Պատճառ և հետևանք

by

«Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանի կյանքը, ցավոք, փրկել չհաջողվեց։ Նա դարձավ ամենաթողության և հաբռգածության, իսկ ավելի կոնկրետ՝ մեզանում տիրող խաղի կանոնների զոհ։ Իսկ դա հերթական անգամ ցույց է տալիս, որ մենք մեր պետության մեջ պաշտպանված չենք։

Հանրության լայն շրջանակների մոտ և հատկապես համացանցում լայնորեն քննարկվեց Վահե Ավետյանի հետ կապված դեպքը։ Մեր համաքաղաքացիների ճնշող մեծամասնությունը ցնցված է և լուծումներ է ման գալիս։ Հիմնական տեսակետն այն է, որ անհրաժեշտ է պայքարել, իսկ թե ինչպես՝ կարծիքները բազմաթիվ են։

Այն որ Ավետյանին սպանողներն ու նրա ընկերներին ծեծի ենթարկողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ՝ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Եվ ընդհանրապես, եթե ուզում ենք իրավական պետություն, այլ ոչ թե ջունգլիների օրենքով ապրող հասարակություն ունենալ, ապա պետք է օրենքի գերակայություն և քաղաքական ժողովրդավարություն հաստատենք։

Եզին պետք է կոտոշներից բռնել

Միգուցե հիմա տեղին չէ, բայց կուզենայի մի բանի վրա հրավիրել բոլորի ուշադրությունը։

Հետևելով այս օրերին տեղի ունեցող իրադարձություններին և բողոքի ակցիաներին՝ զգացի, որ դրանք առանձին մարդկանց կողմից որոշակիորեն ուղղորդելու փորձեր են արվում։

Զարմանալի և միևնույն ժամանակ նողկալի է արձանագրելը, որ ոմանք փորձում են «աչոկ» հավաքել դժբախտության վրա և իշխանության որոշակի շրջանակի խաղը խաղալ։

Որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որպեսզի Սերժ Սարգսյանը տարանջատվի Ռուբեն Հայրապետյանից։ Նրանք, ովքեր Սերժ Սարգսյանից պահանջում են արդարադատություն, կամա թե ակամա, տարանջատում են կլանաօլիգարխիկ համակարգի պարագլխին մարդակերների բուծմամբ զբաղվող ԱԺ պատգամավորից, այն պատգամավորից, ում քարոզն անձամբ տարել է ՀՀԿ ղեկավարը՝ ավանցիներին կոչ անելով«Հարսնաքարի» տիրոջը ձայն տալ, հավատալ ու փոխվել։

Եթե Սերժ Սարգսյանին հանարավորություն տրվի արդարադատություն իրականացնող խաղալ, որից հետո էլ«քաղաքացիական հասարակությունն» ու «անկախ» լրատվամիջոցները ծափ զարկեն «վերջապես արդարությունը հաղթեց» թեմայով, ապա դա ավելի լուրջ հանցագործություն կլինի մեր պետության և ՀՀ քաղաքացիների նկատմամբ, քան այն ինչ արեցին «Հարսնաքարի» բաշիբոզուկները։

Ասելս այն է, որ երկրում տիրող մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է և այս մասին հարկավոր է չմոռանալ։ Առնվազն քաղաքական անմեղսունակություն է 10 զոհերի գնով իշխանության եկածից մարդասպաններին պատժելու խնդրանքով դիմելը։

Սերժ Սարգսյանից արդարադատություն պահանջելը նույնն է, թե «քոքված» հանցագործին քրեական օրենսգիրքը մեկնաբանելու հնարավորություն տաս։ Ի՞նչ է, եթե նա «ճշտով» պատժի Հայրապետյանին, ապա լեգիտի՞մ կդառնա, նման երևույթներ այլևս չե՞ն կրկնվի, Սերժ Սարգսյանի շրջապատում մարդասպաններ այլևս չե՞ն բուծվի, «ախռաննիկներն» այլևս ընտրակեղծիքներին չե՞ն մասնակցի, Տիգրան Սարգսյանն այլևս կդադարեցնի՞ «Հայկական աշխարհ» կառուցելու շրջանակներում նպաստել արտագաղթին, երկրում թալանը կդադարեցվի՞։ Այս ի՞նչ «բարի թագավոր, չար բոյարներ» սցենար է խաղացվում։

Սերժ Սարգսյանին վերսահմանադրական արբիտրի դեր տալով՝ մարդիկ, փաստացի, ընդունում ու նորմալ են համարում, որ նա կարող է մանդատ տալ և  զրկել մանդատից։ Այնինչ գլխակերներն ավելի շատ ծառայում են Սերժ Սարգսյանին, քան իրենց անմիջական ղեկավարներին, քանզի գլխակերներն այս համակարգի «գամփռ շներն» են, որոնց «խոզերը» քսի են տալիս իշխանությունը կորցնելու առաջին իսկ սպառնալիքի դեպքում։ Մինչդեռ Սարգսյանից արդարադատություն պահանջողների տրամաբանությամբ  ստացվում է, որ Ավետյանիհանդեպ բռնություն կիրառողների անմիջական շեֆը վատն է, բայց այդ շեֆի շեֆը բարի կդառնա, եթե պատժի«Հարսնաքարի» տիրոջը։

Ըստ «պահանջատերերի»՝ էլ ավելի լավը կդառնա Ս. Սարգսյանն այն դեպքում, եթե «Հարսնաքարը» վերցնիՌ. Հայրապետյանի ձեռքից։ Այս վերջին պահանջի հետևից արդեն Բաղրամյաննի 26–ի ականջները և մտածողությունը թաքցնել չի հաջողվում։ Այ սա լրիվ Սերժ Սարգսյանի սիրած ոճն է։

Սովետի ժամանակ Ստալինն էր սիրում այնպիսի տեսարաններ, երբ իրեն դիմում էին բռնադատվածների ու գնդակահարվածների հարազատները՝ խնդրելով պատժել չար Յեժովին կամ Բերիային։ Բոլշևիկյան դպրոցի հետևորդ Սարգսյանին էլ են դուր գալիս «աշխատավորական կոլեկտիվների» կամ իր գլխավորած համակարգի զոհերի պահանջներից ելնելով գործողություններ անելը և մարդկանց ուշադրությունը շեղելը բուն խնդիրներից։ Նման շանս Սարգսյանը չպե՛տք է ստանա։

 Գլխավոր թիրախն ու մեր անելիքը

Անշու՛շտ, պետք է այնպես անել, որ Վահե Ավետյանին մահվան հասցրածների դատավարությունը լինի հնարավորինս բաց, որպեսզի մեղավորները չկարողանան դուրս պրծնել օրենքի տակից, բայց այդ ամենին զուգահեռ քաղաքացիական հասարակության իրական ջատագովները պետք է նպաստեն համակարգային փոփոխություններին։ Առանձին դեպքերի հետևից գնալն անհրաժեշտ է, բայց մենք ֆիզիկապես չենք հասցնի, քանի որ երկրում ամեն օր սպանություններ և տարատեսակ հանցագործություններ են տեղի ունենում և դրանց դեմն առնել հնարավոր է միայն համակարգային հիվանդությունները բուժելով։

Համակարգային հիվանդության հետևանքների դեմ պայքարելով հանդերձ՝ պետք է չմոռանալ պատճառներըվերացնելու մասին։ Սերժ Սարգսյանին դիմելով ու նրանից արդարադատություն խնդրելով՝ մենք խորացնում են հիվանդությունը և հնարավորություն տալիս նրան է՛լ ավելի գռեհիկ համակարգ ձևավորել։

Ռուբենհայրապետյանները և նրանց «շկաֆ» թիկնապահները մեզանում առկա հիվանդություններիհետևանքներն են։ Եվ ուրեմն, նրանք, ովքեր անկեղծ են Վահե Ավետյանի մահվան պատճառ դարձածներին պատժելու և նման բաները հետագայում բացառելու հարցում, պետք է 2013–ի նախագահական ընտրությունների պատեհ առիթն օգտագործեն ու թույլ չտան բժշկին սպանած և հասարակությանը ձեռնոց նետած համակարգի պարագլխի՝ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը։ Դա կլինի կլանաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժման առաջին քայլը, որից հետո նախադրյալներ կստեղծվեն ժամանակակից պետություն դառնալու և անվտանգ ապրելու համար։

Ես պատրանքներ չունեմ, որ Սերժի հեռացմամբ ամեն ինչ միանգամից կլուծվի, բայց իշխանափոխությունն այն նվազագույն պայմանն է, որն ապահովելուց հետո միայն հնարավոր կլինի դրական փոփոխություններ ակնկալել։ Այդ ամենի այլընտրանքը պարտությունն է, իսկ պարտության դեպքում արդեն կապ չի ունենա, թե ով կսպանի ՀՀ քաղաքացուն՝ Սերժ Սարգսյանի ենթականե՞րը, թե՞ ադրբեջանական դիվերսանտները։

Մեր ներսի հիվանդությունները վերացնելով միայն հաղթելու շանս կստանանք։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը Վահե Ավետյանի սպանության հետ կապված ծպտուն անգամ չի հանել։ Իշխանական լրատվամիջոցները տարածում են, թե բա չեք ասի, նախագահն այնքան անտրամադիր է եղել, որ ծնունդը չի նշել։ Քեֆչի նախագահի համար, իրոք, պետք է, որ շատ դժվար լիներ խմելուց և պարելուց հրաժարվելը. ինչպիսի՜ ինքնազոհողություն։

Չգիտեմ, Սարգսյանը ծնունդը նշել է, թե ոչ, բայց նա նույնիսկ իր կուսակից ընկերոջ օբյեկտում սպանված հայ սպայի հոգեհանգստի արարողությանը չմասնակցեց և գերադասեց Կիևում ֆուտբոլ նայել։ Երևի ֆուտբոլ նայելը կխեղդի նրա վիշտը։ Մնում է միայն հուսալ, որ Իտալիա–Իսպանիա խաղում գոլ տեսնելիս Սարգսյանն իրեն այնպես չի պահել, ինչպես Թուրքիա–Հայաստան խաղի ժամանակ, երբ մերոնք գոլ կերան։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: