Կարէն Խանլարի
Դոկտոր, պրոֆեօոր
Ներկայիս Թուրքիայի էթնոկրօնական խմբերի պատկերը կազմում է խիստ բարդ խճանկար: Հակառակ պետական պնդումներին ու ներկայացրած վիճակագրական տուեալներին` այսօր աւելի քան 50 էթնոկրօնական խմբեր են ապրում Թուրքիայում1:
Առգոյ էթնիկական խմբերի նկատմամբ պատմականօրէն կիրարկուել է ուծացման համատարած եւ բիրտ քաղաքականութիւն: Արդիւնքում, սակայն, հակառակ գործադրուած մարտավարական հնարքների՝ ցարդ յայտնաբերելի են մնացել ոչ-թուրք էթնիկական խմբերը, եւ այդքանով կարելի է ասել՝ կաթուածահար վիճակում է գտնւում ասիմիլիացիայի պետական քաղաքականութիւնը:
Պիտի ասել, որ ըստ Լոզանի դաշնագրի տրամադրութիւնների՝ Թուրքիայում միայն պոլսաբնակ հայերը, յոյներն ու հրեաներն են պաշտօնապէս ճանաչւում որպէս ՙփոքրամասնութիւն՚: Էթնոկրօնական միւս խմբերի մասին նոյնիսկ օրէնքով արգելուած է խօսելը: Սակայն Թուրքիայի վարչապետարանի Մարդկային իրաւունքների խորհուրդը, Թուրքիայի` Եւրոմիութեանն անդամակցելու թոհ ու բոհում, 2004 թ. հոկտեմբերին հրապարակեց մի տեղեկագիր, որում ընդգծում էր Թուրքիայի զանազան ազգերի ու էթնիկական խմբերի գոյութեան հարցը: Կառավարութեանն առաքուած տեղեկագիրը չհաստատուեց եւ չպաշտօնականացուեց երբեք, այնուամենայնիւ այն մնաց որպէս Թուրքիայի իրական վիճակը արտացոլող նշանակալի փաստաթուղթ, ուր դիտել էր տալիս, որ ՙայլեւս անցել է թուրքական վերին ինքնութեան ու մի մշակոյթի ու լեզուի վրայ հիմնուած պետականութեան շրջանը՚2, եւ առաջարկւում էր, որ ՙթուրքական վերին ինքնութեան՚ տակ ընդունուեն նաեւ մշակութային ու լեզուական բազմաթիւ ենթաինքնութիւնները:
Յատկանշական ենք համարում սոյն տեղեկագրի բովանդակութեան գծով մէջ բերել ՙՌադիկալ՚ թերթի վերլուծաբան Ադնան Քեսքինի հետեւեալ տողերը. ՙԱյսօրուայ սահմանադրութիւնը, որի առաջին յօդուածներից մէկը արգելում է նոյնիսկ փոփոխութիւն առաջարկել երկրի ամբողջականութեան ու անբաժանելիութեան սկզբունքի մասին, այսօր ժամանակավրէպ է դարձել, որովհետեւ այդպիսի մի ամբողջականութեան մասին խօսելը նշանակում է պնդել երկրի ՙմոնոլիթ՚ լինելու, այսինքն՝ միակտուր ու միահատուած լինելու վրայ ու ժխտել միւս փոքրամասնութիւններուն գոյութիւնը՚3 (ընդգծումը մերն է – Կ. Խ.) :
Թուրքիայի քաղաքական ուժերից եւ կուսակցութիւններից ոչ մէկը (ի բացառեալ հատ ու կենտ ծայրայեղ ձախ հոսանքների եւ քրդական պառլամենտական DeHaP կուսակցութեան) Լոզանի դաշնագրի հասկացութիւնների ընդհանուր շրջագծից դուրս չի ընդունում էթնոկրօնական որեւէ խմբի գոյութեան փաստը: Դրանցից ոմանք, օրինակ` ՙԳորշ գայլերը՚, նոյնիսկ դա էլ են մերժում: Սակայն գտնւում են աւելի լայնախոհութիւն մոգացողներ (CeHePe եւ ANAP), որոնք, օրինակ, Կ. Պոլսի քաղաքապետական խորհուրդների 2004 թ. ընտրութիւններում մի քանի հայեր են ներառում իրենց ընտրացանկերում4:
Թուրքիայի հայութիւնը կենցաղային-հասարակական ներքին յարաբերութիւնների տեսանկիւնից եւ ուծացման ենթարկուելու իմաստով մեծապէս այլատարր է առ այսօր եւ ներկայանում է դիմագծային տարբեր տիպերով: Թուրքիայի հայոց պատրիարք Շնորհք արք. Գալուստեանը 1980 թ. Երուսաղէմում բանախօսութեան մէջ հետեւեալն է ասում գաւառահայութեան մասին. ՙՁեզ կը ներկայացնեմ գաւառահայութեան չորս խաւերը, ինչպէս որ տեսել եմ նրանց.
ա. Հայեր, որոնք գիտակցաբար եւ կամաւոր կերպով իսլամացել են, խզուել են հայութիւնից եւ ապրում են թուրքերի մէջ: Սրանք են, որ մինչեւ միլիոնի հասնում են իրենց թուով:
բ. Հայեր, որոնք երեք սերունդ առաջ իսլամացել են եւ քրդական աշիրէթական ձեւերով ապրում են մեկուսի եւ չեն խառնւում:
գ. Կամայ թէ ակամայ իսլամացած հայեր, որոնք իրենց հայկական զգացումը պահել են եւ Պոլիս հաստատուելուն պէս դատարանի միջոցով իրենց անձնագրի վրայի ՙիսլամ՚ գրութիւնը ՙէրմենի՚-ով են փոխարինում:
դ. Բուն գաւառահայերը, որ պատիւ իրենց՝ հակառակ բոլոր զգալի եւ անզգալի դժուարութիւններին՝ հայ են մնացել, եւ այսօր Ստամբուլի հայութեան մեծագոյն մասը նրանցից է բաղկանում՚5:
Թէեւ Շնորհք պատրիարքի այս տեղեկատուութեան համեմատ ներկայիս կացութիւնը փոխուած կարելի է համարել, այնուամենայնիւ դա բաւարար հիմք է հանդիսանում ՙԱնատոլիայի՚ հայութեանը տիպաբանական իմաստով բաժանելու երեք էթնոկրօնական խմբերի.
ա) Պաշտօնական հայութիւն. այս խումբը Հայ առաքելական, Կաթողիկէ կամ Աւետարանական եկեղեցիներին կապուող համայնքների տեսքով գոյատեւել է զանազան նահանգներում եւ աւաններում: ՙՊաշտօնական՚ հայութեան կապը Կ. Պոլսի կազմակերպուած համայնքի հետ քիչ թէ շատ պահպանուել է մանաւանդ պատմական Կիլիկիայում:
բ) Իսլամացած հայութիւն. այս խումբը հիմնականում բաղկացած է պոնտահայ եւ համշէնահայ մանր ու խոշոր տոհմական խմբերից, որոնք իսլամացել են 17-18-րդ դարում եւ բնակւում են սեւծովեան ափերիզում` պատմական Ջանիկից (Սամսունից) մինչեւ հայ-վրացական սահմանները երկարող տարածքներում: Իսլամացած տիպն այստեղ իր համեմատական լայն շրջագծում պարունակում է նաեւ կէս-կէս եւ հայ-լազ կոչուած խմբերին6:
գ) Թաքուն հայութիւն. այս խումբը բռնի կերպով եւ իր ֆիզիքական գոյութիւնը պահելու հարկադրանքի տակ իսլամացել է հայկական պարբերական կոտորածների եւ մասնաւորաբար 1915 թ. Ցեղասպանութեան հետեւանքով եւ ապրում է բազմաթիւ քրդաբնակ եւ թուրքաբնակ գիւղերում ու գիւղակներում: Սա վերոնշեալ իսլամացած խմբից տարբերւում է իր իսլամացման ժամանակով եւ գործընթացով: Այլապէս ընդհանուր օրինաչափ երեւոյթը եւ արդիւնքը մնում է նոյնը:
Կացութիւնը ներկայումս
Պատմական ներկայ ժամանակահատուածի բնորոշ շրջադարձն է կազմում Խ. Միութեան փլուզումը՝ իր բոլոր ուղղակի եւ անուղղակի հետեւանքներով: Մի շարք քաղաքական վերլուծաբաններ փլուզման պատճառները հիմնականում գտնում են Խորհրդային համակարգի տնտեսական սնանկութեան, ռազմական եւ տիեզերական տեխնոլոգիաների անմրցունակութեան եւ տկարութեան մէջ:
Սակայն մեր գնահատմամբ փլուզման գլխաւոր եւ առաջնային պատճառներն են հանդիսացել ազգային-էթնիկական հարցերի առկայութիւնն ու վերազարթօնքը` մէկ կողմից եւ միւս կողմից՝ տեղեկատուական աշխարհի սրընթաց զարգացումները: Այս երկու գործօնները, փլուզման պատճառ հանդիսանալուց բացի, յեղափոխական իրավիճակի մէջ դրեցին տարածաշրջանի իրաւազրկուած ազգերին եւ էթնիկական խմբերին՝ իրենց ազգային ինքնութեան եւ անլոյծ հարցերի արծարծման առումով:
Թուրքիան, Խ. Միութեան պէս բազմազգ պետութիւն լինելով հանդերձ, նոյն ճակատագիրը ունեցաւ: Սակայն Խ. Միութեան փլուզումը եւ դրա հետեւանքով խորհրդային հանրապետութիւնների անկախութիւնը քաղաքական եւ իրաւական նախադէպ հանդիսացաւ միւս բոլոր բազմազգ պետութիւնների համար: Այդպիսով՝ Թուրքիան ապրեց եւ ներկայումս էլ ապրում է փլուզման զարհուրելի մղձաւանջ:
Թուրքիայի հաւանական փլուզման եւ հողային ամբողջականութեան քայքայման որեւէ ուղի, մեր համոզմամբ, անխուսափելիօրէն անցնելու է Հայկական Հարցի միջով: ՙԹուրքիայի համար, – գրում էր Ռուբէն Տէր Մինասեանը, – Հայկական խնդիրը նոյնքան եւ աւելի վտանգաւոր կը համարուէր՝ քան քրդականը: Հայ ժողովրդի ազգային գիտակցութիւնը, բարձր մշակոյթը, Հայկական Դատի միջազգային բնոյթը աւելի հաւանական կը դարձնէին Հայաստանի՝ քան Քուրդստանի ստեղծումը՚7: Եթէ Ռուբէնի թուարկած գործօններին գումարենք նաեւ այսօրուայ անկախ Հայաստանի գոյութիւնը, ապա պատահական չպիտի համարել BBC-ի 2004 հոկտեմբերի վերլուծութիւնը, համաձայն որի՝ ՙԹուրքիայում ոչ մի հարց չունի այն աստիճան զգայնութիւն, որքան հայերի ճակատագիրը Օսմանեան կայսրութեան վերջին տարիներին՚8:
Ահա Թուրքիայի հայութեան ներկայ կացութիւնը.
Ա) ՙՊաշտօնական՚ հայութիւն: Հայութեան միւս խմբերի համեմատութեամբ ՙպաշտօնական՚ հայութեան ներկայ վիճակի մասին առաւել շատ տեղեկութիւններ կան մեր տրամադրութեան տակ: Որոշ բացառութեամբ` նրա վիճակը շարունակում է այսօր եւս մնալ անմխիթար: ՙԹայմզ՚ օրաթերթը 1994 թ. տուեց ազդանշանը այն մասին, թէ Թուրքիայի դէմ մի նոր արշաւ պիտի սկսուի՝ պայմանաւորուած քրիստոնեաների վրայ ծանր ճնշումներով : ՙԹայմզի՚ լուրը գրի է առնուել մասնաւորաբար Թուրքիայի արեւելեան նահանգներում ապրող քրիստոնեաների առիթով9:
1995 թ. հրատարակուած ՙՀայերն աշխարհում՚ համառօտ հանրագիտարանը ՙպաշտօնական՚ հայութեան թուաքանակը գնահատում է մօտ 10 միլիոն10:
Բ) Իսլամացած հայութիւն: Հարուարդի եւ Կոլումբիայի համալսարանների լեզուաբանական շրջանակներում համբաւ ունեցող Բերտ Վաուքսն իր յօդուածի նախաբանում համշէնահայութեանը բաժանում է երեք հիմնական խմբերի11.
ա) արեւմտեան համշէնահայութիւն. Օրդուում, Տրապիզոնում եւ Ռիզէում ցրուած, թուրքախօս եւ իսլամին յարած,
բ) արեւելեան համշէնահայութիւն. առաւելաբար Արդուինում բնակուող, համշէնահայ բարբառով խօսող եւ իսլամին յարած,
գ) հիւսիսային համշէնահայութիւն. Վրաստանում եւ Ռուսաստանում բնակուող, համշէնահայ բարբառով խօսող եւ քրիստոնեայ:
Իսլամացած եւ Թուրքիայում բնակուող առաջին երկու խմբի թուաքանակը գերակշռում է Թուրքիայի սահմաններից դուրս բնակուող վերջին խմբին:
Wikipedia համացանցային հանրագիտարանը Թուրքիայի համշէնցիների կամ հեմշինլիների համար նման մի տեսակաւորում է նկատի առնում՝ արեւմտեան խմբին կոչելով ՙԲաշ-հեմշինցիներ՚, իսկ արեւելեան խմբին՝ ՙՀոփա-հեմշինցիներ՚12:
Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի աշխատակից Յովան Սիմոնեանը Ռիզէում բնակուող արեւմտեան համշէնահայութեան (կամ բաշ-համշէնցիութիւն) թուաքանակը գնահատում է 15-ից 23 հազար, Հոփայի (պատմական Խոպա) արեւելեան համշէնահայերի թիւը` 25 հազար մարդ13:
Սա նշանակում է, որ համշէնահայութիւնը Հոփայում կազմում է բնակչութեան բացարձակ մեծամասնութիւնը: Այս իրողութիւնը հաստատում է նաեւ Armeniapedia էլեկտրոնային հանրագիտարանը14:
Թուրքիայի համշէնահայութեան թուաքանակի մասին վկայութիւնները բաւականին տարբեր են ու այլազան:
Դոկտ. Թեսսա Հոֆմանի գնահատմամբ ՙԱյնտեղ 20 հազար մուսուլման համշէնցիներ կան, որոնց հայրենիքը գտնւում է Տրապիզոնի եւ Էրզրումի արանքում՚15:
Դժուար է ճշտել, թէ որոնք են համշէնահայութեան թուաքանակի թերագնահատման պատճառները: Վիճակագրական ստոյգ տուեալների չգոյութեանն առընթեր՝ մենք գտնում ենք, որ Թուրքիայի պետական շրջանակների մօտ առկայ է պոնտահայերին` որպէս պոնտացի յոյներ, բաշ-համշէնցիներին` որպէս լազեր եւ արեւելեան համշէնահայերի մի բաժնին` որպէս վրացիներ ներկայացնելու միտումը, որի խորքում, իհարկէ, ընկած է հակահայ տրամադրուածութիւնը:
Իսլամական հասարակութեան սեկուլարացման ինստիտուտի համանուն կայքէջում մի իսլամացած հայ իր 16 սեպտ. 2002 թուակիր էլեկտրոնային նամակում գրում է. ՙՀայախօս մուսուլմաններով բնակեցուած գիւղեր կան: Որոշ աղբիւրներ նրանց թուաքանակը գնահատում են շուրջ 2 միլիոն՚16:
Գրիգոր Աւագեանի տուեալներով ՙԹուրքիայում, մասամբ նաեւ այլ երկրներում ապրում են շուրջ 4 միլիոն մուսուլման համշէնահայեր՚17:
Ըստ բուն համշէնահայ, Գեօթէ համալսարանի գիտաշխատող, նախկին վարչապետ Մեսուդ Ելմազի ազգականուհի Ալիէ-Ալիս Ալթըի (Կոստանեան)` ՙԱյսօր աւելի քան մէկ միլիոն իր ազգակիցները գտնւում են ազգային ինքնագիտակցութեան ու զարթօնքի գործընթացում՚18:
Ալիէ Ալթըի զաւակ, գերմանաբնակ Դենիզ Ալթըի հարցազրոյցում նկարագրւում է Թուրքիայի համշէնահայութեան վիճակը եւ նրանց թիւը գնահատւում շուրջ 1.5 միլիոն19:
Թէեւ կրօնական այլասերումը մնում է անցանկալի իրականութիւն համշէնահայերի մօտ, սակայն իսլամի նկատմամբ նրանց տածած հաւատքը հեռու է սուննիականութեանն յատուկ մոլեռանդութիւնից: ՙՀամշէնները շատ կրօնական չեն, – պարզաբանում է Յովան Սիմոնեանը իր դասախօսական ելոյթներից մէկում,- նրանք շատ քիչ մզկիթներ ունեն, եւ շատ քիչ մարդիկ են ուշադրութիւն դարձնում դրանց: Համշէնցիները նաեւ օգտագործում են ալքոհոլիկ խմիչքներ՚20:
Թուրքիայի համշէնահայերը վերջին տարիներին մեծ աշխոյժ են ցուցաբերում ազգային-էթնիկական գիտակցութեան զարթօնքի բնագաւառում: Այս իմաստով յատկանշական են նրանց ինքնարծարծման ելոյթներն ու յօդուածները՝ մի շարք կայքէջերում եւ էլեկտրոնային ֆորումներում21:
Համշէնահայութեան այս ինքնաճանաչման շարժումը, գտնուելով հանդերձ նախնական փուլում, ունի մեծ ներուժ, գերազանցապէս ընթանում է ինքնուրոյն մղումներով ու պարզում է զարգացման շօշափելի տարողութիւն:
Գ) ՙԹաքուն՚ հայութիւն: Ներկայումս Անատոլիայում բնակուող հայութիւնը իր էթնիկական վերակերպուած տիպերով շարունակում է մնալ խորհրդաւոր եւ գրեթէ անճանաչելի: Միւսների համեմատութեամբ ՙթաքուն՚ հայերի պարագան թերեւս ամենաբարդը պիտի համարել:
ՙԹաքուն՚ հայութիւն է ապրում կենտրոնական եւ արեւելեան Թուրքիայի բազմաթիւ շրջաններում, յատկապէս Արեւմտեան եւ Հարաւարեւմտեան Հայաստանում:
Քենան Էւրէնի զինուորական իշխանութիւնների ժամանակուանից սկսած եւ յատկապէս 90-ական թուականների ընթացքում թուրքական բանակը աւերել կամ այրել է բազմաթիւ գիւղեր եւ գիւղակներ Թուրքիայի արեւելեան գաւառներում եւ տեղահանել շուրջ երեք միլիոնի հասնող բնակչութիւն:
Այս զանգուածային վանդալականութիւններից չէր կարող անմասն մնալ հայութիւնը: Մեզ դեռ յայտնի չէ հայկական գիւղերի կրած մարդկային եւ նիւթական վնասների ճշգրիտ չափը: Մարդկային իրաւունքների պաշտպան մի կայքէջում ասւում է, որ ՙթուով 729 գիւղեր (թէ՜ քրդական, թէ՜ քրիստոնէական) դատարկուել են անվտանգութեան ուժերի կողմից (ընդգծումը մերն է – Կ.Խ.)՚22:
ՙԹաքուն՚ հայութեան ընդհանուր թուաքանակի ճշտման համար քիչ տուեալներ կան մեր տրամադրութեան տակ:
Թեսսա Հոֆմանը ՙcrypto-armenians՚ կամ ՙթաքուն հայեր՚ի թուաքանակը գնահատում է 30-ից 40 հազար23: Մեր համոզմամբ այս թուաքանակը խիստ թերագնահատուած է:
Միւս կողմից` գերագնահատուած մի թուաքանակի մասին ակնարկներ կան Քրդստանի աքսորեալ խորհրդարանի փաստաթղթերում, ընդ որում` այսպէս կոչուած` ՙՄեծ Քրդստանի՚ սահմաններում ապրող ասորի եւ հայ բնակչութեան թուաքանակի գումարը գնահատւում է ամբողջական բնակչութեան շուրջ 10%-ը24:
Եթէ Թուրքիայի քրդերի միջին թուաքանակը 15 միլիոն համարենք (տես25 եւ26), ապա ասորի եւ հայ բնակչութեան թուաքանակը, ըստ վերոնշեալ հիմնաւորման, պիտի գնահատել շուրջ 1.5 միլիոն:
Քրդական ՙOzgur politik՚ էլեկտրոնային թերթի 1997 թ. Դեկտեմբերի համարը եւս ակնարկում է նման մի թուաքանակի մասին՝ ասելով, որ ՙքրդական տարածքներում՚ սուրիանական եւ հայկական ծագումով 2միլիոն ՙքրդեր՚ կան27:
Ասորի եւ հայ բնակչութեան համար 1.5 միլիոն թուաքանակը թէեւ առայժմ փաստարկելի եւ ստուգելի չէ, սակայն լուրջ նկատառման է արժանի: Այնուամենայնիւ, հայ մնացորդացի բնական աճը նկատի առնելով, ՙթաքուն՚ հայութեան թուաքանակը առնուազն մի քանի հարիւր հազար կարելի է հաշուել:
Թուրք առաջադէմ մտաւորական Քեմալ Եալչինը մի հարցազրոյցում ահա այսպէս է բնութագրում մերօրեայ ՙթաքուն՚ հային. ՙԱյդպիսի ընտանիքներն ապրում են որպէս քուրդ կամ թուրք մուսուլմաններ, եւ նրանց երեխաներն իրենց մայրենի լեզուն չեն սերտում: Իմ տեսած թաքուն հայերից շատերը 15-17 տարեկաններ էին, որոնց ծնողները նրանց զգուշացրել էին չխօսել այդ մասին՚28:
Իսկ ՙթաքուն՚ հայութեան քաղաքական տիպարի եւ ուղղուածութեան մասին լիարժէք գաղափար կազմելու համար շահեկան կարող են լինել նաեւ այն փաստերը, որոնք վկայում են քրդական կազմակերպութիւնների շարքերում ծագումով հայ անդամների մասին:
ՙՋումհուրիէթը՚ 1993 թ. յուլիսի 11-ի համարում տեղեկացնում է PKK-ի դէմ ՙհոգեբանական շարժում՚ նախաձեռնելու նպատակով վարչապետ Չիլլերի նախագահութեամբ ստեղծուած պետական քարոզչական յանձնախմբի մասին, որը պիտի PKK-ի դէմ կանոնաւոր տեղեկուութիւններ տար Թուրքիայի քաղաքական շրջանակներին: Յանձնախումբը, ըստ նշուած աղբիւրի, նպատակ էր ճշտել, որ լուսանկարների եւ այլ տեսակ տեղեկութիւնների միջոցով դիմէր նաեւ PKK-ի շարքայիններին եւ նրանց հարց ուղղէր, թէ նրանք գիտե՞ն արդեօք, որ Աբդուլլահ Օջալանը հայերի ձեռքում գործիք է դարձել եւ այլն: ՙԼուսանկարների միջոցով, – գրում է ՙՋումհուրիէթը՚, – PKK-ականների համար յստակ է դառնալու կազմակերպութեան մէջ գործող ահաբեկիչներիհայկական ծագումը (ընդգծումը մերն է – Կ.Խ.)՚29:
ՙԳորշ Գայլեր՚ աշխատութեան հեղինակները ասում են, որ Թուրքիայում PKK-ն յաճախ է ներկայացւում որպէս ՙհայ ստրուկներից՚ բաղկացած կառոյց: MeHePe-ի երբեմնի առաջնորդ ՙԱլփարսլան Թուրքեշը նոյնիսկ բերնից բաց է թողել, որ Աբդուլլահ Օջալանը քուրդ չէ, այլ հայ է, եւ իր իսկական անունն էլ Ակոբ Արթինեան է՚30:
Աջակողմեան ՙՄէյդան՚ թերթը չէր խորշում նոյնիսկ այս մասին վերջնական եզրայանգումներ հրապարակելուց. ՙԹուրքիայում Քրդական հարց գոյութիւն չունի. հարցը Հայկական է՚31:
Օջալանի հայկական ծագման մասին առաջին անգամ արտայայտուել է Թուրքիայի ներքին գործերի նախարարութիւնը դեռ 1990-ականերին: Այս մասին 2000 թ ակնարկուել է նաեւ ՄԱԿ-ին առաքուած առանձին զեկուցագրում .32:
Թուրքական մի շարք աղբիւրներ, առեւտրական շրջանակներում համբաւ ունեցող Բեհչէթ Ջանթուրքին ներկայացնելով որպէս PKK-ի նիւթական գործերի եւ հայ ահաբեկչական խմբերի հետ կապերի պատասխանատու, շեշտում են, որ նա ՙծնուել է 1950 թ. Դիարբեքիրում քուրդ հօրից ու հայ մօրից՚33:
Միւս փաստը վերաբերում է PKK-ի նախագահական խորհրդի անդամ Նուրիէ Գեսպիրի եւ դրա Կենտրոնական կոմիտէի անդամներ Պեքիր Պաքրճեանի եւ Մուսա Հաճըեւի հայկական ծագմանը, որն առաջինը բացայայտել է ՙԹուրքիէ՚ օրաթերթը 2002 թ. նոյեմբերին34:
Ազդեցիկ ՙՄիլլիէթ՚ թերթում Թուրքիայի ռազմական արտակարգ դրութեան կառավարիչ Իւնիլ Էրքանը յայտարարում էր. ՙՄեր համակարգիչներում արձանագրել ենք հայկական ծագում ունեցող 800 PKK-ի անդամներ՚35:
Որոշ աղբիւրների համաձայն` PKK-ի զինուած անդամների թիւը գնահատւում է շուրջ 550036, ինչը համապատասխանում է Բիթլիսի տանկային ստորաբաժանման հրամանատար գեներալ Տագմայի յայտնած տեսակէտին: Նա մամլոյ մի հարցազրոյցի մէջ պնդում է, որ ՙPKK-ի ամէն եօթներորդ անդամը հայ է: PKK-ի այդ անդամները զաւակներն են այն հայերի, ովքեր օսմանական կայսրութիւնը կռնակից դաշունահարեցին Առաջին աշխարհամարտի ընթացքում՚37:
Նոյն գեներալ Թագման, մի այլ առիթով` 1995 թ., եւս յայտնում է, որ տեղի ունեցած ինչ-որ ծանր մարտերի ընթացքում ՙքրդեր չկային այնտեղ: Նրանք, ովքեր մեր ստորաբաժանման ուժերի գրոհների արդիւնքում նահանջեցին դէպի լեռները, հայեր էին (ընդգծումը մերն է – Կ.Խ.)՚38:
Ներկայումս Եւրոպայում հաստատուած մի քանի ՙթաքուն՚ հայերի հետ հարցազրոյցներից պարզւում է, թէ ինչպէս նրանցից ոմանք աշխատել եւ պայքարել են PKK-ի շարքերում եւ Օջալանի գերեվարութիւնից յետոյ հիասթափուելով` որոշել են վերադառնալ մայր հայրենիք կամ մեկնել Հոլանդիա, Գերմանիա եւ այլն39:
PKK-ի էլեկտրոնային տեղեկատուներից մէկում կարդում ենք հայաբնակ Սայլակկայա (Ջբին) պատմական գիւղում 1970 թ. ծնուած հայ երիտասարդ Հուսէյն Սարիչիյէքի մասին, որը զոհուել է Թուրքիայի բանակի դէմ մարտերում 1988 թ.40:
Թուրքիայի ծայրայեղ ձախ հոսանքներին, յատկապէս TIKKO կազմակերպութեանը վերաբերող տեղեկութիւններում կարելի է հանդիպել 1946 թ. Ամասիայում ծնուած Կարպիս Ալթինօղլուի անուանը, կենսագրականին եւ նրա քաղաքա-տեսական յօդուածներին. ընդ որում` դրանցում յաճախ յիշատակւում է նրա հայ լինելու պարագան41:
Առաւելաբար Զազա-ալեւիական շրջանակներում աշխատող եւ Դերսիմի լեռներում մաքառող նոյն այդ TIKKO կազմակերպութեան զոհուածների ցանկում հանդիպում ենք երեք հայ երիտասարդների կենսագրականներին42. Արմենակ Բաքրչիեան` ծնուած Տիգրանակերտում՝ 1953 թ., զոհուած Խարբերդում 1980 թ.: Նուբար Եալիմ` ծնուած Մարդինում 1957 թ., զոհուած Ամստերդամում 1982 թ.: Մանուէլ Դեմիր` ծնուած Կեսարիայի Բունիան քաղաքում 1963 թ., զոհուած Ստամբուլում 1988 թ.: Հետաքրքիր է իմանալ, որ Մանուէլ Դեմիրի հերոսական տիպարին ու սխրանքներին նուիրուած թուրքերէնով երգ է յօրինուել, որը հնչում է քրդական շրջանակներում:
Եզրակացութիւն
Այսպէս` բազմաթիւ հրապարակումներ, հաղորդագրութիւններ եւ ուղեգրութիւններ բաւարար հիմք են տալիս եզրակացնելու, որ ներկայումս հայութեան տարբեր խմբերի հետքեր կան անատոլիական առնուազն 80-90 քաղաքներում, գիւղերում եւ գիւղակներում:
Տիպաբանական բնորոշմամբ հանդերձ՝ դիւրին չէ մեր խնդրոյ առարկայ հայ բնակչութեան թուաքանակի մասին վերջնական տեսակէտ յայտնելը: Այդուհանդերձ բերենք մի քանի վկայութիւններ:
Իսլամական ՙJihadwatch՚ էլեկտրոնային թերթը 2005 թ. փետրուարի 17-ի համարում գրում է. ՙՄինչեւ մէկ միլիոն հայեր են դեռ ապրում Թուրքիայում՚43:
ՙՊահպանողական գնահատմամբ, – ասուած է ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի 2003 թ. մայիսի 31-ի յայտարարութեան մէջ, – մօտաւորապէս 1,000,000 հայեր դեռ ապրում են Արեւմտեան Հայաստանում՚44:
ՙՆերկայում Թուրքիայում շուրջ երկու միլիոն է հաշուըւում թիւը այն հայերի, – գրում է Արմէն Մելիքեանը, – որոնք իսլամն են ընդունել անցեալում, գոյատեւել են ֆիզիքապէս եւ աճել են քանակութեամբ: Նրանք չեն թուրքացել: Շատերը գիտեն իրենց հայկականութեան վերաբերեալ, սակայն վախենում են խօսել այդ մասին: Այդ երկու միլիոն մարդիկ հայ են համարւում…՚45:
ՙԵրկիր՚ շաբաթաթերթի աշխատակից Արամ Անանեանը իր յօդուածում ի միջի այլոց յայտնում է. ՙԸստ զանազան գնահատականների՝ Թուրքիայում բնակւում են 2-3 միլիոն մահմեդականացած հայեր՚46:
ՙԳեօթէ՚ համալսարանի գիտաշխատող Ալիէ-Ալիս Ալթըի համոզմամբ՝ ՙՄինչ երեք միլիոն թուրքացած հայեր կան, որոնք փորձում են իմանալ իրենց ծագման մասին տասնամեակների լռութիւնից յետոյ…՚47:
Կարիքաւոր եկեղեցիների օժանդակութեան հիմնարկի` 1998 թ. Թուրքիայի մասին զեկուցագրում կարդում ենք. ՙ20 հազար բապտիստ քրիստոնեաներին իրականում պիտի գումարել եւս չորս ու կէս միլիոն քրիստոնեաների, որոնք այնտեղ ապրում են կեղծ եւ թաքուն ինքնութեամբ՚48:
Սոյն թուաքանակը հաստատող մի շատ հետաքրքրական տուեալի ենք հանդիպում ՙPlanet of Diaspora՚ թերթում, ուր Թուրքիայի հայութեան թուաքանակը ներկայացւում է 4.500.000 մարդ49:
Եթէ ի մի բերենք Թուրքիայի ներկայիս հայութեան ընդհանուր թուաքանակի մասին վկայութիւնները, ապա դրանց միջինը մեզ յանգեցնում է շուրջ 3.000.000 թուաքանակի, որը, նկատի առնելով բազմաթիւ անորոշութիւնների եւ անճշտութիւնների առկայութիւնը, կարելի է ամենայն չափաւորութեամբ իջեցնել 2.000.000-ի:
Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ Անատոլիայի ՙպաշտօնական՚ հայութիւնը մեր հետազօտութեան աշխարհագրական շրջագծում կազմում է աննշան թուաքանակ` թերեւս հինգ հազարից պակաս, իսլամացած հայութեան թուաքանակը, անցնելով միլիոնի սահմանը, կազմում է շուրջ 1,300,000 մարդ, իսկ ՙթաքուն՚ հայութիւնը՝ աւելի քան 700 հազար մարդ:
Ամէն դէպքում այն, ինչ մնում է որպէս իրողութիւն, ստուար թուով հայ էթնիկական տարրի առկայութիւնն է Թուրքիայի արեւելեան տարածքներում, Արեւմտեան եւ Հարաւարեւմտեան Հայաստանում, Պատմական Կիլիկիայում, ինչպէս նաեւ Փոքր Հայքում եւ յարակից շրջաններում:
Սա էթնիկական վերակերպուած տարր է, որը մաքառում է ինքնաճանաչման ու իր ինքնութեան պահպանման համար: ՙՄեզ մի՜ մոռացէք, – դիմում է բուն սասունցի, այժմ Մուշում բնակուող Արմէն Մարտիրոսեանը, – Վարդոյի եւ այլ շրջաններում վերապրող շատ հայեր կան: Հայեր, որոնք մինչեւ վերջերս վախենում էին իրենց ինքնութիւնը յայտնել, բայց այսօր խիզախաբար արտայայտւում ու մաքառում են հայ մնալու համար՚50:
ՙՄիլլի գազեթէ՚ թերթում Մեհմէթ Էյքի ստորագրութեամբ 2004 թ. յուլիսի 31-ին հրատարակուած յօդուածում յօդուածագիրը պնդում է, որ ՙ…օտարականների կողքին հայերն էլ սկսել են լայն հողատարածքներ գնել Կարսի սահմանային շրջանում՚:
Յօդուածագիրը յայտնելով, որ արդէն ըստ հաւաստի աղբիւրների ՙԱգեաքա՚ սահմանային շրջանի հողատարածքների ՙգրեթէ ամբողջութիւնը այլեւս ՙանպաշտօն կերպով՚ պատկանում է հայերին՚, փորձում է ստեղծել քաղաքական ուրոյն տեսութիւն` հայ-թուրքական սահմանների բացման առնչութեամբ:
Երկար վերլուծութիւններից յետոյ նա ի վերջոյ պարզաբանում է. ՙԱրդէն ասւում է, որ մեր երկրի մէջ մեծ թուովՙթաքուն՚ հայեր են ապրում, որոնք ըստ երեւոյթին թուրք ու մահմեդական են, բայց եթէ իրականութեան մէջհայկական ինքնութիւն ու գիտակցութիւն ունեն, այդ պարագայում նշանակում է, որ անբնական մի վիճակ կայ մէջտեղում (ընդգծումները մերն են – Կ.Խ.)՚51:
Այս յատկանշական տողերից կարելի է եզրակացնել, որ Թուրքիայի պետական մտածողութեան տեսակէտից Անատոլիայի հայութեան հարցը նախ եւ առաջ պարզ իրողութիւն է, անվիճելի եւ, ի հարկէ, ՙանցանկալի՚ փաստ, ապա եւ պետական անվտանգութեան եւ երկրի ամբողջականութեան հետ կապուած լուրջ մտահոգութիւն է եւ ապագայի գլխացաւանք:
Թերեւս այս մտահոգութեամբ է հիմնաւորւում այն շրջաբերականը, ըստ որի՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարութիւնը ցուցումներ է տալիս 81 մարզպետարաններին` իրենց մարզերի հայ, յոյն, ասորի եւ այլ փոքրամասնութիւնների մասին վիճակագրութիւն պատրաստելու եւ կենտրոն առաքելու համար52:
Արդէն տարիներ է, որ Թուրքիայի քաղաքական դաշտում սովորական երեւոյթի են վերածուել պետական գործիչների եւ դէմքերի հասցէին փոխադարձ զրպարտութիւնները: Սրանցում ամէնազդեցիկը մնում են նշեալ անձերի էթնիկական ծագման մասին բացայայտումներն ու մերկացումները:
Թուրքիայի երբեմնի վարչապետ Մեսութ Ելմազի եւ Թուրքիայի առաջին կին օդաչու Սաբիհա Գէոքչէնի հայ լինելու պարագաներից բացի` ցարդ այդ ՙմերկացումների՚ թիրախ են դարձել նաեւ գործող նախագահ Ահմէդ Նեջդեթ Սեզերը՝ որպէս ադիեամանցի հայ, եւ ՙԳորշ գայլերի՚ ներկայ ղեկավար Դեւլէթ Բախչելլին` որպէս սսեցի կամ կոզանցի հայ53…
Նման ՙզրպարտութիւնների՚ ճշմարտացիութիւնը ստուգելու մտադրութիւն չունենք այստեղ, սակայն մեզ խիստ հետաքրքրում է Թուրքիայի լայն հասարակայնութեան մօտ դրանց ընկալելիութեան եւ հաւատալիութեան հանգամանքն ու պատճառները:
Հայոց Ցեղասպանութեան տաբուի մասին հնչող բազմաթիւ տեսակէտների զգալի բաժնում, Եղեռնին առնչուող մանրամասնութիւններին առընթեր, ընդգծւում է Թուրքիայում վերակերպուած հայ տարրի իրողութիւնը: Այսպէս՝ Քեմալ Եալչինը, ամէնապաքաղաքական հողի վրայ ներկայացնելով Ցեղասպանութեան հետքերը, լայնօրէն քննարկում է ՙթաքուն՚ հայութեան վիճակը: Օրհան Փամուքը, քաջաբար նշելով մէկ միլիոն հայութեան բնաջնջման պարագան, իր ՙՁիւն՚ վիպակում պատմում է նաեւ Կարսում իր այցելած ՙհայկական գիւղերի՚ մասին: Մեսրոպ արք. Մութաֆեանը, Եղեռնի 90-ամեակը յիշեցնելով Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահին, ի միջի այլոց ակնարկում է Անատոլիայում թուրքերի կողքին ապրող հայութեան մասին: Ֆեմինիստ Հեդիէ Սելման (Ելդա), ցաւ յայտնելով քրդերի միջոցով կատարուածների համար, պահը չի կորցնում յիշեցնելու բիթլիսցի իր ընտանիքի հայկական ծագումը: Նոյն մօտեցումն է ցուցաբերում նաեւ ՙթուրքացած՚ Ֆեթհիէ Չեթինը եւ այլն, եւ այլն:
Իրօ՜ք, ի՞նչն է ստիպում Թուրքիայի զանազան հայ կամ ոչ հայ գործիչներին` Հայկական Հարցի մասին արտայայտուելիս արծարծելու նաեւ մեզ հետաքրքրող հարցը, եթէ ոչ այն յստակ ճշմարտութիւնը, որ սոյն հարցը ուղղակիօրէն աղերս ունի հայապատկան եւ հարակից տարածքներում վերապրած ու վերակերպուած հայութեան ներկայ իրողութեան հետ:
Այս լոյսի տակ իրական է թւում Թուրքիայի պետական մտքի այն երկիւղը, որ արծարծուել է Թուրքիայի վարչապետարանի Մարդկային իրաւունքների խորհրդի նշուած տեղեկագրում, ըստ որի եթէ ՙԼոզանի դաշնագիրը ճիշդ գործադրուի, երկիրը այլեւս կը փրկուի Սեւրի դաշնագրի ՙսինդրոմ՚-ից՚54:
Քաղաքական խորքային վերլուծութիւնների է կարօտ մնում Թուրքիայի էթնոկրօնական խմբերի համտեքստում հայ մնացորդացի կամ վերակերպուած հայութեան հարցը: Այդ հսկայական ներուժը կարող է կամ ընթանալ սոսկ տարերային ուղիներով, շահագործուել այլեւայլ համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքական ուժերի կողմից եւ ի վերջոյ մարել, կամ վերածուել ազգային շարժման եւ վերազարթօնքի:
Թուրքիայի էթնոկրօնական խմբերի պատկերն ըստ նշուած աղբիւրի
Էթնիկական խումբ | կրօն | դաւանանք | ենթախումբ | |
1 | աբդալ | իսլամ | սուննի | |
2 | ադրբեջանցի | իսլամ | շիա | |
3 | արաբ | իսլամ | սուննի | |
4 | արաբ | իսլամ | շիա | ալեւի |
5 | արաբ | քրիստոնեայ | ուղղափառ | մելչիթ |
6 | ասորի | քրիստոնեայ | ուղղափառ | քելդանի |
7 | ասորի | քրիստոնեայ | ուղղափառ | ջելօ |
8 | ասորի | քրիստոնեայ | ուղղափառ | սիրիակ |
9 | բոշնակ | իսլամ | սուննի | հանեֆի |
10 | գնչու | իսլամ | — | — |
11 | դաղստանցի | իսլամ | սուննի | հանեֆի |
12 | դաղստանցի | իսլամ | սուննի | շաֆէյի |
13 | զազա | իսլամ | սուննի | շաֆէյի |
14 | զազա | իսլամ | շիա | ալեւի |
15 | թահթաջի | իսլամ | սուննի | — |
16 | թաթար – ուզբեկ | իսլամ | սուննի | հանեֆի |
17 | թաթար- ղրիմի | իսլամ | սուննի | հանեֆի |
18 | թաթար – նողայի | իսլամ | սուննի | հանեֆի |
20 | թուրք | իսլամ | սուննի | — |
21 | թուրք | իսլամ | սուննի | — |
22 | թուրք | իսլամ | սուննի | իւրուկ |
23 | թուրքմէն | իսլամ | սուննի | — |
24 | թուրքմէն | իսլամ | շիա | ալեւի |
25 | լազ | իսլամ | սուննի | հանեֆի |
26 | կարափափախ | իսլամ | սուննի | — |
27 | կարաչայ | իսլամ | սուննի | հանեֆի |
28 | ղրղզ | իսլամ | սուննի | հանեֆի |
29 | հայ | քրիստոնեայ | ուղղափառ | — |
30 | հայ | քրիստոնեայ | կաթողիկէ | — |
31 | հայ | քրիստոնեայ | բողոքական | — |
32 | համշէնցի | իսլամ | սուննի | — |
33 | հրեայ | մովսիսական | — | — |
34 | ղազախ | իսլամ | սուննի | հանեֆի |
35 | յոյն | քրիստոնեայ | ուղղափառ | — |
36 | յոյն | քրիստոնեայ | կաթողիկէ | — |
37 | յոյն | քրիստոնեայ | բողոքական | — |
38 | յոյն – պոնտացի | իսլամ | սուննի | — |
39 | ուզբեկ | իսլամ | սուննի | հանեֆի |
40 | չերքեզ | իսլամ | սուննի | հանեֆի |
41 | սերբ | քրիստոնեայ | ուղափառ | — |
42 | սուդանցի | իսլամ | շիա | ալեւի |
43 | վրացի | իսլամ | սուննի | հանեֆի |
44 | վրացի | քրիստոնեայ | ուղափառ | — |
45 | իւգուրս | իսլամ | սուննի | հանեֆի |
46 | քուրդ | իսլամ | սուննի | հանեֆի |
47 | քուրդ | իսլամ | սուննի | շաֆէյի |
48 | քուրդ | իսլամ | շիա | ալեւի |
49 | քուրդ | եզդի | — | — |
50 | օս | իսլամ | սուննի | — |
Ծանօթագրոիթիւններ
1. Oehring O., Human Rights in Turkey, Secularism, Religious Freedom, 2002, missio order no 600, 215, p. 2:
2. Նոր Մարմարա, 2004, Հոկտեմբերի 18:
3. Նոյն տեղում:
4. Նոր Մարմարա, Ստամբուլ, 2004, Ապրիլի 2:
5. Ալիք, Թեհրան, 1980, Դեկտեմբերի 18:
6. Մելքոնեան Ա., Հայ բնակչութեան էթնոկրօնական դիմախեղման գործընթացներն Արեւմտեան Հայաստանում ԺԶ.-ԺԸ. դարաշրջանում, գիտաժողովի հիմնադրոյթներ, Երեւան, 2004, էջ 44:
7. Դրօշակ, Ժընեւ, 1925, Յուլիս, էջ 11:
8. Ալիք, 2004, Դեկտեմբերի 14:
9. Ալիք, 1994, Մայիսի 19:
10. Հայերն Աշխարհում, Երեւան, 1995, էջ 45:
11. Նոյն տեղում:
12. http://en.wikipedia.org/wiki/Hamshenis
13. Simonian H.H., History and Identity among the Hemshin, ISIM Newsletter 14, June 2004, p. 24, 25.
14. http://www.armeniapedia.org/index.php?title=Hamshen
15. Hofmann T., Armenians in Turkey today, October 2002, p. 11.
16. http://www.secularislam.org/testimonies/More Testimonies Why I Left Islam.htm.
17. Աւագեան Գ., Հայաստանը եւ հայերս աշխարհում, Երեւան, 1990, էջ 21:
18. Դիտակ, Պէյրութ, 2002, Մարտ-Ապրիլ, էջ 26:
19. Դիտակ, 2004, Ապրիլ-Մայիս, էջ 58:
20. http://www.lazebura.net/english – Lazebura.net
21. -http://www.yaylayolu.info/forum/
-http://hyeforum.com/index.php?showtopic=3459
-http://www.devrimcidemokrasi.org/arsiv/2001/Sayi-13/arastirma2.htm
-http://karalahana.com/
-http://f20.parsimony.net/forum36933/
22. http://www.jubileecampaign.co.uk/world/tur2.htm.
23. Hofmann T., Armenians in Turkey today, October 2002, p 11-12.
24. http://www.kurdish.com/media/article/kwr-article-15.htm.
25. http://www.khrp.org/news/pr2004/26-11-04.htm.
26. Նոր Մարմարա, 2005, Փետրուարի 15:
27. http://www.ozgurpolitika.org/1997/aralik/1226kyb.htm.
28. Kemal Yalcin, Armenians In Turkey: The silence broken through?, 22.1.2002, http:/www.nadir.org/nadir/initiativ/kurdi-almani-kassel/aktuuell/2002/jan2002/ armenier_tr.htm.
29. Դրօշակ, Աթէնք, 1993, Յուլիսի 29-Օգոստոսի 25, էջ 78:
30. Բրամ Ս., Ուլգեր Մ., Գորշ գայլեր – հետազօտութիւն թուրք ծայրայեղ աջակողմեանների մասին, թարգմանեց՝ Արսէն Նազարեան, Երեւան, 2003, էջ 152:
31. Ալիք, 1994, Նոյեմբերի 13:
32. Situation in Turkey, Interim report of the Special Rapporteur of the Commission on Human Rights on the elimination of all forms of intolerance and of discrimination based on religion or belief, Addendum 1, General Assembly, 11 August 2000, p. 14.
33. http://www.biyografo.net.
34. Նոր Մարմարա, 2002, Նոյեմբերի 11:
35. Hofmann T., Armenians in Turkey today, October 2002, p. 35.
36. Official general report on Turkey, Directorate for Movements of Person, Migration and Consular Affairs Asylum and Migration Division, May 2001, p. 31.
37. Hofmann, Tessa, Armenians in Turkey today, October 2002, p. 36.
38. Europian Court Of Human Rights, Former Seconds Section, Case Of Tepe V.,Turkey, (Application no.27244/95), http:// http://www.vahitbicak com/ tepetr.htmhttp.
39. Ազգ, Երեւան, 2005, Յունուարի 18:
40. http:// www pkk.org/2002/03.
41. http://arsiv.aksiyon.com.tr/arsiv/140/pages/dosyalar/dos1.html.
42. http:// babaerdogan.org/partisan.
43. http://www.jihadwatch.org/archives/2005/02/005091print.html.
44. http://www.anca.org/ancadesk.php.
45. http://www.armeniadiaspora.com/population/note_turkey_pop.html, Armen Melikian, Armenian Watch Monitors Human Rights Violations Against Armenian Worldwide.
46. Երկիր շաբաթաթերթ, Երեւան, 2004, Հոկտեմբերի 22:
47. Դիտակ, 2004, Ապրիլ-Մայիս, էջ 58:
48. Religious Freedom in the Majority Islamic Countries- 1998 Report, A.C.N Italian Office, 1998.
49. http://www.iatp.am/economics/migr/hayga-e95.htm, Planeta of Diaspura, #25, 1999.
50. Դիտակ, 2004, Ապրիլ-Մայիս, թիւ 24, էջ 60:
51. Նոր Մարմարա, 2004, Օգոստոսի 1:
52. Հայրենիք վիքլի, 2003, Դեկտեմբերի 12:
53. Ազգ (անգլերէն բաժին), 2004, համար 146, Օգոստոսի 25:
54. Նոր Մարմարա, 2004, Հոկտեմբերի 18:
Համշէն ԵՒ Համշէնահայութիւն
(գիտաժողովի նիւթեր)
ԵՐԵՒԱՆ – ՆՊԷՅՐՈՒԹ, 2007
Թողնել պատասխան