Եւ զենքը շրջեն ներքին թշնամու դեմ…

by

Մի առիթով, կարծես թե Գալուստ Սահակյանն էր, պատասխանելով լրագրողի հարցին, ասել էր, թե մտածո՞ւմ եք ինչ կլինի, եթե օլիգարխները փողոց դուրս գան: Հարցը վերաբերում էր քաղաքացիական նախաձեռնություններին, որոնք պայքարում էին Երեւանի կենսատարածքը հանրությանը վերադարձնելու համար:

Այդ հարցադրման մեջ պարունակվում էր այսօրվա հայաստանյան իրականությունը, եւ հասարակությանը փաստացի ասվում էր, որ գոհ ու երջանիկ լինեն, որ օլիգարխիային «ինտեգրել են» պետությանը, դարձրել պաշտոնյաներ ու պատգամավորներ, «քաղաքական գործիչներ», այլապես վիճակն ավելի վատ կլիներ:

Այս «դառը ճշմարտությունն» իրականում քաղաքական կոչված համակարգի երեսպաշտությունն է ու անզորությունը, որը վաղուց դարձել է երկրի ողջ ռեսուրսն ուզուրպացրած քրեաօլիգարխիկ համակարգի սպասարկուն եւ ցուցանակը: Իրականում, քրեաօլիգարխիկ դասը կայացել է փողոցում եւ երբեք էլ այնտեղից չի հեռացել: Ի տարբերություն քաղաքական ուժերի, այս դասը շատ լավ գիտե, որ իշխանությունը ոչ թե կաբինետներում է, այլ փողոցում: Եւ այն քայլ առ քայլ նվաճել է իր այսօրվա դիրքերը, միշտ մնալով փողոցում՝ սպանությունների, ահաբեկումների, անօրինականությունների տեսքով, մինչ քաղաքական ուժերը լքում էին փողոցն ու ժողովրդին՝ հանուն մանդատի ու անձնական բարեկեցության:

Այս դասը ներկայում հասել է իր պիկին, լիակատար վերահսկողություն սահմանելով երկրի քաղաքական ու տնտեսական համակարգի հանդեպ: Առավել քան երբեք, այս դասն իրեն զգում է ամենազոր ու վեր՝ ամեն ինչից, եւ հակառակ Գալուստի նախազգուշացման՝ երեկ երեկոյան հանրությանը նետեց իր երբեւէ ամենախոսուն մարտահրավերը. ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվանից հետո հրավառություններ կազմակերպեց ռեստորաններում, հասկացնելով, որ չի նահանջելու ոչ մի պարագայում եւ չի հեռացել փողոցից, եւ վաղը «անմեղ» հրավառությունը կվերածի կրակահերթերի, եթե փորձեն դիպչել իր շահերին:

Իհարկե, քրեաօլիգարխիկ դասը բոլոր հիմքերն առայժմ ունի նման պահվածքի համար: Օրինակ, Վահեի հետ կատարվածից հետո նրան հաջողվեց չեզոքացնել բանակի եւ պետական այլ կառույցների հնարավոր հակազդեցությունը եւ հասնել քաղաքական կոչվող ուժերի լռությանը: Երեկվա հրավառությունն արդեն ուղղված էր հանրությանը՝ որպես զգուշացում եւ սպառնալիք: Այլ մեթոդ ու մեխանիզմ քրեաօլիգարխիկ դասը չունի եւ չի կարող ունենալ՝ այն այնքան է խրվել հանցավորության մեջ, որ այլեւս նահանջի ճանապարհ չի մնացել:

Ինչ վերաբերում է հանրությանը, ապա այն կարծես թե արժանապատիվ կերպով է ընդունել այդ մարտահրավերը: Քաղաքացիների թեեւ փոքրաթիվ, սակայն արդեն հասուն խմբերը հաղթանակներ են արձանագրում այս համակարգի հանդեպ, որովհետեւ նրանք էլ են փողոցում եւ այդ պարագայում ավելի ուժեղ են, քան քրեաօլիգարխիկ համակարգը, որովհետեւ գործում են օրենքի մեջ: Այս օրերին քաղաքացիական խմբերը պատրաստվում են Վահեի հիշատակի միջոցառումները վերածել քաղաքացիական անհնազանդության եւ ըմբոստության ակցիայի:

Երեկվա հրավառությունը քաղաքացիական հասարակությունը վերածելու է քրեաօլիգարխիկ համակարգի վերջին «ակցիայի», որը նախանշում է այդ համակարգի վախճանը: Եւ սա լավագույն ելքը կլինի համակարգի համար, որովհետեւ, հակառակ դեպքում, օրենքի սահմաններում գործող քաղաքացիների փոխարեն փողոցում կհայտնվեն այլ մարդիկ՝ համակարգի կողմից նվաստացված, անկյուն քշված եւ կորցնելու այլեւս ոչինչ չունեցող, նրանք, ովքեր հնարավորություն չունեն նույնիսկ արդեն արտագաղթելու:

Նույնիսկ պատերազմի սպառնալիքն ու «հայրենասիրությունը», որը համակարգը զենք է դարձրել հանրությանը ճնշելու համար, չեն փրկի, որովհետեւ, արտաքին թշնամուն ջախջախելուց հետո, բանակի սպայակազմն ու զինվորները կվերագտնեն իրենց արժանապատվությունն ու քաջությունը, եւ զենքը կշրջեն ներքին թշնամու դեմ, այն համակարգի դեմ, որն ուզուրպացնում էր երկիրը, մինչ հայ ժողովրդի նվիրյալ զավակներն իրենց կյանքն էին դնում ազատ, անկախ ու արդար երկիր ունենալու համար մղվող անհավասար պայքարում:

Հայկ Արամյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: