Համշենի Հայկական Միկրոտեղանունների Իմաստակառուցվածքային Քննություն

by

Լուսինե Սահակյան

բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ,

ԵՊՀ հայագիտական

հետազոտությունների ինստիտուտի

օսմանագիտական բաժնի ղեկավար

Ուղևորություն Թուրքիայի Արդվինի և Ռիզեի նահանգների համշենցիների բնակավայրեր

2010թ. հուլիսին մի փոքր խմբով[1] այցելեցինք Թուրքիայի Արդվինի և Ռիզեի նահանգների համշենցիների բնակավայրերը։ Կարճ ժամանակամիջոցում հնարավո­րություն ունեցանք որոշակի դաշտային աշխատանք կատարել Արդվինի նահանգի Խոփայի (Հոփա) գավառի Քեմալփաշայի (նախկին Մաքրիյալ) ենթաշրջանի համշեն-ցիների միջավայրում։ Նրանց նախնիները բռնի մահմեդականացվել են դեռևս 18-րդ դարում[2] և հետագայում հաստատվել այս վայրե­րում։ Այցելեցինք նաև Բիլբիլան կոչվող նրանց ամառային արոտավայրը` յայլան, որը գտնվում էր Արդահանի գավառում։ Ճանապարհին՝ Բաղդաշան քրդաբնակ գյուղի մոտ, մեր առջև խո­յացավ մի ազդեցիկ, կիսականգուն բերդ, որը տեղացիներն անվանում էին Բագրա­տունի քալեսի (Բագրատունու բերդ)։ Շարունակելով մեր ճանապարհը՝ հասանք գրե­թե ամպամերձ լեռների գրկում գտնվող Բիլբիլանի արոտավայրը։ Այստեղ սպասվում էր չափազանց հետաքրքիր հանդիպում։ Խոփայի գավառի տարբեր գյուղերից եկած տարեցները հայերենի Համշենի բարբառի տեղական խոսվածքով երգե­ցին դարերի խորքից մեր օրերը հասած ինքնատիպ մեղեդիներով խաղիկներ, ինչպես նաև պատ­մեցին հեքիաթներ ու զրույցներ[3]։ Այնուհետև Արդահանից գնացինք Արտանուջի գա­վառ, ճանապարհին կանգ առանք հայտնի Ջեհեննեմ դերեսի (Cehennem Deresi) -Դժոխքի ձոր կիրճում, որտեղ ցեղասպանության տարիներին բազմաթիվ հայեր են կոտորվել։ Հասնելով Արտանուջ՝ բարձր բլրի վրա տեսանք նշանավոր բերդը։ Եղանք նահանգի կենտրոն Արդվին քաղաքում, ապա Քեմալփաշայի շրջանում, ուր երեք օր հյուրընկալվեցինք Ստամբուլի «Վով ա» երաժշտախմբի ղեկավար, համշեն­ցիների մի շարք երգեր գրառող ու կատարող Հիքմեթ Աքչիչեքի և նրա ազգական­ների տանը, ուր վայելեցինք Համշենի բարբառով խոսքն ու խաղիկ-ները։

Եղանք նաև Ռիզեի[4] նահանգի Չամլըհեմշին (Ներքին Վիժե) և Արտաշեն[5] գա­վառների համշենցիների բնակավայրերում, հյուրընկալվեցինք Համշեն գավառի Զուղա/Զուգա (այժմ՝ Չամլըթեփե) գյուղում` ստամբուլցի գրող և լրագրող Ադնան Գենչի ազգականների տանը։ Նշենք, որ Ռիզեի վարչական միավորներից են նաևՉայելիի (հին անունը՝ Մափավրի), Ֆընդըքլըի (հին անունը՝ Վիչե>Վիժե), Իքիզդերեի (հին անունը՝ Քուրա-ի Սեբա), Փազարի (հին անունը՝ Աթինա), Իյիդերեի (հին անունը՝ Ասփեթ), ԴերեփազարիԳյունեյսուի (հին անունը՝Պոտոմիա) գավառները։

Կանգ առնելով Չամլհեմշին գավառաի Այդերի (Արտեր) ամառային արոտա­վայրում, որն այսօր զբոսաշրջության կենտրոն է, այցելեցինք պատմական Զիլ (Ներքին) բերդը[6], Մաքրևիս, Չինչիվա (Շնչիվա), Չաթ (Տափ) գյուղերը։ Ողջ ուղևորու­թյան ընթացքում առանձնակի տպավորություն էր գործում Համշենի բնաշխարհն՝ իր յուրահատկություններով։ Թավշյա կանաչ, անանցա­նելի և ստվարախիտ դարավոր անտառների գլխին քողի նման իջնող մուժը, արագա­հոս Ֆորթունա, Խալա, Համշեն գետերը, նրանց վրա կառուցված հնագույն կամուրջ­ները անասելի հմայիչ էին։

Չամլըհեմշինում ինձ հաջողվեց գրառել ու ձայնագրել ժողովրդագրական և ազգագրական բացառիկ նյութեր, գրանցել տեղանուններ և միկրոտեղանուններ, անձնանուններ, խաղիկներ, Համշենի բարբառի նմուշներ, նկարահանել պարեր, լուսանկարել գյուղեր, կամուրջներ, աղբյուրներ, ջրվեժներ։ (Նշեմ, որ դաշտային աշխատանքների իմ բոլոր ձայնագրություններն ու նկարահանումները գտնվում են իմ անձնական արխիվում)։

Մասնավորապես, սույն ուսումնասիրության միջոցով առաջին անգամ գիտա­կան շրջանառության մեջ են դրվում առանձնակի արժեք ներկայացնող բազմաթիվ միկրոտեղանուններ[7]։

* * *

Նկատենք, որ Արդվինի նահանգի Խոփայի և Բորչկայի գավառների համշենցի­ները՝ 25-30,000 մարդ, խոսում են հայերենի Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով։ Միաժամանակ, նշենք, որ նրանք հայերեն տառերը չգիտեն, բացառու­թյամբ մի քանի մտավորականների, ովքեր գիտաճանաչողական նպատակներով սովորում են մեսրոպյան այբուբենը։ Շնորհիվ Համշենի բարբառի պահպանման՝ այս շրջանների համշենցիների մի մասն ընդունում է իր հայկական ծագումը։ Առհասա­րակ Խոփայի և Բորչկայի գավառներում տարածված են մարքսիստական, ըստ այդմ՝ աթեիստական գաղափարները, որոնք, մեր կարծիքով, որոշակի հոգեբանական ինքնապաշտ-պանական դեր են կատարում իսլամական-թուրքական միջավայրում։ Սակայն նրանց մեջ կան նաև այնպիսիները, ովքեր խուսափում են իրենց ծագման մասին խոսել, կամ իրենց համարում են թուրք, իսկ լավագույն դեպքում՝ համշենցի (հոմշեցի)[8]։

Այլ է պատկերը Ռիզեի նահանգի համշենցիների շրջանում։ Այստեղ թուրքա­ցումն առավել խոր արմատներ է գցել։ Ռիզեի համշենցիները մոռացել են իրենց մայ­րենին՝ հայերենը, և խոսում են թուրքերեն։ Ոմանք, թեև ընդունում են իրենց հայկա­կան ծագումը, սակայն անմիջապես հավելում են, որ արդեն թուրքացել են։ Նրանց միջավայրում շրջանառվում է այն տեսակետը, որ նրանք սերվել են թյուրքական ցեղերից[9]։

Չամլըհեմշինցի լրագրող և հայրենագետ Ջան Ուղուր Բիրյոլը, որի գրչին է պատկանում «Համշենցիներ, արտագնա աշխատանք և հրուշակագործություն»[10] արժեքավոր պատմաազգագրական ուսումնասիրությունը, իր հոդվածներից մեկում գրում է. «Այսօր համշենցիների մեծամասնությունը մերժում է իր հայ լինելը։ Իրակա­նում, շրջանում օգտագործվող տեղանունների և առօրյա կյանքում կիրառվող առար­կա­ների անունների չափ է նրանց տեղական հայերենը»[11]։ Սակայն այստեղ էլ կան այնպիսիները, ովքեր իրենց թուրք չեն համարում, այլ ուղղակի՝ համշենցի (Hemşinli)։ Նշենք, որ այսօր էլ Ռիզեի մի շարք շրջաններում արմատական իսլամը շարունակում է ամուր դիրքեր ունենալ[12]։

Տեղացիների հետ մեր զրույցներից պարզվեց, որ Ռիզեի նահանգի Սև ծովի առափնյա շրջաններում գերակշռում են լազական բնակավայրերը, իսկ նահանգի խորքում` լեռնային հատվածներում, հիմնականում համշենաբնակ գյուղեր են։ Սակայն պետք է արձանագրենք, որ Ռիզեի նահանգի Չամլըհեմշինի գավառի համ­շենցիների գյուղերի մի մասն արդեն դատարկված է։ Ինչպես մեր ուղեկիցներն էին ասում, գավառի բնակիչներից շատերը կենսական ծանր պայմանների հետևանքով և աշխատանք գտնելու հույսով դուրս են եկել իրենց բնօրրանից և տեղափոխվել ավելի մեծ քաղաքներ£ Ամռանը նրանք հանգստի նպատակով ետ են վերադառնում։ Համա­ձայն Ջ. Ու. Բիրյոլի՝ Չամլըհեմշինում ձմռանը բնակչության թիվը 2400 է, իսկ ամռան ամիսներին հասնում է 6-7 հազարի։ Նրանից տեղեկացանք, որ ամբողջ Թուրքիայում չամլը­հեմշինցիների թիվը, ոչ պաշտոնական տվյալներով, հասնում է 30 հազարի։ Քոբոշ գյուղն ունի մշտական բնակելի 15-16 տուն, ամռան ամիսներին բնակչության թիվը հասնում է 40-50 մարդու, Մաքրևիսում 60 տնից այժմ բնակելի է միայն 10-ը, Չաթ գյուղում (հնում՝ Տափ) ձմռան ամիսներին ոչ ոք չի ապրում, իսկ ամռանը՝ մոտ 50 հոգի։ Ըստ Ադնան Գենչի՝ դեռևս 25 տարի առաջ Համշեն գավառի 80 տուն ունեցող Զուգա/Զուղա (այժմ՝ Չամլըթեփե) գյուղից դուրս է եկել 40 տուն, այժմ այնտեղ մշտական բնակելի է ընդամենը 10 տուն, իսկ 30 տուն ծառայում է որպես ամառանոց։

Միկրոտեղանունների պատմամշակութային և լեզվական արժեքը

Թեև Ռիզեի նահանգում ապրող նախկինում բռնի մահմեդականացված համ­շենցիների ներկայիս սերունդներն այսօր մոռացել են իրենց նախնիների մայրենին՝ հայոց լեզուն, կորցրել են հայկական ինքնությունը, բայց շարունակում են գործածել իրենց բնակավայրերի՝ մեծերից ավանդված տեղանուններն ու միկրոտեղանունները, ինչպես նաև բազմաթիվ կենցաղային բառեր։ Կան այնպիսի տեղանուններ, որոնք երբեմն ենթարկվելով բառապատկերի լրիվ աղճատման՝ առաջին հայացքից թվում են օտար, անհասկանալի։ Իրականում, սակայն, տեղական բարբառային կամ օտար հնչյունական շղարշով պատված տեղանվան մեջ անթեղված է մաքուր հայկական բառն՝ իր ձևույթներով հանդերձ։ Ըստ այդմ էլ՝ Համշենի տեղանունների վերա­կանգ­նումը բարդ խնդիր է, քանի որ դրանք հիմնականում կազմվել են տեղական բարբա­ռային բառապաշարից՝ խոսվածքային հնչարտասանական նստվածքով։ Նշենք, որ Համշենի բարբառը համարվում է հայերենի ամենից խրթին բարբառներից մեկը։ Ըստ մեծանուն հայագետ Հ. Աճառյանի՝ այն «հարուստ է գրաբարի այնպիսի հազվագյուտ բառերով, որ ոչ մի բարբառի մեջ կարելի չէ գտնել»[13] և նրանում պահպանված գրաբա­րյան լեզվական շերտերը[14] վկայում են բարբառի հնագույն լինելու մասին։ Ինչպես ստորև ցույց կտանք, այդ են փաստում նաև տարածաշրջանի տեղանուններում առկա վաղնջահայկական արմատներն ու ածանցները։

Հ. Աճառյանը, ուսումնասիրելով Օսմանյան կայսրության հայահալած քաղա­քականության հետևանքով Սև ծովի հյուսիսային ափերում հաստատված քրիստոնյա համշենահայերի խոսակցական լեզուն, այն համարում է Համշենի ինքնուրույն բար­բառ[15], որը պատկանում է հայ բարբառների արևմտյան խմբակցության կը ճյուղին։ Խոսվել է Համշենի, Տրապիզոնի, Սամսոնի (Ջանիկ), Կիրասունի, Օրդուի տարածք­ներում և հարակից վայրերում, Ճորոխի ավազանի բնակավայրերում։ Համշենի բար-բառն ունի իր խոսվածքային յուրահատկություններն ու տարբերությունները[16]։ Ցայսօր համա­պարփակ չեն ուսումնասիրված Համշենի բարբառով խոսող մահմեդա­կան համշենցիների խոսվածքները, թեև եղել են առանձին անդրադարձներ և հոդվածներ[17]։ Այս բացը զգալի չափով լրացրեց Ս. Վարդանյանի 2009թ. լույս տեսած արժեքավոր մենագրությունը[18]։ Գրքում հեղինակը հրապարակել է 1944թ. Աջարիայից Միջին Ասիա աքսորված նախկինում կրոնափոխ համշենցիներից դեռևս 1980-ական թթ. իր հավա­քած բարբառային, բանահյուսական նյութերը։ Աշխատությունում տեղ են գտել նաև Արդվինի նահանգի Խոփայի և Բորչկայի գավառների համշենցիներից գրառ­ված մի շարք խաղիկներ, ինչպես նաև հեղինակի տարիների անխոնջ աշխա­տանքի արդյունքում հավաքված Խոփայի խոսվածքի բառարանը։ Հ. Աճառյանի և Ս. Վարդանյանի այս ուսումնասիրությունները կարևոր բանալի են եղել տեղան­վանական մեր ճշգրտումների և բառաքննությունների համար։

Ինչպես ցույց են տալիս լեզվական փաստերը, Համշենի տեղանուններն ունեն հնչյունական տարբերակներ՝[19]Թեջինա>ԹեզինաԹոլենինչ>Թուլանըչ, Թոլենես>Թոլոնիս, Ջութինչ>ՉութնիչՋոթնես>Չոթինուր,Բալախոր>ԲելահորԲիլահոր>Փարա­հոլ, Մեսահոր>Միսահոր, Մաքրևիչ>Մաքրևիս և այլն[20]։ Այս օրինակ-ները վկայում են, որ ներկայիս Ռիզեի նահանգի համշենցիների խոսակցական լեզուն ունի խոսված­քներ։ Նշենք, որ Ռիզեի նահանգի համշենցիների խոսակցական թուրքերենը ևս բարբառային դրսևորում է, և իր հնչյունական համակարգով տարբերվում է գրական թուրքերենից։ Գրառման ընթացքում պարզ դարձավ, որ Չամլըհեմշինի գավառում թե´ թուրքերեն, և թե´ Համշենի բարբառային բառերն արտաբերելիս նրանց խոսակցականում առկա է չ>ց, ջ>ձ, ծ>ձ բաղաձայնների հնչյունափոխությունը։ Թուրքերեն չիմեն (մարգագետին) բառն արտասանում են ցիմենչայ (թեյ) > ցայհայերեն խաչ՝ խաց, ծեղ>ձեղ և այլն։ Ըստ այդմ էլª այս տարածքի տեղանունների բառա­քննության համար խիստ կարևոր է հաշվի առնել նաև բարբառից եկող հնչյու­նական առանձնահատկությունները։

Համշենի հայկական տեղանուններ են հիշատակում Մխիթարյան միաբաններ Մինաս Բժշկյանը, Ղուկաս Ինճիճյանը[21], Ղևոնդ Ալիշանը[22], Հակոբոս Տաշյանը[23], ինչպես նաև Տեր Պողոս քահանա Թումայանցը[24] և համշենահայ ազգագրագետներ ու բանահավաքներ Սարգիս Հայկունին[25] և Բարունակ Թոռլաքյանը[26]։

Տարածաշրջանում հանդիպում ենք նաև հունական ու լազական ծագում ունեցող բազմաթիվ տեղանունների։ Ավելի ուշ այնտեղ հաստատվել են թյուրքական ցեղերը՝ բերելով իրենց տեղանունները կամ եղածների վրա հավելել լեզվական մակա­շերտեր։ Հետագայում Օսմանյան կայսրության և հանրապետական Թուրքիայի ղեկավար շրջանակներն այլ նահանգների տեղանունների հետ պաշտոնապես փոխել են նաև Ռիզե կազայի գրեթե բոլոր գյուղանունները£ 1913թ. դեկտեմբերի 16-ին (2 Kanûn-ı evvel 1329) Գավառային վարչության խորհրդի կազմած Ռիզեի կազայի նահիյեների հին և նոր տեղանունների ցուցակը գտնվում է Թուրքիայի գլխավոր արխիվում[27]։ Այդ ընթացքում փոխվել են նաև Համշենի նահիյեի գյուղանունները[28]£ 1916թ. հունվարի 5-ին Էնվեր փաշայի՝ երկրում հայկական, հունական, բուլղարական և այլ ոչ մահմեդական տեղանունների փոփոխման հրամանագրից հետո նույն թվականի հուլիսի 3-ին Տրապիզոնի նահանգապետարանը կազմել է 23 էջանոց մի ցուցակ, որում ընդգրկված էին Սամսոնից մինչև Արդվին ընկած տարածաշրջանի գյուղերի հին ու նոր անունները[29]։ (Տեղանունների թուրքացման այս քաղաքա­կանությանն ավելի մանրամասն անդրադարձել եմ առանձին գրքով)[30]։

Բ. Թոռլաքյանը ժամանակին այս առիթով գրել է, որ Համշենի շրջանի և «հետա­գայում ողջ Պոնտոսով մեկ սփռված համշենահայերի հիմնադրած կամ նրանցով բնա­կեց­ված բնակավայրերի մեծ մասի անվանումները թուրքական իշխանությունների կողմից կա՛մ հիմնովին փոխվել են, կա՛մ էլ աղավաղվել այնպես, որ հայկականի ոչ մի նշույլ չի մնացել»[31]։

Այդուհանդերձ, կատարածս գրանցումները հաստատում են, որ թուրքական իշխանություններին այդպես էլ չի հաջողվել Չամլըհեմշինի և Արտաշենի գավառների բնակչու­թյան հիշողությունից ամբողջությամբ արմատախիլ անել դարերի խորքից եկած տեղանունները, մասնավորապես՝ միկրոտեղանունները։

Ադնան Գենչի «Համշեն երկրի աշխատասեր կանայք» թուրքերեն գրքի վերջում կցված բառարանում ևս բերված են Համշենի մի շարք միկրոտեղանուններ[32]։ Որոշ միկրոտեղանուններ կան նաև համշենցի ուսումնասիրող Իբրահիմ Քարաջայի «Համշենպատմությունլեզուավանդույթներ և սովորույթներ» գրքում[33]։ Իրենց մայրենին մոռացած մահմեդական բաշ-համշենցիների խոսակցական թուրքերենում հոլանդացի գիտնական Ուվե Բլեսինգը ևս բազմաթիվ բարբառային բառերի հետ գրի է առել մի շարք միկրոտեղանուններ՝ Ագինչօյ,ԱղփէնօչԱղվէչուրԱնուշդէղԱյդէր (Արտէր), Բուչէղաչօյ, Էնթիփօս, Սանթիփօս, Հէդիփօս, Քէթմէչ, Փալաքչուր, Փալհօվիթ, Սալ, Սալէչուր, Արդէշէն, Ավէլօր, Ջէմաքդափ, Չէյմաքչուր, Գաղնութ, Գալէր, Քօյդութ, Մայք, Մէչօվիթ, Մէղվօր, Փօքութ, Սօխօվիթ։ Անձնանուններից Ու. Բլեսինգը գրանցել է՝ Ափէլ, Ավէդիք, Առաքէլ, Արաթինօղլու, ԽօշօրԽօշօր, Մէղդէսիօղլու, Մաթիլ[34]։

Սույն ուսումնասիրության շրջանակում կներկայացնենք Ռիզեի նահանգի Չամլըհեմշին գավառում գտնվող Այդերի (իմա՝ Արտեր, բարբառին բնորոշ ր>յ հնչյունափոխությամբ) յայլայում (ամառային արոտավայր), Մաքրևիս (ըստ Ղ. Ինճիճ-յանի՝ Մակրեվինց[35]) և Չինչիվա (ըստ Ղ. Ինճիճյանի՝ Շնչիվա[36]), Արտաշենիգավա­ռի Օջե (իմա՝ Օձե-Լ. Ս.) գյուղերում գրանցած շուրջ հարյուր հայկական միկրո կամ այլ բնորոշմամբ՝ ժողովրդական տեղանունները, որոնք գալիս են լրացնելու տեղան­վանական վերոնշյալ ցանկերը։

Ցավոք, կան այնպիսի թուրք «գիտնականներ», ովքեր բացահայտ հայկական միկրոտեղանվան մեջ արհեստականորեն փնտրում են թյուրքական, ղրղզական, կարաչայական արմատներ և ածանցներ՝ նպատակ ունենալով ժխտել Համշենում հայկականության որևէ հետքի գոյությունը։ Այդպիսի նկրտումներով աչքի է ընկնում թուրք հեղինակ Ս. Արըջըն, որը 2008թ. հրատարակած իր «Դամբուրի պատմու­թյուն…»[37] գրքում, հետևելով հայտնի թուրք կեղծարարներ Քըրզըօղլուի[38] և Սաքաօղլուի[39] մեթոդներին, Համշենի տարբեր շրջանների անգամ ակնհայտ հայկա-կան տեղանուններն ու բառերը (մի քանի բացառությամբ) հայտարարում է թյուր­քա­կան ծագման։ Թուրք հեղինակների այդօրինակ կեղծիքները նկատել և քննա­դատել են նաև Ու. Բլեսինգը[40] և Ն. Մկրտչյանը[41]։

Նշենք, որ հայկական աղբյուրներում, հասկանալի պատճառներով, շատ քիչ տեղեկություններ են պահպանվել միկրոտեղանունների մասին։ Հիմնականում ուշա­դրու­թյան կենտրոնում են եղել վարչական ավելի մեծ ու հայտնի միավորները, լեռներն ու լեռնաշղթաները, գետերն ու լճերը։ Միանգամայն իրավացի է Ս. Տեր-Սիմոնյանը, գրելով. «…ազգագրական բազմաժանր և լայնածավալ աշխատանք­նե­րում բացակայում են ժողովրդական տեղանունների պահպանման, նրանց ծագում­նա­բանական, պատմահնագիտական, մշակութային և լեզվական հարցերին վերա­­բերող և պարզաբանող գիտական ամբողջական հետազոտություններ»[42]։ Ուստի, մեր սույն ուսումնասիրությունն ունի նաև այս բացն ինչ-որ չափով լրացնելու նպատակ։

Այժմ համառոտ անդրադառնանք տեղանուն և միկրոտեղանուն հասկացու­թյուններին։ Ինչպես հայտնի է, toponym (տեղանուն) տերմինն առաջացել է հունարեն «topos»-տեղ և «onoma»-անուն բառից։ Ելնելով օբյեկտների մեծությունից՝ տեղա­նուն­ները բաժանվում են երկու գլխավոր խմբի՝ մակրոտեղանուններ և միկրո­տեղա­նուն­ներ։ Մակրոտեղանունները բնության և մարդու ստեղծած խոշոր օբյեկտների, վարչաքաղաքական միավորների անուններն են։ Կախված օբյեկտների բնույթից՝ տեղանունները բաժանվում են հետևյալ տեսակների՝ բնակավայրի անուն­ներ՝ օյկոնիմներ (ծագել է հունարեն «oikos»-բնակարան, տուն բառից),հիդրոնիմներ (հունարեն «hydro»-ջուր բառից) և օրոնիմներ (լեռնանուններ՝ հունարեն «oros»-լեռ բառից)։

Միկրոտեղանունները հայտնի են միայն մարդկանց որոշակի խմբին։ Դրանք փոքր միավորների՝ արոտավայրերի, կալերի, ճահիճների, անտառների, բլուրների, գետակների, առվակների, հանդերի, ձորակների, ջրհորների անուններ են[43]։ Մասնա-գիտական գրականության մեջ ավելի հաճախ կարելի է հանդիպել միկրոտեղանուն տերմինի գործածությանը։ Ն. Պոդոլսկայան այն բնութագրում է հետևյալ կերպ. «…ավելի հաճախ բնության, ֆիզիկա-աշխարհագրական օբյեկտին տրվող հատուկ անուն է, ավելի հազվադեպ՝ մարդու ստեղծած օբյեկտին տրվող հատուկ անուն է, որ ունի գործածության նեղ ոլորտ և գործում է միայն միկրո­տարածքներում, հայտնի են տվյալ անվանադրված միկրոօբյեկտների մոտ ապրող մարդկանց…»[44]։ Միկրո-տեղանուններից շատերը բավական հին լեզվական իրողու­թյուններ են, և ինչպես տեղանունը, միավորվում են տեղանվանական համակարգի մեջ[45]։

Ժողովրդական տեղանունները հատուկ անունների (ономастика) ամենից շարժուն և հաղորդակցական բաժինն են։ Լեզվական այս փաստերը գտնվում են աշխարհա­գրության, պատմության, հասարակագիտության, ազգագրության սահմա­նա­­գծում և այս բոլոր գիտակարգերի համար ներկայացնում են հատուկ հետա­­քր­քրություն՝ մեծ հնարավորություններ ընձեռելով խորը ուսումնասի­րության համար։

Դրանք հիմնականում կազմվում են տեղական բարբառային բառապաշարից և տեղական աշխարհագրական տերմիններից[46], որոնց ձևավորման մեջ որոշակի դեր ունեն նաև հատուկ գոյականների տեսակները՝ բնակավայրերի, գետերի, լճերի և այլ անունները։ Միկրոտեղանունների աղբյուր են համարվում նաև անձնանուններն ու ազգանունները[47]։

Տեղանվանական այս տեսակը դրսևորվում է որոշակի շարահյուսական հարա­բերությամբ, ունի իր խոսվածքային տարատեսակները, հաճախ հանդես է գալիս որպես բառակապակցություն, հիմնականում կազմավորվում է բարբառային բառա­պաշարից։ Միկրոտեղանունը, համընդհանուր ճանաչում ձեռք բերելով, կարող է վերած­վել մակրոտեղանվան[48]։ Կախված տվյալ տարածքի յուրահատկություններից՝ միկրո­տեղանուններն ունեն իրենց դրսևորման առանձնահատկությունները։ Այսպես, օրինակ՝ թեև նրանց հատուկ է միալեզվությունը, սակայն Ռիզեի համշենցիներից կատարածս գրառումներում առկա են նաևթուրքերեն+բարբառային բառ կամ բար­բառային բառ+թուրքերեն կաղապարաձևերը, օրինակ՝ Բաշթուր, Թեքինդուզի, Խաչին­դուզի և այլն։ Բնականաբար, բառակազմական այս կաղապարաձևն առաջացել է լեզվական ձուլման արդյունքում[49]։

Միկրոտեղանուններն ավելի մանրամասն պատկերացում են տալիս տվյալ տեղանքի աշխարհագրական դիրքի, բուսականության, բնակչության զբաղմունքի, լեզվական իրողությունների մասին։ Առավել հաճախ օգտագործվում են առօրյա խոսակցա­կան լեզվում։ Ըստ ռուս տեղանվանագետ Ա. Սուպերանսկայայի՝ դրանք «բնության կամ արհեստականորեն ստեղծված ոչ մեծ օբյեկտների անհատական անվանումներն են, որոնք սովորաբար արտացոլում են նրանց բնույթն ու էությունը։ Միկրո­տեղանունները մեկ լեզվի փաստ են և մեկ ժողովրդի ստեղծագործության արդյունք»[50]։ Դրանք գոյություն ունեն ինքնուրույնաբար և ավելի շատ տեղական բարբառի ծնունդ են։ Մասնագիտական գրականության մեջ միկրոտեղանունը բնու­թագրվում է որպես լեզվական և պատմական փաստ, բայց ոչ համակարգված-տեղան­վանական։ Կա նաև տեսակետ, որ միկրոտեղանունները սովորաբար ապրում են այն­քան, որքան տվյալ տարածքում շարունակում է ապրել այդ լեզուն կրող բնակչու­թյունը[51]։

Մեր ուսումնասիրությունների և այս նոր գրանցումների ընթացքում պարզ դարձավ մի կարևոր երևույթ. եթե տարածագոտու առավել մեծ վարչական միավոր­ների անունները՝ շրջան, ավան, գյուղ, ժամանակի ընթացքում կրել են մասնակի կամ ամբողջական փոփոխություններ, զանազան աղավաղումներ (այս հարցերին կանդրա­դառնանք մեր հաջորդ հրապարակումներում), ապա Չամլըհեմշինի և Արտա­շենի գավառների բլուրների, ձորերի, դաշտե­րի, արտերի, այգիների, հանդերի, անտառների, արոտավայրերի, գետակների, առուների, աղբյուրների համշենցիների միկրոտեղանունները, չնայած իրենց բարբառային հնչարտասանական դրսևորում­ներին, զարմանալիորեն մնացել են ավելի մաքուր, երբեմն` անաղարտ։

Դաշտային աշխատանքի ընթացքում գրառված միկրոտեղանունների իմաստակառուցվածքային քննություն

Այդերում (Արտեր), որն այսօր Չամլըհեմշինի զբոսաշրջության գեղեցիկ կենտրոններից է, Գելին օրթուսու (Gelin örtüsü-Հարսի քող) ջրվեժի ճանապարհի երկարությամբ ձգվում էին փոքրիկ վաճառանոցներ։ Աշխատողները հիմնականում տարեց համշենցիներ էին։ Այստեղ հաջողվեց նոր գրառումներ կատարել[52]։ Նրանցից մեկը հիշեց հետևյալ բնիկ հայկական բառերը գաթի սէր (կաթի սեր), էձբէդուկ (այծպտուկ, իծապտուկը՝ խաղողի տեսակ է[53]), նաև՝ միկրոտեղանուններ՝ Բէղլուտ (կազմվել է բաղեղ+ն+ուտ, բառամիջին>լ հնչյուանփոխությամբ, որը լեզվական արագա­բանությամբ աղավաղվել է՝ դառնալով բեղլուտ),Մեղո>Մեղու։

Այդերում (Արտեր) որոշ միկրոտեղանուններ գրառեցի տիկին Հանիֆե Վազիֆից (ծնվ. 1933թ., Չամլըհեմշինում)։ Զրույցի հենց սկզբում նա շեշտեց, որ այդ բառերը լսել է իր մեծերից, և որ դրանք շատ հին ժամանակներից են գալիս։ Նա սկսեց արագությամբ թվարկել Չամլըհեմշինի կենտրոնից մինչև Այդեր ձգվող հողերի, բլուրների, որոշ արոտավայրերի, այգիների, հանդերի իր մտապահած անունները։ Սակայն լեզվական ձուլումն այս շրջանում այնքան խորն է, որ դրանց մի մասի իմաստներն արդեն մոռացվել էին ու անհասկանալի էին Հանիֆեի և զրույցի ժամա­նակ մեզ շրջապատած մյուս համշենցի կանանց համար։

Ստորև ներկայացվում են այդ միկրոտեղանունները՝ մեր բացատրու­թյուններով։

Աղփիափ (Ağpiap) — արոտավայրի անուն է, կարծում ենք տեղանունը կազմվել է աղբյուր>աղբրի՝ ր-ի անկումով և ափ բառերից՝ աղբրիափ։ Ա. Գենչի բառարանում ևս հանդիպեցինք Ահփիափ, ինչպես նաև Ահբուրտեղանունների, որոնց հիմքում հայերեն աղբյուր բառն է։ Ահփիափը, ըստ նրա, ջրառատ մարգագետնի անուն է[54]։ Չամլըհեմշինում աղբյուր բաղադրիչով տեղանուն է գրանցել նաև Ս. Արըջըն՝ Ջանջաղփուր/Չենչաղփուր(Cancağpur/Çençağpur)։ Այն Վարոշ բերդի, որ հայտնի է նաև Բալայի բերդ (Kale-i Bala-Վերին բերդ) անունով, մոտակայքում գտնվող մի շրջանի անուն է։ Կասկածից վեր է, որ այս տեղանունը կազմվել է ճանճ (մեղրա­ճանճ)+աղբյուր բառերից։ Եվ իզուր են թուրք հեղինակի՝ այս տեղանվան մեջ կարա­­չայական կամ ղրղզական արմատներ փնտրելու բոլոր ճիգերը[55]։

Աղփէնօս (Ağpenos) – կազմվել է աղբ>աղփ+անօց>էնօց>էնoս բաղադրիչներից՝ այսինքն՝ գոմաղբով ծածկված վայր։ Ու. Բլեսինգը նման տեղանուն է գրանցել նաև հարևան Չայելի գավառում։ Համշենի բարբառի Խոփայի խոսվածքում աղփ բառը նշանակում է բացառապես գոմաղբ, թրիք, իսկ կենցաղային աղբին ասում են ավելուսք[56]։ Աղբ արմատով տեղանուններն անսովոր չեն համշենցիների շրջանում։ Հոլանդա­ցի գիտնականը նշում է, որ թուրքերենը հայերենից փոխառել է աղբ բառը, և թուրքական բարբառներում հանդիպում են՝աղփուն, աղբուն, ահբուն, ահբըն, աքբուն տարբերակները։ Այս ձևերը նա նույնպես համարում է հայերենից փոխառյալ։ Աղբ բառից անգամ կազմվել են բայաձևեր՝ ahbunlamak-հողը պարարտացնել, ahbun­luk/ahpunluk-պարարտացում, ahbin tarla-պարարտացված դաշտ։

Տրապիզոնի նահանգի Արաքլը գավառի Քիզիրնոս գյուղի համշենցիների խոսակցական թուրքերենում նույնպես պահպանվել է ահբուն[57] բառը, իսկ Վաքֆը­քեբիրի խոսվածքում գործածական է աղբ տարբերակը[58]։ Այս բոլորին հավելենք նաև, որ Չայելի (հնում՝ Մափավրի) գավառի Ռաշոտ (այժմ՝ Քարաաղաջ) գյուղի մահմե­դա­կան համշենցիներն օգտագործում են աղբ բառի ախփօն բարբառային տարբերակը[59]։

Այրիքուր (Ayrikur) — արոտավայրի անուն է։ Կարծում ենք՝ տեղանունը կազմվել է այր+ի (սեռ. հոլ.)+քարբաղադրիչներից։ Այսինքն՝ քարայր բառն է, դրափոխության օրենքի համաձայն տեղի է ունեցել բառերի տեղաշարժ։ Ըստ Հ. Աճառյանի՝ այր նշանակում է «1.քարայր, 2. ավերակ տեղեր»[60]։ Գ. Ջահուկյանն այրբառը դնում է վաղնջահայկական բառերի շարքում[61]։ Երկրորդ բաղադրիչը բնիկ հայկական քար բառն է՝ հնչյունափոխված քուր տարբերակով։ Քար բառը հայերենի բարբառներում ունի նաև քօյ, քոր, քուր բարբառային հնչյունափոխված դրսևորումները[62]։ Այրիքար տեղանուն է հիշվում նաև Գեղամա լեռներում։ Նշենք, որ այրարմատով կան նաև մի շարք հայկական տեղանուններ՝ Այրիգետ, Այրիձոր, Այրիսար, Այրիտակ, Այրիվան, Այրի­վանք, Այրեվանք և այլն[63]։

Ավզաք (Avzak) – հավանաբար կազմվել է ավազան բառից։ Խոփայի համշեն­ցիներն ավզօն են ասում գուռին, ջրավազանին[64]։

Ացկօղ (Aç’koğ) — կազմվել է աջ+կող/կողմ բաղադրիչներց՝ խոսվածքին բնորոշ ջ>չ>ց բաղաձայնների հնչյունափոխությամբ և մ-ի անկումով։

Բաշթուր (Baştur) – կազմվել է բաշ (թուրք. գլխավոր, գագաթ, գլուխ, սկիզբ)+դուռ>թուր բաղադրիչ­ներից՝ բառասկզբի դ>թ և բառավերջի ռ>ր փոփոխութ-յամբ, այսինքն՝ գլխավոր դուռ։

Դօձղաբակ (Dodzğabak) — կազմվել է տոսախ>դոցխի (ծառատեսակ)+բակ բառերից։ Խոփայի համշենցիների խոսվածքում ևս պահպանվել է դոսխի ծառա­նունը[65]։ Ղ. Ինճիճյանը, հիշատակելով Համշենի բազմատեսակ ծառերով լի թավ անտառ­ների մասին, նշում է նաև տոսախ ծառատեսակը. «յորս լինի և տօսախ զարմանալի»[66]։ Բակ նշանակում է «տան շուրջը եղած գավիթ», նաև ունեցել է «ոչխարների փարախ իմաստը»[67]։ Այս դեպքում՝ Դոձղաբակ նշանակում է տոսախի ծառե­րով լի բակ, տարածք։

Գալէր (Galer) — միկրոտեղանունը կալ+էր բառն է՝ բառասկզբի կ>գ հնչյունափոխությամբ։ Կալ նշանակում է «ցորեն կամնելու տեղ»[68], այսինքն՝ ցորենը կամով մաքրելու, հատիկները ծղոտից ազատելու տեղ[69]։ Ըստ Բ. Թոռլաքյանի՝ համշենցիները կալ են ասում վայրի կաղինը (խոզակաղին) կալսելու վայրին[70]։ Քրիստոն­յա համշենցիների բարբառում Հ. Աճառյանն առանձնացնում է նաև —էր հոգնակի­ակերտը[71]։ Ս. Վարդանյանը Խոփայի համշենցիների խոսվածքում նույնպես գրանցել է էր հոգնակիակերտը[72]։ Գալեր/Գալիր անունով գյուղ է եղել նաև Բաբերդի գավառում[73]։

Ընգէզութ (Ingezut) — կազմվել է ընկույզ+ուտ բաղադրիչներից։ Ուտ տեղանվանակազմ վերջածանցը Գ. Ջահուկյանը համարում է հնդեվրոպական ծագման։ Այն կենսունակ ածանց է եղել նաև վաղնջահայերենում[74]և բնորոշ է հայկական տեղանուններին՝ Թեղուտ, Կաղնուտ, Լորուտ, Տանձուտ և այլն£ Համշենի գավա­ռում շատ տարածված է ուտ>ութ տեղանվանակերտ ածանցը։ Հետա­քրքրական է, որ Չամլըհեմշինում պահպանվել է ընկույզ տարբերակը։ Խոփայի համշենցիները ընկույզին ասում են գագալ, կակալ[75]։ Հ. Աճառյանն ընկույզբառը համարում է հայկական, և հարևան լեզուներում այն փոխառված է հայերենից, քանի որ Հայաստանը եղել է ընկույզի մշակության նշանավոր երկիր[76]։ Ինչպես գրում է ծնունդով Տրապիզոնի Կյուշանա գյուղից համշենահայության ազգագրության խորա­գիտակ մասնագետ Բ. Թոռլաքյանը, Համշենի անտառները հարուստ էին ընկույզի ծառերով. «Ընկուզենիներ հատուկենտ տնկում էին արտերի, կաղնուտների եզրերին, …կային բավականին տնտեսություններ, որոնք իրենց տնամերձ հողերը կամ առանձ­ին հողամասեր հատկացնում էին ընկույզի մշակմանը, որի հետևանքով այդ վայրերը կամ թաղերը կոչում էին ընկզնուտ կամ ընկուզնոց»[77]։

Թօլիքցօր (Tolik ç’or) – տեղանվան մեջ առկա են Թօլիք+ջուր>ջոր>ցոր բաղադրիչները՝ տեղական բնորոշ հնչյունափոխությամբ։ Հավանաբար տեղանվան առաջին բաղադրիչի մեջ թոլ/թուլ բառն է, որ հայ բարբառներում նշանակում է գլորգլոր, գործածական է նաև թոլ անել բայական կառույցը, որ նշանակում է գլորվել[78]։ Իսկ երկորդ բաղադրիչը՝ ցորը, հայերեն ջուր բառն է՝ ջուր>ջոր>ցոր ՝ խոսվածքային իր դրսևորումով։ Ըստ այդմ էլ՝ Թօլիքցօր<Թոլիքջուր նշանակում է գլգլացող, գլոր-գլոր իջ­նող ջուր, առվակ։ Ու. Բլեսինգը ևս նկատել է, որ համշենցիների թուրքերեն խոսվածքներում ջուր բառն ունի՝ ջօր, չօր, ցօրդրսևորումները։ Իսկ Հալա և Մոլավեիս (Մոլեվիչ) գյուղերում ջուր-ի բառավերջի ր-ն վերածվել է յ-ի՝ջուր>չոյ[79], մի երևույթ, որ բնորոշ է Համշենի խոսվածքներին։ Քրիստոնյա համշենցիների բարբառում ջրի դիմաց Հ. Աճառյանը գրանցել է ճուր[80]։ Խոփայի խոսվածքում օգտագործվում են չուր և չույ տարբե­րակները[81]։ Մեր ուղեկից Ուղուր Բիրյոլի հետ զրույցից տեղեկացա նաև, որ Չամլըհեմշինում՝ մոտավորապես 2600մ բարձրության վրա գտնվում է Ջէրհօվիտ<Ջըրհօվիտ անունով արոտավայր, որտեղ կան եկեղեցու հետքեր։ Հետա­քրքրական է, որ այս տեղանվան մեջ պահպանվել է ջուր արմատի ջէր հնչյունա­փոխված ձևը։

Լօրութ (Lorut) – կազմվել է լօրի (ծառատեսակ)+ուտ>ութ բաղադրիչներից։ Տարածա­շրջանը հարուստ է լորենիներով։

Խացթուր (Khaç’tur) — կազմվել է խաչ>խաց+դուռ>թուր բաղադրիչներից՝ տեղական խոսվածքին բնորոշ հնչյունափոխությամբ։ Ըստ Ղ. Ինճիճյանի՝ Տրապիզոնի հայոց բարբառում եկեղեցի բառին որպես հոմանիշ օգտագործում էին խաչտուր բառը. «…զի զամենայն եկեղեցիս խաչտուր անուանեն անդէն գիւղականք…»[82]։Համաձայն Հ. Աճառյանի՝ քրիստոնյա համշենցիների բարբառում նույն­պես գործածական է խաչդուռբառակապակցությունը, որ նշանակում է եկեղեցու դուռ[83]։ Հայերենի հոմանիշների բառարանում ևսխաչդուռը նշվում է որպես եկեղեցու հոմանիշ[84]։ Մինչև 1915թ. Սամսոն քաղաքի շրջակայքում եղել էԽաչդուռ անունով համշենահայերի գյուղ[85]։

Ձէղօվիթ (Dzeğovit) — կազմվել է ծէղ>ձէղ+հովիտ>oվիթ բաղադրիչներից։ Ծեղ, ծիղ հայերենի որոշ բարբառներում նշանակում է հարդի շյուղ։ Համշենի բարբառում ձէղ են ասում եգիպտացորենի ցողունին, որն օգտագործում են իբրև ձմեռվա անասնա­կեր[86]։ Խոփայի համշենցիների խոսվածքում պահպանվել է ձաղտարբե­րակը[87]։ Տեղանվան երկրորդ բաղադրիչը՝ հովիտ, որը բնիկ հայկական հով արմատից է կազմվել, նշանակում է «ձոր», «ցածր բլրակ», ունի նաև օվիտ տարբերակը և «երկու ձևով էլ մտնում է բազմաթիվ հայկական տեղանունների մեջ՝ ինչպես՝ Բալահովիտ, Կոգովիտ, Աղիովիտ և այլն»[88]։

Ձիվաղնութ (Dzivağnut) — կազմվել է ձիվաղ (ձիվաղէնիծառատեսակ)+ն+ուտ բաղադրիչներից։ Ծվաղենիիհնչյունափոխված ձևն է։ Խոփայի համշենցիները ձէվաղնի ասում են դափնեկեռասենուն[89]։ Ունի բալի կամ կեռասի մեծության պտուղներ, որոնք հասունանալիս սևանում են։ Ի. Քարաջայի բառարանում գրանցվել էՁևանութ տարբերակը (դաշտի անուն՝ Խաչափիթ գյուղում)[90]։

Մաղլութ (Mağlut) — կազմվել է մաղօլ բաղադրիչից՝ ուտ>ութ ածան­ցի հավե-լումով, և լեզվական արագաբանությամբ սղվել է բառի երկրորդ վանկի օ ձայնավորը՝ դառնալով մաղլութ։ Ղ. Ալի­շա­­նի՝ 1895թ. Հրա-տարակած «Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն» ար­ժե­քա­վոր ուսումնա-սիրության մեջ նշվում էմաղոլ տարբերակը. «Մորենոյ նման պտուղ վայրի. Տեղն այլ Մողլուտ կըսեն ի Պոնտոս։ Նույնն է և ժուղ/ժոխ»[91]։

Ըստ «Հայոց լեզվի բարբառային բառարանի»՝ 1. մորենու թփի տեսակ է, 2. եր­կար վազերով փուշ[92]։ Համշենի բնակիչներն ունեն նաև մի ասացվածք. «Եթե տղա չունենք, մեր տան ծուխը կմարի (բառացի թարգմ.՝ տունը կփակվիԵթե մեր այգիները ծածկվեն մաղոլով, ապա մեր օջախները կխեղդվեն / Oğlumuz olmazsa evimiz kapanır. Bağımız, bahçemiz mağolluk olur, ocağımız batar»[93]։ Խոփայի համշեն-ցիների խոսվածքում պահպանվել է մաղուլ տարբերակը[94]։ Այսպիսով, Մաղլութ>Մաղլուտ նշանակում է մաղոլի թփերի աճելու տեղ։

Մաղլութի թումբ (Mağluti tumb) — կազմվել է մաղօլ (մորենու թուփ)+ուտ>ութ+ի (սեռ. հոլ.) և թումբ բաղադրիչներից։ Թումբը բնիկ հայկական բառ է՝ թում արմատից։ Նշանակում է «գետի առաջ շինուած պատնէշ»,… «գերեզմանի վրայ բարձրացրած հողաթումբ», «…բլրակ, … բարձրություն, …լեռ»։ Հայերենից փոխառել են թուրքական բարբառները, նաև քրդերենը, ասորերենը՝ «թումբ», «բլրակ, կոյտ», «մարգագետնի կամ արտի եզերքը խրամ քաշել» իմաստներով[95]։

Մաղլութփօս (Mağlutpos) — կազմվել է մաղօլ (մորենու թուփ)+ուտ>ութմաղլութ+փօս (հարթավայր) բաղադրիչներից։ Խոփայի համշենցիները փօս ասում են հարթա­վայրին, հարթ տարածքին[96]։ Այն տարածված տեղանվանակերտ բաղադրիչ է։

Մէձկափօս (Medzkapos) — կազմվել է մէձ+կա+փօս (հարթավայր) բաղա­դրիչներից, մեծ>մէձ՝ Համշենի բարբառին բնորոշ հնչյունափոխությամբ[97]։ Հ. Աճառ­յանը մեծ բառը նշում է որպես բնիկ հայկական[98]։ Ու. Բլեսինգը գրանցել է Miç’i-ç’or —Միցի ցօր տեղանունը, որը, մեր կարծիքով, կազմվել է մեծի+ջուրբաղադրիչներից, այսինքն՝ մեծ գետ իմաստով։ Նշենք, որ Գ. Ջահուկյանը մեծ, մեծա, մեծի հիմքերով տեղանվանական կառույցները համարում է վաղնջահայկական ծագման[99]։

Մէձօվիտ (Medzovit) – կազմվել է մեծ>մէձ+հովիտ>օվիթ բաղադրիչներից։ Այս տեղանվանը հանդիպում ենք նաև Ս. Արըջըի ցանկում, և կրկին նա մաքուր հայ­կական բառերի մեջ փնտրում է կարաչայական արմատներ, ինչը հանգեցնում է անհեթեթ բացատրության։ Հայերեն մեծ բառի մեջ նա տեսնում է հինգ տարեկան ցուլ կամ ձի[100]։

Մացութ/Մօցութ (Motsut) — տեղանունը կազմվել է մացառ+ուտ բաղադրիչներից։ Հայկազյան բառարանում նշվում է, որ այն ունի գավառական տարբերակ՝ մոցառ, մատնանշում է «բազմութիւն շառաւիղաց առ արմին ծառոց»[101]։ Ունի նաև միցեռ, մացակ տարբերակները։ Համշենի բարբառում Հ. Աճառյանը նշում էմացառ[102]։ Սակայն Չամլըհեմշինում գրառումներ կատարելիս նկատեցի, որ որոշ բառերում տեղի է ունեցել բառամիջի ա>օ հնչյունափոխություն։ Եվ լեզվական արագա­բանությամբ մացառուտ բառը սեղմվել է՝ դառնալով մօցուտմացառների՝ փշոտ թփերի տեղ։ Հետաքրքրական է, որ Հ. Աճառյանը քրիստոնյա համշենցիների բարբառում գրանցել է «մացառլանմաք» – փայտը կամ տախտակը փշփշոտիլ, ճղճըղուիլ»բայը[103]։

Սալ (Sal) — տեղացիները սալ ասում են անընդհատ հոսող ջրի հետևանքով կոկված կարծր քարին։ Սալ նշանակում է «տափակ քարի մեծ հատոր»[104]։ Քրիստոնյա համշենահայերի բարբառում ևս պահպանվել է սալ ձևը՝ «մեծ և տափակ սալ քար իմաստով»[105]։ Խոփայի համշենցիները օգտագործում են սալուշ(սալարկել) բայը[106]։

Սօթ (Sot) — սոթ նշանակում է «ուժեղ, մրրկաշունչ քամի»[107]։ Հայաստանում անսովոր չեն Սոթ անունով բնակավայրերը։ Սոթ անունով գավառ է եղել Մեծ Հայքի Սյունյաց աշխարհի հյուսիսարևմտյան կողմում։ Համապատասխանում է նախկին ՀԽՍՀ Վարդենիսի շրջանին։ Սոթ անունով ձմեռանոց է եղել նաև ՀԽՍՀ Թումանյանի շրջանում[108]։ Հ. Աճառյանը, մեջբերելով տեղանվան Ստեփանոս Օրբելյանի ստուգա­բանությունը՝ «Սոթից գաւառ, որ սակս հանապազորդեան բքոց և դառնաշունչ օդոցն կոչեցաւ Սոթք» («որ մշտական բուքերի և ցրտաշունչ եղանակների պատճառով կոչվել է Սոթք»[109]), հավելում է, որ ՆՀԲ-ի՝ սոթ բառի «պինդ, կարծր» իմաստով, բացատրության հետ որևէ կապ չունի[110]։

Ցաքութ (Ցախութ— Ցախ+ուտ տեղանունն է, որը Համշենի բարբառում նշանակում է անտառ։ Հ. Աճառյանըցախ բառը համարում է բնիկ հայկական[111], Խոփայի համշենցիները ևս անտառին ասում են ցախուդ[112]։ Ինչպես գրում է Ղ. Ալի­շանը, ցախ ասում են «ըստ ոմանց Բիծխի ծառն, ըստ այլոց Հացի ծառն։ Տրապի­զոնի կողմեր Ցախ կոչեն Խալանչը, Erica Arborea Beruyere arborescente, որոյ երկայն բարակ ճղերուն տերեւներն խիտ խիտ մանրիկ մազեր են, և վայելուչ տեսք մընծայեն թուփին, ասկէ կու շինեն աւել»[113]։

Փագէնդէղ (Pagendeğ) — կազմվել է փակ+են+տեղ>փագ+էն+դէղ բաղա­դրիչներից։ Համշենի բարբառի Խոփայի խոսվածքում փագէն ասում են փայտաշեն խոտանոցին, պահեստին[114]։ Ի տարբերություն սերենդերների (փայտե սյուների վրա կառուցված մթերանոց)[115], սարբենների (սյուների վրա կառուցված փայտյա մեկ հարկանի շինու­թյուն՝ խոտ պահելու համար) և փացխաների[116], փագենները կառուցվում են անմի­ջապես հողի վրա։ Չամլըհեմշինում կա նաև Փագէն / Բագէն անու­նով գյուղ[117]։

Փիլինձութ (Pilindzut) — կազմվել է փիլօնչ (խոտաբույսի տեսակ)+ուտ բաղադրիչներից։ Խոփայի համշենցիները պահպանել են փիլոնչ ձևը[118]։ Ա. Գենչի բառացանկում գրանցվել է Փիլունչ — Pilunç (որպես բուսատեսակ)[119]։

Ղ. Ալիշանը նշում է փիլունց տարբերակը՝ տալով հետևյալ նկարագիրը. «Տրապիզոնեցիք այս անուամբ և յատուկ մակդիրներով այլ կոչեն քանի մի տեսակ խոտեղէն Պտերներ, որ շարք մ’են տերեւոց, որոց իւրաքանչիւրն բաժնուած ի մանրա­ձեւ երկայն սրածայր մասեր, իւրաքանչիւր մասն այլ դարձեալի փոքրիկ տերեւներ բաժնուած է դէմ առ դէմ, և ոմանց նա եւ այս տերեւիկքն այլ ամենամանր բաժանմունք կամ մասեր ունին, և ամենքն ալ սուր ծայրով մի վերջանան. մէջտեղի ջիղն կամ կոթն այլ՝ որոյ եզերքին շարուած են, նույնպէս սուր ծայր մ’ունի. շատ գեղեցիկ մանրաշար տեսք մի կ’ընծայեն, ունի նաև Արջփիլունցն ավելի լայն է տեսքով կամ երկայն մատներով, Եղափիլունցն կոչուի էջ Պտեր»[120]։

Փօղփադութ (Poğpadut) — կարծում ենք, որ տեղանունը կազմվել է փօղ + փայտ > փադ բառերից ևուտածանցից, այսինքն՝ փողփայտ>փօղփադ+ուտ>ուդ։ Խոփայի համշենցիների մոտ պահպանվել է հօղփադէնիտարբերակը[121]։ Ա. Գենչի բառա­րանում գրանցվել է Փօհփէդէն — Pohpeden (որպես բույս)[122]։

Չափազանց հետաքրքրական է, որ փօղփէտնի տարբերակով, որպես ծառանուն, արձանագրված է նաև Ղ. Ալիշանի՝ «Հայբուսակում», որի դիմաց նա գրում է. «Պօղ աղաձի. այսպէս կոչուած ի Պոնտոս, քննութեան կարօտի տեսակն»[123]։ Բառի առաջին արմատը հայերեն փող բառի հնչյունափոխված պող տարբերակն է, երկրորդ բաղադրիչը թուրքերեն աղաջ (իմա՝ ağaç)ծառ բառն է, որը տեղական խոսվածքի օրինա­չափությամբ հնչյունափոխվել է աղաձի (ağadzi), այսինքն՝ փող աղաձի, նշանա­կում է փողի ծառ։

Ինձ հաջողվեց Չամլըհեմշինի Մաքրևիս գյուղում, գրանցել, որ փօղփադի>փօղփէդի են ասում մի ծառատեսակի, որի ճյուղերը փողի պես սնամեջ են։ Այս ծառի ճյուղից Չամլըհեմշինի Մաքրևիս գյուղում, ինչպես ցույց տվեցին և թուրքերենով բացա­տրեցին տեղացի կանայք, պատրաստում են մի սնամեջ գործիք, որով փչում ու բորբո­քում են կրակը և այն կոչում են փող։ Ըստ թուրքական «Սևծովյան հանրա­գիտարանային բառարանի»՝ ունի նաև փուղ տարբերակը[124]։ Տեղանվան եր­կրոդ արմատը՝ փայտ բառը, Համշենի բարբառում ունի փադ>փաթ>փէդ>փիթ հնչյունա­փոխված դրսևորումները։ Խոփայի համշենցիների խոսվածքներում ևս պահ­պանվել են փայտ բառի փադ, փաթ հնչյունափոխված ձևերը[125]։

Քամիքէլօղ (Kamikeloğ) — կազմվել է քամի+գլուխ>քելօղ բաղադրիչներից։ Ըստ Բ. Թոռլաքյանի՝ համշենցիները կանեփի սերմերը չորացնելուց հետո, այն մաքրում էին կալմաղերով ու քամուն էին տալիս թեփերից անջատելու նպատակով։ «Քամուն տալու համար կանգնում էին բարձր պատվանդանի վրա ու ամանից սերմացուն քիչ-քիչ թափում»[126]։ Կարծում ենք, որ Քամիքէլօղը նման մի վայրի անուն է։

Քաշված — հավանաբար կազմվել է հայերենի քաշ բառից, որը նշանակում է ցած, ոչ բարձր[127]։ Հայաստանի տեղանունների բառարանում քաշ արմատով նշված է շուրջ երեք տասնյակ տեղանուն՝ այսպես, օրինակ՝Քաշունիք, Քաշաթաղ, Քաշաղ, Քաշինմարգ և այլն[128]։

Քարափ (Karap) — տեղանունը կազմվել է քար+ափ բաղադրիչներից։ Նշենք, որ Չամլըհեմշինում Քարափ տեղանուն է գրանցել նաև Ա. Գենչը[129]։ Քարափի թաշ>Քերափ թաշ տեղանուն է հիշվում նաև Արդվինի նահանգի Յուսուֆելի (նախկին Կիսկիմ) գավառում, տեղացիներն այդպես են անվանում ժայռային զանգված ունեցող այս տեղանքը[130]։

Քարէդօղ (Karedoğ) – տեղանունը կազմվել է քար+ե+դօղ>տեղ բաղադրիչներից։ Տարածագոտում քարարմատով պահպանվել են նաև այլ միկրոտեղանուններ, ինչպես, օրինակ՝ Քարօց (ամառային արոտավայր՝ Չայելի գավառում), Քարունչ (ամառային արոտավայր՝ Չամլըհեմշին գավառում, որն ունի 13 տուն)։ Մեծ Հայքի Սյունյաց աշխարհում Քարունջ անունով քաղաքագյուղ է հիշատակում 9-10-րդ դարերի հայ նշանավոր պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին[131]։ Ի դեպ՝ Քար­ունջ/Քարունչ, Քարահունջ/Քարահունչ լեռան, գետի և գյուղի անուններ կան Սյունի­քում և Լեռնային Ղարաբաղում[132]։ Նշենք, որ քար արմատով հարյուրից ավելի տեղանուն է եղել Մեծ Հայքում և Կիլիկիայում[133]։

Քարէդօղ տեղանվան երկրորդ բաղադրիչը՝ տեղ բառը, բնիկ հայկական է, որն աղավաղվելով՝ վերածվել էդօղի։

Քէթմէց (Ketmeç’) — կազմվել է գետ>քէթ+մեջ>մէց բաղադրիչներից՝ տեղական խոսվածքին բնորոշ հնչյունափոխությամբ։ Ի դեպ՝ 903թ. Գետամեջ տեղանուն է հիշատակվում Մեծ Հայքի Սյունյաց աշխարհի Գեղարքունիք գավառում[134]։

Օցութ (Otsut) — տեղանունը կազմվել է օձ>օց+ուտ>ութ բաղադրիչներից։ Հայաստանի այլ գավառներում ևս գրանցվել են օձ արմատով տեղանուններ[135], այդ թվում՝ վերոնշյալ Օձուտ կաղապարաձևով տեղանուններ են եղել Համշենի հարևան Խոտոր­ջրում, Սպեր գավառում, ինչպես նաև Կարսում, Չմշկածագի շրջանում[136]։

* * *

Հետաքրքիր լեզվական փաստեր գրառեցի Մաքրևիս գյուղի բնակիչ, տիկին Գյոնուլ Գյուլայից։ Զրույցի ընթացքում պարզվեց, որ նրա մայրական կողմից պապը՝ Վարդանը, հարևան գյուղի քահանան (քեշիշը) էր։ Նա վկայեց նաև, որ գյուղի մոտակայքում ժամանակին եղել է վանք, որից այժմ միայն ավերակներ են մնացել։ Նա իր թուրքերեն խոսքում հենց վանք բառն էլ օգտագործեց։ Շրջակա միկրո­տեղանուններից թվարկեց` Ակուփի դաղՀակոբի լեռ, Արանի չայըր (մարգա­գետին), Դoվoր/Դoվէրի (տավար)՝ թաղամաս Չամլըհեմշինի Չինչիվագյուղում, Խացի­նա>Խաչինա, Հացինհէդէվ>խաչի (եկեղեցու) հետևի կողմ (մի այգու անուն է, թարգ­մա­նաբար ասում են նաև Քիլիսե բոսթան), Հէդէն փօս>հետևի կողմում գտնվող հարթավայր, Մարկօսի լէռ (ամառային արոտավայր), Մարանի (Մառանի) լէռ (ամառային արոտավայր), Մէղօյի յայլա (Մեղվի յայլա), Մէլիքի փօս, Քօբօշգյուղանուն, հավանաբար կոկոշ/գոգոշ բառի աղավաղված ձևն է, Համշենի բար­բառում այդպես են ասում խխունջի պատյանին[137], Շաղդէղ (կազմվել է շաղ – ցող, եղյամ և տեղ բառերից), ՄէէվօրՄաղհավoր(likapa – բույս, որը համշենցիներն օգտագոր­ծում են որպես դեղամիջոց սակավարյունության բուժման համար[138]), Չուլինա (թաղամաս, Չամլը-հեմշինի Չինչիվա գյուղում) տեղանունները։

Հին գերդաստաններից, ընտանիքներից, տներից հիշատակեց Ալէքսի տուն, Անտօնի տուն, Ավէթիքի տուն, Բէգիի տուն, ԲօղօսիՊողոսի տուն, Գավազի (ինչպես բացատրեց Գյոնուլ Գյուլայը, գավազան բառի կրճատ ձևն է) տուն, Գինօսի տուն, Խաչիկի տուն, Կիրակօսի տուն, Դարբինի տուն, Քօզիքի / Քօզիսի տուն, Փէտրէսի(Պետրոսի) տուն, Փիրիկի տուն, Մազիկի տուն, Մուսիկի տուն, Փիսիկի տուն, Փօլադի տուն, Խաչիկի տուն,անձնանուններից հիշատակեց Գասպար, Թաքուշ (Թագուհի), Խաթուն, Խաչա­տուր, Մարի, Մուչան, Վարդան։Հիշեց, ինչպես ինքն էր ասում, իր քերեգինի (keregin) – քեռակնոջ՝ Միրիէի անունը։ Հավելեց նաև Շամիրանդանունը՝ ասելով, որ Շամիրամի փոփոխված տարբերակն է։ Նշենք, որ Չամլըհեմշին գավառի Մոլավեյիս (Մոլեվիչ) գյուղի բնակիչներն իրենց խոսակցական թուրքերենում մի շարք հայերեն բառերի հետ պահպանել են նաև գերդաստանների հայերեն անունները, օրինակ՝ Գիրագոսանչ[139]՝ տեղական խոսվածքին բնորոշ հնչյունափոխությամբ՝ Կիրա­կոս>Գիրագոս+ենց>անց>անչ։ Անց>ենց>ոնց ածանցը հայերենի անք>ենք>ոնքածանցն է՝ սեռա-կան հոլով։ Այն գործածական է եղել նաև գրաբարում։ Ցույց է տալիս անեզական գոյականներ՝ ստացական նշանակության, ինչպես, Խաչոյենք>Խաչոյենց (Խաչոյի ընտանիքի մարդիկ) և այլն[140]։

Այնուհետև, պատմական Զիլ քալեն այցելելուց հետո բարձրացանք հայկական աղբյուրներում հիշատակված Տափ գյուղը, որը, ինչպես գրում է Ղ. Ինճիճյանը, «տաճիք կոչեն Չաթ»[141] (այժմ ենթակա է Չամլըհեմշինին, նոր անունը՝ Սաաթ), մեզ ուղեկցողներից իմացանքոր բնակավայրին դիմահայաց վեր է խոյանում Գարմի[ր] սա[ր]-ը (Garmisa[r])-Կարմիր սարը։ Այդպես է կոչվում իր կարմիր քարերի պատճառով։

Այդ բարձրադիր լեռան գագաթից ահագնացած իջնում է ջրվեժը, կամ ինչպես համշենցիներն են ասում,չախչախանը։ Կարծում ենք՝ բառահիմքում չախչախ բառն է, որը տարածված է նաև հայ բարբառներում, ունի չախչախիկ ձևը։ Ըստ «Հայոց լեզվի բարբառային բառարանի»՝ նշանակում է «ջրաղացի մաս, որն իր ցնցումներով կար­գա­վորում է աղացվող հատիկի հոսքը դեպի ջրաղացքար»[142]։ Ջրաղացից անընդհատ գալիս են չախչախանների ձայնը և ջրի խոխոջը։ Ենթադրում ենք, որ ջրվեժի արագա­հոս ջրի աղմուկը տեղացիները նմանեցրել են ջրաղացի չախչախի ձայներին, այդպիսով՝ ջրվեժները կոչելով չախչախան։ Օ. Օզթուրքն իր բառարանում գրանցել է չաքչաքա, չամչաքա բառերի հնչարտասանական տարբերակները։ Նա ևս այս բառերը բացատրում է որպես ջրաղացի մաս, որը եգիպտացորենի հատիկներն ուղղում է դեպի ջրաղացքար[143]։

Կարմիր սարի չախչախանը թափվում է սարի ստորոտվ հոսող գետըհենց այստեղ, ըստ Ղ. Ինճիճյանի,միախառնվում են Բաշհամշեն և Եվողիւտ (Եղնովիտ) գետերը ու թափվում Սև ծով[144]։ Գյուղի մոտակա գետի վրա պահպանվել է մի հնագույն կամարա­ձև կամուրջ։ Տափ գյուղը սարի լանջին՝ տափարակ մի հատվածի վրա է։ Տների մեծ մասը լքված է։ Կանգուն են քարե հիմքերի վրա կառուցված ընդամենը մի քանի փայտաշեն տներ։ Գյուղում հիմնականում հին տների և շինությունների ավերակներ են։ Գյուղն ունի սառնորակ աղբյուր։ Այնտեղ հանդիպեցինք մի համշենցի ընտա­նիքի, որը եկել էր ամառային արձակուրդն անցկացնելու։

Նշենք, որ Արդվինի նահանգի Յուսուֆելի (Կիսկիմ) գավառի Ափիշեն (Ափ+ի+շեն) գյուղի (նոր անունը՝ Քընալըչամ) թաղերից մեկի հին անունը ևս կարմիր արմատով է՝ Կարմիր ցեխ, որ աղավաղվելով՝ դարձել էՔարմիսէր՝ բառասկզբի կ>ք հնչյունա­փոխությամբ։ Գյուղի կարմիր հողերի միջով հոսող գետը նույնպես ստացել է Կարմիրջուր անունը[145]։

Մեզ ուղեկցող Ջան Ուղուր Բիրյոլից տեղեկացանք, որ Չամլըհեմշինի հին անունը եղել է Հէմէգէդուր(Hemegedur)։ Հէմէգէդուր տեղանվան երկրորդ բաղադրիչը հայերեն կտուր բառի բարբառային դրսևորումն էկտուր>գէդուր, առաջին բաղադրիչը հավանաբար կարող է լինել Համամ աձնանունը (Համշենի իշխանության հիմնադիր Համամ Ամատունու անունից)՝ բառավերջի մ-ի անկումով, այսինքն՝ Համամի կտուր, տանիք, որ փոխաբերական իմաստով կարող է նշանակել Համամի տուն։ Կարծում ենք, որ լեզվական արագաբանությամբ և տեղական խոսվածքի ազդեցությամբ դարձել է Հեմեգեդուր, ինչպես օրինակ՝ Համամաշենը դարձել է Համշեն, (հետագայում՝ թուրքերենով՝ Հեմշին։ Ավելացնենք, որ կտուր>գթուր արմատով՝ Karagtur – Քարա (սև)+կտուրլեռնանուն է հիշվում Համշենում։ Ըստ Հ. Տաշյանի տեղադրության՝ Քարա+կտուր բարձր գագաթը գտնվում է «Բաշ – Քէօյ եւ անկէ վեր ուղիղ հյուսիսակողմը կ’իյնայ բուն Համշէն ալ եւ իր կողերէն կը բղխի Համշէնի գետը՝ անցնելով նախ Սոգորնի և անկէ Համշեն, որոնք իրարմէ շատ հեռու ալ չեն»[146]։

Նշենք, որ 16-րդ դարի օսմանյան աշխարհագիր (tahrir) մատյաններում ներկայիս Չամլըհեմշինի տարածքը կոչվել է ՔարաՀեմշին (Kara-Hemşin)[147], ավելի ուշ՝ Վիչե Աշաղը կամ Աշաղը Վիչե (Viçe Aşağı,Aşağı Viçe-Ներքին Վիժե

* * *

Չափազանց հետաքրքիր հանդիպում էր սպասվում Արտաշեն գավառի Օջե գյուղում, որն այժմ ունի 140 տուն։ Այն գտնվում է Սև ծովին դիմահայաց բլրի վրա և թաղված է պտղատու այգիների մեջ։ Գյուղացիներն արդեն տեղյակ էին մեր գալստյան մասին։ Զառիվեր ճանապարհով բարձրացանք Օջեի կենտրոնուր մեզ պարկա­պզուկի նվագակցությամբ իրենց շուրջպարով (հորոն) դիմավորեցին գյուղի երիտա­սարդները։ Հավաքվել էին նաև մեծահասակները։ Կատարյալ եռուզեռ էր։ Այնտեղ գրառումներ կատարեցի 1934թ. Փազարի[148]գավառում ծնված Նուրեթթին Քեփենեքից։ Նա թվարկեց Արտաշեն գավառի ներկայիս համշենաբնակ գյուղերը. դրանք են՝ Չուքուլիթայժմ` Ասլանդերե, Ցուփեայժմ` Բեյդերե (կազմում են Աբուի շրջանը) և Բաքոս, Զենիմոշ, Ղանյա, Փիցխալա (այժմ՝ Յայլաջըլար), Քուրուփիթ/Գուրուփիթ (այժմ՝ Շենքյոյ), Օջե։ Նշեց նաև, որ այժմ Արտաշենում ապրում է շուրջ երեք հազար համշենցի։ Նրանց մի մասը այստեղ է հաստատվել՝ հեռանալով Չամլըհեմշինի լեռ­նային գյուղերից։ Նուրեթթին Քեփենեքը պատմում էր, որ ընդամենը 50-60 տարի առաջ գյուղում, ինչպես նաև իրենց ընտանիքում, բոլորը խոսում էին Համշենի բարբառով։ Այսօր թեև մոռացել են իրենց մայրենին, բայց խոսակցական թուրքե­րենում դեռևս պահպանել են տեղական բարբառային բառեր, ինչպես օրինակ՝ ակիշ (թոնրի շիշ), բարդի, գօդիմ (կոտեմ), դութ (թութ), էղինջ (եղինջ), խաչաչուր[149](խաչաջուրտանձի տեսակ), մէսուր (մսուր), ղօյիզ (կորիզ), ժօխ (մոշ), փիլունց (փիլունձպտերազգի ծառի տեսակ), փուչակ (փչակ), քէթաման (կաթի ամանև այլն։ Հետաքրքիր է նաև, որ Օջե գյուղում առ այսօր պահպանվել է համշեն­ցիների՝ սուլելով հաղորդակցվելու յուրահատուկ ավանդույթը։

Ստորև ներկայացվում են նաև Նուրեթթին Քեփենեքից գրանցած միկրո­տեղանունները՝ մեր բացատրություններով։

Ասրաթ/Արսաթ (Arsat) — արծաթ բառն է ծ>ս հնչյունափոխությամբ, առաջին տարբերակում տեղի է ունեցել բառամիջի բաղաձայնների դրափոխություն, մի երևույթ, որ հատուկ է հայ բարբառներին։

Բախէդագ (Bakhedag) — կազմվել է բարխ (պարեխ)+տակ բաղադրիչներից, այսինքն՝ ժայռի տակ։ Խոփայի համշենցիների բարբառում ևս ժայռին ասում են բարխ[150]։ Պարեխ նշանակում է «ժայռ, լեռան ցցված մասը, քարքարոտ տեղեր[151] ։

Բախէնօղ (Bakhenoğ) — տեղանունը կազմվել է բարխ (ժայռ) և օղ բաղադրիչներից։ Օղ Համշենի բարբառում ասում են բլրին։ Նուրեթթին Քեփենեքի նկարագրությամբ՝ խոսքը վերաբերում է ժայռոտ գագաթ ունեցող բլրի։

Գլինչխաչ (Glinçkhaç) — տեղանվան երկրորդ բաղադրիչը խաչ բառն է։ Խաչ արմատով մակրո և միկրոտեղանվանական կառույցները տարածված են Ռիզեի համշենցիների շրջանում, օրինակ՝ Խաչ, Խաչիքար>Խաչքար, Խաչիվանք>Խաչիվանաք, Խաչափայտ>Խաչափիթ, Խաչկուն, Խաչին+տեղ>Հազինդաղ, Խաչի բակ>Խաչի ավլա, Խաչի թիկունքԽաչի սիրթի (թրք.՝ սըրթ նշանակում է թիկունք) և այլն։ Այս տեղանունները մեկ անգամ ևս հաստատում են, որ Համշենը նախկինում եղել է հայ քրիստոնեական հոգևոր կենտրոններից մեկը։

Զէմագ (Zemag) — ծմակ բառն է, որն, ըստ Հ. Աճառյանի, նշանակում է «արև չտեսած՝ շուք տեղ ձորի մեջ»[152]։ Հ. Աճառյանը քրիստոնյա համշենահայերի բարբառում գրանցել է ձմագ տարբերակը[153]։

Թասիգօնդուզի (Tasigonduzi) — տեղանունը կազմվել է թասիկ>թասիգ (աման) + օն (սեռ. հոլ.) և դուզ (թուրք. թարգմ. հարթավայր)+ի (ածանցբաղադրիչներից։ Հավանաբար նախնականը եղել է Թասիգօն+փօս+ի։ Փօս բառը, որ Համշենի բարբառում նշանակում է հարթավայր, հետագայում թուրքերեն է թարգմանվել։ Ն. Քեփենեքի նկարագրությամբ՝ տեղանքի մակերեսը թեև հարթ է, բայց ունի թասի նման մի փոքր գոգավորություն։ Հ. Աճառյանը քրիստոնյա համշենցիների բարբառում գրանցել է սեռական-տրական հոլովի օն մասնիկը, որը համարժեք է հայերենի այլ բարբառների ան վերջավորությանը, ինչպես՝ ճնճղուկջինջըղգօն, աղջիկախճգօն, մուկմգօն, էզէզօն, աշունաշնօն և այլն։ Լեզվաբանը նշում է, որ գրական հայերենում, ինչպես և բարբառներում այս հոլովմանը պատկանող բառերի թիվը շատ քիչ է, իսկ Համշենի բարբառում քսանից ավելի է[154]։ Հետաքրքրական է, որ տեղանվան առաջին բաղադրիչը պահպանել է բարբառի ձևաբանական օրինաչափությունը։ Տեղանվան երկրորդ բաղադրիչը՝ դյուզ (düz) բառը, ստացել է թուրքերենի երրորդ դեմքի պատկանելության -i ածանց՝ առաջին բաղադրիչի հետ կազմելով գոյականա­կան կապակցություն՝ հատկացուցիչ հատկացյալ փոխհարաբերությամբ (Birinci Tamla­ma)։ Թուրքերենի բարբառներում, ի տարբերություն գրական լեզվի, բացակայում է ձայնավորների ներդաշնակության օրենքը, ուստի՝ դյուզ բառը –ու (-ü) ածանցի փոխարեն ստացել է –ի (-i)։

Թէքինդուզի (Tekinduzi) — տեղանունը կազմվել է թեք+ին և դուզ բառերով։ Ն. Քեփենեքի նկարագրությամբ՝ տեղանքն ունի թեքություն։

Խաչինդուզի (Khaçinduzi) — տեղանվան մեջ առկա են խաչ+ին և դուզ+ի (հարթավայր) բառերը։ Հնում հավանաբար եղել է Խաչինփօս։

Խօթութ (Khotut) — կազմվել է խոտ>խոթ+ուտ>ութ բաղադրիչներից։

Մամինօղ (Maminoğ) — կազմվել է մամ (մայր, մեծ մայր)+ին և օղ (բլուր) բաղադրիչներից, այսինքն՝ Մեծ մոր բլուր։

Մութիկամօդու (Mutikamodu) — տեղանվան մեջ առկա են մութին+կա (մթնկամութ, խավար[155]) և մոտբաղադրիչները։ Խոփայի համշենցիների խոսվածքում ևս պահպանվել է լուսինկա բառի լուսնիկա տարբերակը՝ «լուսնիկա էրօնդ քիշէր» – լուսն­կա գեղեցիկ գիշեր։ Նշենք, որ մութ արմատով տեղանուններ են եղել Համշենի հարևան Խոտորջրում, նաև Բիթլիսում, Խարբերդում, Կիլիկիայում և այլն։ Օրինակ՝ Մութ, Մութձոր, Մութնա, Մութուն[156]։

Ջինջուն դաղը (Cincun dağı) — կազմվել է ճնճղուկ>ճնճուղ>ջինջուղ և դաղը (թարգմ.՝ սար) բաղադրիչներից։ Հայ բարբառներում կան ճնջուղ, ճունջուղ, ջունջիղ, ջնջօղ և այլ դրսևորումներ[157]։

Վարինթէվ (Varintev) — կազմվել է վար (ներքև)+ին (սեռ. հոլ.)+թև բաղադրիչներից` ներքևի կողմ իմաստով։

Վէթքար (Vetkar) — կազմվել է վէթ (վերին)+քար բաղադրիչներից։ Խոփայի համշենցիները ևս վերևին ասում են վէթի, վէթու[158]։ Վէթքար տեղանուն գրանցել է նաև Ա. Գենչը[159]։

Չը[ր]քէլօղ (Çı[r]keloğ)/Չէ[ր]քէլօղ (Çı[r]keloğ) — կազմվել է ջուր>չըր+գլուխ>քէլօղ բառերից, որ նշանակում է աղբյուրի վերևի մաս։ Այդպես են ասում նաև Խոփայի համշենցիները աղբյուրի վերևի մասին, կամ այն վայրին, որտեղից բխում է ջուրը[160]։

Սալէէս (Salees) — կազմվել է սալ (ողորկ)+երես բաղադրիչներից։ Համշենի բարբառի օրինաչափությամբ բառամիջի ր սղվել է։

Սալչուր (Salçur) — կազմվել է սալ+ջուր>չուր բաղադրիչներից։ Ա. Գենչի բառարանում սալ արմատով գրանցվել է մեկ այլ տեղանուն՝ Սալահփուր (Salahpur), այսինքն՝ սալ+աղբյուր[161]։

Փագինդագ (Pagindag) — կազմվել է բակ>փագ+ին+տակ>դագ բաղադրիչներից։

Քօփթուր (Koptur) – կարծում ենք, որ տեղանվան մեջ կոպ>քօփ (փակ)+դուռ բաղադրիչներն են։

Օ[ղ]թնափուր (O[ğ]tnapur) — տեղանունը կազմվել է օղթն (յոթ)+աղբյուր բաղադրիչներից՝ Համշենի բարբառին բնորոշ հնչյունափոխությամբ։

Համեմատության համար ավելացնենք, որ Տրապիզոնի Արաքլը[162] գավառի Քիզիրնոս (նոր անունը՝ Քայաջըք)[163] գյուղի համշենցիները, որոնք բռնի իսլամացման արդյունքում կորցրել են իրենց ինքնությունն ու մայրենին, մինչև այսօր իրենց խո­սակցական թուրքերենում գործածում են հայերեն բառեր[164] ու միկրոտեղանուններ՝ կարծելով, որ դրանք հունարեն են[165]։ Բնակիչների պատմածի համաձայն նրանց նախնիները Քիզիրնոս են տեղափոխվել Չամլըհեմշին գավառից։ Թե երբ են Քիզիր­նոսի համշենցիները մահմեդականացվել, ստուգ տեղե­կություններ չունենք, սակայն տեղացիների վկայությամբ, նրանք այնտեղ հաստատվել են 17-18-րդ դարերում[166]։ Ինչպես արդեն նշել ենք, հենց այդ դարերում է Համշենում իրագործվել զանգա­վածային բռնի մահմեդականացումը[167]։ Եվ այդ ժամանակ էլ բնակչության մի մասը ստիպված լքել է իր հայրենի բնօրրանն ու հաստատվել հարևան Քարադերե (Սև գետ) և Սուրմենե գավառներում։ Սակայն հետագայում այդ գավառները ևս չեն խուսափել իսլամացման դաժան քաղաքա­կանությունից։

Քիզիրնոսի միկրոտեղանունները, թեև կրում են տեղական խոսվածքներին բնորոշ հնչյունական մակաշերտեր, հնչյունական աղավաղումներ, սակայն դրանք հայերեն են ինչպես իրենց բաղադրիչներով, այնպես էլ կառուցվածքով։ Այսպես օրինակ՝ Գարնութ (Garnut) — կազմվել է կաղին+ուտ բաղադրիչներից, կաղնուտ >գարնութ։ Գումդէղ (Gumdeğ) – կազմվել է գոմ>գում+տեղ>դէղ բաղադրիչներից։ Էղրութ – կազմվել է էղի կամեղի+ութ բաղադրիչներից։ Համշենի բարբառում էղի են ասում դեռահաս կաթնահաս ցորենին[168]։ Թէհքութ(Tehkut) – կազմվել է թեղի+ուտ բաղա­դրիչներից։ Լէնդէրէվ (Lenderev) – կազմվել է լայն>լեն+տերև>դէրեվբաղա-դրիչներից։ Հաչօվիթ (Haçovit) – կազմվել է խաչ+հովիտ>օվիթ բառերից։ Ղօրղուտ — տեղանվան մեջ առկա է կորկոտ (ձավար) բառը։ Խոփայի համշենցիների խոսվածքում գործածա­կան է գորգոտհնչարտասանական տարբերակը[169]։ Մօնութ (Monut) – կազմվել է մոնի (կաղնու տեսակ)+ուտ>ութբաղադրիչներից։ Վէժօն (Vejon) – կազմվել է վիժ արմատից և -ան ածանցից։ Հայերեն վէժ նշանակում է «հոսանք, սահանք, ցայտումն»[170]։ Վէժ>Վըժ արմատով տեղանունները տարածված են եղել նաև Մեծ Հայքում՝ ՎժանՎժնա դաշտՎժնաջուրՎժանա վանքՎժանիսՎժենիսՎժնաբերդՎժինիս[171]։Վէրիփօս (Veripos) – կազմվել է վերի+փոս (հարթավայր) բառերից։ Ուս — հավանաբար սա նույն՝ Համշենի բար­­բառի Խոփայի խոսվածքում գործածվող ուսի բառն է, որ ասում են ձնահյուսին[172]։ Բառի բացատրությունն ավելի է հիմնավորվում այն հանգամանքով, որ լեռնային Քիզիրնոսում ձմեռը խստաշունչ է և ձնառատ[173]։ Քէրէնքաշ — կազմվել է քերեն>գերան+քաշելկտրել բառերից, այսինքն՝ գերան կտրելու տեղ։

Քիզիրնոսի շրջակա միկրոտեղանուններն իրենց կառուցվածքով, հնչյունական դրսևորումներով հար և նման են Չամլըհեմշին և Արտաշեն գավառներում մեր գրա­ռած տեղանուններին։ Լեզվական այս նմուշները ևս հաստատում են, որ Քիզիրնոսի համշենցիների նախնիները եկել Համշենի գավառից։

* * *

Այսպիսով, սույն ուսումնասիրության մեջ քննության ենթարկված միկրոտեղանունները, թեև կրում են տեղական խոսվածքներին հատուկ հնչարտա­սանական մակաշերտեր և ժամանակի ընթացքում ենթարկվել են նաև թուրքերենի հնչյունական որոշակի ազդեցությանը, այդուհանդերձ, նրանցում պահպանվել են հայկական արմատներ, տեղանվանակազմ և քերականական հատկանիշներ, որոնք կարևոր նյութ կարող են մատուցել հայ տեղանվանագիտությանն ու բարբառա­գիտությանը, լույս սփռել Համշենի պատմության մի շարք խնդիրների պարզաբան­ման վրա։

Ինչպես ցույց տվեց կատարված վերլուծությունը, Համշենի տեղանունների բա­ռաքննության համար անհրաժեշտ է հաշվի առնել նրանցում առկա տեղական խոս­վածքային հնչյունական յուրահատկությունները, իմաստային, քերականական, բա­ռա­կազմական առանձնահատկությունները, ինչը հիմնականում անտեսում են թուրք հեղինակները։ Մասնավորապես, սույն տեղանվանագիտական քննությամբ հերքվում են որոշ թուրք գիտնականների մտացածին բացատրությունները։

Միկրոտեղանունները, կամ ժողովրդական տեղանունները, հայոց պատմա­կան հիշողության և մշակութային ժառանգության մասն են։ Հետևաբար, դրանց ուսումնասիրությունը պետք է ընդգրկվի հայ պատմաբանասիրության օրա­կար­գում, հատկապես այն պատճառով, որ դրանց մեծ մասը, գտնվելով թուրքական միջա­վայ­րում, ժամանակին չգրանցվելու դեպքում սերնդափոխության հետևանքով դատա­պարտված է մոռացության։

Ծանոթագրություններ

[1] Մեր խմբի կազմում էին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Հայաստանի «Համշեն» հայրենակցական-բարեգործական հ/կ փոխնախագահ, «Ձայն համշենական» ամսա­թերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստի­տուտի գիտաշխատող, բանասեր Քեյթի Գունդակչյանը, «Լուսակն» հրատարակչության տնօրեն, բանա­սեր Ռուզան Սահակյանը և ուրիշներ։ Խոփայում մեզ միացան Ստամբուլի «Ակօս» շաբաթա­թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էսդուգյանը և նրա տիկինը։
Խորին շնորհակալություն ենք հայտնում ուղևորության ընթացքում մեզ աջակցող և Բիլբիլանում ու Քեմալփաշայում հյուրընկալող մեր համշենցի բարեկամներին և նրանց ազգականներին՝ Ստամբուլի «Վով ա» երաժշտախմբի ղեկավար, երգիչ Հիքմեթ Աքչիչեքին, գրող Մահիր Օզքա­նին, ինչպես նաև Չամլըհեմշին և Համշեն գավառներում մեզ հյուրընկալող ստամբուլցի լրա­գրող ու գրող Ադնան Գենչին և Անկարայում բնակվող լրագրող և հայրենագետ Ջան Ուղուր Բիրյոլին։
[2] Ղ. ԻնճիճեանԱշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, Վէնէտիկ, 1806, էջ 397։ Ս. Հայկունի,Նշխարներ. կորած ու մոռացուած հայեր, «Արարատ» ամսագիր, Վաղարշապատ, 1895, թիվ 7, էջ 239-243, թիվ 8, էջ 295-297։ Պ. Թումայեանց, Պոնտոսի հայերը, աշխարհագրական և քաղաքական վիճակ Տրապիզոնի, «Լումայ», Տփխիս, գիրք Բ (յուլիս), 1899, էջ 174-175։ Լ. Խաչիկյան, Էջեր համշինահայ պատմությունից, «Բանբեր Երևանի համալսարանի», 1969, թիվ 2, էջ 136-139։ Ս. Վարդանյան, Կարևոր սկզբնաղբյուր մահմեդականացված հայերի մասին, «Պատմա-բանասիրական հանդես», Երևան, 2004, թիվ 3, էջ 159-170։ ԼՍահակյան, Օսմանյան կայսրու­թյունում համշենահայերի բռնի մահմեդա-կանացման քաղաքականության հետևանքները, Թուրքագի­տա­կան և օսմանագիտական հետազոտու-թյուններ, հ. IV, Երևան, 2006, էջ 207-228։ ԱՄելքոնեան, Համշէն, պատմաաշխարհագրական ակնարկ (16-20-րդ դարեր), Համշէն եւ համշէնահայութիւն (գիտաժողովի նիւթեր), Երեւան, Պէյրութ, 2007, էջ 26-33։
[3] Բիլբիլան ամառային արոտավայրում և Խոփայի գավառում Սերգեյ Վարդանյանի հավաքած բանահյուսական նյութերը տե՛ս ՍՎարդանյան, Բանահյուսական նոր գրառումներ Թուրքիայի Արդվինի նահանգում, «Ձայն համ­շե­նա­կան» ամսաթերթ, Երևան, 2011, թիվ 1-2։
[4] Այսօր Ռիզեի նահանգը զբաղեցնում է 3920 կմ քառ. տարածք, ունի 11 գավառ, 349 գյուղ, 21 ավան, 2000թ. մարդահամարի համաձայն՝ 365.938 բնակիչ։
[5] Արտաշենն ունի նաև ԱրդաշենԱրտաշինԱրդաշին հնչարտասանական տարբերակները, և ըստ տեղական ժողովրդական ստուգաբանության՝ տեղանունը բաղկացած է արտ (դաշտ)+ա+շեն (բնակա­վայր) բաղադրիչներից (Ö. Öztürk, Karadeniz Ansiklopedik Sözlükİstanbul, 2005, c. 1, s. 93-94)։ Հայաստանի և հարակաից շրջանների տեղանուն­ների բառարանում այն նույնացվում է Արտաշեկ գյուղի հետ, որը գտնվում է Արդվին քաղաքից 70-75 կմ արևմուտք (տե՛ս Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1, ԵՊՀ հրատ., Երևան, 1986, էջ 498)։ Արտաշենը Սև ծովին ափամերձ գավառ է, որը մտնում է Ռիզեի նահանգի մեջ և գտնվում Ռիզե քաղաքի կենտրոնից 46 կմ հեռավորության վրա՝ արևելքում, սահմանակից լինելով Ֆըն­դըք­լը (Վիժե), հյուսիսարևմուտքում՝ Փազար (Աթինա), արևմուտքում՝ Չամլըհեմշին (Ներքին Վիժե) գավառ­ներին, հարավում՝ Քաջքարի լեռներին և Էրզրումի նահանգին։ Մակերեսը 742 քառ. կմ է։ Ունի 58.588 բնակիչ, 1 ավան, 38 գյուղ։ Տարվա բոլոր եղանակներին այստեղ տեղումնալից է։ Համարվում է Թուրքի­այի ամենից խոնավ շրջանը։ Բնակչության հիմնական զբաղմունքը թեյամշակումն է։ Լեռնային գոտի­ներում զբաղվում են անասնաբուծությամբ և անտառագործությամբ (Ö. Öztürk, Karadeniz Ansiklopedik Sözlükc. 1, s. 93-94)։
[6] Համշենահայ ազգագրագետ Ս. Հայկունին, իր գրառած մի ավանդության համաձայն, Զիլ քալեն նույնացնում է Արտաշենի բերդի հետ, գրելով, որ Բագրատունյաց թագավորական ցեղից սերած «երկու անու­անի մարդ կը լինեն Համշէնի մեջ՝ Գրիգոր և Մարտիրոս»։ Մարտիրոսը որոշում է Գրիգորի աղջկան կնության վերցնել իր որդու՝ Արտաշենի համար։ Գրիգորը, սակայն, չի համաձայնվում, այդ­ժամ՝ «Մարտիրոս զինու զօրութեամբ Գրիգորի երկիրը կը մտնէ, կը պատերազմի, կը յաղթէ, կառնէ աղջիկը, կպսակե Արտաշէնի վերայ։ Արտաշէն Գրիգորի երկրի մէջ, Համշէնի մեծ գետի վերի ակներուն մօտ մի հսկա բերդ կը կառուցանէ, որ այսօր ևս Արտաշէն կասուի» (Ս. Հայկունի, Նշխարներ. կորած ու մոռա­ցու­ած հայեր, «Արարատ» ամսագիր, Վաղարշապատ, 1895, թիվ 8, էջ 296-297)։
[7] Այս ուսումնասիրության համառոտ տարբերակները տե՛ս Սահակյան Լ., Այցելություն Համշեն, մոռաց­վող տեղանուններ և անձնանուններ, «Ձայն համշենական» ամսաթերթ, 2010, թիվ 9-10, նույնի՝ Ճանա­պար­հորդություն Համշեն, «Լուսակն» հանդես, Երևան, 2010, թիվ 2, էջ 12-13։
[8] Հոմշեցի ինքնանվանման մասին տե՛ս ՍՎարդանյան, Թուրքիայի կրոնափոխ հայության թվաքանակի վերաբերյալ, հայախոս համշենցիներ, «Հանրապետական» ամսագիր, Երևան, 2009, թիվ 10, էջ 8։
[9] Այդ մասին տե՛ս նաև Özkan M., Hemşinli Kişiliği Üzerine, Hemşin Toplumunun Travmasıhttp://hamshentsi.blogspot.com/2009/01/։ Can Uğur Biryol, Hemşinliler Ermeni mi?, Radikal, İstanbul, 2005, Haziran, 12. Տե՛ս նույնի հայերեն թարգմանությունը, Ջ. Ու. Բիրյոլ, Հեմշինցիները հայե՞ր են, հեմշին-ցիների մասին։ Թուրքերենից թարգմանեց Լ. Սահակյանը«Ձայն համշենական» ամսաթերթ, 2006, թիվ 12։ Տե՛ս նաև նույնի՝ Etnik Bir Kimlik Olarak Hemşinliler, http://hamshentsi.blogspot.com/2009/01/։
[10] C. U. Biryol, Hemşinliler Göç ve Pastacılık, Gurbet Pastası, İletişim Yayınevi, İstanbul, 2007.
[11] «Bugün Hemşinliler’in büyük bir çoğunluğu Ermeni olduğunu reddediyor. Bölgede kullanılan yer adları ve gündelik yaşantıda kullanılan eşyaların isimlerine kadar yerleşik bir Ermenice var aslında» (Տե՛ս C. U. Biryol, Etnik Bir Kimlik Olarak Hemşinliler, http://hamshentsi.blogspot.com/2009/01/.
[12] Քեմալ Նաբի Ունալ, Սենոզ (էքսանոս), մեկ այլ Համշեն, թարգմանեց և ծանոթագրեց Լ. Սահակյանը,«Ձայն համշենական» ամսաթերթ, 2010, թիվ 7-8։
[13] Հ. Աճառյան, Քննություն Համշենի բարբառի, ՀՍՍՌ ԳԱ հրատ., Երևան, 1947, էջ 12։
[14] Նույն տեղում։
[15] Նույն տեղում։
[16] Նույն տեղում, էջ 14։
[17] G. Dume՛zil, Notes sur le parler d’un Armenien musulman d’ Ardala. (Vilayet de Rize), Revue des E՛tudes Arme՛niennes, tome 2, Paris, 1965, p. 135-142. Նույնի՝ Trois re՛cites dans le parle der Arme՛niens musulmans de Hemşin. Revue des E՛tudes Arme°niennes, tome 4, Paris, 1967, p. 19-39. Նույնի՝ Dokuments Anatoliens sur les langues et les traditions du Caucase, IV. Recits lazes en dialecte d’ Arhavi (parler de Şenköy). Bibliotheque de l’E՛cole des Hautes E՛tudes, Section des Sciences Religieuses; Volume LXXIV. Paris, 1967. Նույնի՝ Un Roman Policier en Arme՛nien d’Ardala. Revue des E՛tudes Arme՛niennes, tome XX, Paris, 1986-87, p. 7-27. Bert Vaux, Homshetsma. The language of the Armenians of Hamshen, The Hemshin, Edited by Hovann H. Simonian, London and New York, 2007, p. 257-278.
[18] ՍՎարդանյանԿրոնափոխ համշենահայերի բարբառըբանահյուսությունը և երգարվեստը (նյութեր ևուսումնասիրություններ), ԵՊՀ հրատ., Երևան, 2009, 428 էջ։ Ս. Վարդանյանն, ուսումնասիրելով Խոփայի համշենցիների լեզուն, եզրակացնում է, որ այն Համշենի բարբառի առանձին խոսվածք է և ունի երկու ենթախոսվածք՝ արդըլեցիների և թուրցևանցիների (այսինքն՝ Արդալա գյուղի բնակիչների և դրսեցիների), նշվ. աշխ., էջ 68։
[19] O. Yaman, Etniklik ve Hemşin Üzerine, Halkbilimi, Orta Doğu Teknik Üniversiti, Türk Halk Bilimi Topluluğu, 1998, Güz, 7, s. 56.
[20] Քեմալ Նաբի Ունալ, Սենոզ (էքսանոս), մեկ այլ Համշեն, նույն տեղում։
[21] Ղ. ԻնճիճեանԱշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, էջ 397։ Տե՛ս այդ մասին նաև՝ Ա. Մելքոնյան, Համշեն, պատմաաշխարհագրական ակնարկ (19-20-րդ դարեր), Համշեն և համշենահայություն (գիտաժողովի նյութեր), Երևան-Պէյրութ, 2007, էջ 32-33։
[22] Ղ. Ալիշան, Տեղագիր Հայոց Մեծաց, Ս. Ղազար, 1855, էջ 39։
[23] Յ. Տաշեան, Տայք, դրացիք եւ Խոտորջուր, պատմականտեղագրական ուսումնասիրութիւն, հ. Բ, Մխիթարեան տպարան, Վիեննա, 1980, էջ 20-21, 71-84։
[24] Պ. Թումայեանց, Պոնտոսի հայերը, աշխարհագրական և քաղաքական վիճակ Տրապիզոնի, «Լումայ», Տփխիս, գիրք Բ (յուլիս), 1899, էջ 175։
[25] Ս. Հայկունի, Նշխարներ. կորած ու մոռացուած հայեր, «Արարատ», 1895, թիվ 8, էջ 296։ Նշենք, որ ցարական Ռուսաստանի, Խորհրդային Միության ռազմական, ինչպես նաև թուրքական և հայկական քարտեզների հիման վրա Համշենի հայկական տեղանունների մի ցուցակ է կազմել և հրապարակել Ա. Եղիազարյանը, տե՛ս Համամաշեն-Համշենի հայկական տեղանունները, «Ձայն համշենական», 2008, թիվ 9-10, 11-12, 2009, թիվ 1-2£ А. Егиазарян, Армянские топонимы hАмамашена-hАмшена,“Амшен-Понтос”, Выпуск второй, Краснодар, 2009, с. 94-100.
[26] ԲԹոռլաքյանՀամշենահայերի ազգագրությունըհայ ազգագրություն և բանահյուսություն, նյութեր ևուսումնասիրություններ, հ. 13, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1981, էջ 29։
[27] A. Yüksel, Doğu Karadeniz Araştırmaları, Bayrak Matbaası, İstanbul, 2005, s. 12։
[28] K. Hoşoğlu, Köylerin Eski İsimleri, Eski İsimler Hakkında bilgiler, Rize Halk Eğitim Yayınları, 2001.
[29] A. Yüksel, նշվ աշխ., էջ 14։ Տե՛ս նաև M. Safi, Rizede Tahrir Öşür Envanteri, էջ 6-7։ A. Taşpınar, Rize Tarihi, Rize, 2004, s. 576-580.
[30] L. Sahakyan, Turkification of the Ottoman Empire and the Republic of Turkey (անգլերեն, հայերեն, ռուսերեն), Montreal, Arod Books, 2010.
[31] ԲԹոռլաքյաննույն տեղում։
[32] A. Genç, Çalışkan Kadınlar Ülkesi Hemşin, 2 basım, İstanbul, 2010, s. 114-152.
[33] İ. Karaca, Hemşin, Tarih, Dil, Gelenek ve Görenekler, İstanbul, 2006, s. 76-124.
[34] U. Bläsing, Armenisches Lehngut im Türkeitürkischen am Beispiel von Hemşin, Amsterdam-Atlanta, GA, 1992, p. 91-95. Տե՛ս նույնի՝ Armenisch-Türkish Etymologische Betrachtungen ausgehend von Materialien aus dem Hemşingebiet nebst einigen Anmerkungen zum Armenischen, insbesondere dem Hemşindialekt, Amsterdam-Atlanta, GA, 1995. p. 124-139. Նույնի՝ Armenian in the vocabulary and culture of the Turkish Hemshinli (տե՛ս The Hemshin. History, society and identity in the Highlands of Northeast Turkey, Edited by Hovann H. Simonian, London and New York, 2007, p. 282, 283, 285, 287, 288, 289, 293).
[35] Ղ. Ինճիճեան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, էջ 397։
[36] Ղ. Ինճիճեաննույն տեղում։
[37] S. Arıcı, Dambur Tarihi, Hemşin-Purim Etimolojik Sözlüğü, Kızkulesi Yayıncılık, I Basım, İstanbul, 2008.
[38] M. F. Kırzıoğlu, Selim Çağında Hopa ile Arhavi Köyleri, TFA içinde, yıl 17, cilt 10, no. 201 (Nisan 1966), İstanbul, s. 4104.
[39] M. A. Sakaoğlu, Dünden Bugüne Hemşin. Karadeniz’den Bir Tarih, Yeniyurt Yayınları, Ankara, 1990.
[40] U. Bläsing, Armenisch-Türkish Etymologische Betrachtungen ausgehend von Materialien aus dem Hemşingebiet nebst einigen Anmerkungen zum Armenischen, insbesondere dem Hemşindialekt, p. 129.
[41] Ն. Մկրտչյան, Հայերենից փոխառյալ բառեր թուրքերենի բարբառներում, «Ասողիկ» հրատ., Երևան, 2007, էջ 44-46։
[42] ՍՏերՍիմոնյան, Աշտարակի ժողովրդական տեղանունների բառարան, «Տիգրան Մեծ» հրատ., Երևան, 2008, էջ 13։
[43] Э. М. Мурзаев, Очерки топонимики, Мысль, Москва, 1974. с. 23. Ю. А. Карпенко, Свойства и источники микротопонимии//Микротопонимия, Москва, 1967.
[44] Н. В. Подольская, Словарь русской ономастической терминологии, Наука, Москва, 1978, с. 86.
[45] Н. В. Подольская, Словарь русской ономастической терминологии, с. 86.
[46] А. И. Ященко, Лингвистический анализ микротопонимов определенного региона. Курс лекций для студентов филологических факультетов педагогических институтов, Гос. пед. ин-т, Вологда, 1977, с. 24-27.
[47] Е. М. Адамович, О принципах составления региональных словарей белорусских
микротопонимов // Перспективы развития славянской ономастики, Наука, Москва, 1980, с. 182-183.
[48] [48] В. С. Картавенко, Проблемы и перспективы развития топонимической терминологии, Русский язык, Известия Смоленского государственного университета, Смоленск, 2008, №3, с. 90-91.
[49] Համշենցիների լեզվական ձուլման մասին տե´ս Լ. Սահակյան, Հայկական երգերը՝ բռնի կրոնափոխված համշենցիների ինքնության հիշողություն և դրսևորում, Թյուրքագիտական և օսմանագիտականհետազոտություններ, հ.V, Երևան, 2008, էջ 243-260։
[50] А. В. Суперанская, Что такое топонимика?, Наука, Москва, 1985, с. 48.
[51] А. В. Суперанская, նույն տեղում, էջ 47։
[52] Համշենցի ամուսինները տեղում յուրահատուկ կարկանդակներ էին պատրաստում վաճառքի համար։ Նրանք սիրով պատասխանեցին մեր հարցերին։ Երբ փորձեցի ճշտել, թե ինչ են մտածում իրենց ծագման մասին, ամուսինը սկսեց պատմել համշենցիների մասին կեղծարար Քըրզըօղլուի տեսակետները (Քըրզըօղլուի կեղծարարությունների մասին տե՛ս Լ. Սահակյան, Օսմանյան կայսրությունում համշենահայերի բռնի մահմեդականացման քաղաքականության հետևանքները, Թուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ, հ. IV, էջ 208-211)։
[53] Հ. Աճառյանը քրիստոնյա համշենցիների բարբառում այծի դիմաց գրանցել է աձ, էձ (Հ. Աճառյան,Հայերեն արմատական բառարան, հ. 1, ԵՊՀ հրատ., Երևան, 1971, էջ 170)։ Ըստ Բ. Թոռլաքյանի՝ էծպտուկ են ասում ծվաղի (ձիվաղ) տեսակներից մեկին, որն «իր անվանն է արժանացել հատիկների՝ այծի պտուկներին նման լինելու պատճառով» (Բ. Թոռլաքյան, Համշենահայերի ազգագրությունը, էջ 134)։ Համշենահայերի բարբառում էծպուտուկ են ասում նաև խաղողի տեսակին (տե՛ս Հայոց լեզվի բարբառային բառարան, հ. Բ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2002, էջ 168)։
[54] A. Genç, Çalışkan Kadınlar Ülkesi Hemşin, s. 115.
[55] S. Arıcı, Dambur Tarihi, Hemşin-purim etimolojik sözlüğü, s. 240-241.
[56] ՍՎարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 273, 339։
[57] Saklı Ezgiler Kizirnos, Derleme, Collection, Mecit Çeliktaş, Proje Yönetmeni: Birol Topaloğlu, İstanbul, Temmuz, 2010, s. 7. Տե՛ս նաև Լ. Սահակյան, Քիզիրնոսի համշենցիները, «Ձայն համշենական» ամսաթերթ, 2011, թիվ 1-2։
[58] Տե´ս U. Bläsing, Armenisch-Türkisch Etimolodische…, pp. 124-125. Հմմտ. K. Emiroğlu, Trabzon-Maçka Etimoloji sözlük, Ankara, 1989, s. 33.
[59] Տե´ս Ö. Öztürk, Karadeniz, Ansiklopedik Sözlük, c. I, İstanbul, 2005, s. 33-34.
[60] ՀԱճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 1, էջ 174-175։
[61] ԳՋահուկյան, Հայոց լեզվի պատմություն։ Նախագրային ժամանակաշրջան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1987, էջ 258։
[62] ՀԱճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 4, էջ 559։
[63] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1, ԵՊՀ հրատ., Երևան, 1986, էջ 241-243։
[64] ՍՎարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 275։
[65] Նույն տեղում, էջ 334։
[66] Ղ. Ինճիճեան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, էջ 396։
[67] ՀԱճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 1, էջ 390-391։
[68] ՀԱճառյանՀայերեն արմատական բառարան, հ. 2, ԵՊՀ հրատ., Երևան, 1973, էջ 483։
[69] Հայոց լեզվի բարբառային բառարան, հ. Գ, Երևան, 2004, էջ 12։
[70] Սովորաբար այն լինում էր թեք վայրում, որպեսզի տեղումների ժամանակ ջուրը չկուտակվի։Կաղինը փռում էին կալում, արևի տակ չորացնում, որից հետո կալվորները կաղնի հա­տիկ­ները անջատում էին կեղևից (Բ. Թոռլաքյան, նշվ. աշխ., էջ 132)։
[71] Ըստ Հ. Աճառյանի՝ Համշենի բարբառն ունի երեք հոգնակիակերտ ածանց՝ «-իր կամ -էր, -նիր կամ -նի և -ք» (տե՛ս ՀԱճառյան, Քննություն Համշենի բարբառի, էջ 79)։
[72] ՍՎարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 156-158։
[73] ԼՍահակյան, Բարձր Հայքի ԲաբերդՍպերԴերջան գավառների տեղանուններն ուժողովրդագրությունը XVI դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում, «Լուսակն» հրատ., Երևան, 2007, էջ 148։
[74] ԳՋահուկյան, Հայոց լեզվի պատմություն։ Նախագրային ժամանակաշրջան, էջ 415։
[75] ՍՎարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 353։
[76] ՀԱճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 2, էջ 130-131։
[77] ԲԹոռլաքյանՀամշենահայերի ազգագրությունըհայ ազգագրություն և բանահյուսություն, էջ 132-133։
[78] Հայոց լեզվի բարբառային բառարան, հ. Բ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2002, էջ 123։
[79] U. Bläsing, Armenisch-Türkisch Etimologische Betrachtungen ausgehend von Materialien aus dem Hemşingebiet, p. 126.
[80] ՀԱճառյանՔննություն Համշենի բարբառի, էջ 252։
[81] Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 383։
[82] Ղ. Ինճիճեան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, էջ 387։
[83] ՀԱճառյան, Քննություն Համշենի բարբառի, էջ 260։
[84] Ա. Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, ԵՊՀ հրատ., Երևան, 2003, էջ 263։
[85] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, ԵՊՀ հրատ, Երևան, 1988, էջ 664։
[86] Հայոց լեզվի բարբառային բառարան, հ. Բ, էջ 400-401։
[87] Լ. Սահակյան, Հայկական երգերը՝ բռնի կրոնափոխված համշենցիների ինքնության հիշողություն և դրսևորում, Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ, հ. V, էջ 259։
[88] ՀԱճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 3, ԵՊՀ հրատ., Երևան, 1977, էջ 166-177։
[89] ՍՎարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 334։
[90] İ. Karaca, Hemşin, Tarih, Dil, Gelenek ve Görenekler, s. 80.
[91] Ղ. Ալիշան, Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն, Վենետիկ-Ս. Ղազար, 1895, էջ 413։
[92] Հայոց լեզվի բարբառային բառարան, հ. Դ, Երևան, 2007, էջ 18։
[93] Ö. Öztürk, Karadeniz, Ansiklopedik Sözlük, c. II, İstanbul, 2005, s. 804.
[94] ՍՎարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 304։
[95] ՀԱճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 2, էջ 206։
[96] ՍՎարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 325։
[97] ՀԱճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 3, էջ 295։
[98] ՀԱճառյան, նույն տեղում։
[99] ԳՋահուկյան, Հայոց լեզվի պատմություն։ Նախագրային ժամանակաշրջան, էջ 414։
[100] S. Arıcı, Dambur Tarihi, Hemşin-purim etimolojik sözlüğü, s. 331.
[101] Նոր բառգիրք հայկազեան լեզուի, հ. 2, ԵՊՀ հրատ., Երևան, 1981, էջ 231։
[102] ՀԱճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 3, ԵՊՀ հրատ., Երևան, 1977, էջ 290։ Տե´ս նաև նույնի՝ Քննություն Համշենի բարբառի, էջ 244։
[103] ՀԱճառյան, Քննություն Համշենի բարբառի, էջ 244։
[104] ՀԱճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 4, ԵՊՀ հրատ., Երևան, 1979, էջ 155։
[105] ՀԱճառյան, Քննություն Համշենի բարբառի, էջ 252։
[106] ՍՎարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 315։
[107] ՀԱճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 4, էջ 238։
[108] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4, ԵՊՀ հրատ, Երևան, 1998, էջ 651։
[109] Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, թարգմ., ներածությունը և ծանոթագրությունները Ա. Աբրահամյանի, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1986, էջ 70։
[110] ՀԱճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 4, էջ 238։
[111] ՀԱճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 4, էջ 446-447։
[112] ՍՎարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 320։
[113] Ղ. Ալիշան, Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն, էջ 613։
[114] ՍՎարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 322։ Տե՛ս նաև՝ Ս. Վարդանյան,Բանահյուսական նոր գրառումներ Թուրքիայի Արդվինի նահանգում, «Ձայն համշենական» ամսաթերթ, 2011, թիվ 1-2։
[115] Սերենդերները 2-3 մ բարձրության, շուրջ 40 քմ, չորս կողմից բաց պատշգամբով շրջափակված փայտաշեն կառույցներ են։ Օդ խաղալու համար փոքրիկ պատուհանները ցանցկեն են, երբեմն հանդիպում են զարդանախշերով։ Այնտեղ պահում են եգիպտացորեն, կարտոֆիլ, լոբի, սոխ և այլն։ Մթերքը կենդանիներից ապահով պահելու համար, սերենդերի սանդուղքը շարժական է (տե´ս Վար­դան­յան Ս., Կրոնափոխհամշենահայերի բարբառը…, էջ 317)։ Բացի Ռիզեից՝ սերենդերները կառուց­վում են նաև Տրապիզոնի, Գյումուշխանեի, Էրզրումի, Օրդուի, Գիրեսունի (իմա՝ Կիրասուն), Զոնգուլ­դաքի շրջաններում։ Ունի նաևսերանդեր (Տրապիզոն), սելենդեր (Գյումուշխանե, Էրզրում), սերենդի (Օրդու, Գիրեսուն, Ռիզե) սերեն(Զոնգուլդաք), սարանդեր (Համշեն, Չամլըհեմշին) հնչարտա­սանական տարբերակները (Ö. Öztürk, Karadeniz,Ansiklopedik Sözlük, c. II, İstanbul, 2005, s. 1022։
[116] Ö. Öztürk, Karadeniz, Ansiklopedik Sözlük, c. II, s. 967.
[117] Ö. Öztürk, Karadeniz, Ansiklopedik Sözlük, c. I, s. 154.
[118] ՍՎարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 324։
[119] A. Genç, Çalışkan Kadınlar Ülkesi Hemşin, İstanbul, 2005, 2 basım, s. 143.
[120] Ղ. Ալիշան, Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն, էջ 628։
[121] Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 334
[122] A. Genç, Çalışkan Kadınlar Ülkesi Hemşin, s. 143.
[123] Ղ. Ալիշան, Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն, էջ 633։
[124] Ö. Öztürk, Karadeniz, Ansiklopedik Sözlük, c. II, s. 966, 967.
[125] ՍՎարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 322։
[126] Բ. Թոռլաքյան, Համշենահայերի ազգագրությունըէջ 130։
[127] Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, հ. 4, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1980, էջ 709։
[128] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, ԵՊՀ հրատ., Երևան, 2001, էջ 298-300։
[129] A. Genç, Çalışkan Kadınlar Ülkesi Hemşin, էջ 135։
[130] Ö. ÖztürkKaradeniz, Ansiklopedik Sözlük, c. 2, s. 626.
[131] Հովհաննես կաթողիկոս Դրասխանակերտցի, Հայոց պատմություն, աշխարհաբար թարգմանությունը և ծանոթագրությունները Գ. Թոսունյանի, ԵՊՀ հրատ., Երևան, 1996, էջ 334-335։
[132] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 314-315։
[133] Նույն տեղում, էջ 309-335։
[134] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1, ԵՊՀ հրատ., Երևան, 1986, էջ 843։
[135] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 471-475։ Լ. Սահակյան, Բարձր Հայքի Բաբերդ, Սպեր, Դերջան գավառների տեղանուններն ու ժողովրդագրությունը XVI դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում, էջ 210, ։
[136] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 475։
[137] Հ. Աճառյանը Համշենի բարբառի գավառական բառերի շարքում գրանցել է նաև կոկոշ [գոգոշ] բառը (տե՛ս ՀԱճառյան, Քննություն Համշենի բարբառի, էջ 261)։
[138] H. Aksu, Hemşinlilerin hastalıkları tedavi yöntemleri, “Bir Yaşam”, Karadeniz’in Yerel Tarih, Folklor, Biyo-grafi ve Coğrafya Dergisi, Sayı 12 Eylül-Ekim, Hopa, 2010, s. 35.
[139] А. Тулумджян, Хопа-хемшилы и баш-хемшилы: материалы экспедиции, «Ձայն համշենական», 2006, թիվ 1-2։ Տե՛ս նույնի՝ Земля и корни, “Анив”, журнал, Минск, 2005, N 3, с. 10.
[140] Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, հ. Զ, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1974, էջ 207։
[141] Ղ. Ինճիճեան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, էջ 397։
[142] Հայոց լեզվի բարբառային բառարան, հ. Դ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2007, էջ 372։
[143] Ö. Öztürk, Karadeniz, Ansiklopedik Sözlük, c. 1, s. 241.
[144] Ղ. Ինճիճեան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, էջ 396։
[145] Ö. Öztürk, Karadeniz, Ansiklopedik Sözlük, c. 2, s. 632.
[146] Յ. Տաշեան, Տայք, դրացիք եւ Խոտորջուր, պատմական-տեղագրական ուսումնասիրութիւն, հ. Բ, էջ 18-19։
[147] A. Taşpınar, Rize Tarihi, Rize, 2004, s. 124.
[148] Փազարի (Աթինա) գավառը Ռիզեի նահանգի վարչական միավորներից է։ Գավառի արևելքում Արտաշենն է, արևմուտքում՝ Չայելին (Մափավրի), հարավում Չամլըհեմշինի և Համշենի գավառներն են, իսկ հյուսիսում՝ Սև ծովը։ Գավառը նահանգային կենտրոն Ռիզեից գտնվում է 38 կմ հեռավորության վրա։ Ունի 315 քառ կմ. մակերես, 32.215 բնակիչ և 20 գյուղ։ Այստեղով հոսում է Համշեն գետը, պահպանվել են հնագույն շինությունների հետքեր (Öztürk Ö., նշվ. աշխ., c. 2, s. 940-941)։
[149] Ըստ Ղ. Ինճիճյանի՝ խաչաջուր տանձի տեսակը տարածված է եղել նաև Տրապիզոնում, «որ է հիւթեղ և մեծ, մինչև երից նաև երբեմն երկուց կշռել մի օխայ…» (Ղ. Ինճիճեան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, էջ 382)։
[150] Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 277։
[151] Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 1, էջ 59։
[152] Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 2, էջ 463։
[153] Հ. Աճառյան, նույն տեղում, էջ 464։
[154] Հ. Աճառյան, Քննություն Համշենի բարբառի, էջ 95-96։
[155] Տե՛ս Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, հ. 3, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1974, էջ 528։
[156] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4, ԵՊՀ հրատ., Երևան, 1998, էջ 882։
[157] Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 3, էջ 207-208։
[158] Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 319։
[159] A. Genç, Çalışkan Kadınlar Ülkesi Hemşin, 2 basım, s. 147.
[160] Ս. ՎարդանյանԲանահյուսական նոր գրառումներ Թուրքիայի Արդվինի նահանգում, Մանկական խաղերգեր, «Ձայն համշենական», 2011, թիվ 1-2։
[161] A. Genç, նույն տեղում, էջ 144։
[162] Կա տեսակետ, որ Արաքլը անունը ծագել է հունական Հերակլես հերոսի անունից (Ö. Öztürk, Karadeniz Ansiklopedik Sözlük, Heyamola Yayınevi, İstanbul, 2005, I c., s. 88)։ Սակայն կարծում ենք, որ տեղանվան հիմքում Առաքել իշխանի անունն է, որը մաքուր հայկական է և աղավաղվելով՝ դարձել է Արաքլը։ Դա է հաստատում նաև 15-րդ դարի իսպանացի ճանապարհորդ Ռուի Գոնսալես դե Կլավիխոյի մի հաղորդումը, ըստ որի՝ Սամարղանդ գնալու ճանապարհին նրա պատվիրակությունը մինչև Տրապիզոն հասնելը, անցել է Առաքելիերկրով։ Առաքելն այդ հողերի տերն էր, ու «թեև նրա բնակիչները քրիստոնյա հայեր էին, սակայն վատ մարդիկ էին և ավազակաբարո»։ Նրանք մինչև հարկ չէին վերցնում, թույլ չէին տալիս, որ իրենց հողերով պատվիրակներն անցնեն։ Այստեղից Կլավիխոն անցնում է Սյուրմենե, ապա՝ Տրապիզոն (Տե՛ս Руи Гонсалес де Клавихо, Дневник Путешествия в Самарканд ко двору Тимура (1403-1406), “Наука”, Москва, 1990, с. 160.)։
[163] Այն գտնվում է գավառի կենտրոնից 30-37 կմ, իսկ նահանգի կենտրոնից 60 կմ հեռավորության վրա։ Քարադերե (Սև գետ) գավառից մոտ 30 կմ հեռավորությամբ Քիզիրնոսի կամուրջն է, որից մինչև գյուղի կենտրոն 7 կմ է: Այսօր գյուղն ունի 2.185 խառը բնակիչ (Ö. Öztürk, Karadeniz Ansiklopedik Sözlük, II c., s. 680-681)։
[164] Saklı Ezgiler Kizirnos, Derleme, Collection, Mecit Çeliktaş, Proje Yönetmeni: Birol Topaloğlu, İstanbul, Temmuz, 2010, s. 10. H. Aksu, Kizirnos, Araklı’da bir Hemşin köyü, “Bir Yaşam”,Sayı 12, Eylül-Ekim, Hopa, 2010, s. Տե՛ս նաև Լ. Սահակյան, Քիզիրնոսի համշենցիները, «Ձայն համշենական», 2011, թիվ 1-2։
[165] “Saklı Ezgiler Kizirnos” («Քիզիրնոսի թաքնված երգեր», Ստամբուլ, 2010) խտասկավառակում ընդգրկված երգերի գրառող Մեջիթ Չելիքթաշն իր իմացած այս բառերից մոտավորապես 50-ի իմաստները հարցրել է հունարեն իմացող իր համագյուղացի ընկերոջը և պարզել, որ դրանք ոչ թե հունարեն են, այլ հայերեն (տե՛ս H. Aksu, Kizirnos, Araklı’da bir Hemşin köyü, s. 59, Լ. Սահակյան, Քիզիրնոսի համշենցիները, նույն տեղում)։
[166] H. Aksu, Kizirnos, Araklı’da bir Hemşin köyü։
[167] Լ. Սահակյան, Օսմանյան կայսրությունում համշենահայերի բռնի մահմեդականացման քաղաքականության հետևանքները, Թուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ, հ. IV, էջ 207-228։
[168] Հայոց լեզվի բարբառային բառարան, հ. Ա, էջ 368։
[169] Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 283։
[170] Նոր բառգիրք հայկազեան լեզուի, ԵՊՀ հրատ., Երևան, 1981, հ. 2, էջ 820։
[171] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4, էջ 804։
[172] Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…,, էջ 322։
[173] Saklı Ezgiler Kizirnos, s. 10։

«Թյուրքագի­տա­կան և օսմանագիտական հետազոտություններ»,հ. VII, Երևան, 2011, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ (հանձնված է տպագրության որոշ կրճատումներով

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: