Ա. Այվազյանի` “Արմենիա” հեռուստաընկերությանը տված հարցազրույցի սղագրությունը

by

Հարավային Օսիայի իրադարձությունների շուրջ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, ք. գ. դ. Ա. Այվազյանի` “Արմենիա” հեռուստաընկերությանը տված հարցազրույցի
սղագրությունը (12.08.2008թ.)

– Ինչպե՞ս կնկարագրեք ստեղծված իրավիճակը:

Իրավիճակը կորակեմ որպես հերթական սրում. այս անգամ սառեցված հակամարտությունը վերաբռնկվեց: Հասկանալի է` ում նախաձեռնությունն էր դա: Վրաստանն էր, որ փորձեց բլիցկրիգի, այսինքն` արագ ռազմական հաղթանակի ճանապարհով լուծել Հարավային Օսիայի խնդիրը; Լուծել` ընդուպ էթնիկական զտման ճանապարհով, որովհետեւ Վրաստանի ձեռնարկած գործողությունների արդյունքում զոհվեցին հարյուրավոր, հազարավոր մարդիկ: Հարավային Օսերը, բնականաբար, չէին կարող ապրել այդ տարածքում: Ռուսաստանի պատասխանը կանխատեսելի էր շատերի համար, բայց ըստ երեւույթին, Վրաստանի ղեկավարության, հավանաբար նաեւ, ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար անկանխատեսելի էր Ռուսաստանի այդպիսի հուժկու հակահարվածը:
Այստեղ առաջ է գալիս պատերազմների սկսվելու պահին նախաձեռնողների սխալ հաշվարկների հանգամանքը: Մենք էլ պետք է հասկանանք, որ կարող են սխալ հաշվարկներ լինել Բաքվում, եւ նրանք հանկարծ որոշեն նմանատիպ արագ հարձակման ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Բայց մենք, ի տարբերություն օսերի, առհասարակ իրավունք չունենք մեկ օրով նույնիսկ ուշանալու: Այս դեպքում ռուսական զորքերն ընդհամենը մեկ օր ուշացան, եւ դա շատ ծանր հետեւանքների հանգեցրեց Հարավային Օսիայի եւ օսերի համար: Ցխինվալը, մի շարք գյուղեր ավերված են եւ դրանց վերականգնման համար երկար ժամանակ կպահանջվի: Մենք այս ամենը պետք է դիտենք որպես դաս մի շարք առումներով.

• Անվտանգության 100 տոկոսանոց միջազգային երաշխիքներ առհասարակ չկան` ինքդ պետք է լինես քո անվտանգության երաշխավորը: Բարեբախտաբար, մեր պարագայում այդպես է. Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունն իրենք են իրենց երաշխավորը նախեւառաջ Ադրբեջանի կրկնվող սպառնալիքների եւ ռազմական պատրաստությունների առաջ: Բարեբախտաբար, այստեղ չկա որևէ խաղաղապահ ուժ, որը կարող է պարզապես չկռվել, ինչպես շատ-շատ դեպքերում այդ ուժերը չեն կռվել: Այս դեպքում, իհարկե, ռուս խաղաղապահները դիմադրություն ցույց տվեցին, բայց դա բավարար չեղավ: Մենք պետք է հասկանանք, որ մեր անվտանգության երաշխավորը, նախ և առաջ՝ մեր ազգային բանակն է եւ այն տարածքները, որ ազատագրել ենք: Հերթական դասն այն է, որ եթե ազատագրված տարածքը հանձնվի Ադրբեջանին, ապա Ստեփանակերտը, որը գտնվում է ԼՂԻՄ նախկին ինքնավար մարզից, սահմանից 18 կմ-ի վրա` կհայտնվի այնմիջապես հրետակոծության ներքո, Մարտակերտն ու Հադրութը կհայտնվեն 5 կմ հեռավորության վրա եւ բազմաթիվ այլ գյուղեր կհայտնվեն անմիջապես սահմանի վրա: Ուրեմն, այդ ազատագրված տարածքն այն անվտանգության գոտին է, որ մեծ նշանակություն ունի: Խոսել ազատագրված տարածքը մասնակիորեն հանձնելու ինչ-ինչ «լուծումների», անհասկանալի «երաշխիքների», խաղաղապահ ուժերի մասին` սխալ է եւ անհեթեթ:

• Մյուս դասը. Հայաստանում եւ նաեւ սփյուռքում կան որոշ քաղաքական գործիչներ, մեկնաբաններ, որ ասում են` ինչպե՞ս կարող են 21-րդ դարում ցեղասպանություններ լինել: Չէ՞ որ աշխարհը փոխվել է՝ մեծ պետությունները թույլ չեն տա: Խնդրեմ, մեծ պետությունները ոչ միայն թույլ տվեցին, այլ որոշ մեծ պետություններ, կարելի է ասել նաեւ խրախուսեցին եւ նույնիսկ գուցե մասնակցեցին նախապատրաստական աշխատանքներին: Վրացական հարձակումից մի քանի օր առաջ տեղի էին ունենում վրաց-ամերիկյան ռազմական զորախաղեր, Վրաստանը գնում էր սպառազինություն տարբեր պետություններից, վրացական բանակը մարզվում էր ամերիկյան, իսրայելական, թուրքական լավագույն մասնագետների կողմից: Այսինքն` նրանք էլ որոշ չափով պատասխանատու են հերթական ռազմական բռնկման համար: Սա էլ հերթական դասը մեզ, որ այսօր, 21-րդ դարում էլ կարող են լինել ցեղասպանություններ, փոքր ժողովուրդների ոչնչացումներ եւ մենք պետք է դրան պատրաստ լինենք: Այս առումով մտահոգիչ է անվտանգության հարցերի շուրջ Հայաստանում այն թմբիրը, որ տիրում է, մեր եթերում, կարծես ոչ մի խնդիր չկա, միայն երգ ու պարի խնդիրներն են մնացել:
• Մենք ապրում ենք շատ վտանգավոր մի տարածաշրջանում, որտեղ ընթանում է «մինի» սառը պատերազմ, որ երբեմն բռնկվում, դառնում է տաք պատերազմ: Այդ մինի սառը պատերազմն ընթանում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ու նրա արեւմտյան դաշնակիցների միջեւ: Կողմնակի մասնակիցներ էլ կան` Իրանը և Թուրքիան, որ միաժամանակ ԱՄՆ-ի դաշնակիցն է: Հասկանալով մեր տարածաշրջանում այսպիսի լարված իրավիճակը, որ այսօր չէ, վաղը կարող է բռնկվել, վաղը չէ, վաղը չէ մյուս օրը կարող է բռնկվել, մենք պետք է լրջորեն անհանգստանանք մեր անվտանգության մասին: Սա նշանակում է, որ նաեւ ներքին դաշտում պետք է լուրջ վերաբերմունք ցուցաբերենք ե՜ւ սոցիալական, ե՜ւ ժողովրդագրական, ե՜ւ քարոզչական խնդիրներին: Չի՜ կարելի գիշեր-ցերեկ զբաղվել միայն հաճույքների ու կազինոների քարոզով:

– Ինչպե՞ս կգնահատեք միջազգային հանրության դիրքորոշումը: Հարյուրավոր մարդիկ են մահանում, սակայն, օրինակ ՄԱԿ-ում միայն հայտարարություններ են հնչում, գործնական քայլեր չեն ձեռնարկվում: Աշխարհը լռու՞մ է:

Երբ պատերազմը սկսվում է, ժամանակ է պահանջվում մինչեւ միջազգային համայնքը շարժվում է, մինչեւ գալիս է համաձայնության: Ի՞նչ է տեղի ունենում: Հիմա վարագույրների հետեւում ընթանում են բանակցություններ: Ինչու՞ [միջնորդությամբ հանդես եկող Ֆրանսիայի նախագահ] Սարկոզին երկու-երեք օր է գնում է, բայց դեռ չի հասել Մոսկվա: Ո՞րն է խնդիրը: Ռուսաստանի հետ ընթանում են բանակցություններ. եթե Սարկոզին հասներ երեք օր առաջ, այցն անարդյունք կլիներ, որովհետեւ Ռուսաստանը դեռ իր հիմնական նպատակներին չէր հասել: Ֆրանսիայի նախագահը կժամանի Մոսկվա, երբ առաջիկա օրերին հակամարտության թեժ փուլն ավարտվի Վրաստանի խայտառակ պարտությամբ:
Պետք է հասկանանք, որ միջազգային համայնքը միաձույլ միավոր չէ: Այն բաղկացած է տարբեր պետություններից, որոնք տարբեր շահեր ունեն: Այդ շահերը բախվում են, այդ երկրներն էլ են բախվում: Միջազգային համայնք ասելով չպետք է հասկանալ միայն արեմտյան պետություններն ու նրանց դաշնակիցներին: Ռուսաստանն էլ է միջազգային համայնքի մաս: Չինաստանն էլ դեռ իր խոսքը չի ասել այս համակարտության առիթով, բայց օլիմպիական խաղերի ավարտից հետո այս երկիրն էլ, կարծում եմ կարձագանքի, քանի որ սա ինչ որ առումով նաեւ օլիմպիադայի դեմ ուղղված գործողություն էր։ Գոնե արդյունքում այդպես է՝ օլիմպիադայի առաջին իսկ օրից աշխարհի ուշադրությունը շեղվեց դեպի հակամարտություն:
Կարեւոր է ևս մի հանգամանք. նրանք, ովքեր կարծում էին, որ Միացյալ Նահանգները, արեւմուտքն այս տարածաշրջանում արդեն վերացնում են, կամ վերացրել են Ռուսաստանի ազդեցությունը` չարաչար սխալվում էին: Մեզանում արդեն անհեթեթ կոչեր էին հնչում, թե Հայաստանը պետք է ձգտի դառնալու ՆԱՏՕ-ի անդամ: Վերջին դեպքերը եկան ապացուցելու, որ Ռուսաստանն այս տարածաշրջանից չի հեռացել, չի պատրաստվում հեռանալ եւ հակառակը` գնալով կամրապնդի իր դիրքերը: Որքան էլ ԱՄՆ-ն հզոր պետություն է, ամենահզորն է այսօր աշխարհում ե՜ւ ռազմական, ե՜ւ տնտեսական, ե՜ւ այլ, հատկապես` տեղեկատվական առումով, որ այսօր շատ կարեւոր բաղադրիչ է, այնուամենայնիվ` ԱՄՆ-ն այս տարածաշրջանից հեռու է, Եվրոպան հեռու է: Ռուսաստանը մոտ է, հարեւան է: Թուրքիան էլ է մոտ:

– Այս իրադարձություններն ի՞նչ ապացուցեցին:

Ապացուցեցին, որ այս տարածաշրջանի հարեւանությունը Ռուսաստանին ավելի կարեւոր է, քան ԱՄՆ-ի առկա հոզորությունն ամբողջ աշխարհում: Սա ապացուցվեց, թեեւ չեմ կարծում, որ ԱՄՆ-ի դիրքերը այս տարածաշրջանում միանգամից ոչնչացվեցին, բայց Վրաստանի հետ միասին ԱՄՆ-ն լուրջ պարտություն կրեց բոլոր հարցերով:

– Առաջիկա օրերին ի՞նչ հիմնական սցենարներ կզարգանան:

Կարծում եմ, մի քանի օրից ռազմական խոշոր գործողությունները կդադարեն, այնուհետեւ կսկսվեն բանակցություններ եւ այդ փուլը ավելի կերկարի: Այնուհետեւ, քարոզչական պատերազմը կշարունակվի` ինչպես սկսվել է. Ռուսաստանն այս անգամ փորձելու է կիրառել իրավական լծակներ` նաեւ միջազգային իրավունքի ընձեռած հնարավորությունների շրջանակում։ Վրաստանի ղեկավարությունը հայտնվելու է բավականին ծանր վիճակում: Այն փաստերը վրացական զորքերի գործողությունների մասին Ցխինվալում եւ օսական գյուղերում, որ այսօր արդեն սկսել են հավաքել, այդքան էլ դյուրին չի լինելու հերքել: Չեմ կարծում, որ կստեղծվի առանձին միջազգաին տրիբունալ, քանի որ այսօր էլ Հաագայի միջազգային դատարանը գտնվում է արեւմտյան ուժերի ազդեցության ներքո, սակայն, կրկնում եմ, Վրաստանի ղեկավարության եւ արեւմուտքի համար այդքան ել դյուրին չի լինի վրացական զորքերի վայրագ գործողությունների անտեսումը:

– Վերջին իրադարձություններն ինչպե՞ս կանդրադառնան ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի հարաբերություններին:

Կանդրադառնան այնպես, որ Վրաստանի` ՆԱՏՕ-ի կազմում հայտնվելու մասին խոսակցությունները լուրջ չեն ընկալվի այլեւս: Թեեւ կան միջազգային լրատվամիջոցներ, գործիչներ, որոնք ասում են, որ այս գործողություններից հետո Վրաստանին պետք է ավելի շուտ ընդունել ՆԱՏՕ-ի կազմում , սակայն ես համոզված եմ, որ այս իրադարձություններից հետո, Վրաստանի` ՆԱՏՕ-ի կազմում հայտնվելու գործընթացը երկար ժամանակով, եթե ոչ ընդմիշտ խափանվեց, որովհետեւ եվրոպական երկրները, ժողովրդական լեզվով ասած, խելքները հացի հետ չեն կերել, որ Վրաստանին ընդունեն ՆԱՏՕ: Չէ՞ որ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելը նշանակում է, որ նման գործողությունների կրկնման դեպքում իրենք պարտավոր են զորքով պաշտպանել Վրաստանի տարածքը, ինքնիշխանությունը: Ոչ մի երկիր նման պատասխանատվություն չի ցանկանա ստանձնել, որովհետեւ դա կնշանակի խոշոր պատերազմ Ռուսաստանի հետ:

– Այսօր մի շարք լրատվամիջոցներում խոսվում է Վրաստանի` ԵՄ Նոր Հարեւանության ծրագրից դուրս մնալու մասին:

Չեմ կարծում: Վրաստանը կշարունակի լինել Միացյալ Նահանգների ու Եվրոպայի դաշնակիցը: Վրաց հասարակությունը հակառուսական տրամադրություններ ունի, իսկ վերջին գործողությունները կարող են է՜լ ավելի սրել այդ տրամադրությունները: Սակայն վրացական իշխանությունները, կարծում եմ, 1-2 ամիս անց վրաց ընդդիմության շատ սուր քննադատության առարկա կդառնան:

– Վրաստանում իշխանափոխություն հնարավո՞ր է:

Այո, հնարավոր է, որովհետեւ Սահակաշվիլիի թույլ տրված սխալը ճակատագրական էր: Առանց այն էլ լուրջ ընդդիմություն կար Սահակաշվիլիի իշխանության դեմ, իսկ սյդ սխալը հանգեցրեց հարյուրավոր զոհերի, տնտեսության քայքայման, նաեւ` նոր տարածքների կորստի: Սահակաշվիլին խոստացել էր Վրաստանի վերամիավորում, ամբողջականության վերականգնում, բայց դրա փոխարեն կորցրեց լրացուցիչ տարածքներ` տալով հարյուրավոր անիմաստ զոհեր: Այս առումով, կարծում եմ, պատերազմի ավարտից հետո, Վրաստանի հասարակությունն իր գնահատականը դեռ կտա Սահակաշվիլիի գործողություններին:

– Ինչպե՞ս կանդրադառնան այս իրադարձությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Հնարավոր համարու՞մ եք նման սցենարի կիրառումն Ադրբեջանի կողմից:

Այո: Եթե Վրաստանը հասներ հաջողության, ապա Բաքվում սա կդիտվեր իբրեւ ոգեւորիչ նախադեպ եւ այն նախապատրաստությունները, որ Ադրբեջանն իրականացրել է ԼՂ հարցը ռազմական ճանապարհով կարգավորելու համար` կարող էին գործի դրվել: Հիմա, ինչ-որ չափով, այդ տաք գլուխները պետք է որ հանգստանան, առավել համարժեք գնահատեն իրավիճակը: Խոսել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի` Վրաստանի կազմում լինելու մասին այլևս անիմաստ է: Սահակաշվիլիի սխալ հաշվարկի շնորհիվ նրանք լրացուցիչ երկարաժամկետ երաշխիքներ ստացան իրենց դե-ֆակտո անկախության համար: Այդ առումով, Արցախը, հայկական կողմը նունպես շահում է, որովհետեւ, իրենց տարբերություններով հանդերձ, սրանք միանման հակամարտություններ են ու, եթե Հարավային Օսիան եւ Աբխազիան ամրապնդում են իրենց անկախությունը, եթե մի քանի պետություն, կամ Ռուսաստանի պես հզոր մի պետություն ճանաչում է նրանց անկախությունը, Լեռնային Ղարաբաղի ճանաչման հնարավորությունները զգալիորեն աճում են: Այդ առումով մենք շահեցինք:
Շահեցինք նաեւ այն առումով, որ Հարավային Օսիայի հարցն իր ձեւով լուծելուց հետո, Սահակաշվիլին կարող էր շատ ավելի խիստ միջոցներով փորձել ճնշել ջավախահայության` իր մշակութային արժեքների և իրավունքների համար մղվող պայքարը: Այդ առումով, հուսանք, որ Սահակաշվիլին եւ վրաց ղեկավարները կսկսեն ավելի զգույշ քաղաքականություն իրականացնել Ջավախքում:

– Տարածաշրջանային անվտանգությունն այսօր վտանգվա՞ծ է:

Մեծապես վտանգված է: Կարծում եմ, այդ իրավիճակը մի քանի օրից կհանդարտվի: Բայց եթե Վրաստանում հաջողվեր` կար Ադրբեջանի կողմից իրավիճակը սրելու վտանգ, կար Ջավախքում իրավիճակի սրման վտանգ: Ռուսաստանի գործողությունների շնորհիվ, նվազում է տարածաշրջանի ամբողջովին բռնկվելու հավանականությունը: Միաժամանակ, չի նվազում Իրանի միջուկային հարցի շուրջ լարվածությունը: Առաջիկա ամիսներին, մինչեւ Բուշի հեռանալը, հնարավոր է լարվածության նոր սրացում Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ անկանխատեսելի հետեւանքներով, այդ թվում՝ նույն Հարավային Օսիայում եւ Արցախում: Պետք է պատրաստ լինել: Պետք է մտածել Հայաստանի պաշտպանունակության մասին: Մտածել համալիր ձեւով, ոչ միայն զորքի, բանակի, սպառազինության, այլեւ ժողովրդի համախմբվածության, ժողովուրդ-իշխանություն հարաբերություններն առավել ներդաշնակ իրավիճակի բերելու, սոցիալական արդարության մասին: Այս բոլոր ուղղություններով աշխատանքները պետք է տասնապատկել, քանի դեռ իրավիճակը եւս մի անգամ չի սրվել:

– Եթե Վրաստանում տեղի ունենա իշխանափոխություն, կփոխվի՞ արդյոք այդ երկրի արտաքին քաղաքական ուղեգիծը:

Առայժմ ոչ, որովհետեւ եթե տեղի ունենա իշխանափոխություն, կրկին գալու են արեւմտամետ եւ թուրքամետ ուժեր: 2005 թվականին ընդունած իր Ազգային անվտանգության հայեցակարգում Վրաստանը սեւով սպիտակի վրա գրել է, որ Թուրքիան և Ադրբեջանն իր ռազմավարական դաշնակիցներն են: Հայաստանի մասին նման բան չկա գրված, այլ նշված է ընդհամենը Հայաստանի դրացի պետություն լինելը: Կարծում եմ, որ նոր ուժերը շարունակելու են առայժմ նույն` արեւմտամետ, թուրքամետ, ադրբեջանամետ քաղաքականությունը: Սակայն սա` կարճաժամկետ առումով, իսկ երկարաժամկետ՝ դժվար է ասել: Տարածաշրջանը բավական անկայուն է: Թե ինչպիսին կլինեն վրաց իշխանությունները 5, 10 տարի հետո, դժվար է ասել, գուցե նորից վերադառնան ռուսամետության: Սակայն եթե իսկապես ցանկանան կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա պետք է փորձեն մի կարգով նվազեցնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: