Ռիչարդ Գ. Յովհաննիսեան
Հայոց եւ Մերձաւոր Արեւելքի
պատմութեան պրոֆեսոր, Կալիֆորնիա
1914-1921 թթ. ընկած ժամանակահատուածը վճռորոշ նշանակութիւն ունեցաւ Պոնտոսի Ճորոխ գետի հովտից Տրապիզոն, Գիւմուշխանէ եւ Սամսուն ընկած տարածքի համշէնահայ բնակչութեան համար: Համշէնի բնակչութիւնը կրօնափոխ էր եղել` ընդունելով մահմեդականութիւնը դեռ մի քանի սերունդ առաջ, մինչդեռ նրանց համշէնցի քրիստոնեայ հայրենակիցների մեծ մասը պահպանել էր իր կրօնը` գաղթելով Համշէնի իրենց հայրենի բարձրաւանդակներից եւ Ղարա-դերէից (Սեւ գետ, Սիւրմենէի մոտ) դէպի արեւմուտք, ուր բազում գիւղեր էր հիմնել Տրապիզոնի, Օրդուի եւ Չարշամբայի շրջակայքում: 1915-ի ցեղասպանութեան ժամանակ, որն իրականացւում էր առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ, հեմշինլիները չենթարկուեցին տեղահանութեան եւ կոտորածների, մինչդեռ համշէնցիները արժանացան միեւնոյն բախտին, ինչ Օսմանեան կայսրութեան ամբողջ տարածքի հայութիւնը: Հեմշինլի առաջնորդները որոշ վայրերում փորձում էին աջակցել համշէնցիներին, եւ մի քանի վկայութիւնների համաձայն` ոմանք նոյնիսկ միացան հայ ֆեդայիներին` փորձելով դիմադրութիւն ցոյց տալ թուրքական զինուած ուժերին: Երբ Օսմանեան կայսրութիւնը պարտուեց դաշնակից պետութիւններից, եւ երիտթուրքերը 1918 թ. հոկտեմբերին փախան արտասահման, լուրջ հարցեր ծագեցին Պոնտոսի շրջանի եւ նրա չափազանց խառն էթնոկրօնական բնակչութեան ապագայի վերաբերեալ:
Տրապիզոնի վիլայէթը եւ Ջանիկի սանջակը
Վարչական առումով սեւծովեան մերձափնեայ շրջանը Լազիստանից մինչեւ Տիրեբոլի եւ դէպի ցամաքի խորքը` Դվեվեզլիկ ու Գիւմուշխանէ, միաւորուած էին Տրապիզոնի վիլայէթի կազմում 1864-ին, իսկ արեւմուտք ընկած մերձափնեայ տարածքը միաւորուած էր որպէս Ջանիկի սանջակ (գաւառ), որի կենտրոնն էր նաւահանգստային Սամսուն քաղաքը: Այս երկար ու նեղ միջանցքում քսաներորդ դարագլխին կային մօտ 60000 համշէնցիներ եւ այլ քրիստոնեայ հայեր: Տրապիզոնում եւ մերձակայքում ապրում էին շուրջ 15000, Գիւմուշխանէում` 2500, Տիրեբոլիում` 800, Գիրասունում` 1500, Օրդուում` 5000, Ունիէում` 2000, Սամսունում` 10000 եւ այլն: Համշէնցիների լեզուն եւ աւանդոյթները պահպանուել էին հիմնականում գիւղական վայրերում, ուր բնակիչները հազիւ էին ապրուստ վաստակում: Չնայած ամէն գիւղում մի համեստ եկեղեցի կամ մատուռ կար, դպրոցներ չկային մինչեւ 19-րդ դարի վերջը: Առափնեայ քաղաքները, ուր հայ բնակչութեան միայն մի մասն էր ծագումով համշէնցի, աւելի բարեկեցիկ եւ առաջացած վիճակում էին: Տրապիզոնի առաջին հայկական դպրոցը բացուել էր 19-րդ դարի սկզբներին, եւ առաջին տպագիր մամուլը երեւաց 1850-ականներին: Այս տարածքում յայտնուեցին նաեւ հայ կաթոլիկ եւ բողոքական համայնքներ, թէեւ ոչ առանց սուր բախումի առաքելական եկեղեցու հետ:
Հայերն էական դեր էին խաղում շրջանի տնտեսական կեանքում: Տրապիզոնի առեւտրի եւ արհեստների բոլոր ճիւղերը գտնւում էին հայերի ձեռքում, իսկ Սամսունում ծխախոտի եւ ալիւրի արտադրութիւնը գրեթէ հայկական մենաշնորհ էր: Քանի որ Տրապիզոնն ու Սամսունը հայկական գաւառների` Բիթլիսի, Վանի, Էրզրումի, Ամասիայի, Թոխաթի եւ Սեբաստիայի, ինչպէս նաեւ Իրան գնացող եւ եկող քարաւանների նաւահանգիստ էին, ապա այստեղ միջնորդ գործակալները, բանկիրներն ու օտարերկրեայ ձեռնարկութիւնների թարգմանիչները նոյնպէս հայեր էին:
19-րդ դարի իրար յաջորդող ռեֆորմների եւ ռեպրեսիաների շրջանն իր գագաթնակէտին հասաւ 1890-ականներին: Կառավարութիւնն ամրապնդող եւ կայսրութիւնը փրկող բարեփոխումներ իրականացնելու փոխարէն, ինչպէս որոշուած էր 1878 թ. Սան Ստեֆանոյի եւ Բեռլինի պայմանագրերով, Սուլթան Աբդուլ Համիդ Բ-ն դիմեց խաբէութեան եւ արիւնահեղութեան: Իր հերթին այս իրավիճակն սկիզբ դրեց այնպիսի հայ ինքնապաշտպանութեան միութիւնների ստեղծմանը, ինչպիսիք էին Հնչակեան կուսակցութիւնը (1887) եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (1890), որոնք միտուած էին խորը սոցիալտնտեսական եւ քաղաքական փոփոխութիւններ իրականացնելու Օսմանեան կայսրութիւնում` յատկապէս հնարաւոր դարձնելու համար հայ ժողովրդի անհատական եւ հաւաքական զարգացումը: 1894 թ., երբ Սասունի կոտորածներից յետոյ եւրոպական իշխանութիւնների կողմից ճնշման ենթարկուելով, սուլթանը բարեփոխման դեկրետ հրապարակեց, նա նաեւ ուզեց հայերին դաս տալ: Եւրոպացիներին բարեփոխումների ծրագիրն ընդունելու իր որոշման մասին յայտնելու հետ գրեթէ միաժամանակ` 1895 թ. հոկտեմբերին, Տրապիզոնում սկսուեցին կոտորածները եւ հետագայ շաբաթներին ու ամիսներին տարածուեցին ծովափով Ռիզէից դէպի Սամսուն եւ դէպի հարիւրաւոր հայաբնակ գիւղեր ու քաղաքներ` Հայկական բարձրաւանդակով մէկ: Ամէնուր յարձակւում էին հայ բնակչութեան վրայ, տղամարդկանց սպանում էին, թալանում հիմնարկները, այրում խանութները` հայերին թողնելով թշուառ վիճակում:
Տրապիզոնի բրիտանական հիւպատոսի զեկոյցը նկարագրեց խուժանի վայրագութիւնները, որ սկսուեցին 1895 թ. հոկտեմբերի 8-ին շեփորի ձայնով. ՙՈչինչ չկասկածող մարդիկ, որոնք անց ու դարձ էին անում փողոցներում, դաժանօրէն գնդակահարուեցին: Իրենց խանութի դռանը հանգիստ նստած տղամարդիկ գլխին կամ սրտին ուղղուած գնդակի հարուածով վայրկենապէս վայր ընկան… Ոմանց մահու աստիճան խոցեցին սրերով… Հինգ ժամ շարունակ տեւեց ահաւոր անմարդկային սպանդը… Այնուհետեւ հրաձգութեան ձայները մարեցին, եւ սկսուեց թալանը: Շուկայում իւրաքանչիւր հայի խանութ այրուեց, եւ այս ստոր եւ դաժան պատերազմի յաղթանակողները վայելում էին իրենց աւարը: Ժամեր շարունակ կտորեղէնի, բամբակեղէնի հակերը եւ ամէն տեսակ ապրանք փողոցներով անկաշկանդ տեղափոխւում էր դէպի թալանչիների տները: Ակնյայտօրէն նպատակ կար սնանկացնել եւ, որքան հնարաւոր է, շատ հայերի դուրս մղել այս քաղաքից: Ոստիկանութիւնն ու զինուորները, ինչպէս երեւում էր, բացայայտօրէն աջակցում էին այս վայրենութեանը: Նրանք խառնուել էին զինուած մարդկանց, եւ մենք տեսնում էինք, որ դոյզն իսկ ջանք չէին գործադրում` սաստելու նրանց՚:
Առաջին համաշխարհային պատերազմ
Չնայած այս հարուածին` համշէնցիները լաւատեսութեան մի նոր փուլ մտան եւ կրկին աշխուժացրին կրթական, քաղաքական եւ մշակութային կեանքը` որպէս հետեւանք 1908 թ. երիտթուրքերի յեղափոխութեան` իր ՙԱզատութիւն, հաւասարութիւն, արդարութիւն՚ կարգախօսով: Բայց այս մթնոլորտը երկար չտեւեց: Շուտով յեղափոխութիւնը ձախողուեց, եւ Իթթիհադ վէ Թերաքի (Միութիւն եւ Առաջադիմութիւն) կոմիտէի ծայրայեղ շովինիստական թեւը զաւթեց իշխանութիւնը 1913 թ. սկզբներին: Այնուհանդերձ, 1914 թ. փետրուարին Ռուսաստանը, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի աջակցութեամբ, թուրքական կառավարութեանը պարտադրեց վերջին ռեֆորմի մի պլան: Այդ ռեֆորմի ծրագրային դրոյթներից էր հայկական երկու մեծ նահանգների ստեղծումը եւրոպական վերահսկիչներով` անհրաժեշտ փոփոխութիւնները գործադրելու համար: Այդ որոշման համաձայն` Տրապիզոնի վիլայէթը միաւորուելու էր Սվազի եւ Էրզրումի վիլայէթների հետ եւ կազմելու էր երկու հսկայական նահանգներից մէկը` այսպիսով ամրապնդելով Պոնտոսի եւ Հայկական բարձրաւանդակի կապը: Երկրորդ նահանգը բաղկացած էր Խարբերդի, Դիարբեքիրի, Բիթլիսի եւ Վանի վիլայէթներից: Սակայն 1914 թ. ամռանը Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումով եւ Թուրքիայի` դրանից մի քանի ամիս անց որպէս Գերմանական կայսրութեան դաշնակից պատերազմի մէջ մտնելով ի դերեւ ելան օրինական ռեֆորմների վերջին յոյսերը` ապահովելու հայերի կեանքն ու ունեցուածքը Օսմանեան կայսրութիւնում: Էնվերի, Թալեաթի եւ Ջեմալի ղեկավարած երիտթուրքերի կառավարութիւնը անմիջապէս չեղեալ յայտարարեց ռեֆորմի նախագիծը եւ պատրաստուեց Հայկական Հարցը լուծել հայ բնակչութեան վերացման միջոցով:
1915 թ. ապրիլին Տրապիզոնում զէնք թաքցնելու պատրուակով ձերբակալուեցին հասարակութեան մի շարք ականաւոր դէմքեր: Այնուհետեւ` յունիսի 11-ին, 40-ից աւելի հայ ղեկավարներ ուղարկուեցին դէպի Սամսուն` իբր թէ դատուելու նպատակով, բայց ճանապարհին սպաննուեցին: Երկու շաբաթ անց` յունիսի 26-ին, կառավարութիւնը հրապարակեց Տրապիզոնի հայերի տեղահանութեան պաշտօնական յայտարարութիւնը: Այս որոշումը փոխելու կամ առնուազն դրա գործադրումը յետաձգելու բոլոր դիմումներն ու խնդրանքները ապարդիւն էին: Պոնտոսի կործանումն սկսուեց: Իտալական հիւպատոս Գոռինին գրում էր, որ հրամանները գալիս էին կենտրոնական կառավարութիւնից, եւ որ այս փաստը բազմիցս հաստատուած է. ՙՀիւպատոսութիւնը միջամտում եւ փորձում էր գոնէ կանանց եւ երեխաներին փրկել: Փաստօրէն մենք ապահովեցինք մի ամբողջ շարք զիջումներ, բայց դրանք չգործադրուեցին, քանի որ կային ՙՄիութիւն եւ Առաջադիմութիւն՚ կոմիտէի մասնաճիւղի միջամտութիւնը եւ Կոստանդնուպոլսից եկող նորանոր հրամանները՚:
Յուլիսի 1-ին առաջին քարաւանը դուրս եկաւ քաղաքից, ապա յաջորդեցին երկրորդը եւ երրորդը յուլիսի 3-ին եւ 5-ին: Յուլիսի վերջին Տրապիզոնից արտագաղթած հայերի թիւը կազմում էր 10000: Դժբախտների մի մասը բարձուեց նաւերը եւ ջրասոյզ արուեց ծովում, իսկ մեծ մասը ոտքով շարժուեց լեռներով դէպի Գիւմուշխանէ: Նման բախտի արժանացան Տրապիզոնի վիլայէթի եւ Ջանիկ սանջակի բոլոր հայկական քաղաքների եւ գիւղերի բնակիչները` բացառութեամբ տղամարդկանց մի փոքրաթիւ խմբի, որը թաքնուեց լեռներում:
Հայ գաղթականների ողբալի պատկերը անջնջելի տպաւորութիւն էր թողել իտալական հիւպատոս Գոռինիի վրայ. ՙԵս ոչ քնում էի, ոչ ուտում, տառապում էի նեարդային լարումից ու նողկանքից: Այնքան ահաւոր էր այս անպաշտպան եւ անմեղ արարածների մեծաքանակ բնաջնջումը տեսնելու տառապանքը:
Հայ աքսորեալների խմբերը անցնում էին հիւպատոսարանի դռների եւ պատուհանների մօտով, նրանք օգնութիւն էին խնդրում, բայց ոչ ես, ոչ որեւէ այլ ոք չէր կարող որեւէ բան անել` ի պատասխան նրանց. քաղաքը պաշարուած էր. ամէն քայլափոխին հսկում էին կատարելապէս սպառազինուած 15 հազարանոց զօրքը, հազարաւոր ոստիկանական գործակալները, հրոսակախմբերը եւ ՙՄիութիւն եւ Առաջադիմութիւն՚ կոմիտէի անդամները: Ողբն ու արցունքները, ինքնասպանութիւններն ու սարսափից վայրկենապէս վրայ հասած մահը, անակնկալ խելագարուածները, հրդեհները, զոհերի գնդակահարութիւնը, տների եւ այգիների վայրագ խուզարկութիւնները, աքսորի ճանապարհին ամէն օր հարիւրաւոր դիակները, ուժով կրօնափոխուած կամ միւսների նման աքսորուող երիտասարդ կանայք, իրենց ընտանիքներից կամ քրիստոնէական դպրոցներից բռնի պոկուած եւ մուսուլմանական ընտանիքներին յանձնուած երեխաներ, կամ այնպիսիք, որոնք հարիւրներով լցւում էին նաւերը` բոբիկ ու մի շապիկով` տարւում խեղդուելու Սեւ ծովում կամ Դեյիրմէն Դերէ գետում… Ահա սրանք են Տրապիզոնի իմ վերջին անջնջելի յիշողութիւնները: Յիշողութիւններ, որոնցից անգամ մէկ ամիս անց տառապում է հոգիս, եւ թւում է, թէ խելագարւում եմ՚:
Անտանտի տէրութիւնների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) գաղտնի համաձայնագիրը Օսմանեան կայսրութեան հետագայ ճակատագրի վերաբերեալ նախատեսում էր, որ Ռուսաստանին է անցնելու Հայկական բարձրաւանդակի արեւելեան կէսը եւ Տրապիզոնի նահանգի մեծ մասը: 1916 թ. գարնանը ռուսական բանակի մուտքը դէպի այս շրջանները յանգեցրեց Վանի, Մուշի, Էրզրումի ու Երզնկայի նուաճմանը. միաժամանակ ապրիլ ամսին գեներալ Լեախովի զօրագնդերը մտան Ռիզէ, Սիւրմենէ, Օֆ եւ Տրապիզոն: Դրանից յետոյ հայ ֆեդայիները ի վիճակի եղան իջնելու լեռներից եւ մուսուլմանական տներից դուրս բերելու բազմաթիւ կանանց եւ երեխաների: Այս աշխատանքներին աջակցում էին Ռուսաստանի եւ Կովկասի հայկական բարեգործական միութիւնները: Փրկուածներն ի վերջոյ հասնում էին նաւահանգստային քաղաքներ, որոնք ընկած էին Բաթումի եւ Սոչիի միջեւ կամ Ղրիմի թերակղզում: Այս ընթացքում որոշ հեմշինլի առաջնորդներ մեծ հետաքրքրութիւն էին ցուցաբերում իրենց հայ համշէնական արմատներին վերադառնալու նկատմամբ, եւ եթէ այդ շրջանը մնար Ռուսաստանի ազդեցութեան տակ, ապա հաւանաբար հեմշինլիները կրկին կը դառնային քրիստոնեայ համշէնցիներ:
1917 թ. ռուսական յեղափոխութիւնների հետեւանքով եւ ռուսական զօրքի` կովկասեան ճակատի լքումով իրավիճակը կտրուկ փոխուեց: Թիֆլիսում, այսպէս կոչուած, Անդրկովկասեան կոմիսարիատի եւ սէյմի փորձերը` պահպանել Տրապիզոնի եւ Լազիստանի դիրքերը, ինչպէս նաեւ Էրզրումի, Բիթլիսի ու Վանի գրաւուած տարածքները, յաջողութիւն չունեցան: Վրացական ու հայկական փոքրաթիւ ուժերը, որոնք փորձում էին պահպանել ռուսական բանակի թողած ճանապարհները, հաւասար չէին թուրքական զինուած ուժերին: 1918 թ. փետրուարի վերջին, երբ Սովետական Ռուսաստանը Գերմանիայի եւ նրա դաշնակիցների հետ խաղաղութեան բանակցութիւններ էր վարում, թուրքական բանակը վերագրաւեց Տրապիզոնը: Այնուհետեւ Սովնարկոմը Օսմանեան կայսրութեանը զիջեց ամբողջ Արեւմտեան Հայաստանը` Կարսի, Արդահանի եւ Բաթումի հետ միասին` համաձայն 1918 թ. մարտի 3-ի Բրեստ-Լիտովսկի պայմանագրի: Մինչ թուրքական բանակը կը հասնէր Բաթում, ուրիշ զօրագնդեր ետ նուաճեցին ամբողջ Արեւմտեան Հայաստանը, մտան Կարսի մարզ եւ Թիֆլիսի ու Երեւանի նահանգների արեւմտեան շրջաններ:
Միայն Հայկական այս կորուստների գնով թուրքական կառավարութիւնը համաձայնեց ճանաչել փոքրիկ Հայաստանի Հանրապետութիւնը, որը կազմաւորուեց Երեւանի շուրջ 1918 թ. մայիսին: Այդ փխրուն պետութիւնը իր գոյութիւնը պահպանեց ծայրայեղ խախուտ պայմաններում, մինչեւ որ Օսմանեան եւ Գերմանական կայսրութիւնների պարտութիւնը Անտանտի ուժերից նրան շնչելու հնարաւորութիւն տուեց: Երբ թուրքական զօրքերը ետ քաշուեցին Անդրկովկասից, Հայաստանի Հանրապետութեան տարածքի մէջ մտան ամբողջ Երեւանի նահանգը եւ Կարսի մարզի մեծ մասը:
Հայաստանի Հանրապետութիւնը եւ Պոնտոսը
Առաջին համաշխարհային պատերազմում դաշնակիցների յաղթանակը նոր հեռանկարներ բացեց հայ ժողովրդի համար: Դաշնակից ղեկավարները հայ ժողովրդի վերականգնման ու վերակենդանացման բազմաթիւ խոստումներ էին տուել ու հաստատել, որ հայերը այլեւս երբեք չեն ենթարկուի թուրքական բռնակալութեանը: Ամբողջ աշխարհով մէկ հայերը հաւատացին, որ դաշնակիցների յայտարարութիւնները հայերի համար ապահովում են անկախ կամ ինքնավար պետութիւն եւ թոյլ են տալիս միաւորել Արեւմտեան Հայաստանի վեց նահանգները` Վանը, Բիթլիսը, Դիարբեքիրը, Էրզրումը, Խարբերդը եւ Սեբաստիան, հաւանաբար նաեւ Կիլիկիան` իր միջերկրածովեան նաւահանգիստներով:
Երբ Երեւանի կառավարութիւնը պատրաստւում էր Աւետիս Ահարոնեանին ուղարկել` Փարիզի Խաղաղութեան վեհաժողովին ներկայացնելու հայկական պահանջները, Հայաստանի Խորհուրդն այդ պահանջները ձեւակերպեց որպէս Արեւելահայաստանի (Ռուսահայաստանի) եւ Արեւմտահայաստանի (Տաճկահայաստանի) միաւորում` ելքով դէպի Սեւ ծով: Չնայած հայերը Պոնտոսի շրջանում փոքրամասնութիւն էին կազմում, տնտեսական նկատառումներով հիմնաւորւում էր նաեւ դրա միացումը նոր Հայկական Հանրապետութեանը:
Հայկական պահանջների հետ մրցակցում էր Վրացական Հանրապետութիւնը, որը յայտարարեց, որ Տրապիզոնի վիլայէթի արեւելեան կէսը` Լազիստանը, բնակեցուած է վրացիներով, որոնք բռնի կրօնափոխ եղած վրացիներ էին եւ այժմ պէտք է միացուէին իրենց հարազատ հայրենիքին: Աւելի լուրջ առարկութիւն էր եւ այն, որ պոնտական յոյների մեծ մասը, որոնք թուով գերակշռում էին հայերին, չէին կամենում ենթարկուել որեւէ հայկական իշխանութեան: Նրանց առաջնորդը` արքեպիսկոպոս Քրիզանթոսը, դիմեց Փարիզի Խաղաղութեան վեհաժողովին` առանձին Եւքսինեան Պոնտոսի պետութեան ստեղծման խնդրանքով: Սակայն իրականում այնտեղ բնակչութեան մեծամասնութիւնը ո՜չ հայեր էին, ո՜չ յոյներ, այլ` մուսուլմաններ, թէեւ այդ մուսուլմանական բնակչութիւնը բաժանուած էր լազերի, հեմշինլիների, թուրքերի, քրդերի եւ այլ էթնոլեզուական խմբերի:
Երբ Հայաստանի ներկայացուցիչներ Աւետիս Ահարոնեանը եւ Պօղոս Նուբարը (վերջինս ներկայացնում էր արեւմտահայերին) 1919 թ. փետրուարին Փարիզում կանգնեցին դաշնակից պետութիւնների գլուխների առջեւ, նրանք պահանջեցին Տրապիզոնի պարգեւումը Հայաստանին այն նոյն հիմնաւորումով, որով Բալթիկ ծով տանող Դանցիգի անցքը տրւում էր նորաստեղծ Լեհական պետութեանը: Նրանք խրախուսուած էին այն բանով, որ Յունաստանի վարչապետ Էլեւթերիոս Վենիզելոսը յայտարարել էր, թէ Յունաստանը Տրապիզոնի նկատմամբ յաւակնութիւններ չունի, որով ընդունում էր, որ այդ տարածքով Հայաստանը պէտք է ապահովի իր տնտեսական կենսունակութիւնը: Իր հերթին Վենիզելոսը բաւարարուած էր հայերի հաւաստիացումներով այն մասին, որ Պոնտոսի շրջանին կը տրուի հնարաւորինս լայն ինքնավարութիւն:
Չնայած հայկական յաւակնութիւնները յետադարձ հայեացքով կարող են թուալ խիստ անիրապաշտ, յատկապէս այն բանից յետոյ, երբ Պօղոս Նուբարի պնդումով Ահարոնեանը համաձայնուեց ծաւալել հայկական պահանջը` Կիլիկիան միաւորելու վերաբերեալ, այս երազանքը փաստօրէն համապատասխանում էր ամերիկեան եւ բրիտանական` խաղաղութեան գաղտնի նախնական ծրագրերին: Բրիտանական կառավարութեան Արեւելքի գործերի կոմիտէն, որը ղեկավարում էր արտաքին գործոց նախարար լորդ Ջ.Ն. Կուրզոնը, կրում էր Օսմանեան կայսրութեան հետ խաղաղութեան պայմանագիր կնքելու խորհրդատուութեան պատասխանատուութիւնը:
Կոմիտէն կողմնակից էր Փոքր Ասիայում պահպանել մի Թուրքական պետութիւն` առաջարկելով, սակայն, որ այդ երկիրը չտարածուի աւելի արեւելք, քան սեւծովեան Սամսունից դէպի միջերկրածովեան Սելեվկիա ձգուող գիծը: Իսկ Գիրասուն-Սուազ-Մերսինա գծից արեւելք ընկած խառն բնակչութիւն ունեցող տարածքները պէտք է անջատուեն եւ ստանան իրենց պատմական անունը` Հայաստան: Նախատեսւում էր, որ Հայկական պետութեան արեւմտեան սահմանը պէտք է դուրս գայ Սեւ ծով` Տրապիզոնի եւ Տիրեբոլուի նաւահանգիստների միջեւ: Յուշագրին կցուած քարտէզում Հայաստանը ձգւում էր Օրդուից Տաւրոս լեռների վրայով մինչեւ Միջերկրական ծովի կիլիկիան ափը: Արեւելքի գործերի կոմիտէն այնուհետեւ առաջարկեց, որ Տրապիզոնը, Բաթումը, Փոթին եւ անգամ Բաքուն պէտք է վերածել ազատ նաւահանգստային գօտիների:
Փարիզի խաղաղութեան վեհաժողովի ամերիկեան պատուիրակութեան Արեւմտեան Ասիայի բաժանմունքը նոյնպէս խորհուրդ էր տալիս Հայաստանը անջատել ապագայ մնացորդ Թուրքական պետութիւնից, որի արեւելեան սահմանը Անդրտաւրոս լեռները պէտք է լինէին: Այդ բաժանմունքը, որը գլխաւորում էր պրոֆեսոր Վիլյամ Լ. Վեստերմանը, նաեւ նշում էր, որ Հայաստանի անդրկովկասեան շրջանները պէտք է միանան Օսմանեան կայսրութեան հայկական նահանգներին: Այդ նոր պետութեան արեւմտեան եւ հարաւային սահմանները արդէն իսկ որոշուած էին բնութեամբ` Անդրտաւրոսի եւ Տաւրոսի լեռնաշղթաներով: Այսպիսով` Հայաստանը տարածւում էր Կիլիկիայից դէպի Տրապիզոնի շրջակայքը, Կարս, Ախալցխա, Ախալքալաք եւ Երեւան: Նշւում էր, որ ահռելի կոտորածների եւ տեղահանութեան, ինչպէս նաեւ հայերի նկատմամբ պատմական անարդարութեան ֆոնի վրայ ինքնորոշման սկզբունքի լիբերալ մեկնաբանութիւն պէտք է կիրառել այս դէպքում: Հայաստանը պէտք է դրուէր Ազգերի լիգայի կողմից մանդատատէր երկրի պաշտպանութեան ներքոյ:
Աւելի ուշ` 1919 թ. ամռանը, ամերիկեան Քինգ Քրէյն կոմիսիան Կոստանդնուպոլիս, Կիլիկիա եւ Սիրիա-Լիբանան-Պաղեստին այցելելուց յետոյ մտահոգութիւն յայտնեց, որ հայերի չափազանցուած յաւակնութիւնները խախտում են մեծամասնութեան սկզբունքը: Կոմիսիան առաջարկեց, որ ի շահ հէնց հայերի` նրանց պետութիւնը պէտք է սահմանափակուի Ռուսահայաստանով եւ Արեւելեան վիլայէթների այն մասով, որը ռուսական բանակը գրաւել էր 1916 թ.: Սա նշանակում էր, որ անգամ այսպիսի աւելի փոքր հայկական պետութիւնը այնուհանդերձ պէտք է ներառէր համշէնցի-հեմշինլիների տարածքները մինչեւ Տրապիզոն քաղաքն ու նաւահանգիստը:
Դաշնակիցների նահանջը
Հայաստանի ապագային վերաբերուող բոլոր ծրագրերի իրականացումը եւ ելքը դէպի ծով կախուած էին դաշնակիցների վճռականութիւնից ու կարողութիւնից, որը պէտք էր թուրքական զինուած ուժերը հանելու համար այն տարածքից, ուր նրանք շարունակում էին տիրապետել: Եւ, որ աւելի կարեւոր էր, առաջին համաշխարհային պատերազմից յետոյ թուրքական ղեկավարութեանը պատած ֆատալիզմին ու յոռետոսութեանը եկել էր յաջորդելու Մուստաֆա Քեմալ փաշայի` ռազմատենչ առաջնորդի` թուրք ժողովրդին ներշնչած նոր կեանքը: Կամքի եւ խորամանկութեան իր բացառիկ ունակութեամբ նա կարողացաւ կազմակերպել այնպիսի դիմադրութիւն, որի հիմնական նպատակն էր արգելել հայերին եւ յոյներին որեւէ տերիտորիալ զիջում անելը: 1919 թ. ամռանը Էրզրումի եւ Սուազի մուսուլմանական աւագանու հաւաքներին Քեմալը պնդում էր, որ Թուրքական պետութեան բնական սահմանները ներառում են բոլոր արեւելեան նահանգները եւ ամբողջ Տրապիզոնի վիլայէթը: Թուրք նացիոնալիստները մերժում էին իրենց թուրքական հայրենիքի մասնատմանն ուղղուած դաշնակից պետութիւնների բոլոր փորձերը:
Դաշնակից պետութիւնների միջեւ լարուած մրցակցութիւնը եւ քեմալիստական շարժումը ջախջախելու համար զինուած ուժեր տրամադրելու դժկամութիւնը 1919 թ. աւարտին յանգեցրեց Հայկական Հարցի վերաբերեալ նահանջին: Դաշնակիցներին ուղղուած հայերի բոլոր դիմումները` զինաթափել թուրքական բանակը արեւելեան նահանգներում եւ ջարդերից փրկուած աքսորեալներին հայրենիք վերադարձնել, դրական արդիւնքներ չունեցան: Աւելին` պարզ դարձաւ, որ Միացեալ Նահանգները չի ընդունում հայկական մանդատը եւ անգամ չի կամենում մասնակցել Թուրքիայի հետ խաղաղութեան պայմանագրի մշակմանը: Ամերիկացիները շրջուեցին Եւրոպայից եւ մտան ՙերջանիկ մեկուսացման՚ շրջան: Պրեզիդենտ Վուդրօ Վիլսոնը չկարողացաւ ամերիկեան կոնգրէսին համոզել` ընդունել հայկական մանդատը կամ գոնէ վաւերացնել Գերմանիայի հետ Վերսալի պայմանագիրը: Վերջինս ստորագրուեց 1919 թ. յունիսին եւ ներառում էր Ազգերի լիգայի կոնվենցիան` նախկին գաղութային նոր պետութիւնների նկատմամբ զարգացած պետութիւնների կողմից պրոտեկտորատների կամ մանդատների սահմանմամբ հանդերձ:
Զրկուելով Միացեալ Նահանգների մասնակցութիւնից` բրիտանական, ֆրանսիական եւ իտալական ղեկավարները որդեգրեցին մի քաղաղաքականութիւն, որով փորձում էին խաղաղեցնել ինչպէս Կոստանդնուպոլսի պաշտօնական թուրքական կառավարութեանը, այնպէս էլ քեմալիստների ընդդիմադիր կառավարութեանը Անգորայում (Անկարա): Նրանք ետ կանգնեցին թուրքերին Կոստանդնուպոլսից եւ վերջին Եւրոպական տերիտորիաներից արտաքսելու նախնական մտադրութիւնից եւ ընդունեցին, որ Կիլիկիայի շրջանը մնայ թուրքական տիրապետութեան ներքոյ: Որոշուեց նաեւ կրճատել Հայաստանի սահմանները` ընդգրկելով Անդրկովկասում առկայ հայկական պետութեան տարածքները եւ Տաճկահայաստանի նախկին նահանգների արեւելեան մասը: 1920 թ. սկզբին, Բրիտանիայի ատաքին գործերի նախարար Կուրզոնի բառերով ասած, պարզ էր, որ Հայաստանը պէտք է լինի պարփակ, եւ հարցը այժմ այդ պարփակ պետութեան համեմատական մեծ կամ փոքր լինելն է:
Լոնդոնում 1920 թ. փետրուարեան խորհրդակցութիւններին Կուրզոնն ընդունեց, որ Միջերկրական ծով դուրս եկող Մեծ Հայաստանի գաղափարը այլեւս հնարաւոր չէր: Այժմ քննարկւում էր այն հարցը, թէ արդեօք Էրզրում բերդաքաղաքն ու Տրապիզոնի նաւահանգիստը պէ՞տք է պատկանեն Հայաստանին: Նա տրամադրուած էր Հայաստանին Լազիստանով ելք տալ դէպի ծով, թէեւ այնտեղի բնակչութեան մեծ մասը վրացական մուսուլմաններ էին: Ենթադրւում էր, որ Բաթումը պէտք է լինէր ազատ նաւահանգիստ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Բերտելոն առաջարկեց, որ Հայաստանը հետեւի Շուէյցարիայի օրինակին` ապահովելով երկաթուղային կապ եւ առեւտրական արտօնութիւններ` սեւծովեան մի նաւահանգստից օգտուելու համար:
Բրիտանական կառավարութեան ներքին յուշագրերից պարզւում է, որ արտգործնախարարութիւնը հաւանութիւն էր տալիս Տրապիզոնը Հայաստանին միացնելու առաջարկին: Վ.Ս. Չայլդը դա բացատրում է հետեւեալ կերպ. ՙՏրապիզոնն ունենալով իր կազմում` Հայկական պետութիւնը կը դառնայ պարփակ, ամբողջական, անկախ տնտեսական միաւոր, որի շահերն ու համակրանքը ուղղուած կը լինեն դէպի մեզ: Այն պետութեան համար եկամուտի աճող աղբիւր կը դառնայ: Այն կը նպաստի ազգային գիտացութեան ամրապնդմանը, ինչպէս եւ Բաթումի կամ այլ օտարերկրեայ նաւահանգստի նկատմամբ ոչ մի պայմանագրային իրաւունք չի կարող ապահովել… Հայաստանը ո՜չ ազգագրական, ո՜չ պատմական յաւակնութիւններ չունի Տրապիզոնի ծովային ելքի նկատմամբ, եւ այս շրջանի միացումը հիմնաւորւում է միայն տնտեսական նպատակայարմարութեամբ: Բայց ես վստահ եմ, որ այս նպատակայարմարութիւնը մեծ է, եւ որ Տրապիզոնի նման քաղաք ունենալը (աշխարհագրօրէն այն Հայաստանի բնական նաւահանգիստն է) աւելին կÿանի այդ պետութեան կայունութեան, միասնականութեան եւ բարգաւաճման համար, քան ցանկացած այլ տերիտորիայի միացումը՚:
Որպէսզի այս եւ յարակից հարցերը ուսումնասիրուեն եւ առաջարկներ ներկայացուեն, Լոնդոնի կոնֆերանսը որոշեց ստեղծել, այսպէս կոչուած, Հայաստանի յանձնաժողով: Ահարոնեանի, Նուբարի եւ այլ շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցութիւններից եւ հարցազրոյցներից յետոյ յանձնաժողովը փետրուարի վերջին ներկայացրեց իր առաջարկութիւնները: Որքան էլ որ ցանկալի լինի Տրապիզոնը տեսնել Հայաստանի կազմում, նման լուծումը իրատեսական չէ, որովհետեւ հայերին այնպէս հիմնաւոր էին բնաջնջել, որ նրանք հազիւ թէ ի վիճակի լինէին նորից բնակեցնել բոլոր տարածքները: Ռազմավարական առումով Տրապիզոնի միացումը Հայաստանին կÿօգնէր ապահովել Հայկական բարձրաւանդակի մատոյցը եւ կը հեշտացնէր նրա պաշտպանութիւնը: Սակայն քաղաքական եւ ազգագրական նկատառումներից ելնելով` դա հնարաւոր չէր անել: Հայաստանին յատկացուող տերիտորիան պէտք է բաւականաչափ փոքր լինէր, որպէսզի կարճ ժամանակում հայերը այնտեղ կարողանային մեծամասնութիւն կազմել: Ապահովութեան համար թուրքերին մնացող հողերը Տրապիզոնի եւ Տիրեբոլու միջեւ պէտք է ապառազմականացուէին, եւ Տրապիզոնի բոլոր ամրոցները պէտք է վերացուէին: Այսպիսով` Հայաստանի սահմանը ձգուելու էր Տրապիզոնի եւ Էրզրումի վիլայէթների սահմանագծի Պոնտական լեռներից հարաւ` դէպի Բայբուրտ, Մուշ, Սասուն, Բիթլիս եւ Վան: Դէպի ծով ելք ունենալու Հայաստանի պահանջը պէտք է բաւարարուէր նրան Ճորոխ գետի հովտի միջով` Կարս-Արդահան-Արդուին գծով երկաթուղի կամ մայրուղի կառուցելու իրաւունք տալու միջոցով: Իսկ Բաթումը պէտք է լինէր միջազգային ազատ գօտի: Հնարաւոր էր նաեւ, որ Լազիստանը անուանապէս կը միանար Հայաստանին` որպէս ինքնավար մարզ: Նշւում էր, որ լազերը չեն համակրում վրացիներին եւ կը գերադասէին հնարաւորինս ազատ կարգավիճակ ունենալ: Այսպիսի լուծումը Հայաստանին հնարաւորութիւն կը տար օգտուել Բայբուրտից Ռիզէ եւ Օֆ փոքր նաւահանգիստները տանող ճանապարհներից: Ի լրացումն այս ամէնի` Հայաստանը կÿօգտուէր Էրզրումից ու Բայբուրտից դէպի Տրապիզոն յատուկ տրանզիտային արտօնութիւններից` այդ նաւահանգստում ներմուծման եւ արտահանման երաշխաւորուած տրանզիտի իրաւունք ունենալով:
Ամերիկեան գործօնը
Չնայած Միացեալ Նահանգները հրաժարուեց խաղաղարարական գործընթացից, այդուհանդերձ շարունակում էր պրոհայկական լոբբիի ճնշման ներքոյ եւրոպական դաշնակիցներից պահանջել` որքան հնարաւոր է առատաձեռն լինել նորաստեղծ հայկական պետութեան հանդէպ: 1920 թ. մարտին, երբ Սենատը երկրորդ անգամ հրաժարուեց վաւերացնել Վերսալի պայմանագիրը, պետքարտուղար Բէյնբրիջ Կոլբին կոչ արեց ճանաչել հայ ժողովրդի օրինական պահանջները եւ ՙմասնաւորապէս նրան ազատ եւ անարգել ելք տալ դէպի ծով՚: Նա նշում էր, որ միայն Լազիստանի նկատմամբ տրուող յատուկ իրաւունքները Հայաստանին չեն ապահովի այդպիսի ելք: Հաշուի առնելով, որ Տրապիզոնը միշտ էլ եղել է Հայաստանով անցնող առեւտրական ուղիների մեկնակէտը, եւ որ վարչապետ Վենիզելոսը պոնտական յոյների անունից նախընտրել է միացումը Հայաստանին, քան Թուրքիային, Միացեալ Նահանգները պնդում է, որ եւրոպական դաշնակիցները Տրապիզոնը տան Հայաստանին:
1920 թ. Ապրիլին, երբ իտալական Սան Ռեմօ հանգստավայրում դաշնակիցները շարունակում էին իրենց քննարկումները, նրանք Վաշինգտոնին պատասխանեցին, որ խորապէս կիսում են անկախ Հայկական պետութիւն ստեղծելու զգացմունքները եւ կամենում են Հայաստանին տալ իր կարիքներին եւ հետագայ բարգաւաճմանն անհրաժեշտ պահանջուած տարածքները: Բայց քանի որ Միացեալ Նահանգները չէր կարող օժանդակել թուրքական բանակների հեռացմանը եւ ապահովել Հայաստանի անվտանգութիւնը, Հայաստանի նորաստեղծ պետութեան համար շահեկան չէր շատ մեծ տերիտորիա ունենալը: Առաւելագոյնը հայերին դէպի ծով ելք կը տրուէր Բաթումով, ինչպէս նաեւ Լազիստանը (Տրապիզոնից արեւելք) Հայաստանին միացնելու միջոցով եւ Տրապիզոնի նաւահանգստում տրանզիտային իրաւունքներ եւ արտօնութիւններ ունենալով:
Դաշնակիցների` Սան Ռեմոյի խորհրդակցութիւնների ժամանակ բրիտանական արտաքին գործերի եւ ռազմական նախարարութիւնների միջեւ մեծ տարաձայնութիւններ առաջ եկան. Լորդ Քերզոնը կողմնակից էր Էրզրումը Հայաստանին տալուն, իսկ ռազմական նախարար Վինստոն Չերչիլը դէմ էր դրան: Էրզրումը կամ Տրապիզոնը Հայաստանին տալու հետեւանքների պատասխանատուութիւնից խուսափելու համար, խորամանկօրէն խուսանաւելով, պրեմիեր մինիստր Լլոյդ Ջորջը 1920 թ. ապրիլի 24-ին կրկին որոշեց դիմել ԱՄՆ նախագահ Վիլսոնին` չորս արեւելեան վիլայէթներում` Տրապիզոնում, Էրզրումում, Բիթլիսում եւ Վանում Հայաստանի սահմանների որոշման հարցում դատաւորի դերում հանդէս գալու խնդրանքով: Օսմանեան կայսրութեան հետ յառաջիկայ խաղաղութեան դաշնագրում Թուրքական պետութիւնը պարտաւորւում էր կանխաւ համաձայնել այդ չորս վիլայէթներում ԱՄՆ-ի ցանկացած սահմանաբաժանմանը:
Որքան էլ որ զարմանալի թուայ, նախագահ Վիլսոնը մայիսի 17-ին ընդունեց դաշնակիցների հրաւէրը: Պետդեպարտամենտին մի քանի շաբաթ էր անհրաժեշտ, որպէսզի հարցի ուսումնասիրութեան եւ առաջարկութիւնների համար փորձագէտների խումբ ստեղծի: 1920 թ. օգոստոսի 10-ին սուլթանական կառավարութեան թուրք պատուիրակութիւնը հրաւիրուեց Փարիզ` ստորագրելու Սեւրի պայմանագիրը, որի 89 յօդուածը սահմանների մասին ասում էր. “Թուրքիան եւ Հայաստանը, ինչպէս նաեւ պայմանագիրն ստորագրած բոլոր պետութիւնները, համաձայնում են Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի վճռին Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ Էրզրում, Տրապիզոն, Վան եւ Բիթլիս վիլայէթներում սահմանների որոշման հարցում եւ ընդունում են վերոյիշեալի շուրջ նրա իւրաքանչիւր որոշում, ինչպէս նաեւ ընդունում են Հայաստանի` դէպի ծով ելքի եւ նշուած սահմաններին յարող ցանկացած թուրքական տերիտորիայի ապառազմականացման վերաբերեալ նրա կարգադրութիւնը”:
Այդ միջոցին Վիլեամ Վեստերմանի գլխաւորած ամերիկեան մասնագէտների խումբ կատարում էր նախագահի յանձնարարութեանը եւ իր զեկոյցը ներկայացրեց պետդեպարտամենտին 1920 թ. սեպտեմբերի 28-ին (Սեւրի համաձայնագրի ստորագրումից վեց շաբաթ անց): Յանձնաժողովը բացատրում էր, որ առաջարկութիւնների ձեւակերպման համար հաշուի են առնուել աշխարհագրական, տնտեսական եւ ժողովրդագրական նկատառումները: Հայերի համար նախատեսուած տերիտորիան պահանջածի կէսից պակաս էր, սակայն վերջին ամիսների իրադարձութիւնները յանգեցրել էին այդ ուղղումներին: Ինչ վերաբերում էր Հայաստանի` դէպի ծով ելք ունենալուն, ապա յանձնաժողովը մի քանի հնարաւորութիւն էր քննել. Ճորոխ գետի հովտով Բաթում տանող ճանապարհը առեւտրական ուղի էր բացում միայն նախկին ռուսական կայսրութեան կազմում եղած շրջանների համար, մի բան, որ խնդրայարոյց էր այդ երկրում քաղաքական անկայունութեան պատճառով: Արեւմուտքում` Լազիստանի ափի երկայնքով, երկու փոքր նաւահանգիստներ կային` Օֆ եւ Ռիզէ, որոնք, սակայն, դաժան կլիմայական պայմաններում էին գտնւում եւ այնքան վատ կայանատեղեր ունէին, որ որոշակի ամիսների բեռնափոխադրումները դադարեցւում էին, չկային նաեւ երկրի խորքերը տանող համապատասխան ճանապարհներ: Նկատի ունենալով նախագահ Վիլսոնի տրամադրութիւնը` յանձնաժողովը յանգեց այն եզրակացութեան, որ դէպի ծով ելք ապահովելու համար անհրաժեշտ է Հայաստանին տալ Տրապիզոնը, չնայած որ հայերը էթնիկական գերակշռութիւն չունէին ո՜չ քաղաքում, ո՜չ վիլայէթում: Տնտեսական պահանջը ՙբացարձակ եւ վճռորոշ էր՚: Քանի որ Տրապիզոնի նաւահանգստից ուղիղ Բայբուրտ եւ Էրզրում տանող քարաւանային ուղու երկայնքով երկաթուղու կառուցման ցանկացած ծրագիր անյաղթահարելի դժուարութիւնների էր հանդիպելու, անհրաժեշտ էր մինչեւ Տիրեբոլի ձգուող Խարշուտ գետի հովիտը միացնել Հայաստանին` որպէս ծովը հայկական լեռնաշխարհին կապող միակ կենսական ուղի: Թուրքական եւ պոնտական յոյների յաւակնութիւններն այս տարածքների նկատմամբ ՙպէտք է համարուեն որպէս երկրորդական երեք վիլայէթների` Վանի, Բիթլիսի, Էրզրումի քուրդ, թուրք եւ հայ բնակչութեան շահերի նկատմամբ՚: Այդ պատճառով Տրապիզոնն ու Տիրեբոլին պէտք է տրուեն Հայաստանին եւ ապառազմականացուեն թուրքական կողմից սահմանամերձ գօտու ստեղծման միջոցով:
Յանձնաժողովի առաջարկած սահմանների վերջնական տարբերակը Հայաստանին էր թողնում Տրապիզոնի եւ Էրզրումի վիլայէթների մեծ մասը` ներառեալ Էրզրում քաղաքը, ինչպէս նաեւ Վանի եւ Բիթլիսի վիլայէթների երկու երրորդը: Հայաստանի սահմանը սկսւում էր Տիրեբոլի եւ Գիրասոնի միջեւ, Պոնտական լեռներով բարձրանում էր դէպի Գիւմուշխանէից արեւմուտք եւ Շապին-Գարահիսարից արեւելք ընկած Քելքիդ գետի ակունքը, այսպիսով` Տրապիզոնից արեւմուտք գտնուող Խարշուտ գետի հովիտը մտնում էր Հայաստանի հանրապետութեան մէջ, ուստի հարկ չէր լինում մտածել Հայաստանի համար նաւահանգստային եւ տրանզիտային յատուկ արտօնութիւններ ստեղծելու մասին, քանի որ այժմ այն ծովային ելք էր ունենալու Տրապիզոնի եւ Լազիստանի այլ նաւահանգիստների միջոցով:
Արդիւնքը
Թէեւ պետական դեպարտամենտը 1920 թ. սեպտեմբերի վերջին ստացաւ զեկոյցը, պրեզիդենտ Վիլսոնին եւս երկու ամիս պէտք եղաւ, որպէսզի թելադրանքները հասցնի դաշնակիցներին: Այդ ընթացքում պարզ դարձաւ, որ դաշնակիցները չեն իրագործելու ո՜չ այս յանձնարարականները, ո՜չ էլ Սեւրի պայմանագրի բազմաթիւ այլ բաժիններ: Հայերի համար դառն հեգնանք դարձաւ այն փաստը, որ հէնց Տրապիզոնի եւ Լազիստանի փոքր նաւահանգիստների վրայով էր, որ Մուստաֆա Քեմալը ստացաւ Սովետական Ռուսաստանի քաջալերանքը, ապա նաեւ` սովետական զէնքի եւ դրամի օգնութիւնն ընդդէմ համընդհանուր իմպերիալիստական թշնամիների:
1920 թ. ամռանը Բեքիր Սամի Բէյի գլխաւորած պատուիրակութիւնը ժամանեց Մոսկուա, որպէսզի ստանայ Սովնարկոմի աջակցութիւնը եւ պայմանագրեր կնքի նրա հետ: Օգտուելով այն նախապատրաստական աշխատանքից, որ կատարել էին փախստական երիտթուրքերը` Էնվեր եւ Ջեմալ փաշաները, Բեքիր Սամին բարեյաջող կերպով բանակցեց սովետա-թուրքական պայմանագրի նախագծի շուրջ, որը ստորագրուեց օգոստոսի 24-ին: Պայմանագրի առաջին յօդուածը երկու կողմերին պարտաւորեցնում էր չճանաչել իրենցից որեւէ մէկին պարտադրուած որեւէ պայմանագիր կամ թելադրանք: Ռուսաստանը, մասնաւորապէս, ճանաչում էր Անկարայի ազգային կառավարութիւնը` որպէս Թուրքիայի միակ ներկայացուցիչ, եւ պարտաւորւում էր այդ իշխանութեան կողմից չվաւերացուած ցանկացած միջազգային ուժամիջոց անօրինական համարել, ինչպէս, օրինակ, Սեւրի պայմանագիրը: Նախագիծը, սովետական ռազմական եւ ֆինանսական օժանդակութեան վերաբերեալ գաղտնի յաւելումների հետ մէկտեղ, Տուապսէից Լազիստան ուղարկուեց պատուիրակութեան անդամ Ալի Քեմալ Բէյի միջոցով: Վերջինս Սեպտեմբերի կէսերին համաձայնագրի պայմանները հեռագրեց Անգորայում գտնուող Մուստաֆա Քեմալին եւ վստահեցրեց, որ Ռուսաստանը չի միջամտի, եթէ գոյութիւն ունեցող Հայաստանի Հանրապետութեան դէմ թուրքական ռազմական գործողութիւններ սկսուեն:
Միայն այս բարեբաստիկ լուրերը իմանալուց յետոյ էր, որ Քեմալը գեներալ Քեազիմ Քարաբեքիրի տասնհինգերորդ կորպուսի զօրագնդերին հրամայեց մտնել Կարս եւ ջարդել հայկական բանակը` որպէս Սեւրի պայմանագրի եւ դրա յաւակնութիւններին ուղղուած ազդեցիկ պատասխան: 1920 թուականի սեպտեմբերի վերջից նոյեմբեր տուած կարճատեւ հայ-թուրքական պատերազմի ժամանակ Եւրոպայի հայասէր շրջանակները աղերսում էին, որպէսզի դաշնակիցները կամ յունական ուժերը ծովային դեսանտ իջեցնեն` Տրապիզոնի թուրքական առաջխաղացումը կանգնեցնելու համար: Թէեւ այսպիսի կոչեր հնչում էին Ազգերի լիգայի սրահներում եւ յայտնւում որոշ արեւմտեան լրագրերում, որեւէ գործուն քայլ չձեռնարկուեց, եւ պարտուած հայկական կառավարութիւնը այլ ելք չունէր, քան իշխանութիւնը սովետներին յանձնելու միջոցով եղածը փրկելը` ստորագրելով, թէեւ այժմ անօրինական, Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Դրանով օսմանեան տերիտորիաների նկատմամբ հայկական բոլոր պահանջները վերացւում էին, եւ կորչում էր նաեւ Ռուսահայաստանի կէսը: Այն յոյսը, թէ Սովետական Ռուսաստանը կը յարգի իր պարտաւորութիւնները եւ կը ստիպի, որպէսզի թուրքական բանակները վերադառնան իրենց նախապատերազմական դիրքերին, շուտով նոյնպէս ջախջախուեց, երբ Սովետական Ռազմայեղափոխական Կոմիտէն Երեւանում դրժեց Հայաստանի Հանրապետութեան վերջին կառավարութեան հետ եղած համաձայնագրերը:
Մուստաֆա Քեմալը շարունակեց իր յաղթական երթը` իրար դէմ հանելով Դաշնակիցներին, ու Սովնարկոմը կարողացաւ իւրաքանչիւր կողմից իր համար առաւելագոյն օգուտներ շահել: Թուրք ազգայնականների յաջողութիւնները իրենց գագաթնակէտին հասան, երբ 1921 թուականի մարտին եւ հոկտեմբերին պսակուեցին սովետների հետ կնքած Մոսկուայի եւ Կարսի պայմանագրերով: Արեւմուտքում 1921 թուականի հոկտեմբերին կնքուեց ֆրանս-թուրքական համաձայնագիրը Կիլիկիայի վերաբերեալ, իսկ 1923 թուականի յուլիսին կնքուեց Լոզանի պայմանագիրը, որը չեղեալ դարձրեց Սեւրի պայմանագիրը: Լոզանում Հայկական հարցը գետնահարուեց, քանի որ ո՜չ ՙՀայաստան՚, ո՜չ էլ ՙՀայ՚ բառերը դրանում չկային:
Երեք տարի տեւած թուրք-յունական կոնֆլիկտին եւ Իզմիր քաղաքի հրդեհին յաջորդած 1922 թուականի` բնակչութիւնների ստիպողական փոխանակումը վերջ դրեցին Պոնտոսի քրիստոնէական վերածննդի վերաբերեալ բոլոր երազանքներին ու ծրագրերին: Յունական բնակչութիւնը ուժով վերաբնակեցուեց Յունաստանում, իսկ ողջ մնացած համշէնահայ բնակչութիւնը անցաւ դէպի Սեւ ծովի արեւելեան եւ հիւսիսային ափերը, որտեղ պէտք է փորձեր վերածնուել եւ իր ինքնութիւնն ու կենսաձեւը շարունակելու միջոցներ գտնել սովետական համակարգի տնտեսական եւ գաղափարախօսական ճնշման պայմաններում:
Միւս կողմից` մուսուլման հեմշինլիները, զրկվելով իրենց ազգային-կրօնական ժառանագութիւնը վերադարձնելու հնարաւորութիւնից, իջան թուրքական իրականութեան ընդյատակը, որտեղ նրանց սպասում էր ձուլման պետական քաղաքականութիւնը: Թէեւ խոշոր հաշուով քեմալիստական ռեժիմը յաջողութիւններ ունեցաւ թուրքացման ոլորտում, հեմշինլիները ամբողջութեամբ չվերացան, եւ ներկայումս, երբ քրդերի, թուրքմէնների, լազերի, ալավիների եւ այլ էթնիկական խմբերի ինքնութեան հարցը նորից այժմէական է դարձել, հեմշինլիների` իրենց հայկական պատմամշակութային, լեզուական, նոյնիսկ կրօնական արմատները վերագտնելու եւ հետազօտելու հնարաւորութիւնները նոր հրապուրիչ հեռանկարներ են բացում եւ մարտահրաւէրներ ծնում:
Համշէն Եւ Համշէնահայութիւն
(գիտաժողովի նիւթեր)
ԵՐԵՒԱՆ – ՊԷՅՐՈՒԹ, 2007
Թողնել պատասխան