Ալլա Տէր – Սարգսեանց
ՌԴ ԳԱ ազգագրութեան եւ հնագիտութեանինստիտուտ, պատմական գիտութիւնների դոկտոր
Այս յօդուածի հիմքում ընկած են համշէնահայութեանը վերաբերող դաշտային ազգագրական հետազօտութեան նիւթեր` հաւաքուած իմ կողմից 1980 թ. Աբխազիայի 10 գիւղերում, 1990-ական թուականներին` Ռուսաստանի Կրասնոդարի մարզի 7 գիւղերում1: Ընտանիքների մեծ մասը (մեծաւ մասամբ 19-րդ դարի երկրորդ կէսից Տրապիզոնի վիլայէթի գաղթականների սերունդներ) այդ ընթացքում բնակւում էր հետազօտուող նշուած գիւղերում. Աբխազիայում` Հայկական Աթարա (295 ընտանիք), Ալախաձի (337 ընտանիք), Բագաժաշտա (372 ընտանիք) եւ Լաբրա (417 ընտանիք), Կրասնոդարի մարզում` Լեռնային Լոո (281 ընտանիք) ու Հայկաձոր (381 ընտանիք): Փոքրաքանակ ընտանիքներ կային նաեւ Աբխազիայի Զեղանի (22) եւ Մեխադիր (31) գիւղերում, Կրասնոդարի մարզի Տերզիյեան (49), Սուկկօ (21) գիւղերում եւ Օազիս (9) խուտորում:
Հետազօտուող գիւղերում հայերի հետ կողք կողքի ապրում էին նաեւ ուրիշ ազգերի ներկայացուցիչներ` վրացիներ, աբխազներ, ռուսներ, ուկրաինացիներ, յոյներ:
Պահպանելով արեւմտահայերէնի համշէնի բարբառը` տեղի հայերի մեծամասնութիւնը, յատկապէս տղամարդիկ, ազատ տիրապետում էին ռուսերէնին, իսկ Աբխազիայում` նաեւ վրացերէնին3:
Համշէնահայ գիւղերում հիմնական զբաղմունքը երկրագործութիւնն էր (եգիպտացորեն, ցորեն) եւ անասնապահութիւնը: Բաւականին զարգացած էր նաեւ այգեգործութիւնը, խաղողագործութիւնը, գինեգործութիւնը, ինչպէս նաեւ կար ծխախոտի մշակման բարձր կուլտուրա, որը նրանք իրենց հետ բերել էին հայրենիքից: Ծխախոտագործութիւնը յատկապէս զարգացած էր աբխազահայութեան մէջ. այստեղ մայիսից հոկտեմբեր ծխախոտի 6 բերքահաւաք էր արւում, եւ իւրաքանչիւր բերքի չորացումը տեւում էր մինչեւ 15 օր: Ծխախոտի մեծ չորանոցներից բացի` տների կողքին նոյնպէս կային չորանոցներ, որոնք շատ յարմար էին բնակիչների, մանաւանդ կանանց համար, որոնք մեծ մասամբ ներգրաւուած էին ծխախոտի գործի մէջ. նրանք կարող էին համատեղել տան գործերն ու երեխաների խնամքը ծխախոտի չորացման գործի հետ, քանի որ ծխախոտը պէտք էր ժամանակ առ ժամանակ շուռումուռ տալ: Դրանից բացի` շատ ընտանիքներ իրենց տներին կից վաճառքի հանուելիք վաղահաս բանջարեղէնի եւ ծաղիկների ջերմոցներ էին կառուցել:
Աբխազահայերը բաւականին լաւ եկամուտ ունէին նաեւ իրենց հողամասում աճեցրած մանդարինից. տարեկան միջինը 3-4 տոննա բերք յանձնում էին պետութեանը: Շատ գիւղացիներ, կոլտնտեսութիւնում աշխատելուց բացի, աշխատում էին նաեւ մօտակայ քաղաքներում կամ հանգստավայրերում` որպէս սպասարկող անձնակազմ:
Իմ այցելած գիւղերը բաւականին բարգաւաճ էին. ունէին դպրոց, հիւանդանոց, ակումբ, մանկապարտէզ, խանութ, ճաշարան եւ կենցաղասպասարկման այլ ծառայութիւններ:
Գիւղերի մեծ մասում տները շարուած են մեծ փողոցի երկայնքով: Աբխազիայում եւ Կրասնոդարի մարզի Ադլերի շրջանում դրանք ընդարձակ, երկյարկանի, պատշգամբներով շէնքեր էին` կղմինդրով կամ թիթեղապատ քառակողմ տանիքներով, 4 կամ աւելի սենեակներով, այդ թւում` մեծ սրահ, ճաշասենեակ եւ ննջարաններ:
Ներքեւի յարկում են գտնւում խոհանոցը, լողասենեակը, տնտեսական սենեակը: Կրասնոդարի մարզի Անապայի շրջանում տները հիմնականում մի յարկանի են, 2 կամ քառակողմ կղմինդրապատ տանիքներով:
Բոլոր տներում կար գազ, հեռախօս, ջուր եւ ջեռուցում:
Սենեակները կահաւորուած էին քաղաքային կահոյքով, գործարանային գորգերով, բազմազան կենցաղային տեխնիկայով:
Համշէնահայերի աւանդական տարազին արդէն վաղուց ամբողջութեամբ փոխարինում էր, անգամ ծէրերի մօտ, քաղաքային հագուստը4:
Միայն աւագ սերնդի կանայք ամռանը գուլպաներ էին հագնում եւ համեստ երանգներով շրջազգեստներ: Այդուհանդերձ պահպանուել էր աւանդական խոհանոցը. օրինակ` խաշլամա, խորոված, խաշ, դոլմա, կուչմազ, չամիչով եւ հաւով փլավ, ղավուրմա, լոբի, խավիծ, գաթա, հալվա:
Պահպանուել էր մեծ քանակութեամբ բանջարեղէն, մրգեր, թարմ եւ չորացած կանաչեղէն օգտագործելու սովորոյթը: Համշէնահայերի կերակրի առանձնայատկութիւններից էր իւղով ու պանրով պատրաստուած թանձրմամալիգան, (աբխազիայում այն կոչում էին պաստա, որ գալիս է աբխազերէն աբիստա բառից, Անապայի շրջանում այն կոչւում է լանթագ):
Իւրայատուկ էր նաեւ թուրշին, (սխտորով, կանաչիով եւ պղպեղով կանաչ լոբի): Բնութագրական էին նաեւ տարբեր տիպի կարկանդակները, որ թխում էին Ամանորին եօթը տեսակ միջուկով` կաթնաշոռ, լոբի, դդում, ոլոռ, չիր, սոխ, ձու: Աւագ սերնդի տրապիզոնցիները յիշում են նաեւ տեղական ձկնատեսակով (խամսա) պատրաստուող կարկանդակները:
Աւանդական կաթնամթերքները (մածուն, տնական պանիր` թթուասերից, փայտէ խնոցու մէջ հարած կարագ) այն ժամանակ պատրաստում էին շատ քիչ ընտանիքներում: Դրանք փոխարինւում են խանութներից գնուածներով: Հացը նոյնպէս գնում էին խանութից, իսկ առաջ այն թխել են տանը` եգիպտացորենի ալիւրից, յատուկ պղնձէ կամ երկաթէ սաջի վրայ, որը կախել են օջախի վրայ: Այդպէս թխուած հացը անուանում էինլազդի հաց: Միայն հազուադէպ` հիմնականում տօներին, սաջի վրայ թխում էին բարակ ցորենի հաց, որը թխում էին բարձր վառարանում, փռում կամ ռուսական վառարանի վրայ: Ռուսներից եւ ուկրաինացիներից համշէնահայերը փոխ են առել նաեւ շչի, բորշ, կոտլետներ, վրացիներից` սացիվի (հաւը` ընկուզով սոուսի մէջ), ուտեստ խոճկորից: Սիրուած ըմպելիքը սեւ թէյն էր: Հետազօտուող համշէնահայ ընտանիքներից շատերը երկսերունդ էին` ծնողները չամուսնացած զաւակների հետ` 4-5 անդամներով: Նոյն ժամանակ գիւղերում, որտեղ քիչ ընտանիքներ կային, արձանագրուել են մէկ եւ 2-3 անձից բաղկացած ընտանիքներ, օրինակ` Աբխազիայի Վաշլիվանի գիւղում` համապատասխանաբար 18 եւ 26.3%, Մեխադիրում` 26.3% եւ 52.6%, Կրասնոդարի մարզի Սուչկօ գիւղում 2-3 անձից բաղկացած ընտանիքների թիւը կազմում էր 61.9%, Թերզիայում` 65.3%, Օազիս խուտորում` 88.9%: Բարդ, եռասերունդ ընտանիքներ, որտեղ կան մէկ կամ զոյգ ծնողներ եւ նրանց ամուսնացած որդին` երեխայի հետ, Աբխազիայի Զեջանի գիւղում 9.1% էր, Լաբրա գիւղում` 27.1%: Կրասնոդարի մարզում` 4.7%-ից (գիւղ Սուկօ) մինչեւ 43.4% (գիւղ Լեռնային Լոո): Ընտանիքի կառուցուածքային կազմը պայմանաւորուած է երեխաների քանակով: Աբխազիայի 10 գիւղերից 6-ում ընտանիքների մեծ մասը ունէր մէկական երեխայ` մինչեւ 16 տարեկան (23.2% Կլդիանի գիւղում, 31.1% Լեչկոպ գիւղում), Լաբրա եւ Վաշլիվանի գիւղերում` երկուական, Պշապի եւ Մեխադիր գիւղերում 1 եւ 2 երեխաներ ունեցող ընտանիքների յարաբերակցութիւնը 19.3% եւ 9.7% է: Կրասնոդարի մարզի գիւղերում ընտանիքների 26.8%-ը մէկական երեխայ ունէր, (Դեֆանովկա` 11.8% եւ Լեռնային Լոո` 32.7%), 28.9%-ը ունէր 2 երեխայ (18.45% գիւղ Թերզիյեան, 33.8% գիւղ Լեռնային Լոո), 11.0%-ը ունէր 3 եւ աւելի երեխայ (6.5%` Վերին Լոո, մինչեւ 15.3%` Դեֆանովկա): Շատ ընտանիքներ այդ տարիքի երեխաներ չունէին. Աբխազիայում 31.8%` գիւղ Լեչկոպ, 67.7%` գիւղ Մեխադիր, Կրասնոդարի մարզում` 32.0%-ից (գիւղ Հայկաձոր) մինչեւ 77.8% (Օազիս խուտոր): Համշէնահայերին, ինչպէս եւ բոլոր հայերին, յատուկ էր ընտանիքի գլխաւորի գործօնը, այսինքն` ընտանիքների մեծ մասը գլխաւորում է տղամարդը: Աբխազիայում այդպիսի ընտանիքները կազմում էին 65.3%: Կրասնոդարի մարզում` 60.4%: Միաժամանակ գրանցուել են ընտանիքներ, որոնցում, չնայած աւանդոյթին, հօր օրօք ընտանիքի գլուխ էր անցել ամուսնացած որդին կամ փեսան, կամ սկեսուրի օրօք` հարսը, մօր օրօք` դուստրը եւ ամուսնու օրօք` կինը: Այդպիսի ընտանիքներ յատկապէս շատ կային Կրասնոդարի մարզի գիւղերում` 15.4% (13.7%` գիւղ Հայկաձոր եւ 24.4%` գիւղ Թերզիյեան):
Սերունդների յարաբերութիւններում գիւղական համշէնահայերի մօտ պահպանուել էր աւագների նկատմամբ խորը յարգանք, նրանց կենսափորձի եւ աշխատանքային վաստակի ճանաչում, թէեւ ոչ այնչափ, որչափ նախկինում, սակայն այլեւս չէր նկատւում տնային պարտականութիւնների խիստ աւանդական բաժանումը սկեսրոջ եւ հարսի միջեւ: Նախկինում մեծ դեր ունեցող հարսնութեան սովորոյթը (հայսնութին) հիմնականում պահպանուել էր միայն աւագ սերնդի յիշողութեան մէջ, մինչդեռ երիտասարդներից շատերը այդ մասին անգամ չէին էլ լսել: Համշէնահայերի ամուսնական յարաբերութիւններում խստօրէն պահպանուել էր էկզոգամիայի աւանդոյթը, որն արգելում է մինչեւ հինգերորդ կամ եօթներորդ պորտի ազգականների ամուսնութիւնը: Միեւնոյն ժամանակ ամուսնութիւնների շրջանակը ընդլայնուած էր սոցիալապէս անհաւասար ամուսնութիւնների` քաղաքի եւ գիւղի երիտասարդութեան, տարբեր շրջաններում ապրող հայերի միջեւ ամուսնութիւնների շնորհիւ: Սա, ինչպէս յայտնի է, նախկինում չէր խրախուսւում: Օրինակ` Լազարեւսկի եւ Ադլերի շրջանների պատանիների խօսքով` նրանք գերադասում էին ամուսնանալ Աբխազիայում բնակուող հայուհիների հետ, որովհետեւ նրանք ՙառաւել համեստ՚ են:
Թէեւ այս ընտանիքների մեծամասնութիւնը էթնիկ առումով համասեռ էր, դրանցում կար խառն ամուսնութիւնների որոշ տոկոս, որը բացատրւում էր գիւղերի էթնիկական կազմով: Օրինակ` Հայկաձոր գիւղում 1991 թ. տուեալների համաձայն 2672 բնակիչներից 1813-ը (67.9%) հայեր էին, 741-ը` ռուս (27.7%), 39 ուկրաինացի (1.5%), 26 յոյն (0.9%), մնացածը` մօտ 11 ազգութեան 53 մարդ (2%): Համապատասխանաբար 1992-ին այդ գիւղի 473 ամուսնական զոյգերից 81.8%-ը միեւնոյն ազգից էին, այդ թւում 424-ը հայեր էին, 177-ը` ռուսներ: 135 խառն ամուսնական զոյգերից 106-ում մէկը հայ էր, այդ թւում` 69 դէպքերում դա տղամարդն էր, իսկ կինը` ռուս (57), կամ այլ ազգութեան (12), 37 դէպքում կինը հայ էր, իսկ տղամարդը` ռուս (32), կամ այլ ազգի (5), Աբխազիայի Ալախաձի գիւղում, որտեղ 1980 թ. եղել է խառն ամուսնութիւնների ամենաշատ քանակը, որոնցում զոյգերից մէկը հայ էր, հայ-ռուսական ընտանիքները 22-ն էին, ռուս-հայկականները` 11, հայ-վրացականները` 3, վրացահայկականները` 7, եւ երկուական հայ-ուկրաինական եւ հայ-յունական ընտանիք կար5:
