Ցեղասպանության ճանաչու՞մ, թե հայկական հարցի արծարծում – Մամլո ասուլիս

by

Սույն թվականի ապրիլի 23-ին «Հայացք» ակումբում տեղի ունեցավ քաղաքական գիտությունների դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի մամլո ասուլիսը` «Ցեղասպանության ճանաչու՞մ, թե հայկական հարցի արծարծում. վերադիրքորոշման հնարավորությունները ՀՀ արտաքին քաղաքականության մեջ»:

Քննարկման ընթացքում բանախոսն արծարցեց խնդրին առնչվող հետևյալ հարցերը.

1. Ցեղասպանության ճանաչումը` ռազմավարական անվտանգության խնդիր. 1998թ. ի վեր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հռչակվել է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգային խնդիր: Սակայն մինչև հիմա թե՛ ՀՀ պետական և թե՛ սփյուռքահայ կառույցները ցեղասպանության ճանաչումը դիտում են որպես բարոյական գնահատականի հարց և անջատ` Հայաստանի ռազմավարական անվտանգության խնդիրներից: Այնինչ, ցեղասպանության քաղաքականության ուղղակի շարունակությունն են և՛ Ղարաբաղյան հակամարտությունը, և՛ ադրբեջանաթուրքական տեղեկատվական-հոգեբանական պատերազմը, և՛ թուրքական աջակցությամբ ադրբեջանական նոր ագրեսիայի բացահայտ ծրագրումը, և՛ Հայստանի ժողովրդագրական ներկա ճգնաժամը, և՛ Ջավախքի հայության անապահով վիճակը: Հետևաբար` ցեղասպանության հարցն, նախ և առաջ, Հայաստանի ռազմավարական անվտանգության խնդիր է:

2. Ցեղասպանության նպատակը և դրա հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Հայաստանի համար. Չպետք է մոռանալ, որ Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանության բուն նպատակն էր հողային հարցի լուծումը` հայերին իրենց պատմական հայրենիքում բնաջնջելը և Հայաստանի տարածքն այնպիսի նվազագույնի հասցնելը, որ այլևս անկարելի լինի կենսունակ հայկական պետականության հնարավոր ապագա ստեղծումն ու գոյությունը պատմական Հայաստանի որևէ հատվածում: Այսպիսով, ցեղասպանությունն ստեղծել է հայ ժողովրդի անվտանգ գոյության համար ծայրագույն տարածքային խնդիր: Հայաստանը չի կարող երկարատև և անվտանգ գոյատևել ներկայումս միջազգայնորեն ճանաչված 29.800 կմ2 տարածքի վրա (այն է` Խորհրդային Հայաստանի տարածքում)` առանց Արցախի և ազատագրված տարածքի: Արցախյան հիմնահարցը ցեղասպանության ուղղակի հետևանք է, Հայաստանի անվտանգության և հողային խնդիր: Այսօր հայոց զինուժի վերահսկած 40.000 – 42.000 կմ2 –ն այն նվազագույն տարածքն է, որն ապահովում է արդի Հայաստանի (ՀՀ և ԼՂՀ) անվտանգ գոյության անհրաժեշտ երաշխիքները:

3. ՀՀ արտաքին քաղաքականության հրամայականը. Անհրաժեշտ է ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից վերադիրքորոշվել Հայկական հարցի ճանաչման և արծարծման վրա, քանի որ ցեղասպանության խնդրի հիմքում ընկած է Հայկական հարցը: Իսկ Հայկական հարցի լուծումը ոչ թե ցեղասպանության միջազգային ճանաչումն է, այլ հողային հարցի լուծումը` հայոց լիարժեք և կենսունակ պետականության վերականգնումը պատմական Հայաստանի առնվազն այնպիսի ընդարձակ տարածքում, որտեղ հայոց քաղաքակրթության երկարատև և անվտանգ գոյությունը երաշխավորված կլինի:

4. Թուրքական ներկայիս քաղաքականությունն ընդդեմ ցեղասպանության միջազգային ճանաչման: Հողային պահանջները` քաղաքական դիվիդենտներ շահելու միջոց. Հայաստանի Հանրապետությունը պետք է ցեղասպանության հարցը կապի ներկա աշխարհաքաղաքական իրողությունների և Հայաստանի անվտանգության արդի մարտահրավերների հետ: Ցեղասպանությունը երբեք չպետք է դիտվի որպես անցյալի խնդիր: Ի տարբերություն մեզ` Թուրքիան ցեղասպանության ժխտումը կատարում է, կապելով այն ներկայի խնդիր և արդյունքում Հայաստանի հետ խոսում նախապայմանների, շրջափակման, ճնշումների կիրառման, հոգեբանական-տեղեկատվական պատերազմի և Արցախի հարցում Ադրբեջանին բացահայտ աջակցելու քաղաքականության լեզվով:

Ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելը հնացած և անարդյունավետ մոտեցում է. այն ոչ մի քաղաքական շահ չի բերում Հայաստանի անվտանգության արդի խնդիրների լուծմանը: Չնայած ցեղասպանության արդեն մոտ երկու տասնյակի հասնող միջազգային ճանաչումներին` 1990-ական թվականների սկզբից մինչ օրս միջազգային հանրությունը չի ճանաչում և հետևողականորեն անտեսում է Հայաստանի անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերները, մասամբ` որովհետև ՀՀ արտաքին քաղաքականությունը չի փորձել այս խնդրին ուշադրություն դարձնել:

Մինչդեռ, որդեգրելով Հայկական հարցի արծարծման քաղաքականությունը` ՀՀ-ը լծակ է ստանում մեղմելու Թուրքիայի ճնշումները Հայաստանի վրա, հատկապես` Արցախի հարցում: Անթույլատրելի է հրաժարվել Թուրքիայի նկատմամբ հողային պահանջներից` առանց որևէ ռազմավարական շահի: Բազմաթիվ պետություններ միմյանց միջև տարածքային վեճեր ու հողային խնդիրներ ունեն, որոնք ձգվում են տասնամյակներով: Բերենք մի քանի օրինակ` Թուրքիա-Սիրիա, Թուրքիա-Հունաստան, Թուրքիա-Կիպրոս, շուտով հնարավոր է նաեւ՝ Թուրքիա-Իրաք, Իսրայել-Սիրիա, Իսրայել-Լիբանան, Իսրայել-պաղեստինցիներ, Սիրիա-Հորդանան (հիմնականում լուծվել է 2004 թ. պայմանագրով), Սիրիա-Լիբանան, Իրան-Արաբական Միացյալ Էմիրություններ, Հնդկաստան-Պակիստան, Հնդկաստան-Չինաստան, Հնդկաստան-Նեպալ, Հնդկաստան-Բանգլադեշ, Ինդոնեզիա-Ավստրալիա, Ռուսաստան-Ճապոնիա, Ռուսաստան-Էստոնիա, Ռուսաստան-Լատվիա, Ռուսաստան-Նորվեգիա, Ռուսաստան-Չինաստան (այս դարավոր վեճը հիմնականում լուծում ստացավ 2005 թ. կնքված պայմանագրով), Չինաստան-Մոնղոլիա, Կանադա-Դանիա, Ֆրանսիա-Մադագասկար, Ֆրանսիա-Վանուատու, Ֆրանսիա-Կոմորյան Կղզիների Հանրապետություն, Ֆրանսիա-Մավրիտանիա, Իսպանիա-Մարոկկո, Չինաստան-Թայվան-Վիետնամ-Ֆիլիպիններ-Մալայզիա (Սփրաթլի կղզիների պատկանելության վերաբերյալ), Չինաստան-Թայվան-Ճապոնիա, Չինաստան-Հյուսիսային Կորեա, Ճապոնիա-Հարավային Կորեա, Արգենտինա-Մեծ Բրիտանիա, Մեծ Բրիտանիա-Իսպանիա, Սոմալի-Եթովպիա, Եթովպիա-Էրիտրեա, Մարոկկո-Արեւմտյան Սահարա, նախկին Հարավսլավիայից անջատված պետություններ եւ այլն։ Այս վեճերն ընդգրկում են մեծ եւ փոքր, հզոր եւ թույլ պետություններ, բայց նրանցից որեւէ մեկի մտքովն անգամ չի անցնում հեշտությամբ, «հենց այնպես» հրաժարվել իրենց հողային իրավունքներից ու պահանջներից (ինչպես, ցավոք, փորձում է անել Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը), որովհետեւ բոլորն էլ հասկանում են տարածքի ռազմավարական անգերազանցելի նշանակությունը։ Հաճախ այս պետությունների միջեւ զուգահեռաբար զարգանում են տնտեսական, քաղաքական ու մշակութային աշխույժ հարաբերություններ։ Օրինակ, նույն Սիրիան Թուրքիայի հետ բավականին զարգացած հարաբերություններ ունի, բայց վճռականորեն շարունակում է իր տարածքի մաս համարել 1939 թ. Թուրքիայի կողմից անեքսիայի ենթարկված Ալեքսանդրետի (Իսկենդերուն) սանջաքը։
Հայկական հարցի մի բաղադրամասը լուծված է՝ վերականգնված է Հայկական պետությունը, մնում է ամրագրել և պաշտպանել նրա գոյության տարածքային երաշխիքները։

24 ապրիլ 2008թ.
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոն


ՄԱՄՈՒԼԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

«Հայոց Աշխարհ», 24 ապրիլի 2008 թ.

ՇԵՂՈՒՄ ԵՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Էդ.Նալբանդյանին ուղղված Թուրքիայի արտգործնախարարի՝ Ա. Բաբաջանի շնորհավորական ուղերձում ոմանք դրական շեշտադրումներ նկատեցին: Մինչդեռ, քաղաքագետ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ կարծիքով, դա հերթական խաբկանք է. «Ամեն տարի ապրիլի 24-ից առաջ Թուրքիայի պետական պաշտոնյաները մի քանի նմանատիպ դրական արտահայտություններ են անում: Իբր, ուր որ է, Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու են:

Դա արվում է մեկ նպատակով՝ շեղելու միջազգային հանրության ուշադրությունը: Ասելով, թե մենք արդեն խոսում ենք Հայաստանի հետ եւ խնդրում ենք մեզ վրա ճնշումներ մի բանեցրեք»:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԱՐԾԱՐԾՈՒՄ

«Ցեղասպանության ճանաչո՞ւմ, թե՞ Հայկական հարցի արծարծում. վերադիրքորոշման հնարավորությունները Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ»: Երեկ հյուրընկալվելով «Հայացք» ակումբում՝ այս թեմայի շուրջ խոսեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ:

Ըստ քաղաքագետի, 1998-ից ի վեր մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգային խնդիր հռչակված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մինչ օրս թե՛ Հայաստանը, թե՛ Սփյուռքի կազմակերպությունները հասկացել են շատ նեղ իմաստով՝ որպես բարոյական գնահատականի հարց: Փաստորեն այս հարցում ՀՀ-ն որդեգրեց սփյուռքահայ կազմակերպությունների քաղաքականությունը, որը մշակվել ու կիրառվել էր նախքան Խորհրդային Միության փլուզումը: Եւ իներցիայի ուժով, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական իրավիճակի ոչ համարժեք գնահատման պատճառով այդ նույն քաղաքականությունը անքննադատաբար շարունակվում է մինչ օրս:

Ա.Այվազյանի համոզմամբ. «Նոր պայմաններում այս քաղաքականության կիրառումը հնացած է, տանում է փակուղի: Ցեղասպանության ճանաչումը դիտվում է Հայաստանի ռազմավարական անվտանգության բոլոր խնդիրներից անջատ, այնինչ ցեղասպանության քաղաքականության ուղղակի շարունակությունն են ե՛ւ Ղարաբաղյան հակամարտությունը, ե՛ւ թուրքական շրջափակումն ու դիվանագիտական հարաբերություններից հրաժարվելը, ե՛ւ ադրբեջանա-թուրքական տեղեկատվական-հոգեբանական պատերազմը, ե՛ւ թուրքական աջակցությամբ ադրբեջանական նոր ագրեսիայի բացահայտ ծրագրումը, ե՛ւ Հայաստանի ժողովրդագրական ներկա ճգնաժամը, ե՛ւ Ջավախքի հայության անապահով վիճակը»:

Ըստ բանախոսի, արդյունքում այժմ ունենք մոտ երկու տասնյակ երկրների կողմից պետական տարբեր ատյանների մակարդակով միջազգային ճանաչումներ, որոնք, սակայն, որեւէ ուղղակի նպաստ չեն բերում Հայաստանի արդի անվտանգության սուր խնդիրներին. «Որեւէ կերպ չեն անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների արդի վիճակին, չեն դնում մարդկության առջեւ այդ մեծագույն ոճրագործության համար պատասխանատվության եւ փոխհատուցման խնդիրներ: Այդ բոլոր ճանաչումները մնում են բարոյական մակարդակի վրա:

Մինչդեռ Ցեղասպանությունը ստեղծել է հայ ժողովրդի անվտանգ գոյատեւման համար ծանրագույն տարածքային խնդիր, որը 1990-ականների սկզբից մինչ օրս հետեւողականորեն անտեսվում է միջազգային հանրության կողմից»: Եւ դարձյալ համոզմունք հայտնեց, որ ,այս քաղաքականության շարունակությունից Հայաստանն ու Սփյուռքը լուրջ դիվիդենտներ չեն շահում»:

Քաղաքագետի կարծիքով, ժամանակն է Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից վերադիրքավորվելու Հայկական հարցի ճանաչման եւ արծարծման վրա: Իսկ ո՞րն է Հայկական հարցը: Ինչպես անցյալում, այնպես էլ այժմ Հայկական հարցի էությունը նույնն է՝ հայ ժողովրդի իր հայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում, անկախ եւ ազատ ապրելու քաղաքական ու տարածքային պայմանների ստեղծում: «Հայկական հարցի լուծումը կարող է լինել միայն մեկը՝ Հայոց լիարժեք պետականության վերականգնում պատմական Հայաստանի առնվազն այնպիսի ընդարձակ հողատարածքում, որտեղ հայոց քաղաքականության երկարատեւ անվտանգ գոյությունը երաշխավորված կլինի: Այլ կերպ ասած՝ Հայկական հարցը հայ ժողովրդի անվտանգության հարցն է»,- նշեց նա:

Եւ մանրամասնեց, որ հարցի լուծումը պահանջում է երկու նախադրյալի ապահովում.
առաջին՝ հայկական լիարժեք եւ ամուր պետականության ստեղծում:
Երկրորդ՝ այդ պետականության անվտանգությունն ու կենսունակությունը ամրագրող տարածքային երաշխիքներ: Ընդ որում՝ մի նախադրյալի ապահովումը առանց մյուսի անիրագործելի է:

Այսպիսով՝ «Հայկական հարցի լուծումն ամենեւին էլ հայերի ցեղասպանության ճանաչումը չէ, ինչպես թյուրիմացաբար կարծում են շատերը: Հայկական հարցը ամենից առաջ հողային հարց է»:

Իսկ թե ինչու ենք հրաժարվում հողային պահանջներ ներկայացնելուց, այս մոտեցումը քաղաքագետի համար անհասկանալի է: Այն դեպքում, երբ այսօր էլ կան միմյանց միջեւ տարածքային սուր վեճեր ու հողային խնդիրներ ունեցող բազմաթիվ պետություններ, որոնց խնդիրները ձգվում են տասնամյակներով: Եւ թվարկեց մի քանի հանրածանոթ դեպքեր. Թուրքիա-Սիրիա, Թուրքիա-Հունաստան, Թուրքիա-Կիպրոս, Իսրայել-Սիրիա, Իսրայել-Լիբանան, Սիրիա-Լիբանան, Հնդկաստան-Պակիստան, Ռուսաստան-Ճապոնիա եւ այլն:

«Ինչպես տեսնում ենք, այս վեճերն ընդգրկում են մեծ եւ փոքր, հզոր եւ թույլ պետություններ, բայց նրանցից որեւէ մեկի մտքով անգամ չի անցնում հեշտությամբ, ,հենց այնպես» հրաժարվել իրենց հողային իրավունքներից ու պահանջներից: Ինչպես, ցավոք, փորձում է անել Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը»,- նկատեց Ա.Այվազյանը:

Բանախոսին զարմացնում է եւ այն, որ հայկական կողմն իր նախապայմանները չի առաջադրում. «Թուրքիան մեր նկատմամբ առաջ է քաշել նախապայմաններ: Մենք ասում ենք, որ մենք ինքներս ոչ մի նախապայման չունենք Թուրքիայի նկատմամբ: Որքանո՞վ է այս քաղաքականությունը արդյունավետ: Վերջին 17 տարին ցույց է տալիս, որ այս քաղաքականությունը լիովին սնանկ է: Այնինչ մենք ինքներս էլ պետք է ունենանք բազմաթիվ նախապայմաններ, որոնց մասին նույնպես պետք է խոսվի»:

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

———————–

«Ազգ» օրաթերթ, 24 ապրիլի 2008թ.

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՈՉ ԹԵ ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԱՅԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է»

———————-

«Հայոց Աշխարհ», 24 ապրիլի 2008թ.

ԴՈՒՐՍՊՐԾՈՒԿ ՍՈԿՈՐՆԵՐԸ

Օրերս ադրբեջանական «Day. Az»-ին տված հարցազրույցում ամերիկյան քաղաքագետ Վլադիմիր Սոկորը հայտարարել էր, թե «այսօր ԵԱՀԿ անդամ պետությունների շարքում Հայաստանը միակ պետությունն է, որը տարածքային պահանջներ է առաջ քաշում»:
«Հայոց Աշխարհ»-ի խնդրանքով երեկ անդրադառնալով Վ.Սոկորի հայտարարությանը՝ քաղաքագետ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ նշեց.

«Նախ՝ իրավական տեսանկյունից հայկական կողմը երբեք առաջ չի քաշել տարածքային պահանջներ: Թեպետ, իմ կարծիքով, լիովին իրավասու է եւ ունի բազմաթիվ անհերքելի պատմաիրավական հիմքեր նման պահանջներ առաջադրելու համար:

Այն, որ բացի ԼՂ-ի տարածքից հայկական զինուժը ազատագրել եւ վերահսկում է մի շարք այլ շրջաններ, տեղի է ունեցել ադրբեջանական ագրեսիայի պայմաններում: Այդ ագրեսիայի պատճառով այդ տարածքները հանձնելու որեւէ հիմքեր գոյություն չունեն, քանի որ խոշոր հայաբնակ շրջաններ էլ մնացել են ադրբեջանական վերահսկողության տակ, այդ թվում՝ Նախիջեւանը եւ ամբողջ Դաշտային Ղարաբաղը:

Ադրբեջանական ագրեսիան կասեցնելու միակ հնարավոր միջոցը հենց այդ տարածքները ազատագրելն էր: Այս հարցը լուծեց նաեւ ՀՀ-ի եւ ԼՂ-ի ռազմական անվտանգության խնդիրը: Եւ դրա շնորհիվ է, որ 14 տարի շարունակ չկա պատերազմ: Եթե վաղը Ադրբեջանը սանձազերծի նոր ագրեսիա, դարձյալ նրան զսպելու միակ հնարավոր միջոցը, անկախ նույնիսկ մեր ցանկությունից, լինելու է հայկական զինուժի վերահսկողության տակ գտնվող տարածքի զգալի ընդլայնումը:

Պետք է հանգիստ վերաբերվել նման հայտարարություններին: Թեեւ ամեն մի դուրսպրծուկ «քաղաքագետ» չպետք է իրեն թույլ տա ադրբեջանա¬թուրքական պատվեր կատարել: Պարզապես պետք է հիշել յուրաքանչյուր նման ելույթների հեղինակներին, քանզի հնարավոր է սոկորները ապագայում հայտնվեն նաեւ Հայաստանում եւ նրանց հետ հանդիպումների ժամանակ տեղյակ լինենք՝ ով ով է»:

Սեփ. լրտվ.

2008

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: