538-539 թթ. հայոց ապստամբությունը (պատմառազմագիտական վերլուծություն).

by

 

Հայկական և բյուզանդական բանակների գլխավոր ճակատամարտի նախաշեմին։ Կայսրության աշխարհառազմավարական դրությունը 538-539 թթ.

Կայսրության մայրաքաղաքից ժամանելով բյուզանդական Հայաստան (539 թ. առաջին կես)՝ Սիտտասն սկզբում զերծ մնաց հայկական ապստամբական բանակի դեմ ռազմական լայնածավալ գործողություններ ձեռնարկելուց։ Նրա նպատակների մասին Պրոկոպիոս Կեսարացին հետևյալն է հաղորդում. «Երբ նա Հայաստան եկավ, սկզբում ցանկություն ցույց չէր տալիս պատերազմելու [հայերի դեմ], այլ ուզում էր հորդորել նրանց վերադառնալ իրենց երկիրը, խոստանալով համոզել կայսեր վերացնելու նոր հարկի գանձումը»։ Մինչ այդ Կ. Պոլսում Ադոլիոսը՝ հայերի կողմից սպանված Ակակիոսի որդին, կայսերը քանիցս զեկուցեց Սիտտասի դանդաղկոտության մասին։ Սակայն, ինչպես ցույց տվեց դեպքերի հետագա ընթացքը, փորձառու զորավարի վարքագիծը օպերատիվության պակասի հետ որևէ առնչություն չուներ և լիովին արդարացված էր։ Սիտտասը հրաշալիորեն տեղեկացված էր հայկական գործերի մասին, քանի որ մինչ այդ՝ 526-532 թթ. բյուզանդա-պարսկական պատերազմում նա եղել էր Հայաստանի տարածքում ընթացող ռազմական գործողությունների հրամանատարը՝ Բելիսարիոսի հետ հավասար իրավունքներով։ Բացի այդ՝ 528-531 թթ. նա նշանակվել էր Արևելահռոմեական կայսրության իշխանության ներքո գտնվող բոլոր հայկական հողերը միավորող՝ նորաստեղծ Հայկական ռազմական շրջանի առաջին գլխավոր հրամանատարը (magister militum per Armeniam Мagister militum-ը (հունարեն՝ ստրատելատ կամ ստրատեգոս) կայսրության ամենաբարձր ռազմական պաշտոնն էր։ Ամբողջ կայսրությունում կար ընդամենը հինգ այդպիսի ռազմական մագիստրոս, որոնցից երկուսը՝ մայրաքաղաքում, երկուսը՝ արևմուտքում և միայն մեկը՝ արևելքում։ Ինչպես ճիշտ նկատել է Ն. Ադոնցը՝ «Հայաստանում այսպիսի մի բարձրաստիճան պաշտոնյա նշանակելը ցույց է տալիս, թե այն ժամանակ որքան մեծ կարևորություն էր տրվում կայսրության արևելյան ծայրամասին»։ Այդ ժամանակ էլ Սիտտասը կարողացավ Հուստինիանոսից թույլտվություն ստանալ՝ կայսերական զորքերի մեջ տեղացի հայերին հավաքագրելու համար՝ «նկատի ունենալով Հայաստանի տեղանքին նրանց իրազեկ լինելը»։

Հայկական զորքերի մարտունակությունը Սիտտասին ծանոթ էր ոչ միայն լսածի հիման վրա. մեկ անգամ նա ու Բելիսարիոսը միասին արդեն ճաշակել էին հայերից կրած պարտության դառնությունը։ Դա պատահել էր 12 տարի առաջ, երբ Սիտտասն ու Բելիսարիոսը, բյուզանդական բանակի գլուխն անցած, պարսկական Հայաստան առաջին հաջող արշավանքն իրականացնելուց հետո, երկրորդ անգամ ներխուժեցին այնտեղ 527 թ. առաջին կեսին։ Սակայն այս անգամ հայկական զորքը՝ տաղանդավոր զորավարներ, եղբայրներ Ներսեհ (Նարսես) և Հրահատ (Արատիոս) Կամսարականների հրամանատարությամբ, անսպասելիորեն հարձակվեց նրանց վրա և տեղի ունեցած ճակատամարտում անվերապահ հաղթանակ տարավ։ Պրոկոպիոս Կեսարացու նկարագրությունից կարելի է ենթադրել, որ հայոց հեծելազորը («այրուձին»), որ այն ժամանակ Առաջավոր Ասիայում լավագույնն էր համարվում, ամենայն հավանականությամբ ընթացքից հարվածել է գրոհող բյուզանդական բանակին և բռնկված հանդիպական ճակատամարտում հետ շպրտելով հակառակորդին՝ ստիպել է նրան փութանակի նահանջել. «Հռոմայեցիները Սիտտասի և Բելիսարիոսի գլխավորությամբ ներխուժելով պարսիկներին ենթակա Պերսարմենիա, մեծ տարածություն ավարի առան և գերեվարելով բազմաթիվ հայերի՝ հեռացան։ …Իսկ երբ տեղի ունեցավ հռոմայեցիների երկրորդ արշավանքը դեպի Հայաստան, նրանց վրա անսպասելիորեն հարձակում գործեցին Նարսեսն ու Արատիոսը և մարտի բռնվեցին։ …կռվելով Սիտտասի և Բելիսարիոսի դեմ՝ նրանք հաղթանակ տարան»։ Պարզապես անհավատալի է, որ համաշխարհային պատմության մեջ ամենահռչակավոր զորավարներից մեկի՝ մեծ Բելիսարիոսի դեմ հայոց զորքի տարած այս հաղթանակը դուրս է մնացել ոչ միայն «Հայոց պատմության» դպրոցական դասագրքից, այլև չի նկատվել նույնիսկ ակադեմիական բազմահատորյակում (հ. Բ, Եր., 1984թ.) և այդ ժամանակաշրջանին նվիրված մի շարք պատմագիտական ուսումնասիրություններում։ Լավագույն դեպքում այն հիշատակվել է ընդամենը հպանցիկ կերպով, այն էլ՝ սխալ թվագրմամբ (530 թ.)։ (Հետագայում Ներսեհն ու Հրահատն իրենց երրորդ եղբայր Սահակի հետ անցան Հուստինիանոսի կողմը և արդեն Արևելյան Հռոմեական կայսրության բանակի կազմում՝ աչքի ընկան բազմաթիվ այլ ճակատամարտերում)։

Վերադառնանք, սակայն, 539 թ.։ Շատ կարևոր են Պրոկոպիոսի փոխլրացնող տեղեկություններն առ այն, որ Ակակիոսի սպանությունից հետո հայերն ապաստանել էին Ֆարանգիոնում, այսինքն՝ Սպերում, և որ Հայաստան գալով՝ Սիտտասը ցանկանում էր նրանց վերադարձնել իրենց երկիրը։ Այս հաղորդումներից կարելի է եզրակացնել, որ մինչև Սիտտասի Հայաստան ժամանելը հայկական զորքերը հասցրել էին կենտրոնանալ և ամրանալ Սպեր և, ինչպես ստորև ցույց կտրվի, Հավնունիք գավառների միջև ընկած լեռնային շրջաններում և ամրոցներում։ Հայկական զինված ուժերի համախմբումը, բնականաբար, ուղեկցվում էր կառուցվածքային վերակազմումով և ռազմական արագընթաց պատրաստություններով, այդ թվում՝ միասնական հրամանատարության ընտրությամբ, զինվորական եռանդուն ուսուցմամբ, մարտավարական զորավարժություններով, զենքի, ռազմամթերքի և այլ պաշարների կուտակմամբ։

Սիտտասը հասկանում էր, որ ստեղծված իրավիճակում պաշտպանական հարմար դիրքեր գրաված հայկական ուժերի դեմ ուղիղ գրոհը բյուզանդացիներին լավ բան չէր խոստանում։ Այդ իսկ պատճառով էլ նա փորձում էր դիվանագիտական լուծում տալ հակամարտությանը։ Բայց ինչպես մեր օրերում էլ է հաճախ պատահում, մայրաքաղաքում ընդհանուր աշխարհառազմավարական իրադրության վերլուծությունը հաղթեց մարտավարական բնույթի ռազմադաշտային դատողություններին, և Հուստինիանոսը, «դանդաղկոտության համար» խստորեն «վատաբանելով ու պախարակելով» Սիտտասին, նրան հրամայեց անմիջապես հայերի դեմ ռազմական գործողություններ սկսել։ Պրոկոպիոսը կայսեր այդ որոշումը բացատրում է Ակակիոսի որդի Ադոլիոսի «ամբաստանություններով»։ Այդ ամբաստանությունների կրկնվելն ինքնըստինքյան վկայում է Սիտտասի՝ ապստամբած հայերին կայսրության գաղութային քաղաքականության, ներառյալ հարկային բեռի մեղմացման խոստումներով խաղաղեցնելու բավականին երկար, թեև ապարդյուն փորձերի մասին։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ հայկական զորքերը տրամադրված էին շատ վճռականորեն և պատրաստ էին զինված հակահարված հասցնել կայսերական բանակին։

Սակայն հիմնական պատճառը, որը դրդում էր Հուստինիանոսին շտապեցնել հայկական ապստամբության ճնշումը, անշուշտ, կապված էր աշխարհաքաղաքական անբարենպաստ զարգացումների հետ։ Բանն այն է, որ ճիշտ այդ ժամանակ կայսրության զորքերը տարակենտրոնացված էին ահռելի տարածության մեջ, մասնավորապես՝ ուժերի գերագույն լարումով պատերազմ էին վարում օստգոթերի դեմ Իտալիայում, որտեղ գործում էր Բելիսարիոսի գլխավորած բյուզանդական բանակը։ Օստգոթերի դեմ պատերազմն ընթանում էր փոփոխական հաջողությամբ և նրա ելքն ամենևին պարզ չէր։ Օստգոթերի թագավոր Վիթիգեսը կազմակերպել էր Հռոմի շրջափակումը, որը տևեց 537 թ. մարտի 2-ից մինչև 538 թ. մարտի 12-ը։

538 թ. հունիսին 7000-անոց օգնական բանակով Իտալիա ուղարկվեց բյուզանդական պալատում ազդեցիկ դիրքեր ունեցող հայ ազնվական Նարսեսը (չշփոթել վերոհիշյալ Ներսեհ Կամսարականի հետ, որին Բյուզանդիայում նույնպես Նարսես էին անվանում)։ Նարսեսը, ի դեպ, առաջին անգամն էր հանդես գալիս առանձին բանակի հրամանատարի պաշտոնով, այն էլ Բելիսարիոսին հավասար զինվորական տիտղոսով։ Մոտավորապես 539 թ. մարտին ընկավ օստգոթերի կողմից պաշարված Միլանը՝ Հռոմից հետո իր մեծությամբ Իտալիայի երկրորդ քաղաքը։ Ի լրումն այս ամենի, ինչպես նշում են ժամանակակից ռազմական պատմաբաններ Էռնեստ և Թրեվոր Դյուպուիները, այդ նույն ընթացքում «Հուստինիանոսը ծայրաստիճան անհանգստացած էր անդրդանուբյան բարբարոսների՝ բուլղարների և սլավոնների վերսկսված ասպատակիչ արշավանքներով, ինչպես նաև Վիթիգեսի հետ բանակցությունների մեջ մտած պարսից արքա Խոսրովի հետ պատերազմի վերաբռնկման վտանգով»։ Հետևաբար Հուստինիանոսին անհրաժեշտ էր հայկական ապստամբության շուտափույթ ջախջախումը՝ Պարսկաստանի՝ արևելքում երկրորդ ճակատի նախապատրաստվող բացումը կանխելու համար, որն այնուամենայնիվ շատ շուտով՝ 540 թ., տեղի ունեցավ։ Այն, որ հայոց առաջնորդներն ապստամբությունը բարձրացրել են հե՛նց 538 թ. (հավանաբար, տարվա երկրորդ կեսին), հուշում է, որ նրանք արժանահավատ տեղեկատվություն ունեին Արևելյան Հռոմեական կայսրության արևմտյան ճակատում ստեղծված դժվարին կացության, ինչպես նաև բյուզանդական զորքերի չափից ավելի «ձգվածության» ու զորահավաքային ռեսուրսների սղության մասին։ Այսպիսով ապստամբությունն սկսելու պահը հայերն ընտրել էին բացառիկ հաջող կերպով։ Ավելի քան հնարավոր է, որ հայոց ապստամբական ուժերը դաշնակիցներ գտնելու նպատակով նախապես կամ ապստամբության ընթացքում ուղիղ կապի մեջ մտած լինեն Խոսրով Անուշիրվանի և Վիթիգեսի հետ։ Համենայնդեպս, 539 թ. վերջին Խոսրով արքայի առջև հայոց ապստամբների պարագլուխների արտասանած ճառերը բացահայտում են միջազգային հարցերում, այդ թվում՝ Իտալիայում կայսրության մղած պատերազմի մասին նրանց քաջատեղյակությունը, թեև Բելիսարիոսի դավաճանության մասին տեղեկությունները հետագայում չհաստատվեցին։

Հուստինիանոսից ստանալով կտրուկ հրաման՝ Սիտտասն արդեն ստիպված էր շարժել իր բանակը։ Իսկ ի՞նչ մեծության այն կարող էր լինել։ Այդ մասին սկզբնաղբյուրներում որևէ հստակ տեղեկություն, ցավոք, չկա։ Սակայն եթե նկատենք, որ 530-ական թթ. սկզբից ի վեր Հայաստանի բյուզանդական մասում տեղաբաշխված էր չորս լեգեոն (Հուստինիանոսի դարաշրջանում լեգեոն էին անվանում տարբեր քանակ և կառուցվածք ունեցող գնդերը), իսկ Սիտտասն էլ իր հետ կայսրության մայրաքաղաքից բերել էր օժանդակ զորքեր, ապա նրա հրամանատարության ներքո բավականին պատկառելի ռազմական ուժ կար։ Հաշվի առնելով, որ պարսիկների հետ նախորդ պատերազմում կայսերական մարտունակ ուժերն արևելքում հասնում էին 25-30 հազար մարտիկի, կարելի է ենթադրել, որ մոտավորապես նույն քանակի զորք էլ կար Սիտտասի բանակում 539 թ., քանի որ նա արևելք ուղարկվել էր ոչ միայն հայկական ապստամբությունը շտապ ճնշելու, այլև, փաստորեն, պարսկական բանակի սպասվող հնարավոր ներխուժումը հետ մղելու նպատակով։ Բյուզանդական զորքերի թվացյալ փոքրաթիվությունը ընթերցողին շփոթության չպետք է մատնի։ Հուստինիանոսի ռազմիկներն այնքան պատրաստված էին, իսկ նրա զորավարները մարտավարական առումով այնքան գրագետ, որ քանակապես զգալիորեն գերակշռող թշնամիների նկատմամբ բազմիցս էին հաղթանակներ տոնել, հատկապես շնորհիվ մարտավարական և օպերատիվ տարաշարժերի (մանևր) գերազանց կատարման և վարպետորեն հաշվարկված պաշտպանական-հարձակողական ռազմավարության կիրառման։ Օրինակ, Բելիսարիոսն Աֆրիկայում ափ էր իջել 15.000-անոց բանակով, որից նրան բավարար եղավ 5000 ձիավոր, որպեսզի բաց դաշտում հաղթանակ տանի վանդալների տասնապատիկ գերակշիռ ուժերի նկատմամբ (Տրիկամերոնի ճակատամարտ, 533 թ. դեկտեմբեր)։ Բելիսարիոսն ու Նարսեսն Իտալիան նվաճեցին բանակներով, որոնց մարտիկների թիվը 25000-ից ավելին չէր։

Ինչպես սկզբնաղբյուրները, այնպես էլ ներկայիս արևմտյան հետազոտողները չափազանց բարձր են գնահատում Սիտտասի ռազմավարական տաղանդը, ընդգծելով, որ նա ոչ մի հարցում չէր զիջում Բելիսարիոսին որպես զորավար, իսկ որպես քաղաքական գործիչ նույնիսկ գերազանցում էր։ Այսպես, Պրոկոպիոս Կեսարացին խոսում է նրա «արիության և սխրագործությունների» մասին, ավելացնելով, թե «նա շատ գեղեցիկ էր, քաջ կռվող, ընտրագույն զորավար, որը որևէ հարցում չէր զիջում իր ժամանակի զորավարներին», իհարկե, նկատի ունենալով Բելիսարիոսին և քիչ ավելի ուշ փառքի հասած Նարսեսին (ի դեպ, այսօր արևմուտքում վերջինիս համարում են «ավելի լավ մարտավար», քան նույնիսկ Բելիսարիոսին)։ Պատմագիր Հովհաննես Մալալասը հակիրճ բնութագրում է՝ «Սիտտասը քաջարի մարդ էր»։ 539 թ. աշնան վերջին, ելույթ ունենալով պարսից արքա Խոսրով Ա առջև, հայ ապստամբների ներկայացուցիչներն էլ են Սիտտասին և Բելիսարիոսին Հաստինիանոսի երկու լավագույն զորավարներ համարում, ասելով՝ «նրանց երկու լավագույն զորավարներներից մեկին՝ Սիտտասին մենք սպանել ենք»։

Իսկ ո՞վ էր 538-539 թթ. հայկական ապստամբական բանակի գլխավոր հրամանատարը։ Եվ որքա՞ն էր այդ բանակի թվաքանակը։ Առաջին հարցի պատասխանը գրեթե միանշանակ է՝ Վասակ Մամիկոնյանը։ Մեր այս եզրակացությունը հիմնվում է Պրոկոպիոսի այն հաղորդման վրա, ըստ որի հե՛նց այդ «չափազանց գործունյա մարդն էր» գլխավորում 539 թ. աշնանը պարսկական տերության սահմանները նահանջած հայ ապստամբներին, որոնց մեջ էր նաև Արտավան Արշականին։ Մամիկոնյանների տան ներկայացուցչին ապստամբության ռազմական ղեկավար ընդունելը միանգամայն օրինաչափ էր, քանի որ նրանք ռազմական գործի անգերազանցելի վարպետներ էին, ժառանգաբար հայոց սպարապետները և բոցավառ հայրենասերներ։ Արշակունիների թագավորության անկումից (428 թ.) հետո Մամիկոնյաններն անփոխարինելիորեն գլխավորում էին հայոց ազգային-ազատագրական շարժումները՝ 450-451, 481-484, 571-572 թթ.՝ Պարսկաստանի դեմ, 747-753, 772-775 թթ.՝ Արաբական խալիֆայության դեմ։ Մամիկոնյանների ղեկավարած հայոց ապստամբությունների այս ցուցակը կարելի է, փաստորեն, արդեն լրացնել 538-539 թթ. ապստամբությամբ։ Ապստամբության մյուս գլխավոր դեմքերից մեզ հայտնի են Հովհաննես Արշակունին և նրա որդի Արտավանը, որոնք միացյալ հայկական զորքում հավանաբար եղել են երկրորդ և երրորդ դեմքերը։ Արտավանի եղբայր Հովհաննեսը նույնպես մասնակցել է ապստամբությանը, անկասկած, իբրև զորահրամանատար։

Երկրորդ հարցի պատասխանն այնքան էլ պարզ չէ։ Վստահորեն կարելի է միայն եզրակացնել, որ հայկական ապստամբական բանակի թվաքանակը պետք է լիներ այն աստիճան տպավորիչ, որ Սիտտասի մտավախությունն առաջացներ նրա դեմ հարձակում սկսելու նպատակահարմարության վերաբերյալ։ Հայոց զորքի բավականին մեծ լինելու մասին է վկայում նաև այն, որ նրանք ընդունեցին բյուզանդական բանակի դեմ գլխավոր ճակատամարտը և հաղթանակ տարան (այդ մասին կխոսենք հետագայում)։ Հետևաբար, հայկական բանակի թվաքանակը, որոշակի պայմանականությամբ, կարելի է հաշվել 15000-ից մինչև 30000 մարտիկ։ Նրա կազմում, բացի ընտիր ռազմիկներից բաղկացած նախարարական գնդերից հավանաբար կային նաև աշխարհազորային ստորաբաժանումներ։

III. Բյուզանդական բանակի հարձակումը և գլխավոր ճակատամարտը՝ Ավնիկի մոտ (539 թ.)

Նախապատրաստվելով հայերի դեմ հարձակմանը՝ Սիտտասն իր հույսը չէր դնում միայն ռազմական ուժի վրա, այլև ուղիներ էր փնտրում հայկական զինված ուժերի՝ Հայաստանի բյուզանդական մասում արդեն կայացած միավորումը պառակտելու համար։ Այդ նպատակով նա սեպարատ բանակցություններ նախաձեռնեց ապստամբությանը մասնակցող երեք ամենահզոր նախարարական տներից մեկի՝ Բագրատունիների հետ (մյուս երկուսն էին Մամիկոնյաններն ու Արշակունիները). «Նախևառաջ փորձեց մեծ գումար խոստանալով կաշառել [հայերից] ոմանց և իրեն դաշնակից դարձնել, որպեսզի կարողանա ավելի հեշտությամբ հաղթել մնացածներին»։ Պրոկոպիոս Կեսարացու համաձայն՝ «նրան էր ուզում հարել մեծ և բազմամարդ Ասպետյանների (Ասպետունիների, այն է՝ Բագրատունիների) տոհմը, որ մարդ ուղարկեց Սիտտասի մոտ, խնդրելով գրավոր հավաստիացում, որ եթե իրենք՝ Ասպետյանները, այդ գործի ժամանակ լքեն իրենց ցեղակիցներին և անցնեն հռոմայեցիների կողմը, ոչ մի պատիժ չեն կրելու վերջիններիս կողմից և պիտի շարունակեն տիրել իրենց ունեցվածքին։ Սիտտասն ուրախությամբ այդ մասին գրեց մի փոքր գրություն, տվեց նրանց պահանջած հավաստիացումը և, կնքելով գրությունը, ուղարկեց նրանց։ Նա համոզված էր, որ [Ասպետյանների] օգնությամբ կկարողանա առանց պատերազմի հաղթել և ամբողջ զորքով շարժվեց Օյնոքալակոն վայրի վրա, որտեղ ճամբարել էին հայերը»։

Սակայն հետագա դեպքերն ստիպում են կասկածի տակ դնել Բագրատունիներին վերագրվող դաշնադրուժ տրամադրությունները։ Ահա թե այնուհետև ինչ է գրում Պրոկոպիոսը. «Սակայն գրությունն ստացողները պատահմամբ ուրիշ ճանապարհով գնացին և չկարողացան հանդիպել Ասպետյաններին։ Այդ միջոցին հռոմեական բանակի մի զորամաս հանդիպեց [Ասպետյանների] մի փոքր խմբի և ձեռք բերված համաձայնությանն անտեղյակ՝ կոտորեց նրանց որպես թշնամիների։ Սիտտասն էլ մի քարայրում գերի վերցրեց նրանց երեխաներին ու կանանց և սպանեց՝ կամ այն պատճառով, որ չիմացավ, թե ովքեր են նրանք, կամ էլ որովհետև զայրացել էր Ասպետյանների դեմ, որ հակառակ համաձայնության չէին անցնում իր կողմը»։

Վերոշարադրյալից հետևյալ հակասական պատկերն է ուրվագծվում։ Սիտտասն առաջ շարժեց իր բանակը՝ չստանալով Բագրատունիներից իր կողմն անցնելու վերջնական համաձայնություն։ Նմանատիպ պատմական իրադրություններում պայմանավորվածություններն ամրապնդվում էին որոշակի երաշխիքներով, օրինակ՝ պատանդներ հանձնելով կամ փոխանակելով։ Մինչդեռ Սիտտասը շոշափելի որևէ երաշխիք Բագրատունիներից չէր ստացել, բացի այդ՝ անհասկանալի պատճառներով չէր ցանկացել մեկ-երկու օր սպասել մինչև իր ուղերձը կհասներ հասցեատիրոջը։ Նրանք, ովքեր տանում էին այդ գրությունը (ըստ տրամաբանության՝ Բագրատունիների մարդիկ) ինչ-որ պատճառով չեն կարողացել գտնել իրենց տերերին, որը նույնպես անճշմարտանման է թվում։ Արշավանքն սկսելուն պես՝ բյուզանդական բանակի մի խոշոր զորամիավորում, Սիտտասի զորավարներից մեկի հրամանատարությամբ, բախվում է Բագրատունիների մի փոքրաթիվ ջոկատի և ջախջախում այն։ Սրանից պետք է եզրակացնել, որ Սիտտասն իր զորավարներին չէր տեղեկացրել Բագրատունիների հետ իբր կնքված պայմանագրի մասին, ինչն ինքնին արդեն մի պարզ վկայություն է, որ երկու կողմերը համաձայնության չէին եկել։ Վերջապես ինքը՝ Սիտտասն էլ արյունալի ոճիր է գործում՝ կոտորելով քարայրում ապաստանած մի խումբ կանանց և երեխաների, որոնք Բագրատունիների տան անդամներ ու նրանց ենթականերն էին։ Այս բոլոր անցքերը միասին, հատկապես Սիտտասի և նրա բանակի դաժան գործողությունները Բագրատունիների դեմ, որևէ կերպ չեն համապատասխանում Պրոկոպիոս Կեսարացու առաջադրած այն վարկածին, թե իբր Բագրատունիները ցանկանում էին անցնել Սիտտասի կողմը։ Ընդհակառակը, վերը նկարագրված իրադարձություններն իրենց տրամաբանական բացատրությունը կստանան միայն հակառակ ենթադրությունն անելու դեպքում, այն է՝ Սիտտասն իսկապես Բագրատունիներին առաջարկել էր լքել հայկական ճամբարը, սակայն նրանք չէին համաձայնել թշնամու կողմն անցնել և այդ իսկ պատճառով էլ բյուզանդացիների վայրենաբարո վերաբերմունքին են արժանացել։

Այնուհետև Պրոկոպիոսը հատուկ նշելով, որ Բագրատունիները «զայրացած՝ մյուս բոլոր [հայերի] հետ միասին՝ պատրաստվեցին մարտի», հաղորդում է խիստ կարևոր մանրամասնություններ գլխավոր ճակատամարտի մասին. «Որովհետև երկու կողմերն էլ գտնվում էին դժվարանցանելի և զառիթափ տեղանքում, իրար դեմ կռվում էին ոչ թե մի տեղում կենտրոնացած, այլ ցրված՝ լեռների ստորոտներում և ձորերում»։

Առաջին հայացքից անբավարար թվացող այս տեղեկությունները, իրականում, բավականին բովանդակալի են և թույլ են տալիս քննել հայերի և բյուզանդացիների պատերազմ վարելու մարտավարությունը։ Այս առումով նախ պետք է ճշգրիտ տեղորոշել ճակատամարտի վայրը։

Օյնոքալակոնն առաջին անգամ ճիշտ նույնացրել է Ավնիք բերդաքաղաքի հետ Միքայել Չամչյանը (1738-1823)։ Ավելի ուշ նրա այս ճշտման հետ համաձայնել է Ն. Ադոնցը, թեև առանց Չամչյանին հղելու։ Ո՛չ Չամչյանը, ո՛չ Ադոնցը, սակայն, հատուկ չեն բացատրել Օյնոքալակոնի ստուգաբանությունը, հավանաբար վստահ լինելով, որ այն պետք է միանգամայն պարզ և անվիճելի լինի գրաբարի բոլոր գիտակներին։ Բանն այն է, որ Ավնիկը (Աւնիկ) գրաբարով կարդում և արտասանում էին Օնիկ, իսկ այդ տեղանվան երկրորդ մասը՝ «քալակոն»-ը ոչ այլ ինչ է, քան հայերեն «քաղաքը» (Հ. Բարթիկյանը ճիշտ ստուգաբանել է տեղանվան միայն այս երկրորդ մասը)։ Այսպիսով՝ Օյնոքալակոնը՝ Օնիկ քաղաքն է, այսինքն՝ Ավնիկը։ Ցավոք, հետագա ուսումնասիրողներն անուշադրության մատնեցին Չամչյանի այս կարևոր տեղորոշումը։ Ավնիկը գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Բասեն գավառում (ավելի ստույգ՝ Վերին Բասեն գավառակում), Երասխի արևելյան ափին, 530-ական թթ. սկզբից բյուզանդական Հայաստանի ստրատեգոսի նստավայր դարձած Թեոդոսուպոլսից (Կարինից) ուղիղ գծով 60 կմ հեռավորության վրա։ Այժմ Ավնիկը համապատասխանում է Թուրքիայի Էրզրումի նահանգի Պասինլեր գավառի Գյուզելհիսալ գյուղին և Ջիվան-կալեսի ամրոցին։ Թեոդոսուպոլսից բյուզանդական բանակը կարող էր մոտենալ Ավնիկին նրանից դեպի հյուսիս ընկած Բասենի դաշտով։ Ճակատամարտը տեղի է ունեցել Ավնիկի մատույցներում, 2000-2100 մ բարձրության վրա` Ջրաբաշխի (Սուկավետի, այժմ՝ Քոսադաղի) լեռնաշղթայի արևմտյան ճյուղավորման շրջանում։

Եվ այսպես՝ բյուզանդական բանակի հարձակման պահին հայկական զորքի կենտրոնացման վայրն արդեն ոչ թե Ֆարանգիոնն էր՝ Սպերի շրջակայքում, ինչպես ապստամբության սկզբում, այլ կայսրության պետական սահմանի անմիջապես այն կողմում՝ Պարսկահայաստանում (Պերսարմենիա) ընկած շրջանը։ Այն, որ Սիտտասն այնուամենայնիվ հրաման է տվել անցնել սահմանը և այդպիսով՝ կայսրության արևմուտքում մղվող պատերազմների այդ ծայրաստիճան լարված միջոցին ստեղծել Պարսկաստանի հետ հարաբերությունների սրման անցանկալի առիթ, վկայում է այն մասին, որ,առաջին՝ այդ որոշումն ընդունվել է, ըստ երևույթին, լեռներ նահանջող հայկական զորքերի հետապնդման թունդ պահին, երկրորդ՝ որ այդ սահմանամերձ բարձրլեռնային շրջանը, մեծ ցանկության դեպքում, կարելի էր Արևելահռոմեական կայսրության և Պարսկական տերության միջև «ոչ ոքու տարածք» համարել, և երրորդ՝ այն արտակարգ կարևորության մասին, որը տրվում էր հայկական ապստամբության ճնշմանը, ասել է թե՝ կայսրության համար այդ ապստամբությունը պակաս վտանգ չէր ներկայացնում, քան Պարսկաստանին պատերազմի սադրելու հնարավորությունը։ Ստուգապես չգիտենք, թե Վասակ Մամիկոնյանը մինչև Սիտտասի Թեոդոսուպոլիս ժամանելը, դրանից հետո՞, թե բյուզանդական բանակի հարձակման նախօրեին է որոշել հայկական բանակը Սպերից տեղափոխել նշված շրջանը, որը սահմանակից էր մի կողմից Թեոդոսուպոլսին, մյուս կողմից՝ Պարսկահայաստանին։Սակայն նրա այդ ռազմավարական զորաշարժի նպատակները պարզ են. նախ՝ անմիջական հարվածի վտանգի տակ դնել Հայաստանում բյուզանդական ռազմաքաղաքական վարչության կենտրոնը՝ Թեոդոսուպոլիսը, իսկ պատերազմական գործողությունների անհաջող ընթացքի դեպքում՝ խուսափել շրջափակումից և պահպանել Պարսկահայաստանի խորքերը նահանջելու հնարավորությունը։ Այսինքն՝ Վասակ Մամիկոնյանի ընտրած դիրքը հարմար էր ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության համար։ Միևնույն ժամանակ, հայկական բանակի Թեոդոսուպոլսի հյուսիս-արևելքից մինչև հարավ-արևելք կատարած լայն տարաշարժումն ինքնըստինքյան փաստում է նրա զորությունն ու շարժունակությունը։

Հատուկ պարզաբանման են կարոտ նաև երկու վերը հիշատակված դեպքերը՝ բյուզանդական մի զորամասի հայկական փոքրաթիվ ջոկատի հետ բախումը և Սիտտասի՝ Բագրատունյաց կանանց ու երեխաներին քարայրում կոտորելը։ Այս իրադարձությունները միաժամանակյա էին՝ տեղի էին ունեցել բյուզանդական բանակի, ըստ ամենայնի, Թեոդոսուպոլսից անմիջապես դուրս գալուց հետո։ Հետևաբար,առաջին՝ ապստամբները վերահսկում էին Թեոդոսուպոլսից դուրս ընկած ամբողջ շրջակայքը (այս առումով նկատենք, որ Կարինը Արշակունիների տոհմական շրջաններից էր)։ Երկրորդ՝ սկզբում բյուզանդական բանակը բաժանվել է և շարժվել տարբեր ուղղություններով՝ քիչ ուշ նորից միանալով։ Նման տրոհում Սիտտասը կարող էր թույլ տալ՝ միայն հավաստի տեղեկություններ ունենալով հայկական բանակի հիմնական ուժերի՝ անմիջական մոտակայքում չգտնվելու մասին։ Երրորդ՝ քարայրում սովորաբար թաքնվում էին, որպեսզի փրկվեն ամրոցներն ու բնակավայրերը գրոհող թշնամու զորքերից, և այնտեղ Սիտտասի իրագործած ջարդը հուշում է, որ մինչ այդ տեղի էր ունեցել Սիտտասի՝ հայկական զորքի հետ կատաղի մի բախում կամ հայկական ամրոցի գրոհ, որի ժամանակ բյուզանդացիները, հավանորեն, ցավալի կորուստներ էին տվել։ Դա էլ հենց միայն կարող էր առաջ բերել Սիտտասի անմարդկային դաժանությունը, որովհետև չմոռանանք, որ մինչ այդ Սիտտասն ամեն կերպ փորձում էր խուսափել հայերի հետ թշնամության հետագա խորացումից։ Չորրորդ՝ բյուզանդական բանակն անարգել կերպով չէր արշավում դեպի հայկական բանակի կենտրոնացման վայրը, այլ իր ճանապարհին հաղթահարում էր դիմադրության օջախներ։ Այդ դիմադրության բուն նպատակն էր, ամենայն հավանականությամբ, որքան հնարավոր է հյուծել թշնամուն՝ միաժամանակ ներքաշելով նրան գլխավոր ճակատամարտի համար Վասակ Մամիկոնյանի ընտրած վայրը։ Վարելով պաշտպանողական պատերազմ՝ Վասակը հրաժարվեց ճակատամարտել փոքրիշատե բաց տարածքում և հասավ իր ուզածին՝ ճակատամարտը տեղի ունեցավ խիստ կտրտվածություն ունեցող տեղանքում, որտեղ գովական լեգեոներների արդյունավետ մարտակարգերը և նրանց միջև փոխհամագործակցության կազմակերպումը զգալի չափով չեզոքացվում էին, փոխարենը՝ առաջին պլան էր մղվում տեղանքի լավ իմացությունը և ռազմիկների անհատական մարտական պատրաստությունը։

Եվս մեկ անգամ ընթերցենք Պրոկոպիոսի հաղորդումը. «Որովհետև երկու կողմերն էլ գտնվում էին դժվարանցանելի և զառիթափ տեղանքում, իրար դեմ կռվում էին ոչ թե մի տեղում կենտրոնացած, այլ ցրված՝ լեռների ստորոտներում և ձորերում»։ Այս կապակցությամբ տեղին կլինի մեջբերել ռազմական տեսության դասական Կարլ ֆոն Կլաուզեվիցի խորաթափանց դիտարկումը. «Զորքերի ազգային ոգին (եռանդը, ֆանատիկ մոլեռանդությունը, հավատը, համոզմունքները) ամենից առավել արտահայտվում են լեռնային պատերազմում, որտեղ յուրաքանչյուր մարդ, ընդհուպ մինչև առանձին զինվորը, ինքն իր գլխի տերն է… [Մինչդեռ] ջոկատները մեկ ձուլակտոր դարձնող հմուտ մարտական պատրաստությունը և կոփված արիությունը ամենավառ կերպով արտահայտվում են բաց դաշտում իրականացվող գործողություններում»։

Այնուհետև Պրոկոպիոս Կեսարացին նկարագրում է ճակատամարտի վճռորոշ պահը.

«Այնպես պատահեց, որ հայերի մի փոքրաթիվ խումբ և Սիտտասը՝ իր զորքի մի փոքր մասով, հայտնվեցին իրար շատ մոտիկ։ Նրանց բաժանում էր մի ձոր։ Երկու հակառակորդներն էլ հեծյալ էին։ Սիտտասը փոքրաթիվ մարդականցով անցավ ձորը և շարժվեց հակառակորդների վրա, իսկ հայերը նահանջելով կանգ առան։ Սիտտասն այլևս չէր հալածում նրանց և կանգ էր առել։ Հանկարծ հռոմայեցի զինվորներից մեկը, ծագումով էրուլոս, որը հալածում էր թշնամիներին, զայրացած ետ վերադարձավ։ Սիտտասն այդ ժամանակ գետնի մեջ էր խրել իր նիզակը. Էրլուսի ձին մեծ թափով ընկավ նիզակի վրա և ջարդեց այն. դա անչափ տխրեցրեց զորավարին։ Մի հայ ճանաչեց նրան և հայտնեց մյուսներին, թե սա ինքը հենց Սիտտասն է։ Նրա գլխին սաղավարտ չկար, իր զորքն էլ փոքրաթիվ էր և դա հնարավորություն տվեց, որ թշնամին իրեն ճանաչի։ Սիտտասը, երբ լսեց հայի ասածը, քաշեց թուրը (իր նիզակը, ինչպես ասացինք, ջարդված ընկած էր գետնին) և որոշեց անմիջապես ետ անցնել ձորը։ Թշնամիները մեծ արագությամբ շարժվեցին նրա վրա և մեկը ձորում հասնելով նրան, թրի շեղ հարվածով վերք հասցրեց գլխին ու թեև գանգի կաշին լրիվ տարավ, բայց մետաղը չդիպավ ոսկորին։ Սիտտտասը նախկինից ավելի թափով առաջ նետվեց, սակայն Հովհաննեսի որդի Արտավան Արշակունին թիկունքից հարձակվելով, հարվածեց նիզակով ու սպանեց նրան։ Ահա այսպես անփառունակ վախճան ունեցավ Սիտտասը, վախճան, որին արժանի չէր առաքինի և թշնամիների հանդեպ [քաջություն] ցուցաբերած այդ մարդը։ Նա շատ գեղեցիկ էր, քաջ կռվող, լավագույն զորավար, ոչնչով չզիջող իր ժամանակի [զորավարներին]։ Ոմանք պատմում են, որ Սիտտասին սպանողը ոչ թե Արտավան էր, այլ Սողոմոնը՝ հայերի մեջ բոլորովին անհայտ մի մարդ»։

Վերոշարադրյալից հետևում է, որ Վասակ Մամիկոնյանն օգտագործելով տեղանքիառանձնահատկությունները, հաջողել է բյուզանդացիների բանակը մասնատել մանր խմբերի, ցրելովկամ նույնիսկ թույլ չտալով նրանց շարել իրենց ավանդական մարտակարգերը։ Միմյանցից կտրվածկիրճերում և ձորակներում սկիզբ առած մեկուսի մարտերում հայկական զորքերն ի վերջո հաղթանակտարան։ Պրոկոպիոսի հավաստիացումը, թե հայերն Սիտտասին ճանաչեցին իբր պատահականորեն՝մարտի թոհուբոհում, բացարձակապես արժանի չէ վստահության։ Իրականում բյուզանդական բանակիգլխավոր հրամանատարը կարող էր ճանաչվել ոչ այնքան իր դիմագծերով, ինչպես, ըստ Պրոկոպիոսի,պատահել է այս դեպքում, որքան ավելի խոշոր հատկանիշներով և նշաններով, այդ թվում՝ստրատեգոսի մարտական դրոշով, անձնական զինվորական տարբերանշաններով,հրամանատարական հանդերձանքով և այլն։ Ավելին՝ պատահականություն չի կարելի համարել նաևայն, որ Սիտտասի ջոկատի (որն անկասկած լավագույնն էր նրա բանակում) դեմ-դիմաց հայտնվել էր իրհանդգնությամբ ու փայլուն ռազմական ձիրքով արդեն հայտնի հայ երիտասարդ զորահրամանատարԱրտավան Արշակունու գլխավորած ընտիր ջոկատը, որի առջև Վասակ Մամիկոնյանը, ըստ ամենայնի,ճակատամարտի հենց սկզբից խնդիր էր դրել գտնել և ոչնչացնել Սիտտասին։ Արտավանն ու նրաջոկատը շահեցին այս առանձին վերցված մարտն ինչպես մարտավարական առումով՝ հմտորեն համադրելով նահանջն անսպասելի հակագրոհի հետ, այնպես էլ անհատական մարտական պատրաստությամբ՝ փորձառու և քաջ ռազմիկ Սիտտասի ու լեգեոներների դեմ մենամարտերում։

Ապստամբության վերջը։ Ակոռիի և Ավնիկի ճակատամարտերում (481 և 539 թթ.) հայոց մարտավարության համեմատական վերլուծություն։

Ճշմարիտ է, որ Սիտտասի և Արտավան Արշակունու ջոկատների միջև տեղի ունեցած մարտը մեծապես որոշեց Ավնիկի ճակատամարտի բախտը։ Սակայն պետք է նաև ընդունել, որ այդ ճակատամարտի խիստանսովոր բնույթը թույլ չէր տալու, որ Սիտտասի մահն ունենա այնպիսի մեծ նշանակություն՝ նրաբանակի վերջնական պարտության գործում, ինչպիսին այն կունենար, եթե պատահեր բաց դաշտում՝բոլորի աչքի առջև։ Զորամասերի տարանջատվածության, նրանց միջև հուսալի կապի բացակայության ևառանձին մարտերի մեկուսացվածության պատճառով և՛ հայկական, և՛ բյուզանդական զորքերի մեծ մասը բավականին ուշացումով պետք է տեղեկացված լինեին Սիտտասի սպանվելու մասին։ Եթեհայկական զորքերն ընկրկեին ու պարտվեին մյուս մարտերում, ապա Սիտտասի ոչնչացումը նրանցընդհանուր հաղթանակ չէր պարգևի, քանի որ սպանված Սիտտասի փոխարեն հրամանատարությունն անմիջապես ստանձնած պետք է լիներ նրա տեղակալը, ինչպես ընդունված էր հռոմեական (ի դեպ՝ նաևհայկական) բանակում։

Հետևաբար հայերը ճակատամարտը շահել էինշնորհիվ ոչ միայն Սիտտասի ջոկատի դեմտարած հաղթանակի, այլև ընդհանուրառմամբ՝ այդ օրը տեղի ունեցած բազմաթիվմարտերի մեծ մասում՝ պարտությանմատնելով նաև բյուզանդացիների մյուս զորամասերին։ Ուստի Ավնիկի մոտհաղթանակի առավել ստույգ բանաձևըկստանանք՝ գումարելով բյուզանդականբանակի գլխավոր հրամանատարիոչնչացումը ճակատամարտի ընթացքումտեղի ունեցած առանձին մարտերի ավելիքան կեսում հայոց տարածհաղթանակներին։ Հաղթանակի ձեռքբերմանը, անշուշտ, նպաստել էին հայոց հրամանատարության՝տեղանքի մանրազնին ուսումնասիրությունն ու հմուտ օգտագործումը, այնտեղ պաշտպանողական-հարձակողական ճակատամարտի նախապատրաստումը, ներառյալ՝ հայոցզորամասերի ճիշտ տեղաբաշխումը, դարանակալումների ու պահեստազորի համար նախապես թաքունտեղերի որոշումը, մի շարք ամրաշինությունների հնարավոր կառուցումը և այլն։ Համարժեք նախապատրաստական միջոցառումներ իրականացնելու համար Սիտտասը չուներ ո՛չ ժամանակ, ո՛չ էլ հնարավորություն, քանի որ Վասակ Մամիկոնյանի ընտրած ռազմական գործողությունների թատերաբեմ ոտք դնելուն պես՝ նա անմիջապես ենթարկվեց հարձակման. հայկական բանակը դուրս եկավ պաշտպանվողի դրությունից և բազմաթիվ հանդիպական մարտերի սկիզբ դրեց։

Այսպիսով, Վասակ Մամիկոնյանը Սիտտաս Ուրսիկոսի հանրաճանաչ զորավարական տաղանդը գերազանցեց ոչ միայն ամբողջ պատերազմափուլը ծրագրելու և վարելու գործում, հատկապես ստիպելով հակառակորդին գլխավոր ճակատամարտը տալ պաշտպանողական-հարձակողական գործողությունների համար նախապատրաստված և բնույթով իրեն ձեռնտու տեղանքում, այլև այդ եզակի ճակատամարտի ղեկավարման ընթացքում, ճակատամարտ, որը դեռ պետք է իր արժանի տեղն զբաղեցնի վաղ բյուզանդական ժամանակաշրջանի պատերազմների մարտավարության պատմության մեջ։ «Զորավարին՝ իր տաղանդը բացահայտելու համար՝ ամենալայն ասպարեզ է տրամադրում կտրտված, բլրաշատ տեղանքը»՝ Կլաուզեվիցի այս դիպուկ միտքը կարող ենք լիովին վերագրել նաև Վասակ Մամիկոնյանին՝ անարդարացիորեն մոռացության մատնված ականավոր այդ զորահրամանատարին, ով 538-539 թթ. գլխավորեց հայոց ապստամբական բանակը։

Փոքր-ինչ շեղվելով՝ անցկացնենք ռազմապատմական մի զուգահեռ։ Ավնիկի ճակատամարտից առաջ և նրա ընթացքում Վասակ Մամիկոնյանի կիրառած մարտավարությունը մի շարք ակնհայտ նմանություններ ունի 481 թ. տեղի ունեցած Ակոռիի հայտնի ճակատամարտի հետ, ահավասիկ՝ 1) նահանջ դեպի խիստ կտրտված տեղանք, ապա հակագրոհի ձեռնարկում, 2) մարտի հրահրում բարձրլեռնային գոտում, 3) թշնամու զորքերի գլխավոր հրամանատարների նախածրագրված ոչնչացում։ Հիշեցնենք, որ 481 թ. 300 հոգուց բաղկացած հայկական մի ջոկատ՝ մեկ այլ Մամիկոնյանի (այն էլ՝ դարձյալ Վասակ) գլխավորությամբ ջախջախեց 7000-անոց պարսկական զորքը։ Ինչպես և Ավնիկի ճակատամարտից առաջ, հայերն սկզբում ներքաշեցին հակառակորդին լեռնոտ տեղանք՝ դեպի Մեծ Մասիսի լանջերը, ապա Ակոռի գյուղի մոտ, ծովի մակերևույթից 1700 մետր բարձրության վրա սրընթաց հակագրոհ ձեռնարկեցին՝ ընդսմին ոչնչացնելով պարսիկների գլխավոր հրամանատարին՝ մարզպան Ատրվշնասպին։ Միաժամանակ կարևոր տարբերությունն էլ այս երկու բարձրլեռնային ճակատամարտերի միջև այն էր, որ Ակոռիի մոտ հայկական զորքը մանր ջոկատների չէր բաժանվել, ինչպես Ավնիկի մոտ, այլ հանդես էր եկել իբրև մեկ միասնական բռունցք, որը ճիշտ պահերին ու ճիշտ տեղերում ուժերի կենտրոնացման շնորհիվ կարողացավ հաջորդաբար ջարդել թշնամու միմյանցից անջատված զորամասերը. սկզբում 300 հայ մարտիկները ժամանակին հակագրոհ ձեռնարկեցին և ճզմեցին պարսկական հեծելազորի ընտրանին, որը պոկվելով առաջ՝ կտրվել էր հիմնական ուժերից, այնուհետև նրանք տեղափոխեցին կենտրոնացված հարվածը (ինչպես մինչ այդ Վասակն անձամբ անցկացված նախազննությամբ արդեն պարզել էր) մարտական թույլ պատրաստություն ունեցող պարսկական զորամասերի վրա, իսկ ամենավերջում գրոհեցին ու ցրիվ տվին ուշացումով իրենց թիկունք թափանցած՝ էթնիկապես խառը կազմ ունեցող խմբավորումը (ներառյալ մարտի ամենասկզբում պարսիկների կողմն անցած մախղազ Գարջույլի հարյուրակը)։ Ընդ որում՝ այս երրորդ ու վերջին մարտի ժամանակ սպանվեց պարսիկներին դաշնակից կատշաց ցեղախմբի զորամասը գլխավորող հրամանատարը։ Պատմական սկզբնաղբյուրի՝ Ղազար Փարպեցու համաձայն, վերջին մարտից առաջ Հրահատ Կամսարականն անցկացրել է մարտավարական հետախուզում, որից հետո «սակաւ արամբք» նա և նրա եղբայր Ներսեհը (չշփոթել ավելի ուշ՝ 527 թ. Բելիզարիոսին և Սիտտասին հաղթած նույնանուն Կամսարական եղբայրների հետ) գրոհի են նետվել։ Բայց չպետք է կասկածել, որ հայկական զորքի հիմնական մասը ևս մասնակցել է այդ վերջին գրոհին, նրանց հետևելով երկրորդ շարակարգում. չէ՞ որ մյուս ուղղություններում հակառակորդ այլևս գոյություն չուներ։

Առանձին ուշադրության է արժանի հակառակորդի գլխավոր հրամանատարների ոչնչացումը՝ երրորդ ընդհանուր մարտավարական տարրը, որը հայերը հաջողությամբ կիրառել են Ակոռիի և Ավնիկի ճակատամարտերում։ Թշնամական բանակին հասցված այսպիսի անհամաչափ հարվածի բարձր գործունությունը բոլոր ժամանակներում էլ հայտնի է եղել մեծ և փոքր ռազմական կազմակերպությունների հրամանատարությանը։ Այդ իսկ պատճառով էլ դժվարը եղել է ոչ թե նման քայլի մտահղացումը կամ նույնիսկ ծրագրում, այլ՝ դրա իրականացումը։ Բուն մարտի ընթացքում նման գերբարդ առաքելության կատարումը պահանջել է, մասնավորապես՝ հավաստի նախնական հետախուզական տեղեկություններ, հրաշալիորեն վարժեցված և շարժունակ ընտիր ջոկատի՝ ճիշտ ժամանակին գրոհի առարկայի՝ հակառակորդի գլխավոր հրամանատարի վրա դուրս բերում (նկատի ունենալով, որ նա ինքն է սովորաբար պաշտպանված եղել թիկնապահներից բաղկացած սեփական ընտիր ջոկատով) ու կայծակնային արագությամբ հասցված «կետային հարված»։ Ակոռիի և Ավնիկի մոտ հայկական զորքերը լուծեցին այդ բոլոր խնդիրները, ընդ որում՝ Ակոռիի մոտ կատշաց առաջնորդը՝ «զայր հզոր և զմարտիկ», իսկ նրանից առաջ, հնարավոր է, նաև պարսից զորքի գլխավոր հրամանատար Ատրվշնասպը խոցվել են համապատասխան մարտերի ամենասկզբում՝ առաջին իսկ բախումների ժամանակ։

Այն, որ այս երկու ճակատամարտերը ղեկավարել են Մամիկոնյան զորավարները և երկրորդում՝ 58 տարի անց, օգտագործվել են առաջինում կիրառված մարտավարական կարևոր տարրեր (բնականաբար՝ պատմառազմական հանգամանքների տարբերությունից բխող անհրաժեշտ ձևափոխումներով հանդերձ), հանգեցնում է միանգամայն պարզ մի եզրակացության՝ լեգենդար սպարապետների տոհմական տանը գործում էր հայոց ռազմարվեստի մի անզուգական դպրոց, որտեղ սերնդեսերունդ ջանադրաբար փոխանցում էին ռազմական արժեքավոր փորձը և լավագույն ավանդույթները։

Վերադառնանք, սակայն, 538-539 թթ. հայոց ապստամբության պատմությանը։ Մեր միակ սկզբնաղբյուրը՝ Պրոկոպիոսը, ոչինչ չի հաղորդում Ավնիկի ճակատամարտում բյուզանդական բանակի կրած ընդհանուր կորուստների մասին, սակայն նրա կրած ծանր պարտության մասին կարելի է դատել թեկուզ այն փաստից, որ Հուստինիանոսն ստիպված էր Հայաստան ուղարկել իր փորձառու զորավարներից ևս մեկին՝ Բուզեսին, հասկանալի է՝ խոշոր համալրումների կամ նույնիսկ նորակազմ բանակի հետ։ Պարզ է, որ Ավնիկի ճակատամարտից հետո Սիտտասի բանակի մնացորդները նահանջել էին և Հայաստանի բյուզանդական մասում իշխանությունը գրեթե լիովին անցել էր ապստամբների ձեռքը, որոնք, հնարավոր է, գրավել էին նաև Թեոդոսուպոլիսը։ Եվ ահա թե ինչ շարունակություն է ունենում ապստամբությունը՝ ըստ Պրոկոպիոսի.

«Սիտտասի վախճանվելուց հետո կայսրը Բուզեսին հրամայեց արշավել հայերի վրա։ Վերջինս, երբ տեղ հասավ, [հայերին] նամակ ուղարկեց, որով խոստանում էր նրանց հաշտեցնել կայսեր հետ և այդ կապակցությամբ առաջարկում էր, որ մեծամեծներից մարդիկ գան իր մոտ՝ բանակցություններ վարելու։ Սակայն [հայերը] Բուզեսին հավատալու ոչ հիմքեր ունեին, ոչ էլ նրա խոսքերին ականջ դնելու ցանկություն։ Բուզեսը մի մոտիկ ընկեր ուներ՝ [ծագումով] Արշակունի, անունը՝ Հովհաննես, որը Արտավանի հայրն էր։ Վերջինս, հույս դնելով Բուզեսի հետ ունեցած բարեկամության վրա, իր փեսա Վասակի և մի քանիսի հետ եկավ նրա մոտ։ Նրանք հասան և ապաստանեցին մի վայրում, որտեղ հաջորդ օրը պետք է հանդիպեին Բուզեսի հետ, բայց զգացին, որ հռոմեական զորքերը շրջապատել են իրենց։ Հովհաննեսի փեսա Վասակը շատ էր աղաչում Հովհաննեսին փախուստի դիմել, բայց երբ չհաջողվեց համոզել, մենակ թողնելով նրան, հռոմայեցիներից գաղտնի, մնացածների հետ նույն ճանապարհով վերադարձավ։ Այսպիսով, Բուզեսը միայն Հովհաննեսին գտավ և սպանեց, որից հետո հայերը հռոմայեցիների հետ համաձայնության գալու բոլոր հույսերը կտրեցին, ի վիճակի չլինելով պատերազմում պարտության մատնել կայսերը, գործունյա Վասակի գլխավորությամբ նրանք գնացին պարսից արքայի մոտ»։

Այսպես էլ 538-539 թթ. հայոց ապստաբմությունն ավարտվում է, բայց այն ունենում է կարևոր շարունակություն. Պարսկաստան անցած հայ զորահրամանատարները և նրանց ջոկատներն իրենց մասնակցությունը բերեցին, նաև իրենց համառ դրդմամբ, 540 թ. մայիսին Բյուզանդիայի դեմ Խոսրով Ա-ի սկսած պատերազմին։ Շատ կարևոր է հասկանալ հայոց ապստամբության պարագլուխների շահագրգռվածությունն այս նոր պատերազմում։ Մեր կարծիքով՝ Վասակ Մամիկոնյանը, Արտավան Արշակունին, նրանց զինակիցները, ինչպես նաև հայ աշխարհիկ ու հոգևոր վերնախավի զգալի մասը հույսեր էին տածում, որ պատերազմի արդյունքում Հայաստանի բյուզանդական մասը կմիացվի Պարսկահայաստանին, փաստորեն՝ տեղի կունենա Հայաստանի արևմտյան ու արևելյանի մասերի վերամիավորումը՝ թեկուզ և Պարսկաստանի կազմում։ Եթե այդ սցենարը հաջողվեր իրականացնել, ապա կտրուկ կաճեր Պարսկահայաստանի բավականին լայն ինքնավարության աստիճանը՝ նոր հնարավորություններ ստեղծելով երկիրն ամրապնդելու և հանուն անկախության ապագա ազատագրական պայքարի համար։ Ցավոք, այս ծրագրին վիճակված չէր իրականանալ։ Մինչև 542 թ. պատերազմն ընթանում էր ոչ թե Հայաստանում, այլ Միջագետքում և Լազիկեում։ Համոզվելով իրենց հույսերի անիրական լինելու մեջ և հիասթափվելով Հայաստանի նկատմամբ պարսկական քաղաքականության մեջ՝ ապստամբության պարագլուխները՝ Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ (որն այս առթիվ դարձյալ հիշատակվում է իբրև նրանց առաջնորդ), նաև Արտավան Արշակունին ու նրա եղբայր Հովհաննեսը՝ «ստանալով հռոմայեցիներից երաշխիքներ իրենց անձեռնմխելիության վերաբերյալ» անցան Բյուզանդիա։ Դա եղավ արդեն 542 թ.։ Մասնավորապես, Արտավանը, ինչպես այդ մասին վերն արդեն ասվել է, արագորեն բարձրացավ արքունիքի աստիճանակարգով և արդեն կայսրության մայրաքաղաքից փորձեց ներազդել Հայաստանի ճակատագրի վրա՝ մի քանի այլ բարձրաստիճան հայերի հետ միասին՝ իր մասնակցությունը բերելով Հուստինիանոսի դեմ ձախողված մահափորձին։

Այդուամենայնիվ 538-539 թթ. հայոց ապստամբությունը, անշուշտ, մեծ նշանակություն ունեցավ ազգային ոգու և անկախության ձգտումների պահպանման համար հատկապես Հայաստանի բյուզանդական մասում, որը կայսրության հետ կրոնական մերձավորության պատճառով ենթակա էր նրա ձուլողական քաղաքականության ազդեցություններին։ Այդ շարժմանը հետևեցին հայոց նոր ազատագրական ելույթներն ինչպես Պարսկաստանում, որտեղ հզոր ապստամբություն բռնկվեց 571 թ., այնպես էլ Հայաստանի բյուզանդական մասում՝ 589, 591, 601 թվականներին… Ի հեճուկս բոլոր հակամիջոցների, որոնք ձեռնարկում էին այն ժամանակվա գերտերությունները՝ Արևելյան Հռոմեական կայսրությունը և Սասանյան Պարսկաստանը, հայոց զինված ուժերը շարունակում էին պահպանել իրենց կազմակերպչական կառուցվածքը և մարտական բարձր որակները, որոնք հաջողությամբ կիրառվեցին հետագա ազատագրական կռիվներում։

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ»,

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: