Վերաբնակեցումն ու հանրային պատասխանատվության խնդիրը

by

Ալեքսանդր Քանանյան

Տողերիս հեղինակն, անտարակույս, պատկանում է մինչ օրս վարած վերաբնակեցման պաշտոնական քաղաքականության առավել արմատական քննադատների շարքին: Ես և համախոհներս պարբերաբար խոսել ենք վերաբնակեցման գործընթացի համակարգայինթերությունների, ծավալային և աշխարհագրական սահմանափակվածության, վերաբնակեցման օրենսդրության ոչ «ճկուն» բնույթի կամ ընթացիկ վարչարարության սակավարդյունավետ լինելու մասին: Անձամբ բազմիցս նշել եմ, որ այս ամենն առաջացնում է նաև քաղաքական պատասխանատվության խնդիր:

Սակայն, բոլորովին սխալ և անպատասխանատու կլիներ մինչ օրս իրականացրած վերաբնակեցումը թերի կամ չհաջողված հռչակելուց հետո հետ քաշվել և բավարարվել քննադատողի կամ դատապարտողի կեցվածքով: Ազգային-պետական պատասխանատվությամբ առաջնորդվող յուրաքանչյուր հայ չպետք է կրավորաբար արձանագրի պաշտոնական քաղաքականության բացթողումները և դրանով իր «առաքելությունն» ավարտված համարի: Պետական քաղաքականության իրական կամ թվացյալ թերությունները չպետք է պատճառ կամ պատրվակ հանդիսանան՝ վերաբնակեցման նոր ալիքն անորոշ ժամանակով հետաձգելու համար: Ավելին` պետական քաղաքականության կողքին համահայկական ուժերով հարկ է ծավալել վերաբնակեցման հանրային նոր շարժում: Ազատագրված տարածքի բնակեցումը ոչ միայն իշխանական կառույցների, այլև հանրության պետականակերտ գիտակցության ու պատասխանատվության խնդիր է: Ամեն ոք, ով կամենում կամ հավակնում է հայոց հանրային և քաղաքական կյանքում խոսք ունենալ, վերաբնակեցման հարցում պարտավոր է ունենալ մասնակցության իր ավանդը:

Ժամանակն է հանրային ուժերով սկզբնավորելու վերաբնակեցման նոր ալիքը: Հանրությունը` որպես ցանցային իրողություն, հատկապես սկզբնական շրջանում, չի կարող տիրապետել լուրջ և կենտրոնացված դրամական միջոցների կամ օժտված լինել ուղղաձիգ կառավարման պաշարով: Այդ իսկ պատճառով, պայմանականորեն կոչված՝ վերաբնակեցման «երկրորդ» ալիքը սկզբնական փուլում թվապես մեծ չի լինելու: Սակայն վերջինիս բուն առաքելությունը որոշակիորեն այլ է. ազատագրված տարածքը հարկ է վերածել բոլորիս երազած նոր Հայաստանի նախօրինակ օրրանի: Ապագա օրինապաշտ, բնապահպանորեն անաղարտ, հայեցի և առաջադեմ, մոխրից հառնող և կորուսյալ ոգեղեն ու տարածքային ամբողջականությունը վերականգնող Հայաստանը պատշաճ և հարկ իսկ է սկզբնավորել հենց մեր անկախության ամենամեծ նվաճումից՝ արցախյան ազատագրված տարածքից: Այն յուրաքանչյուր գիտակից հային բացառիկ հնարավորություն է տալիս խոսքից գործի անցնելու և սեփական ձեռքով իր երազանքի Հայաստանը կերտելու համար:

Խորապես հավատում ենք, որ իրավիճակը բեկումնային կերպով բարեշրջելու համար բավական են անգամ սակավ թվով երիտասարդ, գրագետ ու վճռական հայրենակիցներ, որոնք պատասխանատու ու նախադեպային որոշում կկայացնեն՝ երևանյան կենցաղի իրական կամ թվացյալ առավելություններից՝ հանուն վեհ ու գիտակից ընտրության հրաժարվելու հարցում: Վերաբնակիչ դառնալու որոշումն իմաստավորում և ամբողջապես հեղաշրջում է յուրաքանչյուր հայի կյանքը, որը նախկինի նման այլևս երբեք չի լինելու: Պետք չէ երկյուղել, որ ազատագրված տարածք փոխադրվելու որոշումը ձեզ հետ կպահի հանրային կյանքին մասնակցելու հնարավորությունից կամ աշխատանքային ու գիտական ոլորտներում առաջադիմելուց: Այսօր բարձրագույն տեխնոլոգիաները և համացանցը թույլ են տալիս անմիջականորեն խորամուխ լինել հայոց կյանքի ալեկոծ ընթացքին և՛Քարվաճառի բարձունքից և՛ Արաքսի մերձարևադարձային մրգաստաններից: Երևանում ֆիզիկապես գտնվելու հանգամանքը երկրորդական է բոլոր նրանց համար, ով ունակ է արարել մտավոր արտադրանք: Եվ, վերջապես, հաստատ իմացե՛ք, որ ազատագրված տարածքից հնչած ձեր խոսքն անհամեմատ ավելի մեծ կշիռ ու տարողություն կունենա, քան խորը լճացման ու սնանկության մեջ դեգերող երևանյան քաղաքական դաշտի բովանդակազուրկ ասելիքը:

Վերաբնակեցման երկրորդ՝ նախադեպային զորեղ ու հուսշատ ալիքի  ակնկալիքով հաստատենք, որ պատրաստ ենք ընդունել և օգնել ձեզ՝ մեր բոլոր՝ նյութապես սակավ, բայց ոգեպես՝ անսպառ հնարավորություններով: Միասնական ջանքերով՝ «բարյավ կամ հարկավ» մենք կառուցել կտանք կամ համայն ուժերով ինքներս կկանգնեցնենք ձեր տներն ու կստեղծենք ձեզ համար մարդկային և ընկերային ջերմության միջավայր: Կարևոր է, որ դուք լինեք:Անտեղի չէ ասել, որ ձեր լինել կամ չլինելը լավագույնս կվկայի հայության՝ պատմության գիրկն անցնող կամ գալիք ժամանակաշրջանի հաղթանակները կերտող հանրություն լինելու մասին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: