Արմեն ԱՅՎԱԶՅԱՆԻ հարցազրույցը «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթին

by

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն ԱՅՎԱԶՅԱՆԻ հարցազրույցը «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթին

Ինքնորոշման իրավունքը գերտերությունների մենաշնո՞րհն է

__ Միջազգային հարաբերություններում նոր գործընթաց է սկսվում, որը կարելի է անվանել կիսաճանաչված պետությունների ժամանակաշրջան: Նոր իրավիճակը խուճապ է առաջացրել Բաքվում, որովհետև առաջին անգամ կասկածի տակ է դրվում տարածքային ամբողջականության սկզբունքը: Այս նախադեպի հենքին ի՞նչ հեռանկար կունենա ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացը:

__ Պետք է հիշենք, որ գերտերությունների կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքն ընդունելի ու կիրառելի է միայն այն դեպքում, եթե դա բխում է նրանց շահերից: Եվ այսօր այդ սցենարի ականատեսն ենք: Կոսովոն, որպես անկախ պետություն, ճանաչել են միայն մի խումբ երկրներ, մյուսները մերժել են, այսինքն` ինքնորոշման իրավունքն ընտրովի է մեկնաբանվում: Նույնն է Հարավային Օսիայի ու Աբխազիայի ճանաչման պարագայում. առայժմ միայն Ռուսաստանն է ճանաչել նրանց անկախությունը: Բայց նույն Ռուսաստանը չի ճանաչել Արցախի, Կոսովոյի, Մերձդնեստրյան Հանրապետության անկախությունը:

Օրերս ԵՄ-ն ընդունեց մի որոշում, ուր նշվում է, որ վրացական հակամարտությունը պետք է լուծվի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա, և ոչ մի խոսք ինքնորոշման իրավունքի մասին, այսինքն` այդ ամենը միայն մեծ պետությունների շահերով է պայմանավորված: Ինչ վերաբերում է Արցախին` վերջին զարգացումները մեզ համար, անշուշտ, նպաստավոր են, քանի որ ավելանում է նախադեպերի թիվը: Իսկ Հարավային Օսիան ու Աբխազիան այն երկրներն են, որոնք Արցախյան հիմնախնդրի հետ շատ ընդհանրություններ ունեն, ավելին` Արցախի պարագայում ինքնորոշման կռվանները` իրավական, պատմական, ժողովրդագրական (Արցախում հայությունը միշտ մեծամասնություն է կազմել), շատ ավելին են: Բայց կրկնում եմ` այդ առավելություններով հանդերձ ինքնորոշման իրավունքի խնդիրը դարձյալ գալիս ու հանգում է գերտերությունների շահերին: Սակայն կասկած չկա, որ ապագայում տարածաշրջանային կամ միջազգային քաղաքականության մեջ դարձյալ կլինեն նման լուրջ տեղաշարժեր, ինչպիսին եղավ 2008-ի օգոստոսին: Մեկ տարուց հետո, թե 20 տարուց` միևնույնն է` լինելու են, մեզ մնում է ամրապնդել Հայաստանի և Արցախի անվտանգությունը` ռազմական և հատկապես ժողովրդագրական առումով, և սպասել մինչև հաջորդ տեղաշարժը:

__ Այս օրերին շատ է խոսվում Ռուսաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին, այդ քայլը բխո՞ւմ է մեր ռազմավարական գործընկերոջ շահերից, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր` Ռուսաստանը Հարավային Օսիայում ու Աբխազիայում ձեռք բերած փորձը կկիրառի՞ նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում

__ Այսօր դժվար է տալ դրա պատասխանը, քանի որ ամեն ինչ կախված է հետագա զարգացումներից: Ինչո՞ւ Ռուսաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը. դարձյալ գործ ունենք շահերի հետ` Ադրբեջանը կարևոր գործոն է Ռուսաստանի համար, իսկ ԼՂՀ ճանաչմամբ տեղի կունենա Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերի բախում, Արցախի ճանաչման դեմ կընդվզեն նաև Թուրքիան ու Արևմուտքը: Բայց մենք չպետք է կենտրոնանանք միայն Ռուսաստանի վրա, չնայած նա ամենահավանական թեկնածուներից է, որ կարող է ապագայում ճանաչել Արցախի Հանրապետությունը: Միջազգային տեղաշարժերը կարող են այնպիսին լինել, որ առաջին ճանաչողը լինի, օրինակ, Չինաստանը: Իսկ այսօր թե’ Ռուսաստանը, թե’ մեկ այլ պետություն առայժմ շահագրգռված չեն ճանաչելու Արցախի անկախությունը, որովհետև Հայաստանը դեռ չունի այն ուժը, որը կգրավեր հավանական դաշնակիցներին ու նրանց կդրդեր դիմել այդ քայլին: Բայց մենք չպետք է ընկնենք տվայտանքների գիրկը, թե ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս կճանաչի Արցախը: Մեզ համար առաջնայինը պետք է լինի Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, այն պետք է ապահովվի շնորհիվ Հայկական բանակի, շնորհիվ այն տարածքների, որ ազատագրել են մեր զորքերը, և շնորհիվ ժողովրդագրության` Արցախը պետք է արագ վերաբնակեցվի:

__ Մինչ օրս Հայաստանը ԼՂՀ ճանաչման հարցը չի շոշափել, հիմնավորումը եղել է այն, որ Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններ են ընթանում, ու պետք չէ խանգարել խաղաղ գործընթացին: Սակայն, երբ այսօր Հարավային Կովկասում նոր իրավիճակ է ստեղծվել, գուցե Ժամանա՞կն է, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը:

__ Նախ պետք է մտածել, թե այսօր Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը դրական ազդեցություն կարո՞ղ է ունենալ: Այս պահին ես դրական ակնկալիքներ չունեմ: Շտապել պետք չէ, չմոռանանք, որ մենք ունենք Խորհրդային Հայաստանի ԳԽ-ի և ԼՂ ինքնավար մարզի խորհրդի 1989-ի դեկտեմբերի 1-ին ընդունած որոշումը` Արցախի վերամիավորման մասին: Գուցե ինչ-որ պահի գործի դնենք հենց այդ որոշումը: Ինչ վերաբերում է Մինսկի խմբին` ես համամիտ չեմ Հայաստանի` ամեն գնով խմբի շրջանակներում մնալու քաղաքականության հետ: Եղել են պահեր, երբ Հայաստանը պետք է դուռը շրխկացնելով հեռանար, գոնե ժամանակավոր, բայց մենք կորցրել ենք այդ պահերը: Օրինակ` Բուդապեշտում հայ սպայի սպանության ու Ադրբեջանի արձագանքից հետո կամ Նախիջևանի հուշարձանների ոչնչացման ժամանակ բացարձակ անիմաստ էր բանակցությունները շարունակելը, եթե մի կողմը կատարում էր ցեղասպանական գործողություններ: Մինչդեռ մենք նման հարցերին շարունակում ենք «դիվանագիտորեն» մոտենալ, մոռանալով, որ դիվանագիտության մեջ կան ոչ միայն զիջումներ ու կլոր-կլոր խոսքեր, այլ վերջնագրեր և կտրուկ քայլեր:

__ Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն կոչերին, թե Հայաստանը պետք է անմիջապես ճանաչի Հարավային Օսիայի, Աբխազիայի, Կոսովոյի, անգամ Հյուսիսային Կիպրոսի անկախությունը:

__ Հայաստանի կողմից Կոսովոյի ու Հյուսիսային Կիպրոսի ճանաչումը համարում եմ սխալ: Ինչո՞ւ. Հյուսիսային Կիպրոսը Թուրքիայի կողմից օկուպացված տարածք է և այն ճանաչելով` մենք Թուրքիային ընդամենը հնարավորություն կտանք ևս մեկ պետության միջոցով իրականացնել իր հակահայկական գործունեությունը, իսկ Հյուսիսային Կիպրոսը, բնականաբար, բոլոր միջազգային ատյաններում կրկնելու է թուրքական դիրքորոշումները: Նույնը վերաբերում է և Կոսովոյին: Ինչ վերաբերում է Հարավային Օսիային ու Աբխազիային` պետք է հաշվարկել մեր օգուտներն ու վնասները, հարկ եղած դեպքում նաև առևտրի մեջ մտնել կողմերի հետ` ի՞նչ ենք ստանալու ճանաչման դիմաց: ԼՂՀ-ի կողմից ևս Հարավային Օսիայի ու Աբխազիայի ճանաչումը պետք է հիմնվի փոխհամաձայնության վրա` դու ինձ, ես քեզ: Կարծում եմ` ճիշտ կլինի այդ երկու պետությունների անկախությունը ճանաչել, եթե նրանք համաձայնեն ճանաչել Արցախի անկախությունը:

__ Ձեր կարծիքը նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի այն դիտարկման առնչությամբ, թե «նոր իրադրությունը Ղարաբաղի համար նման է երկսայր դաշույնի», քանի որ այն նպաստելու է, որ ռազմաշունչ գործողություններն այլևս չհանդուրժվեն, բայց միաժամանակ` ազգերի ինքնորոշման իրավունքի հանդեպ սաստկացնելու է միջազգային հանրության վերաբերմունքը:

__ Սաստկացման մասին խոսք չկա, որովհետև ինքնորոշման իրավունքի հանդեպ ԱՄՆ-ի ու Եվրոպայի դիրքորոշումը միշտ էլ եղել է բացասական, եթե դա չի բխել իրենց շահերից: Այնպես որ այսօր էլ նույն վերաբերմունքը պահպանվելու է: Համամիտ չեմ նաև Օսկանյանի այն մտքի հետ, թե ռազմական գործողություններն այսուհետ չեն հանդուրժվելու: Հարվային Օսիայի դեմ Վրաստանի ագրեսիան խրախուսել են արևմտյան որոշ ուժեր, իսկ արդյո՞ք ներքին կամ արտաքին պատճառներով պայամանավորված` նրանք չեն ցանկանա մի «փոքր» հակամարտություն էլ բորբոքել Ռուսաստանի ու Իրանի հարակից տարածքներում (նկատի ունեմ հայ-ադրբեջանական հակամարտությունը): Ուրեմն չի կարելի նման դիտարկումներով մեր զգոնությունը թուլացնել: Այսօր միջազգային քաղաքականությունը դարձել է չափազանց անկանխատեսելի ու մեր ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնել չի կարելի:

Հարցազրույցը վարեց Արմինե ՍԻՄՈՆՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: