Բրյուսելում Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին, «ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ողջամիտ փոխզիջումների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի», ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Սերժ Սարգսյանն առաջին անգամ չէ, որ խոսում է փոխզիջումների մասին: Ավելին, նա մի անգամ հայտարարել է, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ»:
Ընդհանրապես, Հայաստանի գրեթե ողջ քաղաքական դասը՝ ընդդիմություն թե իշխանություն, Ղարաբաղի հարցում իրենց դիրքորոշումը կառուցում են «փոխզիջման» վրա: Այլ գաղափարներ, առաջարկներ չկան: Հայաստանում «փոխզիջումը» համարվում է քաղաքական լավ տոնի, իմաստության նշան, բայց ամենակարեւորը՝ անկեղծ հավատամք: Այլ բան չէր էլ կարելի սպասել, նկատի առնելով այն, որ այդ դասն իրենից ներկայացնում է կոմֆորմիստների, բախտախնդիրների ու քաղաքական հանցագործների մի համախումբ, որը վաղուց վերածվել է քրեաօլիգարխիկ համակարգի սպասարկուի եւ քաղաքական ցուցանակի:
Դատելով լրատվական հոսքերից, տպավորություն է ստեղծվում, թե Արեւմուտքը մտադիր է արագացնել Ղարաբաղի հարցում որեւէ համաձայնություն, տարածաշրջանում տարբեր նախագծեր իրականացնելու համար: Հայաստանի պարագայում, պահանջվում է ըստ էության «փոքրիկ զիջում», ինչպես ակնարկել են Եվրամիության եւ ԱՄՆ տարբեր պաշտոնյաներ, տնտեսական եւ քաղաքական բազմաթիվ շահավետ ծրագրերի դիմաց: Բացի այդ, Բրյուսելում Սերժ Սարգսյանին ակնարկել են, որ Հայաստանի տնտեսության զարգացման համար գումարներ չեն տա, եթե չարագացնի իրական բարեփոխումները:
Սակայն, այնուամենայնիվ, բաց է մնում հարցը, թե արդյոք Արեւմուտքը Հայաստանի հետ կապված ծրագրերում պնդում է Ղարաբաղի հարցում «ողջամիտ փոխզիջումը»: Հայաստանի ներքին կյանքի արմատական բարեփոխման պարագայում այդ պահանջը աներկբա է եւ միանշանակ, որը բաց տեքստով Սերժ Սարգսյանին ասել են Բրյուսելում: Հայաստանի իշխանությունն այս հարցում, բացի դեկլարատիվ հայտարարություններից, որեւէ կոնկրետ քայլ փաստացի չի ձեռնարկել, որն էլ դարձել է Արեւմուտքի «վերջնագրի» պատճառը:
Այս իմաստով, չի բացառվում, որ «ողջամիտ փոխզիջումն» ընդամենը Հայաստանի իշխանության փորձն է՝ բարեփոխումների բացակայությունը «փոխհատուցելու» համար: Բացի այդ, չի բացառվում նաեւ, որ Ղարաբաղի հարցն իշխանությունը կրկին կարող է դարձնել Հայաստանի ներքին զարգացումների առանցքային գործոն, «մահակ», նախագահի ընտրությունից առաջ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար:
Սակայն, դեսուդեն ընկնելու եւ «շուստրիության» ժամանակներն ավարտվել են: Հայաստանի ներքին կյանքը կամ պետք է արմատապես բարեփոխվի, կամ էլ մենք կկորցնենք զարգացման որեւէ հեռանկար եւ ստիպված կլինենք պարբերաբար «ողջամիտ փոխզիջումների» գնալ: Ոչ ոք չի օգնի եւ ներդրումներ չի անի մի երկրում, որի իշխանությունը պատրաստ է ամեն ինչի, միայն թե պահպանի քրեաօլիգարխիկ համակարգի դիրքերը:
Հայկ Արամյան
lragir.am
Թողնել պատասխան