Որքան էլ ցաւալի է, հարկ է հաստատել, որ 1994 թ. կնքված հրադադարից ի վեր Հայությունն՝ ի դեմս վերահաստատված Հայոց պետականության ունակ չեղավ համազգային ուժերով մշակել և անհրաժեշտ չափով իրականացնել արցախյան ազատամարտի շնորհիվ ազատագրված տարածքների ռազմավարական յուրացման և բնակեցման գերխնդիրը: Ազատագրված տարածքների ռազմաքաղաքական անվտանգության, պատմական հայապատկանության և կենսական կարևորության մասին հրապարակվել են անթիվ հոդվածներ և հետազոտություններ, գումարվել են փորձագիտական ժողովներ և կոնֆերանսներ: Շատ է խոսվել նաև վերաբնակեցմանը խոչընդոտող արտաքին և ներքին քաղաքական գործոնների մասին: Հնչել են խիստ քննադատություններ, հանրային և քաղաքական լուրջ մեղադրանքներ՝ վերաբնակեցման քաղաքականությունը փաստացիորեն ձախողեցնելու, քաղաքական անհրաժեշտ կամք չդրսևորելու կամ խնդրին պատշաճ կարևորություն չընծայելու կապակցությամբ: Առավել արմատական քննադատողների շարքին է պատկանում նաև տողերիս հեղինակը:
Այսուհանդերձ, վերաբնակեցումը միայն կորսված հնարավորությունների տխուր պատմությունը չէ: Այն նաև իրողություն է. Մռավի լանջերից մինչև Արաքս ընկած ընդարձակ տարածության վրա և պեղված արցախյան Տիգրանակերտի շուրջ ձգվող դաշտավայրում այսօր առկա է վերանորոգ բնակավայրերի մի ամբողջ ցանց: Հրադադարից անցած տարիների ընթացքում պետական աջակցությամբ վերակառուցվել են հարյուրավոր տներ, դպրոցներ, վերականգնվել են մի շարք առանցքային ենթակառուցվածքներ: Այս տարածքում արագորեն ընթանում է հայության նոր՝ վերաբնակիչ տեսակի ձևավորումը: Ձևավորվում և ամրապնդվում է այդտեղ բնակություն հաստատած մարդկանց ուրույն համայնքային գիտակցությունը: Վերաբնակեցման գոտու բնակավայրերը չունեն ժաղովրդագրորեն սպառվելու խնդիր՝ ծնելիությունն այստեղ ոչ միայն արձանագրում է նախանձելի ցուցանիշներ, այլև պետության համար արդեն իսկ ստեղծել է վերաբնակիչների ներքին աճը պատշաճաբար սպասարկելու հրամայականը: Նոր սերնդի համար այս տարածքներն ի ծնե նեղ իմաստով հայրենիք են: Վերաբնակեցման գոտի այցելողը համարյա անմիջապես համակվում է վերընձյուղված հայոց կյանքի ողջ հմայքով և ձեռք է բերում մեր ժամանակների համար հազվագյուտ լավատեսությունը:
Վերջին տարիներին Արցախի քաղաքական ղեկավարությունն ազատագրված տարածքների քաղաքական ճակատագրի հարցում դրսևորում է առավել համարձակ և անվանապես սկզբունքային կեցվածք: Խոսվում է “սահմանադրորեն ամրագրված” Արցախի տարածքային ամբողջականության մասին. վերաբնակեցումը հռչակվում է համապետական գերակա առաջնահերթություններից մեկը: Անգամ՝ Արցախի ԱԺ խորհրդարանական հանձնաժողովներից մեկի ղեկավարի մակարդակով վերջերս հնչել է ինքնին ողջունելի մի առաջարկ՝ վերախմբագրել 2006 թ. ընդունված սահմանադրության վերջին հոդվածը՝ Արցախի ներկայիս ողջ տարածքի անձեռնմխելիությունն աներկիմաստ ձևակերպմամբ ամրագրելու համար: Մյուս կողմից, ի հեճուկս որոշ ենթակառուցվածքների վերականգնման ոլորտում նկատվող աշխուժության, ներկայիս վարչակազմը համարյա ամբողջությամբ կասեցրել է ազատագրված տարածքներում բնակֆոնդի շինարարության կամ վերականգնման գործընթացը՝ զրկելով Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները ոչ միայն մինչև 2004-2007 թթ. արձանագրված վերաբնակեցման ծավալներն ապահովելու, այլև շարունակական կերպով ներհոսքը սպասարկելու որևէ հնարավորությունից: Ուստի, եթե անկեղծ խոսենք, այսօր վերաբնակեցումը կաթվածահար վիճակում է: Սակայն, առաջնորդվելով անմեղության կանխավարկածի մոտեցմամբ, ընդունենք, որ Արցախն՝ ի դեմս ներկա իշխանության, իրոք, անկեղծաբար կամենում է շարունակել վերաբնակեցումը, վերանայել նախորդ տարիների բացթողումները և գործընթացին հաղորդել նոր՝ հիրավի ռազմավարական ծավալն ու կարևորությունը:
Վերաբնակեցումը՝ որպես Հայոց պետության ազգային անվտանգության առանցքային հրամայականներից մեկը պետք է ունենա հստակ մշակված և հետևողականորեն գործադրվող հայեցակարգ: Ցավոք, այն ցայսօր, մեղմ ասած, գոյություն չունի: Հասկանալի է նաև, որ այն պետք է մշակվի տեսական և գործնական փորձառություն ունեցող անձանց աջակցությամբ:
Սույն հոդվածաշարով մենք ձգտելու ենք պարբերաբար անդրադառնալ վերաբնակեցման հետ առնչվող այլազան խնդիրներին, մոտեցումներին և կատարվելիք սրբագրումներին: Այսօր, վերաբնակեցմանը նվիրված քննարկումների շրջանակում մենք կշոշափենք Քարվաճառի տարածքում լքված բնակավայրերի հիմնական խմբի վերաբնակեցման ու նոր համայքների հիմնադրման խնդիրը:
Վերաբնակեցման առաջին տասնամյակը նշանավորվել է ազատագրված տարածքներում նոր բնակավայրերի ու համայնքների ձևավորմամբ: Դա միանգաման բնական էր՝ ազատագրումից հետո կայնքը հարկ էր կառուցել մոխրից: Թե ինչու մոխրից, միանգամայն այլ քննարկման նիւթ է:
Մինչև 1998 թ. վերաբնակեցման գործառույթը համարյա բացառապես դրված էր Քաշաթաղի շրջանի վարչակազմի վրա, որն իր գործունեության առաջին տասնամյակում օժտված էր վարչական նշանակալից ինքնուրույնությամբ և ուներ ֆինանսավորման յուրահատուկ եղանակ: Պատերազմից նվազ տուժած Քաշաթաղի հյուսիսային թևի բնակավայրերում պահպանվել է լքված բնակելի շինությունների մեծ մասը: Սկզբնական փուլում էլեկտրականությունը հասանելի էր միայն սակավաթիվ բերձորամերձ գյուղերում, բայց այդ և մնացյալ դժվարությունները չեն խանգարել հաշված տարիների ընթացքում բնակեցնել հյուսիսային թևի համարյա բոլոր բնակավայրերը: Քաշաթաղի առաջին վարչակազմն արդարացիորեն գտնում էր, որ “վերաբնակեցման ծածկույթը” պետք է համաչափորեն ներառեր շրջանի ողջ տարածքը: Ինչ խոսք, որոշ առավել հեռավոր և բարձրադիր գյուղերում բնակչությունը երբեմն մի քանի ընտանիքից էր բաղկացած, սակայն պետական հոգածության պարագայում այն կարող էր արագորեն աճել: Քանի որ կարևորագույն՝ բնակարանային խնդիրն այդ տարածքում որոշակիորեն լուծված էր, մնում էր բնակավայրերն օժտել էլեկտրականությամբ և ապահովել դրանց ուղևորատար հաղորդակցությունը շրջկենտրոնի հետ: Սակայն, արդեն 2000 թվականից նկատելի է դարձել հյուսիսային թևից վերաբնակիչների արտահոսքը, որը կապված էր գյուղերն էլեկտրականությամբ ապահովելու գործնական քայլերի բացակայությամբ:
2004-2006 թթ. ընթացքում Քաշաթաղի շրջանի ղեկավարության և ոստիկանական մարմինների ծայրահեղ ապօրինությունների և հակապետական կեցվածքի հետևանքով տեղի է ունեցել շրջանի հյուսիսային թևից բնակչության ճգնաժամային չափերի արտահոսք, որը դատարկել կամ չգոյության եզրին է հասցրել բազում բնակավայրեր: Միաժամանակ, հենց նույն թվականներին դադարեցվել է Քարվաճառի (այժմ՝ Շահումյանի) շրջանում նոր համայնքների հիմնադրման գործընթացը: Այն, որ հիշյալ դադարեցումը պատահական չէր, կարելի էր եզրակացնել հենց Արցախի ԱԺ որոշ պատգամավորների և կառավարության անդամների խնդրո առթիվ արված դատողություններից: Բացեիբաց ասվում էր, թե “անիմաստ է պահպանել հեռավոր լեռնային բնակավայրեր”: Ավելին՝ առաջարկվում էր (Քաշաթաղի պարագայում) ապաբնակեցնել արդեն իսկ կայացած մի շարք համայնքներ՝ նրանց բնակիչներին փոխադրելով և կենտրոնացնելով շրջկենտրոնից ոչ հեռու գտնվող մի քանի խոշոր բնակավայրերում: (Քարվաճառի շրջանում այս մոտեցմանը զոհ է գնացել 1997-2001 թթ. վերաբնակեցված ու ապա լքված Թութխուն գյուղը, որի բնակիչները ստիպված են եղել փոխադրվել “խոշորացվող” Զուար գյուղը:) Առավել անհեթեթ էին տեղի վարչական և իրավապահ գործիչների՝ ապաբնակեցումը՝ վերահսկելիության դյուրացմամբ հիմնավորելու “փաստարկները”: Բարեբախտաբար, բնակավայրերի խոշորացման անվան ներքո վարած քաղաքականությունը բախվել է առավել գիտակից ու հողից կառչած վերաբնակիչների լռելյայն դիմադրությանը, որի շնորհիվ գյուղերի մեծ մասը հնարավող եղավ փրկել, իսկ “խոշորացման միտումն” արտահայտվել է սոսկ մի քանի գյուղերի՝ մեկ վարչական համայնքի մեջ միավորելու արարով:
Վերջին տարիներին՝ հուրախություն Քաշաթաղի հյուսիսային թևի բնակիչների պետությունը կրկին սկսել է որոշակի ուշադրություն դարձնել տարածքում ենթակառուցվածքների վերականգնմանը: Բարեկարգվել են հիմնական ճանապարհները, վերսկսել է գործել շրջկենտրոնի հետ տրանսպորտային կապը և ամենակարևորը՝ էլեկտրական հոսանքը հասել է համարյա բոլոր համայնքներ:
Այսպիսով Քաշաթաղի հյուսիում համարյա բոլոր բնակավայրերը կենդանի են, թեև՝ հիմնականում սակավաբնակ: Այսօր պետությունը պետք է մտածի հյուսիսային թևի 2004-2006 թթ. առավել տուժած բնակավայրերը “խոշորացնելու” ուղղությամբ, իսկ դրա համար հարկ է աջակցել դրանցում նոր ընտանիքների հաստատմանը և, հատկապես, տեղում վաղուց ի վեր մնացած ու մաքառած բնակչության բնական աճի կարիքների սպասարկմանը: Բնակարանային կապիտալ շինարարության համար ռազմավարական կարևորության տեսանկյունից ոչ առաջնային գոտի լինելով՝ այստեղ կարելի է հիմնականում բավարարվել ագարակային տեսակի անհատական տնտեսություններին վարկային արտոնյալ աջակցություն ցուցաբերելու և աճող ընտանիքներին՝ սեփական ուժերով բնակարանները վերականգնելու համար անվճար շինանյութ տրամադրելու մոտեցումներով:
Քարվաճառի շրջանի պարագայում բնակավայրերի “խոշորացման” գաղափարը հանգեցրել է նոր բնակավայրերի հիմնադրման կասեցմանը: Վերաբերմունքի նման փոփոխությունն արդարացվում էր իբր արդեն եղած գյուղերի ամրապնդման, խոշորացման և ենթակառուցվածքային զարգացման նկատառումներով: Ցավոք, արդյունքները բոլորովին էլ դրական չեղան:
Քարվաճառի շրջանին բավարար չափով ծանոթ անձը գիտի, որ Տրտու (Թարթառ), Դուտխու (Թութխուն) և Լև գետերի կիրճերն ու նեղ հովիտները կազմում են շրջանի տարածքի շատ փոքր մասը: Գետերի երկայնքով ձգվող մայրուղիների վրա գտնվող բնակավայրերը ո՛չ պատմական անցյալում, և ո՛չ էլ ազատագրումից առաջ տնտեսապես առաջատար ու բազմաբնակ չեն եղել: Գերազանցապես անասնապահական Քարվաճառի շրջանում անասնապահական համալիրների և բնակչության մեծ մասը (ներառյալ Քարվաճառ շրջկենտրոնը) կենտրոնացած էր անտառային և (ալպիական) մարգագետնային գոտիների սահմանագծին: Գյուղերի այս դիրքը թույլ էր տալիս առավելապես օգտվել թե՛ անտառի բարիքներից, և թե՛ անտառային շերտից ի վեր ձգվող անծայրածիր արտոավայրերից: Պատահական չէ, որ այսօր էլ շրջանի Նոր Մանաշիդ գյուղում, որը հենց այդպիսի դիրք ունի, կենտրոնացած է ամենախոշոր անասնապահական տնտեսությունների մեծ մասը:
Գետերի նեղ ձորերում գտնվող բնակավայրերում արդեն այսօր առկա է արոտավայրերի զգալի խնդիր, հատկապես, խոշորի մեկ տասնյակից ավելի անասնաքանակ ունեցող բնակիչների համար: Մասնավորապես, նկատելի դժվարությունների են բախվում շրջանի առավել բազմամարդ՝ Նոր-Վերինշեն, Նոր-Բրաջուր, Նոր-Գետաշեն, Դադիվանք և Եղեգնուտ համայքները: Շարքային քաղաքացիների անասնապահական տնտեսությունների զարգացման առջև հետզհետե ծառանում է ևս մեկ խոչընդոտ, որը պայմանավորված է լքված գյուղերի շուրջ գտնվող առավել մատչելի արոտավայրերի՝ շրջանի մասշտաբով ինչ-ինչ “ազդեցիկ” անձանց վարձակալությամբ հատկացված լինելու հանգամանքով: Իրականում, ըստ կադաստրային քարտեզի վարձակալված են ոչ ընդարձակ հողատարածություններ, բայց գործնականում լքված գյուղերի շուրջ վարձակալված հողատարածք ունենալու հանգամանքը թույլ է տալիս “վարձակալատերերին” զգալիորեն սահմանափակել կամ իսպառ արգելել սովորական գյուղացիներին օգտվել անբնակ գյուղերի արոտներից: Նոր համայնքների հիմնադրումը նվազեցնելու է հողատարածքների փաստացի զավթման տարածված այս ապօրինի երևույթը և թույլ է տալու վերադարձնել դրանք արդյունավետ տնտեսական շահագործման դաշտ՝ մեղմելով սրման միտում արձանագրող սոցիալական լարվածության մթնոլորտը:
Նախքան ազատագրումը Քարվաճառի շրջանն ունեցել է շուրջ 122 բնակավայր, որոնցից այսօր վերաբնակեցված է ընդամենը 15 համայնք: Այս համայնքների մեծ մասն արդեն իսկ սպառել է էապես ընդարձակվելու թե՛ ռազմավարական նպատակահարմարությունը, և թե՛ աշխարհագրական դիրքի ընձեռած հնարավորությունները: Ժամանակն է օր առաջ վերանայել առկա գյուղական բնակավայրերը “խոշորացնելու” և “ամրապնդելու” անվան ներքո վերաբնակեցման կարևորագույն բաղադրիչի՝ նոր համայնքների հիմնադրման կասեցման անթույլատրելի իրողությունը: Գործող համայնքների մեծ մասն այնքան կայացած են որ ի վիճակի են այսուհետ զարգանալ ի հաշիվ առկա բնակչության բնական աճի: (“Խոշորացումն” ու “ամրապնդումը” հարկ է կիրառել Քարվաճառ շրջկենտրոնի (որին կանդրադառնանք առանձին հոդվածով), Ծարի և Դուտխուի հովտի բնակավայրերի հանդեպ:)
Հարկ է հրատապ վերսկսել շրջանի անասնապահական հիմնական գոտու բնակավայրերի վերակառուցման և բնակեցման քաղաքականությունը՝ կայացնելով պատշաճ և պարտավորեցնող քաղաքական որոշում: Նոր համայքների հիմնադրումը թույլ է տալու կենդանացնել 2007 թվականից ի վեր Քարվաճառում համարյա մեռած վերաբնակեցումն ու բնակչության ներհոսքը և ստեղծել անհրաժեշտ նախապայմաններ՝ տարածքի անասնապահական անսպառ ներուժից ռազմավարական չափերով օգտվելու և Արցախի պարենային ինքնաբավությունն ու անվտանգոիւթյունն ապահովության նոր մակարդակի վրա բարձրացնելու համար: Հիշյալ գոտում բնակավայերի հիմնադրմանն ուղղվելիք պետական միջոցները հաշված տարիների ընթացքում կհատուցվեն ժողովրդագրական և տնտեսական աճի պատկառելի ցուցանիշներով: Տեղական մանր տնտեսություններին պետական աջակցություն ցուցաբերելու դեպքում կարելի է հասնել դրանց արտադրական հզորության շեշտակի աճի:
Հ.Գ. Քաշաթաղի և Հադրութի շրջանների մերձարաքսյան հատվածներում բնակավայրերի հիմնադրման, վերբնակեցման և տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրերը հարկ էքննարկել առանձին փաթեթով:
Ալեքսանդր Քանանյան
Թողնել պատասխան