Ռազմական Պրագմատիզմը՝ Ընդդեմ Կայսերական Նախապաշարմունքների

by

կամ Ինչու՞ է Մորիկ կայսրը հայերին դուրս թողել «Ստրատեգիկոն»-ում թվարկված հավանական հակառակորդների ցանկից

Բյուզանդական կայսրությունում հայերի տարատեսակ կերպարների թեման արդեն դարձել է մի շարք ուրվագծային ուսումնասիրությունների և հետաքրքիր դիտարկումների առարկա։ Սակայն, որպես կանոն, այդ առումով քննարկման են ենթարկվել այն հայերը, որոնք գտնվել են Հայաստանից դուրս և ապրել, հնաբնակների կամ նորեկների կարգավիճակով, կայսրության ծայրամասային այլ նահանգներում կամ, առավել հաճախ, նրա մայրաքաղաքում։ Իբրև հետևանք՝ բյուզանդահպատակ հայերի մասինսոցիալական պատկերացումների քննարկումը կենտրոնացել է այնպիսի հարցադրումների վրա, ինչպիսիք են՝ Հունական և Հայկական եկեղեցիների միջև դավանանքային ու ծիսականտարբերությունները, հայերի և հույների առօրյա կենսակերպի էթնիկական առանձնահատկությունները, ինչպես նաև բյուզանդական վերնախավի այդ երկու խոշորագույն էթնիկ խմբավորումների մրցակցությունը՝ կայսերական պալատում։ Սույն հոդվածը, ընդհակառակը, հետազոտում է բյուզանդական պատկերացումներն այն հայերի մասին, որոնք ապրում էին իրենց հայրենիքում՝ որոշակիորեն պահպանելով իրենց ազգային ինքնուրույնությունը ռազմաքաղաքական, տնտեսական, կրոնական ու մշակութային ոլորտներում։ Ըստ այդմ, ստորև ուշադրության կիզակետում է բյուզանդական հասարակության իշխող շրջանակներում հայերի մասին պատկերացումների ձևավորման հիմնարար՝ աշխարհաքաղաքական որոշիչը։ Նախքան բուն խնդրին անդրադառնալը՝ հիշեցնենք, որ 387 թ. Հայաստանը բաժանվել էր Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Պարսիկներին էր անցել նրա առավել մեծ՝ արևելյան մասը, որտեղ Մեծ Հայքի թագավորությունն իր գոյությունը պահպանեց ընդհուպ մինչև 428 թ.։ Իսկ Հայաստանի արևմտյան մասում, որն ընկել էր Հռոմեական ու շուտով նրան փոխարինելու եկած Արևելյան Հռոմեական (Բյուզանդական) կայսրության կառավարման տակ, հայկական թագավորությունը լուծարվել էր տակավին 390 թ.։

Բյուզանդական բանակի հրամանատարական կազմի համար նախատեսված մարտավարության և ռազմավարության հեղինակավոր ձեռնարկը՝ «Ստրատեգիկոնը», ներառում է մի առանձին գլուխ, որը հատկանշում է հեղինակի՝ կայսր Մորիկի (582-602) բառերով ասած՝ «մեր պետությանը վնաս հասցնելու ընդունակ ժողովուրդների մարտավարությունն ու առանձնահատկությունները»։ Այդ բաժնում հականե-հանվանե քննարկվում են «պարսիկները», «սկյութները, այսինքն՝ ավարները, թյուրքերը (խոսքը վերաբերում է կամ բուլղարներին, որոնց բյուզանդացիներն սկզբնապես ևս «թյուրք» կամ «թուրք» էին կոչում, կամ Սև Ծովի հյուսիս և հյուսիս-արևելքում քոչող թյուրքախոս ցեղերին) և նրանց նման ժողովուրդները», «շիկահեր ժողովուրդները՝ ֆրանկները, լանգոբարդները (գերմ. բառացի՝ երկայնամորուսներ,հին հայերենում՝ ղանկվատներ – Ա.Ա.) և նրանց նմանները», «սլավոնները, անտերը և նրանց նման ժողովուրդները»։

Այս հավանական հակառակորդներին Մորիկը բնութագրում է զինվորականի տեսակետից՝ հաճախ նույնիսկ դրվատելով նրանց մարտական կարողությունները։ Այսուամենայնիվ, այդ ռազմական պրագմատիզմը չի խանգարել, որպեսզի նշված ժողովուրդներից յուրաքանչյուրին «Ստրատեգիկոն»-ում տրվի նաև մեծապետական նախապաշարմունքների որոշակի չափաբաժին։ Այսպես, հռոմեացիների/բյուզանդացիների հին, ոխերիմ թշնամիները՝ պարսիկները, ներկայացվում են որպես «չար, կեղծավոր և ստրկամիտ», ավարները՝ «սրիկա, խորամանկ…, չարասիրտ, խարդախ, նենգաբարո, անասալի արծաթասեր…, ուխտադրուժ, պայմանագրերը չկատարող…, կառավարվում են ոչ թե սիրով, այլ վախի միջոցով, ծայրաստիճան անկայուն, ժլատ», ֆրանկներն ու լանգոբարդները՝ «իրենց առաջնորդներին անհնազանդ», «փողով դյուրությամբ գնվող, քանզի ժլատ են», սլավոնները՝ «միմյանց նկատմամբ չարամտորեն տրամադրված», «մշտապես իրար մեջ գժտված», «պայմանագրերը չհարգող» ու, հետևաբար, «վստահության բոլորովին անարժան» (այս վերջին հանդիմանանքը հատկապես դատարկ ու ցինիկ է հնչում, եթե նկատի ունենանք, որ մեկ-երկու էջ դրանից առաջ Մորիկը խորհուրդ է տալիս իր հրամանատարներին՝ «ձևացրեք, թե [հակառակորդի հետ] համաձայնության եք եկել»)։ Իրականում, այդ նախապաշարմունքները կազմում էին կայսերական քարոզչության և զորքերի հրահանգավորման անհրաժեշտ տարրը, այսինքն՝ մասամբ իրենք էլ նույն ռազմական պրագմատիզմի ծնունդ էին։

Կայսրության նկատմամբ ոչ-բարեկամաբար տրամադրված և նրան անհանգստություն պատճառող ժողովուրդներին թվարկելիս՝ «Ստրատեգիկոնն» ակնհայտորեն դուրս է թողնում հայերին, որոնք մինչ այդ բազմիցս մարտնչել էին բյուզանդական զորքերի դեմ կամ ինքնուրույնաբար, կամ, ավելի հաճախ, իբրև Պարսկաստանի դաշնակիցներ կամ ստորականեր։ Ավելին՝ VI դարի ընթացքում Հայաստանի բյուզանդական մասում տեղի էին ունեցել մի քանի ազգային-ազատագրական զինված ելույթներ։ Դրանցից ամենախոշորը 538-539 թթ. ապստամբությունն էր։ Սկզբում հայերը Հուստինիանոս Ա կայսրի (527-565) կողմից հայկական նահանգների գլուխ նշանակված Ակակիոսի դեմ մահափորձ ծրագրեցին ու հաջողությամբ այն իրականացրեցին։ Այնուհետև հավաքեցին ու կենտրոնացրին իրենց զորքերը՝ վերահսկողություն հաստատելով բյուզանդական Հայաստանի զգալի մասի՝ այսպես կոչված Ներքին Հայքի վրա։ Ապստամբների դեմ Հուստինիանոսի ուղարկած բանակը ստորացուցիչ պարտություն կրեց Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմուտքում գտնվող Ավնիկ բերդաքաղաքի մերձակայքում։ Խիստ կտրտված տեղանքում տեղի ունեցած այդ ճակատամարտում հայերին հաջողվեց ոչնչացնել բյուզանդացիների գլխավոր հրամանատարին՝ ականավոր զորավար Սիտտասին (այդ ապստամբության և Ավնիկի մոտ ճակատամարտի մասին մանրամասն տե՛ս «Հայաստանի զրուցակից», 2011 թ., թիվ 20, 22, 27, 28)։

Հայոց զորքերի հակաբյուզանդական ելույթներ եղան նաև հե՛նց Մորիկի գահակալության օրոք՝ 589, 591 և 601 թթ., ու թեև դրանք խոշորածավալ ռազմական գործողությունների և արյունալի բախումների չհանգեցրին, ինչպես 538-539 թթ., բայց և այնպես կրկին բացահայտեցին հայոց զինուժի հետ ռազմական առճակատման բարձր հավանականությունը, ինչպես նաև հայկական զորքերի եզակի մարտական կարողությունները, որոնք, ի դեպ, հրապարակայնորեն ճանաչում էին և՛ բյուզանդացիները, և՛ պարսիկները։

«Ստրատեգիկոնի»՝ անբարյացակամ ժողովուրդների/հավանական հակառակորդների ցանկից հայերի բացակայությունն առավել ևս աչք է զարնում, երբ նկատում ենք, որ այդ երկի հեղինակը՝ Մորիկ կայսրը, ծայրաստիճան բացասական վերաբերմունք է ունեցել հայ ժողովրդի նկատմամբ։ Մասնավորապես, հայերին տված նրա կանխակալ բնութագրումը պահպանվել է VII դարի հեղինակ Սեբեոս եպիսկոպոսի «Պատմության» մեջ, որտեղ համառոտաբար վերաշարադրվում է, բառացիության հավակնությամբ, Մորիկի հատուկ ուղերձն իր դաշնակից պարսից Խոսրով Բ Փարվեզ թագավորին (590-628 թթ.)։ Մորիկն առաջարկում էր դավադրաբար ոչնչացնել Հայաստանի զինված ուժերը՝ հայոց զորքերն ու ռազմական դասը (այն է՝ ազնվականությունը)՝ հայրենիքից դուրս հանելու և նրանց Բյուզանդական կայսրության ու Իրանի հեռավոր շրջանները փոխադրելու միջոցով։ Ահավասիկ, ըստ Սեբեոսի, այդ ուղերձի բովանդակությունը՝ Մորիկի իսկ բառերով.

«Ազգ մի ինքնակամ և անհնազանդ կա մեր մեջտեղում և անընդհատ ըմբոստանում է։ Ուստի ե՛կ,- ասում է,- ես [Հայաստանի] իմ մասում եղածներին (այն է` հայ զինվորականությանը – Ա.Ա.) ժողովեմ և Թրակիայում հավաքեմ, իսկ դու քո մասում եղածներին ժողովիր և հրամայիր Արևելք տանել։ Որովհետև եթե նրանք մեռնեն, ապա մեր թշնամիները կմեռնեն, ու եթե սպանեն, ապա մեր թշնամիներին կսպանեն, իսկ մենք` կապրենք խաղաղության մեջ։ Որովհետև եթե դրանք իրենց երկրում լինեն, մենք հանգիստ չենք ունենա»։Եվ այս երկուսը համաձայնության եկան [առաջարկված քաղաքականության վերաբերյալ – Ա.Ա.]»։

Սեբեոսն այս առաջարկն արդարացիորեն գնահատում է որպես «հայ իշխաններից Հայաստանը պարպելու Մորիկի նենգավոր դավադրություն»: Նա նաև ընդգծում է այդ կայսեր մեղադրանքների անհանդուրժողական բնույթը՝ անվանելով նրա Պարսից թագավորին ուղղված ուղերձն «ամբաստանություն ամբողջ Հայաստանի իշխանների և նրանց զորքերի դեմ»: Այս առումով նկատենք, որ բացարձակապես անհամոզիչ է հնչում անգլիացի ճանաչված պատմաբան Ջ. Հովարդ-Ջոնսթոնի վերջերս առաջադրած ռևիզիոնիստական տեսակետն առ այն, թե իբր Բյուզանդիայի և Պարսկաստանի կողմից հայկական զորքերը «հավաքագրելու գործընթացի մեջ եղած մրցակցային տարրն աշխատում էր հայերի օգտին»։ Պատմական փաստերին հակասող նույնատիպ տրամաբանությամբ Հովարդ-Ջոնսթոնը հերքում է նաև Սեբեոսի օբյեկտիվ գնահատականը Մորիկի և Խոսրովի՝ Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականության մասին։

Իրականում, հայ ազնվականության դեմ քայքայիչ գործողությունները մինչ այդ էլ շատ հաճախանցկացվում էին Խոսրով Բ-ին Մորիկի արած վերոնշյալ առաջարկների համապատասխան։ Ինչպես նրանց ժամանակակիցները, այնպես էլ մերօրյա պատմաբաններն արդարացիորեն եզրակացրել են, որ բյուզանդական և պարսկական իշխանությունների այդ քաղաքականությունը հետամուտ է եղել Հայաստանի թուլացմանն ու նրա ռազմական կարողության քայքայմանը։ Այսպես, օրինակ, մինչև Մորիկը կսկսեր եռանդունորեն կենսագործել իր իսկ հստակ ձևակերպած գաղութատիրական քաղաքականությունը, դրա հատկանիշները, մի քանի տասնամյակ առաջ, արդեն նշվում էին բյուզանդացի պատմաբան Պրոկոպիոս Կեսարացու «Գոթական պատերազմի մասին» երկում (III.32.6-7), ուր մի հայ իշխանի շուրթերով բողոք է հնչեցվում առ այն, որ Հայաստանն «ամուր կապանքների մեջ է առնված, նրա վրա են դրված անօրինակ ծանր հարկեր», իսկ հայ ազնվականությունը «ստրկացված և ցրված է ամբողջ հռոմեական երկրով մեկ»։

Մորիկի՝ Խոսրովին հղած ուղերձը, ներառյալ նրա ռազմավարական պահանջները, անտարակույս, կարող են դիտվել որպես պատմական իրողություն։ Չի կարելի բացառել նաև այն, որ Սեբեոսը մոտավոր բառացի ստուգությամբ է հաղորդել այդ ուղերձի մեզ չհասած տեքստը, քանի որ նրա բովանդակությունը կամ գուցե անգամ բնօրինակի պատճենը հայ իշխաններին կարող էր փոխանցել ոչ այլ ոք, քան ինքը՝ Խոսրով Բ թագավորը, որը 602 թ. Մորիկի սպանությունից հետո անմիջապես նոր պատերազմ սկսեց Բյուզանդական կայսրության դեմ։ Խոսրովը հայերի օժանդակության կարիքն ուներ, իսկ այդ նամակը կարող էր ծառայել որպես Բյուզանդիայի հակահայկական մտադրությունները բացահայտող լավագույն ապացույց։

Ամեն ինչից զատ՝ Մորիկի ուղերձը լիովին համապատասխանում է հռոմեական ավելի հին ավանդույթին, ըստ որի հայերը ներկայացվում են որպես հռոմեական ու պարթևական/պարսկական գերիշխանությանը դիմադրել համարձակվող անհնազանդ մի ժողովուրդ։ Նույն աշխարհաքաղաքական հիմքը ունեցող երանգներով են հայերը պատկերված, օրինակ, հռոմեացի պատմաբան Պուբլիոս (Գայոս)Կորնելիոս Տակիտոսի (56-125 թթ.) հետևյալ մեկնաբանության մեջ.

«Այս ժողովուրդը հնուց ի վեր վստահելի չէ թե՛ իր բնավորության և թե՛ իր երկրի աշխարհագրական դիրքիպատճառովորովհետև մեր նահանգներին լայնորեն սահմանակից լինելովտարածվում է ընդհուպ մինչևՄարաստան։ Եվ նրանքընկած լինելով

    մեծագույն կայսրությունների միջևհաճախ գժտվում են նրանց հետ՝ատելով հռոմեացիներինև խանդ ցուցաբերելով պարթևների նկատմամբ»։

    Սեփական ազգային անկախությանը միտված հայերի արմատացած տրամադրվածությունն է փաստում նաև մեծանուն սպարապետ Վասակ Մամիկոնյանը (?-368 թթ.), որը պարսից Շապուհ Բ թագավորի (309-379) կողմից ուխտադրժորեն գերվելով և հարցաքննության ենթարկվելով, համարձակ ասում է (Փավստոս Բուզանդի փոխանցմամբ), թե քանի դեռ ինքն ազատության մեջ էր`

    «ես հսկա էի. մի ոտքս մի լեռան վրա էր, մյուս ոտքս` մեկ այլ լեռան վրա։ Երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ լեռն էի գետին կոխում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ լեռն էի գետին կոխում… Այդ երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը` Հունաց թագավորը։ Քանի դեռ Աստված հաճում էր՝ քեզ էլ էի գետին կոխում, հունաց թագավորին էլ

        (այն է՝ Հռոմի կայսրին – Ա.Ա.)

    »։

    Տակիտոսի ու Մորիկի՝ հայերի ազգային բնավորությանը տված գնահատականները գրանցվել են այն ժամանակներում, երբ Հռոմեական (ավելի ուշ` Բյուզանդական) և իրանական կայսրությունները վարում էին Հայաստանը հպատակեցնելու կամ միմյանց միջև բաժանելու համատեղ քաղաքականություն։ Ուստի` հայերի հակաբյուզանդական ու հակաիրանական զանգվածային տրամադրությունները միանգամայն հասկանալի են դառնում։ Ավելին` Տակիտոսի և Մորիկի այս գնահատականները, մատնանշելով հին ժամանակներում հայերի ձեռքբերած ազգային մշակութային կուռ համախմբվածությունը, միաժամանակ հիմնավորապես ապացուցում են սոցիալական հոգեբանության մեջ հայտնի, այսպես կոչված, ֆրուստրացիա-ագրեսիա-տեղափոխում տեսության այն կարևոր միջմշակութային բանաձևը, ըստ որի` «որքան մեծ է խմբի ներքին կոորդինացիան ու կարգապահությունը, ճիշտ նույնքանով աճում է դրսեցիների թշնամությունը» այդ խմբի և նրա անդամների նկատմամբ։

    Խոշոր բյուզանդագետ և ռազմական պատմաբան, Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Վալտեր Քեգին վաղմիջնադարյան Հայաստանի հայերին բնորոշ որոշ էթնոհոգեբանական առանձնահատկությունների մասին խոսելիս՝ նկատում է, որ հայերն ունեին «տեղական ինքնավարության ուժեղ ձգտում» և «պարզորեն հայ մնալու կամք», ընդ որում՝ և՛ արաբները, և՛ բյուզանդացիները ստիպված էին հաշվի նստելու «հայերի անդրդվելի և խստաբարո բնավորության հետ»։ Քեգին ընդգծում է նաև, որ «Բյուզանդական կայսրության ոչ մի ուրիշ շրջանում… տեղի բնակիչները չունեին այդքան լավ զինված լինելու և հույսն իրենց, իրենց ընտանիքների և ազնվականության խմբերի վրա դնելու ավանդույթ», քան Հայաստանում։

    Վերոբերյալ պատմական տեղեկությունները վկայում են, որ Բյուզանդական կայսրության հավանական հակառակորդներ համարվելու համար հայերն ունեին լիակատար «որոկավորում»։ Ուստի՝ նրանց դուրս թողումը «Ստրատեգիկոնի» համապատասխան ցանկից պատահականություն համարել չի կարելի։ Նրանց բացակայության պատճառների մասին հարցադրում երբեք չի արվել (հայ պատմագիտությունը, որքան ինձ հայտնի է, առհասարակ աչքաթող է արել «Ստրատեգիկոնը» մասամբ, հավանաբար, այն պատճառով, որ այդ երկում Հայաստանն ու հայերը ոչ մի անգամ հիշատակված չեն)։ Այնինչ, այդ հարցադրման քննարկումը կարող է բերել մի շարք կարևոր հետևությունների և ենթադրությունների։ Ստորև առաջարկում ենք հնարավոր պատասխանները։

    1) Եթե Մորիկն իսկապես հայկական ծագում ուներ (այս կապակցությամբ գիտնականները տարբեր կարծիքներ են հայտնել), ապա այդ հանգամանքը նրան կարող էր հետ պահել՝ հայերին բացահայտորեն թշնամի ժողովուրդ ներկայացնելու մտքից, քանի որ այդպիսով նա կարող էր կողմնակիորեն հարվածի տակ դնել իր սեփական հեղինակությունը։ (Այս առումով արժե վերհիշել XI-XIII դարերի հայ պատմիչներ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի, Անանուն զրուցագրի (Կեղծ Շապուհ Բագրատունի), Կիրակոս Գանձակեցու, ինչպես նաև ավելի ուշ շրջանի հայ հեղինակների երկերում պահպանված այն միջնադարյան ավանդությունները, ըստ որոնց՝ Մորիկը ծագումով հայ էր և ծնվել էր Հայաստանում՝ իբր Օշականում, Տարոնում կամ Անիում։ Ընդ որում, Օշականում մինչև այսօր էլ մասամբ կանգուն է մնացել այսպես կոչված Մորիկի հուշասյունը՝ VII դարի բազալտե մի եզակի կոթող, որն ավանդաբար համարվում է Մորիկ կայսեր մոր տապանաքարը։)

    2) Մոտավորապես նույն դրդապատճառով Մորիկն ինքն իրեն պետք է զսպեր հայերին բացասաբար պատկերելու մտքից, քանի որ նրանք արդեն կազմում էին բյուզանդական ռազմական և քաղաքականվերնախավի ազդեցիկ մասը՝ հայկական ծագում ունեին բյուզանդացի բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը ու հատկապես զորահրամանատարները։ Անվանի ամերիկացի բյուզանդագետ, պրոֆեսոր Պիտեր Խառանիսի հաշվարկով, «Պրոկոպիոս Կեսարացին հականե-հանվանե հիշատակում է ոչ պակաս, քան տասնյոթ հայ հրամանատարների, այդ թվում, իհարկե, մեծն Նարսեսին»։ Թեև, ինչպես նշում է Խառանիսը, բյուզանդական բանակում հայկական տարրը կարևոր տեղ էր զբաղեցնում տակավին կայսրեր Հուստինիանոսի և Տիբերիոս Բ Կոնստանտինի (574–582 թթ.) բանակներում, «իրադրությունը փոխվեց Մորիկի կառավարման օրոք, հիմնականում Բալկանյան թերակղզի կատարված ավարա-սլավոնական ներխուժումների հետևանքով։ Այդ ներխուժումները գործնականում ոչնչացրեցին Իլլիրիան որպես զինվորագրման աղբյուր և նվազեցրին Թրակիայի հնարավորությունները։ Դրանք կտրեցին կապն արևմուտքի հետ և խիստ բարդացրին այնտեղ զորահավաքների անցկացումը։ Իբրև հետևանք, կայսրությունը ստիպված էր զինվորներ հավաքագրել այլուր։ Նա շրջվեց դեպի Կովկասի և Հայաստանի շրջաններ։ Մորիկի բանակներում մենք դեռ հանդիպում ենք որոշ հոների, ինչպես նաև որոշ լանգոբարդների։ Հանդիպում ենք նաև բուլղարների։ Սակայն գերիշխող տարրն արդեն՝ հայերն էին»։

    Հայերին կայսրության անհանգիստ սահմանամերձ շրջաններ՝ Բալկաններ ու առավելապես Թրակիա,վերաբնակեցնելու իր կանխամտածված քաղաքականությունը հաջողությամբ իրականացնելու համարՄորիկը հետևողականորեն ու միտումնավոր կերպով սիրաշահում էր հայ զինվորականներին։ Նա մեծապես ապավինում էր նրանց հավատարմությանը և ռազմական հմտությանը։ Ուստի, միանգամայն անտեղի կլիներ հայերին որպես սպառնալիք և անբարյացակամ ժողովուրդ ներկայացնել հրամանատարների համար նախատեսված մարտավարության մասին գործող ձեռնարկում, չէ՞ որ այդ հրամանատարներից շատերն իրենք հայ էին։ Այս առթիվ օգտակար կլինի վերհիշել, որ Մորիկի նախորդներից մեկը՝ Հուստինիանոս կայսրն այն աստիճան ներողամիտ գտնվեց 538-539 թթ. հայոց ապստամբության նախկին ղեկավարների նկատմամբ, որ նրանցից մեկը՝ Արտավան Արշակունին, ի վերջո, մահափորձ ծրագրեց նրա կյանքի դեմ: Արդարև, Արտավանն այն մարդն էր, որն ըստ Պրոկոպիոս Կեսարացու՝ 538 թ. անձամբ սպանել էր Հուստինիանոսի նշանակած կուսակալին՝ Ակակիոսին, իսկ 539 թ.՝ հայոց ապստամբական բանակի դեմ ուղարկված զորավար Սիտտասին։ Հուստինիանոսն Արտավանին, փաստորեն, անպատիժ թողեց և շարունակեց օգտվել նրա զորավարական տաղանդից նույնիսկ իր դեմ մահափորձի ծրագրման մեջ նրա մասնակցության բացահայտումից հետո։ Այսպիսի փափուկ վերաբերմունքը հայ զորավարների նկատմամբ, որոնցից ոմանք նախկինում նույնիսկ կռվել էին նրա բանակների դեմ, ակնհայտորեն բխում էր նրանց ռազմական կարողությունները և զինուժը իր օգտին ծառայեցնելու ցանկությունից։ Վերջին հաշվով, այդպիսի քաղաքականությունը արդարացնում էր իրեն և տալիս իրական ռազմական արդյունքներ և՛ Արտավանի, և՛ Կամսարական եղբայրների, և՛ մեծն Նարսեսի, և՛ ծագումով հայ բազմաթիվ այլ տաղանդավոր զորավարների դեպքերում։ (Ի դեպ, այսպիսի վերաբերմունքը նախկինում ըմբոստ, բայց մեծատաղանդ զորահրամանատարների նկատմամբ համաշխարհային պատմության մեջ ունի նմանօրինակներ։ Այսպես, օրինակ, 1700 թ. Անգլիայի թագավոր Վիլհելմ Գ-ն լորդ Ջոն Մալբորոյին Հոլանդիայում անգլիական զորքերի հրամանատար և Եվրոպայում՝ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան նշանակեց, երբ անցել էր ընդամենը մի քանի տարի, ինչ վերջինս մասնակցել էր պետական հեղաշրջման փորձին։)

    3) 591 թ. Մորիկը պարտադրեց Հայաստանի բյուզանդական մասում գտնվող հայ հոգևորականությանը կայսրության գերիշխող քրիստոնեական վարդապետությունը՝ քաղկեդոնականությունը։ Դարձյալ, նպատակ էր դրված ոչ թե դաժան բռնությունների միջոցով ճնշել հայերին, այլ սահուն կերպով հելլենականացնել նրանց։ Հայերին թշնաբար տրամադրված ժողովուրդ ներկայացնելը կվնասեր նաև Մորիկի այս եկեղեցական նախաձեռնությանը։

    4) «Ստրատեգիկոնի» հավանական հակառակորդների ցանկից հայերին դուրս թողնելը կարող է ծառայելորպես ևս մեկ ապացույց առ այն, որ այդ ռազմական ձեռնարկը կազմվել է Մորիկի գահակալման օրոք՝ 582-602 թթ.։ Եթե այդ ձեռնարկի թվագրման հարցը (որը հետազոտողներին շատ է հուզել) քննենք միայն տվյալ բացթողման տեսանկյունից, ապա առավել հավանական է կարծել, որ «Ստրատեգիկոնը» կազմվել է Մորիկի գահակալման վերջին տասնամյակում, այսինքն՝ այն բանից հետո, երբ պարսից Խոսրով Բ Մորիկին զիջեց Արևելյան Հայաստանի մի մասը՝ Բյուզանդական կայսրությունը դարձնելով Հայաստանի մեծ մասի տիրակալ, իսկ հայերի մեծամասնությանը՝ կայսրության հպատակներ։ Դրանից հետո հայերին բացահայտորեն ներկայացնել իբրև անբարյացակամ ժողովրդի՝ գործնականում անհնարին պետք է լիներ։

    Այսպիսով, բյուզանդական կայսերական նախապաշարմունքները հայերի դեմ՝ քաղաքական և ռազմական նպատակահարմարության հիման վրա գրաքննության ենթարկվելով և մտածված կերպով թաքցվելով, այդուամենայնիվ ամբողջովին ուժի մեջ էին մնում և ծառայում կայսրության ծավալապաշտական և գաղութատիրական քաղաքականությանը Հայաստանի նկատմամբ։ Սակայն, ինչպես վերը ցույց տրվեց, դա բոլորովին չխանգարեց ազգային անկախության վերականգնմանը կամ, նվազագույնը, տեղական ինքնավարության պահպանմանը ձգտող հայերին ճիշտ գնահատել Մորիկի իսկական դիտավորությունը՝ Հայաստանի ռազմական ներուժի ոչնչացումը։ Համապատասխանաբար, իրենք՝ հայերը, Մորիկին ընկալում և բնութագրում էին որպես թշնամի միապետի, իսկ նրա կայսրությունը՝ սկզբունքորեն որպես գաղութատիրական։

    Արմեն Այվազյան

    Քաղաքական գիտությունների դոկտոր

    «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ»,

    թիվ 34, 35 (197, 198), 30 սեպտեմբերի, 7 հոկտեմբերի, 2011 թ.

    Advertisements

    Թողնել պատասխան

    Fill in your details below or click an icon to log in:

    WordPress.com Logo

    You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

    Twitter picture

    You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

    Facebook photo

    You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

    Google+ photo

    You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

    Connecting to %s


    %d bloggers like this: