Սերգէյ Վարդանեան
ՁԱՅՆ ՀԱՄՇէՆԱԿԱՆ թերթի գլխաւոր խմբագիր
Դարեր շարունակ հայ ժողովրդի պատմութիւնն ուղեկցուել է օտար լծի դէմ պայքարով, ջարդերով եւ բռնի կրօնափոխութիւններով: Մի առանձին հետաքրքրութիւն է ներկայացնում համշէնահայերի մահմեդականացուած հատուածը, որին դեռեւս ԺԹ դարում անդրադարձել են հայ եւ օտար մի շարք գիտնականներ` Հ. Ղուկաս վրդ. Ինճիճեանը1, Հ. Մինաս վրդ. Բժշկեանը2, գերմանացի գիտնական Կարլ Կոխը3, Սարգիս Հայկունին4, Պ. Թումայեանցը5 եւ այլք: Այս թուարկումը, թերեւս, պէտք էր սկսել Վենետիկի Մխիթարեան միաբանութեան անդամ Հ. Պօղոս վրդ. Մեհերեանով, որը Համշէնի Խէվակ գիւղում է եղել դեռեւս 1776 թ. եւ իր ՙՊատմութիւն վարուց…՚6 յուշագրութեան մէջ խիստ կարեւոր տեղեկութիւններ է հաղորդում: Թէեւ յուշագրութիւնը հայագիտութեան համար ունի բացառիկ արժէք, բայց ցայսօր մնացել է անտիպ:
Հ. Պօղոս վրդ. Մեհերեանը ծնուել է Մշոյ Առինճ գիւղում 1729 թ., քահանայացել է 1767-ին7: Մխիթարեանների մատենադարանի համար տարբեր վայրերում ձեռք է բերել արժէքաւոր ձեռագրեր8: Օրինակ` նա 1775 թ. Կարինում, մի շրջիկ մանրավաճառ (փերեզակ) տիրացուի յանձնարարել է գաւառներում իր համար ձեռագրեր գնել: Տիրացուն, Համշէնում իջեւանելով 60 տարի առաջ բռնի մահմեդականութիւն ընդունած մի հայի տանը, տեղեկացել է, որ տանտէրը ամէն Շաբաթ երեկոյ ի պատիւ նախնիներից ժառանգած Աւետարանի (իրականում` Մաշտոցի) կանթեղ է վառում: Տիրացուն բազում թախանձանքներով գնել է այդ մեծադիր մատեանը, որն էլ Հ. Պօղոսը ուղարկել է Վենետիկ: Թ-Ժ դդ. թուագրուող այս ձեռագիրը ցայսօր յայտնի ամենահին Մաշտոցն է9:
Հ. Պ. Մեհերեանը եղել է Եւրոպայի (Հունգարիա, Գերմանիա, Հոլանդիա, Իտալիա եւ այլն) եւ Արեւելքի (Թուրքիա, Եգիպտոս, Սիրիա եւ այլն) մի շարք երկրներում, մինչեւ իսկ հասել է Հնդկաստան եւ այդ ամէնի մասին կենդանի ոճով պատմել է 1811 թ. 82 տարեկանում գրած իր, յիրաւի, բացառիկ արժէքաւոր յուշագրութեան մէջ: Նա մահացել է Վենետիկի Ս. Ղազար կղզում 1814 թ. փետրուարի 26-ին10 85 տարեկան հասակում:
Հ. Պօղոս վրդ. Մեհերեանի ձեռագիր յուշագրութիւնն առաջինն արժեւորել է Հ. Բարսեղ վրդ. Սարգիսեանը, որն իր ՙՈւսումնասիրութիւն մանիքէա-պաւղիկեան թոնրակեցիներու աղանդին եւ Գր. Նարեկացւոյ թուղթը՚ (1893 թ.) գրքում նշել է, որ Պ. Մեհերեանը ՙԽէվակ գիւղին մէջ 200 թուրքացած հայ ընտանիքներ կը յիշէ՚ եւ տողատակում գրել է. ՙԱյս անտիպ գրութիւնս, որ այժմ կը գտնուի մեր Ձեռագրատան մէջ, շատ եւ շատ հետաքրքրական եւ կարեւոր նիւթեր կը պարունակէ ժամանակակից պատմութեան եւ Հայոց յայնժամու կացութեան վրայ՚11:
Բ. Սարգիսեանի այս տողերի հրատարակումից մէկ դար անց էլ Մեհերեանի յուշագրութիւնը դեռ անտիպ էր, եւ երբ 1992 թ. հնարաւորութիւն ունեցայ կարճ ժամանակով լինել Վենետիկի Սբ. Ղազար կղզում, շտապեցի անձամբ ծանօթանալ Հ. Պօղոս վրդ. Մեհերեանի կեանքի պատմութիւնն ամփոփոխ ձեռագրի տարբեր էջերում սփռուած եւ մահմեդական հայերին վերաբերող հատուածներին: Հ. Պօղոս վրդ. Մեհերեանը պատմում է, որ 1776 թ. Խոտորջրում Կարմիրք եւ Մոխրակոյտ գիւղերի տիրացուներին քահանայ ձեռնադրելու առիթով իրենց մօտ են բերում տիրացու Սերոբէին, որը Համամաշէն գաւառի Խէվակ գիւղից էր: Խոտորջրի ծերագոյն քահանաները վկայում են, որ երբ խէվակցիները թուրքացան, մի հինգ-վեց տուն չկրօնափոխուեց, եւ նրանց հովւում էին Խոտորջրի քահանաները: Այս Սերոբէի հայրը, որը ծեր էր, հիւանդանալով կանչում է իր քրիստոնեայ համագիւղացիներին եւ ասում, որ իրենց գիւղից 200 տուն թուրքացել է, եւ եթէ իրենք քահանայ չունենան, ապա իրենց որդիները նոյնպէս կը կորչեն: Նա 2000 դահեկան է կտակում, որպէսզի իր 9-ամեայ որդուն` Սերոբէին ուղարկեն Խոտորջուր` մեծաւոր Տէր Յակոբի մօտ, որպէսզի կրթութիւն ստանայ, եւ երբ ժամանակը գայ` քահանայ ձեռնադրուի: Իր կտակն ասելուց յետոյ ծերունին մահանում է: Նրա կտակը կատարւում է, եւ 1776 թ. Սերոբէն կարմիրքցի եւ մոխրակոյտցի տիրացուների հետ քահանայ է ձեռնադրւում12:
Յուշագրութիւնից տեղեկանում ենք, որ քահանայ ձեռնադրուելուց յետոյ Տէր Սերոբէն եւ Հ. Պօղոս վրդ. Մեհերեանը գնում են Խէվակ գիւղ, ուր իսլամացած գիւղացիները աջից ու ձախից գալիս համբուրում են Մեհերեանի աջը: Իջեւանելով Սերոբէենց տանը` Հ. Պ. Մեհերեանն իր հետ եկած միւս քահանաների` Տէր Պետրոսի եւ Տէր Աւետիսի հետ տանը պատարագ է մատուցում, որը դիտելու համար հաւաքւում են նաեւ կրօնափոխ գիւղացիները: Տեղեկանալով, որ գիւղում կիսաւեր եկեղեցի կայ, Հ. Պ. Մեհերեանը գնում բացում է գոց դուռը եւ հինգ-վեց գիւղացիների հետ մաքրում ու նորոգում է եկեղեցին եւ այնուհետեւ քահանաների հետ պատարագ է մատուցում: Կրօնափոխ խէվակցիները լցւում են եկեղեցի, իսկ երբ հոգեւորականները շուրջառով եւ խաչով ելնում են եկեղեցուց եւ գնում քրիստոնեաների գերեզմանները օրհնելու, մահմեդական խէվակցիները աղաչում են, որ իրենց նախնիների գերեզմանները նոյնպէս օրհնեն, քանզի նրանք քրիստոնեայ էին: Ոմանք` մանաւանդ ծերերը, ողբում են իրենց կրօնափոխութիւնը եւ խոստովանութիւն խնդրում: Հ. Պօղոս Մեհերեանը Տէր Սերոբէին յանձնարարում է հոգալ գիւղի քրիստոնեաների հոգեւոր պահանջները, իսկ ինքը մեկնում է Արդուին: Արդուինի ճանապարհին` Ճորոխի ափին, նա բազմաթիւ ընտիր ձիթաստաններ եւ նռնենիների այգիներ է տեսնում: Երբ նա տեղացիներից ցանկանում է միրգ գնել, նրան ասում են, թէ մտիր այգին եւ որքան կամենում ես` միրգ հաւաքիր մեր նախնիների հոգու փրկութեան համար, քանզի նրանք քրիստոնեայ էին: Հ. Պօղոսը գրում է, որ թէեւ նրանք մահմեդական էին, բայց համբուրում էին իր աջը, տուն էին տանում, խնդրում Աւետարան կարդալ իրենց հիւանդների վրայ, քանի որ հաւատում էին Աւետարանին13:
Կարծում ենք, որ Հ. Պօղոս վրդ. Մեհերեանի ինքնակենսագրութեան այն հատուածները, որոնք վերաբերում են մահմեդական հայերին, խիստ կարեւոր տեղեկութիւններ են պարունակում Համշէնի Խէվակ գիւղի եւ Ճորոխի աւազանի հայութեան կրօնափոխութեան ժամանակի եւ կրօնափոխութեան աստիճանի մասին, ինչպէս նաեւ նախնեաց հաւատքը պահպանելու ճիգերի մասին: Այն փաստում է նաեւ, որ գոնէ Խէվակի պարագայում համշէնահայերի այդ գիւղը, լինելով դեռեւս 17-րդ դարի երկրորդ կէսից կաթոլիկացման ուղին բռնած եւ նկարագրուող ժամանակահատուածում արդէն կաթոլիկացած Խոտորջրի գիւղախմբի14 անմիջական հարեւանը եւ չունենալով Հայ Առաքելական եկեղեցու քահանայ, ինքն էլ է կաթոլիկ քահանաներին ապաւինել:
Պէտք է նշեմ, որ յիշեալ հատուածներից մէկը դեռեւս 1919-ին ՙԲազմավէպում՚ հակիրճ վերապատմել է Հ. Բ. Սարգիսեանը, բայց, ցաւօք, շեղուել է բնագրից` գրելով, որ Հ. Պօղոսը Աւետարանը գիւղացիներին մեկնել է ՙհագարացւոց լեզուով՚, այսինքն` արաբերէն, ինչը չի բխում բնագրից եւ խէվակցիների արաբախօս լինելու մասին անհիմն հետեւութեան տեղիք կարող է տալ15:
Զեկուցման վերջում ցանկանում եմ գիտաժողովի մասնակիցներին ներկայացնել որոշ հատուածներ Պ. Մեհերեանի յուշագրութիւնից, որին առաւել մանրամասն անդրադարձել եմ ՙՊատմա-բանասիրական հանդէսի՚ 2004 թ. N 3-ում:
* * *
ՙ…բերին Բ (2) տիրացու ի Կարմիրգ գեղջէ եւ տիրացու մի ի Մոխրակոյտ գեղջէն եւ զայլ ոմն տիրացու Սերոբէ ի Համամաշէն գաւառէն, ի Խէվակ գեղջէն: Կարմրցիք քահանայն եւ ժողովուրդք, եւ մոխրակուտցիք ի ժողովին վկայեցին վասն տիրացուաց իւրեանց, իսկ խէվակցի Սերոբէին ոչ գոյր ի գեղջէ իւրմէ վկայ եւ ոչ մի: Ուստի Խոտրջրոյ ծերագոյն քահանայք այսպէս վկայեցին, թէ մինչ խէվակցիք թուրքացան, էին անդր 5 եւ կամ 6 տունք ուղղափառք, զորս Խոտորջրոյ քահանայք հովուէին գնալով գալով. էր անդր ծեր ոմն, որ էր հայր այս տիրացու Սերոբէին, եւ ի հիւանդանալն ծերոյն կոչէ զուղղափառ եղբարս Խէվակու առ ինքն եւ ասէ ցնոսա. Սիրելի եղբարք իմ, գիտէք զի յաւուրս մեր թուրքացան գիւղականք մեր 200 տունք, եւ ուղղափառ սուրբ հաւատք ողորմութեամբ Աստուծոյ զմեզ պահեաց, եւ ահա քահանայ չունիմք, եւ յետ այսորիկ երկնչիմ, զի մի որդիք մեր եւ ձեր կորիցեն առանց քահանայի: Ասեն ցնա. Հայր, զի՞նչ արասցուք: Ասէ ցնոսա ծերն թէ` Ահա զորդին իմ զՍերոբէն իբր 9 ամաց է, տամ ձեզ եւ 2000 դահեկան, զի զՍերոբէս առաքեսջիք ի Խոտրջուր` առ տէր Յակոբ մեծաւոր նոցա, մնալ անդր եւ ընթեռնուլ, եւ ի հասանիլ ժամանակին բերջիք անտի եւ ձեռնադրել տացջիք, զի մի կորիցեն զաւակք մեր, որպէս կորեան գիւղականք մեր: Զայս կտակ արարեալ ծերունւոյն` վախճանի: Եւ նոքա զկտակ նորա կատարեալ են: Զայս ամենայն վկայեաց տէր Յովսէփ Խոտրջրոյ մեծաւոր, ճիճապաղցի ծեր տէր Մարգար, ի Սիւնեաց գեղջէն տէր Ալեքսան եւ տէր Կարապետն, ի Կաղմխուտայ տէր Պօղոսն, ի Խանթաձորոյ տէր Յոհաննէսն եւ այլն:
…Իսկ յաղագս երկու կարմրցի տիրացուացն եւ մոխրակուտցի տիրացուին եւ Խէվակայ Սերոբէին վկայութեամբ քահանայից եւ ժողովրդոց օրինօք ձեռնադրեցան:
Վասն գնալոյ իմոյ ի յԱրդուին
ԳԼ. Ը-երրորդ*
Յետ կատարելոյ զտօնախմբութիւն տիրամօրն ի Խոտրջուր եւ յետ քանի ինչ աւուրց առի զնոր[ը]նծայ քահանայսն` զմոխրակուտցի տէր Աւետիս եւ համամաշէնցի` խէվակցի տէր Սերոբէն եւ զճիճապաղցի տէր Պետրոս եւ չոգայ ի Մոխրակոյտ, ուր տէր Աւետիսն հանդիսապէս մատոյց զձայնաւոր պատարագն, եւ յետ պատարագին առեալ զժամարարն զգեստուք պատարագին, շարականաւ եւ ծնծղայիւք, ըստ ծէսից հայոց տանէաք ի տուն երգելով:
…Յետ այսորի[կ] իբր անցին աւուրք ինչ, առի ընդ իս զտէր Պետրոսն, զնոր[ը]նծայ տէր Աւետիսն եւ զհամշէնցի տէր Սերոբէն եւ չոգայ ի Համամաշէն` ի գիւղն <ի գիւղն> Խէվակ, բայց ի ճանապարհին ի զարհուրելի լերինս ձիւնապատս ելաք, եւ այնչափ սաստիկ ցուրտ էր եւ բուք, մինչ զի ամենեքեանս գրեթէ յուսահատեցաք ի կենաց: Իսկ ես ստիպեցի զնոսա ուտել, բայց սառուցեալ, քարացեալ էր միսն եւ մանաւ[ա]նդ հալվէն էր իբրեւ զքարացեալ, ոչ կարէի ուտել: Եւ այն զի ի սեպտեմբեր ամսոյն էր, եւ ասէին թէ ի հոկտեմբերի ոչ ոք կարէ անցանել աստի, այլ ընդ Ճորուխ գետն <գնա> գնալոց են ի Խէվակ: Եւ յիջանելն մեր ի լեռնէ անտի գնացաք ի Խէվակ, եւ մինչ մտաք ի գիւղն, արք եւ կանայք գեղջն, որք թուրքացեալք էին, յաջմէ եւ յահեկէ համբուրէին զաջն իմ, ուր իջեւանեցաք ի տուն նոր[ը]նծայ Սերոբէին, որ ունէր հօրեղբարք, եւ շէն էին: Զառաջին ի տան սեղան կազմեցի եւ պատարագեցի ես, տէր Պետրոս եւ տէր Աւետիս, եւ գային ի տան տաճկացեալք` տեսանել պատարագ: Հարցի ցնոսա թէ` Գո՞յ աստ եկեղեցի, ասացին` Այո, գոյ, բայց աւերակ է: Եւ մինչ տեսի զեկեղեցին դիւրին էր կարկատել, իսկոյն կարկատեցի, մաքրեցի հինգ վեց արամբք. եւ ապա զանշարժ վէմ սեղանոյն լուացի ջրով եւ գինեաւ, քանզի օծեալ էր եւ դուռն փակեալ էր, ոչ ոք մտեալ կամ ելեալ էր սորըս. վասն օրհնեցի եւ պատարագեցաք երեք [ք]ահանայքս: Եւ տես դու, զի ուրացեալքն ի ժամ պատարագին լնուին զեկեղեցին, եւ ոչ կարացի գաւազանաւ արտաքս վարել: Եւ զի երկնչէի, թէ գուցէ մատնեսցեն զիս այլազգեաց, թէ վարդապետս այս եկեալ է հայացուցանել զխէվակցիք: Իսկ յամսեանն սեպ[տեմբերի] փառաւորապէս կատարեցաք չորիւք քահանայիւք զտօն մեծ խաչին: … Իսկ յետ պատարագացն ըստ սովորութեան ազգիս շուրջալաւ եւ խաչիւ ելեալ մեր յեկեղեցւոջ օրհնել զգերեզմանս ուղղափառաց, եւ ուրացեալքն գեղջն կո[ւ]տեցան ի վերայ մեր եւ սփռեցին զկերակուր ի վերայ գերեզմանաց հարցն իւրեան[ց], եւ աղաչէին զիս այս ոք եւ այլ ոք թէ` Եկ եւ օրհնեա զգերեզմանս նախնեաց իմոց, զի քրիստոնեայք էին: Իսկ ոմանք ողբային զանհաւատութիւնս իւրեանց եւ խոստովանիլ խնդրէին, մանաւանդ ծերք: Բայց քանի ինչ պառաւունք կանայք չէին ուրացեալ, որոց հարկաւոր մասունս հաւատոյ ուսուցի եւ արձակեցի, եւ յանձն արարի նոր[ը]նծայ տէր Սերոբէին հոգալ զնոսա: ԶԽոտորջրցի տէր Պետրոսն թողի ի Խէվակ, իսկ ես առի զնոր[ը]նծայ տէր Սերոբէն եւ չոգայ ի հանգրուանս նոցա, որ էր հեռի ի Խէվակէն իբր ժամ մի, որ էր ի մէջ անտառախիտ մեծամեծ ծառոց եւ քանի ինչ ագարակիք, ուր էին խաշինք, եզինք եւ կովք եւ մեղւոց նոր[ը]նծային եւ փոքրիկ տնակիկ մի, ուր իջեւանեցաք յայնմ գիշերին, եւ առաւօտն պատարագեցաք երկոքեանս, յետ պատարագացն խնդրեցին օրհնել զագարակս, զխաշինս եւ զեզինս: Յետ այսորիկ ճաշեցաք: Ապա պաշար ճանապարհին պատրաստեալ էին, եդին ընդ մեզ զ[ս]քանչելի մեղր սպիտակ իբրեւ զձիւն, եւ համեղ կոգի, պատուական պանիր եւ այլն: Եւ անտի իւղի անկեալ մեր իջաք ի լեռնէ անտի ի ձորն ի յափն Ճորուխ գետոյն: … Եւ գնայաք առ ափամբ Ճորուխ գետոյն, որ զարդարեալ էր այգեստանօք, ձիտաստանօք եւ պատուական պտղատու ծառովք: Վասնզի ես ծագաց ի ծագս շրջան առի, բայց ոչ ուրեք այնպիսի ազնիւ պտուղ տեսի եւ առատ: Զի թօթափեալ էին պտու[ղ]ք ի վերայ ճանապարհին, եւ ընդ ոտիւք անցաւորաց ճմլել էին, եւ իբ[ր]եւ ջիւր շաղաղեալ էր շիրան պտղոց զճանապարհ, եւ մանաւանդ նռնոն, այն զի մեծամեծ նռնենիք էին, որոց ոստքն խառնեալ ընդ միմեանս, եւ իմ նստեալ ի գրաստ ընդ ծառովք գնայի, եւ մեծամեծ նռոնք կախեալ զծառոց հասեալ եւ հերձեալ եւ թօթափեալ ի վերայ ճանապարհին, առնոյի եւ ուտէի անուշ անուշ: Եւ ի հարցանելն իմ ցնոսա, թէ` Ընդէ՞ր թողուք կորնչիլ պատուական պտղոցդ այդոցիք, ասէին` Հապա զի՞նչ արասցուք, ոչ ոք է, որ գնէ: Եւ մինչ փողով պտուղ հայցէի ի նոցանէ, պատասխանէին, թէ` Մուտ յայգին եւ ըստ ցանկութեան քում ժողովեա զինչ եւ կամիս, կեր, առ եւ գնայ վասն հոգւոց տնկողաց եւ նախնեաց մերոց, որք քրիստոնեայք էին: Զի թէպէտ նախնիք նոցա ուրացեալ էին, բայց հեզահոգի եւ հիւրասէր էին, նաեւ քաղաքավար, իբրեւ զքրիստոնեայս համբուրէին զաջ իմ, եւ տանէին ի տունս իւրեանց` ընթեռնուլ զԱւետարան ի վերայ հիւանդաց իւրեանց, զի հաւատային ի սուրբ Աւետարան: Ի Խէվակայ մինչեւ ցյԱրդուին յերիս աւուրս գնացաք, եւ իջեւանեցայ ի տան տէր Յովսէփին ի 5 հոկտ[եմբերի] 1776 [թ.], որ եւ ընկալաւ զիս սիրով, նմանապէս եւ քաղաքացիքն…՚:
***
Կարմիրգ, Մոխրակոյտ, Ճիճապաղ, Սիւնեաց, Կաղմխուտ, Խանթաձոր – Կիսկիմի (Բերդագրակի) գաւառի մէջ մտնուող Խոտորջրի գիւղախմբի գիւղերը:
Շուրջալաւ – շուրջառով:
Կոգի – կարագ, իւղ:
Մեծաւոր – աւագերէց, Խոտորջրի գիւղախմբի քահանաների ղեկավարը, որը ենթարկւում էր Կարինի թեմի առաջնորդին: Յաճախ մեծաւորները նաեւ զբաղեցնում էին գիւղապետի պաշտօնը:
Ծանօթագրութիւններ
1. Ղ. Ինճիճեան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. մասն առաջին. հ. Ա.,Վենետիկ, 1806, էջ 396-397:
2. Մ. Բժշկեան, Պատմութիւն Պոնտոսի, որ է Սեաւ ծով. Վենետիկ, 1819, էջ 92-93, 97:
3. K. Koch, Wanderungen im Oriente wahrend der Jahre 1843 und 1844, II, Reise im pontischen Gebirge und turkischen Armenien. Waimar, 1846£
4. Ս. Հայկունի, Կորած ու մոռացուած հայեր (Տրապիզոնի հայ—մահմետական գիւղերն ու նրանց աւանդութիւնները). – ՙԱրարատ՚, Վաղարշապատ, 1895, N 7, էջ 239-243, N 8, էջ 293-297: Ս. Հայկուի, Տէր Կարապետ քահանայ Թորոսլիցի. – Հայոց նոր վկաները (1155-1843), աշխատասիրութեամբ Յ. Մանանդեանի եւ Հ. Աճառեանի, Վաղարշապատ, 1903, էջ 702-709: (Հայկունուց օգտուելով Հ. Աճառեանը վերապատմել է ՙՔննութիւն Համշէնի բարբառի՚ գրքում, Երեւան, 1947, էջ 5-8): Ս. Հայկունի. Յուսէփցի ազգատոհմ եւ տարօրինակ աւազակ Աբրիէօմ Տրապիզոնի հայ գիւղերու մէջ, 1795-1840. Վաղարշապատ, 1905, էջ 5-8:
5. Պ. Թումայեանց, Պոնտոսի հայերը. աշխարհագրական եւ քաղաքական վիճակ Տրապիզոնի. – ՙԼումայ՚, Տփխիս, 1899, Յուլիս, էջ 174-177:
6. Պատմութիւն վարուց Տեառն Հ. Պօղոս վարդապետի Մեհերեան, շարագրեալ յիւրմէ 1811 Վենետիկ, ի վանս սրբոյն Ղազարու. Վենետիկի Մխիթարեան միաբանութեան մատենադարան, ձեռ. N 560:
7. Մխիթարեան յոբելեան 1701-1901. Վենետիկ, Ս. Ղազար, 1901, էջ 218:
8. Բ. Սարգիսեան, Գ. Սարգսեան, Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ. հ. Գ., Վենետիկ, 1966, էջ 1-49: Ս. Ճեմճեմեան. Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ. հ. Դ., Վենետիկ, 1993, էջ ԺԹ.-Ի.:
9. Բ. Սարգիսեան, Գ. Սարգսեան, Նշ. աշխ., էջ 4-5, Ս. Ճեմճեմեան. Նշ. աշխ., էջ ԺԹ., ինչպէս նաեւ` Հ. Գր. Ս. Ա. Մաշտոցը. – ՙԲազմավէպ՚, 1949, N 5-6, էջ 114-115:
10. Մխիթարեան յոբելեան, էջ 218:
11. Բ. Սարգիսեան, Ուսումնասիրութիւն մանիքեա—պաւղիկեան թոնրակեցիներու աղանդին եւ Գր. Նարեկացւոյ թուղթը. Վենետիկ, Ս. Ղազար, 1893, էջ 102:
12. Պատմութիւն վարուց Տեառն Հ. Պօղոս վարդապետի Մեհերեան, շարագրեալ յիւրմէ 1811 Վենետիկ, ի վանս սրբոյն Ղազարու. Վենետիկի Մխիթարեան միաբանութեան մատենադարան, ձեռ. N 560, էջ 161, 162, 164:
13. Նոյնը, էջ 167-170:
14. Յ. Հուլունեան եւ Մ. Հաճեան, Յուշամատեան Խոտորջուրի. Վիեննա, 1964, էջ 165, G. Hofmann. IL vicariato apost. di Constantinopoli, 1453-1830. Roma 1935, p. 128 -129, տե՜ս Յուշամատեան Խոտորջուրի, էջ 166£
15. Բ. Սարգիսեան. Վիճակագրական նոր տեսութիւն մը ի նպաստ անկախ Հայաստանի. – ՙԲազմավէպ՚, 1919, N 9, էջ 284-285:
Համշէն Եւ Համշէնահայութիւն
(գիտաժողովի նիւթեր)
ԵՐԵՒԱՆ – ՆՊԷՅՐՈՒԹ, 2007
Թողնել պատասխան