Բաւականաչափ շատ աւանդոյթներ էին պահպանուել համշէնահայերի ընտանեկան արարողութիւնների ոլորտում: Օրինակ` հարսանիքն ունէր իր հիմնական փուլերը. նախնական, երբ ընտրում էին հարսնացուին, խնամախօսում (աղչիկ ուզուշ, խօսք դըվուշ, խնամութին) եւ պայմանաւորւում նշանդրէքի (նշանտրեկ, նշան դալ), հարսանիքի եւ ետհարսանեկան արարողութիւնների շուրջ: Սակայն այս փուլերից իւրաքանչիւրը, բացի աւանդականից, նոր գծեր էր պարունակում: Օրինակ` տղայի ազգականների կողմից հարսնացուի ընտրութեան աւանդոյթին կից շատ էին այնպիսի դէպքերը, երբ երիտասարդները իրենք էին ծանօթանում, որոշում ամուսնանալ` չմոռանալով, իհարկէ, նախապէս տեղեկացնել ծնողներին` առաջին հերթին մօրը, քանի որ ծնողների կարծիքը շարունակում էր կարեւոր դեր խաղալ այդ ընտրութեան հարցում: Աղջկայ տուն խնամախօսութեան գնալու ժամանակ (սովորաբար` տղայի հայրը 2-3 ազգականի հետ, եղբայրները, իսկ վերջերս` նաեւ հենց ինքը` տղան եւ իր մայրը), պահպանուել է այն սովորոյթը, որի համաձայն աղջկայ ծնողները, անգամ նախապէս իմանալով խնամախօսների գալու մասին, ձեւացնում էին, թէ այդ մասին ոչինչ չգիտեն եւ չեն էլ մտածել ամուսնացնել իրենց աղջկան: Աղջիկը խնամախօսների աչքին չպէտք է երեւար: Աւանդոյթը պահանջում էր առաջին անգամից խօսք չտալ, խնամախօսների երրորդ այցելութեանը միայն հարսի տանը սեղան էին բացում, իսկ հարսնացուն, ի նշան համաձայնութեան, փեսացուի հօրը մեծ սկուտեղի վրայ ասեղնագործ ծաղիկներով եւ աքաղաղով սրբիչ էր մատուցում, որի համար վերջինս պէտք է վճարէր:
Այս երեւոյթի անուան հետ կապուած` համշէնահայերի մէջ ամուսնական փոխհամաձայնութիւնը կոչւում էրեաղլուղ դըվուշ (բառացիօրէն` թաշկինակ տալ):
Խօսքկապի ժամանակ տղայի կողմը հարսնացուին էր նուիրում որեւէ ոսկեա զարդ: Հենց այդ ժամանակ էլ որոշում էին նշանդրէքի եւ հարսանիքի օրը: Նշանդրէքը սովորաբար անում էին խօսքկապից 15 օր յետոյ: Փեսան ծնողների, կնքահօր եւ ազգականների հետ գալիս էր հարսի տուն, որոշ ժամանակ անց հիւրերը սեղան էին նստում: Քաւորկինը դուրս էր բերում հարսնացուին մէկ այլ սենեակից եւ նստեցնում էր փեսայի եւ հարսնաքրոջ միջեւ: Այնուհետեւ փեսան ոսկեղէն է նուիրում հարսնացուին, սովորաբար` մատանի, իսկ հարսնացուն նրան նուիրում էր վերնաշապիկ կամ իր ասեղնագործած թաշկինակը: Հանդիսութեանը ուտում, երգում եւ պարում են: Նշանդրէքից 2-3 ամիս անց հարսանիք են անում: Սովորաբար այն սկսւում էր ուրբաթ-լոյս շաբաթ գիշերը, երբ փեսայի տանից հարսի տուն էր գնում, այսպէս կոչուած, ՙաղուէսը՚` փեսայի միջին կամ աւագ տարիքի 3-4 ընկերներ: Նրանք կատակով հաւանոցից հաւ էին գողանում: Այնուհետեւ նրանց պէտք էր բռնել եւ ձեւացնել, թէ պատժում են, բայց երբ վերջիններս յայտնում էին, թէ լուր են բերել հարսանիքը սկսելու մասին եւ հաստատում էին փեսայի ամուսնանալու մտադրութիւնը, նրանց բաց էին թողնում:
Աբխազիայի գիւղերում պատմում էին, որ նախկինում, երբ տանը օջախ կար, հարսի կողմի ջահելները ՙաղուէսին՚ կատակով մրոտում էին, սպառնում էին կախել օջախի վրայ, եթէ վերջիններս փորձէին քնել: ՙԱղուէսները՚ (գնաջի) փեսայի տուն էին վերադառնում շաբաթ առաւօտեան: Հարսի կողմից փեսային ուղարկում էին շապիկներ, թաշկինակներ, սրբիչներ, որոնք փեսան եւ իր ընկերները պէտք է հարսանիքին հագնէին: Գողացած հաւը տալիս էին փեսայի մօրը, որի համար վերջինս ասեղնագործ եաղլուղներ (թաշկինակներ) էր նուիրում:
Նշենք, որ հարսանիքի ՙաղուէսը՚ յատուկ է նաեւ հայերի այլ խմբերի մօտ, բայց համշէնցիների մօտ այն առաւել հին ձեւով էր պահպանուել:
Հարսանեկան արարողութիւնների թուին է պատկանում հարսանիքի առաւօտեան ամուսնացողներից իւրաքանչիւրին իր տանը լողացնելը: Լիովին պահպանուել են այն գործողութիւնները, որոնք կապուած են փեսային լողացնելու եւ սափրուելու հետ, որն ուղեկցւում է երգերով: Հագնուելուց յետոյ փեսան, նրա հայրը, կնքահայրն իր կնոջ հետ, մօտիկ ազգականներն ու փեսայի ընկերները, վերցնելով սկուտեղով հարսի հագուստը, երաժիշտների ուղեկցութեամբ գնում են հարսի յետեւից: Հարսի տանը նրա բարեկամները աշխատում են որքան հնարաւոր է արագ վերցնել հագուստներով սկուտեղը, բայց փեսայի կողմը այն չի տալիս, մինչեւ նուէր չի ստանում: Հարսին հագցնելու ծէսը իրականացւում է նրա ընկերուհիների ներկայութեամբ, երաժշտութեան եւ կատակների ուղեկցութեամբ: Երբեմն քողը, հարսանեկան զգեստը եւ աջ կօշիկը հագցնում են երեք անգամ: Պահպանուել է նաեւ այսպիսի մի աւանդոյթ. հարսին հագցնելուց առաջ քողը փորձում են նրա անպսակ ընկերուհիները, որպէսզի իրենք էլ շուտ ամուսնանան: Հարսի գօտին կապում է նրա եղբայրը` կրկնելով դա երեք անգամ, եւ ի պատասխան` հարսից ստանում է թաշկինակ: Հարսնեղբօրից հարսին ստանալու համար վճարում է կնքահայրը կամ փեսայի հայրը: Այնուհետեւ հարսի հայրը բռնում է հարսի ձեռքը, անում երեք քայլ եւ աղջկան փող տալիս, որը նա թաքցնում է իր ձախ կօշիկի մէջ, ապա հարսի հայրը մաղթանքներով իր աղջկան յանձնում է փեսայի հօրը: Վերջինս իր հերթին փող է տալիս հարսին, որը նա այս անգամ դնում է աջ կօշիկի մէջ, ապա հարսին փոխանցում է իր որդուն:
Ճաշկերոյթից յետոյ սկսւում է հայրական տանը հրաժեշտ տալու ծէսը: Հարսը շուրջպար է մտնում հարսանքաւորների հետ, իսկ հարսի մայրը փեսայի հօր կրծքին կապում է խաչաձեւ երկու թաշկինակ: Երբեմն այդպէս են անում նաեւ փեսայի եղբայրներին եւ կնքահօրը: Այնուհետեւ հարսնքաւորները դուրս են գալիս հարսի տնից, դարպասների մօտ փեսայի հայրը հարսի վրայ շաղ է տալիս մանր դրամներ, որոնք հարսնաքոյրը պէտք է հասցնի քողով որսալ: Հարսի մայրը դստեր ետեւից ջուր է լցնում` ի նշան յաջողութեան:
Փեսայի տան առջեւ նորապսակներին հանդիսաւոր դիմաւորում են փեսայի ծնողները, մայրը հարսի ուսերին շորացու կտոր է գցում (Աբխազիայում դրա փոխարէն ոսկեղէն են նուիրում), իսկ փեսայի ուսերին` թաշկինակ: Փեսայի հայրը նորապսակների գլխին կոնֆետ, ցորեն, բրինձ եւ մանր դրամներ է շաղ տալիս: Հարսի եղբայրը աքաղաղ է պահանջում, որը նախապէս ջահելների շուրջը երեք անգամ պտտելուց յետոյ զոհաբերում է տան շեմին` նրա արիւնով ներկելով դուռը, նորապսակների ճակատն ու ծնօտը եւ հարսի աջ կօշիկին խաչ է անում: Ինչպէս բոլոր հայերը, այստեղ էլ նորապսակների ոտքի տակ են դնում երկու ափսէ, որը պէտք է կոտրեն մի հարուածով. առաջինը` փեսան, որ տանտէրը լինի: Տուն մտնելիս հարսի գիրկը փոքրիկ տղայ են տալիս` մաղթելով նրան առջնեկ-որդի: Հարսին տանում են մի առանձին սենեակ, որտեղ նա հանգստանում է հարսնաքրոջ հետ եւ ուտում ծիսական ձուածեղը: Այնուհետեւ հարսին տանում են խնջոյքի սեղանների մօտ եւ սկսում են ճաշկերոյթն ու կենացները: Հարսը նստում է փեսայի ձախ կողքը, ապա նստում են հարսնաքոյրն ու հարսնեղբայրը: Փեսայի աջ կողքը նստում է կնքահայրը: Մեծ սեղանի մօտ հարսն այլեւս չի ուտում: Մերթ ընդ մերթ ճաշկերոյթը ընդհատում են ժողովրդական գործիքների նուագով ու շուրջպարով: Փեսայի կողմից հարսը ոսկեղէն է ստանում, իսկ միւս հիւրերից` կտորեղէն, ամանեղէն, աւելի յաճախ` դրամ:
Փեսայի տանն առաջին գիշերը հարսն անցկացնում է հարսնաքրոջ հետ, իսկ երկրորդ գիշերն ամուսնական է: Թէեւ աւանդոյթի համաձայն սկեսուրն ինքը պէտք է յաջորդ առաւօտեան նորապսակների անկողինը յարդարի, որպէսզի տեսնի հարսի անմեղութիւնը եւ դրա համար նրան մատանի նուիրի, վերջին շրջանում այդ աւանդոյթը այնքան էլ չի հրապարակւում, ինչպէս նախկինում:
Հարսանիքի յաջորդ օրը հարսը հօր տնից բերած նուէրները բաժանում է ամուսնու հարազատներին, իսկ երեկոյեան, համաձայն աւանադութեան, պէտք է հարսը լուանայ սկեսրոջ եւ բոլոր տղամարդկանց ոտքերը` սկսած սկեսրայրից: Դրա դիմաց նրան նուէրներ են տալիս:
Համշէնցիները պահպանել են նաեւ հայկական այն աւանդոյթը, որի համաձայն հարսանիքից մէկ շաբաթ անց հրաւիրում են հարսի մօրը, որ իր հետ բերի աղջկայ ամէնօրեայ զգեստները: Այս այցելութիւնը կոչւում էմերահիւր: Այցելութիւնից յետոյ, որի ժամանակ երբեմն բերում են հարսի օժիտը` ջհեզ, ջահելները, կնքահօր եւ ազգականների հետ նուէրներ առած, գնում են հարսի ծնողների տուն: Մինչեւ երեկոյ կերուխումից յետոյ հիւրերը գնում են: Դրանից մէկ շաբաթ անց հարսի եղբայրն է այցելում փեսայի տուն, գալիս են նաեւ այլ հիւրեր: Գիշերելով փեսայի տանը` նա յաջորդ առաւօտեան ջահել նորապսակների հետ (նախկինում` միայն քրոջ հետ), վերադառնում է տուն: Մէկ-երկու շաբաթ հարսը հօր տանը մնում է հիւր, իսկ փեսան վերադառնում է իր տուն:
Ժամկէտը լրանալուց յետոյ փեսան գալիս է կնոջը տուն տանելու: Այս այցելութիւնները համշէնցիները անուանում են հերունց, օգտագործում են նաեւ թուրքական բառի աղաւաղուած տարբերակը` գիւրուշմա կամգերիշմա (հանդիպում):
1980-90 թթ. համշէնահայերի մօտ, ինչպէս նաեւ ամբողջ Կովկասում, միտում կար հարսանեկան արարողութիւնները առաւել ճոխացնելու, բազմամարդ դարձնելու եւ էլ աւելի թանկարժէք նուէրներ, հարուստ օժիտ պատրաստելու: Օժիտը հիմնականում բաղկացած է 2 ձեռք անկողնուց` 2 ներքնակ, 4 բարձ, 2 վերմակ եւ մի դիւժին սպիտակեղէն, հագուստ, ննջասենեակի կահոյք եւ այլ կենցաղային իրեր: Հետաքրքիր է, որ հայկական Աթարա գիւղում օժիտ էին տալիս նաեւ ընտանի կենդանիներ, օրինակ` կով:
Թէեւ յուղարկաւորութեան արարողութիւնը համշէնահայերի մօտ նոյնպէս աւանդական է, այստեղ եւս նորամուծութիւններ կան:
Բացում էին տան դռներն ու լուսամուտները, որտեղ գտնւում է հանգուցեալը, որպէսզի չխանգարեն հանգուցեալի հոգու` մարմնից դուրս գալուն: Հանգուցեալին սառը ջրով լողացնում են եւ հագցնում ընտիր հագուստ: Եթէ հագուստը նոր է, ապա այն լուանում ու արդուկում են, այնուհետեւ հանգուցեալին փաթաթում են սպիտակ մետաքսէ պատանով: Համշէնցիները դագաղով թաղումներ սկսեցին անել 20-րդ դարի 30-40-ական թուականներից սկսած: Սկզբում դրանք ինքնաշէն էին, մօտ 60-ական թուականներին սկսեցին այն պատուիրել: Այդ է պատճառը, որ նրանք համապատասխան բառ չունէին եւ օգտագործում էին ящик (արկղ) բառը:
Թուրքիայից գաղթելուց յետոյ համշէնցիների թաղման արարողութիւնները մէկ-երկու օրից դարձան 3 օր, ինչպէս անում է հայերի մեծամասնութիւնը: Աբխազիայում եւ Ադլերի շրջանում ապրող համշէնցիները հարեւան աբխազներից եւ մենգրելներից փոխ են առել հանգուցեալին 7-8, երբեմն անգամ 10 օր տանը պահելու սովորոյթը: Այսպիսով նրանք արտայայտում են յատուկ յարգանք հանգուցեալի նկատմամբ: Դագաղը տնից հանելիս այն 3 անգամ բարձրացնում եւ իջեցնում են, ապա հարուածում փակ դռանը եւ նոր միայն, ոտքերը դէպի առաջ, հանում դուրս:
Պահպանուել է հանգուցեալի տուն մէկական սրբիչ բերելու աւանդոյթը: 60-ական թուականների կէսից սկսեցին փող եւ մթերք տալ հանգուցեալի ընտանիքին` որպէս օգնութեան: Այդ սրբիչները կապում էին թաղման մասնակիցների թեւերին, պսակներին, բաժանում գերեզմանափոսը փորողներին եւ հանգուցեալի բարեկամներին: Դրանք չէր կարելի թողնել տանը, քանի որ այն պատկանում էր հանգուցեալին: Թաղումից յետոյ հանգուցեալի մահճակալի տակ քար են դնում, իսկ գիշերը այն փոխարինում են մի բաժակ ջրով եւ գդալով: Առաջին յիշատակութիւնը համշէնահայերը թաղման օրն են նշում, բայց, ի տարբերութիւն միւս հայերի, նախքան թաղումը:
Եթէ մինչեւ 60-ական թուականները ինքնահողի սեղանին դնում էին մսով սոուս, չամիչով փլավ, եւ չէին լինում ըմպելիքներ, ապա 80-ական թուականներին աբխազների եւ վրացիների ազդեցութեան տակ մսից կերակուրներ չեն տալիս, այլ մատուցում են լոբի, պանիր, զէյթուն, բանջարեղէն, մրգեր, քաղցրաւենիք եւ գինի:
Անապայի շրջանում մատուցում են հաւի արգանակով տնական էրշտա, բորշ, լուլա-քեաբաբ, տոլմա, ձուկ, խաշած հաւեր, կարկանդակներ` բացառութեամբ խոզի մսով ուտեստների: Յիշատակի այդ արարողութիւններին հաւաքւում են բազմաթիւ մարդիկ (յատկապէս Աբխազիայում հազար եւ աւելի), որոնք սեղան են նստում հերթով` 6 եւ աւելի անգամ:
Թաղումից յետոյ հանգուցեալի տանը հաւաքւում են միայն հարազատները: Թաղման յաջորդ օրը մերձաւորները, վերցնելով խմիչք եւ ուտելիք, գնում են գերեզմանատուն, որտեղ հոգեհանգստի բաժակ են խմում եւ մնացած ուտելիքները թողնում գերեզմանաթմբի մօտ: Աբխազահայերի մօտ դա նոր արարողութիւն է` փոխ առնուած Հայաստանից:
Անապայի շրջանի գիւղերում գերեզմանատուն գնում են 3 օր անընդմէջ եւ այդ 3 օրը շարունակ մոմեր են վառում տանը: Ինչպէս եւ բոլոր հայերը, համշէնցիները նշում են յիշատակութեան 7-րդ, 40-րդ օրը եւ տարին: Յատկապէս հանդիսաւոր են նշում, երբ սգից հանում են կանանց, որոնք դադարում են սեւ հագնել, ու տղամարդկանց, որոնք սկսում են սափրուել: Ներկաներին բաժանում են հանգուցեալի տանը մնացած թաշկինակներն ու սրբիչները: Աբխազիայում պահպանուել է 7-ին եւ քառասունքին մեռելատուն մթերք բերելու աւանդոյթը: Սակայն եթէ նախկինում ալիւր ու շաքար էին բերում, ապա այժմ բերում են օղի, հաւ, քաղցրեղէն, թխուածք: Մէկ տարի յետոյ գերեզմանին հանգուցեալի լուսանկարով յուշարձան են դնում: Գերեզմանատուն ընդունուած է այցելել զատկի յաջորդ օրը` տանելով ուտելիք ու խմիչք: Գերեզմանի վրայ թողնում են ձու, քաղցրեղէն, միրգ, ծաղիկներ, քիչ յետոյ մօտերքում սեղան են նստում: Գերեզմանատներում ծածկի տակ սեղաններ սկսեցին կառուցել 60-ական թուականներին: Աբխազահայերը տեղացիներից փոխ են առել հանգուցեալի նկարը` անունով, ծննդեան եւ մահուան տարեթուերով, մէկ տարի շարունակ տան ճակատին կախելու սովորոյթը: Այս սովորոյթը 70-ական թուականներից սկսած աբխազահայերն իրենց հետ տարան Ադլերի շրջան: Համշէնահայերը շարունակում են աւանդաբար նշել որոշ տօներ` Ծնունդ, Զատիկ, Վարդավառ եւ այլն: Ամէնից կարեւորը Նոր Տարին է, պարտադիր է, որ ամէն ոք Նոր տարուայ ժամին իր տանը լինի: Առաւօտեան շնորհաւորելու է գալիս որեւէ երեխայ կամ աղջիկ` ի նշան մաքրութեան, բարութեան եւ ՙթեթեւ ոտքի՚: Այս մասին նախապէս պայմանաւորւում են:
Նոր տարուայ գիշերը զարդարուած երիտասարդները` մրոտած երեսներով կամ դիմակներով, պարկերը ձեռքերին` դռնէդուռ են անցնում, պարկերը դռան կիսաբաց արանքից ներս խցկում, իսկ տանտէրները, փոխադարձ կատակներից յետոյ, դրանք լցնում են մրգով եւ քաղցրեղէնով: Երբեմն Նոր տարին դիմաւորում են հրացանային կրակոցներով:
Յունուարի 1-ի առաւօտեան սեղանին պէտք է 7-ից ոչ պակաս ճաշատեսակ լինի: Պարտադիր սեղանին պէտք է լինի խաշած դդում` բաժանուած ընտանիքի անդամների թուով կտորների, որոնցից մէկում պէտք է յաջողութեան մետաղադրամ լինի: Նոր Տարուայ օրը աշխատում են իրար չնեղացնել, բարձր չխօսել, որ տարին խաղաղ անցնի:
Ամանորեայ շնորհաւորանքներով մինչեւ Յունուարի կէսը այցելում են միմեանց: Իրար նուէրներ չեն տալիս. միայն ընդունուած է, ինչպէս, օրինակ, Աբխազիայում, շնորհաւորանքի հետ մատուցել խաշած եգիպտացորենի, ցորենի մի քանի հատիկ կամ մանրադրամ` որպէս բարեբերութեան ու յաջողութեան մաղթանքի նշան:
Համշէնահայերը պահպանել են հայութեան մէջ լայնօրէն տարածուած զոհաբերութեան հեթանոսական ծէսը (մադաղ). որեւէ սուրբ վայրում զոհաբերում են աքլոր կամ գառ, այնուհետեւ միսը առանց աղի խաշում են տանը եւ բաժանում հարեւաններին (ընդունուած է բաժանել եօթը ընտանիքի):
Միւս հին ծէսը, որ կապուած է անձրեւ բերելու հետ, պահպանուել է միայն աւագ սերնդի յիշողութեան մէջ: Դրա էութիւնը հետեւեալն է. երիտասարդ աղջիկները` սովորաբար 15 տարեկան, գունաւոր կտորներով զարդարում էին փայտի մի կտոր եւ սարքում տիկնիկ (Կուշկուկուրակ): Այդ տիկնիկով շրջում էին գիւղում եւ այն հարցին. ՙԻ՞նչ ես ուզում, Կուշկուկուրակ՚, պատասխանում էին. ՙՈւզում ենք, որ անձրեւ գայ: Մեզ տուէք իւղ, հաց եւ ձու՚: Այնուհետեւ հողը ցօղում էին ջրով` խորհրդանշելով անձրեւի գալը:
Այսպիսով` համշէնահայերի համախումբ կեցութիւնը (թէեւ նրանք ներսում բաժանւում են տրապիզոնցիների, օրդուցիների եւ ջանիկցիների` ըստ այն բնակավայրերի անունների, որտեղից իրենք եկել են), ինչպէս նաեւ շարունակուող մեկուսացումը հիմնական էթնիկ միջուկից` Հայաստանի հայերից, մեծապէս նպաստել են նրանց էթնոմշակութային իւրայատկութեան պահպանութեանը` որպէս հայկական էթնոսի սուբէթնիկական խմբերից մէկը: Միաժամանակ թէեւ նրանց հոգեւոր եւ նիւթական մշակոյթը հետազօտութեան շրջանում մեծ միասնութիւն ունէր համահայկական մշակոյթի հետ, սակայն նրանում նկատւում էին առանձնայատկութիւններ, որոնք մեծ չափով պայմանաւորուած են նրանց կենցաղի վրայ հարեւան ժողովուրդների աւանդոյթների ազդեցութեամբ (Թուրքիայում` լազերի, Աբխազիայում` աբխազների եւ վրացիների, Ռուսաստանում` ռուսների եւ ուկրաինացիների):
Ծանօթագրութիւններ
1. Հեղինակի դաշտային հետազօտութիւնների նիւթերը պահպանւում են ՌԴ ԳԱ Ազգագրութեան եւ հնագիտութեան ինստիտուտի Գիտական արխիւում:
2. Вестник статистики. М., 1980, № 10, с. 68.
3. Հաշուարկը ըստ Национальный состав населения Краснодарского края по данным Всесоюзной переписи населения на 12.01.1989. Краснодар,1990, с. 38, 43-44, 47-48, 51-52, 68-69.
4.Առաւել մանրամասն տե՜ս Кузнецов И.В. Одежда армян Понта. Семиотика материальной культуры. М., 1995.
5. Առաւել մանրամասն տե՜ս. Тер-Саркисянц А.Е. Армяне. История и этнокультурные традиции. М., 1998, с. 303-304. Тер-Саркисянц А.Е. Современный быт армян Абхазии //Кавказский этнографический сборник. VIII. М., 1984, с. 12.
Համշէն Եւ Համշէնահայութիւն
(գիտաժողովի նիւթեր)
ԵՐԵՒԱՆ – ՆՊԷՅՐՈՒԹ, 2007
Թողնել պատասխան