Հոփա – Հեմշիլներ Եւ Բաշ – Հեմշիլներ

by

Արտաւազդ Թուլումջեան

ՀԱՄՇԷՆ Հայկական գիտամշակութային կենտրոնի տնօրէն

Ճանապարհորդական գրառումներ

Հինաւուրց Համշէն, համշէնահայեր, համշէնցի մուսուլմաններ եւ թուրք-հեմշիլներ. դեռեւս ոչ վաղ անցեալում այս բառերը յայտնի էին միայն պատմաբանների եւ ազգագրագէտների նեղ շրջանակի: Այսօր աւելի ու աւելի շատ մարդիկ են հետաքրքրւում Համշէնի պատմութեամբ եւ մշակոյթով` իրենց անցեալը կապելով այդ հայերի հետ:

Հաւանաբար արդէն 19-րդ դարի վերջին իսլամն ընդունած համշէնահայերից ձեւաւորուեցին իրենց բնոյթով եզակի խմբերª բաշ-հեմշիլներ (ինքնանուանումը` հեմշիլներ, Ռիզէի նահանգի հեմշիլներ), հոպա-հեմշիլներ (ինքնանուանումը` հոմշեցի, Հոփայի շրջանի հեմշիլներ) եւ սեւգետացի (Կարադերէի), որոնք Արաքլիի շրջանի իսլամացած հայերի ժառանգներն են: Այս խմբերի վերաբերեալ տեղեկութիւններն ու հետազօտութիւնները քիչ են եւ հակասական, իսկ վերջին խմբի մասին արդէն աւելի քան 80 տարի տեղեկութիւններ չկան:

2004 թ. ապրիլի 12-20-ը եւ 2005 թ. յուլիսի 18-22-ը ես 2 ուղեւորութիւն կատարեցի դէպի հիւսիսարեւելեան Թուրքիա` Համշէնի տարածք այցելելու եւ համշէնամուսուլման էթնոգրաֆիկ խմբի հետազօտութեան նպատակով: Որպէսզի այդ խմբերի ծագումնաբանութեան մասին պատկերացում կազմուի, տանք համառօտ պատմական ակնարկ:

Համշէնի մասին ամենավաղ յիշատակումները գտնում ենք Վարդապետ Ղեւոնդի (780-ականներ) ՙԽալիֆների պատմութիւնը՚ գրքի մէջ, որը պատմում է, որ 12 հազար հայեր Շապուհ եւ Համամ Ամատունիների գլխաւորութեամբ գաղթում են Սեւ ծովի ափը եւ բիւզանդական կայսեր թոյլտուութեամբ Տրապիզոնից արեւելք կիսանկախ իշխանութիւն հիմնում (1. էջ 167-169):

Ը դարի երկրորդ կէսին իշխան Համամ Ամատունին պատերազմից աւիրուած Դամպուր (Տամբուր) քաղաքի տեղում հիմնեց նոր քաղաք, որը կոչուեց Համամաշէն` ի պատիւ իշխան Համամի, որտեղից եւ եկաւ շրջանի Համշէն անունը (Ժամանակակից Հեմշին) (2. էջ 284):

1204 թուին բիւզանդական կայսր Անդրոնիկոս Ա.-ի թոռան` Ալեքսէյի կողմից հիմնադրւում է Տրապիզոնի անկախ կայսրութիւնը (1240-1461 թթ.): Համշէնի իշխանութիւնը, ինչպէս եւ ամբողջ Պոնտոսը, մտաւ կայսրութեան կազմի մէջ (3. էջ 11):

ԺԵ դարի օտարերկրեայ աղբիւրներից արժէքաւոր է ՙԹիմուրի պալատª Սամարղանդ 1403-06 ուղեւորութեան օրագիրը՚` գրուած Գոնզալէս դէ Կլավիխոյի կողմից: Իր գրառումներում իսպանացի դիւանագէտը յիշատակում է Առաքելի երկիրը, դրա բարքերն ու քաղաքական իրավիճակը (4. էջ 382-384):

Միջնադարեան Համշէնի մասին յիշատակումների ենք հանդիպում ԺԵ դարի հայկական ձեռագրերի յիշատակարանների ժողովածուներում (մաս1.3):

1452 թ. օսմանցի թուրքերն սկսեցին Տրապիզոնի կայսրութեան նուաճումը: Համշէնի վերջին իշխան Դաւիթ Բ-ն 1480 թ. հեռանում է Համշէնից, եւ Համշէնի անկումով ամբողջ Պոնտոսն ընկնում է օսմանեան տիրապետութեան տակ (5. էջ 22-24):

ԺԶ դարի վերջին թուրքերն սկսեցին Պոնտոսի քրիստոնէաների բռնի մուսուլմանացումը: 1629 թ. լազ իշխանների եւ ազնուականների մի մասը, յանուն բարեկեցութեան, ձեւականօրէն հրաժարուեց քրիստոնէութիւնից: Քրիստոնեայ աղբիւրները նշում են, որ 1630 թ. Համշէնի բնակչութիւնը դեռ լիովին քրիստոնեայ էր (5. էջ 26)£

Մօտ ԺԶ դարի կէսերին բնակչութեան մի մասը բռնի կրօնափոխուեց, եւ յաջորդ 200 տարին նրանք ձեւաւորեցին հեմշիլների էթնոգրաֆիկ խումբը, որը բաղկացած էր 2 ինքնուրոյն խմբերիցª հոպա-հեմշիլներ (ինքնանուանումը հոմշեցի), որոնք 19-րդ դարի սկզբին գաղթեցին արեւելք, եւ հեմշիլներ – Հեմշին մարզի բնակիչները (6. էջ 133-136):

Համշէնցիների միւս մասը իր լեզուն ու հաւատքը պահպանելու համար լքեց Համշէնի տարածքները եւ փախաւ արեւմուտք` Տրապիզոն քաղաքի լեռնային գիւղերը, Օրդու եւ Ջանիկ:

Դարերի ընթացքում Համշէնից գաղթածները սկսեցին իրենց անուանել տրապիզոնցի, օրդուցի, ջանիկցի հայեր եւ աստիճանաբար մոռացան իրենց բնօրրանը: Աւելի ուշ թուրքական իշխանութիւնների կամայականութիւններից եւ ցեղասպանութիւնից փրկուելով` վերապրած համշէնցիները գաղթեցին Ռուսական կայսրութեան տարածքները, եւ այժմ նրանց հիմնական մասն ապրում է Կրասնոդարի երկրամասում եւ Աբխազիայում: Ցաւօք հիւսիսարեւմտեան Կովկասում ապրող համշէնահայերըª հին համշէնցիների ժառանգները, քիչ գիտեն կամ ամենեւին չգիտեն իրենց պատմութիւնը: Համշէնից արեւմուտք գտնւում էին Կարա-Դերէ (Սեւ գետ) եւ Սիւրմենէ գաւառները:

ԺԸ դարի սկզբին հանդուրժողականութեան կարճ շրջանին յաջորդելու են գալիս քրիստոնեաների հալածանքները: Մուսուլման քարոզիչները քրիստոնեաներին պաշտօնապէս առաջարկեցին կրօնափոխուել, Կարա-Դերէի համշէնահայութիւնը մերժեց այդ առաջարկը եւ քարոզիչներին քշեց շրջանից: Դրան յաջորդեց հայկական գիւղերի կոտորածը եւ սեւգետցիների մի մասի մուսուլմանացումը: Միւս մասը փախաւ արեւմուտք` դէպի Տրապիզոն, Օրդու, Սամսուն, Սինոպ` մինչեւ Ադաբազար: Այսպիսով` կարելի է ասել, որ Համշէնում եւ Կարա-Դերէում մուսուլմանացած համշէնահայերից ձեւաւորուեցին ուրոյն էթնիկ խմբեր: Այս մասին վկայում են նաեւ ԺԷ-ԺԹ դարերում այդ կողմերն այցելած հայ գիտնականներ եւ լուսաւորիչներ Մ. Բժշկեանը, Պ. Թումայեանցը, Ս. Հայկունին եւ ուրիշներ (5. էջ 26-28, 8. էջ 293-295):

Հոփահեմշիլներ (հոմշեցի)

Ուղեւորութեան առաջին կէտը Արտուինի շրջանն էր, ուր բնակւում են իրենց հոմշեցի անուանող հոպա-հեմշիլները: Սա համշէնցիների միակ խումբն է, որը պահպանել է այդ ինքնանուանումը: Նրանք բնակւում են հետեւեալ տարածքներում. Հոփայի եւ Բորչկայի շրջաններում` միասին 30-40 հազար մարդ, որոնց հիմնական մասը ապրում է Հոպայի շրջանումª մօտ 20 հազար, ոչ մեծ գաղութներ կան Սամսունում, Ստամբուլում եւ Թուրքիայի այլ քաղաքներում:

Հոփահեմշիլները իրենց բաժանում են 2 հիմնական խմբի. ամենամեծը Տուրցեւանցիներն են, որոնք ներառում են Ճերմակցի եւ Արդալեցի ենթախմբերը: Գոյութիւն ունի նաեւ մէկ այլ խումբ, որը դասւում է Տուրցեւանցիների խմբին, բայց ապրում է առանձին եւ հանդիսանում է ինքնուրոյն խումբ. դաԹօփալօղլուներն են:

Այս բոլոր խմբերի ներկայացուցիչները գիտակցում են իրենց մերձաւորութիւնն ու ընդհանրութիւնը, որն արտայայտւում է ընդհանուր ինքնագիտակցութեան եւ հոմշեցի (համշէնցի) ինքնանուանման մէջ:

ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի միջեւ 1921 թ. սահմանի հաստատումից յետոյ հոպա-հեմշիլներով բնակեցուած 6 գիւղ մնաց Աջարական ԻՍՍՀ-ի կազմում: 1944 թ. Նոյեմբերին հեմշիլները թուրքերի, քրդերի, լազերի եւ այլ ժողովուրդների հետ միասին աքսորուեցին հարաւային Կիրգիզիա, իսկ մի փոքր մասը` Ղազախստան: 80-ական թթ. կէսերից հեմշիլների մի քանի տասնեակ ընտանիք Կիրգիզիայից տեղափոխուեց Կրասնոդարի մարզի Ապշերոնի շրջան: Ուզբեկա-կիրգիզական կոնֆլիկտից յետոյ 1989 թ. այստեղ տեղափոխուեցին նաեւ Կիրգիզիայի մնացած հեմշիլները: Այսօր Ռուսաստանի հեմշիլների մեծ մասն ապրում է Կրասնոդարի երկրամասի Ապշերոնի եւ Բելորոչենսկի շրջաններում. սրանց թիւն անցնում է հազարից:

1990-ականներին տեղափոխուած մի քանի հարիւր հեմշիլներ բնակւում են Վորոնեժի եւ Ռոստովի երկրամասերում, իսկ մի քանի հազարը շարունակում է ապրել Կիրգիզիայում եւ Ղազախստանում: Այսպիսով` հոպա-հեմշիլների մի մասը` մօտ 5000 մարդ, երկար տարիներ կտրուած է իր հայրենակիցներից, մանաւանդ Աջարիայից արտագաղթելուց յետոյ բազմաթիւ ազգականներ տասնամեակներով կորցրեցին միմեանց (9. էջ 110 -112):

80-ական թուականների սկզբին Միջին Ասիայի հեմշիլները սկսեցին տեղափոխուել Կրասնոդարի երկրամաս. նրանք այստեղ հանդիպեցին համշէնահայերի, որոնցից ճակատագիրը նրանց բաժանել էր աւելի քան 300 տարի առաջ: Սկսուեց նրանց` որպէս նախկին հայրենակիցների փոխադարձ ընկալման բարդ ու հետաքրքիր գործընթացը, որը շարունակւում է նաեւ այսօր:

Թէեւ հոպա-հեմշիլները խօսում են հայոց լեզուի Համշէնի բարբառի արեւելեան խօսուածքով, նրանք իրենց հայկական արմատները չեն գիտակցում: Թէ որքանո՞վ էր դա այդպէս, ես փորձեցի պարզաբանել: Գրանցեցի տուրցեւանցիների եւ արդալեցիների խօսուածքի մօտ 200 բառ, որոնց վերլուծութիւնը որոշ լոյս սփռեց համշէնցիների ծագման վրայ:

1. Այս խմբի ներկայացուցիչների խօսուածքն ունի առնուազն 2 ենթախօսուածք:

2. Հոփա-հեմշիլների խօսուածքում պահպանուել են աւելի շատ հայերէն արմատներ, քան ջանիկ-օրդուի համշէնահայութեան խօսուածքում, ուր դրանք թուրքերէն են:

3. Հոփա-հեմշիլների խօսուածքն աւելի շատ ընդհանրութիւններ ունի գիւղաբնակ տրապիզոնցիների խօսուածքի հետ, թէեւ բացառութիւն է կազմում տուրցեւանցիների ենթախօսուածքը, որն աւելի մօտ է ջանիկ-օրդուցիներին:

4. Հոփա-հեմշիլների խօսուածքը պահպանել է մեծ թուով հայոց գրական ձեւեր, որոնք չկան Համշէնի բարբառի միւս խօսուածքներում:

Հոպան համանուն շրջանի կենտրոնն է: Մօտաւոր տուեալներով հեմշիլները այս շրջանի լեռնային մասերում բնակութիւն են հաստատել մօտ 200 տարի առաջ: Նրանք հաստատ գիտեն, որ Հոփա քաղաքը եւ Սեւ ծովի առափնեայ շրջանները հեմշիլներով բնակեցուել են մօտ 30-40 տարի առաջ, ուր մինչ այդ ապրել են իսլամ ընդունած լազերը: Այսօր քաղաքում հեմշիլները մեծամասնութիւն են կազմում, աւելին` 2004 թ. ընտրել են Հոպա քաղաքի հեմշիլ քաղաքագլուխ` Թօփալօղլիների տոհմից: Բայց սա չէ Հոփայի բնակիչների գլխաւոր նուաճումը. այս ընտրութիւնները Թուրքիայով մէկ յայտնի դարձան շնորհիւ այն բանի, որ Հոփան Թուրքիայի միակ քաղաքն է, ուր քաղաքագլուխը ներկայացնում է կոմունիստական կուսակցութիւնը. հետաքրքիր է, որ հեմշիլների մեծամասնութիւնը համակրում է կոմունիստներին: Կոմունիզմի համակիրների թւում հիմնականում տուրցեւանցիներ են, որոնք իրենց համարում են համշէնահայերի յետնորդներ, ունեն աթէիստական հայեացքներ, հայկական անուններ, ոմանք անգամ մկրտուել են: Սակայն վաղ է հապճեպ եզրակացութիւններ անելը` նկատի ունենալով, որ սրանք ժամանակաւոր գործընթացներ են եւ իրենց վրայ կրում են սոցիալական բողոքի կնիք: Քաղաքում երկար չմնալով` մենք ուղեւորուեցինք իմ ուղեկցի հայրենի գիւղը` Անչարոխ (այժմ` Փինառլի): Նշեմ, որ Թուրքիայում գիւղերի անուանումների հարցում խառնաշփոթ է, քանի որ երկրով մէկ փոխւում են ոչ թուրքական անուանումները թուրքականի: Այս երեւոյթը նկատւում է նաեւ Հոփայի շրջանում, ուր տեղանունների մեծ մասը լազերէն է: Միեւնոյն գիւղը կարող է ունենալ մէկ պաշտօնական եւ մի քանի հին անուններ` կախուած այն բանից, թէ գիւղի որ մասին է վերաբերում խօսքը: Օրինակ` արդի Էշմեքյոյ գիւղը բաղկացած է 2 գիւղակներից, որոնց հին անուններն են Արդալա եւ Չիմելլի, որոնց թաղերն իրենց հերթին ունեն անուններ: Պաշտօնական տուեալներով Հոփայի շրջանը, քաղաքի հետ միասին, ունի 31 բնակավայր:

Անչարոխը գտնւում է Հոպա քաղաքից 5 կմ վերեւ, ուր տանում է նեղլիկ աւտօճանապարհը` անցնելով մի քանի փոքրիկ լեռնաշղթաներով: Գիւղում ապրում են արդալեցի հեմշիլները` տեղափոխուած հարեւան Արդալա գիւղից: Վերջին տարիներին հեմշիլներից շատերը գիւղերից տեղափոխուել են քաղաք: Միայն թէյի բերքահաւաքի շրջանում բոլոր ազգականները վերադառնում են գիւղ, ուր շարունակում են ապրել միայն աւագ սերնդի ներկայացուցիչները` բացառութեամբ ձմռան ամիսներին:

Տան տէրը հետաքրքիր զրուցակից դուրս եկաւ. նա պատմեց, որ ինքը հեմշիլներից առաջինն էր, որը կէս դարեայ բաժանումից յետոյ գտաւ ԽՍՀՄ-ի իր ազգականներին եւ մեկնեց Միջին Ասիա` նրանց այցելելու: Նա պատմեց, որ արդալեցիները ծագում են ՙ6 եղբայրներից՚. Կարակչի-օղլի, Ալի-օղլի, Ֆէյզ-օղլի, Քեսէ-օղլի, Թոքքուզ-օղլի, Քուչուկ-օղլի: Իր ընտանիքի նախնին Քեսէն էր, այնուհետեւ մի քանի սերնդի անուն մոռացուած է, ապա յիշում է, իրենն էլ հետը, 5 սերնդի անուն: Նկատենք, որ նա այս զրոյցը բացեց` ինձ ապացուցելու համար, որ իր ցեղը արդէն 500 տարի իսլամ է դաւանում, բայց ստացուեց հակառակը: Նախ` Քեսէի 5 սերունդը կազմում է ոչ թէ 500 տարի, այլª 150-200: Երկրորդ` ՙվեց եղբայրները՚ ժամանակակից գերդաստանների ընդհանուր առասպելական նախնիներն են, որն ապացուցւում է նրանց կապող օղակների իբր թէ մոռացուած անուններով:

Երիտասարդ տարիներին ինֆորմանտը հետաքրքրուել է իր ծագման հարցով: Այցելելով Անկարայի համալսարան` պաշտօնական հարցում է արել իր նախնիների ծագման եւ նրանց` հայերէնին տիրապետելու պատճառների մասին:

Ստացել է սպառիչ պատասխան այն մասին, որ իրենք հին թուրք ՙչեփնիների՚ ժառանգներն են, որոնք օսմանների կողմից Սեւ ծովի ափերը գրաւելուց շատ առաջ բնակութիւն են հաստատել այստեղ եւ փոխառել շրջակայ քրիստոնեայ ժողովուրդների լեզուն: Ցուցաբերելով զսպուածութիւն ու յարգանք` ես ձեռնպահ մնացի այս նիւթի շուրջ հետագայ զրոյցից: ՙՉեփնի՚ տերմինը շիիթական աղանդի անուն է, որից թուրք գիտնականները օգտւում են` քրիստոնէական արմատներ ունեցող տարբեր խմբեր նկատի ունենալիս (9, էջ 118): Անչարոխում ես բախտ ունեցայ գրառելու նաեւ արդալեցիների բանահիւսութիւնը, բառերն ու տերմինները:

Երկրորդ ուղեւորութեան ժամանակ ես այցելեցի Անչարոխ գիւղում Քեսէ գերդաստանի դամբարանը, ուր աչքի էր ընկնում մի ընտանիքի գերեզմանոց` բոլորը թաղուած կողք-կողքի, ընդհանուր ցանկապատով պատած. դա չի համապատասխանում մուսուլմանական աւանդոյթներին, որոնք պահպանուել են նոյն ընտանիքի նոր գերեզմանոցում:

Արդալեցիների աւանդոյթի համաձայն` 200 տարի առաջ Հոպայի շրջան եկած առաջին հոմշեցիների գիւղը Զուրփիջին էր (արդի Ելդերէն): Այստեղից նրանց նախնիները տեղափոխուել են Չիմելլի, որի մի մասը կոչւում է Արդալա: Այստեղից դուրս եկած ամէն ոք, այնուհետեւ, իրեն անուանում էր արդալեցի: Ելնելով այս աւանդոյթից` եզրակացնում ենք, որ արդալեցիների խումբը ձեւաւորուել է Արդալա գիւղը հիմնած վեց ընտանիքից: Թէեւ հնարաւոր է, որ խմբի արմատները աւելի խորն են եւ գնում են դէպի Համշէն, ինչը վկայում է գիւղի անունը` ՙԱրդա-լա՚. Համշէնում է գտնւում ՙԱրտա-շէն՚ ամրոցը եւ նոր ՙԱրդէ-շէն՚ քաղաքը:

Թօփալօղլուի յետնորդը իր ծագման մասին տուածս հարցին պատասխանեց. ՙՄենք էլ, մեր հայրերն էլ հայ ենք, այստեղ եկել ենք Հեմշինի Ապսի գիւղից, որը Խալա գետի աւազանում է՚: Ցնցուած այս պատասխանից` ես հարցրեցի. ՙՄի՞թէ դա ձեր նախնիներից էք իմացել՚: ՙՈչ, նրանք դա չեն յիշում, բայց մենք հոմշեցի ենք, ուրեմն հեմշինից ենք, խօսում ենք հայերէն, իսկ Ապսիում դեռ ապրում են Թօփալօղլուներ, բայց հայերէնը մոռացել են՚: Ես հասկացայ, որ այս մարդը իր համար անցեալ եւ ինքնութիւն է կաղապարել` չզգալով որեւէ գիտական հիմնաւորման անհրաժեշտութիւն: Նրա խօսքերով` իր կարծիքին են տուրցեւանցիների մեծ մասը: Հետաքրքիր է, որ արդալեցիների միւս խմբի ներկայացուցիչները, որոնց հետ ես հանդիպեցի, իրենց բոլորովին հայ չեն համարում` ընդամէնը ենթադրելով, որ հարիւրաւոր տարիներ առաջ իրենց նախնիները կարող է հայեր եղած լինեն: Նշեմ, որ զրոյցը տեղի էր ունենում հայոց լեզուի Համշէնի բարբառի երկու խօսուածքով:

Հոփա-հեմշիլների ինքնութեան վերաբերեալ հետագայ ծանօթութիւնս ցոյց տուեց, որ դրա ընտրութիւնը կախուած է այս կամ այն տեղային խմբին պատկանելուց, տնտեսական շահերից եւ քաղաքական հայեացքներից: Իմ կարծիքով հոփա-հեմշիլների 15-20 տոկոսը իրենց գաղափարապէս են հայ համարում` որպէս կոմկուսի համակիրներ, եւս 50 տոկոսը համակարծիք է նրանց` բայց պայմանաւորուած քաղաքական կամ տնտեսական իրավիճակով, մնացած 30 տոկոսը կտրուկ հակառակորդներ են: Այս վերլուծութիւնը յենւում է քաղաքագլխի 2004 թ. ընտրութեան արդիւնքների վրայ, երբ գրեթէ բոլոր հոփա-հեմշիլները քուէարկեցին յօգուտ իրենց թեկնածուի, որը առաջադրուել էր կոմկուսի կողմից եւ չէր թաքցնում, որ իրեն համարում է հայ, ինչպէս եւ իր շրջապատը:

2005 թ. յուլիսին քաղաքապետարանը Հոփայում կազմակերպել էր մշակոյթի փառատօն: Հրաւիրուել էին մասնակիցներ Հայաստանից, Քուրդիստանից, Լազիստանից եւ իրենց ելոյթները նրանք սկսեցին ՙհեմշիլերէն՚, լազերէն, վրացերէն, քրդերէն ողջոյնի խօսքերով: Քրդուհի ներկայացուցիչը յայտարարեց, որ Հոփան ազատ շրջան է, քանի որ յանուն Քրդստանի ժողովուրդների ազատութեան մղուող պայքարում հեմշիլները իրենց եղբայրներն են: Այնուհետեւ քարկոծուեց թուրքական կուսակցութիւններից մէկի առաջնորդի աւտօշարասիւնը եւ արգելուեց նրա մուտքը Հոփա: Այս ամէնը դժգոհութիւն առաջացրեց հեմշիլների մի մասի, հիմնականում` արդալեցիների մէջ, որոնք զգուշանում են քաղաքական գործընթացների մէջ ներքաշուելուց եւ չեն ցանկանում հեմշիլներին հակադրել թուրքերին:

Բաշհեմշիլնր (թուրքհեմշիլներ)

Թուրք տարեգիրների տուեալներով կազա Համշէնը (Հեմշին) 15-րդ դարի վերջի օսմանեան նուաճումների ժամանակ բաժանւում էր 3 մասի` Հեմշին, Ղարա Հեմշին եւ Էսկանոս (Սենոս-Կապտանփաշա) եւ ունէր 34 գիւղ: 1536 թ. Հեմշինի վարչատարածքը միացուեց Իսպիրի սանջակին, որը տեւեց մինչեւ 18-րդ դարի կէսերը: 1753-1831 թթ. կազա Հեմշինը միացաւ Տրապիզոնի սանջակին, ապա 1836 թ. մտաւ Աթինի (Փազար) իլի մէջ: Գերմանացի գիտնական Կարլ Կոխը, որը 1843-44 թթ. այցելել է Համշէն, նշում է, որ բացի սեփական շրջանից, Համշէնն ունէր նաեւ 3 պատմական շրջան, որոնցից առաջինի կենտրոնը Ջեմիլ գիւղն էր` համանուն գետի ափին, երկրորդի կենտրոնը Օրթաքէյ գիւղն էր` Մափավրի գետի ափին, իսկ երրորդը` Աթինից մի քանի ժամ հեռու գտնուող Մարմանդ գիւղը (10. էջ 22-25):

19-րդ դարի կէսին կազա Հեմշինը նորից անկախ շրջան էր եւ 1878 թ. մտնում էր Ճորոխի իլի մէջ, ապա 1904 թուից` Տրապիզոնի սանջակի մէջ: 1916 թ. ռուսները գրաւեցին Հեմշինը եւ այն միացրին Բաթումի մարզին, իսկ 1918 թ. թուրքերն այն նորից միացրին Փազարի իլին (11. էջ 14):

Համշէն պատմամշակութային տարածքը գտնւում է Տրապիզոն քաղաքից 120 կմ արեւելք` Ռիզէի մարզում, եւ բաղկացած է հետեւեալ շրջաններից` Հեմշին, Չամլի-Հեմշին, մասամբ` Չայելի եւ Իքիզդերէ:

Հեմշիլների մեծ մասը իրեն համարում է թուրք ժողովրդի առանձին էթնիկ խումբ եւ իրեն անուանւում թուրք-հեմշիլի (Turk-Himshili): Նրանց մեծ մասը լեռնային շրջաններից իջել է Ռիզէի մարզի քաղաքները` Ֆունդուկլի, Չայելի, Կապտանփաշա, Փազար (Սարվիցա թաղամաս) եւ Ռիզէ (Չիմիլ թաղամաս), եւ կազմում է բնակչութեան կէսը: Հեմշիլների այլ խոշոր բնակավայրեր կան Թուրքիայի Ադափազար (Խենջեքի շրջան), Բոլու (Քյոփրյուջյուքի շրջան) եւ Սամսուն (Լադիկի շրջան) քաղաքներում: Այս տեղեկութիւնն ինձ տրամադրեց Հեմշինում պատմութեան մի ուսուցիչ. նրան յայտնի տուեալներով Թուրքիայում բնակւում է ծագումով Ռիզէի մարզից մօտ 150000 հեմշիլ:

Առաջին այցելութիւնս կատարեցի Չամլի-Հեմշին շրջան. համանուն աւանը գտնւում է Ֆուրթունա եւ Հալա գետերի միացման տեղում: Շրջանի ամբողջ տարածքն զբաղեցնում է Քաչքար ազգային արգելոցը: Հալա գետի վերին հոսանքների մօտ` Այդեր գիւղում, գտնւում է առողջարան-հանգստավայր, արգելոցի ողջ տարածքը յայտնի է ինչպէս Թուրքիայի, այնպէս էլ օտարերկրեայ զբօսաշրջիկներին: Այդ գետի վերին հոսանքներում է գտնւում Քաչքար բարձրաւանդակը, որը կոչւում է Բաշ-Հեմշիլ (Բարձր կամ Վերին Հեմշին) կամ Եայլա: Այս բնակավայրերի եւ լեռների անուանումների մեծ մասը հայկական է կամ ոչ թուրքական: Օրինակ` Քաչքար (հայ. խաչ և քար), Վերչենիկ (հայ. վերջ), Թաթոս (հայ. անձնանուն), Պալովիտ (հայ. բալ եւ հովիտ), Խաչիվանք, Կարմիր եւ այլն:

Լեռնային գետակների վրայ ամէնուր կամարակապ կամուրջներ են, որ կառուցուել են ինչպէս օսմաններից առաջ, այնպէս էլ յետոյ: Մեր նպատակն էր հասնել Զիլ-Կալէ ամրոցը, որի ճանապարհն անցնում էր Եոլկի (Քուշուա), Եմիշլի (Քոբոշ), Շենեւա (Չինչիվա), Ուլկու (Էրոխ), Շենքյոյ գիւղերով: Այցելելով հոյակերտ Զիլ-Կալէ ամրոցը, որ գուցէ առասպելական Արտաշէնն է, ժամանակի սղութեան պատճառով շտապեցինք ետ դառնալ: Ճանապարհին հանդիպեցինք մի փոքրիկ հիւրանոցի տարեց տիրոջը, որը պատմեց Հեմշինի պատմութիւնն ու աշխարհագրութիւնը եւ կտրուկ յայտարարեց, թէ հեմշիլները նախկինում այստեղ ապրած հայերի հետ ոչ մի կապ չունեն, եւ նրանցից միայն տեղանուններ են մնացել` Յակոբ, Թափիկ քելող եւ այլն: Քոբոշի մօտ կանգ առանք, որ դիտենք հին կամուրջը, գերեզմաններն ու աւերակները: Հանդիպած բանուորները պատմեցին, որ դրանք հին հայկական իջեւանատան ու գերեզմաննոցի աւերակներ են: Իսկապէս, քարէ ցանկապատը կառուցուած էր մի քանի գերեզմանի հաշուարկով, մի քանի գերեզման, այդ թւում` նաեւ մուսուլմանական, աւերուած էին: Շրջանից հեռանալիս մենք հեմշիլ առեւտրականից հետաքրքրուեցինք, թէ ինչ օտար բառեր գիտի, նա պատասխանեց, թէ գիտի կեդալիկ (գդալ) բառը, իսկ իր ծնողներն աւելի շատ գիտեն:

Յաջորդ օրը մենք գնացինք Հեմշինի շրջան` գետափին գտնուող համանուն կենտրոնով: Սրճարանում ծանօթացանք Եունուֆ Հիմթիի հետ, որը, տեղեկանալով մեր այցելութեան նպատակի մասին, ասաց. ՙՄենք չպէտք է ամաչենք, որ հայ ենք եղել, Բաշ-Հեմշինում շատերը հայերէն են խօսում, բայց իրենց հայ չեն համարում՚: Ապա պատմեց Էլեվիտ գիւղի մի քանի տասնեակ հայ ընտանիքների պատմութիւնը: 20-րդ դարի սկզբին աւանում Աբել անունով մի կօշկակար է եղել, նրա տունն այժմ էլ պահպանւում է: 1910-ական թթ. նա սկսեց հայկական եկեղեցու կառուցումը, զանգ բերեց, զանգակատուն կառուցեց, բայց 1915-ին բոլոր հայերին, ովքեր չուրացան իրենց ազգութիւնը, տեղահան արեցին, իսկ Աբելին թողեցին, քանի որ կուրացել էր եւ շատ ծեր էր:

Օչին-օղլի Մահմուտի գերդաստանը միշտ ապրել է Էլեւիտում. նրանք մուսուլման էին, բայց բոլորը նրանց հայ էին համարում, որովհետեւ հայերէն էին խօսում: Եւս մի մեծ հայ ընտանիք կար` Մաթարաջի (ջրկիր) ազգանունով: Այդ եւ թուով մինչեւ 15 այլ մուսուլման հայ ընտանիքներ ցուրտ ձմեռների պատճառով 1945-ին տեղափոխուեցին Էրզրում, բայց ոմանք ամrանը գալիս-մնում են Էլեւիտում:

Յետոյ Եունուֆը մեզ տարաւ Հեմշինի քաղաքագլխի մօտ, որը, ցաւօք, զբաղուած էր. դուրս եկաւ միայն ծանօթանալու եւ թարգմանչի միջոցով հարցրեց, թէ արդեօք ես Խաչիկեանի յօդուածը կարդացել եմ (5, էջ18-30): Իմ հաստատական պատասխանը լսելով` նա առաջարկեց պատմութեան ուսուցչի ուղեկցութեամբ գնալ դպրոց: Մենք գնացինք դպրոց, որտեղ իր աշխատասենեակում մեզ էր սպասում տնօրէնը. հետաքրքիր զրոյց տեղի ունեցաւ. ինձ հարցնում էին այս կամ այն տեղանուան կամ բառի նշանակութիւն մասին, օրինակ` Վարթիվորի նշանակութիւնը (հին հայկական Վարդավառ տօնը), բայց երբ հարցեր տալու իմ հերթը եկաւ, բոլորը զբաղուածութեան պատրուակով սկսեցին հեռանալ: Յետոյ ես իմացայ, որ Վարթիվորը հեմշիլների հիմնական տօնն է, որը նրանք նշում են լեռնային արօտների ձիւնը հալուելուց յետոյ:

Հեմշին քաղաքից այն կողմ Չալմի թեփէ (Զուխա) աւանն է, որտեղ ինֆորմանտի տուեալներով երկու ընտանիք է ապրում, որոնց հայ մուսուլման են համարում: Այդ տեղեկութիւնն իսկապէս հաստատուեց. նրանց հին ազգանուններն էին Կասպար-օղլի եւ Մինաս-օղլի, սակայն այսօր նոր ազգանուններով նրանք իրենց թուրք-հեմշիլ են համարում. ցաւօք նրանց հետ հանդիպել չյաջողուեց:

Սամսուն քաղաքում ճակատագրի բերումով հանդիպեցի զիլկալեցի հեմշիլ Հասան Քիբար-օղլուն, որն իրեն համարում էր Հեմշինի տիրակալ բեկերի շառաւիղ, որոնք այդ իրաւունքը ֆերմանի ձեւով ստացել են սուլթան Մուհամմեդից: Հեմշինում հայկական հետքերի մասին, որտեղից իմ նախնիներն էին, հարցերիս նա դժկամօրէն էր պատասխանում. այդ ժամանակ ես ուղղակի հարցրի, թէ արդեօք նրա համագիւղացիները մականուններ կամ հին ազգանուններ ունե՞ն, գուցէ գիտեն ոչ թուրքական բառե՞ր: Ի զարմանս ինձ` նա տեղաց բառերի տարափ` ջիջիկ (թուրքերէնում ծ հնչիւն չկայ, ուստի այն դարձել է ջ), ջուջուլ, գագաթ եւ այլն:

Միւս բառերը գրական չէին, բայց կան Համշէնի բարբառի Ջանիկ-Օրդուի խօսուածքում` խիսիմխեսում(ազգական), մերխեբեկմոռ (մորի, ելակ), ժախժոխ (մոշ), կապչուկ (գլխով-խելացի), խելեզխլեզ (կարիճ),մուխմեխ (մեխ), խուռչկախուռչակ (լոբու, լոլիկի յենափայտ), ջոռակջոռ (ցեխ), գախենուշկախենուշ(կեղտոտել) եւ այլն: Սակայն ամենահետաքրքիրը համագիւղացիների ազգանուններն էին` Մուղիլանչ, Մեղդեսանչ, Սակալանչ, Չելալանչ, Ներեւանչ, Քորդանչ, որ հայկական արմատներ էին պարունակում` ի տարբերութիւն համշէնահայերի ազգանունների մեծ մասի, որ ստեղծուել են թուրքական բառերից ու մականուններից` Եազիջեան, Կանսուզեան, Դեմեչրեան, Կրբաշեան, Ավջեան, Խաստեան եւ այլն:

Իմ յաջորդ այցելութեանը ես անցայ Զիլ-Կալէից եւ կանգ առայ Չաթ աւանում, որտեղից մի ճանապարհ տանում էր Էլեւիտ ու Խաչիվանք, միւսը` Բաշ-Հեմշին եւ Վերչեմբեկ: Էլեւիտում ճշտուեց 1945 թ. Էրզրում տեղափոխուած մուսուլման հայերի մասին տեղեկութիւնը եւ Աբելի պատմութիւնը, որն ուզում էր եկեղեցի կառուցել: Գիւղում հիւր էր հեռացած ընտանիքներից մէկի` Մոլա-օղլի ընտանիքի ներկայացուցիչը, որն առանց ինձ հանդիպելու խնդրել էր հաղորդել, որ հայերէն չգիտի, եւ իրենք միշտ էլ մուսուլման են եղել:

Խանութպանը պատմեց, որ մուսուլման հայերի, այդ թւում եւ` Մոլա-օղլի ընտանիքի հեռանալուց յետոյ իր նախնիները Զիլ-Կալէից տեղափոխուել են այստեղ, նա նաեւ կրկնեց մարմնի մասեր ցոյց տուող այն բառերի մի մասը, որոնք ես գրառել էի Սամսունում` աւելացնելով, որ ՙմականուններ՚ կան նաեւ Զիլ-Կալէ, Քոբոշ եւ Ուլկու գիւղերում:

Բարձրանալով գիւղամերձ լեռը` ես տեսայ Էլեւիտի մենաստանի մնացորդները` հիմքի ուրուագծեր, մեծ քարերի կոյտեր, տեղ-տեղ` շրջուած տապանաքարեր:

Յաջորդ օրը ճամբայ ընկանք դէպի Բաշ-Հեմշին, եւ երբ մի քանի կիլոմետր էր մնացել տեղ հասնելուն, թեքուեցինք Կալէ-Քէօյ (Վարաշ), ուր լեռան վրայ խոյանում էին երբեմնի հզօր ամրոցի աւերակները: Դրանք դիտելուց յետոյ ծանօթացանք մի տեղացու հետ, որը պատմեց, թէ իր թուրք նախնիները 150-200 տարի առաջ այստեղ են եկել Կովկասից, երբ հայ մուսուլմանները հեռանում էին, ու նրանցից գնել են այս հողերը: Հաւանաբար խօսքը այսօրուայ Հոպա-հեմշիլների նախնեաց մասին էր, սակայն դա պէտք էր ստուգել: Ին‎‎ֆորմանտը ցոյց տուեց տաշած քարակերտ ճանապարհով լքուած գերեզմանատունը, ուր նրա պնդմամբ հայկական գերեզմաններ կային: Այն հարցիս, թէ դրանցից որոնք են հայկական, պատասխանեց. ՙՈրոնց վրայ ոչինչ գրուած չէ՚: Մի քանի գերեզման դիտելուց յետոյ երեւաց, որ մեծ քարէ ցանկապատերը պարփակում էին մի քանի գերեզմանի տեղ, եւ միակ տարբերակիչ յատկանիշն այն էր, որ դրանցից մի քանիսի վրայ փոսորակ կար. այդպիսիք հանդիպում են Աբխազիայի համշէնահայերի գերեզմանաքարերի վրայ (գիւղ Էշերա), որտեղ մոմ են վառում:

Չաթ վերադառնալով` մենք հանդիպեցինք Բաշ-Հեմշինի մուխթարին (գիւղապետին). նա պատմեց, թէ մօտ 150 տարի առաջ Զաքար, Չալմաշեր, Քեսօղլի, Գոստան (Բոստան) ընտանիքները հեռացան գիւղից դէպի Խոտորջուր:

Ուլկու գիւղում մի այլ ինֆորմանտ պատմեց, որ հայ մուսուլմանները մօտ 150 տարի առաջ Խաչիվանքով Խոտորջուր գնացին:

Անկասկած նրանք բոլորն էլ խօսում էին տասնիններորդ դարի առաջին կէսերին տեղի ունեցած միեւնոյն իրադարձութեան` Համշէնից (Հեմշինից) հայախօս մուսուլմանների հեռանալու մասին, որոնք այսօրուայ Հոպա-հեմշիլների նախնիներն են եւ որոնք Ճորոխ գետի աւազանում յայտնուեցին մօտ 150 տարի առաջ: Սակայն ո՞րն էր այդ տեղահանութեան պատճառը:

Համշէնահայ լուսաւորիչ Հայկունու վկայութեամբ` 19-րդ դարի կէսերին իսլամացած մի քանի հայ ընտանիք նորից քրիստոնէութիւն է ընդունել, որից յետոյ մուսուլմանական հոգեւորականութիւնը ուժեղացրել է հայախօսների նկատմամբ հալածանքները` սահմանելով, որ ՙմուսուլմանի արտաբերած եօթը հայերէն բառը հաւասարւում է մէկ հայհոյանքի՚: Հաւանաբար հալածանքները խիստ են եղել. ՙՀամշէնցի կանայք թուրքերէն չգիտէին՚, ինչն էլ յանգեցրեց դէպի անվտանգ վայրեր զանգուածային գաղթի (12, էջ 297. 5, էջ 27):

Համշէնի (Հեմշինի) բնակչութիւնը սերնդէսերունդ պահպանել է 19-րդ դարում կատարուած իրադարձութիւնների մասին յիշողութիւնը, սակայն տասնեօթներորդ դարի կէսերին քրիստոնեայ համշէնցիների արիւնոտ տեղահանութեան մասին վկայութիւններ գրեթէ չկան:

Ետդարձի ճանապարհին կանգ առանք Ուլկուի սրճարանում, ծանօթացանք տեղացիների հետ: Պատմեցին, թէ շատ համագիւղացիներ հայկական անցեալ ունեն, օրինակ` Ենապ ընտանիքի նախնին Ագոփն է եղել, իսկ նրանց կոչում էին Գիրագոսանչ: Նման ընտանիքներ կան Եմիշլիում (Քոբաշ), գուցէ եւ այլ գիւղերում: Բոլորն էլ մարմնի մասեր նշանակող հայերէն (Համշէնի բարբառով) բառեր գիտէին, ապա պատմեցին, որ Ուլկուն մի քանի թաղ ունի` Գոմաինչ (Համշէնի բարբառով` Գոմաց ինչ-Կամաց իջիր), Մեզ մունԷրոխ (նախկին դպրոցի տեղը), Խաչիկլի (նախկին եկեղեցու տեղը), Մոլավեյս անուններով:

Կարելի է ենթադրել, որ Ուլկուի, Քոբոշի, Զիլ-Կալէի, Զուխիի եւ այլ հայկական անուններ ունեցող գիւղերի բնակիչները մուսուլմանացած համշէնահայերի յետնորդներն են, որոնք մնացել են այստեղ 17-րդ դարի կէսերի դէպքերից յետոյ: Բնականաբար չի կարելի ասել, որ բոլոր հեմշիլները իսլամացած հայերի ժառանգներն են. երեք հարիւր տարուայ ընթացքում եղել են բնական գաղթի հոսանքներ, երբ Հեմշինի բնակիչները ապրուստի միջոցների փնտռտուքում լքել են իրենց օջախները, փոխարէնը Հեմշինը բնակեցուել է Թուրքիայի այլ վայրերից եկածներով: Բացառուած չէ, որ Հեմշինը նպատակաուղղուած կերպով բնակեցուել է թուրքերով` խնդրայարոյց շրջաններում ձուլման գործընթացը արագացնելու համար: Այդ է վկայում նաեւ սեւծովափնեայ տարածաշրջանի առաջին համալսարաններից մէկի բացումը Հեմշինում, որը նպաստեց հեմշիլների միջավայրում թուրքական մշակոյթի արագ տարածմանը (11, էջ 15 -17):

Վերջում նշեմ, որ Համշէնի կամ Հեմշինի պատմութեան եւ մշակոյթի, էթնիկ խմբերի ուսումնասիրութիւնն արդի գիտութեան կարեւորագոյն ուղղութիւններից է:

Գրականութիւն

1. Պատմութիւն Ղեւոնդայ Մեծի վարդապետի հայոց, Ս. Պետերբուրգ, 1887:
2. . Յովհան Մամիկոնեան, Պատմութիւն Տարօնոյ, Երեւան, 1952:
3. Кузнецов И.В. Одежда армян Понта. М. 1995.
4. Рюи Гонзалес де Клавихо. Дневник путешествия ко двору Тимура в Самарканде в 1403 – 1406 гг. СПБ, 1881.
5. Хачикян Л. Страницы истории амшенских армян. // Амшенская библиотека. Краснодар, 2002.
6. Թոռլաքյան Բ.Գ., Էջեր համշենահայերի 17-18-րդ դարերի պատմությունից, ՊԲՀ, 1972, թիվ 4:
7. Աճառյան Հ., Քննութիւն Համշէնի բարբառի. Եր., 1947:
8. Айкуни С. Чернореченцы. // «Араратե, 1895, № 7. (на арм. яз.).
9. Кузнецов И. Химшилы Краснодарского края в 1980 – 1990 –е гг.// Старый свет: Археология. История. Этнография. Краснодар, 2000 г.
10. Dr. K. Koch Wanderungen im riente Wahrend der Jahr 1843 und 1844, II, Reise in Pontishen Gebirge und TurkischArmenien, Weimar, 1846.
11. Հեմշին, մշակոյթ եւ տուրիզմ, Անկարա, 1998, (թուրքերէն):
12. Արարատ, 1897:

Համշէն Եւ Համշէնահայութիւն
(գիտաժողովի նիւթեր)
ԵՐԵՒԱՆ – ՆՊԷՅՐՈՒԹ, 2007

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: