Ճահճից պետք է անցնել հեղափոխության

by

Մեր զրուցակիցն է Ստեփան Դանիելյանը

Ստեփան, կառավարության ծրագրի սինխրոն քվեարկություն կատարվեց, այս անգամ հստակ քննադատություններ հնչեցին, ասում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ծանր է տանում ընդդիմության` կառավարության ծրագրի շուրջ քննադատությունը: Փոփոխություն նկատո՞ւմ եք այս առումով:

Այո, փոփոխություն նկատվում է, սակայն հարցն այն է, թե ով ինչ է հասկանում փոփոխություն ասելով: Շատ կարևոր է, որ կառավարության սնանկությունը, որում բոլորս էլ համոզված ենք, ֆիքսվում է խորհրդարանում: Այդ ֆիքսացիան շատ կարևոր է, քանի որ դա ցույց է տալիս, որ Հանրապետական կուսակցությունը պատրաստ չէ քաղաքական բանավեճի, ավելին` չունի քաղաքական օրակարգ: Կառավարության` բովանդակային առումով ծրագրի բացակայությունը նույնպես ծրագիր է: Ի՞նչ է դա նշանակում. ինձ համար պարզ է, որ Հայաստանի համար վերապահված է որոշ աֆրիկյան և լատինամերիկական երկրներում արդեն փորձարկված հումքային պետության կարգավիճակը, որի համար անհրաժեշտ են նաև որակական փոփոխություններ` հասարակական, բնապահպանական գիտակցության բացակայություն, մտավոր ներուժ ունեցողների համար երկիրը լքելու համար կառավարական ծրագրերի ստեղծում և այլ նմանատիպ կրթական նախաձեռնություններ: Նույն ծրագրի մի մասն է նաև այն անհասկանալի իրավիճակը, երբ քիչ թե շատ նշանակալի եկամուտ չբերող հրատարակչական ոլորտում տարվում է նույն հարկային քաղաքականությունը, ինչը կա երշիկի արտադրության ոլորտում: Արտաքին պարտքի ավելացում, զարգացման կառավարական ծրագրերի բացակայություն… Կրթությանը և ժամանակակից տեխնոլոգիաներին փոխարինում է եկեղեցաշինությունը, ազգային ակադեմիայի նիստերի նախագահությունում հայտնվում են եպիսկոպոսներ, և այլն: Սա մեկառմեկ վերոհիշյալ երկրներում արվածի կրկնությունն է: Մի բան է, որ հասարակությունը տեսականորեն հասկանում է, որ այս կառավարությունը երկիրը տանում է կոլապսի, մի այլ բան է, որ դեռևս կառավարության կողմից չվերահսկվող քաղաքական ուժերը կարողանան քաղաքական օրակարգ ձևավորել և ցույց տալ կոնկրետ լուծումները, որոնց իրականացմանը խոչընդոտում է կառավարությունը: Առաջին տարբերակը կոչվում է քաղաքական ճահիճ, երկրորդ տարբերակը` հեղափոխական իրավիճակ: Մենք պետք է ճահիճից անցում կատարենք հեղափոխական իրավիճակի: Դա է Հայաստանի այսօրվա քաղաքականության պահանջը, և այդ առումով ԱԺ-ի քննարկումները կարող են շատ կարևոր լինել:

Դրական ոչինչ հնարավո՞ր չէ սպասել:

Կառավարությունը Հայաստանն այնպիսի իրավիճակի է հասցրել, որ ցանկացած տարբերակում դրական ոչինչ հնարավոր չէ սպասել, բայց փոփոխությունները անհրաժեշտ են, որովհետև կարող են հետագայում հանգեցնել զարգացման: Այն, որ ճահճի անդորրը պետք է խախտել, միանշանակ է: Այս իշխանությունը, որն անձնավորում է Սերժ Սարգսյանը, ձեռք է բերել Սերժ Սարգսյանի անձնական հատկությունները: Այսինքն` գործող իշխանությունը միայն այն ժամանակ է կարող որևէ քայլ կատարել, երբ համոզված է, որ վերահսկում է իրավիճակը, բայց երբ իրավիճակը բարդանում է, և զարգացումները միանշանակ չեն, Սերժ Սարգսյանը և հետևաբար իշխանությունը կաթվածահար է լինում, իսկ իրավիճակը Հայաստանում և մեր տարածաշրջանում դեռ երկար ժամանակ պարզ լուծումներ չի ունենալու:

Խնդիրը կարծես բարդացել է թե ՀՀԿ-ի, թե ԲՀԿ-ի համար: Մի կողմում Վարդան Օսկանյանի շուրջ ծավալված աղմուկն է, մյուս կողմից Հարսնաքարի դեպքը` ծանր հետևանքներով: Ի՞նչ ելքեր կան այս իրավիճակից, երբ ՀՀԿ-ն խուսափում է դատապարտել կատարվածը:

Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու եք համարում, որ Վարդան Օսկանյանը բարդ իրավիճակում է հայտնվել: Փորձում են նրա նկատմամբ որոշակի մեղադրանք ներկայացնել, սակայն մենք շատ ենք տեսնել նման դեպքեր, երբ իշխանությունը փորձում է մեղադրանք ներկայացնել, արդյունքում ինքն է հայտնվում ծուղակում: Իշխանությունը փորձում է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի պայքարը ներկայացնել որպես արևմտամետ և ռուսամետ ուժերի պայքար, սակայն Օսկանյանի հայտնվելը ԲՀԿ-ում, հետո ԵՄ երկրների և ԱՄՆ դեսպանների աջակցությունը Սիվիլիթաս հիմնադրամին, փաստորեն այդ թեզը հարցականի տակ դրեցին: Մյուս կողմից, Սիվիլիթաս հիմնադրամում «մորմոնական հետքի» հայտնաբերումը կարծես թե պետք է ծառայեր նրան, որ ԲՀԿ-ն վարկաբեկվեր Ռուսաստանի աչքին: Սա ցույց է տալիս, որ իշխանությունների արտաքին և ներքին քարոզչությունն իրարից անկախ են աշխատում ու կարող են իրարամերժ լինել, ինչը խեղճ հանրությանն ապակողմնորոշում է, իսկ իշխանությունները հայտնվում են անհարմար վիճակներում: Այստեղ ԲՀԿ-ի համար որևէ ծանր իրավիճակ դեռ չեմ տեսնում:

Ինչ վերաբերում է «Հարսնաքարի» դեպքին, ապա սա իրոք լուրջ ճգնաժամ է իշխանության համար: Ի՞նչ է նշանակում այսօրվա Հայաստանում «իշխանություն» ասածը: Այսօրվա իշխանությունը ձևավորված չէ հասարակության քվեների հիման վրա, այն ձևավորված է որոշակի խումբ մարդկանց համագործակցության հիման վրա, որոնք գալիս են փոխհամաձայնության այն հարցի շուրջ, թե ինչպես է ձևավորվելու իշխանությունը, դրանից բխող հետևանքներով` տնտեսության, տեղական իշխանության, իրավապահ համակարգի համար: Եվ այստեղ շատ կարևոր օղակներից է օլիգարխիան: Օլիգարխիան շատ կոնկրետ համակարգ է: Որպեսզի հասկանանք այդ համակարգի էությունը, հիշենք խորհրդային կարգերը: Խորհրդային կարգերը հիմնված էին սովետների` ինքնակառավարման մարմինների և նրանց աշխատանքը վերահսկող կոմունիստական կուսակցության վրա: Իսկ կուսակցության կառույցները վերևից էին ձևավորվում: Նույնը Իրանում. կան ինքնակառավարման մարմիններ և կան հոգևորականները, որոնք վերահսկում են համակարգը: Այդ նույն վերահսկող և պատժող դերը Հայաստանում կատարում է օլիգարխիան, սակայն մի տարբերությամբ` Սովետական Միությունում և Իրանում կոմունիստական կուսակցության և հոգևորականների դերը կանոնակարգվում էր սահմանադրությամբ, իսկ Հայաստանի սահմանադրության մեջ օլիգարխիայի մասին ոչինչ ասված չէ, դրա համար Հայաստանում այն ունի զուտ կրիմինալ բնույթ, և այդ համակարգը ստիպված է ինքնականոնակարգվել: Հաճախ են լինում դեպքեր, երբ այդ համակարգում լինում են արտակարգ դեպքեր, ինչը «արտադրական գործընթացի» խոտանն է: Ինչո՞ւ է «Հարսնաքարի» դեպքը վտանգավոր իշխանությունների համար, որովհետև օլիգարխների խմբերը, որոնք կոչվում են թիկնապահներ, համակարգային կարևոր հանգույց են, և այդ հանգույցի մասին հանրային քննարկումները վտանգավոր են, որովհետև մենք գործ ունենք ոչ սահմանադրական երևույթի հետ, որի կառուցվածքի մասին չի կարելի բարձրաձայն խոսել: Պատահական չէ, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ խոսակցությունն անընդհատ գնում էր այդ խմբերի մասին, և այդ խմբերն իրենց հանդերձանքը ստանում էին ուժային կառույցներից, ինչի մասին հիշատակել է մարտի 1-ի դեպքերը քննող հանձնաժողովը: Այս առումով իշխանությունը շատ լուրջ մարտահրավերի առջև է հայտնվել, հատկապես եթե հաշվի առնենք այն, որ սպասվում են նախագահական ընտրություններ, որտեղ վերջին խոսքը հենց այդ խմբերն են ասելու: Այս խմբերին զուգահեռ, կարծես թե նոր տիպի խմբեր են ստեղծվում. խոսքը ազգայնամոլական ոչ ֆորմալ կազմավորումների մասին է, որոնք ակնհայտորեն իշխանության կողմից են հովանավորվում: «Հարսնաքարի» դեպքի հանրային քննարկումները իշխանությունների համար լուրջ մարտահրավեր են, և եթե սրան գումարենք համընդհանուր հասարակական անվստահությունը, տնտեսական ծայրահեղ վատ իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանում շատ ծանր և անկանխատեսելի իրավիճակը, ապա ես չեմ նախանձում իշխող խմբավորմանը:

Ավելի բա՞րդ իրավիճակում են, քան 2007-2008-ին:

Միանշանակ ավելի բարդ իրավիճակում ենք, եթե 2008-ին նրանք, ըստ էության, գոնե արտաքին քաղաքական միջավայրում ունեին որոշակի աջակցություն, այսօր դա չկա: Իրենք ուզում են մեզ ներկայացնել ներքաղաքական իրավիճակը որպես Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական պայքար, որտեղ Սերժ Սարգսյանը ներկայացվում է որպես ավելի տանելի այլընտրանք: Եկող նախագահական ընտրությունների ողջ քարոզչամեքենան հիմնվելու է այդ թեզի վրա: Այլ «գաղափարախոսություն» գործող իշխանությունները չունեն: Սա ինձ շատ է հիշեցնում Հայ Առաքելական եկեղեցու քարոզչությունը, որը հիմնվում է մեկ թեզի վրա. պայքար «աղանդների» դեմ: Իսկ եթե Հայաստանում այդ կրոնական կազմակերպությունները չլինեին, ապա ինչո՞վ էր զբաղվելու եկեղեցին, պարզ չէ: Նույնը կարելի է հարցնել իշխող համակարգին. եթե Քոչարյանը չլիներ, ի՞նչի վրա էր հենվելու Սերժ Սարգսյանի քարոզարշավը:

Ըստ Ձեզինչո՞ւ չդատապարտեցին քաղաքականկուսակցությունները Հարսնաքարի դեպքըանպատժելիությանմթոլորտը:

Անպատժելիության մթնոլորտ միշտ է եղել, հիշենք ինչպես Սերժ Սարգսյանի եղբոր տղաները ռեստորանում մի տղայի աչքը հանեցին, Ալրաղացի Լյովի խմբավորման գործունեությունը, «Առագաստ» սրճարանի դեպքը, և առհասարակ մինչև 98-ի իշխանափոխությունը նման դեպքեր նույնպես շատ են եղել: «Հարսնաքարի» դեպքը բոլոր այդ դեպքերից ընդամենը մեկն է: Ասենք, այս դեպքի առնչությամբ հատուկ հայտարարությամբ հանդես եկան, հետո՞ ինչ:

Ստեփան, եթե մյուս ընտրություններին Սերժ Սարգսյանի իշխանությունը պարտվեց, որևէ այլ ուժի իշխանության դեպքում, հնարավո՞ր է քրեաօլիգախիկ բուրգից հրաժարվել:

Կարծում եմ, հենց այդ հարցը պետք է լինի Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական հարցը: Մյուս, տեխնիկական հարցը` իշխանափոխությունն, այս հարցի պատասխանից է կախված: Կարծում եմ` արդեն անիմաստ է քննադատել իշխանություններին: Այն տպավորությունն է ստեղծվում, որ կան մարդիկ, ովքեր կասկածում են իշխող ռեժիմի բնույթի մեջ և նրանց պետք է համոզել կամ բացատրել, թե ինչ վատն է իշխանությունը: Այս քննադատությունն արդեն ինքնանպատակ է: Պետք է քննարկել գործողությունների պլանները: Իհարկե, պետք է լինեն երաշխիքներ, որ այդ իշխանափոխությունից հետո կլինի այն, ինչ մենք ենք ուզում:

Այսօր քաղաքականությամբ զբաղվելը պետք է նշանակի երկու խնդիրների լուծումների գտնելը: Առաջին` ձևակերպել համակարգային, այդ թվում նաև սահմանադրական փոփոխությունների ճանապարհային քարտեզ և հասարակությանը տալ գործուն երաշխիքներ, որ դրանք կկատարվեն, և միայն դրանից հետո ներկայացնել իշխանափոխության տեխնոլոգիական քայլերը: Այդ երկու խնդիրների պատասխանները պետք է հանրային քննարկումների միջոցով ձևավորվի և լինի մասնակցային բոլորի համար: Ընտրությունից ընտրություն Հայաստանում նույն սցենարն է կրկնվում. Խոսակցություններ միասնական թեկնածուի շուրջ, հետո ընտրությունների կեղծում իշխանությունների կողմից, հետո ցույցեր ու երթեր, հետո արտակարգ իրավիճակ, ձերբակալվածներ, իսկ 2008-ից` արդեն նաև զոհեր: Հաջորդ ընտրություններին էլի նույն սցենարն է սպասվում, և ոչ մի այլընտրանքային գործողությունների առաջարկ ընդդիմադիր ուժերը չեն առաջարկել, սակայն այն գոյություն ունի:

Ո՞րն է այն երաշխիքը, որ եթե իշխանությունները փոխվեն, ապա Հայաստանում կհաստատվեն ժողովրդավարական կարգեր: Երաշխիքը մեկն է` ընդդիմադիր ուժերի մեկ միասնական թեկնածուն պետք է ընտրվի ժողովրդավարական եղանակներով, այլ ոչ թե կուսակցությունների կողմից: Այսինքն` մինչև ընտրությունները հասարակությունը պետք է կազմակերպվի և մի շարք թեկնածուների միջից համաժողովրդական փրայմերիզների միջոցով ընտրի «ժողովրդի թեկնածուին»: Ի տարբերություն իշխանության նախագահի թեկնածուի` պաշտոնական ընտրություններից առաջ «ժողովրդի թեկնածուն» արդեն իսկ հանրության կողմից ընտրված է լինելու: Եթե Հայաստանի հասարակությունն ի վիճակի չէ նման եղանակով նախագահի թեկնածու ընտրել, ուրեմն ի վիճակի չի լինի նաև պաշտոնական ընտրությունների ժամանակ հաղթել «իշխանության թեկնածուին»:

Քիչ առաջ ասածս «ճանապարհային քարտեզը» նույնպես պետք է այդ նախնական ընտրությունների ժամանակ քննարկվի և ընդունվի հասարակության կողմից: Առանց հասարակության ինքնակազմակերպման` որևէ փոփոխություն հնարավոր չէ:

Վարչական ռեսուրսի օգտագործումն այս պարագայում մի՞թեկբացառվի:

Ժողովրդի կողմից ընտրված թեկնածուի հետ արդեն իսկ շատ դժվար է լինելու ընտրությունների ժամանակ պայքարել: Վարչական ռեսուրսը նման դեպքերում չի կարող գործել: Նման համակարգերին հատուկ թուլամորթությունը թույլ չի տա համախմբել վարչական ռեսուրսը: Վարչական աշխատողները երբեք չեն անի նման աղաղակող հանցագործություն, եթե 100 տոկոս վստահություն չունենան, որ կմնան անպատժելի, իսկ ցանկացած համաժողովրդական գործընթաց կբացառի նման երաշխիքի գոյությունը: Իմ անձնական դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի ապագայի հանդեպ ամենաթերահավատ խավը պետծառայողներն են: Ցանկացած պետության հիմքը բյուրոկրատիան է` չինովնիկները, իսկ Հայաստանում այդ խավը չի հավատում պետության ապագային: Սա ամենազգայուն բարոմետրն է:

Իսկ քրեական աշխարհը արդյոք չի աշխատի՞ Սերժ Սարգսյանիօգտին:

Քրեական աշխարհը կարող է էֆեկտիվ լինել, եթե աշխատում է ձեռք ձեռքի տված իրավապահ համակարգի և տեղական իշխանությունների հետ, երբ այդ կապը չի գործում, կրիմինալ աշխարհը չի կարող էֆեկտիվ լինել, առավել ևս երբ տեսնում ենք, որ կրիմանալ աշխարհը ճեղքված է:

Որտե՞ղ եք տեսնում ճեղքվածը:

Ինչպես տեսնում եք՝ կոալիցիան չի ձևավորվել:

Առաջիկա նախագահական ընտրությունները թեժ և պայթունավտա՞նգ են լինելու:

Այո, ես նույնիսկ կանխատեսում եմ, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվելու: Ավելին, կարող է լինել այնպես, որ նույնիսկ իր թեկնածությունը չի դնելու:

Իսկ ո՞ր դեպքում չի դնի իր թեկնածությունը Սերժ Սարգսյանը:

Այն դեպքում, երբ 100 տոկոսանոց համոզվածություն չունենա, որը ինքը կդառնա նախագահ: Այդ պարագայում ինքը կընտրի 2-րդ տարբերակը` պայմանավորվել ավելի մեծ շանսեր ունեցող թեկնածուի հետ, եթե իհարկե կարողանան գալ կոնկրետ պայմանավորվածությունների:

Սիրանույշ Պապյան

lragir.am

Թողնել մեկնաբանություն