Քաղաքական սերնդափոխությունն անցումային հասարակություններում

by

Ալեքսանդր Քանանյան

Սերնդափոխությունն անցավ չի լինում: Այն երբեմն զգայական խիստ երանգներ է ստանում անգամ առանձին վերցված մեկ ընտանիքի շրջանակում: Քաղաքական վերնախավի սերնդափոխությունն անհամեմատ ավելի բարդ և ցավոտ գործընթաց է, հատկապես, եթե այն տեղի է ունենում պետականության վաղեմի ավանդույթ, քաղաքական կայացած մշակույթ և ժողովրդավարություն չունեցող երկրներում: Քաղաքական սերնդափոխության խնդիրը կարելի է քննել ամենատարբեր դիտանկյուններից, որոնցից յուրաքանչյուրն, անկախ հարթակ չլինելով, փոխլրացնում է ընդհանուր պատկերը՝ բացահայտելով կայուն օրինաչափություններ և զարգացման կանխատեսվող ուղիներ:

Քննությունից դուրս թողնելով պատմական, էթնոհոգեբանական, քաղաքակրթական և տարածաշրջանային հարթությունները՝ մեր ուշադրությունը սևեռենք սոսկ սերնդափոխության եղանակի վրա: Խիստ պարզեցված բնութագրմամբ այն կարող է լինել էվոլյուցիոն և հեղափոխական: Միանգամայն բնական է նախապատվություն ընծայել քաղաքական սերնդափոխության էվոլյուցիոն եղանակին: Ի տարբերություն հեղափոխականի՝ էվոլյուցիոն ճանապարհը զերծ է պահում երկիրն ու հասարակությունը ցանկացած հեղափոխությունն ուղեկցող կործանարար բյուր բացասական հետևանքներից: Այսուհանդերձ, համակողմանիորեն ճահճացած ներպետական իրավիճակ հաղթահարելու միակ ուղին երբեմն հենց հեղափոխությունն է լինում:

Պատմության ընթացքն ու զարգացումը հնարավոր չէ արգելակել կամ կասեցնել: Դա սկզբից ևեթ անհույս և հակարդյունավետ ձեռնարկ է: Դա հնարավոր չէ անել ոչ միայն համաշխարհային մակարդակով, այլև առանձին վերցված որևէ երկրում: Դա առավել ևս անհնարին է, երբ «բաղձալի» իրավիճակը լճացնել կամեցող իշխանությունը չի տիրապետում ներազդման անհրաժեշտ պաշարին: Անցումային փուլի հասարակություններում իշխանական վերնախավերի քաղաքական մշակույթի ցածրագույն մակարդակը նրանց հիմնազուրկ կերպով գերագնահատել է տալիս սեփական ուժերը: Պատրանքը՝ իշխանական լծակների կարծեցյալ ամբողջականությանը տիրապետելու և հանրության թվացյալ կրավորականությունը՝ որպես իրավիճակի բացարձակ «կառավարելիության» ապացույց դիտելու մեջ է թաքնվում:

Որքան էլ ներփակ և «ամրակուռ» լինի անցումային փուլի լճացող իշխանական վերնախավը, նա պետք է քաջ գիտակցի, որ, ի հեճուկս բոլոր արհեստական պատնեշների, հնարավոր չէ անվերջ և անփոփոխ վերարտադրվել՝ արհամարհելով հանրության քաղաքացիական գիտակցության աճող պահանջատիրությունը և անտեսելով պետական համակարգի ներսում բնական ինքնակարգավորման հետզհետե ակներևացող գործընթացը: Իհարկե, միշտ էլ մանկամիտ գայթակղություն կա վերարտադրական սերնդափոխությունն իրագործելի համարել՝ միևնույն ներփակ շրջանակի արյունակից ժառանգներով և սակավ հրավիրելիք երիտասարդ պատեհապաշտներով «հներին» փոխատեղելու միջոցով: Սակայն այս դեպքում ամենից շատ տուժելու են հենց այս երիտասարդ «վերարտադրելիները», որոնց հեղինակությունը զրոյացվելու է դեռևս սաղմնային վիճակում, իսկ քաղաքական ճակատագիրը կրելու է վերափոխվելուն անընդունակ լճացած վերնախավերին սահմանված ավարտի կնիքը:

Յուրաքանչյուր պետականատեր հանրության համար քաղաքական սերնդափոխության լավագույն ճանապարհը մնում է էվոլյուցիոն գործընթացը: Անխտիր բոլորի համար շահավետ է, որ այն լինի հավասարակշռված, բնական, փուլային և անցնցում: Բայց դրա օգտին ընտրություն կատարելու համար նախ պետք է գիտակցել առկա մարտահրավերներին համապատասխանող քաղաքական նոր դաշտի ձևավորման բարեբեր անխուսափելիությունը և պատրաստակամորեն ընթանալ դրան ընդառաջ: Իհարկե, շատերի համար դա անասելիորեն դժվար է: Բայց սույն ընթացքի այլընտրանքը կարող է լինել միայն արհեստականորեն խցանված իրավիճակի պայթյունն ու հաշվեհարդարը՝ պատմական անշեղ օրինաչափություններն արհամարհել հանդգնած և պատմության դասերը չուսանած անցումային վերնախավերի նկատմամբ:

Վերոգրյալ դատողությունները, զուտ տեսաբանական լինելով հանդերձ, պետք է գործնական մտորումների և քաղաքական սթափությամբ թելադրված որոշումների կայացման հիմք հանդիսանան: Դա է պահանջում հետխորհրդային անցումային հասարակությունների և դրանց իսկ քաղաքական վերնախավերի կենսական շահը: Ինչպես կասեին մեր իմաստուն նախնիները. Որ ունկն ունիցի լսելոյ՝ լուիցէ. Ով ականջ ունենա լսելու՝ կլսի:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: