«Ով որ քաջ է, ի՞նչ կը սպասէ»

by

Ալեքսանդր Քանանյան

Այսօր հայությունը կրկին ոգկոչում է 1915 թ. ցեղասպանության զոհերի հիշատակը: Հայաստանում և սփյուռքում հարյուր հազարավոր մարդիկ սգո լուռ երթով գնալու են դեպիԾիծեռնակաբերդի բարձունքը և համայն Հայոց եկեղեցիներում կմատուցվի հոգեհանգստյան սուրբ պատարագ՝ «արդարոց հիշատակն» օրհնությամբ հավերժացնելու համար: Տասնյակ երկրների մայրաքաղաքներում տեղի հայկական համայնքների ջանքերով կկազմակերպվեն բողոքի երթեր կամ նստացույցներ թուրքական դեսպանատների առջև, իսկ մի քանի հռչակավոր համալսարաններում կհնչեն ցեղասպանության թեմային նվիրված հուզական դասախոսություններ: Սփյուռքի ավանդական կառույցների երիտասարդները և աշխարհի չորսբոլորը ցրված համացանցային հայրենասերները կրկին կաշխուժանան՝ հրճվելով թուրքական դրոշներն հրկիզելու «քաջագործությամբ»: Սակայն այս ամենը շատ քիչ արժեք ունի, եթե ազգն՝ ի դեմս իր քաղաքական, հոգևոր և մտավորական վերնախավի ընդունակ չէ կամ հանցավորաբար խուսափում է գերագույն հստակությամբ և պարզությամբ ձևակերպել և հռչակել բուն նպատակը, որի համար արժե ապրել և արժե զոհվել: Ցավոք, ցեղասպանության արհավիրքին ի պատասխան մեր ազգային և պետական կառույցների՝ որպես գերնպատակ հռչկաված «ճանաչումը» ոչ միայն կատարելապես անհամարժեք է մեր ունեցած կորուստներին, այլև իսպառ անընդունակ է երաշխավորել նույնանման ոճիրների չկրկնությունը և ոգեշնչելու հայությանը՝ հետամուտ լինել ազգային բուն նպատակների և հրամայականների կենսագործմանը:

Մենք այնքան ենք սովորել թույլի և պարտվածի կարգավիճակով հանդես գալ, որ «ճանաչում» բառը մեր մեջ ստվերել է «հատուցում» և «Հայրենիք» հասկցությունները: «Ճանաչեք ցեղասպանությունը, ճանաչեք արցախահայության ինքնորոշման իրավունքը» գոռում և աղաղակում են օտարության մեջ միլիոններով ապրող մեր հայրենակիցները: Հայաստանի քաղաքական գործիչներն էլ «ցեղասանության ճանաչման» մասին միջազգային ատյաններում երկյուղածաբար արտաբերված մի քանի նախադասությունները դարձնում են իրենց «խիզախության» ապացույց: Այդ նույն գործիչներից շատերը և նրանցից ոչ նվազ խորշելի «վերլուծաբան-թուրքագետները» պատեհապաշտության նողկալի առաջին իսկ մղմամբ ընդունակ եղան ուրանալ ցեղասպանությունը, նահատաակների արյունը և Հայրենիքի ամբողջականությունն ազգային պատմության որևէ փուլում վերականգնելու հայության բացարձակ, անվիճարկելի և աստվածային հարամնա իրավունքը:

Այսքան տարի ծամծմված և հային անվայել «ճանաչում» կարգախոսը մեր անելիքների հետ շատ քիչ առնչություն ունի: Հայաստանում ազգային-պետական իշխանության հաստատումից հետո տարատեսակ «ճանաչումները» լինելու են ընդամենը սպասարկու երկրորդական միջոց՝ Հայաստանի՝ ցեղասպանությամբ ոտնահարված իրավունքները վերականգնելու համար: «Ճանաչումը» համարյա բացառապես անհրաժեշտ է հենց ժողովրդագրորեն մեռնող Արևմուտքին և բյուզանդական ճակատագրի խարանը կրող Ռուսաստանին: Պատմական անշեղ օրինաչափությունների բերմամբ՝ քաղաքակրթական բնական սկզբունքների ոտնահարմամբ և այլոց արյան ու գոյության հաշվին կեղծ բարեկեցության մեջ հայտնված և տարակուսելի աշխարհաքաղաքական խաղերի մեջ ընկղմված «հզորներին» արդեն իսկ մոտակա տասնամյակներին սպասում է դառնագին ու գահավեժ «արթնացում»:

«Հատուցումը», բուն իմաստով, նույնպես հայության գերնպատակը չէ, քանզի այն պատճառահետևանքային շղթայի երկրորդ՝ հակադարձող մասնիկն է: Սակայն, քանի դեռ վերացված չեն ցեղասպանության գլխավոր հետևանքները, հատուցումը պետք է մնա ազգային կյանքի կարևորագույն հրամայականը: Ցեղասպանության կրկնությունից մեզ կերաշխավորի ոչ թե հատուցում չենթադրող  անմարմին «միջազգային ճանաչումը», այլ՝ կենսունակ հայոց պետականության զորությունը:

Պետք չէ ապրել՝ օտարից «ճանաչումը» աղերսելու համար: Չարժե կյանքի օրերը քարշ տալ՝ սպասելով հատուցման հարմար պահին ու ժամանակին: Եթե սպասես, քեզ համար այն երբեք չի գա: Ցեղասպանությունը միայն ազգային մեծագույն ողբերգությունը չէ: Այն նաև յուրաքանչյուրիս երեսին  հասցված ամոթաբեր ապտակ է: Քանի դեռ ցեղասպանության հետևանքները վերացված չեն՝ ոչ մի հայ չի կարող իրեն արժանապատիվ համարել, իսկ Ծիծեռնակաբերդի բարձունքին խորհրդանշաբար դրվող ծաղիկներն ընդունելի կլինեն միայն այն ժամանակ, երբ եղեռնագործին մնացած մեր հովիտների ու գետերի վրա վերստին կծածանվի հայոց դրոշը:

Հատուցման պատեհ պահն ու առիթը կար միշտ: Բայց այսօր այն մեծ և անմիջական է, քան երբևէ: Աշխարհի «հզորներից» «ճանաչում» մուրալու փոխարեն վաղուց եկել է Հայրենիք վերադառնալու և ազատագրված Արցախը բնակեցնելու ժամանակը:  «Ով որ քաջ է, ի՞նչ կը սպասէ»:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: