Պետրոս Յովհաննիսեան
Երեւանի պետական համալսարան,
պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ
Դարեր շարունակ հայերը հոծ զանգուածներով բնակւում էին Սեւ ծովի հարաւարեւելեան ափերին, մասնաւորապէս Տրապիզոնից Սամսուն ձգուող ծովեզրեայ նեղ շրջանի մէջ: Հայկական զգալի ներկայութիւն կար ոչ միայն այս երկու քաղաքներում ու նրանց միջեւ տարածուող բազմաթիւ գիւղերում, այլեւ ամբողջ Պոնտոսում: Զուտ հայաբնակ գիւղերի թիւն անցնում էր երկու հարիւրից: Միայն Օրդուի գաւառակում 23 հայաբնակ գիւղ է եղել1:
Թէ որքան հայութիւն է ունեցել Տրապիզոնի կուսակալութիւնը Առաջին աշխարհամարտի նախօրեակին, դժուար է հաստատապէս որեւէ թուաքանակ նշել, քանզի վիճակագրական տուեալները հակասական են: Այդ հակասութիւնը յատկապէս իրեն զգացնել է տալիս, երբ յստակ ու որոշակի չէ, թէ արդեօք խօսքը գնում է կուսակալութեա՞ն, թէ գաւառի կամ գաւառակի մասին: Այսպէս` 1908 թ. թուրքական պաշտօնական Սալնամէի համաձայն` Տրապիզոնի նահանգն ունէր 46789 հայ բնակչութիւն2: Հ.Յ.Դաշնակցութեան տրամադրութեան տակ եղած վիճակագրական տուեալների համաձայն, տուեալներ, որ կազմուել են 1911 թուականին, Տրապիզոնի նահանգում բնակուել է 64966 հայ3: Տրապիզոնի նահանգի հայ ազգաբնակչութեան թիւը Թէոդիկը հաշւում է 65000 հոգի4, իսկ դոկտոր Ի. Լեփսիուսը՝ 53000 հոգի5: Նոյն ժամանակաշրջանի աղբիւրներում խօսք է գնում 50000 հայ ազգաբնակչութեան մասին6: Մերօրեայ որոշ ուսումնասիրողներ (Մ. Գուշակճեան, Մ. Արզումանեան եւ այլք) կարծում են, որ Տրապիզոնի շրջանում պատերազմի նախօրեակին բնակուել է 60000 հայ, որից 14000-ը` բուն քաղաքում, Սամսունի շրջանում՝ 30000 հայ, որից բուն քաղաքում` 50007: Ա. Մելքոնեանի հաշուարկներով եղեռնի նախօրեակին Տրապիզոնի կուսակալութիւնում, այդ թւում եւ Սամսունում, հայերի թիւը կազմել է 70000 հոգի8:
Ինչպէս ակներեւ է, տարբերութիւնը կազմում է 43211 հոգի՝ առաւելագոյնը 90000 եւ նուազագոյնը 46789 հոգու հաշուարկով: Տրապիզոնի հայութեան թուաքանակի վերաբերեալ վիճակագրական տուեալների հակասութիւնն ակնյայտ է հէնց հաշուեկշռի մեծ տարբերութեամբ: Մեզ այնպէս է թւում, թէ Տրապիզոնի հայ բնակչութեան թուաքանակի վերաբերեալ տուեալները ներկայացնելիս յաճախ Տրապիզոնն ու Սամսունը զատ-զատ են ներկայացւում եւ կամ էլ միասին, որտեղից էլ` շուրջ 47000 հոգու տարբերութիւնը: Իրականում դրանք պէտք է ներկայացնել միասին` որպէս նոյն կուսակալութեան կազմի մէջ մտնող գաւառներ: Որոշ ուսումնասիրողներ էլ Տրապիզոն ասելով հասկանում են ոչ թէ կուսակալութիւնը (վիլայէթ), այլ գաւառը (սանջակ): Հետեւաբար թուաքանակն էլ կարող է մի դէպքում վերաբերել վիլայէթին, միւս դէպքում՝ գաւառին: Կարծում ենք, որ իրականութեանը առաւել մօտ է Ա. Մելքոնեանը, որի առաջարկած թուաքանակը (70000 հոգի) վերաբերում է վիլայէթին: Հետեւաբար, երբ ստորեւ խօսք կը գնայ Մեծ եղեռնին Տրապիզոնի հայութեան բերած տուրքի մասին, ապա կորուստները պէտք է ներկայացուեն 70000 հոգու հաշուարկով:
Ինչպէս յայտնի է, 1915 թուականին Օսմանեան կայսրութիւնում հայերի ցեղասպանութեան մեկնարկը տրուել է դեռեւս փետրուարի 12-ին, երբ բարձրագոյն կարգադրութեամբ պաշտօնանկ յայտարարուեցին կայսրութեան հայ պաշտօնեաները, եւ սկսուեց բանակի հայ զինուորականութեան զինաթափումը: Նոյն ժամանակ էլ սկսուեցին հայերի առաջին բանտարկութիւններն ու բռնագրաւումները9: Փետրուար-մարտ ամիսներին երիտթուրքերը եռանդուն կերպով նախապատրաստւում են` սկսելու եւ իրագործելու հայերի զանգուածային կոտորածները: Իսկ դրանք սկսուեցին ապրիլի 4-ին եւ շարունակուեցին մինչեւ դեկտեմբերի վերջերը, երբ արդէն համարեա՜ ամէն ինչ աւարտուած էր:
Հայոց ցեղասպանութեան սեւ տարեգրութեան էջերում իր ուրոյն տեղն ունի նաեւ Տրապիզոնի հայութեան Գողգոթան: Իր ռազմական դիրքի շնորհիւ քաղաքը իրադարձութիւնների կիզակէտ դարձաւ հէնց պատերազմի առաջին օրերին: 1915 թ. յունուարին ռուսական ռազմանաւերը մօտեցան Տրապիզոնին եւ անարգել ռմբակոծեցին ռազմական օբյեկտները: Բնականաբար զգալի էր նաեւ քաղաքացիական շինութիւնների, բնակարանների թիւը, որ աւերուեցին ռուսական ռմբակոծումների հետեւանքով: Խաղաղ ազգաբնակչութեան մէջ եղան զոհեր եւ վիրաւորներ: Ռազմական հրամանատարութիւնն ու կուսակալ Ջեմալ Ազմին հակառուսական եւ, մասնաւորապէս, հակաքրիստոնէական լայն հիստերիա սկսեցին: Հայերը համարւում էին գլխաւոր մեղաւորները մուսուլմաններին հասած այս անսպասելի դժբախտութիւնների համար: Քաղաքում եւ նահանգում անզուսպ հակահայկական պրոպագանդա էին ծաւալում կուսակալի նշանակած գործակալները, դրանք աւելի սաստկացան, երբ ռազմաճակատներում սկսուեցին թուրքական բանակների պարտութիւնները, իսկ ռազմաճակատի գիծը սկսեց մօտենալ Տրապիզոնին: 1915 թ. փետրուար-մարտ-ապրիլ ամիսներին անպակաս էին հայերի անհատական ձերբակալութիւնները, առեւանգումները, սպանութիւնները, որոնք գնալով դառնում էին զանգուածային:
Ապրիլի 19-ին կուսակալի հրամանով սկսուեցին Տրապիզոն քաղաքի եւ շրջակայ հայկական գիւղերի վաղօրօք ծրագրուած խուզարկութիւնները10: Այդ գործողութիւնները շարունակուեցին երեք օր՝ նպատակ ունենալով իբր գաղտնարաններում պահուող զէնքեր յայտնաբերելը: Խուզարկութիւնները որեւէ արդիւնք չունեցան, սակայն իշխանութիւնները համոզուեցին, որ հայերը զինուած չեն:
Ընդհանուր տեղահանութիւնից եւ ջարդերից առաջ Ջեմալ Ազմիի կարգադրութեամբ սպաննուեց Տրապիզոնի հայութեան հոգեւոր առաջնորդ եռանդուն եւ գործունեայ Գէորգ վարդապետ Թուրեանը: Ապրիլին ձերբակալուեցին նշանաւոր 42 մտաւորականներ, որոնց Սամսուն տանելու պատրուակով դուրս հանեցին քաղաքից եւ դաժանօրէն խոշտանգելով` բոլորին էլ սպաննեցին: Ահա այս դէպքերով են սկսուել Տրապիզոնի հայութեան կոտորածները11: Պարզից էլ պարզ էր, որ շուտով դրանք կրելու էին համընդհանուր բնոյթ, եւ կառավարութիւնն անցնելու էր տոտալ կոտորածների քաղաքականութեանը:
1915 թ. յունիսի կէսերին Կ. Պոլսից հրաման ստացուեց` սկսել տրապիզոնահայութեան տեղահանութիւնը: Ջեմալ Ազմին եւ իր օգնականները, որոնց մէջ իր դաժանութիւններով յատկապէս աչքի էր ընկնում նախկին քրէական բանտարկեալ Թեքքէշ Նեշադը, ձեռնամուխ եղան Տրապիզոնի հայութեան տեղահանութեանը12: Պատմագրութեան մէջ Տրապիզոնի հայութեան տեղահանութեան ժամանակի վերաբերեալ տեղ են գտել անճշտութիւններ եւ հակասութիւններ: Այսպէս՝ ըստ Յ. Տաշեանի եւ Ջէյմս Բրայսի` տեղահանութեան հրամանը տրուել է յունիսի 26¬ին13, ըստ Հայկազն Ղազարեանի եւ Հ. Յովակիմեանի՝ յունիսի 13-ին14, ըստ Մ. Գուշակճեանի՝ յունիսի 12-ին15 եւ այլն: Մ. Արզումանեանի կարծիքով դա տեղի է ունեցել յունիսի 17-ին16, Ջոն Կիրակոսեանն առաջարկում է յունիսի 23-ը17 եւ, վերջապէս, Լեւոն Վարդանը՝ յուլիսի 1-ը18: Թւում է, թէ այստեղ գործ ունենք պարզ թիւրիմացութեան հետ: Միմեանց հետ են շփոթուել տեղահանութեան հրամանն ու գործադրումը: Իրականում հրամանը տրուել է յունիսի 13-ին, իսկ տեղահանութիւնը սկսուել է 5 օր անց՝ յունիսի 18¬ին: Շփոթմունքի տեղիք են տուել նաեւ հին եւ նոր տոմարների խառն օգտագործման դէպքերը, որով Լեւոն Վարդանի ճշգրտած յուլիսի 1-ը պարզորոշ դառնում է միւսների օգտագործած յունիսի 17-ը19:
Այսպիսով` Տրապիզոնի հայութեան տարագրութիւնը սկսուել է յունիսի 18-ին: Մէկ օր առաջ՝ երեկոյեան, ձերբակալուել եւ ծովամոյն էին արուել կուսակցական 40 հայ գործիչներ, աւելի վաղ գնդակահարուել էին Տրապիզոնի թուրքական կայազօրում ծառայող 500 հայ զինուորները20:
Յունիսի 13-ի հրամանագրում նշուած էր, որ քաղաքի եւ նահանգի հայութիւնը պէտք է պատրաստ լինի տեղահանութեան: Տարագրուողներն իրաւունք ունէին իրենց հետ վերցնելու միայն առաջին անհրաժեշտութեան առարկաներ եւ դրամ: Արդէն յունիսի 17-ին կազմուած կարաւանը քաղաքից դուրս եկաւ 18-ի վաղ առաւօտեան: Սկսուեց Գողգոթան: Կարաւանը, որը հաշուըւում էր 6000 հոգի, կանգ առաւ քաղաքից քիչ հեռու՝ ծովեզերքին: Յունիսի 19-ին կարաւանում գտնուող 14-60 տարեկան բոլոր տղամարդկանց դուրս բերեցին ճամբարից, կապեցին ձեռքերը եւ բաժանելով 50-60 հոգանոց խմբերի` տարան Կալաֆկա գետի հունով ի վեր՝ դէպի Ջանիկ լեռը: Ճանապարհին՝ Ջեւիզլիկ գիւղի մօտ, բոլորին կոտորեցին: Տարագրուածների մնացեալ խումբը, որն հիմնականում բաղկացած էր երեխաներից, կանանցից եւ ծերունիներից, շարունակեց ճանապարհը դէպի Սրղանլի դաշտը: Այստեղ կարաւանն անմիջապէս շրջապատուեց չեթէնների կողմից: Գեղեցիկ աղջիկներին, հարսներին ու մանկամարդ տղաներին զատեցին եւ բաժանեցին միմեանց միջեւ: Տրապիզոնի առաջին կարաւանից Երզնկա հասաւ ընդամէնը 700 հոգի, որոնց մեծ մասն էլ այստեղ՝ Կամախի կիրճում նահատակուեց: Յունիսի 20-ին Տրապիզոնից դուրս բերուեցին երկրորդ եւ երրորդ կարաւանները՝ իւրաքանչիւրը 500-600 հոգանոց խմբերով, որոնք բոլորն էլ բաժանեցին առաջին կարաւանի դաժան ճակատագիրը: Շատերը նահատակուեցին Ճեւիզլիկ կոչուած վայրում. նրանց դիակները նետւում էին Դէիրմէն Դերէ գետը: Երեւելի եւ հարուստ շատ հայերի, որոնք տարագրութեան առաջին օրերին տարբեր պատճառաբանութիւններով զերծ էին մնացել գաղթից, յունիսի վերջերին ծովամոյն արեցին, ինչպէս նաեւ 60-ից աւելի յղի կանանց ողջ-ողջ ծովը թափեցին: Պէտք է նշել, որ Ջեմալ Ազմին կողմնակից էր տրապիզոնահայութեանը խեղդամահ անել ծովում, քան սպանել ճանապարհներին: Վերջին դէպքում դիակները թաղելու անհրաժեշտութիւն էր զգացուելու: Սարսափելի էր յատկապէս Տրապիզոնի 600 հայ երեխաների զանգուածային բնաջնջումը: Տեղահանութիւնից ինչ-ինչ կերպ զերծ մնացած 600 որբ ու անտէր մանուկների ի մի հաւաքելով՝ յոյների Խրիստաֆ մետրոպոլիտը ցանկանում էր նրանց տեղաւորել որբանոցներում: Թէեւ իշխանութիւնները սկզբում համաձայնուել էին, սակայն յուլիսի կէսերին թուրք զինուորները երեխաներին խլեցին յոյն խնամակալներից եւ բոլորին տարան ծովափ: Այստեղ նրանց յանձնեցին նաւավար Բայրաքտար Օղլի Ռահմանին, որի կարգադրութեամբ երեխաներին լցրեցին ջուալների մէջ, ամուր կապեցին դրանք եւ տանելով բաց ծով՝ նետեցին ջուրը: 600 երեխաներից հրաշքով փրկուեցին ընդամէնը ութ հոգի21: Նոյն ճակատագրին արժանացան նաեւ այն 500 հայերը, որոնք, կաշառելով թուրք նաւավարներին, ցանկացել են փախչել Սամսուն, սակայն բոլորն էլ ծովամոյն եղան: Սահմռկեցուցիչ է Տրապիզոնում ԱՄՆ-ի հիւպատոս Քրաուֆորդի ջանքերով փրկուած 450 երիտասարդ հայուհիների ճակատագիրը: Թուրքերը նրանց խլել են հիւպատոսարանից, անարգել եւ Ջեմալ Ազմիի հրամանով մահմեդականացրել: Աղջիկներից մի քանիսը, չցանկանալով մահմեդականանալ, ինքնասպանութեամբ վերջ են տուել իրենց կեանքին22:
Մինչեւ 1915 թ. վերջերը Տրապիզոն քաղաքում եւ կուսակալութիւնում այլեւս հայ բնակչութիւն չկար: Տրապիզոնում Իտալիայի ընդհանուր հիւպատոս Պ. Գորինին 1916 թ. Փետրուարին ՙՄեսաջերօ՚ թերթի թղթակցին տուած հարցազրոյցի ժամանակ շեշտել է, որ արդէն 1915 թ. վերջերին քաղաքի 14 հազար հայերից մնացել էր ընդամէնը 100 հոգի, մնացածները ՙկամ Սեւ ծովն էին թափուել, կամ Դէիրմէն Դերէ գետն էին նետուած՚23: Երբ 1916 թ. Ապրիլին ռուսական բանակը մտաւ Տրապիզոն, այստեղ բնակւում էին ընդամէնը 15 հայ կին եւ 50 որբ հայ երեխաներ:
Տրապիզոնի եւ շրջակայքի 70 հազար հայերից մօտաւոր տուեալներով փրկուել է միայն 2800 հոգի, որոնք էլ ցրուել են ամբողջ աշխարհով մէկ:
Տրապիզոնի հայութեան տեղահանութիւնն ու կոտորածները երբեմն հանդիպեցին դիմադրական ելոյթների, որոնց մասին, ցաւօք, սուղ տեղեկութիւններ ունենք: Այսօր հանրայայտ են Վանի, Մուսա լեռան, Եդեսիայի դիմադրական մարտերը: Ենթադրելի է, որ ինքնապաշտպանական մարտեր կամ դիմադրութեան փորձեր եղել են նաեւ այլուր: Պատշաճ է յիշատակել նաեւ Տրապիզոնի հայութեան դիմադրական ճիգերի մասին, որոնց մասին ակնարկները տեղ են գտել յուշագրութիւններում:
Տարագրութեան առաջին իսկ օրերին՝ յունիսի 20-ին, երբ կուսակալի հրամանով 40 հայ տղամարդկանց դուրս են բերել ծով՝ խեղդամահ անելու համար, նրանք յարձակուել են ուղեկցող ոստիկանների վրայ եւ ոչնչացրել նրանց: Թէեւ իրենք էլ են ունեցել զգալի կորուստներ, այնուհանդերձ մի քանիսը փրկուել են եւ անցել Ռուսաստան: Յատկապէս նշանակալից է Գուրգէն եւ Պարոյր Սարգսեան եղբայրների անվեհեր փորձը՝ Ջեմալ Ազմիին սպաննելու ուղղութեամբ, թէեւ մահափորձն անցաւ անյաջողութեամբ, սակայն վկայութիւն է այն բանի, որ տրապիզոնահայերը հլու-հնազանդ չեն գնացել սպանդանոց:
Ուշագրաւ է Գիւմուշխանէ-Երզնկա խճուղու Թեքքէ կայարանում տեղի ունեցած անվեհեր ելոյթը: Տրապիզոնցի տարագիր 100 տղամարդիկ յարձակուեցին ուղեկցող ոստիկանների վրայ, ոչնչացրեցին նրանց եւ հեռացան լեռները:
Անձնական հերոսութեան փայլուն օրինակ են ցոյց տուել Սեդրակ Սէյրանեանն ու Երուանդ Տէրտէրեանը, որոնք, չհնազանդուելով տեղահանութեան հրամանին, դիրքաւորուել են իրենց տների տանիքներին եւ դիմադրել թուրք զինուորներին ու ոստիկաններին՝ զգալի կորուստներ պատճառելով նրանց: Ի վերջոյ, երբ սպառուել է նրանց զինամթերքը, նրանք ինքնասպան են եղել: Առանձնապէս յայտնի են Տրապիզոնի մօտ գտնուող Խնէ, Թրմէ, Չար, Շամպա լեռներում ամրացուած 600-ից աւելի տրապիզոնահայերի դիմադրական կռիւները: Մարտեր, որ ղեկավարում էին Զիլ Օհանները, Միքայէլ Զէյթունճեանը, Յակոբ Քէհեանը24: 1915 թ. յուլիս-հոկտեմբեր ամիսներին կանոնաւոր բանակի զօրամասերը՝ հրանօթներով եւ գնդացիրներով զինուած, փորձել են ընկճել նրանց, զինաթափել Կոնկայի անտառներում ամրացուած հայ քաջամարտիկներին, սակայն պարտութիւն կրելով՝ յետ են նահանջել: Ի դէպ` որոշ ընդմիջումով նրանք մարտնչել են մինչեւ 1923 թ. նոյեմբերը, երբ նաւակներով ճեղքելով Սեւ ծովի ալիքները՝ հասել են ռուսական ափ: Նրանք վերջին 700 հայերն էին, որ զէնքը ձեռքներին, չպարտուած հեռացան հայրենի եզերքից25:
Սոչիի եւ Տուապսէի համայնավար իշխանութեան մարմինների կողմից 40-օրեայ բանտարկութիւնից յետոյ թէեւ նրանք ազատ են արձակւում, սակայն պայմանով, որ չբնակուեն ծովափնեայ շրջաններում26: Ահա այսպիսի աւարտ ունեցաւ տրապիզոնահայութեան վերջին հերոսական մղումի այդ փառաւոր էջը: Իսկ դիմադրական այլ փորձերի մասին, ցաւօք, մենք տեղեակ չենք, թէեւ ենթադրելի է, որ դրանք եղել են:
Ինչպէս հայոց Մեծ եղեռնի պատասխանատուներից շատերը, այնպէս էլ Տրապիզոնի ջարդերի կազմակերպիչներն ստացան իրենց արժանի պատիժը: Նահանգապետ Ջեմալ Ազմին սպաննուեց 1922 թ. ապրիլի 17-ի գիշերը Բեռլինում` Արշաւիր Շիրակեանի կողմից27: Հայ վրիժառուի գնդակի զոհ դարձաւ Ազմիի մերձաւորագոյն օգնականը՝ հայակեր Թեքքէշ Նեշադը: Կ. Պոլսի պատերազմական ատեանի կողմից 1919 թ. տարբեր ժամկէտներով Մալթա աքսորուեցին Ազմիի գործակիցներ Մեհմեդ Ալին, Իմամ զադէ Մուստաֆան, Նիազին եւ ուրիշներ: Իսկ Տրապիզոնում երիտթուրքերի կուսակցութեան կոմիտէի պատասխանատու Նայիլ բէյը 1918 թ. զինադադարի օրերին փախաւ Ադրբեջան, որտեղ էլ կնքեց իր մահկանացուն՝ ընկնելով վրէժխնդիր հայի գնդակից: Հայոց Նեմեսիսի զինուորագրեալներից էր նաեւ տրապիզոնցի Միսաք Թորլաքեանը, որը 1921 թ. Յուլիսի 18-ին Կ. Պոլսում դիմահար կրակոցով սպանեց Ադրբեջանի ներքին գործոց նախկին նախարար Բեհբուտ խան Ջիւանշիրին, որը Բաքուի 30 հազար հայութեան 1918 թ. կոտորածների կազմակերպիչներից էր, եւ որի անձնական հիւրն էր Տրապիզոնի հայութեան դահիճներից Նայիլ բէյը28:
Ծանօթագրութիւններ
- 1915 թ. դէպքերից առաջ Տրապիզոնի նահանգի տարածքում բնակուող հայութեան վերաբերեալ մօտաւոր պատկերացում կարող է տալ Յ. Տաշեանի՝ ՙՀայ բնակչութիւնը Սեւ ծովէն մինչեւ Կարին՚ (պատմական-ազգագրական հարեւանցի ակնարկ մը) ուսումնասիրութիւնը (Վիեննա, 1921):
- Տե՜ս ՙՊատմութիւն Հայկական Պոնտոսի՚, պատմագրեց Յովակիմ Յովակիմեան (Արշակունի), Պէյրութ, 1967, էջ 27:
- Նոյն տեղում, էջ 28:
- Թէոդիկ, Ամէնուն տարեցոյցը, Կ. Պոլիս, 1922:
- Յ. Լեփսիուս, Հայաստանի ջարդերը, թարգմ. Մ. Շամտանճեան, Կ. Պոլիս, 1919:
- ՙՊատմութիւն Հայկական Պոնտոսի՚, էջ 29:
- Մ. Գուշակճեան, Տրապիզոնի եւ Սամսունի նահանգներու տեղահանութիւնն ու ջարդերը, տե՜ս ՙՅուշամատեան Մեծ եղեռնի՚, Գ. հրատ., Պէյրութ, 1987, էջ 466: Մ. Արզումանեան, Հայաստան, 1914-1917, Երեւան, 1969, էջ 383:
- Ա. Մելքոնեան, Տրապիզոնի նահանգ, տե՜ս ՙՀայկական հարց. հանրագիտարան՚, Երեւան, 1996, էջ 445:
- Հայկազն Ղազարեան, Ցեղասպան թուրքը, Պէյրութ, 1968, էջ 21-22: Յովհաննէս Նազլեան, Յուշերս, Պէյրութ, 1960, էջ 56-67: Լեւոն Վարդան, Ժամանակագրութիւն Հայկական տասնհինգին, Պէյրութ, 1975, էջ 29-30:
10. Մ. Թորլաքեան, Օրերուս հետ, Պէյրութ, 2001, էջ 240:
11. ՙՅուշամատեան Մեծ եղեռնի՚, էջ 468:
12. ՙՊատմութիւն Հայկական Պոնտոսի՚, էջ 222-224:
13. Յ. Տաշեան, Հայ ազգի տարագրութիւնը գերմանական վաւերագիրներու համեմատ, մասն Ա., Վիեննա, 1921, էջ 58: G. Bryce, The Trecetment of Armenians in the Ottoman Empire, 1915-1916, Beirut, 1972, էջ 86, 291:
14. Հ. Ղազարեան, նշվ. աշխ., էջ 75-78: ՙՊատմութիւն Հայկական Պոնտոսի՚, էջ 227:
15. Մ. Գուշակճեան, նշվ. աշխ., էջ 470:
16. Մ. Արզումանեան, նշվ. աշխ., էջ 384:
17. Ջ. Կիրակոսեան, Առաջին համաշխարհային պատերազմը եւ արեւմտահայութիւնը, 1914-1916 թթ., Երեւան, 1967, էջ 345:
18. Լեւոն Վարդան, Ժամանակագրութիւն Հայկական տասնհինգի, 1915-1923, Պէյրութ, 1975, էջ 45:
19. Աւելի մանրամասն տե՜ս Ղ. Մակունց, Տրապիզոնի հայութեան տեղահանութիւնը, Թեհրան, 1963, էջ 63-65:
20. ՙՊատմութիւն Հայկական Պոնտոսի՚, էջ 228-229:
21. Նոյն տեղում, էջ 224-228:
22. Նոյն տեղում:
23. Սեպուհ Ակունի, Միլիոն մը հայերու ջարդի պատմութիւնը, Կ. Պոլիս, 1921, էջ 178:
24. Մ. Թորլաքեան, նշվ. աշխ., էջ 317:
25. ՙՅուշամատեան Մեծ եղեռնի՚, էջ 475:
26. Մ. Թորլաքեան, նշվ. աշխ., էջ 325:
27. Մանրամասն տե՜ս Ա. Շիրակեան, Կտակն էր նահատակներուն, Պէյրութ, 1975:
28. Այդ ակտի մանրամասների մասին լայնօրէն տե՜ս Մ. Թորլաքեանի՝ ՙՕրերուս հետ՚ յուշագրութիւնում:
Համշէն Եւ Համշէնահայութիւն
(գիտաժողովի նիւթեր)
ԵՐԵՒԱՆ – ՆՊԷՅՐՈՒԹ, 2007
Թողնել պատասխան