Ֆեոդալ-օլիգարխ-ախպերական

by

Վերջերս շատ է խոսվում Հայաստանում օլիգարխական իշխանության մասին: Իհարկե, չտիրապետելով իրական, անարատ ինֆորմացիայի, դժվար է միարժեքորեն դատողություններ անել այդ կառույցի առանձնահատկությունների մասին: Սակայն, տարիների կտրվածքով նայելով անցածին և ելնելով եղած կցկտուր ինֆորմացիայից՝ որոշ եզրահանգումների գալ կարելի է:

Նախ փորձենք տեսականորեն բնութագրել և տարբերակել Ֆեոդալականը օլիգարխականից:

Ֆեոդալականի դեպքում ֆեոդալը իր տարածքի և ունեցվածքի լիարժեք և միանձնյա տերն է: Նրա վասալն էլ իր վասալային տարածքի լիարժեք տերն է: Եւ այսպես, պարզ կառուցվածքով ու հարաբերություններով՝ դեպի վեր ու վար:

Եթե ֆեոդալ ես ու ասենք նավթ, լոբի կամ կազինո ունես քո տարածքում, ապա այդ ամեն ինչի հասույթը քոնն է, հանած վերին ֆեոդալին մուծված հարկը:

Օլիգարխականի դեպքում՝ ըստ տարածքայինի տեր լինելու իրավունքները գրեթե վերանում են, բայց փոխարենը աճում է ընդհանուր տարածքի ու ակտիվությունների մեջ ըստ ասպարեզների մասնաբաժին ու ներքին ընդհանուր կառավարման հարցերին ձայն ունենալը:

Ֆեոդալականի դեպքում, ներքին հարաբերությունները ճորտերի ու վասալների հետ հարաբերվելու հարցն է, արտաքինում հարկն է, որոշումների ընդունման մեջ մասնակցությունը, և ռազմական ներուժի տրամադրումը թշնամուց պաշտպանվելու համար:

Օլիգարխականի դեպքում պրոցեսը հիմնականում ներքին է, որի էությունը մշտապես իշխանության ու կողքինների հետ բանակցելու ու իր իրավունքները մյուս կարևորագույն դեմքերից, կենտրոնական շեֆից ու մնացածից պաշտպանելու մեջ է: Արտաքին քաղաքական հարցերում օլիգարխիան ձայն և միջամտություն ունի միայն այնքանով, որ ապահովի կոնկրետ իր բիզնեսի անվտանգությունը: Պետականը կամ երկրորդական է, կամ ամբողջովին է բացակայում օլիգարխի տեսադաշտում:

Ներկա հայկական օլիգարխականի մյուս առանձնահատկությունն այն է, որ հարցերի լուծումը ֆորմալ տեսքի բերելու և բանակցային պրոցեսը պարզեցնելու համար, օլիգարխիան ձևակերպել է այսպես կոչված ախպերականը՝ այսինքն ընդհանուր շահերով շաղկապված ու միավորված համախմբությունը, որը գործում է իրար հետ համաձայնեցված հարաբերությունների դաշտում և որն ընդհանուր ճակատ է կազմում հանրության և ցանկացած այլ ուժի դեմ՝ իր իրավունքների փոքր ինչ ոտնահարման դեպքում: Այդ ճակատը փաստորեն մշտապես գործող է, որովհետև ախպերականի գոյության ձևն իրականում անընդհատ մակաբուծումն է հանրության վրա:

Ախպերականն ունի նաև իր առանձին զինված ջոկատները, որոնք կենտրոնական որոշում ընդունողին են տրամադրվում ոչ թե արտաքին, այլ ներքին՝ քաղաքացիական վտանգի դեպքում:

Այսինքն, օլիգարխական հայկական կառույցը բավական տրամաբանական է իր կառուցվածքի, գործելաոճերի և նպատակների մեջ: Սակայն այն անտրամաբանական է, որպես պետականության կերպ, որովհետև իրականում մակաբուծում է թե պետականի, և թե հանրայինի վրա:

Նկարագրվածից պարզ է դառնում նաև, որ օլիգարխական-ախպերականը, ունենալով հանրությանը զինված ուժով ճնշելու ազատությունը, զուրկ է արտաքին որևէ սուբյեկտությունից: Այն ուղղակի անկարող է դիտարկել արտաքին պետական որևէ հարց և նրան տեր կանգնել, քանի որ արտաքինը ամբողջապես դուրս է իր տեսադաշտից և նույնիսկ անիմաստ:

Օլիգարխն ունի արտահանված գումարներ, որոնք նրան ու իր գերդաստանին լիարժեք ու ճոխ կյանք կապահովեն աշխարհի ցանկացած կետում: Եւ հենց սրանում է նրանց ներկա՝ լկտի ու անպատասխանատու վարքի արմատը՝ ինքն ունի այլընտրանք ցանկացած պահի երկիրը լքելու և արտերկրում էլ ցոփ կյանք վարելու:

Օլիգարխը, ի տարբերություն ֆեոդալի, չունի սեփական տարածք պաշտպանելու խնդիր, նա չունի նույնիսկ տարածքի զգացողությունը:

Ինքը վեր է պետականից, ազգայինից ու հանրայինից:

Մյուս կողմից էլ, սահմանափակ տարածքում և ռեսուրսների նվազման պայմաններում, պարբերաբար ախպերականի տարբեր թևերի ու խմբավորումների մեջ իրավունքների և իրավասությունների դաշտերի վերախմբագրման ու վերաբաշխման խնդիրներ են առաջանում:

Դրսից պարտադրված մի այլ պայման էլ կա, որը բարդացնում է ախպերականի կյանքը: Դա ընտրություններ կոչված խաղերն են:

Կենտրոնական իշխանության համար այն լավ լծակ է ստուգելու իր շարքերը, վերակազմելու և լրացնելու առավել պետքականներով: Բայց մի աստիճան ներքև եղած օլիգարխականի համար, ընտրությունները շատ թանկ ու ծանր գլխացավանք են՝ ախպերականի ու իշխանական հիերարխիայի մեջ իր տեղը վերահաստատելու, առաջադիմելու, կամ չկորցնելու համար:

Բացի այդ էլ, պառլամենտը տարբեր նշանակություն ու դեր ունի տարբեր որակի օլիգարխների համար: Նրանք, ովքեր այնտեղ են, զուտ իրենց տնտեսական անվտանգության նպատակներով՝ և ձանձրացած են, և նսեմացած, և ստիպված ենթարկվելու մի խաղի, որը նրանց սրտովը չէ:

Իսկ նրանց համար էլ, ովքեր ճկուն են, ունեն ուրույն մոտեցումներ, լծակներ ու հավակնոտության ավելցուկ, պառլամենտը լծակ է՝ իրենց համար շատ ավելին ապահովելու:

Երևի ճշմարիտ կլինի, որպես հայկական պետական-իշխանական կառուցվածքի ընդհանուր գնահատական-պատկեր, եզրակացնել, որ ներկայում մենք ունենք կիսաֆեոդալական, կիսաօլիգարխիկ արհեստական մի համակարգ, որը կենսունակ է միայն ու միայն պետության արտաքին պաշտպանվածության պայմաններում:

Սեփական տնտեսական պոտենցիալներից զուրկ երկրի պարագայում, այն բացարձակ մակաբույծ է, շահագործում է ներքին ու արտաքին ռեսուրսները, չստեղծելով որևէ նյութական, հանրային կամ հումանիտար բարիք և արժեք:
Այս արհեստական կառույցը չի կարող հարատևել մի քանի օբյեկտիվ պատճառներով:

1. Այն նպատակազուրկ է, իրավիճակային և ցանկացած արտաքին փոքրագույն ազդակ կարող է կործանել հիմնովին:

2. Ռեսուրսները գնալով նվազում են, և անխուսափելի են ներքին տարաձայնություններն ու բախումները դրանց վերաբաշխման համար: Նույնիսկ այն աստիճան, որ բախումն ինքը կարող է դառնալ պահի նպատակ ու էություն:

3. Պառլամենտ-նախագահ իշխանական վերնախավային դաշտում արտաքին խնդիրների բացակայությունը (այն ամբողջապես զիջված, հրամցված է արտաքին սուբյեկտներին) ստեղծել է պատրանք, թե ամեն մեկն էլ կարող է և նախագահ, և ղեկավար, և հարց լուծող լինել: Այսինքն, անթույլատրելիի աստիճան արժեզրկված է իշխանական սուբյեկտների մասնագիտական, անձնական ունակությունների ու կարողությունների ադեկվատության խնդիրը:

Ցանկացած մեկը կարծում է, որ ինքը կարող է և նախագահ, և գեներալ, և բիզնեսմեն, և կուսակցապետ, և քաղաքական լիդեր լինել: Այսինքն, մենք կերտել ենք մի յուրահատուկ իշխանական հավաքածու, որը և անհատապես՝ առանձին- առանձին, և խմբովի, անընդունակ է տեսնելու, հասկանալու և արձագանքելու պետականությանն առնչվող որևէ հարցի:

Իշխանությունը ձևակերպված է որպես անհատների ուժային հարաբերությունների դաշտ, որն ինքնավերարտադրվող է ու մեկուսացված հանրությունից:

Այն շահագործում է տարածքն ու նրանում ապրողներին որպես բնության հույսին մնացած անխնամ ունեցվածք, որևէ կերպ չմտահոգվելով նրա գոյության ու ապագայի հարցերով:
Եւ եթե ասվածի տրամաբանության մեջ դիտարկելու լինենք ներկա ԲՀԿ-ՀՀԿ «հակամարտությունը», ապա նրանում նկատելի կլինի հետևյալը:

Իրար դեմ են կանգնած 2 հավակնոտ դեմքեր, ովքեր արդեն բավական երկար ժամանակ անձնական հարաբերությունների պարզեցման խնդիրներ ունեն՝ դիրքային, իրավասությունների և ֆունկցիոնալ դերակատարումների առումով: Նախագահը պահանջում է ֆեոդալական ենթակայություն՝ վասալային կեցվածք, ԲՀԿ լիդերը առաջարկում է օլիգարխիկ-ախպերական հարաբերություներ:

Առաջին դեմքերի հետևում կանգնած են թիմեր: Նրանցում եղածները անձնապես լինելով ինքնակենտրոն, և սեփական շահի հետապնդողներ, թիմի կազմում անխուսափելիորեն դիտարկում են վիճակի ընդհանուր հարցերը և իհարկե անհանգստացած են ապագայի առումով:

Իրենք չունեն թիմի մակարդակով համաձայնեցված կոնկրետ լուծումներ, բայց և պահանջում են շեֆերից հետագայի վերաբերյալ խոստումներ: Շեֆերն էլ որպես լուծում տեսնում են ոչ թե համակարգային ռեֆորմները, այլ կոնկրետ իրենց թիմերին առավելությունների դաշտ ապահովելը, որը հեռանկարի առումով ոչ այլ ինչ է, քան ճահճացման խորացում:

ՀՀԿ-ն առավել ֆեոդալական է իր կառուցվածքային տրամաբանությամբ ու վարչական պատժի մեխանիզմների ուժով: ԲՀԿ-ն առավել օլիգարխական է, ներգարավվածների անհատական առավել իրավունքներով և զբաղմունքի ձևերով:

Սակայն, մյուս կողմից, ներքևներում երկուսն էլ վեր են ածվում համապարփակ ախպերականի, որի ներսում և միասնություն է, և տարբեր խմբավորումենրի հակասություններ, և միասնական խաշ-խորոված և միասնական բեսպրեդել կամ «գյուլլոցի»:

Բանակցությունները, որոնք ըստ լուրերի ավարտվել են անարդյունք, մի կողմից շեշտում են ԲՀԿ հավակնոտությունն ու որպես ինքնուրույն գործոն հանդես գալու պատրաստակամությունը, սակայն մյուս կողմից էլ խոսակցության գաղտնիությունը տեղի է տալիս ենթադրելու, որ այն չի անցել պաշտոնական դիրքերի վերաբերյալ բազարից այն կողմ՝ դեպի համակարգային փոփոխությունների պահանջի անհրաժեշտության խնդիրները:

Հետևաբար, ինչպես միշտ, վերնախավային, ինչ որ տեղ օբյեկտիվ հակասությունները չեն հասնում մինչև ստորոտները:

Հայաստանյան իշխանական վերնախավի կառուցվածքն ու տրամաբանությունը չեն ենթադրում ընդհանուր համակարգային խնդիրներ ընկալելու, արտաքին ու ներքին հանրային վտանգներն զգալու և դրանք դիմագրավելու ունակություններ: Հարցերը դիտարկվում և տարվում են զուտ անձերի և ոչ խնդիրների մակարդակով:

Ներկա Հայաստանը թաղված է ֆեոդալական-օլիգարխիական անորոշ, անսկզբունք ու խառը հարաբերությունների ճահճում: Անցումը կառավարման առավել էֆեկտիվ ձևերի չի իրականացվում, որովհետեւ բացակայում է թե ռեսուրսը, թե համապատասխան անհատները չկան, և թե համարձակությունը չկա որևէ անցում անելու:

«Կռիշների», «դաբռոների» սովոր հարմարվածին ձեռնտու է ֆեոդալականը: Մեծ եկամուտի ձգտողին ձեռնտու է օլիգարխականը: Եւ զարմանալիորեն, որպես ձեռներեց են ձևանում մարդիկ, ովքեր անկարող են գործելու «անկռիշ», անապահովության փոքր ինչ վտանգի պայմաններում:

Անցումը դեպի ցանկացած նորը բազմաթիվ անորոշություններ ու նոր սկզբունքներ ունի իր մեջ, որին հայկական իշխանական որևէ դեմք ու քաղաքական մասնակից դեռևս պատրաստ չէ:

Ակնհայտ է, որ ֆեոդալական Հայաստանն առավել ձեռնտու է, քան օլիգարխիկ-ախպերականը: Չէ որ օլիգարխիկը տարածքի, հանրային ու ազգային հարցեր ընդհանրապես չունի իր տեսադաշտում՝ ի տարբերություն ֆեոդալականի, որը պարտադրված է գոնե տեղանքին ու տեղանքի պաշտպանության պահանջին:

Որպես միակ ելք, մեր իսկ համաձայնությամբ կերտված այս ճահճից, ես տեսնում եմ քաղաքացիական նախաձեռնություններով առաջ գնալու մեթոդաբանությունը՝ Սարդարապատ շարժման նախաձեռնությամբ հրապարակ մտած հանրային, ալտերնատիվ-ստվերային իշխանություների օգնությամբ՝ եղածներին իրական խնդիրներ պարտադրելը: Իմ կարծիքով, այդ առաջարկի իրացումը վերջին շանսն է երկիրը պահելու:

Ըստ վերջին օրերի ֆեյսբուքյան շատ սուղ քննարկումների, առաջարկը փորձում է վարկաբեկել ընդիմությունը: Եթե այս առաջարկն էլ ձախողվեց, ապա մենք երևի արժանի չենք պետականության և ականատեսը կլինենք հայ նորօրյա պատմության ավարտի:

Արա Հարությունյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: