ստեղծագործելու, չարչարվելու և վայելելու մասին: Նրանցից շատերը տարակուսում են, արդյո՞ք նրանք ի վիճակի են ընտելանալ հայաստանյան միջավայրին, Հայաստան տեղափոխել և պահպանել իրենց ձեռներեցության մի մասը, հաղթահարել հայերենի անբավարար իմացությունը և այլն: Ի՜նչ խոսք, ներկայիս հայոց միջավայրը հեռու է կատարյալ լինելուց, բայց, միաժամանակ, այն ոչ մեկի առջև անհաղթահարելի պատնեշներ չի հարուցում, առավել ևս՝ երիտասարդների համար: Դրա մասին վկայում են գիտակից հայրենադարձության տասնյակ հաջողված նախադեպեր: Իհարկե, խնդիրները, արհեստական և անտրամաբանական խոչընդոտները լինելու են դեռ երկար ժամանակ, բայց սրանցից և ոչ մեկն իր բնույթով անհաղթահարելի համարվել չի կարող:

Խոսքս, սակայն, այլ բանի մասին է: Ո՞վ է խանգարում ցանցային հայրենասերներին իրականություն դարձնել Հայրենիքում ապրելու իրենց ամենահամարձակ երազանքները: Ինչո՞ւ սեփական ուժերով և նախանձախդրությամբ չձգտել Հայրենիքում ստեղծել ազգային կամ բնապահպանական երազած անաղարտ միջավայր:

Այսօր մենք ունենք ազատագրված Արցախ: Արցախի լեռներում և դաշտավայրերում կան հարյուրից ավելի լքված դրախտային բնակավայրեր: Ի՞նչ է խանգարում համացանցային հայրենասերներին, ազգայնականության կամ բնապահպանության ջատագովներին ըստ գաղափարական և կացութաձևային նախասիրությունների խմբեր կազմավորել, ճանաչողական, ապա և գործնական քայլեր ձեռնարկել՝ երազած դրախտն ազատագրված հայրենի հողում արարելու և ընդհանուր գաղափարի շուրջ կենդանի համայքներ հիմնադրելու ուղղությամբ: Այդպիսի խմբերի ինքնակազմավորումից հետո կարելի է ծավալել համահայկական արշավ՝ նրանց համար բնավորման անհրաժեշտ ծախսերը հայթայթելուև աջակցությունն ապահովելու համար:

Վա՞տ է, որ ազգայնականներն ի մի հավաքվեն, համայնք  ստեղծեն, ազգագրական կենցաղի վերժամանակյա գեղեցիկ ավանդույթներ վերականգնեն, անգամ՝ տեղում (ցանկության դեպքում) ազգային տարազ կրեն և այլն: Գաղափարական կամ հայրենակցական սկզբունքով համայնքներ հիմնադրելու համաշխարհային փորձը վկայում է վերջինիս արդյունավետ լինելու մասին՝ պատմական արհավիրքների բերմամբ ազգային հանրության որոշ շերտերի համար առավել հարմար միջավայր ձևովորելու հարցում:

Արդյո՞ք չարժե միասնական ջանքերով օգնել Հայրենիքի մասին երազող մեր հայրենակիցներին՝ երազանքներն իրականություն դարձնելու և նրանց հայրենասիրական մղումները կյանքի կոչելու գեղեցիկ աառաքելության հարցում:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: