Ուժը, որը փրկելու է մեզ, գալու է մեր ներսից

by

Մեր զրուցակիցն է կինոռեժիսոր, Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը

Պարոն Խզմալյան, մինչև Դուք բացակայում էիք քաղաքից, ապամոնտաժվեցին Մաշտոցի պուրակի կրպակները, Սերժ Սարգսյանի համար էլ դրանք սիրուն չէին: Արդյոք սա՞ էր սպասված արդյունքը:

Ես հայ համայնքի հրավերով Հոլանդիայում և Գերմանիայում էի, մի աշխարհամասում, որտեղ բացի եղանակից, քիչ բան է փոխվում կամ շատ դանդաղ է փոխվում, իսկ Հայաստանում մեկ օրում կարող է ամեն ինչ փոխվել, անգամ Հայաստանը կարող է փոխվել, և սա է մեզ պահում այստեղ, չի թողնում հեռանալ. հիմա այստեղից հեռանալը դասալքություն է: Այնպես որ, Հայաստանից չի կարելի բացակայել երկար: Ինչ վերաբերում է Մաշտոցի պուրակի զարգացումներին, կարծում եմ` պետք չէ ընկնել էյֆորիայի գիրկը: Եթե խոսենք մաթեմատիկական հարաբերակցության լեզվով, ապա Մաշտոցի պուրակը հարաբերվում է մեր իրական նպատակներին այնպես, ինչպես մեկ հանած գամը հարաբերվում էր բոլոր բուտիկներին: Սա մի կողմից նշանակում է` արվել է շատ քիչ գործ, բայց մյուս կողմից նշանակում է, որ այնպես, ինչպես մի գամ հանելուց հետո մենք վստահ ասացինք, որ ամբողջը կապամոնտաժվի, նույն վստահությամբ, սառը հաշվարկով և տաք զգացմունքներով ասում ենք, որ սա իսկապես սկիզբն է: Առաջին անգամ քաղաքացիական հասարակությունը խաղաղ և օրինական ճանապարհով, սահմանադրությունը ձեռքում բռնած` մի փոքրիկ պարտության մատնեց բռնապետությանը: Գերագնահատել պետք չէ, բայց թերագնահատելը նույնպես հիմարություն կլիներ: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի պուրակ այցելությանը, ես չեմ ուզում անդրադառնալ հիվանդագին երևակայության արդյունք դարձած «վերլուծություններին», որոնք արագ «թխեցին» մի դավադրության տեսություն, թե իբր այս ամենը ծառայում էր Սերժ Սարգսյանի շահերին: Սա ցույց տվեց բռնապետության թուլությունը: Սերժ Սարգսյանի արտահայտությունները, որ սիրուն չեն, բավական ծիծաղելի էին, իսկապես օգտագործվեց գեղագիտական բառապաշար, և սա հետաքրքիր զարգացում է, քանի որ դրա մեջ կա հետևողականություն: Մոտ երկու-երեք ամիս առաջ, երբ քաղաքապետին առաջարկեցին օրենքով խոսել, մերժեց դա, ասաց` ինձ հետ օրենքով մի խոսենք: Հարյուր օր անց նույնն ասաց Սերժ Սարգսյանը` սիրուն չէ, այսինքն` նա նույնպես հրաժարվեց քննարկել հարցի իրավական, սահմանադրական կողմը, իսկ դա ամենաէականն է, քանի որ ապացուցեց, որ երիտասարդների մարտավարությունը և քաղաքացիական ռազմավարությունը ճիշտ է: Մենք պաշտպանում ենք օրենքը, սահմանադրությունը, որովհետև պետականության կրողները Հայաստանում այսօր մենք ենք, ոչ թե նրանք, ովքեր իրենց իշխանություն են անվանում: Դա վատ է դիմադրական շարժման համար և դա շատ վատ է երկրի համար, որովհետև համարձակվում եմ ընդհանրացնել և պնդել, որ Հայաստանի վերջին դարերի բոլոր պարտությունների և ողբերգությունների ամենակարևոր պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում չի ձևավորվել և առ այսօր չի ձևավորվում իրական վերնախավ` քաղաքական, դիվանագիտական, ռազմական, մշակութային: Բայց սա չի նշանակում, որ մեզ մոտ չկան հիմնական սերուցքի ներկայացուցիչներ, պարզապես և օտար ուժերը, և ներքին գզվռտոցը, և կուսակցականացումը Հայաստանի հասարակության քաղցկեղն են դարձել, խանգարում են երկրի իրական վերախավին զբաղեցնել անհրաժեշտ տեղը: Իրականության մեջ այդ տեղն անընդհատ զբաղեցնում են ապիկար, անշնորհք, տգետ և անհամապատասխան մարդիկ, որոնք նորից ու նորից պատմության մարտահրավերների և ելևէջների պահին պարտվում են, փախչում, տանուլ են տալիս և բերում են ազգին ողբերգություններ:

Այս անգամ Ազգային ժողովում կլինեն ՀԱԿ-ի ներկայացուցիչները: Վերջին տարիներին հատկապես դժգոհում են թե իշխանության, թե նաև ընդդիմության գործողություններից, հնարավո՞ր է հիմա իսկապես ձևավորվի նոր ուժ:

Իմ գործընկերները վերջին շաբաթների, ամիսների ընթացքում հաճախ են կրկնում` մեծ սխալ է, երբ հասարակության մեջ կա սպասում, որ ինչ-որ ուժ կգա դրսից, վերևից, այլ երկրից կամ այլ մոլորակից և կառաջնորդի. սա հայկական հիվանդություն է: Հայերը որքան շատ են կրկնում Չարենցի ծեծված արտահայտությունը, այնքան քիչ են հասկանում: Այնտեղ ոչ միայն ածականի վրա պետք է ուշադրություն դարձնել` ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է, ոչ միայն հավաքական ուժի մեջ է, այլ նաև կարևոր է քո ուժը, որը մեր ներսից պետք է լինի: Ուժը, որը փրկելու է մեզ, գալու է մեր ներսից, ոչ թե դրսի ուժի մեջ է մեր փրկությունը, այսինքն` հասարակությունն ինքն է կրողն այդ ուժի: Չեմ ուզում ասել հասարակությունը մինչև ամբողջությամբ չհասկանա, չի ստացվի, պետք չի հասարակությունն ամբողջությամբ հասկանա, պետք է դա հասկանա մեր իրական վերնախավը: Կարող եմ ասել, որ մեր աչքի առաջ այդ իրական վերանախավը ստեղծվում է: Այդ երիտասարդ աղջիկներն ու տղաները, որոնց օրեցօր նոր զանգվածներ են միանում, այն մարդիկ են, ովքեր հասարակական շահը, հանրայինը դրել են սեփական շահից, սեփական բարեկեցությունից, սեփական հարմարավետությունից բարձր, նրանք վերցնում են իրենց վրա պատասխանատվություն արդեն ոչ միայն պուրակի, այլ պետության և ավելի լայն ասած պետականության համար: Այսինքն` այդ ուժին սպասել պետք չէ, այդ ուժն արդեն կա, մնում է այդ ուժն ուժեղանա: Իսկ ուժեղանում է օրեցօր, և դա նկատելի է. ֆիզիկայի օրենքով ուժը ծնվում է դիմադրությունից: Օրինակ` եթե օդի դիմադրությունը չլինի, ինքնաթիռի թևերը վեր չեն տանի ինքնաթիռը, այսինքն` միայն օդի կամ ջրի դիմադրությունն է օգնում, որ օդից ծանր ինքնաթիռը կարողանա բարձրանալ վեր: Այս օրերին մենք դրա վկան ենք: Ահա թե ինչու Հայաստանից պետք չէ բացակայել, Հայաստանի պատմությունը կերտվում է փողոցներում, պուրակներում և շուտով հրապարակներում:

Այսինքն` «Սարդարապատը» պետք է անցնի ա՞յլ գործողությունների` հրապարակներում, փողոցներում, պուրակներում:

Ուշադրություն դարձրեք, որ ես դեռ «Սարդարապատ» բառը չեմ օգտագործել: Սարդարապատը կուսակցություն չէ, գաղափար է, որը մեզ անընդհատ պետք է հիշեցնի, իսկ մնացածներին հուշի, որ Սարդարապատը հոգեկան վիճակ է, դիմադրություն, և Սարդարապատն այդ անունն ընտրել է ոչ միայն այն պատճառով, որ մայիսի 22-28-ը թուրքը մտնում էր Երևան և Էջմիածին, և դա մեր ճակատագրական մարտն էր, այլ նաև այն պատճառով, որ Սարդարապատ կիսակայարանի մոտակա դաշտում հավաքվել էր ողջ ժողովուրդը` բոլշևիկները, դաշնակցականները, տերտերները, գյուղացիները, ակադեմիոսները, զորավարները, բոլորը: Սա կուսակցությունների կրոնական կամ գաղափարական տարբերություններից վեր շարժում էր, այսինքն` մենք չենք կանչում մարդկանց Սարդարապատ, մենք ասում ենք` Սարդարապատը ձեր մեջ է, զգացեք դա, սարդարապատվեք, դա չի նշանակում մենք ձեզ տոմսեր ենք տալիս, ոչ, մենք ենք գալիս ձեզ մոտ: Մենք մեր մեջ դա կրում ենք, և այն, ինչ կրում ենք, ազատատենչությունն է, արժանապատվությունն է, չարին դիմադրելու ունակությունն է, որը բնորոշ է հայ մարդուն:

Պարոն Խզմալյան, նույն դիմադրական շարժումը կար 2007-2008-ին, քաղաքացիական հասարակությունը պակաս ակտիվ չէր այն ժամանակ, ինչո՞ւ չհաջողվեց քաղաքացիական հասարակությանն այդ տարիներին հաղթանակներ չգրանցել:

Թույլ տվեք պատասխանեմ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտից խոսքերով` ոչխարների բանակը, որին առաջնորդում են առյուծները, ավելի հզոր է և վտանգավոր, քան առյուծների բանակը, որին առաջնորդում են ոչխարները: ժողովուրդը և 2007-ին, և 2008-ին, և 2011-ին, և 1988-ին, և 91-ին նույն ժողովուրդն է, հերոսական ժողովուրդը, տանջված, հիասթափված և նորից ու նորից ոտքի կանգնող ժողովուրդը, որն առնվազն Քրիստոսից առաջ 2107թվից ապրում է այս երկկատար լեռան շուրջը: Նայեք մեր քթերին, աչքերին և կտեսնենք` նույն ժողովուրդն է, առաջնորդներն են փոխվում, և հաճախ պետք է մեղադրել ոչ թե ժողովրդին, այլ մարդկանց, ովքեր հավականություններ ունեն նրան ինչ-որ տեղ տանելու: Պետք չէ սեփական սխալների համար մեղադրել ժողովրդին:

Ընտրաշակառք վերցնողին էլ պետք չէ մեղադրե՞լ ընտրակաշառք վերցնելու մեջ:

Ապշում եմ, երբ ընտրկաշառաքների մասին թուք թափելով պերճախոս արտահայտվում են նույն կուսակցապետերը, որոնք ամիսներ և տարիներ շարունակ, այսպես կոչված երկխոսությունների, գործարքների միջոցով ոչ թե 5000 դրամ, այլ միլոնավոր դոլարների, պատգամավորական տեղերի, տնտեսական արտոնությունների ձևով են վերցնում կաշառքներ, և հիմա հենց այդ նույն մարդիկ խեղճ ու կրակ գյուղացուն մեղադրում են նրա համար, որ տեսնելով` ինչ է կատարվում քաղաքական դաշտում, ասում է`շնից մազ է պոկում, մի կանեստր բենզին, կերասին, ընդ որում` դա կաշառք չէ, գյուղացուց, բանվորից, բժշկից, ուսուցչից խլում են միլիոններ և հետո 10.000 դրամ տալիս որպես կաշառք: Դա մարդուց գողացածի փշրանքն է, և ժողովուրդը հենց այդպես էլ վերաբերվում է: Ոչ ոք իր ձայնը չի վաճառում, իհարկե միշտ կան առանձին հույսը կորցրած մարդիկ, բայց իրենք չեն բնորոշում մեր ազգի իրական դեմքը:

ՀԱԿ-ի ներսում կա անհամաձայնություն, շատերը դուրս են գալիս, հնարավո՞ր է իսկապես ստեղծվի առողջ պայքարի դաշտ այս բոլորի համախմբմամբ:

Իհարկե դուրս են գալիս, և բոլոր կուսակցություններում` Ժառանգություն, Դաշնակցություն, ՀՀԿ և ԲՀԿ, հաստատ կան մարդիկ, որոնց միակ կուսակցությունը Հայաստանն է: Իրենք կարող են ընդունել այս կամ այն հովանավորությունը ժամանակավոր` կարծելով կամ հուսալով, որ սա ելք է: Բայց իրական ելքը հենց իրենք են: Եվ ես ոչ միայն կարծում եմ, այլ իրենք գալիս են այնտեղ, որտեղ պետք է լինեն, իրենք գալիս են պաշտպանելու հայրենիքը, որովհետև, թեև չեմ սիրում այդ պաթետիկ արտահայտությունը, բայց իրականություն է` հայրենքը վտանգված է: Հայաստանի տարածքում պետությունը փոխարինվեց մանրապետության, մենք հանրապետությունը սկզբից դարձրինք պետություն, հանրությունը կորցրեց իշխանությունը, հետո պետությունը դարձավ մանրապետություն: Մենք կորցնում ենք պետականությունը: Կան պետություններ առանց պետականության, մենք տեսել ենք` ինչպես են աֆրիկյան պետությունները ստացել պետականություն և անմիջապես կորցրել այն: Մենք գտնվում ենք նույն գործընթացում, Հայաստանը կորցնում է պետականությունը, և դա է այն դաշտը, որում հիմնական ճակատամարտն է լինելու:

Ումի՞ց ենք ազատագրվելու ճակատարամտի արդյունքում:

Հայաստանը միջազգային տարբեր ուժերի, գործակալությունների, դեսպանատների, կառավարությունների համար դարձել է օբյեկտ, որի վրա փորձարկվում են քաղաքական, տնտեսական, գաղափարական, մշակութային, սննդային, նորաձևության ոլոտներից տարբեր փորձեր: Հայաստանը պարտավոր է դառնալ քաղաքական սուբյեկտ, որն ինքն է որոշում իր անելիքը, իր ասելիքը, դա է պատասխանը` ումից ենք մենք ազատագրվում: Մենք ազատագրվում ենք այդ խայտառակ կախվածությունից, ոչ ոք մեզնից բացի չի ուզում մեր լավը, մեր միակ դաշնակիցն է մեր ներքին կազմակերպվածությունը, դրսի դաշնակիցը մեր սփյուռքն է, ուրիշ դաշնակիցներ մենք չունենք, դրանք մեր երկու հավերժ դաշնակիցներն են, մենք հիմա դավաճանում ենք երկրորդին` ուղարկելով սեփական ժողովրդին դուրս և պառակտելով սփյուռքը, իսկ մեր ներքին կազմակերպվածությունը մեր ամենամեծ ուժն է, ամենամեծ խնդիրն է լուծելու: Պարզ է, որ ամենամեծ ջանքերը դրսի և ներսի գործակալներից օգտագործվելու են, որովհետև այո, Հայաստանում հսկայական քանակությամբ մարդիկ կան, ովքեր կամ շահ հետապնդելով, կամ անշահախնդիր համարում են, որ այս իրավիճակը ճիշտ է, հարմար է և պետք է գլուխներս կախ կամ մտնենք ինչ-որ մեկի հովանավարության տակ, կամ շատ հարմար է այսպես պղտոր ջրում լող տանք, իսկ ոմանք էլ՝ այս պղտոր ջրերում ձուկ կբռնեն:

Սիրանույշ Պապյան

lragir

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: