Հայկական հետախուզության գաղտնի գործողությունները՝ 1720-ական թթ.

by

Հոդվածս նվիրում եմ հայրենասեր գործիչ,Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի պայծառ հիշատակին

Առհասարակ որքանո՞վ է արդարացված մի հետախուզական ցանցի մասին խոսելը, որը 1720-ական թթ. կատարում էր Արցախում և Սյունիքում կենտրոնացած հայկական զինված ուժերի ղեկավարության առաջադրանքները։ Իսկ եթե այդ մասին կան վավերական պատմական տեղեկություններ (իսկ դրանք կա՛ն), ապա ո՞վ և ե՞րբ է ստեղծել հայկական այդ արտաքին հետախուզությունը։ Ու՞մ է այն ենթարկվել իր գոյության տարբեր փուլերում։ Ո՞ր պետություններում, շրջաններում և քաղաքներում է այն գործել։ Ինչպիսի՞ խնդիրներ են նրա առջև դրվել մինչև ապստամբության սկսվելը` 1722 թ. և դրանից հետո։ Ի՞նչ գաղտնի գործողություններ է այն հաջողությամբ իրականացրել և որոնցու՞մ է ձախողում կրել։ Արդյո՞ք մեզ հայտնի են այդ տարիներին գործած գոնե մի քանի հայ հետախույզների անուններ։ Ահա ընդամենը մի քանիսն այն հարցերից, որոնք ես ավելի մանրամասն քննում եմ հրատարակության պատրաստվող գիտական առանձին ուսումնասիրության մեջ։ Իսկ թերթային սույն հրապարակման մեջ ընդհանուր առմամբ ուրվագծված է հայկական հետախուզության գործունեությունը 1720-ական թթ., ինչպես նաև համառոտաբար ներկայացված է նրա հզոր գործակալական կայանը (ռեզիդենտուրա)՝ Ռեչ Պոսպոլիտայի Կամենեց-Պոդոլսկ քաղաքում։

Սկզբում, սակայն, հիշեցնենք պատմական իրադրությունը։ Ինչպես արդեն ներկայացրել եմ «Հայաստանի զրուցակցի» մի շարք հրապարակումներում (թիվ 155, 181, 205), 1722-ից մինչև 1724 թ. հայ ապստամբական ուժերին հաջողվեց ամուր վերահսկողություն հաստատել Արցախի (Ղարաբաղ) և Սյունիքի (Ղափան) վրա։ Հայ ռազմաքաղաքական իշխանության տարածագոտու (մասնավորապես՝ երևանյան և նախիջևանյան ուղղություններով) ընդլայնման փորձերը հաջողություն չունեցան մի շարք պատճառներով։ Դրանցից գլխավորը 1723 թ. սկսված օսմանյան ներխուժումն էր Իրան, այդ թվում՝ Արևելյան Հայաստան և Անդրկովկաս։ Բայց օսմանյան բանակները տարածաշրջանում գտնվելու ամբողջ տևողության ընթացքում, այսինքն՝ ընդհուպ մինչև 1735 թ., որքան էլ հարձակողական խոշոր արշավանքներ ձեռնարկեցին ու նաև խուլ շրջափակում հաստատեցին հայկական այդ ինքնակառավարվող նահանգների դեմ, չկարողացան կոտրել նրանց դիմադրական ներուժը։

1722 թ. նախորդող առնվազն երկու տասնամյակի ընթացքում հայկական ընդհատակյա դիմադրության ղեկավարությունը մեծ նախապատրաստական աշխատանք էր կատարել, այդ թվում՝ ստեղծել էր գաղտնի գործակալների միջազգային ցանց, որը գործում էր Սեֆյան Իրանում, Օսմանյան կայսրությունում, Եվրոպայում և Ռուսաստանում։ Թեև որոշակի հիմքեր կան կարծելու, որ այդ աշխատանքը նախաձեռնվել էր տակավին 17-րդ դարի երկրորդ կեսին, սակայն նպատակասլաց ու եռունդուն կերպով այն սկսեց իրագործվել Իսրայել Օրու՝ Եվրոպայից Արևելյան Հայաստան վերադառնալուց ու նրա ներկայացրած ազատագրական հստակ ծրագրերի նախնական կիրարկման պահից (1699-1701 թթ.)։ Այդուհետ ու մինչև 1722 թ. հայրենիքում և արտասահմանում իրականացվող հայկական գաղտնի գործողությունների բոլոր թելերը տանում էին, վերջիվերջո, դեպի ազգային ընդհատակի կենտրոնական երեք դեմքերը՝ Իսրայել Օրին (սպանվել է Աստրախանում՝ 1711թ.), Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը (մահացել է Արցախում՝ 1728թ.) և Օրու մահվանից հետո Ռուսաստանում հայ ազատագրական շարժման լիազոր ներկայացուցիչ դարձած Մինաս վարդապետ Տիգրանյանը (մահացել է Մոսկվայում՝ 1740թ.)։

Ներկայացված հարցերը քննելիս պետք է նկատի ունենալ էական մի հանգամանք։ Քանի որ 1720-ական թթ. ազատագրական շարժումը չհասավ նախնական նպատակին՝ ազատագրությանը Սեֆյան Իրանի ու, առաջին իսկ հնարավորության դեպքում՝ նաև Օսմանյան կայսրության լծից, ապա նրա պատմության, կարևոր զարգացումների, ղեկավարների և շարքային մասնակիցների մասին եղած տեղեկատվության մեծ մասը, անվտանգության նկատառումներից ելնելով, ժամանակին ոչնչացվել է հենց հայ գործիչների ձեռքով։ Ընդ որում, դեռ այն ժամանակ ամենից խիստը պահպանվում (ու առաջինն էլ ոչնչացվում) էր, բնականաբար, այն տեղեկույթը, որը վերաբերում էր հակառակորդի տարածքում կամ երրորդ պետություններում հայկական ուժերի իրականացրած հետախուզական և այլ գաղտնի գործողություններին։

Հայկական ընդհատակյա դիմադրությունն աշխատում էր չափազանց վտանգավոր պայմաններում՝ պարսկական և օսմանյան իշխանության պահնորդների և նրանց տեղական մանկլավիկների անխոնջ և անդադար հսկողության ներքո։ Այսպես՝ 1722 թ. դեռ շատ առաջ՝ 1703 թ. մայիսի 27-ին Պետրոս Ա ցարին առաքված նամակում հայ մելիքները նշում էին՝ «շրջապատված ենք անհավատների լրտեսներով» (“окружены шпионами неверных”)։ Ճիշտ այդ պատճառով էլ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը՝ 1718 թ. սեպտեմբերի 24-ին Մինաս Տիգրանյանին հասցեագրված իր նամակում բազմիցս նախազգուշացնում էր հույժ գաղտնիություն պահպանելու անհրաժեշտության մասին (ռուսերեն թարգմանությամբ պահպանված այս նամակից մեջ ենք բերում մեզ հուզող խնդիրը լուսաբանող մի հատված).

«մեր անկյալ ազգը՝ բոլոր հայ քրիստոնյաները, մեծավորներն ու փոքրավորները, ազատություն են տենչում…. որքան ուժեր ունենք՝ բոլորը պատրաստության մեջ են գտնվում և ակնկալում հասնել այն օրվան, երբ հնուց ի վեր սպասված ազատությունը նորից ամբողջ սրտով կստանանք:

մյուս հարցերի մասին Այվազը ձեզ բանավոր կզեկուցի: Թեև ցանկանում էինք այս նամակն առավել մանրամասն շարադրել, սակայն բազմաթիվ պատճառներով չհամարձակվեցինք: Սա էլ գրեցինք, անսալով Այվազի թախանձագին խնդրանքներին, հավատ ընծայելով նրա երդմանը: Նրան նաև համառոտաբար մեր ձեռնարկի մասին պատմեցինք: …եթե հանկարծ մեր ժողովրդից որևէ չար մարդ կամ լրտես տեսնի կամ լսի այս նամակների մասին՝ իմացած եղեք, որ մեր վերջն արդեն եկավ, իսկ Տունն այս հիմքից կքանդվի: Այդ իսկ պատճառով էլ՝ բարեհաճեք աչալրջորեն գործել և մեր ձեռնարկն այնպիսի գաղտնիության մեջ պահել, որ որևէ մեկին բացահայտ չլինի ու, կրկնում եմ, հայտնի չդառնա: Դուք էլ գիտեք, որ մեր թշնամիներն ամենուր շատ են: Դարձյալ հաստատում եմ, վարդապե՛տ. եթե այս նամակների մասին իմանան, մեզ կոչնչացնեն: Գործն այնպես տեսեք, որ մեր մահից հետո էլ անգամ այն հայտնի չդառնա»։

Հետաքրքիր է, որ Եսայի Հասան-Ջալալյանի զգուշացում-առաջադրանքը, թե՝ «գործն այնպես տեսեք, որ մեր մահից հետո էլ անգամ այն հայտնի չդառնա», Մինաս վարդապետը կատարում է անթերի, մինչև իր կյանքի վերջը: Այսպես՝ 1740 թ., վախճանվելուց ընդամենը մի քանի շաբաթ առաջ, նա կտրուկ հրաժարվում է բացահայտել ռուս չինովնիկներին պարսկերեն լեզվով գրված մի փաստաթղթի բովանդակությունը՝ ասելով, որ այդ մասին որևէ մեկը չպետք է իմանա. ինչպես նրանք պատմում էին՝«Սնդուսված մեծ թղթի վրա՝ պարսկերենով գրված մի թերթ, իսկ թե ի՞նչ գործի մասին է այն գրված՝ Վարդապետը հրաժարվեց բացահայտել՝ ասելով, որ այդտեղ գրված գործի մասին որևէ ոք չպետք է իմանա»։

Չնայած ձեռնարկված բոլոր նախազգուշական միջոցներին, 1720 թ. տեղի է ունենում տեղեկույթի լուրջ արտահոսք, որի հետևանքով, հնարավոր է, բացահայտվում է հայ գործակալներից ոմանց ինքնությունը, ըստ այդմ՝ ինչ-ինչ գործողություններ էլ ձախողվում են։ Այդ մասին է վկայում, մասնավորապես, հայկական ընդհատակի հին գործիչներից մեկի՝ Մինաս վարդապետին 1725 թ. առաքած նամակի հետևյալ հատվածը. «Հայր սուրբ, այժմ ամենուրեք հայտնի եղավ մեր բանը. այսքան տարի ոչ ոք չգիտեր քո խորհրդի և գործունեության մասին, այլ և այն բանի մասին, որի համար դու այդտեղ ապրում ես: Ահա այժմ հինգ տարի է, ինչ մեր բանը հայտնի դարձավ բոլոր դավաճաններին…»։

Սակայն հայկական արտասահմանյան գործակալական ցանցի հետ աշխատանքի պայմանները 1722-1724 թթ. ենթարկվեցին մեծ ցնցումների և ձևափոխման ։

Նախ՝ խստագույնս գաղտնակալված հայկական դիմադրությունը, մեկեն վերածվելով ժողովրդական ազգային-ազատագրական ընդվզման, ռազմաքաղաքական ասպարեզ բերեց նոր ղեկավար գործիչների, որոնք մինչ այդ որևէ կապ չէին ունեցել հայկական ընդհատակի, առավել ևս՝ արտասահմանում գտնվող նրա գործակալների հետ։ Սա հասկանալի բարդությունների տեղիք էր տալիս ինչպես «հին գվարդիայի» և նոր մարտիկների հարաբերություններում, այնպես էլ արտաքին հետախուզության կառավարման գործում։ Այդ առումով որոշակի դժվարություններ առաջացան այն հայ հետախույզների համար, որոնք մինչև 1722 թ. գործակցել էին ազգային ընդհատակի կենտրոնացված ղեկավարության հետ։ Ավելին՝ ռազմավարական իրադրության ծայրահեղ վատթարացման պատճառով 1722-1735 թթ. չհաջողվեց ստեղծել արցախյան և սյունյաց բոլոր զորքերի միասնական օպերատիվ մի հրամանատարություն, որը կարող էր ի թիվս այլ խնդիրների՝ իր վրա վերցնել արդեն իսկ առկա արտասահմանյան գործակալական ցանցի կայուն ղեկավարումն ու անհրաժեշտ համադրումը։ Բայցևայնպես՝ այդ ցանցի հետ տարվող աշխատանքը շարունակվում էր և երբեմն, ինչպես ստորև ցույց կտրվի, շատ արդյունավետորեն։ Թվում է, թե Եսայի կաթողիկոսի որոշակիորեն թուլացած դիրքն ու ազդեցությունն Արցախի հայկական ուժերի քաղաքական ղեկավարության կազմում հաջողվեց պահպանել շնորհիվ նաև հայ հետախույզների հետ նրա ունեցած հին կապերի և նրանց շրջանում վայելած հեղինակության։ Չէ՞ որ նա այն քչերից էր, ովքեր կանգնած էին հայկական հետախուզության ստեղծման ակունքներում։ Ապստամբած Արցախում և Սյունիքում գտնվող հայկական դիմադրության նախկին ղեկավարներից նա ամենատարեցն էր և ամենաբարձրաստիճանը։ Ուստի հե՛նց նրան էլ՝ իրենց նախկին ղեկավարին (նորագույն տերմինով ասած՝ «շեֆին») հայ հետախույզները կարող էին ամենից շատ վստահել ու նրա կամ նրա երաշխավորած անձանց հետ համարձակորեն շարունակել աշխատել։

Երկրորդ՝ մի կողմից օսմանյան ներխուժման, մյուս կողմից Պետրոս Ա-ի՝ ռուսական բանակը դեպի Հայաստան ու Վրաստան չշարժելու խոստումնադրուժ քայլի հետևանքով Արցախում և Սյունիքում հայկական ուժերը շուտով հայտնվեցին օսմանյան շրջափակման մեջ։ Այդպիսով՝ մեծապես խաթարվեց մշտական և ապահով կապը հայրենիքից դուրս գտնվող հայկական դիմադրության գործակալների հետ։ Հայկական զորքերի և Ռուսաստանում, Եվրոպայում ու նույնիսկ Օսմանյան կայսրությունում գտնվող նրանց հին ու նոր գաղտնի գործակալների միջև ամենահասանելի և վստահելի կապող օղակն ըստ ամենայնի մնում էր Ռուսաստանում ապստամբած հայության շահերը պաշտոնապես ներկայացնող Մինաս Տիգրանյանը։ Նրան էին ուղարկվում հետախուզական տեղեկություններն ու ամփոփագրերը՝ Անդրկովկասում, Իրանում, Օսմանյան կայսրությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի, ինչպես նաև հայկական գործակալական ցանցի գործունեության մասին։ Իսկ այն հետախույզներին, ոովքեր տևականորեն կամ ընդմիշտ կտրվեցին «կենտրոնի» հետ կապից ու նրա ուղղակի ցուցումներից, մնում էր գործել սեփական հայեցողությամբ։ Ընդ որում, 1722 թ. դրությամբ արտասահմանում աշխատող պատրաստված և փորձառու հայ գործիչներից ոմանք հետագայում այդպես էլ չկարողացան վերադառնալ հայրենիք և անմիջական մասնակցություն բերել այնտեղ ծավալված ազատագրական պատերազմին։

Իսկ 1720-ական թթ. հայոց ազատամարտի մասին մեզ հասած տեղեկությունները պահպանվել են շնորհիվ մի քանի արժեքավոր պատմագրական երկերի, ինչպես նաև այն բավականին ծավալուն գաղտնի նամակագրության, որը վարում էին ըմբոստ հայության ղեկավարները Ռուսաստանի, Վատիկանի, Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրության, գերմանական Պֆալցի իշխանապետության, Լեհաստանի (Ռեչ Պոսպոլիտա) պաշտոնական իշխանությունների հետ և որը պահվում է արտասահմանյան պետական պատմական դիվաններում։ Նույն դիվաններում պահվում է նաև իրենց՝ հայ գործիչների միջև ընթացած գաղտնի գրագրության մի մասը։

Այդ տարանջատ, հատվածական, բազմալեզու, բազմատեսակ ու ցրված տեղեկությունների համադրումն ու վերլուծությունը ծայրաստիճան բարդ լինելով հանդերձ՝ այնուամենայնիվ հնարավորություն է տալիս վստահաբար եզրակացնել, որ ազատամարտի նշված ժամանակահատվածում հայկական զինված ուժերի ղեկավարությունը հաճախ էր ձեռնարկում գաղտնի գործողություններ, որոնց թվում էին.

1. Տարատեսակ արտասահմանյան ատյանների և դեմքերի հետ գաղտնի կապի հաստատումն ու պահպանումը, այդ թվում.

1.1. Մերձկասպյան շրջաններում գտնվող ռուսական հրամանատարության, երբեմն էլ՝ նրա միջոցով ուղղակիորեն Ս. Պետերբուրգի և Մոսկվայի հետ.

1.2. հյուսիսային Իրանում պարսկական փոքրաթիվ ուժերով ապաստան գտած Թահմասպ Բ շահի հետ.

1.3. մշտապես Ռուսաստանում գտնվող վերոհիշյալ Մինաս վարդապետ Տիգրանյանի հետ.

1.4. հայ ազատագրական շարժման խստագույնս գաղտնակալված այն գործակալների հետ, որոնք գտնվում էին Արևմտյան Հայաստանում, Ղրիմում, Իրանում, Լեհաստանում և մի քանի ուրիշ եվրոպական պետություններում, ինչպես նաև օսմանյան ռազմակալման տակ հայտնված Անդրկովկասի և հյուսիսային Իրանի տարածքներում.

1.5. Արևմտյան Հայաստանի հարավային շրջաններում և Քրդստանում բնակվող ասորիների և եզդիական որոշ ցեղախմբերի ղեկավարության հետ։

2. Հայ երիտասարդության զորահավաքների գաղտնի կազմակերպում հայկական զինված ուժերի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում, այդ թվում՝ Արևելյան և Արևմտյան Հայաստանում, Ղրիմի, Լեհաստանի, Հունգարիայի, Վալախիայի, հնարավոր է նաև՝ հայերով խիտ բնակեցված այլ վայրերում։

3. Հայ երիտասարդության գաղտնի գործուղումը ռազմական կրթություն ստանալու։ Բոլոր հիմքերը կան կարծելու, որ 1720-ական թթ. արտասահմանում գաղտնի զորահավաքների ենթարկվող հայ երիտասարդության մի մասը մինչ այդ Հայաստանից ու տեղի գաղթօջախներից գործուղվել էր ստանալու և 1722 թ, դրությամբ արդեն ստացել էր ռազմական կրթություն (ցանկալի էր համարվում եվրոպականը), ամենասկզբից իմանալով դրա բուն նպատակի՝ առաջիկայում Հայաստան ուղարկվելու և այնտեղ ազատագրական կռիվներին մասնակցելու մասին։

4. Արտասահմանում զինվորագրված հայկական ջոկատների գաղտնի փոխադրումը Հայաստան։

5. Տեղեկույթի գաղտնի հավաքումն ու վերլուծությունը, այդ թվում՝ հատկապես ռազմաքաղաքական, տնտեսական և ժողովրդագրական տեղեկությունների ձեռքբերումը, ներառյալ հակառակորդի զորքերի տեղաբաշխման, թվաքանակի, սպառազինության, պարենային ապահովվածության, զորատեսակների և բարոյահոգեբանական վիճակի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային քաղաքական իրադրության մասին։

6. Զենքի, զինամթերքի, մարտական դրոշների (այս մասին տե՛ս «Հայկական մարտական դրոշները և 1730 թ. հուլիսի 26-ի ռուս-թուրքական դիվանագիտական միջադեպը» հոդվածս, ՀԶ, թիվ 205), դրամի, անձնագրերի և այլ անհրաժեշտ պարագաների գաղտնի ձեռքբերումն ու փոխադրումը Հայկական Սղնախներ (կամ ինչպես այն ժամանակ նաև անվանում էին՝ Հայկական բանակ), այսինքն՝ Արցախում և Սյունիքում շուրջանակի պաշտպանություն իրականացնող հայկական զորքերին։

Հայկական հետախուզությանը հետաքրքրող տեղեկույթը

Պահպանված արխիվային վավերագրերում կան բազմաթիվ զեկուցագրեր և ամփոփագրեր, որոնք կազմել են հայ հետախույզները կամ նրանց վերադասները՝ հավաքված տեղեկությունների հիման վրա։ Որպեսզի ընթերցողը գոնե ինչ-որ պատկերացում կազմի դրանց բովանդակության, ոճի և հետաքրքրությունների շրջանակի մասին, համառոտաբար թվարկենք այն հարցերը, որոնք Պետրոս Ա-ին 1722 թ. դեկտեմբերի 9-ին ներկայացված զեկուցագրում լուսաբանում է Մինաս Տիգրանյանը (այս տեղեկությունները հավաքել էին երկու հայ «լեգալ հետախույզները», ում 1722 թ. սեպտեմբերին Մինասը հատուկ ուղարկել էր Թիֆլիս՝ Ի. Ա. Տոլստոյի գլխավորած ռուսական պատվիրակության կազմում).

  • Իրանի մայրաքաղաք Սպահանում և մյուս քաղաքներում տիրող ռազմական իրադրությունը. «շահի մայրաքաղաքում նստած է Միրվեիզի որդին (նկատի ունի՝ աֆղանական զորքերի հրամանատար Միր-Մահմուդին. – Ա.Ա.), ինքը շահը՝ ձերբակալված է, իսկ թագաժառանգը՝ Ղազվինում է»։
  • Հայկական զորքերի թվաքանակն Արևելյան Հայաստանում ու նրանց տեղաբաշխման վայրերը. «առաջ հայկական զորքի թիվը 20 հազար էր, իսկ այժմ արդեն 30 հազար է հավաքվելՆրանք պատրաստ կանգնած են Արարատում (իմա՝ Երևանի նահանգում. – Ա.Ա.), Գողթան գավառում, Ղափանում…»։
  • Կանխավ արված հավաստի նախազգուշացում օսմանյան ներխուժման վտանգի և պարսկական Հայաստանի սահմաններին օսմանյան զորքեր մոտեցնելու մասին. «իսկ այդ Պաղեստինը (նկատի ունի՝ Ս. Էջմիածինն ու Երևանի նահանգը. – Ա.Ա.) թուրքական սահմանից շատ մոտ է, այդ պատճառով մեծ մտավախություն կա… Կարսից և Էրզրումից թուրքերը եկել-մոտեցել են ճիշտ սահմանի եզրին»։
  • Ծանր դրությունը, որում հայտնվել էր Ս. Էջմիածինը, և կաթողիկոս Աստվածատուր Ա Համադանցու ժամանակավոր ձերբակալումը պարսկական իշխանությունների կողմից։
  • Քարթլիի և Կախեթի տիրակալներ (թագավորներ) Վախթանգ VI-ի և Մահմեդ-ղուլի խանի (Կոնստանտինի) միջև լարված հարաբերությունները և հաշտեցման փորձերը։
  • Օսմանյան բանակի գլխավոր հրամանատարի՝ Վախթանգին առաքած գրավոր բողոքն ու նախազգուշացումը՝ պարսից շահի նկատմամբ իր վարքագիծը բացատրելու պահանջով, որն արվել էր հայկական և վրացական զորքերի զորահավաքի, զորաշարժերի և ընդհանուր ռուսամետ տրամադրվածության առիթով։
  • Պարսկաստանում անվտանգության ընդհանուր իրադրության վերահսկողությունից դուրս գալը. «իսկ այժմ պարսից տերության տարածքում ճանապարհորդելը չափազանց վտանգավոր է»։
  • Այն լուրը, որ 1723 թ. գարնանը հնարավոր է աֆղանական զորքերը միանան կովկասցի լեռնականներին՝ ընդհանուր դավանանքի՝ սունիականության հողի հիման վրա։

Հարցերի այս լայն թեմատիկ ընդգրկումն ինքնըստինքյան խոսում է հետախուզության տեղեկատվական բաղադրիչի նկատմամբ հայկական դիմադրության ղեկավարության, ինչպես նաև հետախուզական ցանցի բավականին մասնագիտական մոտեցման մասին։

Թավրիզում հայկական հետախուզական ցանցի ճակատագիրը

Արցախ և Սյունիք զենքի ու զինամթերքի գաղտնի տեղափոխումը տեղի է ունեցել, ամենայն հավանականությամբ, դեռևս մինչև 1722 թ.։ Իսրայել Օրու՝ նորագույն զենք ձեռքբերելու նկատմամբ դրսևորած հետաքրքրության մասին կխոսենք փոքր-ինչ ավելի ուշ, բայց նրա՝ Շամախիից դեպի Ղարաբաղ զենքի տեղափոխում կազմակերպելու մասին գրում էր խորհդային ճանաչված պատմաբան Վ. Պ. Լիսցովը (ցավոք, առանց իր օգտագործած սկզբնաղբյուրը մատնանշելու)։

Սակայն ունենք խիստ արժեքավոր կոնկրետ տեղեկություն առ այն, որ զենքի և զինամթերքի գաղտնի տեղափոխումն Արցախ ու Սյունիք շարունակվել է նաև 1722 թ. հետո։ Ռուսական հրամանատարության կողմից հետախուզական առաքելությամբ հյուսիսային Իրան ուղարկված Ապել անունով մի ագուլիսցի հայ, վերադառնալով Բաքու, 1724 թ. հունիսի 16-ին զեկուցում էր, մասնավորապես, հետևյալը. «Եղել է նա Թավրիզում (1724 թ.) ապրիլ ամսվա վերջին օրերին, և մինչև նրա Թավրիզ ժամանելը շահի հրամանով ղափանցի 30 հայ են մահապատժի ենթարկել այն բանի համար, որ նրանք արճիճե գնդակներ և վառոդ են գնել ու տեղափոխել Ղափան»։

Փաստորեն, խոսքը վերաբերում է Թավրիզում գործող հայկական հետախուզական ցանցի բացահայտմանը։ Ընդ որում, 1722 թ. երկրորդ կեսից սկսած հիմնականում հե՛նց Թավրիզում էին գտնվում ինչպես անձամբ շահ Թահմասպ Բ-ը, այնպես էլ նրա զորքերի շտաբը։ «Անլեգալ հետախուզների» այդպիսի լայն ցանց (30 ղափանցի հայ) անհնար էր ստեղծել 1724 թ.՝ հայոց ապստամբության բռնկումից երկու տարի անց, այն էլ՝ Սյունիքում (Ղափանում) պարսից և հայկական զորքերի միջև ընթացող կռիվների ամենաթեժ միջոցին։ Հետևաբար, այդ ցանցը ստեղծվել էր շատ ավելի վաղ` դեռ մինչև 1722 թ., և հասցրել էր մի շարք հաջող գործողություններ իրականացնել, այդ թվում՝ սյունյաց հայոց զորքերին զենք և զինամթերք մատակարարելու ուղղությամբ։ 1720-ական թթ. սյունեցիներն իրենց ընտիր հրազենային սպառազինվածությամբ, հնարավոր է, զգալիորեն պարտական էին հե՛նց հայկական դիմադրության թավրիզյան գործակալական կայանին։Զենքի տեղափոխումը Ղափան ենթադրում էր գաղտնի գործողությունների բարդ շղթայի առկայություն, ներառյալ՝ թավրիզյան գործակալական կայանի և սյունյաց «Կենտրոնի» միջև հնարավորին չափ կայուն կապի պահպանում, անհրաժեշտ միջոցների հայթայթում, հուսալի իրացնողների և միջնորդների հայտնաբերում, գնված ապրանքի ժամանակավոր պահեստավորում Թավրիզում, ապա կենսականորեն կարևոր այդ բեռների փոխադրում թշնամական տարածքի միջով Ղափան՝ Դավիթ Բեկի գործող զորքերին։ Այդ շղթան, ըստ ամենայնի, Թավրիզով չէր սահմանափակվում և մինչև 1722 թ. (Սպահանի գրավումը աֆղանների կողմից) հասնում էր հավանաբար հայոց Նոր Ջուղա՝ Սպահանին կից քաղաք, որն Իրանում հայկական կապիտալի և առևտրային խոշորագույն ընկերությունների կենտրոնն էր։ Սպահանի դեմ աֆղանական հարձակման տագնապալի օրերին պարզվեց, որ ջուղայեցիները նորագույն զենքի մի մեծ զինանոց ունեն։ 1722 թ. փետրվարի 20-ին, շահի հրամանով, քաղաքապետն ու մեծահարուստները դյուրությամբ զինում են 300 ընտիր հայ տղամարդու («լեվ տղայմարթ Խայ») հրացաններով, ատրճանակներով, թրերով, վահաններով և դաշույններով, ընդ որում՝ բոլոր հրացաններն ու ատրճանակները լինում են անգլիական և հոլանդական նորագույն արտադրության՝ «թամամ թֆանկըն և թափանջէքն Ինկլիզի և Յօլանդզի գընի»։ Իսկ եթե նկատի ունենանք, որ 18-րդ դարի հայ ազատագրական շարժման ակտիվ մասնակիցների թվում են եղել նաև որոշ ջուղայեցի վաճառականներ, ապա պետք է գրեթե աներկբա համարել հայկական հետախուզության Թավրիզի և Ջուղայի գործակալական կայանների համագործակցությունը՝ Սյունիք և Արցախ զենքի գաղտնի փոխադրման հարցում։

«Խլուրդը» շահի շքախմբում

Միաժամանակ, հիմքեր կան կարծելու, որ Թավրիզի գործակալական կայանի մի մասին հաջողվել է փրկվել։ Այսպես՝ ճիշտ այն ժամանակ, երբ Թավրիզում մահապատժի էին ենթարկում 30 ղափանցիներին, Թահմասպ Բ շահի շքախմբում ամենաբարձրաստիճան զորահրամանատարներից մեկն էր թիֆլիսեցի հայ Փարսադան-բեկը, որը նույն Ապելի հաղորդման համաձայն՝ «շահի ծառայության մեջ գեդալիբեկի կոչում ուներ»։ Իսկ ո՞վ էր Փարսադան-բեկը։ Բոլորովին այլ սկզբնաղբյուրներից տեղեկանում ենք, որ 1718 թ. այդ նույն Փարսադան-բեկը՝ Վախթանգ VI-ի հանձնարարությամբ, Սպահանում, Ռաշտում և Շամախիում հույժ գաղտնի բանակցություններ է վարել Իրանում Պետրոս Ա-ի դեսպան Արտեմի Վոլինսկու հետ՝ պարսկական լծից Արևելյան Հայաստանի և Վրաստանի ազատագրության հարցով։ Փարսադանի որդիներից երկուսը՝ Ռաֆայել-բեկն ու Թաղի-բեկը, 1724 թ. ապրիլին գտնվում էին հոր ենթակայության տակ՝ հրամանատարական պաշտոններով, բայց նույն թվականի վերջին նրանք որոշում են դուրս պրծնել շահական զորքերից և միանում են հայկական ջոկատներին, որոնք գտնվում էին ռուսական ռազմական զորախմբի կազմում՝ մերձկասպյան շրջաններում և այնտեղ էլ հիմնում են «Վրացական էսկադրոնը», որը ճնշող մեծամասնությամբ բաղկացած էր վիրահայերից (պարզապես այդ ժամանակներում նրանց ընդունված էր «վրացի», այն է՝ «վրաստանցի» կոչել)։ Մինչդեռ Փարսադանի երրորդ որդին՝ Աբդուլմասեհը, դարձյալ հրամանատարական պաշտոնով, 1722 թ. ի վեր Դավիթ-բեկի գլխավորությամբ մարտնչում էր Ղափանում՝ սկզբից պարսիկների, այնուհետև օսմանցիների դեմ, այնտեղ էլ՝ Խոտի գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում զոհվելով ու թաղվելով։ Բայց ամենաապշեցուցիչ փաստն այն է, որ Փարսադան-բեկը ղափանցի հայերի առաջնորդի՝ հռչակավոր Դավիթ-բեկի աներն էր։ Այլ կերպ ասած՝ ոչ միայն Փարսադան-բեկը, այլև իր ընտանիքն ամբողջովին և անդառնալիորեն ընտրել էին ազատագրական պայքարի ուղին։

Վերը նշվածից պարզ է դառնում, որ Փարսադան-բեկը, լինելով շահին առանձնապես մոտ կանգնած անձ, իրականում, մերօրյա տերմինով ասած՝ «խլուրդ» (թշնամու պետական կամ ռազմական կառույցներում գործող բարձրաստիճան գործակալ) էր, ում հայկական հետախուզությունը թողել էր Իրանում։ Երկար ժամանակ գտնվելով շահի կողքին Թավրիզում` Արցախի և Սյունիքի մերձակայքում՝ նա անտարակույս շարունակում էր հայ ապստամբների հետ համագործակցությունը և նրանց արժեքավոր տեղեկությունների փոխանցումը։ Թահմասպ Բ-ի ճամբարում նա միաժամանակ կատարում էր հայ ազգային-ազատագրական շարժման ազդեցության գործակալի դերը՝ թաքուն կերպով նպաստելով հայկական շահերի առաջխաղացմանը։ Բացի այդ, նրա՝ շահ Թահմասպի մերձավոր շրջապատում լինելը հնարավորություն էր ընձեռում Սյունիքից և Արցախից դուրս՝ պարսից խանական իշխանության տակ հեծող հայերին օրինապաշտ հպատակ ներկայանալ, պնդելով, որ ոչ բոլոր հայերն են զենք բարձրացրած ապստամբներ, այլ կան նաև Փարսադան-բեկի պես շահի հավատարիմ զինվորներ։ Այդ տարիներին Փարսադան-բեկն այն քչերից էր, ումից հայերը կարող էին օգնություն ակնկալել։ Առնվազն մեկ անգամ՝ 1723 թ. ամռանը Փարսադան-բեկը բացեիբաց պաշտպանեց Երևանի հայ բնակչությանը, որին պարսից իշխանությունները ենթարկում էին իսկական ահաբեկման։ Մի արժանահավատ սկզբնաղբյուր այդ պահին արձանագրել է հետևյալ իրողությունը. «Երևանի հայերին ու վանքերին շատ նեղություն են տվել, նրանք էլ մեկ խնդրագիր են գրել Փարսադան-բեկին՝ թե այսպիսի նեղության մեջ ենք՝ մեզ համար մի ճար տես։ Փարսադան-բեկն այդ մասին շահին զեկուցել է, շահից կարողացել է մի հրովարտակ (ռաղամ) ձեռքբերել և այն Երևան ուղարկել։ Նրանում ասվում էր, որ հայերին այլևս վնաս չտան»։

Արդեն իսկ իր զբաղեցրած դիրքով Փարսադան-բեկը պետք է Թավրիզի հայկական գործակալական կայանի ղեկավարներից մեկը լիներ։ Բայց այն, որ նրա անձն ու պաշտոնը որևէ կերպ չտուժեցին անգամ Թավրիզում հայկական հետախուզական ցանցի խոշորագույն տապալումից հետո, ու նա շարունակում էր վայելել շահի լիակատար վստահությունը և լինել նրա մերձավոր նեղ շրջանակի անդամը, լավագույնս է փաստում Փարսադան-բեկի՝ որպես հետախույզի՝ բարձր պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև այդ չափազանց արժեքավոր կադրի հետ գաղտնապահության խստագույն սկզբունքներով աշխատելու հայկական հետախուզության որդեգրած գործելաոճը։

Իրադրությունն առավել պարզելու համար պետք է պատասխանել մեկ լրացուցիչ հարցի։ Պարզ է, որ շահ Թահմասպը տեղյակ չէր այն գաղտնի բանակցությունների մասին, որ 1718 թ. Փարսադան-բեկը վարել էր ռուս դեսպան Ա. Վոլինսկու հետ։ Բայց արդյո՞ք նա չգիտեր, որ Դավիթ-բեկը Փարսադան-բեկի փեսան է։ Կա երկու հնարավոր տարբերակ։ Առաջին և ավելի հավանական տարբերակն այն է, որ ելնելով արտակարգ իրավիճակի առանձնահատկություններից՝ Դավիթ-բեկի ամուսնությունը Փարսադան-բեկի դստեր (ի դեպ՝ հայտնի չէ, թե երկու քույրերից որի՝ Հուսնիբերի, թե Ալամի-սուլթանի) հետ չի հրապարակվել, այլ գաղտնի է պահվել։ Եթե նկատի ունենանք, որ Դավիթ-բեկի զոքանչն ու քենին (Փարսադան-բեկի կինն ու դուստրերից մեկը) մնացել և ապրում էին օսմանցիների ռազմակալման տակ գտնվող Թիֆլիսում, որտեղ և մահացել ու հուղարկավորվել են, ապա այս տարբերակն ավելի հավանական է թվում, որովհետև մեր ունեցած տեղեկություններով՝ նրանք վախճանվել են բնական մահով։ Սա նշանակում է, որ օսմանյան իշխանություններն այդպես էլ չեն իմացել նրանց՝ Դավիթ-բեկի հետ ունեցած ազգակցական մոտ կապի մասին, այլապես կենթարկեին նրանց ամենավայրագ վերաբերմունքի։ Քննարկենք նաև երկրորդ՝ պակաս հավանական, բայց միանգամայն հնարավորտարբերակը։ Շահը գիտեր Դավիթ-բեկի և Փարսադան-բեկի ազգակցական հարաբերությունների մասին, բայց շարունակում էր վստահել Փարսադանին՝ հաշվի առնելով Սեֆյանների համար այդ ծանր ճգնաժամային ժամանակաշրջանում անձամբ իրեն և գուցե նաև իր հորը նրա մատուցած մեծ ծառայությունները։ Հետախույզ Ապելը հաղորդում էր, որ շահի անձնական գվարդիայում ընդամենը մի քանի ընտիր ջոկատ կար ու նախևառաջ 300 «վրաստանցիներից» (վրացիներից և վիրահայերից) ու 25 «դերբենդցիներից» բաղկացած ջոկատը, ընդ որում՝ դրանց հրամանատարը (յուզբաշի) հայ էր։ Այդ լավագույն զինվորները և, բնականաբար, նրանց բոլորին գլխավորող, նրանց սերն ու հարգանքը վայելող ծերունազարդ Փարսադան գեդալիբեկն օդի պես անհրաժեշտ էին ծայրաստիճան աննախանձելի վիճակում հայտնված շահ Թահմասպին։ Մյուս կողմից՝ Փարսադանը պետք էր Թահմասպին, որպեսզի վերջնականապես չկորցներ Իրանի ազգաբնակչության զգալի մասը կազմող հայ ազգի վստահությունը և ապագայում գուցե նույնիսկ օգներ՝ կապ հաստատելու հայկական նորաստեղծ մարտունակ զինված ուժերի հետ՝ իր տերության սահմանները ներխուժած օսմանյան բանակների դեմ համատեղ պայքար ծավալելու համար։ Եվ իսկապես՝ մի քանի ամիս անց, ավելի ստույգ՝ 1724 թ. հուլիս-օգոստոսից շահ Թահմասպն սկսում է կամուրջներ գցել Ղափանի հայոց զինվորության հետ, իսկ երեք տարի անց՝ 1727 թ., նույն հակաթուրքական հենքի վրա տեղի է ունենում նրա լիակատար հաշտեցումը Դավիթ-բեկի հետ։ Թահմասպը ճանաչում է Դավիթ-բեկին՝ որպես Ղափանի տիրակալ ու հարակից շրջաններում գտնվող հայկական ու պարսկամետ զինված ուժերի գլխավոր հրամանատար՝ շնորհելով նրան նույնիսկ սեփական դրամ հատելու իրավունք։ Այս վերջին իրադարձություններում Փարսադան-բեկն արդեն հազիվ թե որևէ դերակատարում է ունեցել, որովհետև նա, ամենայն հավանականությամբ, արդեն կենդանի չէր։ Գիտենք, որ նա վախճանվել էր և հուղարկավորվել Արդեբիլում։ Ու թեև մեր սկզբնաղբյուրը չի նշում նրա մահվան տարեթիվը, սակայն Իրանից 1724 թ. վերջերին Ռաֆայել-բեկի և Թաղի-բեկի փախուստը և նրանց անցումը պարսկականից ռուսական ծառայության մեջ հուշում են, որ Փարսադանն իր մահկանացուն մինչ այդ պետք է կնքած լիներ։ Անհնար է պատկերացնել, որ որդիները հորը լքել էին ու մենակ թողել Իրանում, ինչը հավասարազոր կլիներ նրա դեմ մահապատժի վճիռ արձակելուն։ Այսպիսով, առայժմ հնարավոր չէ վստահաբար ասել, թե վերոհիշյալ երկու տարբերակներից ո՞րն է համապատասխանում պատմական իրականությանը։ Սակայն, ամեն դեպքում, իր ազդեցությունն է գործել նաև այն, որ Փարսադան-բեկը, բնականաբար, հրապարակայնորեն ժխտել է հայության ազատագրական ձգտումները և առերես ներկայացել որպես շահական իշխանության կատաղի ջատագով, ու հաստատ դա արել է վարպետորեն և համոզիչ կերպով։

Վերադառնալով ռուսների կողմից Իրան ուղարկված հետախույզ Ապելի պատմությանը, դժվար չէ նկատել, որ նա անմիջապես հարմարավետորեն տեղավորվել էր Փարսադան-բեկի մոտ և այնուհետև նրա հետ միասին, գրեթե կատարյալ անվտանգության պայմաններում, ուղեկցել էր շահին Թավրիզից Արդեբիլ («за шахом следовал при Парсадим бекове»)՝ընդսմին հավաքելով ամենաթարմ և հավաստի տեղեկություններ։ Պարզ է, որ Ապելը գիտեր Փարսադան-բեկի իսկական առաքելության մասին, ինչպես նաև Փարսադանը գիտեր Ապելի ով լինելը։ Բայց այն օղակը, որն Ապելին դուրս էր բերել Փարսադան-բեկի վրա և կապել նրանց՝ հայկական, այլ ոչ թե ռուսական հետախուզությունն էր, որն Իրանում այդ ժամանակ առհասարակ որևէ գործակալական ցանց չուներ։ Ապելի՝ ռուսական հրամանատարությանը տված զեկույցի վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ ռուսները նրան գուցեև չէին տեղեկացրել 1718 թ. Փարսադան-բեկի հետ վարած գաղտնի բանակցությունների մասին, թեև այդ փաստը նրան կարող էր հայտնի լինել հայ-վրացական աղբյուրներից։ Բայց առավել հետաքրքիր է այն, որ նա գեթ մեկ բառ չի ասել Փարսադան-բեկի՝ հայ ապստամբական ուժերի հետ ունեցած առնչությունների, նրա որդիների և փառաբանված փեսայի, ինչպես նաև այն մասին, թե ինչպես և ինչու է նա ընդհանրապես հայտնվել Փարսադան-բեկի շրջապատում։ Այս ամենից կարելի է մակաբերել, որ 1724 թ. հայկական հետախուզության ինքնուրույնությունը պահպանվում էր՝ Արցախում և Սյունիքում հայկական զինված ուժերի անկախ գոյությանը զուգահեռ։ Ապելը և նրա հայ պետերը չեն ուզեցել ռուսներին ներկայացնել Փարսադան-բեկի գաղտնի գործունեությունը՝ շահի շտաբում նրան մշտապես սպառնացող բացահայտմանը որևէ կերպ ակամա չօժանդակելու համար։

Համառոտաբար՝ հայկական հետախուզությունում ենթակարգության ու գաղտնեգործունեության մասին

1720-ական թթ. ապստամբած հայությունն ակնդետ սպասում էր, թե ուր որ է սկսվելու են ռուսական բանակի հարձակումն ու միացումը Արցախում և Սյունիքում կենտրոնացած հայկական զորքերի հետ։ Այդ ժամանակաշրջանում հետախույզ հայերը՝ վերոհիշյալ Ապելի նման, ռուսական հրամանատարության համար աշխատում էին ընդամենը «համատեղությամբ», ելնելով հայ ազատագրական շարժման շահերից և զուգահեռաբար կատարելով նրա ղեկավարների առաջադրանքները։ Այդպես էին վարվում նաև կամավորական սկզբունքով կազմավորված ու կամավորապես էլ ռուսական մերձկասպյան զորախմբի մեջ մտած հայկական առաջին ջոկատների հրամանատարները։ Ուշագրավ է, որ այդ ջոկատներից մեկը բնութագրական անուն ուներ՝ «հետախուզական ջոկատ»։ Հայկական էսկադրոնի առաջին հրամանատար Պետրոս դի Սարգիս Գիլանենցը՝ հետախուզական ամփոփագրերի իր կազմած մատյանը, որտեղ գրանցված էին 1722 թ. փետրվարի 20-ից մինչև 1723 թ. օգոստոսի 21-ը տեղի ունեցած կարևոր իրադարձությունները, ուղարկել էր ինչպես Մինաս վարդապետին՝ հայերենով, այնպես էլ՝ Գիլանում ռուսական զորքի հրամանատար բրիգադիր Վ. Լևաշովին՝ ռուսերեն թարգմանությամբ։ Սակայն իր անմիջական պետ Գիլանենցը համարում էր Մինաս վարդապետին («Դու ես մեզ ուղարկել այստեղԱյսօր մեր տերը Դուք եք…»)։ Միաժամանակ, նա ակնարկում էր, որ գոյություն ունի նաև Մինասից բարձր հայկական ղեկավարություն. «Լուր կա, որ մեր մեծավորները Ձեզ էլ, [Աստրախանի] նահանգապետ Արտեմի Պետրովիչին էլ գրել են, որ շուտով Այվազին հետ ուղարկես»։ Տվյալ դեպքում, «մեր մեծավորներ» ասելով՝ Գիլանենցն անկասկած նկատի ուներ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանին և արցախյան ու սյունյաց հայոց զորքերի բարձրագույն հրամանատարությանը։

Կարևոր է նաև դիտել, որ երկարամյա ընդհատակյա աշխատանքի արդյունքում մշակված ենթակարգության, կոնսպիրացիայի ու կարգապահության սկզբունքները պահպանվում էին հայկական գաղտնի կազմակերպության նույնիսկ ամենահին ու նվիրված անդամների հարաբերություններում։ Այսպես՝ 1723 թ. Պետրոս Գիլանենցը, լինելով արդեն Հայկական էսկադրոնի հրամանատար, այսինքն՝ Ռուսաստանում ամենաբարձրաստիճան հայերից մեկը, և գտնվելով Մոսկվայից հազարավոր մղոնների հեռավորության վրա՝ Գիլանում, չէր համարձակվում բացել Մինաս վարդապետի կնքած՝ գաղտնի բովանդակությամբ նամակները և այդ կապակցությամբ գրում էր նրան. «Ինձ հանձնած Ձեր նամակներից գեթ մեկն էլ չեմ ուղարկել, բոլորն էլ ինձ մոտ են։ Մտավախության մեջ եմ՝ ուղարկե՞մ։ Ճանապարհները փակ են, իսկ հայի թշնամիները՝ շատ։ Բայց չէ՞ որ դրանք պետք է ուղարկել։ Դուք ինձ բոլոր նամակները կնքած եք տվել։ Քանի անգամ եմ խնդրել՝ գրավոր թույլտվություն տաս, որ բացեմ՝ պատճեններն ուղարկեմ, բնագրերն ինձ մոտ պահեմ, որպեսզի Աստված չանի՝ մեկը հանկարծ կորի, մյուսը մեր ձեռքում մնա։ Իսկ Դուք ինձ այդ նամակների հարցով ոչինչ չեք պատասխանում»։

Հայկական հետախուզության կառուցվածքային զարգացման և կադրերի ընտրության մասին

Նույն նամակում Գիլանենցն ուշադրություն է հրավիրում նոր, օժտված կադրերով հայկական հետախուզությունը համալրելու անհրաժեշտության վրա. «Հայր Սուրբ, խնդրում եմ շնորհ անես՝ շտապ Այվազի խնդիրներին լուծում գտնես, նրան էլ մեզ մոտ ուղարկես, որպեսզի այնպես չլինի, թե տեղիս պետերի առջև սուտ դուրս գա՝ ինչը լավ չի լինի ո՛չ իր, ո՛չ էլ մեզ համար։ Ողորմությամբն Աստուծոյ՝ երբ պարոն Այվազն ճանապարհ ընկնի, նրա հետ մի քանի լավ ճարպիկ տղաներ ուղարկիր։ Այստեղ երիտասարդներ շատ կան, բայց անպիտան են։ Իսկ նրանք, ովքեր պարոն Այվազին խոսք էին տվել [գործի մեջ մտնելու], ոչ մեկն էլ մեր գործի յուրահատկությանը չի համապատասխանում, ինչի մասին ինքը Ձեզ կտեղեկացնի» ։

Այս նամակում եղած ժլատ խոսքերը ինչ-որ երիտասարդների մասին, որոնք պետք է Այվազի (կամ, ինչպես Գիլանենցը բազմիցս հարգանքով նշում է՝ «պարոն Այվազի») մոտ գործի անցնեին ու համեմատելով դրանք մեր ունեցած ընդհանուր տեղեկությունների հետ, կարելի է հավաստիության բավականին բարձր աստիճան ունեցող միանգամից մի քանի կարևոր եզրակացություն անել։

Առաջին, գործի «յուրահատկություն» ասելով՝ Գիլանենցը միանշանակորեն նկատի ուներ ոչ այլ բան, քան հայկական հետախուզությունը։

Երկրորդ, Այվազը, հավանաբար, խոստացել էր ռուսական հրամանատարությանը կազմակերպել հետախուզական առաքելություններ դեպի թշնամու թիկունք։ Այդ պատճառով էլ Գիլանենցն անհանգստանում էր նրա ուշանալու համար՝ «որպեսզի այնպես չլինի, թե տեղիս պետերի առջև սուտ դուրս գա»։

Երրորդ, Այվազը ոչ միայն հայ ազատագրական շարժման ամենահին վստահված անձանցից և թղթատար-սուրհանդակներից մեկն էր (իր երկու եղբայրների հետ նա տակավին կատարում էր Իսրայել Օրու կարևոր հետախուզական առաջադրանքները), այլ, ամեն ինչից դատելով, նաև նրա սուրհանդակային գաղտնի ծառայության առաջին պետը։ Այդ թղթատար-սուրհանդակները, չափազանց վտանգավոր պայմաններում, ապահովում էին կապը տարբեր երկրներում հաստատված հայկական գործակալական կայանների ու Գանձասարում գտնվող նրանց գլխամասային «Կենտրոնի», ինչպես նաև Սյունիքում, Սբ. Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում և Մոսկվայում գտնվող ճյուղային կենտրոնների հետ։ Ժամանակագրորեն ու գործառութային առումներով, սուրհանդակային ծառայությունը հայկական գործակալական-օպերատիվ հետախուզության նախատարրն ու կորիզն էր, մերօրյա տերմինաբանությամբ՝ նրա «գլխավոր վարչությունը»։ Մենք հականե-հանվանե գիտենք հայկական դիմադրության թղթատար-սուրհանդակներից մի քանիսին՝ նրանց, ովքեր «տեղ էին հասցնում Սղնախներ գնացող-եկող, ինչպես նաև այլ հայկական նամակները» («в переводе сигнатских и протчих армянских писем»)՝ Այվազ, Ավետ Թասալմով, Պողոս Զենենց, Հակոբ Կասպարով և ուրիշներ։ Ընդ որում, գերգաղտնի հրամաններն ու տեղեկությունները նրանց հանձնարարվում էր հասցեատիրոջը հաղորդել ոչ թե գրավոր, այլ բանավոր կերպով։ Ինչպես, օրինակ, 1718 թ. գրում էր Մինաս վարդապետին Եսայի Հասան-Ջալալյանը՝ «մյուս հարցերի մասին Այվազը ձեզ բանավոր կզեկուցի»։ Նույնը 1723 թ. Մինասին գրում էր և Գիլանենցը ՝ «Ամեն ինչ մանրամասն կիմանաք պարոն Այվազից»։

Չորրորդ, գոյություն ուներ կադրերի ընտրության և ուսուցման ինչ-որ մի համակարգ՝ յուրօրինակ «հետախուզական դպրոց», որի պետը նույն Այվազն էր, առնվազն մինչև 1724 թ., որից հետո նրա հետքը կորչում է։ Փաստորեն, Այվազի տնօրինության տակ էին և՛ սուրհանդակային ծառայությունը, և՛ գործակալական հետախուզությունը, և՛ կադրերի պատրաստումը։ Հայկական հետախուզությունում օպերատիվ աշխատանքի կառավարման այդպիսի կենտրոնացումը լիովին արդարացված էր խոր գաղտնապահության պահպանման, ինչպես նաև մասնագիտական, կազմակերպչական և դրամական ռեսուրսների սուր պակասի տեսանկյունից։ Այվազը, ինչ խոսք, ունեցել է օգնականներ («աշխատակիցների խումբ»). հաստատ գիտենք նրանցից երկուսի՝ նրա եղբայրների մասին, որոնք նրա հետ միասին, Իսրայել Օրու հանձնարարությամբ 1706 կամ 1707 թ. ուղարկվել էին Թերեք՝ «լեռնցի ժողովուրդների մասին տեղեկություններ հավաքելու համար»։ Պատահական չէ, որ վճռորոշ պահերից մեկին՝ 1723 թ. ամռանը, երբ հայերը լիահույս (ավաղ՝ իզուր) սպասում էին, որ ռուսական զորքերն ուր որ է կմտնեն Շամախի, Այվազի եղբայրներն այդ ռազմավարապես հույժ կարևոր քաղաքում էին՝ ռուսական և հայկական զորքերի ճիշտ մեջտեղում։ Իսկ Շամախիի նշանակությունը նշում էին բոլոր հայ ղեկավարները՝ սկսած Իսրայել Օրուց, որը պատկերավոր էր արտահայտվել՝ «սա է հայոց հողի առաջին բանալին և մուտքը»։ Հետևաբար՝ Այվազի եղբայրները, թեև ծանր («դառն աղքատ») պայմաններում էին, և, ըստ երևույթին, նաև անլեգալ վիճակում, այդուհանդերձ այնտեղ էին մնացել՝ կատարելով տարբեր տեսակի հետախուզական առաջադրանքներ։

Հայ հետախույզների երդում տալու և անվանափոխության մասին

Հայկական գաղտնի կազմակերպության անդամները, այդ թվում նաև հետախույզները, ըստ ամենայնի, տվել են պաշտոնական ու հանդիսավոր երդում՝ Հայաստանի ազատագրության գործին անձնվիրաբար ծառայելու մասին։ Այս խիստ հետաքրքրական դրվագը նշված է վերն այլ առիթով արդեն մեջբերված նամակում, որը 1718 թ. սեպտեմբերի 24-ին Եսայի կաթողիկոսն ուղարկել էր Մինաս վարդապետին.«Թեև ցանկանում էինք այս նամակն առավել մանրամասն շարադրել, սակայն բազմաթիվ պատճառներով չհամարձակվեցինք: Սա էլ գրեցինք, անսալով Այվազի թախանձագին խնդրանքներին,հավատ ընծայելով նրա երդմանը»։

Պարզ է, որ Եսայի կաթողիկոսը մեծ արժեք էր տալիս զինվորական երդմանը։ Բայց ո՞վ է ընդունել Այվազի երդումը։ Ե՞րբ և որտե՞ղ է նա տվել այդ երդումը։ Ինչպիսի՞ արարողությամբ է այն ուղեկցվել։ Այս հարցերին կարելի է պատասխանել միայն ենթադրաբար։ Բայց եթե հիշենք, որ միջին դարերից սկսած մինչև 20-րդ դար (որոշ պետություններում՝ մինչև մեր օրերը) զինվորական երդումն ընդունում են հրամանատարները՝ հոգևորականների ներկայությամբ, ապա կարելի է ընդունել, որ Այվազի երդումն ընդունել է անձամբ Եսայի կաթողիկոսը, որը տվյալ դեպքում հանդիսանում էր և՛ բարձրագույն հոգևոր պաշտոնյա, և՛ հայ ընդհատակյա դիմադրության գլխավոր ղեկավարներից մեկը։ Այդ պարագայում՝ նման մի արարողություն կազմակերպելու համար ավելի համապատասխան վայր, քան Գանձասարի կաթողիկոսանիստ վանքն էր, դժվար կլիներ գտնել։ Իսկ երդումն Այվազը տված պետք է լիներ ոչ թե 1718 թ., այլ շատ ավելի վաղ, քանի որ նա, ըստ ամենայնի, առաջին անգամ չէր գաղտնի առաքելությամբ այցելում Գանձասար։ Այս միտքն է հուշում ինչպես 1718 թ. դրությամբ Այվազի ունեցած ավելի քան տասնամյա հետախուզական աշխատանքային փորձը, այնպես էլ Եսայի կաթողիկոսի նամակում եղած երանգները։

Քննենք այս եռանդուն գործչին վերաբերող ևս մեկ էական հարց։ 1719 թ. ապրիլի 5-ին Պետրոս Ա-ին հղված նամակում Մինաս վարդապետը նրան անվանում է ոչ այլ կերպ, քան «մեր հավատարիմ մարդը՝ Այվազը, որը հայ է, բայց հունադավանություն ընդունելուց հետո կոչվում է Սեմյոն Ռոմանով»։ Այսպիսով, պարզվում է, որ մինչև 1719 թ. Այվազն ընդունել է հունական ուղղափառ դավանանքը, ընդսմին հրաժարվելով ազգային հավատքից և եկեղեցուց և համապատասխանաբար փոխելով իր անունն ու ազգանունը։ Առաջին հայացքից, անհավատալի է թվում, որ հայկական ընդհատակի առանցքային դեմքերից մեկը, նրա գործակալական-օպերատիվ հետախուզության փաստացի ղեկավարը, մշտապես գործ ունենալով Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանցից մեկին՝ Գանձասարի կաթողիկոսին երդում տալով՝ Հայաստանի ազատագրությանը ծառայելու մասին, կարող էր միաժամանակ հեշտորեն ուրանալ ազգային ինքնության հիմնասյուներից մեկը` հայադավանությունը, և հանգիստ խղճով հունադավան դառնալ։ Իրականում, Այվազի այս պարադոքսալ թվացող քայլը բավական պարզ բացատրություն ունի։ Հայ ազատագրական շարժման գործիչները, երբեմն բարձրագույն հոգևոր պաշտոններ զբաղեցնողներից ոմանք անգամ, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, միանգամայն հանդուրժելի էին համարում առերես ընդունել քրիստոնեական մեկ այլ դավանանք, եթե այն գերիշխող էր մի պետության մեջ, որը Հայաստանի ազատագրությանը խոստանում էր ռազմաքաղաքական աջակցություն ցույց տալ։ Այդ վարքագծի վառ օրինակ է Իսրայել Օրին, որն իր Եվրոպայում եղած տարիներին առերևույթ դավանափոխ լինելով՝ կաթոլիկություն ընդունելով, ինքն իրեն պատկերում էր դրա մոլի ջատագով, ով իբրև թե նույնիսկ թեժ վեճերի մեջ է ներքաշել հայ եկեղեցականներին՝ քննադատելով նրանց դավանանքային և արարողակարգային ենթադրյալ «սխալները»։ Սակայն կաթոլիկ պետություններից ռազմական օգնություն ստանալու նրա ունեցած հույսերի ի դերև ելնելուն պես՝ հոդս ցնդեց նաև Օրու ցուցադրական կաթոլիկ ջերմեռանդությունը։ Քաղաքական օգտակարության ճիշտ այսպիսի նկատառումներով էլ առաջնորդվել է, անշուշտ, Այվազը՝ ընդունելով Ռուսաստանում գերիշխող ուղղափառ հունադավանությունն ու փոխելով իր անունը։ Ի դեպ, հորինված է կամ անճանաչելիության չափ դիտավորյալ աղճատված հե՛նց Իսրայել Օրու՝ 18-րդ դարի հայի համար չափազանց անսովոր անուն (բայց սա արդեն առանձին քննարկման նյութ է)։

Այն փաստը, որ հայկական ընդհատակյա դիմադրության ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր գործիչները (Գանձասարի կաթողիկոս Եսային, Մինաս վարդապետը, Պետրոս Գիլանենցը և մյուսները) միանգամայն անվրդով են վերաբերվել Այվազի «ուրանալուն», հուշում է, որ հենց իրենք՝ հայ ղեկավարներն էին կարգադրել նրան բացառության կարգով այդպիսի քայլ անել։ Հունադավանություն ընդունելով՝ ռուսների համար Այվազը դառնում էր քաղաքականապես առավել վստահելի, Ռուսաստանում ձեռք բերում իր անվտանգության լրացուցիչ (թեև ոչ բացարձակ) երաշխիքներ, ինչպես նաև ռուսական պաշտպանություն ստանալու առիթ՝ արտասահմանում իր հերթական առաքելություններից մեկի հնարավոր ձախողման դեպքում։ Բայց իր վտանգավոր աշխատանքի համար, թերևս, գլխավոր ձեռքբերումը, հետախույզների ժարգոնով ասած՝ լավ առասպելն էր, այսինքն՝ ուրիշ (այս դեպքում՝ ռուսական) անունը և ըստ այդմ հնարված կենսագրությունը, որոնք գաղտնապահական նպատակներից ելնելով ներկայացվելու էին իբրև սեփական՝ նոր անձնագրով հանդերձ։ Այսպիսով, Այվազի «ուրացման» պատմությունը գալիս է մեկ անգամ ևս հաստատելու նրա ունեցած կենտրոնական դերը հայկական հետախուզական ծառայության կազմակերպման գործում։

Միաժամանակ, Այվազի անվանափոխության մասին հաղորդումը հիմք է տալիս մեզ մերժելու հայկական պատմագիտության (ներառյալ «Հայկական սովետական հանրագիտարանի») մեջ ընդունված տեսակետը, ըստ որի հետախույզ Այվազը նույնացվել է մերձկասպյան ռուսական զորախմբում հայկական առաջին երեք ջոկատներից մեկի հրամանատար Այվազ Ավրամովի (Աբրահամովի) հետ, որը սպանվել է 1725 թ. վերջերին, Գիլանում։ Եթե սա լիներ միևնույն անձը, ապա ռուսական հրամանատարությունը նրան անպայման կկոչեր Սիմեոն Ռոմանով, այլ ոչ թե Այվազ Ավրամով։ Բայց բոլոր վավերագրերում ռուսները կոչել են նրան միայն Այվազ Ավրամով՝ առանց գեթ մեկ անգամ հիշելու նրա պաշտոնապես ընդունած ռուսական անուն-ազգանունը։ Այն դեպքում, երբ հայադավան մնացած մյուս հրամանատարների անունները տրվում էին ռուսացված տարբերակներով՝ Պետրոս դի Սարգիս Գիլանենցը՝ Պյոտր Սերգեև, Աղազար դի Խաչիկը՝ Լազար Խրիստոֆորով, Պողոս Զենենցը՝ Պավել Զինովյեվ։ Չեն համապատասխանում նաև երկու Այվազների ազգանունները. եթե դավանափոխության ժամանակ առաջին անունը կարելի էր փոխել ցանկացած անվամբ և Այվազը կարող էր դառնալ Սիմեոն, ապա ազգանվան (հոր, պապու, ցեղի անվան) հետ նունկերպ վարվել չէր լինի, այսինքն՝ Ավրամով/Աբրահամովը չէր կարող դառնալ Ռոմանով։

Մյուս փաստարկն այս երկու Այվազների տարբեր անձեր լինելու մասին (ի դեպ, այդ տարիներին եղել են մեզ հայտնի այլ Այվազներ ևս) կայանում է նրանում, որ հետախույզ Այվազը Իսրայել Օրու և Մինաս վարդապետի ամենառաջին զինակիցներից ու հայկական ընդհատակի ամենափորձառու գործիչներից մեկն էր։ Հետևաբար, Հայկական էսկադրոնի կազմավորման պահին նա չէր կարող պաշտոնով երրորդը լինել (Պետրոս Գիլանենցից ու Աղազար դի Խաչիկից հետո), ում 1725 թ. տրվել է պորուչիկի, մինչդեռ Աղազար դի Խաչիկին ավելի բարձր՝ ռոտմիստրի կոչում։

Հետախույզ Այվազին սկզբնաղբյուրներում վերջին անգամ հանդիպում ենք Արցախի Շոշ ամրոցում՝ 1724 թ. հունվարի 5-ին։ Այվազը՝ Պետրոս Ա-ի պատվիրակ Իվան Կարապետի, Արցախի հայկական զորքերի գլխավոր հրամանատար Ավան-յուզբաշու ու նրա մերձավոր հրամանատարների հետ միասին, մասնակցել է մի կարևոր ժողովի և իր կնիքը դրել ընդունված փաստաթղթի տակ։ Սա ևս մեկ վկայություն է առ այն, որ Այվազը (ըստ այդմ՝ նաև հայկական հետախուզական ծառայությունն ամբողջությամբ) շատ բարձր դիրք էր գրավում ազատագրական շարժման ղեկավարության աստիճանակարգում։ 

Հայկական հետախուզության հիմնական խնդիրները

Նախքան հայկական հետախուզության առավել խոշոր գաղտնի գործողությունների վերլուծությանն անցնելը՝ հատուկ ուշադրություն է պետք դարձնել նրա առջև դրված հիմնական խնդիրներին, որոնք էին՝ մինչև ապստամբության սկիզբը ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական գաղթօջախներում կանխապես զորակոչել հայ երիտասարդության ընտիր ներկայացուցիչներից մոտավորապես 2000 մարդ, արտասահմանում կազմակերպել նրանց ռազմական ուսուցումը, զինել նորագույն հրազենով և ճիշտ պահին տեղափոխել Հայաստան։

Այդ խնդիրները դնում էր դեռևս Իսրայել Օրին՝ 1699-1711 թթ. հայոց ընդհատակյա դիմադրության պաշտոնական առաջնորդը։ Պետք է, վերջապես, ընդունենք, որ Օրին նախևառաջ փայլուն հետախույզ էր, որը բարդ իրադրության մեջ մոտ երեք տասնամյակ արդյունավետորեն գործել է Եվրոպայի տարբեր երկրներում, Ռուսաստանում, Իրանում, իսկ իր կարիերայի սկզբում՝ Օսմանյան կայսրությունում։ Օրու՝ խորապես գաղտնակալված առաքելության մասին կարող է վկայել թեկուզ միայն մի առիթով նրա արած խոստովանությունն առ այն, որ Եվրոպայում քսան տարի գտնվելով (1680-1699 թթ.)՝ միայն մեկ անգամ է նամակ ուղարկել իր հարազատներին՝ 1684 թ. Փարիզից։ Միաժամանակ Օրին նաև բարձրակարգ ռազմական մասնագետ էր, որը եվրոպական մարտավարությանն ու նորագույն սպառազինությանը ծանոթանալու նպատակով՝ 1681-1696 թթ. ծառայել էր իտալական, ֆրանսիական և գերմանական (պֆալցյան) բանակներում՝ և՛ որպես մատակարարման պետ, և՛ որպես մարտական սպա։ Նա իր քաջությամբ և ձեռնհասությամբ աչքի էր ընկել մի քանի պատերազմներում։ Պֆալցի կուրֆյուրստ Հովհան-Վիլհելմը (1690-1716) Օրու մասին գրում էր հայ մելիքներին. «Բարձրացրե՛ք պարոն Իսրայել Օրիին՝ նա մասնակցել ու փորձ է ձեռքբերել մեր պատերազմներում։ Մենք ինքներս ականատես ենք եղել ու ճշգրիտ տեղեկացել նրա՝ մեր բանակում ցուցաբերած քաջությանը։ Հավատացե՛ք նրան, ով արդեն տաս տարի է, ինչ վարժված է մեր կռինվներում»։ Ուստի պատահական չէ, որ 1704 թ. Պետրոս Ա արքան համաձայնվեց բավարարել Օրու խնդրանքը և նրան հրացանակիրների գնդապետի աստիճան շնորհեց։

Օժտված լինելով ռազմավարական մտածողության ու հատկապես երկարաժամկետ ծրագրման մեծ տաղանդով՝ Օրին տակավին 1703 թ. տեղեկացնում է Պետրոս Ա-ին, որ ցանկանում է Հայաստանում հավաքագրել ավելի քան 2000 ընտիր տղամարդու ու այդքան էլ նժույգ և ուղարկել Ռուսաստան՝ այնտեղ նրանցից իր սեփական ծախսով հրացանակիրների մի հեծյալ գունդ կազմավորելու համար։ Նախատեսվում էր, որ այդ գունդը ռուսական բանակի հետ միասին կմտնի Հայաստան և միանալով հայկական հիմնական ուժերին՝ իր մասնակցությունը կբերի նրա ազատագրությանը։ Այդ նպատակների համար Օրին մտադիր էր Ամստերդամում գնել 15-20 հազար ռուբլուն համարժեք զենք ու հանդերձանք։ Թե որքանով էին այդ ծրագրերն իրագործվել՝ դժվար է ասել, սակայն արդեն 1707 թ. Օրին խնդրում էր Պետրոս Ա-ից թույլ տալ իրեն անմաքս Պարսկաստան անցկացնել «հրազենի երեք մեծ արկղ՝ կայծքարի հրացաններ և ատրճանակներ, երկաթյա վեց փոքր թնդանոթ»։ Իսկ 1709 թ. սեպտեմբերին Շամախիում հանգրվանելով՝ Օրիի շխախումբը ուներ արդեն մի ամբողջ զինանոց, այդ թվում՝ 12 «փոքր թնդանոթ»։ Վստահաբար, զենքի հայթայթման ուղղությամբ լուրջ աշխատանքը շարունակվել էր նաև Օրու մահվանից հետո։ Այդ մասին կարելի է դատել արդեն նրանից, որ 1722-1723 թթ. Ռուսաստանում հայոց միջոցներով կազմավորված հայկական հեծելազորային ջոկատները, որ կամավորապես մտել էին ռուսական մերձկասպյան զորախմբի մեջ, ունեին ռազմական լավ պատրաստություն ու հրաշալիորեն զինված էին։ Իսկ նրանց առաջին զորահրամանատարները, որոնք մինչ այդ զբաղվել էին իբր միայն վաճառականությամբ, անմիջապես դրսևորեցին իսկական հրամանատարական որակներ ու սպայական կոփվածք։ Ընդ որում, այդ ջոկատների, ապա և Հայկական էսկադրոնի շուտափույթ ստեղծումը, նրանց զինումը և ապահովումն անհրաժեշտ ամեն ինչով մոտ երեք տարի շարունակ կատարվում էր հայերի ծախսերով։ Ինչպես 1725 թ. հայտնում էր գեներալ-լեյտենանտ Մ. Ա. Մատյուշկինը՝ «իրենց հաշվին էին պահում մարդկանց և ձիերին»։ Առաջին տարիներին հայկական այդ ջոկատներն ստիպված էին իրենց համար նույնիսկ վառոդ գնել։ Այսպես՝ 1723 թ. օգոստոսին Պետրոս Գիլանենցը հայտնում էր Մինաս վարդապետին, որ իրենց վառոդը գրեթե ամբողջությամբ վերջացել է և խնդրում էր Այվազի հետ միասին ուղարկեն իր բաժին վառոդի տակառը ու նաև արճիճ։ Գիլանենցը նաև խնդրում էր մի նամակ էլ գրել բրիգադիր Լևաշովին, «որ մեզ թէ բարութ [=վառոդ] պէտք լինի՝ տա»։

Այս փաստերից կարելի է եզրակացնել. (ա) գոյություն ուներ հայկական կազմակերպություն, որը համադրում էր իր անդամների գործունեությունը, (բ) նախապես ընտրված հայոց խմբեր մասնագիտացել էին ռազմական գործում, (գ) հայկական դիմադրության կողմից այդ նպատակների համար կանխավ ֆինանսական միջոցներ էին տրամադրվել։ Ճիշտ է, այդ գործողությունների ընթացքում գրեթե ամբողջությամբ ծախսվել էր նաև Հայաստանի ազատագրության նվիրյալներից մի քանիսի անձնական ամբողջ կարողությունը, ինչպես, օրինակ, Հայկական էսկադրոնի առաջին հրամանատար Պետրոս դի Սարգիս Գիլանենցինը, որ սպանվեց Ռեշտի գրավման ժամանակ՝ 1724 թ.։

Վերադառնանք, սակայն, 1703 թ. Իսրայել Օրու արած առաջարկությանը՝ Ռուսաստանում կազմավորել 2000-անոց հայկական գունդ։ Հետաքրքիր է նկատել, որ երեք տարի անց՝ 1706 թ., Օրին անհայտ պատճառներով նույն նպատակի համար առաջարկում էր արդեն ոչ թե 2000, այլ ընդամենը 300-400 մարդ։ Այս առթիվ առաջադրենք կարևոր մի հարցադրում. ինչու՞ Օրին որոշեց, որ Ռուսաստանում կազմավորվելիք հայկական գունդը պետք է լինի նախապես իր իսկ առաջարկածից շատ ավելի փոքրաթիվ։ Թեև սկզբնաղբյուրներում դժվար թե երբևէ գտնվի այս հարցի ուղղակի բացատրությունը, բայց ավելի ուշ՝ 1720-ական թթ. տեղի ունեցած իրադարձությունները կարելիություն են ընձեռում հետադարձ հայացքով պատասխանելու դրան՝ հավաստիության բավականին բարձր աստիճանով։ Բանն այն է, որ ինչպես ստորև կներկայացվի՝ 1720-ական թթ. սկզբին հայկական ջոկատներ են կազմավորվել Ղրիմում, Պոդոլիայում (Ռեչ Պոսպոլիտա), Վալախիայում, Հունգարիայում ու չի բացառվում` նաև այլ երկրներում ու շրջաններում։ Այդ իսկ պատճառով Օրիի նախնական մտադրության փոփոխության ամենահավանական բացատրությունը պետք է համարել նրա ձգտումը՝ հայկական ուժերի ռազմական պատրաստությունն իրականացնել՝ բաժանելով դրանք մանր խմբերի ու ցրելով տարբեր երկրներում։ Պետրոս Ա-ի պարսկական արշավանքը հետաձգվում էր անորոշ ժամանակով, ուստի Ռուսաստանում 2000-անոց հայկական խոշոր զորամասի ստեղծումը, այն էլ ռուսական կառավարության գիտությամբ, կարող էր վտանգավոր լինել՝ այդ փաստը իրանական և օսմանյան իշխանություններից երկար ժամանակով գաղտնի պահելու տեսանկյունից։ Մեծ վտանգի կարող էր ենթարկվել ամբողջ ազատագրական շարժումը և, առաջին հերթին, բռնագրավված հայրենիքում գտնվող նրա ղեկավարությունը։ Մինչդեռ տարբեր երկրներում և շրջաններում մանր խմբերով հայ զինվորների գաղտնի պատրաստումը միանգամից մի քանի առավելություն ուներ. առաջին, ապահովվում էր գաղտնեգործունեության առավել բարձր աստիճան, երկրորդ, հայ ղեկավարությունն ավելի մեծ ինքնուրույնություն ու ճկունություն էր ստանում այդ լավ պատրաստված ուժերի օգտագործման ժամանակի և ձևի վերաբերյալ որոշումներ ընդունելու հարցում, երրորդ, այդ ջոկատների արագ տեղափոխումն Արևելյան (Պարսկական) Հայաստան հնարավոր էր դառնում ոչ միայն Ռուսաստանով՝ Աստրախանի և ապա մերձկասպյան շրջանների վրայով, այլև այլընտրանքային երթուղիներով՝ Օսմանյան կայսրության տարածքով։

Ղրիմի գործողությունը.285 հայ զինվորի տեղափոխումը Ղրիմից Հայաստան

1720 թ. աշնան վերջին՝ Օսմանյան կայսրության կազմում գտնվող Ղրիմում, ուր բնակվում էր հայկական մեծաթիվ գաղութ, «Տրապիզոնի նավով», վաճառականների անվան տակ ժամանում են հայ ազատագրական շարժման սուրհանդակները և հաղորդում իրենց գործակալական կայանի ղեկավարներին Արևելյան Հայաստանում զինված ապստամբություն սկսելու մոտավոր ժամանակը։ Դրվում է խնդիր՝ ղրիմահայ երիտասարդության միջից շտապ կազմել ու հանդերձավորել մի ջոկատ և առաքել այն հայրենիք՝ հայկական զորքերին օգնության։ Տեղում այդ գործողության ղեկավարներ են նշանակվում երկու ավագերեց՝ Տեր-Բարդուղիմեոսը՝ Կաֆայից (Թեոդոսիա) և Տեր-Մարկոսը՝ Կեոզլևից (Եվպատորիա)։ Նրանք՝ «գաղտնի հաճությամբ յուրյանց առաջնորդի՝ աստապատեցի Վարդան եպիսկոպոսի»՝ հանձնելով հովվական պաշտոնն իրենց քահանացյալ որդիներին, զբաղվում են «անեցիների» ջոկատի հավաքագրությամբ և պատրաստությամբ (ղրիմահայերն իրենց համարում էին Հայաստանի ավերված մայրաքաղաք Անիից դուրս եկածների սերունդ)։ Այդ տարիներին Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ ներկայացուցիչներ ներգրավված էին ազատագրական նախապատրաստական աշխատանքներում։ Տեր-Բարդուղիմեոսն ու Տեր-Մարկոսը, ինչպես նաև, ըստ երևույթին, նրանց թեմական առաջնորդը, վաղուց էին կապված հայկական ընդհատակի հետ, որի գլխավոր կենտրոններից մեկը Սբ. Էջմիածինն էր։ Իսկ այն, որ հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում հաջողվեց զորակոչել 285 տղամարդ և նրանց հետ 1722 թ. առաջին կեսին ճամփա ընկնել, խոսում է այդ մեկուկես տարում ղրիմահայ կամավորների գաղտնիաբար անցկացրած ռազմական լրջագույն հավաք-պարապմունքների մասին։

Բուն անցումը Ղրիմից Արևելյան Հայաստան կատարվել է դեպի Մշո Սուրբ Կարապետի վանք ավանդական ուխտագնացության պատրվակով։ Առաջին նշանակման կետը Տրապիզոնն էր։ Ազատորեն տեղաշարժվելու համար հայ հետախույզները սովորաբար քողարկվում էին իբրև վաճառականներ, հոգևորականներ կամ ուխտավորականներ։ Կաֆայից առաջինը նավով դուրս է եկել Տեր-Բարդուղիմեոսը՝ «վաճառականի անվամբ», երկրորդը՝ Կեոզլևից Տեր-Մարկոսը՝ «աշխարհականի զգեստ հագած»։ Նրանց հետևից «մի մի, երկ երկու» նավով ծովն անցել են և մյուսները։ Տրապիզոնում բոլորի հավաքվելուց հետո՝ 285 զինվորներին բաժանել են 24 ջոկատների՝ յուրաքանչյուրում 8-15 հոգի։ Նշանակվել են ջոկատների հրամանատարները՝ օնբաշի (տասնապետ) կոչումով, որոնց մեծ մասի անուններն, իրենց հայրերի անունների հետ, մեզ հայտնի են. Հովհաննես՝ կաֆացի Քարաքաշ Գևորգ-աղայի որդին, Հակոբ՝ Խաթրան չեքեն Սուրղաթցի Ալեքսանի որդին, Անդրեաս՝ Տեր-Մարկոսի ազգական Շահինյան մահտեսի Պողոս-աղայի որդին, Սաղաթել՝ Խայալը Ստեփան-աղայի որդին, Վարդանը՝ Նազիրյան Հովհաննես-աղայի որդի և այլն։

Ամեն տեսակի կասկածները վանելու և իրենց ուխտագնացության մասին առասպելը պահպանելու նպատակով՝ այս խմբերն անմիջապես չեն ճանապարհվում դեպի Արևելյան Հայաստան, այլ սկզբից «զանազան ճանապարհներով» գնում են Սբ. Կարապետի վանքը (նշանակման երկրորդ կետը), այնտեղ կատարում իրենց ուխտը և միայն դրանից հետո Կարսի (նշանակման երրորդ կետը) և Անիի վրայով մտնում Հայաստանի պարսկական մասը։ Երկու վերջապահ ջոկատների կազմում կար ընդհանուր առմամբ 29 հոգի, մեկում՝ Տեր-Բարդուղիմեոսն էր, մյուսում՝ Տեր-Մարկոսը՝ Ղրիմի գործողության ընդհանուր ղեկավարությունն իրականացնողները։ Ուշագրավ է, սակայն, որ այդ ջոկատների հրամանատարներն այլ անձինք էին՝ Հայրապետյանն ու Աբրահամը։ Այս փաստը վկայում է այն մասին, որ հրամանատարներ նշանակվում էին նրանք, ովքեր ունեին ռազմական որոշակի պատրաստություն, որը Բարդուղիմեոսն ու Մարկոսը չունեին, ընդ որում՝ առաջինն արդեն «ծերունազարդ» էր։ Բայց այս երկու դեմքերի ամբողջ գործունեությունը փաստում է, որ նրանք հրաշալի պատրաստված էին այլ՝ հետախուզության և ընդհատակյա աշխատանքի բնագավառում։ Հենց այս երկուսի ղեկավարությամբ էր կատարվել կազմակերպչական ու գաղափարական ամբողջ աշխատանքը Ղրիմում։ Այս երկուսն էին, որ մյուսներից առաջ ժամանել էին Տրապիզոն, ապահովելու համար կապը արևալահայաստանյան «Կենտրոնի» գաղտնի գործակալների հետ։ Թեև ղրիմահայոց ջոկատի պատմությունը ներկայացնող մեր սկզբնաղբյուրն այս գործակալներին չի հիշատակում, բայց 1720-ական թթ. նրանց գոյությունն Արևմտյան Հայաստանում մեզ հայտնի է այլ աղբյուրներից։ Տեղանքին անծանոթ ղրիմահայոց համար նրանք պետք է ծառայեին որպես ուղեկցորդներ, ընտրեին անվտանգ ուղիներ ու գիշերային դադարների վայրեր և այլն։ «Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում» մենագրությանս (2003 թ.) մեջ կա մի առանձին գլուխ, որտեղ կողմնակի տեղեկությունների հիման վրա, ենթադրություն է արվել առ այն, որ Սբ. Կարապետի առաջնորդ (հետագայում՝ 1730-1734 թթ., Սբ. Էջմիածնի կաթողիկոս), արքեպիսկոպոս Աբրահամ Մշեցին սերտորեն կապված է եղել հայ ազատագրական շարժման հետ՝ դեռևս 1719-1722 թթ.։ Սբ. Կարապետում ղրիմահայոց ջոկատի կանգառը կարելի է համարել լուրջ լրացուցիչ փաստարկ հօգուտ այս ավելի վաղ առաջադրված վարկածի։

Այստեղ չենք քննի «անեցիների» ջոկատի հետագա մարտական ուղին, որը (Գաբրիել Պատկանյանի (1802-1889) անտիպ ձեռագրում պահպանված և տակավին Վ. Ա. Պարսամյանի կողմից հատվածաբար հրապարակված) մեր սկզբնաղբյուրի համաձայն` անցել է Դավիթ-բեկի, իսկ նրա մահվանից հետո՝ Մխիթար սպարապատի զորքերի կազմում։ Սկզբնաղբյուրի հաղորդումների այդ հատվածում եղած մի շարք անճշտություններն ու անպարզությունները, կրելով հետագա խմբագրումների ազդեցություններ, պահանջում են առանձին քննություն։ Սակայն որևէ կասկած չեն հարուցում վերը նկարագրված փաստերը՝ Ղրիմում (չմոռանանք՝ Օսմանյան կայսրությունու՛մ) մարտունակ հայկական ջոկատի կազմավորման, ինչպես նաև այն Հայաստան փոխադրելու մանրակրկիտ մշակված ու անթերի իրականացված ծրագրի վերաբերյալ։ Ուստի Ղրիմի գործողությունը կարելի է համարել հայկական հետախուզության բացարձակ հաջողությունը, ինչպես նաև նրա ղեկավարների գործին մասնագիտորեն մոտենալու լավագույն վկայությունը։

Հետախույզների երդումը՝ Քրիստոսի գերազմանին

1720 թ. վերջին ելույթ ունենալով ղրիմահայերի առջև և կոչ անելով նրանց օգնել՝ ով ինչով կարող է, ապստամբությանը նախապատրաստվող արևելահայերին, որոնք «հոժարել են սուր ի ձեռին մարտնչիլ ի թշնամեաց», Տեր-Բարդուղիմեոսն ու Տեր-Մարկոսը պարզ խոստովանում են իրենց վաղեմի կապը հայ ընդհատակի հետ. «Մենք՝ երկու քահանայք, Քրիստոսի գերեզմանի վրա ուխտադիր եղանք օգնել մեր ազգակցաց և հայրենակցաց»։ Խոսքը վերաբերում է, փաստորեն, Հայաստանի ազատագրությանն անձնուրաց ծառայելու պաշտոնական երդմանը։ Բայց այս անգամ այն տրվել էր ոչ թե Գանձասարում, ինչպես Այվազի հետ վերն արդեն քննարկված դեպքում, այլ Երուսաղեմում։ Այնտեղ էր գործում Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, որի սպասավորների մեջ կարող էին լինել հայ ազատագրական շարժման կապավորներ։ Այնպես որ՝ Երուսաղեմում կարող էին գտնվել նաև մարդիկ, ովքեր ընդունել են Տեր-Բարդուղիմեոսի ու Տեր-Մարկոսի Քրիստոսի գերեզմանին կատարված երդումը։ Մենք ունենք նաև հայկական հետախուզության մեկ ուրիշ խոշոր գործչի՝ եպիսկոպոս Պետրոս Խաչատուրովի վավերագրական ցուցումն այն մասին, որ 1720-ական թթ. սկզբին նա ևս որոշ ժամանակով գտնվել է Երուսաղեմում։ Ավելի ուշ՝ 1728 թ. նա, ինչպես դրանից վեց տարի առաջ Տեր-Բարդուղիմեոսն ու Տեր-Մարկոսը, զենքը ձեռքին իր «եղբայր» Գրիգոր Ստեպանովի գլխավորած ընտիր ջոկատի կազմում ժամանում է Արցախ՝ հայկական զորքին օգնության։ Սակայն նրանց երթուղին տարբեր էր՝ սկսվում էր Ռեչ Պոսպոլիտայից և անցնում Ռուսաստանի միջով (այդ մասին՝ հաջորդիվ)։ Ուրեմն՝ հետախույզ, ապա և զինվոր դարձած այս երեք հոգևորականների հնարավոր հանդիպումը Երուսաղեմում նույնպես բացառել չի կարելի։

Վասպուրականի գործողությունը.գաղտնի խորհրդաժողով՝ Լիմ անապատում

Մխիթար աբեղայի հիշատակարանը հնարավորություն է ընձեռում գրանցելու Արևելյան Հայաստանում ապստամբության ճիշտ նախօրեին հայկական հետախուզության իրականացրած ևս մեկ խոշոր գործողություն։

1722 թ. գարնանն Օսմանյան կայսրության սահմաններից ներս՝ Վանա լճի Լիմ կղզու նույնանուն մենաստանում («անապատում») գումարվել է մի գաղտնի խորհրդաժողով՝ արևմտահայկական Վասպուրական նահանգի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների մասնակցությամբ։ Գաղտնի քննարկումները կամ, ինչպես դրանք բնութագրում է Լիմ անապատի սպասավոր Մխիթար աբեղան՝«զրոյցք գաղտնի եւ ծածկախորհուրդս» տևել են ընդհանուր առմամբ յոթ օր։ Լիակազմ նիստեր տեղի են ունեցել երեք անգամ, հավանաբար, յուրաքանչյուր անգամ նոր մասնակիցների ընդգրկումով։ Գլխավոր ելույթով հանդես է եկել «քաջահամբաւ եւ արիասիրտ» մի ռշտունեցի վարդապետ՝ Ներսեսանունով։ Նա հուզառատորեն ներկայացրել է «դառնակսկիծ վիճակս համօրէն ազգիս Հայոց» և ցնծությամբ հայտնել, որ Դավիթ-բեկը սկսել է զորահավաքն ու ռազմական նախապատրաստությունները՝ «վասն հալածելոյ նեղիչք եւ կշտամբիչք մեր, միտս ունելով ազատագրելոյ արիւնածուփ զաշխարհն Հայաստան»: Ներսես վարդապետի կոչը Մխիթար աբեղան գրանցել է բառացի (մեջբերում ենք՝ վերածելով աշխարհաբարի).«Այժմ, ո՜վ բարեմիտ և հայրենապաշտ ժողովականներ, շրջե՛ք ձեր գավառներով, խրախուսե՛ք խավարի և տանջանքների մեջ քնած ձեր ժողովրդին, որպեսզի թոթափենան իրավ բռնության լուծը, և երբ մենքմարտի հրավեր կարձակենք, ապստամբության ձայն բարձրացնեն մեր մարդակեր և  խաչահալածթշնամիների դեմ»։

Ներսես վարդապետի այն ակնարկը, որ ինքը մաս է կազմում ինչ-որ ղեկավար մի մարմնի, որտեղից որոշակի պահին պետք է գա ապստամբություն բարձրացնելու հրամանը («երբ մենք (sic!) մարտի հրավեր կարձակենք»), կասկած չի թողնում, որ Վասպուրականում զորաժողով կազմակերպելու առաքելությունը նրան լիազորել ու հանձնարարել էր Արևելյան Հայաստանում գտնվող ազատագրական շարժման Կենտրոնը։

Այնուհետև Մխիթար աբեղան հայտնում է. «Եվ եղան բազում ելույթ ունեցողներ, բազմազան կարծիքներ,անհամար առաջարկներ»։ Արդյունքում ընդունված որոշումը հետևյալն էր՝ Վասպուրականում սկսել զորահավաքային միջոցառումներ, որոնց թվարկումն ինքնին մեծապես հետաքրքրական է.«համաձայնվեցին պատերազմական նպատակներով հավաքագրել բազում քաջակորով և մարտունակ տղամարդկանց, հայթայթել նպարեղենուտեստս կռուապաշարոյ»), բազում սայլեր, նժույգներ, բազմազան պետքական իրեր, առճիճ, նավակներ, բուրդ, ցորեն և ոչխարներ»։

Յոթերորդ օրվա գիշերը՝ Ավանց գյուղից ժամանած նավակով (մի սկզբնաղբյուրի համաձայն, XVII դ. վերջին Վանա լճում կային 50-60 մեծ և փոքր նավեր) գաղտնի խորհրդաժողովը պատվիրակներ է ուղարկել Աղթամարի կաթողիկոս Հովհաննես Ձորեցու մոտ։ Աղթամարի կղզում նրանց ընդունելով՝ կաթողիկոսը խանդավառությամբ օրհնում է ազատագրական ձեռնարկը։ Զորահավաքային միջոցառումների հետագա զարգացումների մասին որևէ բան հայտնի չէ։ Սակայն ոչ Վասպուրականում, ոչ էլ Արևմտյան Հայաստանում ապստամբություն տեղի չի ունենում։ Դրա պատճառները հիմնականում երկուսն էին. 1) արևելահայկական զինված ուժերին չհաջողվեց ընդլայնել իրենց վերահսկած տարածքն Արցախից և Սյունիքից դուրս, 2) շատ շուտով՝ օսմանյան մեծաթիվ բանակները կենտրոնացվեցին կայսրության արևելյան շրջաններում, այդ թվում՝ Վասպուրականում և ապա ներխուժեցին Սեֆյան Իրան։

Լիմի խորհրդաժողովի որոշ արդյունքների մասին կարելի է դատել կողմնակի տեղեկություններից։ 1727 թ. հոկտեմբերին հայկական հետախուզության Կամենեց-Պոդոլսկի կայանից հայտնում էին, որ ասորիներն ու եզդիները, որոնք ապրում էին Վասպուրականի և Տիգրանակերտի (Դիարբեքիր) շրջաններում, դեռևս հավատարիմ են հայերի հետ նախկինում կնքված հակաօսմանյան դաշինքին՝ «ընդ մեզ [են] որպէս առաջի»։ Ասորիների հետ դաշինքի կնքմանն իր անձնական կապերով կարող էր մասնավորապես նպաստած լինել Մինաս վարդապետ Տիգրանյանը, որի ծննդավայրը նշված էր նրա ազգանվան մեջ, կամ ինչպես ինքն էր ասում մի ռուսերեն վավերագրում՝ «ծնվել եմ ես Տիգրանի քաղաքում՝ Ասորիքում (родился я в граде Тиграна в Ассирии)»։ Նույն դերը կարող էր կատարած լինել նաև Վասպուրականում արևելահայկական Կենտրոնի ներկայացուցիչ Ներսես վարդապետը, որը Վասպուրականի Ռշտունիք գավառի ծնունդ էր։ Իմիջիայլոց, Ներսես վարդապետին էլ հայկական հետախուզության աշխատանքների մեջ կարող էր ներգրաված լինել նրա արևմտահայ համերկրացին՝ Մինաս վարդապետը։

Ըստ առկա բոլոր տվյալների, Լիմ անապատի գաղտնի խորհրդաժողովը երբեք չի բացահայտվել, որն ինքնին հայկական հետախուզության անվիճելի հաջողություն է։ Հասկանալի է, որ այդպիսի խոշոր հավաքի ծածուկ կազմակերպումը նախատեսում էր նախապատրաստական մանրակրկիտ աշխատանք, արհեստավարժություն և գաղտնեգործունեության բարձր մակարդակի պահպանում։

Եվս մեկ փաստ։ 1763 թ. Մշո Ս. Կարապետի վանահայր Հովնան արքեպիսկոպոսը հաղորդում էր հայ ազատագրական շարժման անզուգական գործիչ Հովսեփ Էմինին (1726-1809) հայերի, ասորիների և եզդիների միջև գոյություն ունեցող ռազմաքաղաքական գործող դաշինքի մասին։ Այս տեղեկությունը ստիպում է կարծել, որ 1720-ական թթ. հայկական հետախուզության ստեղծած գաղտնի կապերը Վասպուրականի և Տարոնի ազատագրական կենտրոնների և ասորիների ու եզդիական ցեղերի միջև՝ անցած քառասնամյակում չէին անհետացել և պատրաստ էին վերագործարկման։

Հայկական հետախուզության ԿամենեցՊոդոլսկի կայանն ու զինյալ կազմակերպությունը

Ռուսաստանի արտաքին քաղաքականության դիվանում (АВПР) պահպանվել են հույժ արժեքավոր վավերագրեր հայ զինվորականների՝ Ռեչ Պոսպոլիտայից Ռուսական կայսրության տարածքով Հայկական Սղնախներ (կոնկրետ՝ Արցախ) անցնելու, Կամենեց-Պոդոլսկում բազավորված նրանց ղեկավարների հետ Մինաս վարդապետ Տիգրանյանի նամակագրության, ինչպես նաև Մոսկվայում նրանց ուղարկած պատվիրակների հարցաքննությունների մասին։ Այդ փաստաթղթերի մանրամասն քննությունն ու հանգամանալից գնահատականը կներկայացվի ուսումնասիրությանս գիտական տարբերակում։ Իսկ թերթային այս հրապարակման շրջանակները թույլ են տալիս շարադրելու ընդամենը մի շարք հիմնական փաստեր և եզրակացություններ։

Այս արխիվային վավերագրերը հրապարակվեցին, մեծավ մասամբ, 1960-ական թթ.։ Այնուհետև հայ մի քանի պատմաբանների (Վարդան Պարսամյան, Համո Խաչատրյան, Աշոտ Հովհաննիսյան) միջև սկսվեց բանավեճ, որում շոշափվում էին ինչպես դրանց գիտական հրատարակման մեթոդաբանական և բարոյական կողմերը, այնպես էլ պատմաառարկայական որոշ հարցեր, այն է՝ արդյո՞ք այդ հայ զինվորականները տեղացի՝ լեհահայե՞ր էին, թե Արևելյան Հայաստանից գաղթածներ, որոնք բնակություն էին հաստատել Կամենեց-Պոդոլսկում և մերձակա քաղաքներում, իրենց պնդմամբ, 1722 թ.՝ Պարսկաստանում խառնակություններ սկսվելուց հետո։ Նրանց նպատակը հայկական զորքերին օգնության գնա՞լն էր թե իրենց ընտանիքների գիրկը վերադառնալը։

Բանավեճն ի հայտ բերեց նոր կարևոր պատմական փաստեր, սակայն, հայեցակարգային առումով եղավ ոչ լիարժեք, քանի որ հետազոտողների ուշադրությունից զարմանալիորեն (ընդ որում՝ ցայսօր) վրիպել է ամենակարևորը՝ արևելյան Եվրոպայում հայկական ընդհատակյա կազմակերպության գոյությունը։ Կազմակերպությունը ղեկավարվում էր ԿամենեցՊոդոլսկում գտնվող կենտրոնակայանից, որը ենթարկվում էր հայ ազատագրական շարժման արևելահայաստանյան Կենտրոնին։ Վավերագրերից մի քանիսն այնքան պերճախոս կերպով են նկարագրում հայկական այդ գաղտնի կազմակերպության իրական նպատակները, գործունեության շարժառիթներն ու ձևերը, որ հաճախ լրացուցիչ մեկնաբանության կարիքը պարզապես անհետանում է։

Տակավին 1721 թ. Ռեչ Պոսպոլիտայում հայկական հետախուզության կայանը Միքայել անունով մի սուրհանդակ էր ուղարկել Մինաս Տիգրանյանի մոտ՝ նրան տեղեկացնելով իր ենթակայության տակ արդեն պատրաստ վիճակում գտնվող զինյալ խմբերի մասին, որոնք, ակներևաբար, նախատեսված էին Հայաստան տեղափոխելու համար։ Հետևաբար, գործակալական կայաններն արևելյան Եվրոպայում ստեղծվել էին դեռևս խաղաղ ժամանակներում, համենայն դեպս՝ ավելի վաղ, քան 1722 թ. կփլուզվեր Սեֆյան կայսրությունը և կսկսվեր արևելահայոց ապստամբությունը։ Մինչ այդ արդեն ահռելի աշխատանք էր կատարվել ռազմական կադրեր՝ հիմնականում Հայաստանից ուղարկված երիտասարդներին գաղտնաբար հավաքագրելու և պատրաստելու ուղղությամբ։

Ինչպես ցույց են տալիս առկա արխիվային նյութերը, 1727 թ. հայկական գաղտնի կազմակերպությունը միավորում էր մոտավորապես 500 հայ պրոֆեսիոնալ զինվորականների, որոնց գլխավորում էր Կամենեց-Պոդոլսկի կայանի ղեկավար եռյակը կամ, ինչպես նշում է սկզբնաղբյուրը՝ «նրանք երեք պետ ունեն՝ Իսահակը, Մարտիրոսը և Մանուկը»։ Կազմակերպության հրամանատարական կառուցվածքն օգտագործում էր ցանցային կառավարման տարրեր և էականորեն ապակենտրոնացված էր. այդ 500 զինվորականները (որոնցից ավելի քան 300-ը Ռեչ Պոսպոլիտայում էր) բաժանված էին մանր ջոկատների և ցրված«ԿամենեցՊոդոլսկում և մերձակա լեհական քաղաքներում, ինչպես նաև Վոլոսկի (Վալախիայի) երկրում, Հունգարիայում և այլ երկրներում և քաղաքներում», «իսկ վերոհիշյալ պետերն ու նրանց ենթակայության տակ գտնվող մյուս հայերը բոլորը զինվորականներ են, բայց այդ թաքցնում են ու տեղից տեղ թափառում առևտրական գործերով ու թշվառ տեսքով»։

Ինչպես տեսնում ենք, այս ընդհատակյա կազմակերպության ենթակառուցվածքը սփռված էր Եվրոպայի մի քանի պետություններով, ընդ որում՝ դրանցից ոչ բոլորն են թվարկված։ Կամենեց-Պոդոլսկի կայանի հինգ պատվիրակները, որոնց հարցաքննել էին Մոսկվայում՝ Արտաքին գործերի կոլեգիայում, հայտնում էին, որ զինյալ խմբերի մասին տեղեկություններն ամբողջությամբ գաղտնիացված են և կենտրոնացված միայն ղեկավար եռյակի՝ Իսահակի (նույն ինքը՝ Եսայի), Մարտիրոսի և Մանուկի մոտ. «իսկ թե ո՞ր վայրերում են նրանք այժմ գտնվում ու որտե՞ղ քանի հոգի կա՝ այդ մասին գիտեն վերոհիշյալ երեք պետերը, որոնք նրանց ուղարկել են ԿամենեցՊոդոլսկից»։

Կազմակերպության ղեկավարների նպատակը շարադրված է շատ հստակ՝ Ռուսաստանի միջով անցնել մարտնչող Հայկական Սղնախներ (Արցախ և Սյունիք). «Իսկ նրանց ԿամենեցՊոդոլսկից ուղարկել են հիշյալ գլխավոր հայերը նորին կայսերական մեծության (ն.կ.մ.) մոտ խնդրագրով, որպեսզի ն.կ.մ.-ը ողորմածաբար նրանց իրավունք շնորհի Ռուսաստանի պետության վրայով, առանց արգելքի, ազատորեն անցնելու Պարսկաստան՝ Հայկական Սղնախներ։ Եվ այս է միայն նրանց գլխավոր պետերի միակ ցանկությունը և միմիայն այս մասին են խնդրում ն.կ.մ.-յանը (ընդգծումն իմն է՝ Ա.Ա.)»։ Ավելի ուշ Մոսկվա ժամանած հայ զինվորականների տարբեր խմբեր առավել մեծ հստակություն են մտցնում այս հարցում, հայտարարելով, որ իրենք «…ցանկանում են հայոց բանակին օգնության գնալ», «իսկ իրենք բոլորը ցանկանում են գնալ Հայկական Սղնախներ՝ հայկական բանակին օգնության», «իսկ մտադրվել են Ռուսաստանի միջով Սղնախներ ճանապարհվել, մտածելով, որ քրիստոնյա պետության միջով ավելի դյուրին կլինի անցնելը»։

Կոնսպիրացիայի բարձրագույն աստիճանը պահպանելու նպատակով, պետերի եռյակը, ինչպես նաև հայ զինվորականների մի մասը մշտապես փոխել են իրենց բնակության վայրերը. «նրանք ապրում են քաղաքից քաղաք և տեղից տեղ փոխադրվելով, որպեսզի թաքցնեն իրենց մտադրությունը»։ Կազմակերպության ներսում գաղտնեգործունեության բարձր մակարդակն արտահայտվում էր նաև նրանում, որ նրա անդամների մեծամասնությունը չէր ճանաչում գլխավոր պետերին։ Ոչ միայն տարբեր քաղաքներում և շրջաններում, այլև տարբեր պետություններում գտնվող իր բջիջների վրա ամենօրյա օպերատիվ վերահսկողություն իրականացնելու անհնարինությունը կարող էր փոխհատուցվել միայն ներքին երկաթյա կարգապահությամբ։ Ամեն դեպքում պետերի եռյակն ուներ գաղտնի կապի ինչ-որ համակարգ, որով արդյունավետորեն իրազեկվում էր իր գործող կառույցների գտնվելու վայրերի և ընդհանուր վիճակի մասին, այլապես չէր կարող 1727-1728 թթ. ձմռանն արագորեն գումարել բոլոր (կամ առնվազն Ռեչ Պոսպոլիտայում եղած) ջոկատների ընդհանուր հավաք։

Հատկանշական է նաև այն, որ այս զինվորները ճանապարհվել են Հայաստան ռազմական տեսակետից ամենաանհուսալի ժամանակ, հրաշալիորեն տեղյակ լինելով, որ օսմանյան բանակը գրավել է ամբողջ Անդրկովկասը, իսկ Արցախն ու Սյունիքն արդեն մի քանի տարի է, ինչ գտնվում են խուլ շրջափակման, փաստացիորեն՝ պաշարման մեջ։ Ամենայն հավանականությամբ, այս ծանրագույն վիճակը ստիպել է Կենտրոնին, այն է՝ Արցախի և Սյունիքի հրամանատարությանը պահանջել իր հետախուզության արևելյան Եվրոպայում ներդրված կայաններից՝ շուտափույթ օգնության ուղարկել բոլոր պատրաստ զինյալ ջոկատները՝ քանի դեռ դիմադրությունը երկրի ներսում չի ոչնչացվել։ Հենց այդ կտրուկ հրամանը, ավելի ստույգ՝ Սղնախներից հասած SOS ազդանշանը ստիպում էր հայկական հետախուզության կայանապետերին շտապել Հայաստան ջոկատները ուղարկելու գործում։ Հիշեցնենք, որ այդ զինյալ ջոկատներն ստեղծվել էին Իսրայել Օրիի մտահղացմամբ՝ դեռևս մինչև ապստամբության սկիզբը Հայաստանից Եվրոպա ուղարկված և այնտեղ ռազմական ուսուցում ստացած ընտիր երիտասարդներից (տե՛ս «Հայաստանի Զրուցակից», 8 (217)

1727-1728 թթ. ձմռանը Ռեչ Պոսպոլիտայում կազմակերպվեց ջոկատների ընդհանուր հավաք՝ շտապ Հայաստան մեկնելու նպատակով։ Իզուր չէ, որ Կամենեց-Պոդոլսկից Մոսկվա ուղարկված պատվիրակներն «աղերսանքով» թույլտվություն էին խնդրում ռուսաց կայսրից, «որպեսզի նրանք ներկա ձմեռային ճանապարհով կարողանան շարժվել Մոսկվա»։ Ձմռանը՝ռուսական սառնամանիքի և անանցանելիության պայմաններում, ճանապարհ ընկնելու հաստատակամ ցանկությունը կարող է բացատրվել միայն Սղնախներից ստացված շտապելու հրամանով։ Սակայն պետական սահմանների հատումը կազմակերպելու արտակարգ բարդությունների պատճառով այդ ջոկատները դարձյալ տարակենտրոնացվեցին։ Ինքը՝ «հավաքը», ըստ երևույթին, գումարվել էր Ռեչ Պոսպոլիտայի առևտրային կենտրոններից մեկում, ամենայն հավանականությամբ՝ նույն Կամենեց-Պոդոլսկում։ Այդ հավաքի ընթացքում գաղտնեգործունեության կաննոնները պահպանվել են ողջ խստությամբ. ջոկատներն ու նույնիսկ ջոկատների հրամանատարները, ինչպես հայտնում էին Մոսկվա ժամանած հայերը, «միմյանց միջև քննարկումներ ու ժողովներ չեն արել և հնարավորին չափով միմյանցից թաքցրել են Ռուսաստանի վրայով Սղնախներ մեկնելու իրենց ցանկությունը»։

 

Հայ զինվորականները զգուշանում էին լեհական իշխանություններից, որոնք խոչընդոտներ էին առաջացնում Ռուսաստան մեկնել փորձող նույնիսկ փոքր խմբերի համար. «իսկ եթե Լեհաստանում հայերի շարժումը չկասեցնեին, ապա այստեղ արդեն հասած կլինեին ավելի քան 300 հոգի», – հայտնում էին ռուս պաշտոնյաներին 1728 թ. սեպտեմբերի 8-ին Մոսկվա ժամանած հինգ հայ զինվորականները։ Ընդ որում, հայկական հետախուզության Կամենեց-Պոդոլսկի կայանը բավականին լավ տեղեկացված էր միջազգային քաղաքական իրադրության, մասնավորապես ռուս-թուրքական հարաբերությունների մասին և ըստ այդմ հույսեր չէր տածում Ռուսաստանից կամ որևէ այլ պետությունից ռազմական օգնություն ստանալու վերաբերյալ։ Դեպի Հայաստան իր ջոկատների երկար ճանապարհը հաղթահարելու համար հայոց պետերի եռյակը ռուսաց իշխանություններից անգամ նյութատեխնիկական օժանդակություն չէր հայցում. «Նրանցից ոմանք ձիեր ու հրացաններ ունեն, իսկ ուրիշները չունեն, բայց երբ ն.կ.մ. հրամանով նրանց թույլ տրվի Ռուսաստան գալ, ապա բոլորը կգան՝ ով ինչքանով իրեն կկարողանա զինելկգան իրենց սեփական ծախսերով, չցանկանալով ն.կ.մ.-ից Ռուսաստանով անցնելու համար որևէ օժանդակություն ոչ դրամով, ոչ սննդով, ոչ սայլերով, միայն թե իրենց Ռուսաստանով անցնելու ազատ և անհապաղ իրավունք տրվի»։ Այսպիսով՝ կայանն ի վիճակի էր ինքնուրույնաբար լուծելու իր ջոկատների զինման, ֆինանսավորման և նյութատեխնիկական ապահովման հարցերը։ Միաժամանակ, Ռուսաստանով անցնելու ընթացքում ձգտելով պահպանել գաղտնիությունը և չվտանգել ամբողջ արևելյան Եվրոպայում գործող հայկական ընդհատակյա կազմակերպությունը, հայկական հետախուզութան Կամենեց-Պոդոլսկի կայանի պատվիրակները համառորեն խնդրում էին, որպեսզի դեպի Մոսկվա ճանապարհին հայ զինվորականներից որևէ մեկին չհարցաքննեն, և միայն այն ժամանակ, երբ հիշյալ պետերը Մոսկվա կժամանեն, «իրենց վիճակի և նպատակների մասին կզեկուցեն նրան, ում կհրամայի ն.կ.մ.-նը»։

Մոսկվայում հարցաքննված հայ զինվորականներից ոմանք գուցեև անձամբ ճանաչում էին իրենց գլխավոր պետերին, սակայն նրանց ինքնության, բնակվելու վայրի և ամենօրյա գործունեության մասին գաղտնիքը չհրապարակելու խիստ հրաման ունեին։ Այսպես, 1728 թ. սեպտեմբերի 8-ին «Լեհաստանից Կիևի վրայով» Մոսկվա հասած հայ զինվորականներ Հովհաննեսը (Իվանը), Գրիգոր Իվանովը, Պետրոս Ղազարյանը (Պետր Լազարև), Բաբուն Նիկիտինը հայտարարում էին ռուս պաշտոնյաներին. «Գլխավոր պետերից ճանաչում են միայն Եսայուն, որն իրենց այստեղ մեկնելուց հետո մնացել է ԿամենեցՊոդոլսկում։ Նրա մոտ իրենց զինակիցներիցեղբայրներից») մնացել են մինչև 60 մարդ, իսկ մյուս պետերին՝ Մարտիրոսին և Մանուկին նրանք չեն ճանաչում»։ Եսայու մասին տեղեկացնելու այս պատրաստակամությունը հավանորեն բխում էր նրանից, որ նա պատրաստվում էր նույնպես Մոսկվա ժամանել՝ Ռեչ Պոսպոլիտայից բոլոր հայ զինվորականներին ուղարկելուց անմիջապես հետո։ Ի դեպ, նրանք, ավելորդ ուշադրություն չգրավելու համար, այնտեղից դուրս էին գալիս «երկուական կամ երեքական» խմբերով։ Այս կապակցությամբ ուշագրավ է, որ ղրիմահայոց ջոկատն էլ Սև ծովն անցնում էր ճիշտ այդպես՝ «մի մի, երկ երկու» հոգով (տե՛ս «Հայաստանի Զրուցակից», 8 (217))։ Սա վկայում է հայկական հետախուզության մեջ մասնագիտական փորձի փոխանցման և օգտագործման կանոնավորված համակարգի գոյության մասին։

АВПР-ում պահպանվել են նյութեր 1728 թ. Ռեչ Պոսպոլիտայից Ռուսաստան դուրս եկած հայկական մի ջոկատի մասին, որը գլխավորում էին «գնդապետ» Գրիգոր Ստեփանյանը (Ստեպանովը) և եպիսկոպոս Պետրոս Խաչատրյանը (Խաչատուրովը)։ Իմիջիայլոց, Գրիգոր Ստեփանյանին գնդապետի աստիճան էին շնորհել ոչ թե Ռուսաստանում, այլ ըստ երույթին Ռեչ Պոսպոլիտայում։ Սա ևս մեկ անգամ հաստատում է մեր առաջադրած վարկածը, թե շատերը նրանցից, ում հայ ազատագրական շարժման կենտրոնն ուղարկում էր արտասահման, հատկապես այն բանից հետո, երբ այդ կենտրոնի գլուխ կանգնեց Իսրայել Օրին, ինչպես և ինքը, մտածված կերպով եվրոպական բանակներում ծառայության մեջ էին մտնում՝ ռազմական առաջավոր ուսուցում և փորձ ձեռքբերելու նպատակով։ Անցնելով Կիև-Մոսկվա-Ցարիցին-Չորնի Յառ-Թերեք երթուղով՝ Գրիգոր Ստեփանյանի 23 «զինվորականներից» բաղկացած ջոկատը հասնում է Դերբենտ 1728 թ. սեպտեմբերին։ Չի բացառվում, որ ջոկատի մի մասը հետախուզական կամ այլ նպատակներով անմիջապես անցած լինի Արցախ։ Մինչդեռ հրամանատարները և, ըստ ամենայնի, ջոկատի մեծ մասը, մեզ առայժմ անհայտ պատճառներով, անցել են Արցախ միայն 1729 թ. վերջին կամ 1730 թ. սկզբին։ Այնտեղ ջոկատը մասնակցել է օսմանյան զորքերի դեմ մղվող ինքնապաշտպանական մարտերին ընդհուպ մինչև 1730 թ. օգոստոսի կեսերը։ Իրադրության հետագա վատթարացումը, սակայն, ստիպում է նրանց, արցախյան ուժերի մի խոշոր ջոկատի հետ, ճեղքել շրջափակումը և մտնել ռուսական վերահսկողության տակ գտնվող մերձկասպյան շրջանները։ Հայ զորապետերը (յուզբաշիները) խնդրում են ռուսաց հրամանատարությյանը՝ ռազմական օգնություն տրամադրել և նրանց ետ ուղարկել՝ օժանդակ «զորախմբի» (команда) հետ միասին, սակայն մերժում են ստանում։

Այսպիսով, հայկական հետախուզության Կամենեց-Պոդոլսկի կայանը հայ ազատագրական շարժման ինքնավար ու ինքնաբավ մի ստորաբաժանում էր։ Այն ոչ միայն ղեկավարում էր եվրոպական մի շարք պետություններում և Օսմանյան կայսրությունում գործող ճյուղավորված ընդհատակյա գործակալական ցանցը, այլև իր ենթակայության տակ ուներ զինված ջոկատներ, որոնց ընդհանուր թվաքանակը հասնում էր 500 հոգու։ Սրանք լավ մարտական պատրաստություն, բանակային կարգապահություն և բարձր շարժառիթավորում (մոտիվացիա) ունեցող զինվորականներ էին։ Փաստորեն, խոսքը վերաբերում է ոչ թե պարզապես հայկական հետախուզության կայանին, այլև նրա ղեկավարած ռազմականացված գաղտնի խմբավորմանը, որը գործում էր հեռավոր արտասահմանում, լինելով թերևս խոշորագույն նմանատիպ էթնիկ կազմակերպությունը՝ XVIII դարի Եվրոպայում։ Կամենեց-Պոդոլսկի հետախուզական կայանի մասին տեղեկություններն ընդհատվում են 1728 թ., իսկ արդեն 1730-ական թթ. իր գոյությունն է դադարեցնում այն ստեղծած Կենտրոնը։ Այդուամենայնիվ կարելի է ենթադրել, որ կայանի ղեկավարած ընդհատակյա հայկական կազմակերպությունը կարող էր որոշ ժամանակ ևս իր գործունեությունը շարունակած լինել՝ այս կամ այն ձևով և փոփոխված նպատակներով։

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր

«Հայաստանի զրուցակից»,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: