Մեծ հաղթանակներ են լինելու

by

Մեր զրուցակիցն է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը

Պարոն Սեֆիլյան, քսան տարի առաջ խնդիր էիք դրել Շուշին ազատագրել, այսօր խնդիր եք դրել հայկական պետականության գաղափարի շուրջ ժողովրդի հիմնական սերուցքին համախմբել: Ինչո՞ւ ենք քսան տարի հետո նորից նույն խնդրի առաջ կանգնած: Ըստ Ձեզ` ինչո՞ւ չհաջողվեց պետություն ստեղծել:

Պատճառը, որ չհաջողվեց պետություն ստեղծել, մեր անպատրաստ լինելն էր (մեր ասելով` ի նկատի ունեմ այդ օրերի հայ քաղաքական էլիտան Հայաստանում և սփյուռքում): Պատմական անդրադարձ անելով` ասեմ, որ առաջին հանրապետության ժամանակ մենք նույնպես պատրաստ չէինք, քանի որ խնդիր չէինք դրել պետություն ստեղծելու. ոչ 18 թվականի նախօրյակին, ոչ էլ խորհրդայնացման ժամանակ, առավել ևս 91-ի նախօրյակին: Ուստի գլխավոր պատճառը, որ մեզ չի հաջողվել պետություն ստեղծել, հենց այն է, որ հայ քաղաքական էլիտայի կողմից խնդիր չի դրվել դա լուծելու: Վերջին հարյուրամյակների ընթացքում հայերի կողմից առաջին փորձն է կատարվում պետություն ստեղծելու: Այսօր արդեն կան մտավորականներ, քաղաքական պատասխանատվությունն իրենց վրա վերցնող կամավորներ, որոնք իրենց առաջ այդ խնդիրը դրել են: Համոզված եմ` մեզ վերջապես հաջողվելու է նոր որակի, նոր մտածելակերպի տեր մարդկանց համախմբել այս գլխավոր օրակարգի շուրջ և լուծել այս խնդիրը:

Մի՞թե այս խնդիրը չէր դրվել 2008-ն, չէր դրվել 88-ին:

Այո, չէր դրվել: 88-ի շարժումը համարում եմ ոչ թե անկախության, պետության ստեղծման շարժում, այլ Արցախը Հայաստանին վերամիավորելու շարժում: Ինչ-որ չափով այդ խնդիրը լուծվեց, սակայն մեզ չի հաջողվել պետություն ստեղծել: Այսինքն` այս գնահատականը շատ եմ կարևորում, և մենք պետք է գիտակցենք, որ սա պետություն չէ և պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել: Եթե ընդունենք, որ սա պետություն է, ապա պետք է ընդունենք, որ սխալ երևույթներ են առկա, և եթե դրանք վերացնենք, ամեն բան իր տեղը կընկնի: Բայց գիտենք, որ խնդիրը երևույթների, դրսևորումների կամ մասնակի խնդիրների մեջ չէ, այլ այս համակարգի էության մեջ: Մենք պետք է ընդունենք, որ գոյություն չունի պետություն, այլ գոյություն ունի պետության իմիտացիա, մինչդեռ բովանդակային իմաստով պետականության գոյության ոչ մի տարր չկա: Ուստի նախ պետք է մարդիկ գտնվեն, որոնք այդ խնդիրը դնեն իրենց առաջ. ըստ էության` մենք խոսում ենք նոր պետություն ստեղծելու մասին:

2008-ին ժողովրդի նպատակն այս ռեժիմից ձերբազատվելն էր: Պետականության, նոր համակարգի ստեղծման խնդիրը պետք է շարժման ղեկավարությունը դներ, որը չարվեց: Այդ առումով, 2008-ի շարժումն ավելի դիմադրական շարժում էր, քան պետականաստեղծ: Ղեկավարության պատճառով նույնիսկ դիմադրությունը մինչև վերջ չտարվեց:

Պարոն Սեֆիլյան, Դուք ընտրություններն ի սկզբանե մերժում էիք`համարելով իմիտացիա և առաջարկում եք ընտրությունների այլընտրանք: Ընտրություններին այլընտրանք այս պահին ի՞նչը կարող է հանդիսանալ:

Ընտրություններին մեր վերաբերմունքը դասական իմաստով բոյկոտ չէր: Մենք ասում էինք` եկեք այդ ժամանակն օգտագործենք այլընտրանքային պրոցես ձևավորելու համար, ինչով «Սարդարապատն» այս ընթացքում զբաղվել է: Մեր առաջարկն է դուրս գալ իշխանությունների վերարտադրման մեքենայի ցիկլից, որի անունը դրել են ընտրություն: Շատերն ընդունում են, որ պետք է այդ ցիկլից դուրս գալ, բայց չգիտեն`ինչ անել: Մենք կոնկրետ առաջարկություն ունենք, և արդեն այս ամսվա երկրորդ կեսից այլընտրանքային իշխանության ձևավորման ճանապարհային քարտեզը պետք է հանրության սեփականությունը դարձնենք, դնենք շրջանառության մեջ: Այս օրերին հացադուլավոր Արտավազդ Վարդանյանի հացադուլի գլխավոր միտքը ուղղված է հայ մտածող մարդուն, որը փնտրտուք է առաջարկում, ասում, որ պետք է ձևը գտնել. հնարավոր չէ, որ այս վիճակից դուրս գալու ելք չլինի: Մենք համարում ենք, որ այդ փնտրտուքն այսօրվա քաղաքական դաշտից դուրս է, մինչ օրս քաղաքականությամբ զբաղվող գործիչների խմբի մեջ էլ չէ: Այս 20 տարիների ընթացքում ովքեր զբաղվել են «քաղաքականությամբ», նրանք չեն կարող այս լուծումը տալ, լուծումը դրանից դուրս է: Խոսքը նոր ձևի մասին է և մարդկային նոր որակի, մարտավարական նոր մեթոդիկայի: Այսօր ձևավորվում է նոր քաղաքական դաշտ`անկեղծ, մաքուր, ազնիվ դաշտ, որտեղ գործիչների խոսքն ու գործը համադրվում են, մարդիկ են, որոնք չեն եկել մոլորեցնելու ժողովրդին, ինչին ականատես ենք եղել վերջին 15-20 տարիներին: Մենք կարող ենք դա մատնացույց անել` հանձին Մաշտոցի պուրակի: Սա մի հարթակ է, որտեղ նոր շունչ, երիտասարդական նոր ավյուն կա, և եկել են երիտասարդներ, որոնք անկեղծ են իրենց մղումներով և սրտացավ են: Մաշտոցի պուրակի Հաղթանակի գլխավոր գրավականը համարում եմ այդ երիտասարդների տեր լինելու զգացողությունը: Այսինքն` եթե հակառակորդը չնահանջեր, նրանք անվերջ պայքարելու էին, պահանջատեր էին, կեղծ չէին, և սա առաջին դեպքն էր, որ հասարակությունը հաղթեց վարչախմբին: 18 տարիների ընթացքում պարբերաբար եղել են լարումներ, ժողովրդի կողմից ընդվզումներ, սակայն այն քաղաքական խմբավորումները, որոնք ուղղորդել են, առաջնորդել են մեր ժողովրդին, միշտ վերջում տեղի են տվել: 18 տարիների ընթացքում առաջին դեպքն է, երբ հակառակորդը ստիպված եղավ նահանջել: Վստահ եմ` ապագայում շատ մեծ հաղթանակներ են լինելու:

Պարոն Սեֆիլյան, ակտիվիստները սա համարում էին քաղաքացիական պայքար, քաղաքացիականից քաղաքականի անցումը ինչպե՞ս պետք է լինի: Մինչև հիմա փողոցում կար ուժ, որը հիմա ԱԺ է գնում, և ընդդիմադիր հարթակը դատարակ է մնում:

Քաղաքացիական պայքարով տոգորված ակտիվիստները մեծամասամբ առկա քաղաքական դաշտին զզվանքով են վերաբերվում, սակայն նրանց այս գնահատականը պետք չէ պատճառ դառնա քաղաքացիականը քաղաքականից տարանջատելու, և պետք է գիտակցել, որ նրանց պայքարը քաղաքական է, սակայն ոչ կուսակցական:

Մեր պատկերացմամբ, առաջիկայում պարբերաբար ականատեսն ենք լինելու տարբեր քաղաքացիական ինքնաբուխ դրսևորումների, դիմադրական տարբեր օջախների` լինի բնապահպանական, քաղաքաշինական, ուսանողական, թե այլ ոլորտներում: Այդ փոքրիկ շրջանակների հետ համագործակցությունը պայքարի այն դաշտն է, որ սնուցելու է մեր պատկերացրած այլընտրանքային իշխանության ձևավորման պրոցեսին: Այդ գործընթացից ծնված միավորն է գալու փոխարինելու այս համակարգին:

Թե ինչպես ենք ձևավորելու այլընտրանքային իշխանությունները, բնականաբար այդ ամբողջ գործընթացի հենքը պետք է լինի ժողովրդավարությունը, այսօրվա քաղաքական դաշտից դուրս գործելով և ձևավորելով գործունեության նոր տրամաբանություն։ Կարծում եմ, որ այդ գործընթացը փուլերից է բաղկացած լինելու։ Առաջին փուլով այլընտրանքային ընտրությունների արդյունքում կձևավորվի մարդկանց մի համախումբ, որոնք կստանան ինչ որ չափով հեղինակություն։ Երկրորդ փուլում այլընտրանքային ընտրությունների արդյունքում կստեղծվի և կձևավորվի արդեն հնարավորություններ շատ ավելի ժողովրդային մասշտաբով գործելու: Երրորդ փուլը մենք պատկերացնում ենք այդ ամբողջին հնարավորինս իրավական հենք տալու գործոնը, որի մեխանիզմները գոյություն ունեն, և այս ամբողջով ըստ էության ես խոսում եմ այլընտրանքային իշխանությունների ձևավորման ճանապարհային քարտեզի մասին, որը մոտ ապագայում «Սարդարապատը» կհրապարակի։

Մեր գլխավոր խնդիրներից է նաև այն, որ փոփոխությունը հնարավորինս անցնցում լինի: Այն, որ այս համակարգը փլուզման մեջ է, հստակ է: Եվ մեր խնդիրն է մինչև այդ համակարգի փլուզումը ձևավորել նորը, որը պետք է մատնացույց անի վաղվան, մենք այսօրվանից պետք է մատնացույց անենք վաղվա քաղաքական նոր մշակույթը:

Պարոն Սեֆիլյան, սա ենթադրում է երկա՞ր տարիների պրոցես, եթե հաշվի առնենք, թե ինչպես է աշխատում իշխանության վերարտադրության մեքենան: Հասարակության մեջ ինչպե՞ս պետք է հասնեք այդ այլընտրաքային իշխանության ձևավորման գաղափարի տարածմանը, երբ տեսնում ենք հասարակության շատ շերտեր վերցրեցին ընտրակաշառք և գնացին ընտրության: Ինչպե՞ս պետք է կարողանալ լինել խիստ համոզիչ: «Սարդարապատը» այս տարիներին, մեծ հաշվով, հասարակությանը մոբիլիզացնելու գործողություններ չկատարեց, ինչո՞ւ:

Ուշացման պատճառն այն է, որ «Սարդարապատը» չի պատրաստվում արկածախնդրության դիմել: Որևէ ժամանակ կարելի է երկրի ներսում լուրջ եղանակ ստեղծել, քանի որ ժողովրդի ատելությունը գործող համակարգի նկատմամբ այնքան մեծ է, որ որևէ մարդ կարող է օգտագործել այդ գործոնը: Մենք խնդիր չունենք օր առաջ մեզ ցույց տալու և օգտագործելու ժողովրդի մղումները: Մենք խնդիր ունենք նոր պետություն ստեղծելու, և պետք է անպայման հաջողենք այս գործում: Բնականաբար, սա երկու օրվա պատմություն չէ: Եթե մինչ օրս «Սարդարապատի» մասին մեր ժողովուրդը դեռ իրազեկված չէ, դրա գլխավոր պատճառն այն է, որ մենք դեռ խնդիր չենք դրել, և մեր աշխատանքը մինչ այսօր եղել է ինտելեկտուալ շրջանակներում ինչ-որ համախմբում ձևավորելու ուղղությամբ: Այլընտրանքային իշխանություն ձևավորելու ճանապարհին կգա ժամանակը՝ համախմբված մարդիկ արդեն կսկսեն մեր ժողովրդի հետ իրազեկման աշխատանքները: Ես չեմ կասկածում, որ այն օրը, երբ մեր ակտիվիստները պետք է զբաղվեն ժողովրդին տեղեկացնելու, թե ինչ պետք է անենք, մեր ժողովրդի 90 տոկոսի սիրտը գրավելու ենք: Այս իմաստով, ժողովրդին համախմբելու հարցում մենք մտահոգություն չունենք:

Պարոն Սեֆիլյան, մինչև այլընտրանքային խորհրդարանի ձևավորումը, շատերի մոտ կա ապատիա, անապագա ներկա, և գնում են: 

Մենք հասկանում ենք, որ ժամանակ չունենք, ժամանակն ի վնաս մեզ է աշխատում, սակայն մենք իրավունք չունենք արկածախնդրության գնալու: Բացի այդ, մեր պայքարի համար երկար տարիներ պետք չեն: Կարծում եմ` 2013-14 այս տարիները նշանակալից տարիներ են լինելու մեր ժողովրդի համար նոր պետության ստեղծման ճանապարհին: Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա այո, ճիշտ եք, ինչքան շուտ այս լույսը հասցնենք մեր ժողովրդին, նրանք կհուսադվեն և արտահոսքը կդանդաղի, մենք առաջիկայում փորձելու ենք դա անել: Սակայն միաժամանակ նորի ստեղծմանը մասնակից են լինելու դրսում գտնվող հայությունը, Հայաստանից գնացած պրոֆեսիոնալ երիտասարդներ, որոնք պատրաստվում են հետ վերադառնալ: Սկզբնական շրջանում կամավորների անհրաժեշտություն է լինելու, ինչպես 20 տարի առաջ արցախյան պատերազմում մեր ժողովուրդը ապացուցեց, որ իր միջից կարող է ծնել կամավորների, որոնք պատրաստ են գնալ զոհողությունների: Այսօր այդ կամավորականությունն է մեզ փրկելու, այս անգամ սակայն քաղաքական և պետականաստեղծ դրսևորմամբ: Ինտելեկտուալ մարդիկ պետք է գան և զբաղվեն քաղաքական ստեղծագործությամբ, և այդ մարդիկ այսօր Հայաստանում կան, նաև արտերկրում կան: Ամեն ինչ կախված է մեր կազմակերպվածությունից, և երբ մեր ռեսուրսները կուտակվեն, դրանց չափը մեծանա, մեր քայլերն էլ կարագանան: Մեր քայլերը հաստատուն պետք է լինեն, և որևէ քայլ չենք անելու սխալ ուղղությամբ:

Տեսեք, Մաշտոցի պուրակում հայտնվեցին երիտասարդներ, ինչպես նաև մտավորականներ, որոնք պատրաստ էին ձերբակալման, բայց նախորդ ընդդիմադիր շրջանակների ղեկավարները միշտ վախեցել են ձերբակալումից: Օրինակ, 2008-ի մարտին ազատության հրապարակի խայտառակ վայրագությունը չպետք է քաղաքական գործիչներին վախեցներ, նրանք չպետք է փախուստի դիմեին, ընդհատակ անցնեին, թող նրանց ձերբակալեին: Ես 2008-ի հունիսին եմ բանտից դուրս եկել և ընդդիմությանը մեկ խորհուրդ եմ տվել, որ ոչ թե պետք է փորձենք քաղբանտարկյալներին ազատ արձակենք, այլ պետք է լցնենք բանտերը, և այս դեպքում այս համակարգը շատ շուտ կփլուզվեր: Մաշտոցի պուրակում 30 հոգի կարողացավ անել այն, ինչ 30 հազար հոգով 2008-ին ընդդիմությունը ամիսներ շարունակ չկարողացավ անել: Խոսքս Ազատության հրապարակ մտնել չկարողանալու մասին է: Սա հոգեբանական խնդիր է, ոչ թե ֆիզիկական ուժի: Նախևառաջ հակառակորդին հոգեպես պետք է կարողանաս ծնկի բերել, հետո մնացածը միս ու արյուն է ստանում: Օպերա մտնելու համարձակություն չկար: Սա ոչ թե դասական պայքար է, այլ շատ ավելի նման է մարտի, և այստեղ ավելի շատ մարտի օրենքն է իշխում, պետք է հակառակորդի հոգեբանական վիճակին ծանոթ լինես և շարժվես ըստ այդմ: Մաշտոցի պուրակի երիտասարդների ընտրած մարտավարությունը հակառակորդին պարտադրեց գնալ այդ քայլին, ոչ ոք չէր հավատում, որ այդ տաղավարները կարող են քանդվել, քանի որ հայտնի օլիգարխների սեփականություններն է, որովհետև իրենք գիտակցում էին, որ եթե քանդեն իրենց քանդման սկիզբն է լինելու: Եվ ուրեմն քանդումը սկսվել է: Եվ վերջապես երիտասարդության շնորհիվ հույսի լույսը երևաց:

Սիրանույշ Պապյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: