Պատերազմի վերսկսման դեպքում Սփյուռքի արձագանքը կախված կլինի Հայաստանի քաղաքական վերնախավի հատկություններից.

by

«88-յան շարժման օրերից սկսյալ Արցախը արտերկրում բնակվող հայության համար արժանացել է առանձնահատուկ ուշադրության, այսօր ևս շարունակում են դիտարկել այն մեր ազգի համար որպես մեծ ձեռքբերում և գուրգուրանքի զգացումով հետևում պահի զարգացումներին»,– Tert.am–ին տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանը՝ ի պատասխան մեր հարցի, թե որպես նախկին հրամանատար ինչպե՞ս է գնահատում սփյուռքահայության վերաբերմունքը ղարաբաղյան խնդրի շուրջը այս պահին ընթացող զարգացումների նկատմամբ։

Ըստ Սեֆիլյանի, արտերկրում բնակվող հայության արձագանքը հայ — ադրբեջանական պատերազմի վերսկսման դեպքում գլխավորապես կախված է լինելու «այսօրվա Հայաստանի քաղաքական վերնախավի և մեր երկրի իշխող ռեժիմի որակական հատկություններից», ինչու չէ, նաև սփյուռքի ազգային հաստատությունների ղեկավարության որակական մակարդակից: «Մինչ պատերազմը, եթե մեզ չի հաջողվելու կատարել որակական հիմնավոր փոփոխություն կամ պատրաստել քաղաքական նոր վերնախավ, որը պատրաստ լինի տվյալ պահին ղեկը իր ձեռքը վերցնելու, ապա արդյունքը շատ ողբերգական է լինելու»,– նշեց շարժման նախաձեռնողը։

Մեր հարցին, թե արդյո՞ք, ինչպես Արցախի ազատագրման պատերազմի ժամանակ, նոր պատերազմի դեպքում էլ Սփյուռքը կկանգնի մայր Հայաստանի կողքին, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հաստատել, որ 90-ականների սկզբի և’ Հայաստանի և’ Սփյուռքի ապիկար քաղաքական ու ռազմական ղեկավարության պատճառով Արցախյան ազատագրական պատերազմին դժբախտաբար մեզ հայերիս չհաջողվեց լիարժեք օգտվել սփյուռքյան ներուժից։ Այդ ներուժի 2 %-ն անգամ չենք կարողացել մոբիլիզացնել: Այսօր ևս մեզ չի հաջողվի և հավանական է նույնիսկ ավելի վատ ցուցանիշի փաստի առաջ հայտնվենք եթե չգիտակցենք չկրկնել և ուղղել վերևում նշված կարևորագույն հանգամանքը»:

Նախկին հրամանատարի համոզմամբ՝ Արցախյան պատերազմի ժամանակ աշխարհասփյուռ հայությանը միավորող գլխավոր գործոնը եղել է ու շարունակում է մնալ սերունդից սերունդ փոխանցվող հայրենատիրության զգացումի պահպանումն ու զարգացումը։ «Բարեբախտաբար մեզ՝ Հայերիս, դա հաջողվել է և այսօր ունենք մի երիտասարդություն, որը գերազանցելու է իր նախորդին»,– ասաց նա։
«Այսօր հայաստանյան իրավիճակի մասին տեղեկանալու նախկինում գոյություն ունեցող խոչընդոտները հիմնականում հաղթահարված են, և մեծամասնության համար արդեն հստակ է այն անառարկելի իրականությունը, որ մեզ՝ հայերիս, այս 20 տարիների ընթացքում չի հաջողվել պետություն ստեղծել, առավել ևս Հայկական Պետություն»,– շարունակեց Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով մեր հարցին, թե ինչպիսին են այսօր Սփյուռքում տիրող տրամադրությունները հայաստան իրավիճակի վերաբերյալ։ Սեֆիլյանի կարծիքով՝ տրամադրություններն ու մտորումները հիմնականում 2 մասի է բաժանել Սփյուռքի մեր ժողովրդին։

 

«Առաջին մասը գտնվում է խոր հուսահատության մեջ և այնքան խոր, որ երբ փորձում ես շոշափել նրանց տրամադրությունները, քո մոտ ձևավորվում է մի կարծիք, որ այս մարդիկ լինելով հանդերձ սրտացավ Հայրենիքի նկատմամբ, պատրաստվում են հենց իրենց կողմից շատ սիրելի Հայրենիքի թաղման արարողությանը: Իսկ երկրորդ մասը՝ գերազանցաբար երիտասարդներ, որի մեջ է իրեն տեսնում նաև «Սարդարապատ» շարժումը, առկա իրականությունը ընդունում է որպես մարտահրավեր և պատրաստվում ռազմավարական պայքարի, որից ծնունդ է առնելու շատերիս կողմից երկար սպասված Հայկական Պետությունը, այնպիսի մի պետություն, որն օրինակելի է լինելու համայն մարդկությանը և այդ նվաճմամբ աշխարհասփյուռ հայությունը պարծենալու է, ու այդ պարծանքի զգացումն է, որ իմաստավորելու է Հայ մարդուն շարունակելու Հայ մնալ»,– եզրափակեց Ժիրայր Սեֆիլյանը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: