Սարդարապատյան ընտրության ժամանակն է

by

Երկիրը բաց սահմաններով համակենտրոնացման ճամբարի վերածելու ծրագիր որդեգրած քրեաօլիգարխիկ համակարգը հերթական անգամ ցույց տվեց իր գիշատիչ բնույթն ու սպառողական կենսադիրքորոշումը: Հանցավոր վարչախմբի անդամ և հովանավորյալ օլիգարխի կերակրատաշտից սնունդ առնող և անպատժելիությունից արբեցած ավազակախումբը ինքնադատաստանի նպատակով ազգային բանակի մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելով մահվան դուռն է հասցրել: Բռնության ու նվաստացման ենթարկվելու` յուրաքանչյուրին սպառնացող ողբերգությունը հերթական անգամ ցույց տվեց համակարգի ազգակործան քաղաքականությունը` ստրկացիր կամ հեռացիր:

Չնայած մասնավոր առանձնահատկություններին, նման դեպքերը նույն պատճառն ունեն և նույն նպատակն են հետապնդում` իշխանությունը յուրացնելու և պետության կառավարման համակարգին տիրացած մնալու միջոցով երկրի մարդկային ու բնական պաշարների անխնա սպառման հաշվին ապահովել անընդհատ հարստանալու ավելի ու ավելի մեծ հնարավորություններ: Ուստի հանցավոր համակարգը` պարագլխից մինչև ամենավերջին ծախու կամակատարի դեր կատարող դատավորը, դատախազը, ոստիկանը կամ թիկնապահը, կենաց-մահու խնդիր է համարում համակարգի գոյության և նրա չգրված օրենքների դեմ կատարվող ամեն մի գործողություն դաժանաբար, սարսափ ներարկող ձևերով պատժելու միջոցով հնազանդության սերմանումը: Եվ բնավ կարևոր չէ, այդ գործողությունն ունի 1996 թ. սեպտեմբերի 26-ի, 2004 թ. ապրիլի 12-ի կամ 2008 թ. մարտի 1-ի ընդվզումների մասշտաբը, թե ընդամենը չգրված օրենքների նկատմամբ ծաղրի հավանական ենթատեքստ պարունակող կատակ է:

«Սարդարապատ» շարժումը ցավով և մտահոգությամբ փաստում է, որ ժողովրդի իղձերի ու նպատակների հետ անհամատեղելիության պատճառով օբյեկտիվորեն քայքայվող քրեաօլիգարխիկ համակարգի բնականոն մահվանն սպասելը հղի է կանխատեսելի ողբերգական հետևանքներով: Ընդսմին` այդ ողբերգությունը ոչ միայն դրսևորվելու է ճակատագրի հեգնանքով առանձին անհատների դուռը թակելու դեպքերի քանակական աճմամբ, ինչը պայմանավորված է մեռնող համակարգի հոգևարքային ակտիվությամբ, այլև ունենալու է համազգային բնույթ, քանզի համակարգը քաղցկեղի նման գոյատևում է երկրի և ժողովրդի կյանքի ու արյան հաշվին:

Այդ է վկայում Ազգային ժողովի դիմաց սպաների հանդեպ կատարված բռնության դեմ բողոքող քաղաքացուն մեկ այլ օլիգարխի և նրա թիկնապահի կողմից ոստիկանության ներկայությամբ անպատիժ կերպով ինքնադատաստանի ենթարկելու փաստը:

Այդ է վկայում նաև հանցավոր համակարգի անհրաժեշտ մասը կազմող և նրա փշրանքներով գոյատևող ընդդիմադիր քաղաքական ուժերի մեծ մասի լռությունը, ինչպես նաև հանցագործների պատիժը նրանց վրա հիմնված հանցավոր վարչախմբից ակնկալելու փորձերը, որը ոչ միայն անհեռանկար, այլև վնասակար արարք է, քանզի նպաստում է վարչախմբի իշխանության ճանաչմանն ու օրինականացմանը:

Հայ ժողովրդի նկատմամբ պետական ոճիր գործած, պետականության հիմքերը խարխլած, ազգային անվտանգությանը վնասած, ամենաթողության հետևանքով մարդկային ճակատագրեր խեղած, հասարակական մեծ հնչեղություն ստացած ցանկացած քրեորեն պատժելի արարք չունի վաղեմության ժամկետ և վաղ թե ուշ մեղավորները ստանալու են օրենքով նախատեսված իրենց պատիժը:

«Սարդարապատ» շարժումը համընդհանուր արթնացումի կոչ է անում` հորդորելով չխաբվել հանցավոր վարչախմբի` երկիրը զարգացնելու և կարգ ու կանոն հաստատելու մասին կեղծ խոստումներին, ինչպես նաև մերժել վարչախմբի սնուցման և վերարտադրման միջավայրի վերածված քաղաքական համակարգը, նրա կեղծ ընդդիմության, կլանային ու գրպանային կուսակցությունների օգտապաշտական գործունեությունը: Պատմությունը մեզ տալիս է քաղաքական քաղցկեղից ազատվելու և այլընտրանքային քաղաքական համակարգի ու իշխանության ձևավորմամբ Նոր Հանրապետություն կերտելու բացառիկ հնարավորություն: Այդ հնարավորության իրականացումը կբերի համազգային զարթոնքի ու վերածննդի, իսկ այն ձեռքից բաց թողնելը` համազգային աղետի:

Սարդարապատյան ընտրության ժամանակն է:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ
26.06.2012 թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: