Սարդարապատ. Առանց Պարտության Իրավունքի

by

Մենք՝ հայերս, գորովանքով ենք վերաբերվում հիշարժան տարեթվերին, հատկապես եթե դրանք առնչվում են փառապանծ ճակատամարտերին՝ Ավարայր, Սարդարապատ, Շուշի… Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը, որը զբաղվում է հայոց ռազմական արվեստի պատմությանն ու Հայաստանի աշխարհաքաղաքական իրողություններին առնչվող ռազմավարական ու հոգեբանական խնդիրների ուսումնասիրությամբ, համոզված է. Սարդարապատի շնորհիվ ի դերեւ ելան այն թյուր պատկերացումները, որ փորձում էին մեզ ներարկել մեր հակառակորդները, թե իբր համաշխարհային պատմության եւ քաղաքականության մեջ մենք անզոր ու անօգնական ենք։ Սարդարապատը, վերջին շրջանում նաեւ Ղարաբաղյան ազատամարտը, ցույց տվեցին, որ հենց մենք ենք մեր պատմության կերտողը։

__ Որքանո՞վ ենք հաշվի առնում այսօր մեր պատմության դասերը։

__Այդ դասերը դեռ լիովին չեն վերլուծվել ու յուրացվել ոչ մեր պատմական մտքի, ոչ, առավել եւս, մեր քաղաքական էլիտայի կողմից, որն, ի դեպ, ծանոթ չէ անգամ գոյություն ունեցող պատմական գրականությանը։ Մինչդեռ ռազմավարությունը կիրառական դիսցիպլին է, որը կապում է անցյալը, ներկան ու ապագան։ Ժամանակային այս երեք տարածքների փոխադարձ կապի ընկալումը կարող է դառնալ այն տիրույթը, որտեղ ռազմավարությունը սկսում է ներգործել իրականության վրա։
__Ասվածի համատեքստում, մեր ռազմական պատմության մեջ ինչպե՞ս են սովորաբար փոխներգործում ռազմավարությունն ու մարտավարությունը։
__Մեր ռազմավարական միտքը թույլ է հենց այն պատճառով, որ հաճախ ռազմավարական միտքը նենգափոխվում է մարտավարականով։ Ընդ որում, վերջինս ռազմավարական միտքը փոխարինում է բավական տեւական ժամանակով, այնուհետեւ այլ մարտավարական միտք է ծագում ու փոխարինում ռազմավարականին։ Իսկ ռազմավարությունն այդպես էլ չի հաջողվում զարգացնել։ Այստեղ տեղին է խոսել նաեւ մեր ռազմավարական «դիմադրության կուլտուրայի» մասին։ 20-րդ դարում այն բավական հակասական էր։ Մենք հասանք մինչեւ Սարդարապատի ճակատամարտ՝ մի կողմից ձեռք բերելով 19-րդ դարի վերջին ֆիդայական ազգային-ազատագրական շարժմամբ ամրապնդված ռազմական պատմության զորեղ ավանդույթներ, իսկ մյուս կողմից չհաղթահարելով թույլ զարգացած քաղաքական ու ռազմավարական միտքը։
__Հայաստանում միշտ կարեւորվել են զինված ուժերը…
__Հին եւ միջնադարյան հայոց պետության ռազմական ավանդույթներն ու բանակը այնքան ուժեղ էին ու խորը արմատներ էին ձգել, որ վերապրեցին պետականության կորուստը եւ նույնիսկ առավել մռայլ ժամանակներում պահպանվեցին Հայաստանի՝ միմյանցից կտրված որոշ շրջաններում։ Այդ ուժերի գոյությունն ինքնին, երբ Հայաստանը գտնվում էր իսլամական երկու գերտերությունների՝ Իրանի ու Թուրքիայի լծի տակ, արդեն պատմական հրաշք է։
__Իսկ որտե՞ղ էին դրանք պահպանվել։
__Արեւելյան Հայաստանում՝ հիմնականում Արցախում եւ Սյունիքում, իսկ Արեւմտյան Հայաստանում՝ Սասունում, Վասպուրականում, Զեյթունում եւ որոշ այլ շրջաններում։ Թեեւ երբեմն փորձեր են արվել միավորելու հայկական պետության այս մնացորդները, բայց դրանք հաջողությամբ չեն պսակվել։ Պատճառները հիմնականում օբյեկտիվ են. այդ ուժերը չունեին այն հզորությունը, ինչպիսին ունեին Թուրքիան ու Իրանը։ Նրանց տրված չէր ինքնակազմավորվելու Հայաստանի ազատագրման առավել հզոր բանակի։ Միայն մեկ անգամ՝ 1720-ականներին, Արեւելյան Հայաստանում հաջողվեց կազմավորել զինված ուժեր։ Այդ տարիներին շատ կարճ ժամանակաընթացքում Սյունիքում, Արցախում, Երեւանում վերստեղծվեց հայկական բանակը։ Բայց դարձյալ ուժերի հարաբերակցությունը թույլ չտվեց հայկական զորքերին միավորվելու եւ վերահսկողություն հաստատելու ողջ Արեւելյան Հայաստանի վրա։
__Ազատագրական բոլոր ճակատամարտերը կենաց-մահու պայքար են, այլ կերպ չէր էլ կարող լինել…
__Երբ խոսում ենք Սարդարապատի մասին, պետք է նկատի ունենալ նաեւ եւ Բաշ Ապարանի, եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերը։ Բայց, իհարկե, Սարդարապատը կենտրոնական մարտն էր՝ Երեւանի համար մարտը։ Այս ճակատամարտում վճռվում էր Հայաստանի լինել-չլինելու հարցը։ Եվ ես կուզենայի ընդգծել հենց սա։ Որովհետեւ ի՞նչ էր իրենից ներկայացնում Սարդարապատի ճակատամարտը։ Մի կողմից՝ ռազմական արիություն, հերոսություն, զորավարական տաղանդ, մարտական ոգի, մարտավարական հաղթանակ, իսկ մյուս կողմից՝ սա ճակատամարտ էր Հայաստանի ու հայ ժողովրդի գոյության համար։ Այսինքն՝ այս ճակատամարտում ռիսկը մեզ համար անթույլատրելիորեն բարձր էր։ Բայց չէ՞ որ նույն ուժերով կարելի էր կազմակերպել եւ Հայաստանի սրտից՝ Երեւանից հեռու գտնվող բնակավայրերի պաշտպանությունը, ընդ որում՝ առավել բարենպաստ բնական ու աշխարհագրական դիրք ունեցող վայրերում։ Ուզում եմ ասել, որ եթե Հայաստանը տանուլ տար Սարդարապատի ճակատամարտը, այսօր չէր լինի Երեւանը, չէր լինի եւ ընդհանրապես Հայաստանը։ Սակայն միշտ պետք է ձգտել կանխել «կենաց-մահու» նման ճակատամարտերը։ Նման ճակատամարտերը պետք է կազմակերպել ոչ թե մայրաքաղաքի մատույցներում, այլ կռվի սկզբնական փուլերում։ Ղարաբաղում էլ նույնը կատարվեց։ Եթե Հայաստանը Ղարաբաղը կորցներ, ապա այսօր ինքն էլ գոյություն չէր ունենա։ Այս ամենը ժառանգել ենք 1915-1920-ական թվականներից։ Այսուհետ Հայաստանը անգամ մեկ խոշոր պարտություն կրելու իրավունք չունի։ Մենք կարող ենք շահել բազում ճակատամարտեր, բայց մեն-միակ պարտությունը կարող է դառնալ մեր պատմության ավարտը։ 1918թ. հայ զինվորներից շատերն Արեւմտյան Հայաստանը՝ Կարինը (Էրզրումը։, Մուշը, Սասունը որպես հայրենիք չէին ընկալում։ Տեղայնացված աշխարհայացքը իր արդյունքը տվեց 1918թ. , երբ գրեթե առանց կռվի հանձնվեցին եւ Էրզրումը, եւ Արեւմտյան Հայաստանի այլ բնակավայրերը։ Եվ ստիպված եղանք թշնամուն դիմագրավել արդեն Երեւանի մատույցներում։
… Պատերազմը չափազանց բարդ, բազմաշերտ երեւույթ է, ամեն մի պարտության մեջ կա հաղթանակ եւ հակառակը։ Ամեն դեպքում, պետք է վերլուծել սեփական սխալները, սովորել սառնասրտորեն, հանգիստ վերաբերվել դրանց։ Այսօրվա հետ համեմատություն անելով՝ նման արհեստական բաժանումը «հայաստանցիների» եւ «ղարաբաղցիների»,- եթե կանխապես համապատասխան միջոցներ չձեռնարկվեն,- կարող է հանգեցնել նույնպիսի ողբալի արդյունքի։ Եվ այդ միջոցները պետք է լինեն ինչպես տեղեկատվական բնույթի, այնպես էլ հոգեբանական, նաեւ ուժային միջամտություն ներառող ամենակտրուկ իրավական բնույթի։ Այսօր մեր ողջ ներուժը պետք է գործադրել՝ ուժեղացնելու համար մեր պետությունն ու բարձրացնելու ազգային ինքնագիտակցությունը։
__Հոգեբանական մակարդակով, ի՞նչ տվեցին հայերիս Սարդարապատի, Ավարայրի ճակատամարտերը, ինչպես նաեւ Ղարաբաղյան ազատագրական շարժումը։
__Հոգեբանական ասպեկտը պակաս կարեւոր նշանակություն չունի, քան զուտ ռազմականը։ Բոլոր ազատագրական պայքարները, ճակատամարտերը, շարժումները հայոց ապագա պետության ստեղծման հիմքը գցեցին։ Դրանք ստեղծեցին անկախության գաղափարախոսության, ազատագրության գաղափարախոսության հիմքը, ինչ-որ չափով՝ ժողովրդավարության գաղափարախոսությունը, քանի որ ժողովրդավարությունը ենթադրում է ազգի համախմբում, հիմնական հարցերում ազգի համերաշխություն։ Ազգի բոլոր մասերի ու մասնիկների միջեւ այս փոխհամագործակցությունը հիմք է ծառայում ժողովրդավարության զարգացման համար։
__Եվ այնուամենայնիվ, արտառոց, ծայրահեղ լարված, տենդային իրավիճակներում մենք առավելագույնս ենք դրսեւորվում։ Գուցե հենց դա է մեզ փրկում…
__Այդ տենդը ավելի շատ թերություն է, քան առավելություն։ Մենք պետք է սովորենք գործել մեր ռազմավարական իրականության բոլոր հիմնական կատեգորիաների համաձայն։ Հատկապես վտանգավոր է, երբ քաղաքական ընտրախավը ազգային անվտանգության հարցերում համապատասխան պատրաստվածություն չունի, ռազմավարական միտքը թույլ է զարգացած։
Պետք է նկատի առնել եւս մի փաստ. Հայաստանի համար կարող են ծագել այնպիսի իրավիճակներ, երբ կպարզվի, որ դաշնակիցներ չունենք։ Նման բան մեզ հետ արդեն եղել է, եւ մենք պետք է հասկանանք, որ կարող են լինել խիստ անբարենպաստ իրավիճակներ, երբ մեր հայտնի հակառակորդների հետ կհայտնվենք դեմ դիմաց։ Սարդարապատից ավելի վատ իրավիճակ դժվար է պատկերացնել, բարդագույն իրավիճակ էր նաեւ Ղարաբաղյան պատերազմում, հատկապես դրա սկզբում, երբ Ղարաբաղը լիովին շրջափակված էր, Հայաստանի հետ ցամաքային կապ չուներ եւ հենց Ղարաբաղի ներսում հակառակորդը ուժեղ դիմադրություն էր ցույց տալիս։
Եվ չնայած հակառակորդի ունեցած ակնհայտ առավելությանը, այնուամենայնիվ, մենք հաղթեցինք։ Նույնն էր եւ Սարդարապատում։ Մեր ուժերը, Էրզրումից սկսած, նահանջում էին, եւ հանկարծ գրեթե Երեւանի մոտ մեր բանակը գլխավոր ճակատամարտը տվեց եւ շահեց այն։ Իհարկե, մենք պետք է հպարտանանք եւ Սարդարապատով, եւ Ղարաբաղյան ազատամարտով եւ այն հարյուրավոր մարտերով, որոնք տվել է հայոց բանակը։
Դրանց մի մասը տանուլ է տվել, մի մասը՝ շահել եւ հաղթել, բայց յուրաքանչյուր մարտ մեր հպարտությունն է, մեր կոլեկտիվ հոգեբանության մասը եւ ազգի մտավոր, գաղափարախոսական ու հոգեբանական ռեսուրսների մոբիլիզացիայի աղբյուրը։
__Բնույթով մենք զինվորակա՞ն ազգ ենք։
__Այո, իհարկե։ Հազարավոր ճակատամարտեր ենք մղել վերջին հինգ հազար տարում։ Անհնար է, որ այդ մարտերը, թափած արյունը հայի մեջ ռազմիկի ոգի չդաստիարակեին։

Հարցազրույցը՝ ԿԱՐԻ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ

«Եթեր» N21, 22.05.2008

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: