Ի՞նչն է սիրուն…

by

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր և Մաշտոցի պուրակի ակտիվիստ Տիգրան Խզմալյանը Facebook–ի իր էջում հանդես է եկել «Քաղաքական գեղագիտությունը Հայաստանի 3-րդ հանրապետությունում» վերնագրված հրապարակախոսական հոդվածով, որտեղՄաշտոցի այգու կրպակներն ապամոնտաժելու՝ Սերժ Սարգսյանի հորդորում արված «սիրուն չէ» արտահայտությունն օգտագործելով՝ հարցադրումներ է հնչեցրել հայաստանյան այսօրվա ներքաղաքական ու հասարակակակն որոշ իրողությունների մասին։ Այդ հարցադրումների մի մասն էլ ուղղված են հենց Սերժ Սարգսյանին։ Ներկայացնում ենք հոդվածը ստորև.

Վերջին շրջանի իրադարձությունները բազմաթիվ այլ հետևանքներից բացի հարստացրեցին հայկական քաղաքական բառապաշարը նոր հասկացությամբ` հետայսու «սիրուն» ածականը բարձր հովանու տակ վերածվեց քաղաքական կատեգորիայի: Երբ քաղաքացիական հասարակության և իշխող վարչախմբի դիմակայությունը իրավական դաշտից վերջինս տեղափոխում է գեղագիտության ոլորտ, ապա իշխանությունը մտնում է իր համար բավական վտանգավոր գոտի: Վաղուց է ասված` ապակե տան մեջ ապրողը չպետք է քարեր նետի: Երբ մարտի 1-ի արդյունքում գահակալած Սերժ Սարգսյանը որոշեց լուծել հանրային ու մասնավոր սեփականության միջև հարյուրօրյա սկզբունքային վեճը «սիրուն չի» խորիմաստ ակնարկով, նա ակամա հիմք դրեց մի շարք տհաճ հարցադրումների համար:

Ինչպես ասում էր խորհրդային շրջանի ամենահայտնի գրական կերպար Օստապ Բենդերը. «Շուրա, եթե դուք վերջնականապես որոշեցիք անցնել ֆրանսերենի, ապա դիմեք ինձ ոչ թե «մեսյե», այլ «սիտուայեն», ինչը նշանակում է «քաղաքացի»… Ու եթե Դուք, քաղաքացի նախագահ, որոշեցիք մտնել քաղաքական գեղագիտության փոթորկոտ ջրերը, ապա եղեք հետևողական ու բացահայտեք Ձեր մյուս էսթեթիկ նախասիրությունները քաղաքականության մեջ: Ինչպես տեսնում ենք, Ձեզ դուր է գալիս լինել դատարկվող ու գաղութացվող Հայաստանի նախագահ, ում ճաշակի համաձայն «սիրուն» են համարվում ամայացած գյուղերն ու անգործության մատնված գործարանները, «սիրուն» են անմարդաբնակ թաղամասերի սև պատուհաններով կուրացած Չարենցավանն ու Գյումրին, Ստեփանավանն ու Երևանը: Միջին հաշվարկով ամեն Աստծո օր Հայաստանից անվերադարձ հեռանում է շուրջ երկու հարյուր մարդ` մի ողջ փոքր գյուղ է անհայտանում մեր Հայրենիքից ու այս համազգային արյունահոսությունը չի ընդհատվում տարիներ շարունակ, միայն ավելանալով յուրաքանչյուր «ընտրություններից» հետո, որոնց կազմակերպիչներից մեկը հանդիսանում եք Դուք սկսած 1996 թվականից… Այս ողջ ընթացքում Հայաստանի երրորդ հանրապետության միակ արտահանման առարկա դարձել է մարդը` հայ մարդը: Հայաստանի երրորդ հանրապետության միակ արտադրանքը`օրեցոր աճող Սփյուռքն է: Կասեք` դա սկսվել էր դեռևս Ձեր նախկին գործատու, առաջին նախագահի օրո’ք: Այո, բայց չէ’ որ Դուք մեկուկես տասնամյակ շարունակ, հոկտեմբերի 27-ով ու մարտի 1-ով հանդերձ զբաղեցնում էիք բոլոր առաջատար պաշտոնները մեր երկրում` ներքին գործերի նախարարից ու անվտանգության ծառայության ղեկավարից մինչև պաշտպանության նախարար ու վարչապետ, իսկ վերջին չորս տարի նաև նախագահ…

Դուք ի՞նչն եք «սիրո’ւն» համարում` Ձեր կառավարության որոշ անդամների ակնհայտ ֆաշիստական կեցվածքն ու կերպարա՞նքը, կամ Սպանդարյանի արձանի տակ արտասանվող ու Նժդեհի սուրբ անունը վարկաբեկող ճառե՞րը, մինչդեռ Նժդեհի հանճարով փրկված Սյունիքը նույն այս կառավարությունն այսօր հայաթափում է հանուն օտարերկրյա գիշատիչների շահերի: «Սիրո’ւն» է գավառական ճոխությամբ կառուցված, տեղաբնակների ճակատագրերը քանդած ու առ այսօր դատարկ մնացած Հյուսիսային պողոտան: Կամ էլ Դուք «սիրո՞ւն» եք համարում Կոմիտասի, Խաչատուրյանի, Տերտերյանի, Բաբաջանյանի, Հովհաննիսյանի, Հարությունյանի, Մանսուրյանի երաժշտության անհայտացումը հայկական եթերից, որը փոխարենը լցված է մականունավոր ռաբիսների կլկլոցով: Կա’մ միգուցե Փարաջանովի ու Փելեշյանի կինոդպրոցի բարձր ավանդույթները ոտնահարող այսօրվա էժանագին ու գռեհիկ հեռուստաաղբն է համապատասխանում «սիրունի» մասին Ձեր պատկերացումներին: Իսկ «սիրո՞ւն» է արդյոք հանրային զբոսայգիների զավթումը այլանդակ ու անճաշակ մասնավոր խորտկարաններով ու հյուրանոցներով, որի սկիզբը դրվել էր Հաղթանակի այգում ապօրինի կառուցված ու Քոչարյանի պնդմամբ հենց Ձեզ պատկանող «Ոսկե դղյակ/Գոլդն փելըս» հյուրանոցով: Դա նման է ճշմարտության, քանզի հենց Ձեր նախկին ու ներկայիս թիմակիցների ջանքերով Հին կտակարանի «ոսկե հորթը» փոխարինեց Աստծուն ու դարձավ կուռք այսօրվա Հայաստանում, իսկ փողի պաշտամունքը, ընչաքաղցությունը, կաշառքն ու կողոպուտը վերածվեցին իշխող արժեհամակարգի ու պաշտոնական քաղաքականության: Ես չեմ կարող մոռանալ այն իսկապես աստվածաշնչյան մռայլ խորհրդանիշը, երբ Ձեր մասնակցությամբ բացվում էր պղնձե ցուլի` նույն այդ ոսկե հորթի արձանը «Վալեքս» ֆիրմայի գործարանի տարածքում` նույն այդ «Վալեքսի», որն այսօր ջանում է արմատախիլ անել Թեղուտի հազարամյա անտառը հանուն արտասահման հոսող միլիարդների…

Քննենք Ձեր արտաքին քաղաքականության գեղագիտությունը: Եթե դեռ չորս տարի առաջ ոմանք հույսեր էին տածում, որ գոնե ազատագրված տարածքների բնակեցումն ու Արցախի վերամիավորումը անվերադարձ բնույթ են կրելու, ապա Ձեր «ֆուտբոլային դիվանագիտությունը» միայն պատճենահանեց Ձեր իսկ նախկին «շեֆի» տխրահռչակ «սերգոջանությունը», ավելացնելով դրան թուրք նախագահի պատվին Ծիծեռնակաբերդի մարած լույսերն ու հայ ֆուտբոլիստների շապիկներից հանված Արարատի խայտառակությունը: Այս ամենի «սիրունության» աստիճանը գնահատելու է պատմությունը, բայց մենք ապրում ենք այսօր ու մեր հազարամյա Հայրենիքի ճակատագիրը, մեր պետականության ապագան վտանգված են լրջագույն մարտահրավերներով, որոնց չի կարողանում դիմակայել կամ գոնե համարժեք գտնվել Ձեր վարչախումբը` ոչ կառավարման, ոչ գաղափարական, ոչ անգամ գեղագիտական մակարդակով: Ի վերջո, մեր տարաձայնությունները հենց գեղագիտական են, քանզի խարսխված են բացարձակապես տարբեր արժեքների վրա: Այդ տարբերությունը հասկանալու համար բավական է միայն նայել Ձեր ու մեր կողմնակիցների դեմքերին: Համեմատեք Ձեր կուսակցապետերի, մարզպետների, ոստիկանապետերի դեմքերը մեր կողմնակիցների` երիտասարդ բնապահպանների, ըմբոստ ուսանողների, ինքնորոշված քաղաքացիների դեմքերի հետ:

Համեմատեք նրանց արժեքները, սկզբունքները, իղձերը: Ձերոնք նախևառաջ տգեղ են, որովհետև տգետ են, որովհետև տհաճ են, որովհետև ագահ են ու անկուշտ: Ձերոնք սիրուն չեն, որովհետև նրանց ոչ ոք չի սիրում, որովհետև նրանք ոչ ոքու չեն սիրում ու սիրել չգիտեն: Որովհետև վախեցնելով ու կաշառելով, սպառնալով ու նվաստացնելով սեր չես նվաճի, որովհետև սերը ստիպելով ու ահաբեկելով չի լինում, իսկ առանց սիրելու երեխա էլ չի ծնվի, այլ ծնվում է հրեշն ու վիշապը: Մերոնք էլ «սիրուն» չեն ` մերոնք գեղեցիկ են, ինչպես գեղեցիկ է աշխատող մարդը, անկեղծ երիտասարդը, սիրված կինը, արժանապատիվ ժողովուրդը: Մենք հաղթելու ենք հրեշներին ու վիշապներին ու ինքներս էլ վիշապ չենք դառնա, քանզի մենք սիրել գիտենք ու սիրով ենք հաղթելու:

Դուք, կարծեմ, բանասիրական կրթություն եք ստացել, քաղաքացի նախագահ, ինչպես և ես: Վստահ եմ, կարդացել եք Դոստոևսկու մոտ. «Գեղեցիկը փրկելու է աշխարհը»: Լսո՞ւմ եք` ոչ թե «սիրունը», այլ գեղեցիկը…

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: