Համշէն Պատմաաշխարհագրական ակնարկ (16-20-րդ դարեր)

by

Աշոտ Մելքոնեան

ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի տնօրէն,պատմական գիտ. դոկտոր, պրո‎‎ֆեսոր

1915 թ. Հայոց մեծ եղեռնից, հայ ժողովրդի հայրենազրկումից յետոյ, երբ հայերի պատմական հայրենիքը՝ Արեւմտեան Հայաստանը, երիտթուրքական իշխանութիւնների կողմից իրականացուած ցեղասպանութեան հետեւանքով լիովին հայաթափուեց, ինքնին հասկանալի է, որ Հայկական Հարցը, որը որպէս միջազգային դիւանագիտութեան հարց ասպարէզ էր իջել 1878 թ. Սան-Ստեֆանոյի եւ Բեռլինի վեհաժողովների ժամանակ՝ որպէս Օսմանեան կայսրութեան հայկական նահանգներում հայանպաստ բարեփոխումների իրականացման խնդիր, կորցրեց իր նախկին բովանդակութիւնը: Սակայն աշխարհասփիւռ հայութեան համար այն դարձաւ հայկական հողերի՝ հայրենիքի վերադարձման պայքարի հարց, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ արտայայտուեց ցեղասպանութեան միջազգային ճանաչմանն ու հատուցմանն ուղղուած շարժման ձեւով՝ ստանալով Հայ Դատ պայմանական անուանումը:

1965 թ. Հայոց ցեղասպանութեան 50-ամեայ տարելիցի նշումից եւ յատկապէս 1998 թ. անկախ Հայաստանի արտաքին քաղաքականութեան մէջ պետականօրէն այդ խնդրի ընդգրկումից յետոյ Հայ Դատի համար պայքարը թեւափեց նոր փուլ: Փաստօրէն միջազգային ասպարէզում քաղաքական եւ ՙգիտական՚ շրջանակների ահռելի նիւթական միջոցների ներդրման պայմաններում իսկ թուրքական կողմը տանուլ տուեց հայութեան դէմ տարուող պայքարը՝ Հայոց ցեղասպանութեան իրողութեան հերքման, հայ ժողովրդի պատմութեան հիմնաքարային խնդիրների խեղաթիւրման հարցում: Աշխարհի մօտ երկու տասնեակ առաջատար երկրներ, առաջնորդուելով արդարութեան, ժողովրդավարութեան, ազգերի իրաւահաւասարութեան ու իրաւունքների յարգման համամարդկային սկզբունքներով, խորհրդարանական մակարդակով ճանաչեցին ու դատապարտեցին 20-րդ դարի սկզբին մարդկութեան դէմ իրագործուած առաջին ցեղասպանութիւնը՝ յորդորելով թուրքական իշխանութիւններին հետեւել իրենց օրինակին: Անկասկած, քանի դեռ Միաւորուած ազգերի կազմակերպութիւնը, աշխարհի ուժեղագոյն երկրներից ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ այլ երկրներ չեն դատապարտել Հայոց ցեղասպանութիւնը (թէեւ ԱՄՆ 38 նահանգներ այդ արել են նահանգային մակարդակով), չի կարելի խօսել Հայ Դատի համար պայքարի այդ փուլում ձեռք բերուած վերջնական յաղթանակի մասին, այնուամենայնիւ մի բան յստակ է, որ հասունացել է պայքարի յաջորդ` շատ աւելի վճռական՝ Թուրքիայի կողմից հայութեանը հատուցելու փուլին նպատակամղուելու ժամանակը: Այդ իմաստով կարեւոր է ընդգծել, որ ճանաչման գործընթացը Հայ Դատի հետապնդման ռազմավարութեան միայն մարտավարական աստիճանն է, իսկ վերջնական նպատակը՝ կորուսեալ հայրենիքի վերադարձը:

Ելնելով ժամանակի նոր մարտահրաւէրներից եւ գիտակցելով ու իրատեսօրէն գնահատելով հայ ժողովրդի ազգային իդէալների իրականացման համար մղուող պայքարի ճանապարհին նշմարուող նոր պայմանների հեռանկարները` այսօր կենսական է դառնում նոր մօտեցումների, մարտավարական ձեւերի ընտրութեան խնդիրը: Այդ տեսանկիւնից անհրաժեշտ է նորովի մեկնաբանել նոյնիսկ այնպիսի մի աքսեօմատիկ իրողութիւն, որպիսին 1915 թուականից յետոյ մեր հայրենիքի ի սպառ հայաջնջման հանգամանքն է: Բանն այն է, որ այդ իրողութիւնը գերազանցապէս վերաբերում է քրիստոնեայ հայութեանը: Իսկ մահմեդականացած հայութիւնը, որն օտարացման ուղին բռնել էր դեռեւս միջնադարում, զարմանալի կենսունակութիւն դրսեւորուելով, իր ազգային դիմագծի շատ կողմերով, անգամ ազգային ինքնագիտակցութեամբ, դիմակայելով դարեր, գոյատեւեց ցայսօր: Ցաւալիօրէն մինչեւ այժմ մենք աչքաթող ենք արել Հայ Դատի համար մղուող պայքարի նոր փուլում բացառիկ կարեւորութիւն ներկայացնող այս հանգամանքը: Միայն նշենք, որ վերջին շրջանում արուած հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ այսօր Թուրքիայի Հանրապետութեան արեւելեան եւ կենտրոնական նահանգներում, այսինքն՝ պատմական Արեւմտեան Հայաստանում ու յարակից գաւառներում մօտաւոր հաշուարկներով իսլամացած հայութեան շառաւիղների թիւն անցնում է մէկ միլիոնից, իրենց արմատները դեռ յիշող, երբեմն էլ հայ զգացող, այսպէս կոչուած ՙթաքուն՚ հայերինը՝ 750 հազարից: Դա այն դէպքում, երբ պաշտօնապէս ճանաչուած քրիստոնեայ հայերի թիւը նոյն տարածքում պակաս է 5 հազարից1: Չմոռանաք, որ Եւրոմիութեան մէջ ընդգրկուելու ուղին բռնած Թուրքիան, որն ակամայից պարտադրում է հասարակութեան որոշ ազատականացում, աւելի ու աւելի նպաստաւոր պայմաններ է ենթադրում այդօրինակ հայութեան գոյութեան ու գործունէութեան լեգալացման համար:

Օսմանեան կայսրութիւնում դարեր շարունակ տեղի ունեցած էթնոկրօնական երեւոյթները հասկանալու համար փորձենք համառօտակի անդրադառնալ հայութեան ազգային ու հաւատքային վերակերպումների հարցին, որը խիստ տիպական է եղել Արեւմտեան Հայաստանի ու յարակից մի շարք գաւառների, մասնաւորապէս Համշէնի համար:

Մինչեւ ԺԶ դարը, ինչպէս երեւում է սկզբնաղբիւրների վերլուծութիւնից, օտար ծանր տիրապետութիւնների պայմաններում Հայաստանը հիմնականում շարունակում էր մնալ էթնիկապէս միատարր երկրամաս: Օսմանեան դժնդակ գերիշխանութեան հաստատումը, որն ի սկզբանէ ուղեկցւում էր քրիստոնեաների զանգուածային կոտորածներով եւ բռնի մահմեդականացման գործողութիւններով, չէր կարող իր բացասական ազդեցութիւնը չթողնել ինչպէս Արեւմտեան Հայաստանի, այնպէս էլ ամբողջ Փոքր Ասիայի էթնոժողովրդագրական պատկերի վրայ: Պատահական չէ, որ արդէն 16-17-րդ դարերում Արեւմտեան Հայաստանում նկատելի դարձան նախորդ ժամանակաշրջանում յայտնուած օտար էթնիկ տարրերի ստուարացման միտումները2:

19-րդ դարի սկզբին Օսմանեան կայսրութիւնում ապրող մօտ 3 մլն. հայերի կողքին (այդ թւում՝ կիսամահմեդականացած), ստեղծուած քաղաքական անբարենպաստ պայմաններում հետզհետէ ուժեղանում էին թուրքալեզու եւ քրդալեզու ժողովուրդների ներհոսքի միտումները: Պատահական չէ, որ հայ բնակչութիւնից յետոյ առանձին նահանգներում եւ գաւառներում զգալի թիւ էին կազմում քրդական ցեղերը, առանձին քաղաքներում՝ թուրքերը: Հայաստանի հարաւում նկատելի էին ասորիները, Կարսի նահանգում՝ կարափափախները, Պոնտական լեռների շրջանում՝ յոյները, լազերը եւ վրացիները: Ոչ հայանպաստ էթնիկ գործընթացների նման զարգացումները պայմանաւորուած էին առաջին հերթին թուրքական իշխանութիւնների վարած քաղաքականութեամբ, որն օրէցօր աւելի ու աւելի ընդգծուած էր դառնում՝ կազմելով Արեւմտեան Հայաստանի ժողովրդագրական զարգացման հիմնական բովանդակութիւնը:

Ուշագրաւ է, որ բռնի մահմեդականացման արդիւնքում էթնոկրօնական վերակերպումների ենթարկուած բնակչութիւնը երկար ժամանակ շարունակել է պահպանել իր ազգային նկարագրի բազմաթիւ տարրեր՝ լեզուն (զտարիւն կամ թուրքախառն ու քրդախառն տարբերակով), կենցաղը, սովորոյթները եւ, որ շատ աւելի կարեւոր է, ազգային ինքնագիտակցութիւնը: Ուստի Արեւմտեան Հայաստանի եւ յարակից գաւառների բնակչութեան թուաքանակը ճշտելիս, ընդհուպ մինչեւ մեր օրերը, հարկ է լրջօրէն հետազօտել ամէն մի տարածաշրջանի էթնոժողովրդագրական նկարագրի խորքային, յաճախ՝ թաքուն կողմերը, որի արդիւնքում միայն հնարաւոր է այս կամ այն էթնոկրօնական համայնքին (մեսխեթցի, ֆրանկ, հայ – լազ, իսլամ, համշինլի, տաճիկ, ՙազ­գաւ եւ կրօ­նիւն վրա­ցի, բայց հա­յախօսներ՚, կէսկէսներ՝ կէս հայ – կէս մահմեդական եւ այլն) վերագրել ազգային պատկանելիութիւն: Ցաւօք այս հանգամանքը յաճախ վրիպել է շատ ուսումնասիրողների ուշադրութիւնից եւ սխալ եզրայանգումների տեղիք տուել:

Օսման­եան տի­րա­պե­տութեան շր­ջա­նում Արեւմտեան Հա­յաս­տա­նում նկատուել են էթնիկ զար­գա­ցում­նե­րի հետեւեալ մի­տում­նե­րը.

1. Բռնի մահմեդականացում, որի արդիւնքում՝

ա)կէսկէսների առաջացում, այնուհետեւ՝ նրանց մի մասի տաճկացում (այս տերմինի տակ երբեմն հասկացւում էր կիսաթուրքացած տարրը, այն է՝ նոյն կէսկէսը), ապա՝ թուրքացում: Այս երեւոյթը նկատելի էր Երզնկայի, Կամախի, մասամբ՝ Էրզրումի եւ յատկապէս Պոնտական լեռներին յարող գաւառներում (Սպեր, Թորթում, Կիսկիմ, Համշէն եւ այլն):

բ) Քրդացում (Քղի, Խնուս, Բայազէտ, Ալաշկերտ, Հաքեարի, Դիարբեքիր եւ այլ գաւառներ):

գ) Լազ էթնոկրօնական հանրութեան ձեւաւորում (հիմնականում՝ Պոնտոսի շրջակայք):

2. Հայերի դաւանափոխութիւն, որի արդիւնքում՝

ա) ուղղափառացում, մասամբ՝ վրացացում (Տայք, Սամցխէ, Ջաւախք, մասամբ՝ Լոռի)3:

բ) Կաթոլիկացում: Ստա­նա­լով ո­րոշ ա­ջակ­ցութ­իւն եւ ան­ձի ու գոյ­քի ա­պա­հո­վութեան խոս­տում­ներ եւրոպական կաթոլիկ քարոզիչներից՝ հայութեան մի մասը կա­թո­լի­կա­նում է: Ի վերջոյ այդ կաթոլիկների մի մասն էլ, զրկուելով ինքնապաշտպանական կարողականութիւնից, ժամանակի ընթացքում թուրքանում է (Ալաշկերտ, Արդ­ուի­ն, Ար­դա­հա­ն եւ այ­լուր)4:

Դեռեւս միջնադարում բռնութեամբ մահմեդականացած, սակայն հարիւրամեակներ իր ազգային ինքնութեան բազմաթիւ տարրեր պահպանած հայ բնակչութեան շերտերից կարելի է առանձնացնել Հայկական լեռնաշխարհի հիւսիսարեւմտեան սահմանը եզերող Պոնտական լեռներին յարող ընդարձակ տարածաշրջանի՝ պատմական Կարնոյ աշխարհի եւ Տայքի, Խոտորջուրի ու Համշէնի հայութեանը, որի վերաբերեալ ստեղծուել է բաւական հարուստ գրականութիւն5: Թուարկուած տարածաշրջանների հայութեան մէջ անշուշտ ամենակենսունակը, ինչպէս ցոյց տուեց ժամանակը, եղան համշէնահայերը:

Համշէնը հանդիսանում էր հնագոյն պատմական Խաղտիք աշխարհի մէկ մասը եւ տարածւում էր Պոնտական լեռնաշղթայի արեւելեան շարունակութիւնը կազմող Պարխարի բարձրաբերձ լեռների հարաւային անտառոտ ու ջրառատ լանջերից մինչեւ Սեւ ծով՝ հիմնականում ընդգրկելով Ֆորթունա, Եվողիւտի (Եղիովիտհ, Եուղհովիտ) եւ Խաչեվանա գետակների աւազանը: Բնաաշխարհագրական պայմաններով այս գաւառակը բաժանւում էր երկու մասի՝ Բաշ Համշէնի կամ Վերին Համշէնի, որը զբաղեցնում էր նրա հարաւարեւմտեան լեռնային շրջանը, եւ Խոփա Համշէնի կամ Ներքին Համշենի, որն ընկած էր հիւսիսարեւելքում եւ ձգւում էր մինչեւ Սեւ ծով:

Պատմական գրականութեան մէջ կայ այն թիւր կարծիքը, թէ իբր հայերն այստեղ յայտնուել են միայն 8-րդ դարում, երբ, արաբական հալածանքներից խուսափելով, 789-790 թթ. Շապուհ Ամատունի իշխանի եւ նրա որդի Համամի գլխաւորութեամբ 12 հազ. գաղթականներ Արտազ, Արագածոտն, Կոտայք գաւառներից տեղափոխուել են բիւզանդահպատակ Խաղտիք: Իրականում Խաղտիքը, յաճախ մաս կազմելով Տայք աշխարհին, հնագոյն ժամանակներից եղել է հայաբնակ: Պատահական չէ, որ այստեղ ապրող առաջին բնակիչներին յոյներն անուանել են արմէնօխալիբներայսինքն՝ Խաղտիք-Խալիբ երկրի հայ բնակիչներ: Ի դէպ` նման հայերը կազմել են ոչ միայն Խաղտիքի, այլեւ ողջ Տայքի ու հիւսիսարեւմտեան Հայաստանի բնակչութիւնը Ք.Ա. 9-3-րդ դարերում` Արարատեան թագաւորութեան եւ Երուանդականների ժամանակներում:

Բիւզանդական կայսր Կոնստանդին 6-րդի յատկացրած Տամբուր վայրում կառուցուած բնակավայրերից մէկը, ապա ամբողջ գաւառակը Համամ իշխանի անունից ստացել են Համամաշէն-Համշէն, իսկ բնակիչները՝ համամաշէնցիներ, համշէնցիներ անունները: 8-9-րդ դարերում Համշէնում կազմաւորուած կիսանկախ իշխանութեան սահմանները ձգուել են Պարխարի Վերջնբակ (3711 մ) եւ Քաջքար գագաթներից մինչեւ Սեւ ծով ընկած տարածքը՝ արեւմուտքում հասնելով Պոնտական լեռներ:

Համշէնի իշխանութիւնը, փաստօրէն Բիւզանդական կայսրութիւնից ձեռք բերելով լիակատար անկախութիւն, ժամանակ առ ժամանակ ենթարկւում էր Տայքի կիւրապաղութեանը: 1000-1001 թթ. վերջինիս գրաւումից յետոյ էլ Համշէնը, շնորհիւ իր ազատատենչ բնակչութեան եւ աշխարհագրական նպաստաւոր դիրքի, հիմնականում պահպանեց կիսանկախ վիճակը նաեւ 11-րդ դարի երկրորդ կէսին՝ սելջուկ – թուրքերի, եւ 13 – րդ դարում՝ մոնղոլների արշաւանքների շրջանում: Նոյնիսկ 15-րդ դարում, երբ Հայաստանի ողջ տարածքը յայտնուել էր թուրքմէնական կոյունլու ցեղերի տիրապետութեան տակ, Համշէնը շարունակում էր գոյատեւել՝ չենթարկուելով նաեւ հարեւան Տրապիզոնի Յունական կայսրութեանը: Այդ ժամանակ յիշատակւում են տեղի իշխաններ պարոն Առաքելը, Դաւիթ Ա-ն, Վարդը, Դաւիթ Բ-ն եւ ուրիշներ: Միայն Դաւիթ Բ-ի օրօք` 1489 թ., օսմանեան թուրքերին յաջողւում է գրաւել Համշէնի իշխանութիւնը եւ առժամանակ վերջ տալ նրա մօտ 700-ամեայ գոյութեանը: Նկատենք, որ միջնադարեան Հայաստանի պատմութեան մէջ նման երկարակեցութեան դէպքերը հազուադէպ են:

Համշէնի մեծ մասը շուտով մտցւում է նորաստեղծ Տրապիզոնի էյալէթի (հետագայում՝ վիլայէթ) չորս գաւառներից (սանջակ) Լազիստան գաւառի Աթինա գաւառակի (կազա) մէջ: Նախկին իշխանութեան արեւելեան մի փոքր հատուած մաս է կազմում նոյն գաւառի Խոփա, արեւմտեան մասը՝ Ռիզէ գաւառակների: Համշէնի հայ բնակչութեան օրինակով, որի թիւը 17-րդ դարի սկզբին հասել էր մօտ 10 հազ. տան (մօտաւորապէս 70-80 հազ. մարդ) Տրապիզոնի նահանգի, այսինքն՝ ողջ պոնտահայութեանը յաճախ սկսեցին կոչել համշէնահայեր:

Թուրքական տիրապետութիւնը, ինչպէս վերը նշուեց, աղետալի եղաւ ամբողջ Արեւմտեան Հայաստանի, այդ թւում՝ Համշէնի համար: Բնակչութիւնը ենթարկուեց քաղաքական ու կրօնական անդուլ հալածանքների, քրիստոնեաների համար սահմանուեցին անտանելի ծանր հարկեր: Այս ամէնի ազդեցութեամբ այստեղ տեղի ունեցան էթնոկրօնական լուրջ վերակերպումներ: Այդ մասին Ղ. Ինճիճեանը գրում է. ՙԲնակիչք երկրին յառաջագոյն հայ էին, այլ ի յելս ԺԷ դարուն եւ ի սկիզբն ԺԸ երրորդին՝ առ հասարակ հանդերձ ամենայն շրջակայ գիւղօրէիւք դարձան ի տաճկութիւն սակս բռնութեան հարկապահանջութեան…՚6: Ոմանք էլ, յատկապէս 1708-1710 թթ., խուսափելով բռնութիւններից, հաստատուեցին Տրապիզոնում, Բաբերդում եւ այլուր7:

Սակայն նման մահմեդականացումը կամ տաճկացումը, նոյն հեղինակի վկայութեամբ, որքան էլ համապարփակ բնոյթ կրէր, չդիմազրկեց գաւառակի հայեցի նկարագիրը. ՙԲայց գտանին տակաւին ի նոսա եւ քրիստոնեայք, յորոց գիւղօրէս կանգուն կան տակաւին եկեղեցի իւրեանց ի վաղուց մնացեալ, այլ չունին երէց ի հովուեալ…՚: Իբրեւ հոգեւոր հովիւ` ժամանակ առ ժամանակ Եւողիւտ գիւղից քահանայ է եկել եւ կատարել ծիսական արարողութիւններ: Ինչ վերաբերում է մահմեդականացած հայերին՝ արդէն տաճիկներին, նրանք ՙ…խօսին մինչեւ ցայժմ հայերէն, ի գործ ածեն ի գիւղօրէս ինչ անուանս կնքահայր եւ կնքամայր, պահեն պահս, եւ զայլ ծէսս եւ օրէնս քրիստոնէական հաւատոց, յաճախեն յեկեղեցիս եւ այլն. ոմանք կէսկէս են հաւատովք, արտաքուստ միայն ցուցանելով զտաճկութիւն…՚8:

Ուշագրաւ է, որ եթէ արեւմտահայ գաւառների մեծ մասում՝ Կիսկիմում, Թորթումում, Սպերում, Երզնկայում եւ այլուր, այդ կէսկէսների զգալի մասը հետզհետէ կորցրեց իր ազգային նկարագրի գրեթէ բոլոր տարրերը, ապա Համշէնի հայութիւնը, առերես մնալով ՙմահմեդական՚, շարունակեց դարերով հաւատարիմ մնալ իր ազգային արմատներին:

Իրականում համշէնցի կէսկէսների զգալի մասը գրեթէ ոչնչով չէր տարբերւում մնացած հայ բնակչութիւնից: Նրանցից շատերը ոչ միայն վարժ չէին խօսում թուրքերէն, այլեւ ընդհանրապէս չգիտէին այդ լեզուն: Մի մասն էլ խօսում էր թուրքերէնի հետ խառն հայերէնով9: Կարելի էր հանդիպել բազմաթիւ կէսկէսների, որոնք ունէին հայկական անուններ եւ ազգանուններ՝ միայն թուրքական օղլի վերջաւորութիւնով. օրինակ՝ Կիրակոսօղլի, Պետրոսօղլի, Գրիգորօղլի եւ այլն: Ճանապարհորդների այն հարցին, թէ ինչ ազգութեան են պատկանում, հետեւում էր ՙիսլամ եմ՚՝ նրանց ազգութեան մասին ոչինչ չասող պատասխանը, տերմին, որի տակ 19-րդ դարի 40-ական թուականների գերմանացի ուղեգիր Կարլ Քոխի արտայայտութեամբ՝ Թուրքիայում ընկալւում էր միմիայն օսմանլին՝ թուրքը10:

Համշէնին խիստ բնորոշ էր նաեւ մէկ այլ հանգամանք՝ աշխարհագրական տեղանունների եւ ծառերի ու բոյսերի տեսակների նախնական՝ հայկական (հայկազունք) եզրերի յարատեւումը: Գաւառակի ամենաբարեբեր հովիտները այնտեղով հոսող գետակների անուններից շարունակում էին կոչուել Եղնովիտ (Եուղհովիտ) եւ Բալովիտ (Բալհովիտ): Եղնովիտում էին համանուն գիւղն ու նրա նշանաւոր վանքը: Բալովիտը յայտնի էր իր խիտ անտառներով, ուր բազմանում էին տարին բոլոր մորթու գոյնը փոխող հազուագիւտ այծեր, գորշ արջեր եւ այլ կենդանիներ: Յայտնի էին Վերջնբակ եւ Քաջքար լեռնագագաթները, Խաչեվանա վանքն ու համանուն գետակը, Ճորոխի վտակ Պեժանկերտը, Համշէն, Տափ, Քոշտենց, Մեծմուն, Ժանընտնոց, Մոշեվինց, Ուսկուրտու, Շնչիվա, Որդնենց, Մակրեւինց, Խապագ, Խալա, Վերին եւ Ներքին Վիժա գիւղերը: Ըստ որում` այս բնակավայրերի մի մասը թէեւ 18-րդ դարի վերջին հայաբնակ չէր կամ լաւագոյն դէպքում կէսկէսաբնակ էր, շարունակում էր մնալ հայանուն11:

Համշէնահայերի ազգային ինքնութեան հիմնական գծերի յարատեւման գաղտնիքներից մէկը պայմանաւորուած էր նրանց աշխարհագրական միջավայրով: Ապրելով լեռնոտ ու խիտ անտառներով պատուած տարածքում` համշէնցիները զբաղւում էին փակ բնատնտեսութեամբ՝ անասնապահութեամբ, այգեգործութեամբ, մեղուապահութեամբ, մասամբ՝ հողագործութեամբ: Յատկապէս նշանաւոր էր Համշէնի մեղրամոմը, որի դիմաց սուլթանական կառավարութիւնը գանձում էր գաւառից ստացուող հարկերի զգալի մասը՝ տարեկան 2000 օխա: Փաստօրէն որոշակի տուրքեր վճարելու պայմանով ինչպէս լեռնային այլ համայնքներ՝ Սասունը, Զէյթունը, Մոկսը, այնպէս էլ Համշէն գաւառակը ձեռք էր բերել կիսանկախ կարգավիճակ: ՙՏէրութիւն երկրին է ի ձեռս երկուց աղայից, – կարդում ենք աղբիւրներում, – յորոց մին դարձեալ է ի հայոց՚12:

Յատկանշական է, որ նման պայմաններում համշէնահայերը քիչ էին յարաբերւում ոչ միայն հարեւան թուրքերի, լազերի, յոյների, այլեւ՝ լիարիւն քրիստոնեայ հայերի հետ: Այդ ձեւով նրանց մեջ հետզհետէ ձեւաւորւում էր արտաքին աշխարհից զատորոշուելու եւ սեփական՝ ՙհամշէնցի՚ կամ ՙհամշինլի՚, այսինքն՝ հպարտ լեռնեցու ինքնութեամբ յարատեւելու ֆենոմենը: Փաստօրէն տուեալ դէպքում կէսկէս լինելու հանգամանքը ոչ միայն ճանապարհ չէր հարթում դէպի թուրքացում, այլեւ հանդիսանում էր հզօր պաշտպանական վահան՝ իշխանութիւնների կողմից նրանց ինքնութեան դէմ ձեռնակուող ոտնձգութիւնների հանդէպ: Մինչեւ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը Համշէնի գաւառակում հաշուըւում էր աւելի քան 13 հազար հայախօս բնակիչ, որոնք տեղաբաշխուած էին 33 գիւղերում:

Այսպէս` Պոնտոս-Լազիստանի հայերն ընդհանրապէս, համշէնահայերը՝ մասնաւորապէս իրենց իւրայատուկ ինքնութիւնը պահպանեցին մինչեւ 1915 թ. հայոց մեծ եղեռնը՝ յաճախ՝ թաքուն, ժամանակ առ ժամանակ էլ՝ բացայայտօրէն թուրքական իշխանութիւններին հակադրուելով իրենց իրական հայեցի նկարագրով: Նման գործելակերպի արտայայտութիւն էին 19-րդ դարի 70-ական թուականներին համշէնցիների` մեծ չափեր ընդունած արտագաղթերը, որոնք արտայայտւում էին կամ ընտանեօք տեղափոխութիւնների, կամ միայն տղամարդկանց` ժամանակաւոր պանդխտութեան մեկնելու եղանակով:

Արտագաղթողներն առաւելապէս նախընտրում էին Ռուսաստանի սեւծովեան առափնեայ շրջանները՝ Բաթումի մարզը, Աբխազիան, մինչեւ Նովոռոսիյսկ ու Ղրիմ ընկած շրջանները, ուր կարելի էր դիւրութեամբ վերականգնել քրիստոնէական ապրելակերպն ու ազգային կեանքի մնացած տարրերը, ինչպէս եւ վաստակել հանապազօրեայ հացը: Եթէ Ռուսաստան արտագաղթելն ինչ-ինչ պատճառներով հնարաւոր չէր լինում, ապա համշէնցիները տեղափոխւում էին Արեւմտեան Հայաստան ու յարակից հայաշատ գաւառներ, ուր աւելի դիւրին էր շրջանցել Օսմանեան կայսրութիւնում գործող այն օրէնքը, ըստ որի իսլամացածներին սպառնում էր խստագոյն պատիժ՝ իրենց կրօնին վերադառնալու պարագայում13:

20-րդ դարի սկզբին, անկախ այն հանգամանքից, որ համշէնահայերի ու պոնտահայերի զգալի մասը իսլամադաւան էր, տարածաշրջանի բնակչութեան կենցաղը, լեզուն, բարքերը, ծէսերը, մնում էին գերազանցապէս հայկական14: Առաջին աշխարհամարտի նախօրեակին ամբողջ Տրապիզոնի նահանգի հայութեան թիւն ըստ Բ. Թորլաքեանի, որոնց հետազօտողը լայն իմաստով անուանում է հիմնականում համշէնահայեր, հասնում էր աւելի քան հարիւր հազարի, որոնցից զուտ համշէնցիներ՝ 65342-ը: Համշէնահայերն ամբողջ Արեւմտեան Հայաստանում եւ Օսմանեան կայսրութիւնում, առանց քաղաքային բնակչութեան հաշուառման, կազմում էին 81458 մարդ կամ 11606 ծուխ, որոնք տեղաբաշխուած էին 322 գիւղերում15:

Ինչպէս 1890-ական թուականներին, այնպէս էլ Առաջին համաշխարհային պատերազմի օրերին երիտթուրքական իշխանութիւններն իրենց հայակուլ գործունէութեան մէջ խտրականութիւն չդրեցին նաեւ մահմեդականացած համշէնահայերի նկատմամբ: Զանգուածային ջարդերի հետեւանքով նրանց զգալի մասը կոտորուեց տեղում կամ տեղահանուեց: Մնացածներին յաջողուեց պատսպարուել լեռնային անտառներում եւ 1916 թ. փետրուարին ռուսական զօրքերի կողմից Աթինայի ու Ռիզէի, իսկ ապրիլին՝ Տրապիզոնի գրաւումից յետոյ, փրկուել: 1918 թ. գարնանը Կովկասեան բանակի կազմալուծումից յետոյ պոնտահայ գաղթականների նոր ալիքը հեղեղեց Սեւ ծովի արեւելեան առափնեայ շրջանները եւ Հիւսիսային Կովկասը:

Իրենց նոր հայրենիքում՝ Սեւ ծովի արեւելեան ափերին՝ Աջարիայում, Աբխազիայում, Ադլերում, Սոչիում, Անապայում, Նովոռոսիյսկում, Դոնի Ռոստովում, Կրասնոդարի ու Ստավրոպոլի երկրամասերում ապրող նախկին պոնտահայերը, որոնց հաւաքական առումով աւելի յաճախակի սկսեցին կոչել համշէնահայեր, պահպանեցին ու նոր զարգացման հասցրեցին հայ մշակոյթը:

Այսօր՝ հայոց մեծ եղեռնի 90-ամեայ հեռաւորութիւնից, մենք հպարտութեամբ կարող ենք ասել, որ մեր կորուսեալ հայրենիքի՝ Արեւմտեան Հայաստանի նկատմամբ նոր սերունդների պատմական յիշողութիւնը շատ թարմ է, իսկ արեան կանչը՝ զօրաւոր: Ներկայիս Հայաստանի Հանրապետութիւնում, Ջաւախքում, Սեւ ծովի առափնեայ շրջաններում ապրում են հարիւրհազարաւոր հայեր, որոնք երբեք չեն մոռանում օտարի ձեռքում մնացած իրենց հայրենիքի` այսօր յուշ ու հեքիաթ թուացող պատմութիւնը: Սակայն պատմութիւնն ունի իր անակնկալները, ժամանակներն՝ իրենց քաղաքական մարտահրաւէրները: Այդ պատմական յիշողութեամբ զինուած` մենք պէտք է պատրաստ լինենք ընդունելու պատմութեան մարտահրաւէրները եւ արժանի լինելու հայրենի հողի տառապալից կանչին, առաւել եւս, որ ինչպէս իրաւացիօրէն նշում է մեր մեծ գրող Մուշեղ Գալշոյեանը, հողը երբեք չի մոռանում իր իրական տիրոջը: Արժանի լինենք այդ հողին տէր դառնալու առաքելութեանը:

Ծանօթագրութիւններ

1. Խանլարի ՀԿարէն, Հայ բնակչութեան էթնոկրօնական վերակերպումները Թուրքիայի հանրապետութիւնում (1923-2005), Ե., 2005, էջ 104:
2Մելքոնեան Ա., Ժողովրդագրական տեղաշարժերի միտումները Էրզրումի նահանգում (16-րդ դ. սկիզբ – 20-րդ դ. սկիզբ), ՊԲՀ, 1999, թիւ 2-3, էջ 122-129, նոյնի՝ The Demography of the Province of Erzerum: Sixteenth-Twentieth Centuries. Armenian Karin/Erzerum, Edited by Richard G. Hovannissian, California, 2003, pp., 134-145 եւ այլն:
3. Վերջիններիս զգալի մասը Սամցխէ-Ջաւախքում 17-18-րդ դդ. մահմեդականացաւ եւ տարածաշրջանի՝ Մեսխեթի (Սամցխէ, Ախալցխայի գաւառ) անունից ստացաւ աշխարհագրական ինքնանուանում՝ մեսխեթցիներ, որը շուտով ձեռք բերեց էթնոկրօնական բովանդակութիւն: Հայերի վրացացման մասին նշանաւոր աշխարհագէտ Ղուկաս Ինճիճեանը գրում է. ՙԲազ­մու­թիւն իշ­խա­նաց մե­րոց, նաեւ հա­սա­րակ ժո­ղովր­դեան, որք ա­պա սա­կաւ առ սա­կաւ սո­վո­րեալք ի՜ լե­զու, ի՜ բարս, նաեւ ոմանք ի՜ ծէսս վրաց, փո­խե­ցան յազգ նո­ցա՚ (Ինճիճեան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, Վենետիկ, 1806, էջ 123: Այսօ­րի­նակ վրա­ցա­դա­ւան հա­յե­րի մասին դեռ ԺԷ. ­դա­րի հե­ղի­նակ Յա­կոբ Կար­նե­ցին գրում է. ՙԱզ­գաւ եւ կրօ­նիւն վրա­ցի, բայց հա­յի լե­զո­ւաւ խօ­սէին՚ (Մանր ժամանակագրութիւններ, հ. Բ, Ե., 1956, էջ 554):
4. Արեւմտեան Հայաստանում օսմանեան տիրապետութեան ժամանակ տեղի ունեցած էթնոկրօնական վերակերպումների մասին տե՜ս Մելքոնեան Ա., Հայ բնակչութեան էթնոկրօնական դիմախեղման գործընթացներն Արեւմտեան Հայաստանում 16-19-րդ դարերում, Հայոց պատմութեան հարցեր, գիտական յօդուածների ժողովածու, հ.5, Ե., 2005, էջ 47-60:
5. Koch K., Wanderungen im Oriente wՊhrend der Jahre 1843 und 1844, Weimar, 1846, Տաշեան Յ., Հայ բնակչութիւնը Սեւ ծովէն մինչեւ Կարին, Վիեննա, 1921: Նոյնի՝ Տայք, դրացիք եւ Խոտորջուր, Վիեննա, 1978,Ատրպետ, Ճորոխի աւազանը, Ե., 1934 եւ այլն:
6. Ինճիճեան Ղ., նշվ. աշխ., էջ 396: Համշէնի մահմեդականացման մասին տե՜ս Թորլաքեան Բ.Գ., Էջեր համշէնահայերի 17-18-րդ դարերի պատմութիւնից, ՊԲՀ, 1972, թիւ 4, էջ 133-136:
7. Տաշեան Յ., Հայ բնակչութիւնը Սեւ ծովէն մինչեւ Կարին, էջ 34:
8. Ինճիճեան Ղ., նշվ. աշխ., էջ 396:
9. Տե՜ս Տաշեան Յ., Հայ բնակչութիւնը Սեւ ծովէն մինչեւ Կարին, էջ 78-82:
10. Տե՜ս Koch K., նշվ., աշխ., էջ 57-59:
11. Ինճիճեան Ղ., նշվ. աշխ., էջ 396-397:
12. Նոյն տեղում:
13. Гиргас В., Права христиан на Востоке по мусульманским законам, 1865, с. 96.
14. Համշէնահայերի կենցաղի, տարազի, բարբառի եւ այլ հարցերի մասին տե՜ս ՙՊոնտական ուսումնասիրութիւնք՚, Վիեննա, 1919, Թորլաքեան Բ.Գ., Համշէնահայերի տարազը 19-րդ դարի վերջերին, ՊԲՀ, 1976, թիւ 3, էջ 145-156, Աճառեան Հ., Քննութիւն Համշէնի բարբառի, Ե., 1947, Արշակունի,Պատմութիւն հայկական Պոնտոսի, Պէյրութ, 1967, Բդոյեան Վ., Պոնտոսի հայերի վարող գործիքները, ՊԲՀ, 1971, թիւ 4, էջ 197-205, ինչպէս նաեւ Յակոբոս Տաշեանի վերոնշեալ աշխատութիւնները :
15. Թորլաքեան Բ.Գ., Համշէնահայերի եւ պոնտահայերի բնակավայրերն ու թուաքանակը 1914 թուականին, ՊԲՀ, 1970, թիւ 2, էջ 213-214:

Համշէն Եւ Համշէնահայութիւն
(գիտաժողովի նիւթեր)
ԵՐԵՒԱՆ – ՆՊԷՅՐՈՒԹ, 2007

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: