Տեղի է ունեցել սգո երթ՝ ի հիշատակ սահմանին զոհված հայ զինծառայողների

by

Այսօր Արամ Խաչատրյանի արձանի մոտից մեկնարկել է «Հայազն» միության կազմակերպած սգո երթը՝ ի հիշատակ սահմանին զոհված հայ զինծառայողների և որպես բողոքի նշան վերջին օրերին Չինարի գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ:

Երթի մասնակիցները նամակներ էին պատրաստել՝ ուղղված ՀՀ նախագահին և ԱԳ նախարարին: Նամակում ասված է.

«1994թ. մայիսին հաստատված կեղծ հրադադարի պայմաններում, յուրաքանչյուր տարի հայ երիտասարդ զինվորները տասնյակներով զոհ են գնում ադրբեջանական գրոհայինների հարձակումներին: Համարվում է, որ հայկական զորամասերը համարժեք պատասխան են տալիս թշնամուն: Սակայն, վերջին տարիներին ադրբեջանական հարձակումների և դրանց արդյունքում զոհվող հայորդիների թիվը միայն աճում է:

Տեղի ունեցողը հատուցումն է այն անպատասխանատու քայլի, որ Հայաստանի քաղաքական ու զինվորական ղեկավարությունը կատարեց 1994-ին՝ կիսատ թողնելով և հաղթական ավարտին չհասցնելով ազատագրական պատերազմը:
Ագրեսորին խաղաղություն պարտադրելու փոխարեն պաշտոնական Երևանը թույլ տվեց, որ իրեն ներքաշեն անիմաստ բանակցային գործընթացի մեջ, որի միակ նշանակությունը Հայաստանին անհնար տարածքային զիջումներ պարտադրելն է:
Բաքուն, իր հերթին, շահած ժամանակը արդյունավետորեն օգտագործում է իր սցենարով պատերազմի ավարտը նախապատրաստելու համար:

Այսօր հաճախ ենք լսում Բաքվին հասցեագրված դատապարտման խոսքեր: Սակայն թշնամուն ամոթանք տալը ամենաանիմաստ զբաղմունքն է, որը նաև ցուցադրում է սեփական անճարությունը: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ շարունակվող պատերազմը ընդհանրապես առանց զոհերի չի կարող լինել: Սակայն դատապարտում ենք այն թողտվությունը, որը ադրբեջանցիներին օրեցօր ավելի լկտի է դարձնում:
Պահանջում ենք պետական, բանակային և դիվանագիտական ղեկավարությունից.

1. Անհապաղ վերանայել «պատասխան գործողությունների» մեր չափանիշը:
Թվաբանական համարժեք հատուցումը համարժեք չէ ըստ էության: Իրական համարժեք պատասխանը պետք է էապես ավելի մեծ լինի և ներառի ժողովրդագրական համամասնության, ինչպես նաև պատժիչ և կանխարգելիչ նշանակություն հաղորդող
գործակիցները: Արդյունքում զոհերի մեկին տասը հարաբերությունը այն նվազագույնն է, որ կարող է ըստ էության համարժեք համարվել: Համարժեք պատասխանը, առանց վաղեմության սահմանափակման, պետք է վերաբերի նաև անցյալում պատճառված բոլոր կորուստներին:

2. Մինչև վերջին տարիների բոլոր կորուստներին համարժեք պատասխան տալու գործողությունների ավարտը, դադարեցնել ամեն տեսակի ուղղակի, անուղղակի և միջնորդավորված դիվանագիտական շփումները թշնամի պետության և նրա հովանավորների հետ:

3. Երբևէ այլևս չքննարկել տարածքային զիջումներ պարունակող որևէ միջնորդական առաջարկություն: Ապամիջազգայնացնել Արցախյան հիմնախնդիրը և ձեռնամուխ լինել բացառապես սեփական ուժերով դրա վերջնական լուծմանը, որը ենթադրում է.

• Արցախի չբնակեցված և թերբնակեցված բոլոր շրջանների լիարժեք բնակեցումը և տնտեսական յուրացումը:

• Վերացնել Արցախի կարգավիճակին վերաբերող իրավական հակասությունները՝ այն ամբողջությամբ ներառելով ՀՀ վարչական տարածքի մեջ և վերականգնելով ՀՀ արցախաբնակ քաղաքացիների սահմանադրական իրավունքները:

• Ամրացնել պաշտպանական գիծը և պատրաստվել դիմագրավել Բաքվի նոր հարձակումներին, միաժամանակ հայտարարելով այն գինը, որն Ադրբեջանը ստիպված կլինի վճարել լայնածավալ մարտական գործողությունները վերսկսելու և պարտվելու դեպքում, դրա մեջ հստակորեն ներառելով առնվազն Գարդմանքի և Նախիջևանի ազատագրումը»:

Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շարունակ կոպտորեն խախտում է հրադադարը՝ կրակելով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա: Նախ հունիսի 1-ին թշնամու գնդակից ծնկի հատվածում վիրավորում էր ստացել Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչը՝ դաշտում աշխատելիս: Այդ դեպքի կապակցությամբ ԵԱՀԿ առաքելությունը միակողմանի արտահերթ դիտարկում կազմակերպեց տեղանքում, սակայն դրանով չբավարարվեց հակառակորդը: Հունիսի 4-ի գիշերը ադրբեջանական կողմը դիվերսիոն հարձակում էր կազմակերպել Բերդավան և Չինարի գյուղերի մոտ տեղակայված հայկական հենակետերի ուղղությամբ: Տեղի էր ունեցել մարտ, որի ընթացքում հայ զինվորները հերոսաբար պաշտպանել էին իրենց սահմանը, ցավոք, տալով երեք զոհ և 6 վիրավոր:

Թշնամին, սակայն, այդքանով էլ չբավարարվեց և հաջորդ գիշերը նույնպես փորձեց դիվերսիոն հարձակում կազմակերպել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս անգամ, բարեբախտաբար, հայկական ուժերն ավելի զգոն էին, և թշնամու հարձակումը միանգամից տապալվում է: Ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարում է 5 զոհի և բազմաթիվ վիրավորների մասին, սակայն հայկական աղբյուրների տվյալների համաձայն՝ հակառակորդն ավելի մեծ թվով զոհ է տվել: Հայկական կողմն այս անգամ ոչ մի զոհ չի ունեցել:

Երեկ ուշ երեկոյան Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում իրավիճակը կրկին անհանգիստ է եղել: Տևական ժամանակ կրակոցներ են տեղացել մի քանի գյուղերի ուղղությամբ, սակայն գիշերը հանդարտվել են:

Հիշեցնենք նաև, որ այս օրերին տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է գտնվում ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը: Հետաքրքրական է, որ հենց այն օրը, երբ նա գտնվում էր Հայաստանում, ադրբեջանական կողմն իրականացրել էր իր դիվերսիոն հարձակումը: Տեղեկանալով դեպքի մասին՝ Հ.Քլինթոնն ասել է. «Ես տխրեցի վերջին զարգացումների հետ կապված: Ուժի կիրառումը չի կարող լուծել ղարաբաղյան հակամարտության խնդիրը, ուժը պետք է բացառվի… Հունիսի 6-ին ես կլինեմ Բաքվում և լուրջ հարցեր ունեմ տալու Ադրբեջանի ղեկավարին: Ես և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավատացած ենք, որ ԼՂ հարցի լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, և այդ ուղղությամբ ճանապարհ պետք է գտնվի»: Այսօր սպասվում է ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը Ադրբեջանի ղեկավարության հետ»:

7or.am

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: