«Սահմանադրապաշտ» պատրանքը և պատմության փիլիսոփայությունը

by

Մարդկային պատմությանը ծանոթ են շատ դեպքեր, երբ հաջողությունը, հաղթանակը կամ վերածնունդը գալիս էին այն ժամանակ, երբ ամեն ինչ կորած և անհույս էր թվում: Ծայրագույն վհատությանը և հուսալքությանը զարմանալիորեն կարող է հաջորդել արտասովոր զարթոնքը՝ թե՛ անհատի, և թե՛ հանրության կյանքում: Թշվառության և ոգեզրկման դառը բաժակը երբեմն պետք է մինչև վերջ ճաշակես, որպեսզի գիտակցես անկման ողջ խորությունը և գնահատել իմանաս կյանքն իմաստավորելու տրված հնարավորությունը:

Մեր այժմյան հանրային կյանքը լի է ծայրագույն ու խեղդող վհատությամբ, ապագայի հանդեպ արմատական անվստահությամբ և արժեհամակարգային սոսկալի ապակողմնորոշվածությամբ: Հանրությունը ներքուստ քայքայող արատների դեմ պայքարի ձևերը գերազանցապես անպտուղ լինելուց բացի հաճախ նույնքան արատավոր են՝ ըստ բովանդակության, հռչակված վերջնանպատակի կամ որդեգրված ռազմավարության: Մեր քաղաքական ու քաղաքացիական գաղափարախոսները, լավ սերտած լինելով դասագրքային մակարդակի եվրաստանդարտ պետաիրավական մոդելը, իսպառ մոռանում կամ անտեսում են հենց նույն պայմանական «Արևմուտքում» հիմնավորապես մշակված պատմության փիլիսոփայությունը և պատմության ընթացքի անշեղ օրինաչափությունները: Ժամանակավորն ու պայմանականը բացարձակի տեղ դնելու, անանց արժեքներն ու պարտավորությունները՝ հորինովի կամ ածանցյալ «իրավունքներով» փոխարինելու ձգտումները, արդարության սահմանափակ կամ խեղված պատկերացումները և հոգեբանական բարդույթների վրա հիմնված քաղաքական նախապատվությունները ջլատում և քայքայում են երկիրը և սաստկացնում հուսալքող անորոշությունն ու մեռցնող հոռետեսությունը:

Առկախելով պատմության փիլիսոփայությանը և պետության իրավակառուցվածքային մոդելի ընտրությանը վերաբերող հարցերը՝ անդրադառնանք պայքարի ձևերին: Սկզբից ևեթ հաստատենք, որ ճակատային կամ հորիզոնական պայքարը միշտ չէ որ արդյունավետ է: Այն հաճախ հղի է լուրջ և չարդարացված կորուստներով կամ պարզապես ընդունակ չէ հաղթահարել նյութապաշարային հարթության վրա իր առջև ծառացած անհամաչափ ուժի դիմակայությունը: Հայության պարագայում խնդիրն ավելի է բարդանում այն պարզ պատճառով, որ մեր ազգային խնդիրների մեծ մասը, լինելով հանրային ընդհանրական կացության և որակների արտացոլումը, միաժամանակ անխզելիորեն շաղկապված ու սերտաճած է ՀՀ պետական և ամենատարբեր մակարդակի սփյուռքյան կառույցների հետ: Նման դեպքում բութ ճակատային պայքարը հարուցում է հավելյալ հրամայական՝ վարել այն առանց սասանելու պետության հիմքերը՝ հայոց պետականության գոյության հանդեպ համակարգային ակներև անհանդուրժողականությունը տածող արտաքին թուրքական շրջապատում: Ճակատային պայքարն էլ ավելի անարդյունավետ է դառնում այն դեպքում, երբ ընդհարման գնացող կողմերը պատկանում են միևնույն գաղափարահայեցակարգային բևեռի:

Հանուն ազգի և պետության մղվող պայքարի արդյունավետությունը մեծապես կախված է վերջնանպատակը հստակ պատկերացնելուց և հետևանքների համար պատասխանատվություն կրելու պատրաստակամությունից: Վերջին տարիներին Հայաստանում արձանագրվող գործընթացներն այս առումով շատ ուսանելի են: Մի կողմից առկա է հասարակության լայն շերտերի բնական և անկեղծ ձգտումը՝ երկրում սահմանադրական իրավակարգ հաստատելու և մեր իրականության առավել խայտառակ դրսևորումները զսպելու հարցում, մյուս կողմից՝ այս ձգտումը դեռևս հեռու է իրական և համակողմանի առաջընթաց արձանագրելուց: Պատճառները նույնպես խիստ ակներև են և չեն սահմանափակվում ընտրված ռազմավարության կամ անհատական առաջնորդների սխալ  ընտրությամբ: Անցած տարվանից աշխուժացած բնապահպանական շարժումները, որոնք շատ արագ վերաճեցին քաղաքացիական պայքարի հուսադրող օջախների, նույնպես սահմանափակվել են սահմանադրական իրավակարգը հաստատելու և պահպանելու հռչակված վերջնանպատակով: Քաղաքացիական պայքարի առաջագծում կանգնած անձինք միանգամայն անկեղծ և բնականոն կերպով հանդես են գալիս սահմանադրական օրինականության լիակատար հաստատման օգտին: Ի՜նչ խոսք, առանց քաղաքական վարքագծի սահմանադրորեն հաստատված կանոնները հարգելու անհնար է հասնել երկրում տիրող հանրային մթնոլորտի առողջացմանը: Սակայն, ներկա սահմանադրությունը բոլորի համար պարտադիր դարձնելու պայքարի ընթացքում մենք չպետք է մոռանանք, որ այն իր ներկա կառուցվածքով և բովանդակությամբ ոչ միայն ընդունակ չէ առաջարկել Հայոց պետականության շահերից և հայ ժողովրդի ազգային կազմակերպման բնիկ ավանդույթներից բխող պետականակերտ կենսունակ կաղապար, այլև՝ զերծ պահել հանրությունը ներկայումս գերիշխող համակարգային արատներից:

Հայոց քաղաքագիտական մտքի նոր սերունդը պետք է համարձակություն, կամք և ուժ դրսևորի ձերբազատվելու ապակենսունակաբար պատճենված և Արևմուտքը գաղափարահայեցակարգային ու ժողովրդագրական աղետի առջև կանգնեցրած «եվրոստանդարտ» պետաիրավական մոդելից: Պետք է թոթափել «եվրոստանդարտ» իրավակարգին վերագրվող՝ կատարելության, մշտնջենահաստատության և անսխալականության անհիմն պատկերացումները և ձեռնամուխ լինել հայաստանակենտրոն, ինքնուրույն և մեր ազգային-պետական առաջնահերթություններին արհեստականորեն չհակադրվող իրավակարգի և պետության մոդելի որոնմանը: Կանխագուշակելով «ֆաշիզմի» կամ ազգայնականության մեջ մեղադրվելու անխուսափելիությունը՝ կամենում եմ հիշեցնել, որ պատմության ընթացքը կարգավորող անշեղ օրինաչափությունները և պատմության փիլիսոփայության գիտակարգն ինքնին բացառում են որևէ պետաիրավական համակարգի անփոփոխելիությունը: Հաշված տասնամյակներ անց Եվրոպայում արձանագրվելիք տեկտոնական տարողության ժողովրդագրական աղետը պատմության անփառունակ գիրկն է նետելու ներկայումս կուրորեն պաշտվող արդի աշխարհի բազում կեղծ «դոգմաներ»:

Ճշմարիտ է միայն կյանքը, միայն լույսը, միայն արդարությունը: Յուրաքանչյուր մարդ պետք է գնահատի իր մեջ ներդրված աստվածային պատկերն ու նմանությունը և լինի արարող և իր շուրջը սեր և համերաշխություն տարածող: «Իրավունք» հասկացության փոխարեն պետք է գերիշխի պարտավորության գիտակցումը՝ ես պարտավոր եմ լինել օրինապաշտ, անձնվեր և արդար: Հայոց հանրային և քաղաքագիտական մտքի ներկա ապակողմնորշվածությանը և ճահճացնող դեգերումներին պետք է հաջորդի կատարելապես նոր, ինքնուրույն և հանրորեն ընդունելի պետաիրավական հայաստանակենտրոն հայեցակարգի հրապարակային և կառուցողական քննարկումը: Այս քննարկմանը կարող են և պարտավոր իսկ են մասնակցել նաև եվրոստանդարտ «ազատականության» առավել անհանդուրժող ներկայացուցիչները, քանզի հարցի քննարկման ժողովրդավարական ընթացակարգն ու թափանցիկությունը, ինչպե նաև յուրաքանչյուրի պաշտպանած դիրքորոշման կշռադատվածությունն ու տրամաբանվածությունը պետք է տեսանելի և համադրելի լինեն ամենքին:

Վերադառնալով պայքարի մասին դիտարկումներին՝ նշենք, որ համարյա միշտ պայքարի ամենագրագետ և արդյունավետ եղանակը գտնվում է ապագծային հարթության վրա: Արատավոր համակարգի գործիքադարանով և վերջինիս սահմանած խաղի կանոնների շրջանակում անհնար է հասնել իրական հաղթանակի: Ոգեզուրկ, նյութապաշտ, բնականն ու գեղեցիկն ուրացող, քստմնելի արատը և կեղծիքը երկրպագության խորանին բարձրացնող համակարգը հնարավոր է կործանել միայն ի սկզբանե անանց և վերարժևորմանը ոչ ենթակա զենքով՝ սիրով և խավարահալած արդարության բազուկով:

Ալեքսանդր Քանանյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: