Ալեքսանդր Քանանյան
2010 թ. հուլիսին ԼՂՀ «Մշակույթի և երիտասարդության հարցերի» նախարարությունը, ընդառաջելով մինչ այդ իմ արտահայտած որոշ մտքերի գործնականացմանը, կազմակերպորեն և ֆինանսապես աջակցել է Քարվաճառում մեկշաբաթյա «ամառային դպրոցի» նախագծի փորձնականիրականացմանը: Հինգ օրերի ընթացքում Երևանից ու Ստեփանակերտից ժամանած երիտասարդները ոչ միայն ի մոտո ծանոթացան Քարվաճառի հասարկությանն ու վերաբնակեցման գոտու կյանքին, այլև շարունակաբար քայլել ու փարվել են ազատագրված հայրենի բնության քարվաճառյան հրաշալիքներին: Ակտիվ զրույցի տեսքով ծավալված դասընթացներն ու քննարկումները համարյա միշտ ընթացել են բնության գրկում` գետի ափին կամ անդնդախոր կիրճի պռնկին: Ամեն օր մասնակիցների քայլարշավի երկարությունն աճում էր, իսկ վերջինիս պսակը` հնամենի Ծար բերդավան կատարած այցելությունն էր:
Այստեղ` ամեհի ժայռապարերի ու ձորերի վրա սավառնող անմատչելի լեռնային կղզու`«Աստվածապահ Ծար ամուրի» բարձունքում խումբն ամփոփել է տպավորությունների, գիտելիքների ու հուզական ապրումների անցած փորձառությունը: Հետևում մնացին Քարվաճառ քաղաքում, Խոլոզանցի Ջերմաջրում և Տրտուի կիրճում անցկացրած օրերը, որոնք, մի տեսակ, նախապատրաստեցին բոլորին Ծար բարձրանալու օրվան:
Ի՜նչ խոսք, «ամառային դպրոցի» առօրյան միշտ չէ, որ ընթացել է նախատեսված ծրագրի համաձայն: Կյանքն այստեղ էլ մտցրել է մի շարք շտկումներ, որոնց շնորհիվ օրերն ավելի հետաքրքիր ու հիշարժան են անցել: Ամեն օր յուրովի ու անկրկնելի էր անցնում` հաստատելով համակեցության ու փոխօգնության նոր կանոններ և ընդարձակելով աշխարհընկալման հորիզոններ: Ամեն ոք գիտեր իր անելիքը` ճաշ պատրաստելու, սեղան հարդարելու, աման լվանալու և այլ ծառայություններ մատուցելու առումով:
Փորձը հիասքանչ էր, նախ և առաջ` մասնակիցների գնահատմամբ: Անգամ երկու տարի անց համացանցում դեռևս կարելի է հանդիպել նրանց զետեղած քարվաճառյան լուսանկարներին, հիացական ու կարոտալից հուշերին: Ասեմ, որ Երևանից եկած երիտասարդները միշտ չէ, որ լիովին գիտակից էին ազատագրված տարածքի ռազմավարական նշանակությանը և տեղ-տեղ գտնվել են երևանյան քաղաքագիտական դպրոցի «տարածք` կարգավիճակի դիմաց» հանձնողական բանաձևի ազդեցության ներքո: Ազատագրված Քարվաճառին հոգեպես ունյութապես հաղորդակից դառնալու շնորհիվ հաշված ժամերի ընթացքում վերափոխվել է Հայոց ազգային-պետական խնդիրների գիտակցման նրանց պատկերացումների ողջ համակարգը:
Այս և ավելի փոքր երիտասարդ խմբերին Քարվաճառում հյուրընկալելու իմ և համանման այլ փորձերը միանգամայն բավարար են` արցախաճանաչության սույն եղանակը կարևորելու, խրախուսելու և կանոնավոր դարձնելու համար: Այսօր ոչ միայն սփյուռքում ու Երևանում, այլև Ստեփանակերտում քիչ չեն ազնիվ ու խոստումնալից այնպիսի երիտասարդներ, որոնք Արցախը լավագույն դեպքում խորհրդանշաբար ճանաչում են Շուշիից-Գանձասար` Խուդափերինից-Քարվաճառ ճանաչելու փոխարեն:
Եզրահանգելով հուշերի ու ձեռք բերված փորձառության արդյունքները` արձանագրենք, որ «ամառային դպրոցների», «արտագնա դասընթացների», «ուսուցանող քայլարշավերի» կազմակերպված ու մշակված համակարգը մեծապես շահավետ է` երիտասարդությանը միավորելու, նրանց կյանքն իմաստավորելու, պատկերացումները ոգեղենացնելու և նոր սերունդները Մայր երկրին խորապես, զգայապես և բնազանցապես (մետաֆիզիկապես)կապելու համար:
Թողնել պատասխան