Բաբգէն Յարութիւնեան
ԵՊՀ Հայ ժողովրդի պատմութեան ամբիոնի վարիչ,պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր
Աւելի քան մէկ հարիւրամեակ առաջ տասնեակ հազարաւոր համշէնահայեր վերաբնակուեցին այժմեան չճանաչուած Աբխազիայի Հանրապետութեան եւ Ռ.Դ. Կրասնոդարի երկրամասի տարածքներում: Սոյն զեկուցումը նուիրւում է համշէնահայերի ծագման, զարգացման եւ հետագայ ճակատագրի պատմութեանը, որոնց գերակշիռ մասը, բռնի կերպով ընդունելով իսլամը, մինչեւ այսօր բնակւում է Սեւ ծովի հարաւարեւելեան ափին` այժմեան Թուրքիայի տարածքում:
Հայերի` 774-775 թթ. հանրայայտ հակաարաբական ապստամբութիւնից յետոյ արաբները ազատասէր հայ ժողովրդի համար ստեղծեցին տառացիօրէն անտանելի պայմաններ, ինչը շատերին ստիպեց ապաստան փնտռել հարեւան Բիւզանդական կայսրութիւնում: Ուժեղացաւ հարկահաւաքութիւնը, եւ անվճարունակ բնակչութիւնը ենթարկուեց հալածանքների ու տանջանքների` ընդհուպ մինչեւ ստրկութեան վաճառուելը: Հայաստանի ոստիկան Օբայդուլլահ իբն-ալ-Մահդիի եւ նրա տեղապահ Սուլէյմանի կառավարման տարիներին պարզապէս ստեղծուեց անտանելի կացութիւն:
Ըստ հայ պատմիչ Ղեւոնդի տեղեկութեան` 12 հազար հայ` տղամարդ, կին եւ երեխայ, Ամատունեաց տոհմի նախարար Շապուհի եւ նրա որդի Համամի գլխաւորութեամբ` այլ հայ նախարարների եւ իշխանների, նաեւ` նրանց հեծելազօրի հետ թողնում են Հայաստանի կենտրոնական շրջանները եւ ուղեւորւում Յունաց աշխարհ, այսինքն` Բիւզանդիա: Արաբական զօրքերը հետապնդում են երկրից հեռացող հայերին, որոնք Կոխ գավառումնրանց պարտութեան մատնեցին, իսկ իրենք, անցնելով Ակամսիս կամ Ճորոխ գետը, Եգերների երկրով մտան Պոնտոս: Բիւզանդական կայսր Կոնստանտինը նրանց ընդունեց բարեհոգաբար, հաստատեց նրանց նախարարական իրաւունքները եւ նրանց բնակեցրեց բարեբեր երկրամասում1: Այդ արտագաղթի առիթով յիշատակւում են ոչ միայն Շապուհ եւ Համամ իշխանները, այլեւ` հայոց կաթողիկոս Եղիպատրուշեցին (775-788), արաբ ոստիկան Օբայդուլլահը, սրա տեղապահ Սուլէյմանը (788-790) եւ բիւզանդական կայսր Կոնստանտին 6-րդը (770-797), հետեւաբար արտագաղթը եւ Համշէնի հայկական իշխանութեան ստեղծումը կարելի է թուագրել 789 կամ 790 թուականներով` կաթողիկոս Եսայի Եղիպատրուշեցու մահուանից յետոյ(մահացել է 788 թ.):
Չնայած արտագաղթի գլխաւոր կազմակերպիչը Շապուհ Ամատունին էր, սակայն Համշէնի, աւելի ճիշտ` Համամաշէնի անունը կապւում է նրա որդի Համամի անուան հետ: Այս իրադարձութիւններից մէկ կամ երկու դար յետոյ ձեւաւորուած քաոսային պատմական աւանդոյթը վկայում է, որ Համամ Ամատունին նախապէս հիմնաւորւում է Տամբուր քաղաքում, որը հետագայում գրաւում է պարսիկների հետ համագործակցող (պէտք է հասկանալ` արաբների) վրաց իշխան Վաշդեանը, իսկ նրան դաւաճանութեան մէջ մեղադրող Համամ իշխանը ձերբակալւում է եւ անդամահատւում (հատում են նրա ձեռքերն ու ոտքերը)2: Այս իրադարձութիւններից յետոյ վրաց իշխանի կողմից աւերուած Տամբուրի տեղում Համամ իշխանը կառուցում է նոր քաղաք եւ իր անունով անուանակոչում Համամաշէն3, որը դարերի ընթացքում ընդունում է Համշէն կամ Հեմշին ձեւը: Դատելով տարբեր աղբիւրներից` Սեւ ծովի անտառածածկ ափերից հարաւ ընկած տարածքները գրեթէ բնակեցուած չէին, ինչը հայ վերաբնակներին հնարաւորութիւն տուեց համեմատաբար հեշտ հիմնաւորուել այժմեան Համշէնի շրջանում, թէեւ տեղացի հայերի եւ եկուորների միջեւ ընդհարումները չեն բացառւում: Մեր կարծիքով համշէնահայերի թեւաւոր ասացուածքը, թէ աշխարհի արարումից ի վեր Համշէնը մարդ չէր տեսել4, հաստատում է մեր վարկածն այն մասին, որ հայ վերաբնակները հիմնաւորուել են անմարդաբնակ կամ քիչ բնակեցուած տարածքներում: Վերածուելով բաւականին հզօր իշխանութեան` յետագայ դարերում Հայաստանից, յատկապէս Բարձր Հայքից եկող նոր վերաբնակների համար Համշէնը դառնում է ապաստան:
Համշէնը շրջակայ տարածքներով արտաքին աշխարհից կտրուած, մեկուսացած, ստուերոտ ու խոնաւ երկրամաս է: 13-րդ դարի հայ պատմիչ Հեթումը, որը եղել է Համշէնում, արձանագրել է այդ իւրայատկութիւնները, նաեւ տեղեկացնում է, որ երկրամասը գործնականում զուրկ է ճանապարհներից5: Նոյնը նշում է իսպանացի դիւանագէտ եւ ճանապարհորդ Ռուի Գոնզալես դը Կլավիխոն, որը Իսպանիա է վերադարձել Համշէնով. նա իր աշխատութեան մէջ արժէքաւոր վկայութիւններ է պահպանել երկրամասի եւ նրա բնակչութեան պատմութեան ու բարքերի մասին6: Երկրամասի տեղադրութեան, նրա աշխարհագրական եւ կլիմայական պայմանների, ճանապարհների եւ այլ հանգամանքների մասին արժէքաւոր տուեալներ կարելի է գտնել նաեւ հայ եւ օտարերկրացի հեղինակների աշխատութիւններում (Կ. Կոխ, Ս. Հայկունի, Պ. Թումայեանց եւ այլք):
Այն մասին, թէ նախապէս որտեղ են հիմնաւորուել 12 հազար վերաբնակները, ոչինչ յայտնի չէ: Ցաւօք, միջին դարերը, բացի Համամաշէնի մասին յիշատակութիւնից, այլ տեղեկութիւններ չեն պահպանել: Մենք ընդամէնը գիտենք, որ 15-րդ դարում Համշէնի իշխանութիւնը հարաւից սահմանակից էր Սպերին` Արեւելապոնտական լեռնաշղթային: Քիչ թէ շատ հանգամանալից տեղեկութիւններ ունենք սկսած 19-րդ դարից: Ըստ գերմանացի գիտնական Կ. Կոխի` Համշենի երկրամասը կիսանկախ տարածք էր` վոյեվոդի իշխանութեան ներքոյ: Համշէնի սանջակի մէջ, բացի բուն Համշէնից, որը զբաղեցնում է կենտրոնական դիրք, մտնում էր երեք ձորապետութիւն, որոնց կենտրոններն էին` Ջեմիլ գիւղը` Կալապոտամոս գետի ակունքների մօտ, Օրթաքէօյը` Մապավրա գետի ափին, եւ Մարմանդ գիւղը` ոչ հեռու առափնեայ Աթինա քաղաքից7: Առաւել հանգամանալից են ազգագրագէտ Ս. Հայկունու տեղեկութիւնները: Ըստ նրա` Համշէնի երկրամասը գտնւում է Սպերի եւ Ռիզէի միջեւ եւ ընդգրկում է երկու գետերի եւ նրանց վտակների հովիտները` շրջապատուած հսկայական անտառածածկ լեռներով: Ջեմիլ գետը թափւում է Կալապոտամոս գետը: Բուն Համշէնն սկսւում է Էթ-փարա գիւղից, որը գտնւում էր Ռիզէից 24 ժամուայ ոտքի ճանապարհի հեռաւորութեան վրայ: Մապավրա գետը թափւում է Սեւ ծովը, իսկ Վերին Կալէ գետը` Աթինայից ոչ հեռու Սեւ ծովը թափուող Ֆորտունա գետը: Կ. Կոխի տուեալներով այն ժամանակ Համշէնի բնակչութիւնը կազմում էր մօտ 8000 մարդ:
Ընդհանուր գծերով ծանօթանանք Համշէնի իշխանութեան պատմութեանը: Տեղեկութիւնների իսպառ բացակայութեան պատճառով անհնար է ճշտել, թէ Ամատունի իշխանները Համշէնում ինչքան ժամանակ են իշխել: Համաձայն արաբական աղբիւրների` Տրապիզոնը յարակից տարածքներով մտնում էր հայ Բագրատունիների տէրութեան կազմի մէջ. հետեւաբար` առնուազն 9-րդ դարի վերջերին ու 10-րդ դարի սկզբներին Համշէնի իշխանութիւնը հանդիսանում էր Հայկական թագաւորութեան տարածք: Մինչեւ 19-րդ դարի վերջերը պահպանուած աւանդութիւնն ասում է, որ Գրիգոր եւ Մարտիրոս իշխանները սերում էին արքայական տոհմից: Իշխան Մարտիրոսը իր որդի Արտաշէնի համար խնդրում է իշխան Գրիգորի դստեր ձեռքը: Գրիգորը հրաժարւում է դստերը կնութեան տալ Արտաշէնին, սակայն Մարտիրոսը յաղթում է Գրիգորին եւ նրա աղջկան ամուսնացնում իր որդու հետ: Համշէնի մեծ գետի բարձրադիր ակունքների մօտ Մարտիրոսը կառուցում է մեծ ամրոց, որը մինչեւ 19-րդ դարի վերջը կոչւում էր Արտաշէն8: Մեկնելով այն հանգամանքից, որ Մարտիրոսն ու Գրիգորը սերում էին արքայական տոհմից, եւ հաշուի առնելով, որ այդ դարաշրջանում վերոնշեալ տարածքում իշխում էին Բագրատունիները, կարելի է ենթադրել, որ նրանք Բագրատունիներ էին կամ նրանց հետ կապուած էին խնամիական կապերով:
13-րդ դարի սկզբներին Համշէնի իշխանութիւնը յայտնւում է խաչակիրների 4-րդ արշաւանքից յետոյ ստեղծուած Տրապիզոնի կայսրութեան կազմում` կիսանկախ տարածքի կարգավիճակով: Երբ 1223 թ. բախուեցին Կոնիայի սուլթանութիւնն ու Տրապիզոնի կայսրութիւնը, համշէնահայերը կամ, ըստ աղբիւրների տեղեկութեան, Խաղտիքի եւ Մացուկա մարզի բնակիչները սոսկալի հարուած հասցրին թշնամուն` գերի վերցնելով բազմաթիւ զինուորների եւ նժոյգներ: Նկատի ունենալով նաեւ Խաղտիքի յիշատակութիւնը` պէտք է ընդունել, որ հակառակորդին ջախջախիչ պարտութեան մատնելու մէջ մասնակցել են ոչ միայն Համշէնի, այլեւ Ճորոխ գետի աւազանի հայերը:
Սկսած 14-րդ դարի 60-ական թուականներից` Ճորոխ գետի միջին հոսանքներում ձեւաւորւում է Բաբերդի կամ Բայբուրդի էմիրութիւնը, որը, հնարաւոր է, Համշէնի իշխանութեան հետ միասին եղել է նախ` Ջելաիրների, ապա` Թեմուրի գերագոյն իշխանութեան ներքոյ:
15-րդ դարի սկզբներից Համշէնի իշխանութիւնը յիշատակւում է Առաքել (Arraquiel) անուան հետ: Դէպի հայրենիք ճանապարհին իսպանացի դիւանագէտ Կլավիխոն հիւրընկալւում է Սպերի մուսուլման էմիրի կողմից եւ այստեղից ուղեւորւում Առաքելի երկիրը` որը այդպէս էր կոչւում իշխան Առաքելի անունով: Կլավիխոն գանգատւում է, որ Առաքելի բնակիչները, որ հայ քրիստոնեաներ էին, նրանց չէին ցանկանում թոյլ տալ անցնել երկրով` առանց տուրք վճարելու: Առաքելի ենթակայութիւնը Սպերի էմիրին զուտ անուանական բնոյթ էր կրում, որովհետեւ Սպերի էմիրի կողմից յարգանքով ընդունուած Կլավիխոն ստիպուած է եղել Առաքելի երկրով անցնելու համար տուրք վճարել:
Դեռեւս մինչեւ 1422 թ. Համշէնի իշխանութիւնը յայտնւում է այլ տիրակալի իշխանութեան տակ` դարձեալ Առաքել անունով9: 1425 թ. Համշէնի պարոնը կամ իշխանը Դաւիթն էր` հաւանաբար վերոնշեալ Առաքելի որդին: Նա իշխել է հայոց Պօղոս կաթողիկոսի օրօք` Իսկանդար-բեկ Կարա-Կոյունլուի թագաւորութեան շրջանում: Այդ մասին յիշատակարան է գրուել Համշէնի երկրամասի Կոշտենց վանքում10: Կարա-կոյունլուների պետութեան հզօրացման պայմաններում, չնայած երկրամասի դժուար անցանելիութեանը, Համշէնը ձեռք է բերում որոշակի կարեւորութիւն` Տրապիզոնի կայսրութեան եւ Կար-կոյունլուների պետութեան միջեւ առեւտրում: Խոջա Շամշադինը, որը շահագրգռուած էր այդ առեւտրի մէջ, 1431 թ. վերակառուցում է Տրապիզոնի Չարխափան հայկական եկեղեցին, իսկ մէկ տարի անց հայաբնակ Կաֆա (Թեոդոսիա) քաղաքից ոչ հեռու գտնուող Անտոնի վանքում պատուիրում Ն. Շնորհալու բանաստեղծութիւնների ձեռագիրը11: Պահպանուել է Խոջա Շամշադինի նամակը Համշէնի Դաւիթ իշխանին, որտեղ նրան յորդորում է բաւարարուել սահմանուած տուրքերով եւ չձգտել աւելիին, ապահովել ապրանքների անվտանգութիւնը, նաեւ դիմել Սպերի էմիրին` խնդրելով հետեւել այդ սկզբունքներին: Դժուար չէ համոզուել, որ Դաւիթ իշխանը Իսկանդարի թագաւորութեան տարիներին մեծ հեղինակութիւն ունէր եւ ի վիճակի էր յորդորելու հարեւան Սպերի էմիրին: 1440 թ. Դաւիթ իշխանը իր որդի Վարդի հետ դեռեւս կառավարում էր Համշէնը: Այդ մասին տեղեկութիւններ է պարունակում Խուժիկ վանքում գրուած յիշատակարանը:
Երկու տասնամեակ անց Համշէնի իշխանութիւնը յայտնւում է ծանր կացութեան մէջ: Վարդի անչափահաս որդի Վեկէն (հնարաւոր է` Վիգէն) պարտութիւն է կրում ոմն Շահալիից, գերեվարւում է եւ յանձնւում շէյխ Հայդար Սեւեվիին (1456-1488): Լ. Խաչիկեանի կարծիքով վերոնշեալ Շահալին, ամենայն հաւանականութեամբ, Բայբուրդլու ցեղի առաջնորդն էր12: Սակայն իշխանութիւնը չի վերանում: Երկիրը սկսում է կառավարել հաւանաբար Վեկէնի եղբայր Դաւիթ իշխանը:
1489 թ. Համշէնի իշխանութիւնը կամ Առաքելը դադարեց գոյութիւն ունենալուց: Դաւիթի իշխանութեան տարիներին Համշէն-Սպերի գավառը դեռեւս գտնւում էր Եակուբի` Ակ-կոյունլուների շահի իշխանութեան ներքոյ, սակայն օսմանեան թուրքերը աստիճանաբար ընդարձակում են իրենց տիրոյթները եւ 1489 թ., գուցէ եւ մի փոքր շուտ, նուաճում են Համշէնի իշխանութիւնը:
Ամենայն հաւանականութեամբ Համշէնի իշխանական տոհմից էր սերում յայտնի գիտնական-մանկավարժ Յովհաննէս Համշէնցին, քանի որ գործընկերներն ու աշակերտները նրան անուանում են պարոնորդի կամ թագաւորական տոհմից: Այս վկայութիւնը մէկ անգամ եւս հաստատում է, որ առնուազն 9-րդ դարից սկսած Համշէնի իշխանութիւնը կառավարում էին կամ Բագրատունիները, կամ նրանց հետ խնամիական կապեր ունեցող Համշէնի Ամատունի իշխանները: Յովհաննէս Համշէնցին Գրիգոր Տաթեւացու աշակերտն էր եւ փայլուն կրթութիւն էր ստացել Տաթեւի համալսարանում: Ձեռնադրումից յետոյ նա հաստատւում է Երզնկա քաղաքից ոչ հեռու գտնուող Աւագ վանքում: Յայտնի րաբունապետի մօտ են հաւաքւում աշակերտներ Հաղպատից, Տարօնից, Դարանաղից, Սեբաստիայից, Տիվրիկից, Տրապիզոնից, Ղրիմից եւ այլ վայրերից: 1489 թ. նրա գլխաւորած համալսարանը տեղափոխւում է Ս. Յակոբի կամ Կապոսի վանքը: Համալսարանի ռեկտոր րաբունապետ Յովհաննէսը վախճանուել է 1497 թ.:
Աւագ վանքը եւ Կապոսի վանքը գտնուել են Համշէնի իշխանութեան տարածքից դուրս, սակայն 15-16-րդ դարերում այնտեղ նոյնպէս կային վանքեր եւ գրչութեան կենտրոններ: Ըստ Ոսկեանի` Համշէնի սահմաններում կար երեք վանք` Խաչեքարի, Ս. Խաչիկ հօր եւ Վարշամակի կամ Վարսամբեկի վանքերը: Սակայն յայտնի եւ նոր տուեալների հիման վրայ Լ. Խաչիկեանը յանգեց այն եզրակացութեանը, որ դրանք նոյնն են: Խաչեքարի վանքը գտնւում էր Եղնովիտ գիւղում: Այդ վանքում է ստեղծագործել Կարապետ երեցը:
Խաչեքարի վանքը Համշէնի միակ վանական համալիրը չէր: 15-րդ դարի կէսերին այնտեղ յիշատակւում են նաեւ Կոշտենց եւ Խուժկա կամ Խուժիկ վանքերը, թէեւ դրանց մասին Ոսկեանը տուեալներ չունի: Անկասկած Համշէնում ստեղծուել են տասնեակ կամ հարիւրաւոր ձեռագրեր, որոնց մեծ մասը ոչնչացուել է նուաճողների կողմից կամ պարզապէս ծանօթ չէ գիտական աշխարհին: Հայ մշակոյթի բազմաթիւ համշէնահայ ներկայացուցիչներ ստեղծագործել են պատմական Հայաստանի տարբեր վանքերում: Յայտնի են Յովհաննէս եպիսկոպոս համշէնցին, Յակոբ համշէնցին, Մովսէս վարդապէտը եւ այլք:
Համշէնահայերի համար ողբերգական հետեւանք ունեցաւ բնակչութեան զգալի թուի բռնի իսլամացումը: Ս. Հայկունին բանահիւսութեան հենքի վրայ վերականգնել է Կարա-դերէի հայութեան իսլամացման գործընթացը, որը նրա կարծիքով տեղի է ունեցել 1708-1710 թթ.: Հետեւաբար բուն Համշէնի բռնի իսլամացումը, որը տեղի է ունեցել տասնամեակներ առաջ, կարող էր կատարուած լինել 17-րդ դարում: Համաձայն Պ. Թումայեանցի` ցաւօք այսօր անարդար կերպով մոռացութեան մատնուած հետազօտողի` Կարա-դերէի հայերը այստեղ են վերաբնակուել Սպերից, Բաբերդից եւ, մասամբ, Համշէնից` մօտ 170-180 տարի առաջ` խուսափելով բռնի իսլամացումից: Իսլամացումից յետոյ ուժեղացաւ հալածանքը Կարա-դերէի այն բնակիչների նկատմամբ, որոնք չուրացան հաւատը, եւ հազարաւոր հայեր, զրկուելով ամէն ինչից, փախան Տրապիզոնի, Օրդուի, Չարշամբայի, Սինոպի եւ, անգամ, Ադաբազարի գիւղերն ու քաղաքները13: Ըստ Լ. Խաչիկեանի ճշտած տուեալների` բուն Համշէնի բնակչութեան իսլամացումը տեղի է ունեցել 1690-1700 թթ., իսկ Կարա-դերէի հայութեան իսլամացումը` 1780 թ.: Մօտաւորապէս նոյն ժամանակաշրջանում էլ իրականացուել է Ճորոխ գետի հովտում բնակուող համշէնահայերի` այսպէս կոչուած` խոպա-հեմշիլների իսլամացումը: Իսլամացումն իրականացուեց միայն հայ բնակչութեան հերոսական դիմադրութեան ճնշումից յետոյ, որը տեւեց տասնամեակներ: Դեռեւս 19-րդ դարի սկզբներին Հ. Բժշկեանը նկատում է, որ համշէնցիները կէս-կէս են, այսինքն` լինելով մուսուլմաններ` գաղտնի հետեւում են քրիստոնէական դաւանանքին: Այսպիսին էին նաեւ Կարա-դերէի հայերը: Կէս – կէս լինելու արտայայտութիւն էին նաեւ կրկնակի անունները. Ալի-Սարգիս Կարապետ-օղլի, Մահմուդ – Յովհաննէս օղլի եւ այլն: Իսլամը յաղթանակեց միայն 19-րդ դարի վերջին տասնամեակներին: Ըստ Պ. Թումայեանցի` 19-րդ դարի վերջին միայն Եղնովիտ գիւղում պահպանուել էր 20 քրիստոնեայ ընտանիք:
Իսլամ ընդունած քրիստոնեաները սովորաբար իրենց անուանում էին մուսուլմաններ կամ օսմանցիներ, սակայն համշէնահայերը, անգամ իսլամացումից յետոյ, պահպանեցին իրենց լեզուն` հայոց լեզուի Համշէնի բարբառը, նաեւ բանահիւսութիւնն ու գետերի, ձորերի, լեռների անունները, իրենց անուանում էին հեմշիններ: Համշէնցիները առ այսօր ընտանիքում խօսում են իրենց բարբառով: Ջ. Դիւմեզիլը 1962 թ. մի համշէնցի ուսանողից գրի առաւ երեք հեքիաթ` Համշէնի բարբառով: Այժմ էլ համշէնցիները աչքի են ընկնում խիզախութեամբ, արդարամտութեամբ, անկաշառութեամբ, անկեղծութեամբ եւ ամուսնական կապեր չեն հաստատում օտարների հետ: Իրենց անուանելով հեմշիններ` նրանք ընդգծում են ոչ այնքան իրենց հայրենի երկիրը, որքան հայկական ծագումը: 19-րդ դարի վերջերին նրանց թիւը մօտ 16 հազար էր: Հր. Աճառեանի տվյալներով մինչեւ հայոց ցեղասպանութիւնը Թուրքիայում բնակւում էր 20 հազար քրիստոնեայ համշէնցի եւ մօտ նոյնքան էլ մուսուլման համշէնցի: Այսօր, անշուշտ, վերջիններս զգալիօրէն շատ են: Նրանք բնակւում են Ֆորտունա գետի եւ նրա վտակների հովտում, նաեւ` Կարա-դերէի հովտում: Խոփա – հեմշինները բնակւում են Խոփայի շրջանում` լազերի բնակավայրերից հարաւ: Սակայն համշէնցիներ կան նաեւ լազերի գիւղերում, որոնք ապրում են մեկուսացած կեանքով:
Աշխարհագրական պայմանների, մշակովի հողերի անբաւարարութեան պատճառով համշէնցիները դեռեւս վաղ ժամանակներում տարածուել են Սեւ ծովի ափերին` ստեղծելով նոր բնակավայրեր: Նոր հողերում հաստատուելիս նրանք յաճախ ընդհարւում էին յոյների եւ լազերի հետ: Այդ ընդհարումներն իրենց արտայայտութիւնն էին գտնում ժողովրդական բանահիւսութեան մէջ, սակայն ժողովրդական զրոյցները, ցաւօք, չէին գրի առնւում: Հայ բնակչութեան արտագաղթը Համշէնից յատկապէս ուժեղացաւ հայութեան բռնի իսլամացման տարիներին: Այդ ժամանակ նրանք, ինչպէս վերեւում նշուեց, տարածուեցին Սեւ ծովի ողջ հարաւային ափով մէկ: Հր. Աճառեանի տուեալներով ցեղասպանութիւնից առաջ Տրապիզոնում կար 800 հայ ընտանիք, Դեիրմեն-դերէից մինչեւ Եամբոլի գետը` 2340 մարդ, Սիւրմենէում` 100 ընտանիք, Ախչեբադում` 4000 մարդ, Տրիպոլիում` 40 ընտանիք, Կերասունտում` 400 մարդ, Ջանիկում` 2000 ընտանիք: Համշէնցի վերաբնակները հաստատուել էին նոյնիսկ Իզմիթում (Նիկոմեդիա):
Քրիստոնեայ համշէնահայութիւնը հայոց ցեղասպանութեան ժամանակ դարձաւ թուրք վանդալների զոհը: Բացառուած չէ, որ նրա մի մասը ընդունել է իսլամը եւ առ այսօր բնակւում է Թուրքիայի տարբեր վայրերում` պահպանելով իր բարբառն ու սովորոյթները:
Շատ համշէնահայեր գաղթեցին Ղրիմ եւ Սեւ ծովի կովկասեան ափերը: Վստահ կարելի է ասել, որ 14-րդ դարից սկսած Ղրիմի թերակղզին համշէնցի վերաբնակների համար եղել է սիրուած վայր: Դա են ապացուցում Ղրիմի հայերի բարբառի հետքերը նորնախիջեւանցի հայերի բարբառի մէջ, որը մի քանի պարամետրերովզարմանալի կերպով յիշեցնում է Համշէնի բարբառը: Համշէնահայերը Ղրիմի միջոցով կապեր էին հաստատում նաեւ հիւսիսային երկրների հետ` մինչեւ Էստոնիա:
Սկսած 19-րդ դարի 60-ական թթ., բայց առաւել զանգուածաբար` 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից յետոյ համշէնահայերն սկսեցին վերաբնակուել Սեւ ծովի հիւսիսարեւելեան ափերում եւ հաստատուեցին Սուխումում, Սոչիում, Մացեստայում, Մծարայում, Ծեբելդայում, Ադլերում, Շապշուղում, Նոր Աֆոնում եւ այլ բնակավայրերում: Հետագայում նրանք տարածուեցին Կուբանի եւ Եկատերինոդարի ուղղութիւններով` հիմնելով նոր բնակավայրեր: Սեւ ծովի ռուսական ափի զարգացումը նշանակալի չափով պայմանաւորուած է հայութեան ներհոսքով: Հայերը առանձնայատուկ դերակատարութիւն ունեցան Սեւ ծովի ռուսական ափերին ծխախոտագործութեան զարգացման մէջ: Հայերի ջանքերի շնորհիւ տարածաշրջանում աշխուժացաւ տնտեսական կեանքը, չորացուեցին դարաւոր ճահիճները, շատ անտառային զանգուածներ վերածուեցին հարուստ ագարակների: Տուեալ տարածաշրջանում հայերի նուաճումների մասին սկսեցին խօսել այն ժամանակ, երբ նրանք ընդամէնը 15 հազար էին: Նրանց թիւը աւելացաւ Առաջին համաշխարհային պատերազմի սարսափելի տարիներին եւ հայոց ցեղասպանութեան շրջանում: 1944 թ. համշէնահայերի թիւը 60 հազար էր, իսկ այժմ ամենահամեստ հաշուարկներով անց է 140, գուցէեւ` 150 հազարից, թէեւ վերջին ողբերգական իրադարձութիւններից յետոյ նրանց զգալի մասը վերաբնակուեց Ռուսաստանի Դաշնութեան ներքին շրջաններում: Անհամեմատ մեծ է Թուրքիայի իսլամացած համշէնցիների թիւը. ամենայն հաւանականութեամբ այն նուազագոյնը 200 հազար է: Ճիշդ քարոզչութեան դէպքում, օգտագործելով հեռուստատեսութիւնը, ռադիօն, զանգուածային լրատուութեան այլ միջոցներ, մեր կարծիքով նրանց մեծ մասին կարելի է վերադարձնել հայ ժողովրդի հարազատ գիրկը:
Ծանօթագրութիւններ
1. Պատմութիւն Ղեւոնդայ Մեծի վարդապետի հայոց, Ս. Պետերբուրգ, 1877, գլ. 42, էջ 168-169:
2. Յովհան Մամիկոնեան, Պատմութիւն Տարօնոյ, Երեւան, 1941, էջ 284:
3. Նոյն տեղում, էջ 285:
4. Ս. Հայկունի, Համշէն, տե՜ս ՙԱրարատ՚, 1895, էջ 297:
5. Հեթում պատմիչ թաթարաց, Վենետիկ, 1842, էջ 15:
6. Рюи Гонзалес де Клавихо. Дневник путешествия ко двору Тимура в Самарканде в 1403 – 1406 гг. СПБ, 1881, с. 382-384:
7. Dr. K. Koch Wanderungen im riente Wahrend der Jahr 1843 und 1844, II, Reise in Pontishen Gebirge und Turkisch-Armenien, Weimar, 1846, s. 22-25.
8. Ս. Հայկունի, Համշէն, տե՜ս ՙԱրարատ՚, 1895, էջ 295-297:
9. ԺԷ. դարի հայերէն ձեռագրերի յիշատակարաններ, մասն Ա., Երեւան, 1955, էջ 365:
10. Նոյն տեղում, էջ 365:
11. Լ. Խաչիկեան, էջեր համշէնահայ պատմութիւնից, տե՜ս ՙԲանբեր Երեւանի
համալսարանի՚, 1969, թիւ 2, էջ 127:
12. Նոյն տեղում, էջ 128:
13. П. Тумянц, Армяне Понта, см. ՙԼումա՚, 1899, II, с.175-177.
Համշէն Եւ Համշէնահայութիւն
(գիտաժողովի նիւթեր)
ԵՐԵՒԱՆ – ՆՊԷՅՐՈՒԹ, 2007
Թողնել պատասխան