Աբխազիայի Հայերը Անցեալում եւ Ներկայում

by

Ալեքսանդր Սկակով

Ռուսաստանի Ռազմավարական հետազօտութիւնների ինստիտուտ, Մոսկուա

Աբխազիայի հայկական համայնքը ի յայտ եկաւ 1860-ականների վերջերին` Սուխումի ռազմական բաժնում Աբխազական իշխանութեան ստեղծումից (1864) եւ աբխազական ապստամբութեան ճնշումից յետոյ (1866): Թուրքիայից վերաբնակուած հայերը զբաղեցնում էին Թուրքիա տեղափոխուած աբխազ մախաջիրների հողերը: Այդ ժամանակաշրջանում Օսմանեան կայսրութիւնից Աբխազիայում առաւել ակտիվ էին վերաբնակւում յոյներն ու բուլղարները: 1880-ականներին` մախաջիրութեան նոր ալիքից յետոյ, որ պայմանաւորուած էր 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմով, հայերի ներգաղթն Աբխազիա աւելի մեծ թափ առաւ: Այն առաւել ուժեղացաւ 1890-ականներին` 1895-1896 թթ. կոտորածներից յետոյ: Յատկապէս մեծ թուով հայ ընտանիքներ վերաբնակուեցին Գագրայում, Մծարա (Բզիբեան Աբխազիա), Էշերա, Գումսկոյէ-Աբխազկոյէ, Եաշտուխ (Սուխումի շրջակայքում) եւ Ցեբելդա գիւղերում: Թուրքիայից ներգաղթած հայերի կողմից ակտիվ կերպով հողատարածքների գնումը լրջօրէն անհանգստացրեց Ռուսական կայսրութեան ներքին գործոց նախարարութեանը, որը արգելեց թուրքահպատակներին անշարժ գոյք ձեռք բերել Անդրկովկասի որոշ տարածաշրջաններում (1897 թ. Սուխումում բնակուող 1083 հայերից 924-ը օտարահպատակներ էին): Ընդ որում` վերաբնակուած հայերի մի զգալի մասը բատրակ էր (բատրակ էր հայերի 47%-ը, յոյների 20.5%-ը, վրացիների 8%-ը):

1886 թ. Աբխազիայում հաշուըւում էր 1037 հայ (բնակչութեան 1.5%-ը), 1897-ին` 6552 (6.2%). նրանցից 1083-ը բնակւում էր Սուխումում` միակ քաղաքում: Նրանք իրենց թուով, այնուամենայնիւ, զիջում էին ինչպէս աբխազներին, այնպէս էլ քարթվելներին (վրացիներ, մենգրելներ, սուաններ), որոնք կազմում էին տարածաշրջանի բնակչութեան համապատասխանաբար 55.3 եւ 24.4%-ը, սակայն գերազանցում էին ռուս բնակչութեան թիւը, որը կազմում էր 5.7%: 1914 թ. Աբխազիայի հայկական համայնքի թիւը կազմում էր 16794 մարդ (բնակչութեան ընդհանուր թուի 12.5%-ը). նրանցից 7980 բնակւում էր գիւղական վայրերում: Այդ ժամանակ արդէն նկատւում էր Աբխխազիայի ռուս բնակչութեան առաւել արագ աճի միտում, որը իր թուով զիջում էր միայն աբխազական եւ քարթվելական համայնքներին: 20-րդ դարի սկզբին Աբխազիայում գործում էին հայկական վարժարան եւ եկեղեցի: Աբխազիայի հայերի հիմնական զբաղմունքը ծխախոտագործութիւնն էր:

1918-1920-ական թթ. յեղափոխական շրջանում տարածաշրջանի հայերը աջակցում էին աբխազների ազգային-ազատագրական շարժումներին: 20-րդ դարի սկզբին հայկական եւ աբխազական համայնքների միջեւ յարաբերութիւններն ընդհանուր առմամբ դրական էին: Այսպէս` աբխազ ազգագրագէտ եւ լուսաւորիչ Սիմոն Բասարիայի խօսքերով (1923 թ.) ՙհայերը… շատ զգոյշ են աբխազների նկատմամբ, ընդունում են աբխազների պատմական, իրաւական եւ բնիկութեան իրաւունքները տարածքի նկատմամբ, իրենց Աբխազիայում համարում են հիւր, հաճոյքով բացում են իրենց դռները աբխազների առջեւ եւ ամէն կերպ փորձում են ընդօրինակել նրանց հիւրասիրութիւնը: Հայերի մեծ պատուին պէտք է վերագրել նաեւ այն, որ այն միակ ազգն է Աբխազիայում, որը խնամքով է վերաբերւում հնագոյն աբխազական տեղանուններին. նրանց բոլոր գիւղերը կրում են հնագոյն աբխազական տեղանուններ՚:

Մի շարք յայտնի պատճառներով Անդրկովկասի տարածքում խորհրդային շրջանում անցկացուած մարդահամարների տուեալներին դժուար է վստահել: Արժանահաւատ կարելի է համարել 1926 թ. մարդահամարը, ըստ որի հայերը կազմում էին տարածաշրջանի բնակչութեան 12.8%-ը: Սուխումի ուեզդում հայերի թիւը կազմում էր 14388 մարդ (նրանցից Սուխումում` 2033 մարդ), Գագրայի շրջանում` 346 մարդ (211-ը` Գագրայում), Գուդաուտի ուեզդում` 649 մարդ (388-ը Գուդաուտում), Կոդորի ուեզդու` 209 մարդ (149-ը` Օչամչիրում), Գալիի ուեզդում` 26 մարդ: Ընդ որում` բնակավայրերի մեծ մասն ունէր խառը բնակչութիւն: Հայերի առաւել մեծ խմբեր բնակւում էին Սուխումի շրջանի Ցեբելդա, Լաթա, Գումիստա, Դրանդա, Մերխէուլ, Էշերա, Գուլրիփշ, Բեշքարդաշ, Ազանտա, Նիկոլաեւօ-Անաստասիեւկա, Պոլտաւօ-Օլգինսկոյէ գիւղերում: 1939 թ. մարդահամարի տուեալներով Աբխազիայում հաշուըւում էր 49705 հայ (հանրապետութեան բնակչութեան 15.9%-ը), որոնցից 6607-ը ապրում էր քաղաքներում: Այդ ժամանակաշրջանում հայերը թուաքանակով տարածաշրջանի չորրորդ ազգային համայնքն էին, բայց քաղաքաբնակների թուով զիջում էին ոչ միայն ռուսներին, վրացիներին եւ աբխազներին, այլեւ յոյներին, որոնց մեծ մասն աքսորուեց 1941-1945 թթ. պատերազմի ժամանակ: Քաղաքաբնակ հայերի տեսակարար կշիռը փոքրանում էր: Բացի այդ` 1937-1939 թթ. վարչական ապարատում հայերը կազմում էին 12.1%, արդիւնաբերական մտաւորականութեան մէջ` 5%, մտաւորականութեան մէջ` 8.2%: Այսպիսով` ինքնավարութեան վերնախաւում հայերի մասնակցութեան մակարդակը չէր համապատասխանում Աբխազիայի բնակչութեան մէջ նրանց ունեցած տեսակարար կշռին:

1959 թ. մարդահամարի տուեալներով հանրապետութիւնում հայերի թիւը հաշուըւում էր 64425 մարդ (բնակչութեան 15.9%-ը), 1970 թ. մարդահամարի տուեալներով` 72850 մարդ (բնակչութեան 15.2%-ը): Ընդ որում` 1959 թ. մարդահամարի տուեալներով հայ բնակչութեան թիւը փոքր-ինչ գերազանցում էր աբխազների թիւը, 1970 թ. տուեալներով` աննշան չափով զիջում: Հետաքրքրական է, որ լրիւ միջնակարգ կրթութիւն ունեցողների թուով հայերը զիջում էին վրացիներին եւ ռուսներին, բայց աբխազներից առաջ էին:

Հետագայում հայ բնակչութեան թուի աճը Աբխազիայում կանգ առաւ. 1979 թ. հանրապետութիւնում հայերի թիւը կազմում էր 73350 մարդ (15.1%), 1989 թ.` 76541 մարդ (14.6%)£ Այսպիսով` Աբխազիայի բնակչութեան մէջ հայերի տեսակարար կշիռը 1960-1970-ական թթ. դանդաղ, բայց անշեղօրէն փոքրանում էր: Միաժամանակ, բայց առաւել արագ տեմպերով նուազում էր ռուս բնակչութեան տեսակարար կշիռը: Դանդաղ կերպով շարունակում է նուազել նաեւ քաղաքաբնակ հայերի տեսակարար կշիռը: 1959 թ. Սուխում քաղաքի բնակչութեան մէջ հայերը կազմում էին 10.5% (6783 մարդ), 1970 թ.` 11.5% (11664 մարդ), 1979 թ.` 10.9% (11823 մարդ), 1989 թ.` 10.3% (12242 մարդ): 1989 է. Սուխումի շրջանում ապրում էր 11617 հայ (29.4%), Գուլրիփշի շրջանում` 13878 (25.3%), Գուդաութի շրջանում` 8857 (15.4%), Գագրայի տարածքում` 22854 (29.7%), Օչամչիրի շրջանում` 6226 (8.3%), Տկուարչելի քաղաքում` 337 (1.5%), Գալիի շրջանում` 530 (0.7%):

Աբխազիայի հայութեան համար նոր պայմաններ ստեղծուեցին 1992-1993 թթ. վրաց-աբխազական պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ: Մի կողմից հայ բնակչութեան զգալի մասը` առաւելաբար վրացական բանակի զօրամասերի կողմից գրաւուած տարածքներում գտնուողները, գրաւեցին չէզոք դիրք: Դեռեւս 1989 թ. աբխազա-վրացական ընդդիմակայութեան ժամանակ հանրապետութեան ազգային համայնքները պահպանում էին չէզոքութիւն: Այդ փորձառութիւնը աբխազական ազգային-ազատագրական շարժման ղեկավարութեանը դրդեց ուշադրութիւն դարձնել ազգային համայնքներին եւ նրանց ներգրաւել ինչպէս Թբիլիսիի հետ ունեցած ընդդիմակայութեան, այնպէս էլ պետական շինարարութեան մէջ: 1990 թ. ստեղծուեց հայկական ՙԿռունկ՚ մշակութային-բարեգործական միութիւնը, որը 1992 թ. մտաւ Ազգային փրկութեան կոմիտէի մէջ: Աչքի ընկան Աբխազիայի հայերի մի շարք առաջնորդներ` Ալբերտ Թօփալեան (1992-1996 թթ. Աբխազիայի Գերագոյն Խորհրդի փոխխօսնակ), Գալուստ Տրապիզոնեան (1996-2001 թթ. հանրապետութեան Գերագոյն Խորհրդի պատգամաւոր, Աբխազիայի հերոս), Սերգէյ Մաթոսեան (գնդապետ, Աբխազիայի հերոս): Շեշտը դրուած էր ՙԱբխազիայի բազմազգ ժողովրդի՚ համախմբման վրայ` ընդդէմ վրացական էթնոնացիոնալիզմի: Ուստի զարմանալի չէ, որ Վ Գ. Արձիմբայի գլխաւորած հանրապետական ղեկավարութեան վերահսկողութեան տակ գտնուող աբխազական տարածքների հայերը ճնշող մեծամասնութեամբ հանդէս եկան աբխազական կողմում, այդ թւում` երկու հայկական գումարտակներով: Մի քանի բնակավայրերում (Գագրա, Սուխում, Գուլրիփշ, Օչամչիր, գ. Լաբրա) վրացական ստորաբաժանումների կողմից տեղի ունեցան հայ բնակչութեան զանգուածային ոչնչացման դէպքեր: Այսպէս` Լաբրայում սպաննուեց աւելի քան 20 հայ:

Աբխազիայի պետական վիճակագրական վարչութեան 1995 թ. տուեալներով հանրապետութիւնում ապրում էր 61962 հայ: 2003 թ. մարդահամարի տուեալներով Աբխազիայում հաշուըւում էր 44869 հայ (բնակչութեան 21%-ը), այդ թւում` Սուխումում բնակւում էր 5565 մարդ, Սուխումի շրջանում` 7209 մարդ, Գուլրիփշի շրջանում` 9374 մարդ, Գուդաութի շրջանում` 4141 մարդ, Գագրայի շրջանում` 16322 մարդ, Օչամչիրի շրջանում` 2177 մարդ, Տկուարչալի շրջանում` 67 մարդ, Գալիի շրջանում` 14 մարդ: Ընդ որում` վստահութիւն ներշնչելու առումով մարդահամարի տուեալները կարելի է համարել ոչ ամբողջական. հայերի, ինչպէս եւ վրացիների թուաքանակը փոքրացուած է: Ըստ ունեցած գնահատականների` Աբխազիայի հայ բնակչութեան թիւը աննշան չափով աւելի է աբխազ բնակչութեան թուից եւ մօտաւորապէս համապատասխանում է հանրապետութեան վրաց բնակչութեան թուին, այսինքն` կազմում է մօտ 60-70 հազար մարդ: Մարդահամարի տուեալների խեղաթիւրումը պայմանաւորուած է հանրապետութեան իրականում միատարր ազգային իշխանական վերնախաւի լիովին հասկանալի զգուշաւորութեամբ, որը չի ցանկանում ազգային համայնքների ներկայացուցիչների հետ կիսել իշխանութիւնը եւ բիզնեսում ունեցած դիրքերը: Հաշուի առնելով ազգային խմբերի թուաքանակների իրական յարաբերակցութիւնը` նոյնպէս լրիւ հասկանալի է վերջին տարիներին Աբխազիայի տարածքում առանց համապատասխան հաշուառման բնակութիւն հաստատած հայերի արտաքսման գործընթացը: Արդի փուլում դա առաւելաբար վերաբերում է Գագրայի շրջանին, որտեղ հայերի թիւը բնակչութեան ընդահանուր թուի կէսից պակաս չէ: Ցաւօք նման միջոցառումները չեն նպաստում ազգամիջեան յարաբերութիւնների բարելաւմանը հանրապետութիւնում: Իսկ հայկական համայնքը որպէս քաղաքական ուժ վերականգնելու փորձերը նախաձեռնուեցին ՙվերեւից՚ (2004 թ. նախընտրական շրջանում նախագահի թեկնածու Ռ. Խաջիմբան փորձեց յենուել Աբխազիայի հայերի վրայ) եւ անցկացուեցին այսրոպէական նպատակներով:

1990-ականների երկրորդ կէսին ի յայտ եկաւ նոր գործօն` հայերի արտագաղթ Աբխազիա Հայաստանից եւ Վրաստանից: Դատելով ազգագրագէտների այդ տարիների դիտարկումներից` երբեմն տպաւորութիւն է ստեղծւում, որ Հայաստանից Աբխազիա տեղափոխուած հայերը տեղացի հայերին ընկալում էին որպէս ոչ ՙզտարիւն՚ կամ ՙիսկական՚ հայեր: Հետագայում հայերի երկու խմբերը` ՙբնիկները՚ եւ ՙներգաղթած հայերը՚, բաւականաչափ մերուեցին: Հետաքրքիր է, որ միւս ազգային խմբերի հետ համեմատած` աբխազահայերի մէջ անհաւատների տոկոսը ամենաբարձրն է` մօտ 30%: Սրանով հանդերձ` հայերին, առաւել քան աբխազներին, բնորոշ են մոնոազգային ամուսնութիւնները (95.9%):

Ներկայումս Աբխազիայի Հանրապետութիւնը ձեւաւորւում է որպէս բազմազգ պետութիւն` աբխազական ազգային գաղափարի գերակայութեամբ` ի տարբերութիւն Մերձդնեստրեան Մոլդավական Հանրապետութեան, որը կազմաւորուել է ինտերնացիոնալիզմի գաղափարաբանութեան հենքի վրայ: Ազգային համայնքները հիմնականում ինքնավար են, եւ անցումը համակեցութեան եւ հաւասարամասնութեան քաղաքականութիւնից դէպի համագործակցութեան ու փոխզիջողութեան քաղաքականութիւն բաւականին դժուար է: Դրա համար Աբխազիայի տիտղոսակիր ժողովուրդն ու նրա վերնախաւը դէմքով պէտք է շրջուեն դէպի 1990-ականների հիմնաւորապէս մոռացուած ՙԱբխազիայի բազմազգ ժողովուրդ՚ հայեցակարգը:

Համշէն Եւ Համշէնահայութիւն

(գիտաժողովի նիւթեր)

ԵՐԵՒԱՆ – ՆՊԷՅՐՈՒԹ, 2007

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: